Կիրիլ Կովալջի | Հետհաշվարկ

 

Երազում տեսա, որ ճպուռն
ապրում է չորս ժամ։

Գիտեմ, որ այդպես չէ,
բայց, չգիտեմ՝ ինչու,
արտասվելու չափ խղճացի ճպուռին։

Ես իմ թշնամին կլինեմ,
եթե գեթ մեկ ճպուռի,
մեկ ճպուռի չփրկեմ։

 

***
Ինչքան էլ վիթխարի է օվկիանոսը,
այնտեղ բախվեցին երկու սուզանավ,
ինչքան էլ ահագին է երկինքը,
այնտեղ բախվեցին երկու ինքնաթիռ,
անգամ տիեզերքում
բախվեցին երկու արբանյակ,
իսկ Մոսկվայում ես ու դու —
ոչ մի կերպ։

 

***
— Մի՛ գնա, սպասի՛ր,
սպասի՛ր ինձ, մի՛ չքացիր։

Կանգնեց, սպասում է, շրջվելով դեպի ինձ
մաքուր դաշտում, քնքուշ արևի տակ։

Ես քայլում եմ
և որքան մոտենում եմ,
նա դառնում է ավելի երիտասարդ,
ավելի բարակ, ավելի թափանցիկ։

Եվս մեկ քայլ։

Ու արդեն միայն դաշտն է,
թռչունները և արևը:

 

***
Ամենավիթխարի իրադարձությունները
տեղի են ունենում առանց հանրության,
առանց ցավքաշների, առանց լրտեսների։

Քրիստոսը հարություն առավ։

 

***
Փլատակների մեջ

Ոչ թե փլատակներին եմ նայում,
այլ նրան, թե ինչպես է ճեղքանցել
խոտը քարերի արանքից։

 

***
— Ինչո՞ւ Հուդան մատնեց Քրիստոսին։
Գրքեր են գրվում, իսկ ամենը մշուշոտ է։

— Լսեցի բառը և տեսա հրաշքը։
Ախր ինչո՞ւ Քրիստոսին մատնեց Հուդան։

Իսկ պատասխանը (բոլոր պատգամները պարզ են).—
— Նրա համար, որ չմատնեիր դու։

 

***
Հետհաշվարկ

Իմ կյանքը սկսվեց մահից.
եղավ համաշխարհային պատերազմը։
Առաջին տարիներին ես նայում էի աշխարհին
փոքրիկ ծերունու,
աշխարհի կործանումը ճանաչողի աչքերով։
Հետո երկարուձիգ տասնամյակներ
ես սպունգի նման ներծծված էի անշարժ ժամանակով,
բայց, ամեն դեպքում, պատերազմը մնաց անցյալում,
և ես ազատվեցի մահից ու ծերությունից։
Հիմա վերջապես վճռականորեն երիտասարդացել եմ.
եկել է ազատությունը,
լայնարձակությունը մտքերի և զգացմունքների համար։
Բայց ահա քեզ ձախողմունք. հետհաշվարկն ավարտվում է,
և մոտենում է զրոն…
Չեն թողնում՝ հանգիստ խաղամ խորանարդիկներով։

 

***
Գլխում բացակայում է
միակերպությունը,
խոստովանի՛ր, խելո՛ք,
մի՛ թաքցրու —
աջ կիսագնդում
ուղղափառությունն է,
ձախ կիսագնդում՝
աթեիզմը։

 

***
Մանկությունը փոխարկվում է,
պատանեկությունը փոխարկվում է,
հասունությունը փոխարկվում է,
ծերությունն ընդհատվում է։

 

***
Ի՞նչ կպատասխանես ինձ,
եթե ոչինչ չասեմ:

 

***
— Թող ինձ… —
Ու ես նրան թողեցի:
Ու նա դա չներեց ինձ:

 

***
Մեն մի բառ
ինձ ու քեզ կապեց,
հազարավոր բառեր
մեզ հեռացնում են հիմա:

 

***
— Ես սիրով չեմ զբաղվել,
ես սիրել եմ…

 

***
Ոչ մեկը: Ոչ մի տեղ: Երբեք:
Ահա նա — մենությունը:
Նա չունի ոչ հայրանուն,
ոչ էլ անուն: Դատարկություն:

Թարգմանությունը ռուսերենից՝ Արմեն Սարգսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *