Ֆրենկ Ռ․ Սթոքթոն | Կի՞նը, թե՞ վագրը

The Lady, or the Tiger? Written by: Frank R. Stockton

Վաղնջական ժամանակներում ապրում էր մի կիսաբարբարոս արքա, որի գաղափարները, չնայած ինչ-որ կերպ հղկվել ու նրբացել էին հեռավոր Լատինական հարևանների առաջադիմության շնորհիվվ, այնուամենայնիվ դեռ առհելի էին, ծաղկուն և անկաշկանդ, ինչպես վայել էր նրա բարբարոսական կեսին։ Արքայի երևակայությունը անսահման էր, և, դրա հետ մեկտեղ, նա մի այնպիսի անսասան հեղինակություն էր վայելում, որ իր իսկ կամքով զանազան գաղափարներ վերածում էր փաստերի։ Նա մեծապես հակված էր սեփական ես-ի հետ որևէ բան քննարկելուն, և երբ համաձայնության էր գալիս ինչ-որ մտքի շուրջ, ապա դրա իրականացումը կասկածից վեր էր։ Երբ նրա ընտանեկան և պետական համակարգերում ամեն բան ընթանում էր սովորական հունով, արքան բարի ու մեծահոգի էր, բայց երբ փոքրիկ ինչ-որ խոչընդոտ էր հայտնվում, և նրա մոլորակներից մի քանիսը դուրս էին գալիս իրենց ուղեծրերից, ավելի էր բարիանում ու մեծահոգի դառնում, քանզի նրան ոչինչ ավելի շատ չէր ուրախացնում, քան ծուռը շտելը և անհարթությունները ողորկ դարձնելը։
Ընդօրինակած գաղափարների մեջ, որոնք ինչ-որ չափով մեղմացրել էին նրա բարբարոսությունը, կար մի ամֆիթատրոն, որտեղ ցուցադրվում էին մարդկային և գազանային խիզախություններ, ինչը ազնվացնում և վեհություն էր հաղորդում նրա ենթակաների հոգիներին։
Արքան, սակայն, այստեղ էլ էր հաստատել իր ուռճացրած, բարբարոսական երևակայությունը։ Արքունական ամֆիթատրոնը կառուցվել էր ոչ թե նրա համար, որ մարդիկ լսեն մեռնող գլադիատորների ռապսոդիաները, և ոչ էլ նրա համար, որ նրանք հնարավորություն ունենան ականատես լինել կրոնական համոզմունքների և քաղցած ծնոտների միջև ծագած հակամարտության ելքին, այլ մեկ այլ, մարդկանց մտավոր էներգիան մեծացնելու նպատակով։ Պատկերասրահներով բոլորված առհելի ամֆիթատրոնը, իր խորհրդավոր ներքնատներով և գաղտնի նրբանցքներով, բանաստեղծական արդարության ազդակն էր, որտեղ պատժվում էր հանցանքը կամ պատգևատրվում առաքինությունը՝ հիմնվելով պատահականության անկողմնակալ և անկաշառ վճռի վրա։
Երբ ենթականերից մեկը մեղադրվում էր բավականին մեծ կարևորության հանցանքում, որը անմիջականորեն հետաքրքրում էր թագավորին, ազդ էր տարածվում, որ նշանակված օրը մեղադրյալի ճակատագիրը վճռվելու էր արքայի ամֆիթատրոնում՝ մի կառույցում, որը ամբողջովին արժանի էր իր անվանը, չնայած, թեկուզ և դրա ձևն ու հատակագիծը վերցված էր հեռավոր եզերքներից, նպատակը ծնունդ էր առել այն մարդու գլխում, որը «ոտքից գլուխ արքա էր» և չէր ճանաչում ոչ մի ավանդույթ, որը վեր էր իր երևակայությունից, և որը ամեն մի մեկի միտքն ու գործողությունը պատվաստել էր իրեն հատուկ բարբարոսական գաղափարապաշտությամբ։
Երբ բոլոր մարդիկ հավաքվում էին դիտանոցներում, իսկ շքախմբով շրջապատված թագավորը նստում էր ամֆիթատրոնի մի հատվածում դրված արքայական բարձրադիր գահին, նշան էր տալիս․ նրա ներքևում եղած դուռը բացվում էր, և մեղադրյալը ոտք էր դնում բեմ։ Ուղիղ նրա դիմաց՝ բոլորուն տարածության մյուս կողմում, կողք կողքի երկու իրար նման դուռ կար։ Դատվողի պարտականությունն ու առավելությունն էր քայլել դեպի դռներն ու բացել դրանցից մեկը։ Նա կարող էր բացել իր ուզած դուռը․ չէր կարելի մեղադրյալին որևէ կերպ ուղղորդել կամ ազդեցություն ունենալ նրա քայլերի վրա։ Միակ դատավորը վերոնշյալ պատահականության անկողմնակալ և անկաշառ վճիռն էր։ Դռներից մեկը բացելու դեպքում դուրս էր գալիս մի քաղցած վագր՝ ամենադաժանն ու կատաղին, որ կարելի էր գտնել, նետվում էր նրա վրա և մասերի բաժանում՝ այդպիսով պատժելով հանցանքի համար։ Այն պահին, երբ նման կերպով որոշվում էր հանցագործի ճակատագիրը, ցավագին երկաթյա զանգերը հնչեցվում էին, ամֆիթատրոնի եզրին կանգնած վարձու սգավորները սուգ ու շիվան էին բարձրացնում, և մեծաթիվ հանդիստատեսը՝ գլուխները կախ ու սրտերը վհատ, դանդաղորեն քայլում էին դեպի տուն՝ ողբալով, որ այդպիսի երիտասարդ ու արդար, կամ ծեր ու հարգված մեկը արժանացել էր նման չարագուշակ ճակատագրի։
Բայց, եթե մեղադրյալը բացում էր մյուս դուռը, այնտեղից դուրս էր գալիս մի կին՝ նրան տարիքով և դիրքով ամենահարմարը, ում ձերդ գերազանցությունը ընտրում էր իր գեղեցկադեմ ենթականերից։ Տղամարդն անմիջապես ամուսնանում էր կնոջ հետ՝ որպես իր անմեղության վարձատրություն։ Կապ չուներ, որ կարող էր արդեն կին ու ընտանիք ունենալ, կամ որ նրա մոլությունները կարող էին տարածվել իր իսկ ընտրության վրա․ թագավորը չէր հանդուրժում նման ստորակարգ կանոնների ընդհարումը հատուցման և վարձատրության իր հանճարեղ գաղափարի հետ։ Արարողությունը տեղի էր ունենում առանց վայրկյան իսկ կորցնելու հենց նույն վայրում։ Մեկ այլ դուռ էր բացվում թագավորի նստավայրի ներքևում, որտեղից դուրս էին գալիս քահանան, երգչախմբի ոսկե եղջերափողից զվարթ օդեր փչող պարուհիների ուղեցկությամբ, որոնք հարսներգային պար էին կազմում՝ շարժվելով միմյանց կողք կանգնած զույգի կողմ, և հարսանիքը անցնում էր փութով և ցնծագին հանդիսավորությամբ։ Այնուհետև զվարթ ղողանջում էին արյուրե նախշազարդ զանգերը, բազմությունը գոհունակությամբ «ուռա»-ներ էր բացականչում, և անմեղ մարդը՝ ճանապարհին ծաղիկներ սփռող երեխաների հետևից, հարսնացուին ուղեկցում էր տուն։
Սա էլ թագավորի արդարություն հաստատելու կիսաբարբարոս եղանական էր։ Դրա կատարյալ արդարությունը ակներև էր։ Հանցագործը երբեք չէր կարող իմանալ՝ որ դռնից դուրս կգար կինը․ նա բացում էր իր ընտրությամբ՝ առանց թեթևակի գաղափար ունենալու՝ հաջորդ պահին վագրի բաժի՞ն էր դառնալու, թե՞ ամուսնանալու էր։ Երբեմն վագրը դուրս էր գալիս մի դռնից, երբեմն՝ մյուսից։ Դատարանի վճիռները ոչ միայն արդար էին, այլ նաև դրականորեն հաստատ․ մեղադրյալը անմիջապես պատժվում էր մեղավոր լինելու դեպքում, իսկ անմեղության դեպքում տեղում պարգևատրվում էր՝ ուզում էր դա, թե՞ ոչ։ Թագավորի ամֆիթատրոնում դատաստանից խուսափելու ոչ մի տարբերակ չկար։
Այս հաստատությունը հայտնի էր։ Երբ մարդիկ հավաքվում էին ամենամեծ դատավճիռներից մեկին, երբեք չէին կարող գուշակել՝ արդյո՞ք ականտես էին լինելու արյունալի մսաղացի, թե՞ զվարթ հարսանիքի։ Անորոշության այս տարը իրադարձությանը հետաքրքրություն էր հաղորդում, ինչին այլ կերպ չէր ստացվի հասնել։ Այսպես, զանգվածները զվարճանում և գոհ էին մնում, իսկ հասարակության մտածող մասը չէր կարող մեղադրանքի որևէ խոսք հնչեցնել այդ ուղղությամբ․ չէ՞ որ ամեն ինչ մեղադրյալի ձեռքերում էր։
Այս կիսաբարբարոս արքան մի դուստր ուներ՝ նույնքան ծաղկուն, որքան իր ամենափթթուն մտքերը, և ոգով նույնպիսի տաք ու մեծաշուք, ինչպես նա։ Ինչպես և հատուկ է նման դեպքերին, դուստրը աչքայի աչքի լույսն էր, սիրված ավելի, քան մնացյալ մարդիկ։ Նրա պալատականներից մեկը երիտասարդ տղամարդ էր՝ այնպիսի մաքուր արյունով և ցածր հասարակական դիրքով, ինչպիսին հատուկ է վեպերում արքադստրերին սիրահարվող սովորական հերոսներին։ Այս արքայադուստրը բավարարված էր իր սիրելիով, քանզի նա գեղեցկադեմ ու խիզախ էր ավելի, քան թագավարության որևէ բնակիչ, և սիրում էր նրան այնպիսի ջերմությամբ, որը տեղը տեղին բարբարոսություն էր պարունակում՝ սերը չափից դուրս կրքոտ և ուժեղ դարձնելու համար։ Այս սիրային հարաբերությունը երկար ամիսներ անխռով շարունակվեց, մինչև մի օր թագավորը բացահայտեց այն։ Նա ոչ մի վայրկյան չերկմտեց և չկորցրեց վճռականությունը՝ իր պարտականությունները կատարելու հարցում։ Երիտասարդը անմիջապես բանտարկվեց, նշանակվեց նրա դատաստանի օրը թագավորական ամֆիթատրոնում։ Սա, իհարկե, հատկապես կարևոր դեպք էր, ուստի թե՛ ձերդ գերազանցությունը, թե՛ ժողովուրդը մեծապես հետաքրքված էին տարվող աշխատանքներով և դատի հետագա զարգացմամբ։ Նախկինում երբեք նման բան չէր պատահել․ նախկինում և ո՛չ մի ենթակա թագավորի դստերը սիրելու համարձակություն չէր ունեցել։ Հետագա տարիներին նման դեպքերը սովորական դարձան, բայց այդ ժամանակ դրանք ո՛չ նոր էին, ո՛չ էլ ցնցող։
Թագավորությունում եղած վագրերի բոլոր վանդակներով անցան, մինչև գտնեն ամենադաժան ու անողորմ գազաններին, որոնցից ամենավայրագը պիտի ընտրվեր ամֆիթատրոնի համար։ Եվ երկրի բոլոր ծայրերից ժամանած երիտասարդ ու չքնաղագեղ օրիորդներին ուշադրությամբ գնահատեցին գիտակ դատավորները, որպեսզի երիտասարդին հարմար հարսնացու գտնեն, եթե բախտը նրա համար այլ ճակատագիր կանխորոշած չլինի։ Իհարկե, բոլորն էլ գիտեին, որ հանցանքը, որում մեղադրվում էր տղամարդը, արդեն իսկ կատարված էր։ Նա սիրել էր արքայադստերը, ուստի ո՛չ ինքը, ո՛չ արքայադուստրը, ո՛չ էլ այլ մեկը չէին էլ մտածում այդ փաստը ժխտելու մասին․ թագավորը, սակայն, չէր կարող թույլ տալ, որ նմանատիպ ինչ-որ փաստ միջամտի դատարանի աշխատանքներին, որին մեծ հիացմունքով և հաճույնքով էր մասնակցում։ Կարևոր չէր՝ ինչպես կավարտվեր ամեն ինչ, այլ այն, որ երիտասարդից կազատվեին, իսկ թագավորը էսթետիկ հաճույնք կստանար իրադարձություններին հետեւելով, որոնք վճռելու էին՝ արդյո՞ք տղամարդը սխալ էր վարվել՝ թույլ տալով իրեն սիրել արքայադստերը։
Նշանակված օրը վրա հասավ։ Հեռու-մոտիկ կողմերից հավաքվեցին մարդիկ, խռնվեցին ամֆիթատրոնի առհելի պատկերասրահներում, իսկ մուտք գործելու հնարավորություն չստացած ամբոխը զանգվածաբար կուտակվեց պատերի մոտ։ Արքան և շքախումբը իրենց նստավայրերում էին՝ զույգ դռների դեմ-դիմաց, այդ բախտորոշ ճակատամուտքերի, որոնք սարսափելու աստիճան նման էին միմյանց։
Ամեն ինչ պատրաստ էր։ Նշանը տրված էր։ Արքայական հատվածի ներքևի դուռը բացվեց, և արքայադստեր սիրելին մուտք գործեց ամֆիթատրոն։ Բարձրահասակ, գեղեցիկ, ազնվազարմ․ նրա մուտքը ողջունեցին հիացմունքի և անհանգստության կիսաձայներով։ Հանդիսատեսի մի մասը չգիտեր էլ, որ նման ամրակազմ տղամարդ է ապրում ժողովրդի մեջ։ Կասկած էլ չկար՝ արքայադուստրը սիրո՛ւմ էր նրան։ Ի՜նչ սարսափելի էր, որ նա այդտեղ էր հայտնվել։
Երբ երիտասարդը հասավ բեմին, ավանդույթի համաձայն շրջվեց թագավորի առջև գլուխը խոնարհելու՝ ամենևին չմտածելով արքունական այդ ամբողջ շքախմի մասին։ Նրա աչքերը հառված էին արքայադստերը, որը նստած էր հոր կողքին։ Չլիներ նրա բարբարոսական բնույթը, դժվար թե ներկա գտնվեր այդտեղ, բայց օրիորդի համառ և խիզախ հոգին չէր կարող բացակայել նրան այդչափ հետաքրքող իրադարձությունից։ Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ իր սիրելին պետք է որոշի սեփական ճակատագիրը թագավորի ամֆիթատրոնում, արքայադուստրը գիշեր-ցերեկ բացի այս մեծ իրադարձությունից և դրա հետ կապված այլ եղելություններից ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում։ Լինելով ավելի զորավոր, ազդեցիկ, ունենալով ավելի ուժեղ բնավորություն, քան նախկինում նմանատիպ դեպքով հետաքրքված այլ ոք, նա գնաց այնպիսի քայլի, ինչպիսի ոչ ոք չէր արել․ բացահայտեց դռների գաղտնիքը։ Իմացավ՝ երկու դռների հետևում եղած սենյակներից որ մեկում էր վագրի վանդակը և որտեղ էր սպասում կինը։ Այդ անթափանց, ներսից ծանր-ծանր մորթիներով վարագուրված դռների միջով անհնար էր, որ ինչ-որ աղմուկ կամ առաջարկություն հասներ դրանցից մեկի սողնակը քաշելու համար։ Սակայն ոսկին և կնոջ կամքի ուժը բացեցին գաղտնիքը արքայադստեր համար։
Եվ նա ոչ միայն գիտեր, թե որ սենյակում էր դուրս գալուն պատրաստ կինը՝ կարմրին տվող այտերով, ոտքից գլուխ շողացող, այլ նաև տեղյակ էր՝ ով էր նա։ Նա ամբողջ արքունիքի ամենաչքնաղ և սիրելի օրիորդներից մեկն էր՝ որպես պարգև ընտված մեղադրյալի համար, որը իրենից ավելի բարձր գտնվող մեկի հանդեպ հանցանք էր գործել, և արքայադուստրը ատում էր այդ։ Հաճախ էր տեսնում, կամ պատկերացնում, որ այդ չքնաղ արարածը զմայլված նայում էր իր սիրո առարկային, և երբեմն մտածում էր, որ այդ հայացքներն ընդունվում ու անգամ վերադարձվում էին։ Ժամանակ առ ժամանակ տեսնում էր նրանց միմյանց հետ զրուցելիս․ այն տևում էր մեկ կամ երկու վայրկյան, սակայն կարճ ժամանակում էլ շատ բան կարելի է ասել։ Գուցե ամենաանկարևոր թեմաներից էին խոսում, բայց ինչպե՞ս կարող էր ինքը իմանալ այդ մասին։ Ընտված օրիորդը հիասքանչ էր, սակայն համարձակվել էր աչք ունենալ արքայադստեր սիրած տղամարդու վրա, և, լիովին բարբարոս նախնիների երկար շարքերից նրան փոխանցված անողոք ու վայրի արյան ողջ ուժով ատում էր անձայն դռան հետևում կարմրած, դողդողացող այդ կնոջը։
Երբ սիրելին շրջվեց ու նայեց նրան, և երբ աչքերը որսացին արքայադստերը, որ նստած էր տագնապած դեմքերի օվկիանոսում՝ ավելի գունատ ու սպիտակ, քան այլ մեկը, միաձուլված հոգիներին տրված արագ ընկալելու հատուկ ուժով հասկացավ, որ գիտի, թե որ դռան հետևում էր պահ մտած վագրը, և որ մեկի հետևում էր կանգնած կինը։ Նա ակնկալում էր, որ արքայադուստրը կիմանար։ Հասկացել էր նրա բնույթը, և նրա հոգին համոզված էր, որ արքայադուստրը չէր հանգստանա, քանի դեռ չբացահայտեր բոլորից և անգամ թագավորից քողարված գաղտնիքը։ Երիտասարդի միակ հույսը, որտեղ հավաստիության նշույլ կարող էր լինել, արքայադստեր՝ առեղծվածը բացահայտելն էր, և այն պահին, երբ նայեց նրան, հասկացավ, որ հաջողել է, ասես հոգու խորքում իմացած լիներ, որ հաջողելու էր։
Ապա մի արագ և անհանգիստ «ո՞ր մեկը» հարցնող հայացք գցեց։ Արքայադստեր համար դա այնքան պարզ էր, ասես տղամարդը ներքևից գոռար հարցը։ Ոչ մի վայրկյան կորցնել չէր կարելի։ Հարցը տրված էր մեկ ակնթարթում, անհրաժեշտ էր պատասխանել հաջորդին։
Նրա աջ ձեռքը ճաղաշարի վրա էր։ Արքայադուստրը բարձրացեց այն, և մի աննկատ, արագ շարժում արեց դեպի աջ։ Ոչ ոք, բացի սիրելիից չնկատեց։ Բացի նրանից բոլորի աչքերը կենտրոնացած էին ամիֆթատրոնի մեջտեղում կանգնած տղամարդու վրա։
Երիտասարդը շրջվեց, և հաստատակամ ու արագ քայլերով անցավ դատարկ տարածությունը։ Սրտերը դադարեցին բաբախել, բոլորը շունչները պահել էին, ամենքի աչքերը անշարժ հառվել էին տղամարդու վրա։ Առանց երկմտանքի մի նշույլի, նա մոտեցավ աջ կողմի դռանն ու բացեց այն։
Այժմ, պատմության իմաստը հետևյալն է․ արդյո՞ք վագրը դուրս եկավ դռան ետևից, թե՞ կինը։
Որքան շատ են մտածում այս հարցի շուրջ, այնքան դժվարանում է պատասխան գտնելը։ Այն ներառում է մարդու սրտի ուսումնասիրությունը, որը տանում է մեզ կրքի լաբիրինթոսներով, որտեղից դժվար է ելք գտնել։ Մտածիր այդ մասին, սիրելի՛ ընթերցող, ոչ թե որոշումը փորձելով գտնել ելնելով քեզնից, այլ տաքարյուն, կիսաբարբարոս արքայադստեր մասին մտածելով, նրա հոգու, որ վառվում էր հուսահատության և նախանձի կրակների տակ։ Նա կորցրել էր իր սիրելիին, իսկ ո՞վ պիտի ստանար։
Որքա՜ն հաճախ էր արթմնի և երազում պատկերացրել ու վայրի վախից ձեռքերով ծածկել դեմքը՝ մտածելով, որ սիրելին բացում է այն դուռը, որի հետևում սպասում էին վագրի անողոք ճանկերը։
Բայց որքան ավելի հաճախ էր տեսել նրան մյուս դռան մոտ։ Ինչպես էր իր վշտալի ցնորքներում կրճտացնում ատամները, պոկրտում վազերը, երբ տեսնում էր՝ կնոջ սենյակի դուռը բացելու պահին երիտասարդի դեմքին ուրվագծվող խանդավառությունը։ Ինչպե՜ս էր նրա հոգին թաղվում հոգեվարքի մեջ, երբ տեսնում էր կնոջ մոտ շտապող սիրելիին, վարդագույն այտերով և հաղթանած, պսպղացող աչքերով կնոջ։ Երբ տեսնում էր՝ ինչպես է ուղեկցում կնոջը, և թե ինչպես էր նրա ողջ մարմինը շողում վերականգնված կյանքի ուրախությունից։ Երբ լսում էր բազմության ուրախ-զվարթ ճիչերը և զանգերի երջանիկ ղողանջները։ Երբ տեսնում էր քահանային իր խանդավառ ուղեկցորդներով, որոնք մոտենում էին զույգին և պսակադրում նրանց իր իսկ աչքի առաջ, և երբ տեսնում էր նրանց արդեն ծաղիկներով զարդարված ճանապարհով անցնելիս՝ ծիծաղաշարժ ամբոխի բարձրագոչ ձայների ուղեկցությամբ, որտեղ կորչում ու խորտակվում էր նրա հուսահատ ճիչը։
Արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ նա միանգամից մահանար և գնար ու կիսաբարբարոս ապագայի օրհնված վայրերում սպասեր արքայադստերը։
Բայց մյուս կողմից էլ այդ սարսափազդու վա՜գրը, այդ ճիչե՜րը, այդ արյո՜ւնը։
Նրա որոշումը սիրելիի համար պարզ դարձավ մեկ ակնթարթում, բայց մտածվել էր բազմաթիվ օրերի ու գիշերների տանջալից մտորումներից հետո։ Նա գիտեր, որ հարց էր ստանալու, և որոշել էր՝ ինչ պիտի պատասխաներ, ու, առանց մի պահ իսկ տատանվելու, ձեռքի շարժումով ցույց տվեց դեպի աջ։
Նրա որոշմանը պետք չէ թեթևամտորեն մոտենալ, և ես էլ չեմ կարող ինձ թույլ տալ համարել դրա պատասխանը ունեցող միակ մարդը։ Ուստի, թողնում եմ ձեզ։ Ո՞վ դուրս եկավ բացված դռան հետևից․ կի՞նը, թե՞ վագրը։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *