Գոհար Հայրապետյան | Փոքր Մհերի ատրճանակը

Գոհար ՀայրապետյանՀասարակության մասին պատկերացում կարելի է կազմել ռեստորանում միայնակ նստած կնոջ հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքից: Չգիտես ինչու, բոլորի հայացքում կարդացվում է ակնհայտ խղճահարություն միայնակ նստած կնոջ խղճուկ անձի հանդեպ: Բոլորի… մատուցողից մինչև հավաքարար: Նրանք նայում են միայնակ կնոջն ու հայացքներում բացահայտ արտացոլվում է հետևյալ տեքստը. «Տանը մնացած խեղճ ու միայնակ կույս, որին ցուրտ ու մութ մեկ սենյականոց բնակարանում սպասում է միայն կռտած կատուն»: Այն տարբերակը, որ ռեստորանում միայնակ նստած կինը կարող է ունենալ, ասենք, մեկ պաշտոնական ամուսին, երկու ոչ պաշտոնական սիրեկան ու 3 սենյականոց բնակարանում իրեն չսպասող ու բոլորովին էլ չկռտած գամփռ շուն, չգիտես ինչու, չի քննարկվում:
– Ի՞նչ կցանկանայիք: Մենք պահքի հրաշալի ճաշացանկ ունենք,- ջանասիրաբար թաքցնելով խղճահարության բարի լույսն աչքերում՝ հայտարարեց մատուցողը:
– Մի մեծ կտոր սթեյք բերեք, ցանկալի է՝ արյունով, կարմիր գինի՝ Chianti, ու սպիտակ հաց,- նյարդայնացած պատվիրեցի ես՝ շրխկոցով փակելով ճաշացանկը:
– Վստա՞հ եք, իսկ ես համոզվածէի, որ բուսակեր եք, – սեփական պատրանքները փրկելու անհաջող փորձ արեց երիտասարդը:
Ես այնպիսի հայացքով նայեցի տղուկին, որ նա հասկացավ՝ եթե հենց հիմա չբերի իմ պատվերը, ես կխժռեմ նրա սիրտն ու այն կխմեմ կարմիր կյանտիով:
– Հենց հիմա կբերեմ, – արագ ասաց մատուցողը՝ դառնալով ալ կարմիր մանիկյուրիս գույնի:
– Ապրե՛ս, բալի՛կ, արագ ես ըմբռնում,-գովեցի տղային ես:
Խաղաղ պայմաններում ես բավականին խաղաղ արարած եմ: Խաղաղ պայմաններ ասելով՝ նկատի ունեմ այն բացառիկ ու եզակի դեպքերը, երբ սոված չեմ, նյարդայնացած չեմ ու քունս առած եմ: Առհասարակ, կարծում եմ՝ միֆ է, թե տղամարդիկ սոված ժամանակ ագրեսիվ են դառնում: Հավատացեք՝ կանայք ավելի սարսափելի են նման պահերի: Երդվում եմ՝ չկա ավելի վտանգավոր արարած, քան 10 օր դիետայի վրա նստած կինը: Եթե համեմատենք, տղամարդն ավելի շատ փրկվելու շանս ունի, ասենք, Ամազոն գետի ջունգլիներում վագրի հետ տետ-ա-տետ հանդիպման ժամանակ: Որովհետև, ի վերջո, յուրաքանչյուր կին գիտի, որ երջանկությունը երեք Ս-ի կանոնների մեջ է՝ Սեր, Սեքս, Սթեյք: Ցանկալի է՝ հերթականությունը չխախտել: Ահա թե ինչ գիտեն ռեստորաններում նստած միայնակ կանայք, որ չգիտեն փոքրիկ մատուղոցները…
– Խնդրեմ, Ձեր սթեյքը,- կակազելով ասած մատուցողը՝ հայտնվելով հաշված րոպեների ընթացքում:
– Շնորհակալ եմ, երիտասարդ, Դուք հենց հիմա սովիցու մահից փրկեցիք մի մաքուր հոգի,- անմիջապես բարիացա ես՝ առնելով արյան հոտը:
«Երանի բկիդ կանգնի», – չափից շատ բարձր մտածեց տղան:
– Երիտասա՛րդ, դուք շատ բարձր եք մտածում,- նախազգուշացրի ես:
Առջևի սեղանի մոտ նստած տարիքով մի տղամարդ ուշադիր նայում էր մեզ: Նա ակնհայտ զվարճանում էր իրավիճակից ու թաքուն ժպտում բեղի տակ: Բեղի տակ պատկերավորության համար ասացի, իրականում նա անթաքույց ժպտում էր իր ալեխառն մորուքի մեջ: Տղամարդը ուշադիր զննեց ոտքերս, հետո նրա հայացքը կանգ առավ կրծքիս վրա և նոր միայն աչքերիս նայեց: Ինձ միշտ անկեղծորեն զարմացրել է այն կանանց ռեակցիան, որոնք վրդովվում են, երբ տղամարդիկ սկզբից նայում են իրենց ոտքերին և վերջում միայն աչքերին. «Ես անմիջապես հասկացա, որ նրան իմ փխրուն հոգին չէ պետք, նրան միայն մարմինս է հարկավոր» ,- սովորաբար ասվում է նման դեպքերում Սառա Բերնարի պաթոսով: Բացարձակ չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա նրանում, որ առողջ հետորոսեքսուալ տղամարդը սկզբում հարգանքի իր տուրքն է մատուցում քո փխրուն հոգու հողեղեն, ցանկալի է՝ խնամված պատյանին:Դա բոլորովին չի նշանակում, որ նա երազում է քեզ մազերից քարշ տալ մոտակա մոթել ու ստորացնել գերմանական +18 ֆիլմերի լավագույն ավանդույթների համաձայն: Հակառակը՝ դա նշանակում է, որ տղամարդն այն եզակի վերացող տեսակներից է, որին դեռևս չեն հասել կոնկուրենտ արվամոլների մանիկյուրած ճանկերը:
Մտովի անմիջապես նրա անունը դրեցի Սյոգուն: Իսկապես, նա անչափ նման էր ճապոնացի հայտնի զորապետ Մինամոտոյին: Հայկական Մինամոտոն իր համար խաղաղ նստած իռլանդական վիսկի էր խմում, բայց ինձ անընդհատ թվում էր, թե նրա մեջքի հետևում կանգնած են իր հավատարիմ սամուրայները: Ասոցիացիան այնքան հստակ էր, որ անգամ վիզս երկարացրի ու նայեցի նրա մեջքի հետևը: Սյոգունը նույնպես զարմացած հետ նայեց: Հետո շրջվեց, ժպտաց ու ասաց.
– Այստեղ դժվար գտնեք Ձեր փնտրածը, – ասած նա:
– Իսկ Դուք ի՞նչ գիտեք, թե ես ինչ եմ փնտրում, – զարմացա ես:
– Արկածներ: Ձեզ վրայից եկող արկածախնդրության հոտն այնքան ուժեղ է, որ խլացնում է անգամ իմ վիսկիի բույրը:
– Ես վատ լուր ունեմ Ձեզ համար: Իրականում ես իմ գրքերի համար հերոսների կերպարներ եմ այստեղ փնտրում, և եթե Դուք շարունակեք Ձեզ այդպես պահել, կնկարագրեմ իմ հերթական պատմվածքում Կարաբաս-Բարաբասի կերպարում:
– Մհեր, շատ հաճելի է: Ահա իմ այցեքարտը, երբ պատմվածքը պատրաստ կլինի, ուղարկեք էլեկտրոնային հասցեիս – բոլորովին իմ լրագրողական սպառնալիքներից ու շանտաժից չվախեցավ Սյոգունը:
– Օ՜հ, ինչ հաճելի է, որ Ձեր տարիքի ու սերնդի տղամարդիկ կարողանում են օգտվել համակարգչից ու անգամ էլեկտրոնային հասցե ունեն,- խայթեցի ես:
– Ես անգամ Facebook-ում էջ ունեմ ու մոտ 5000 ֆրենդ: Այնպես որ՝ ընկերության առաջարկ չուղարկեք, չեմ կարող ընդունել. ֆեյսբուքյան ընկերներիս լիմիտը սպառվել է,- տակ չմնած Մհերը՝ ցուցաբերելով ժամանակակից ինտերնետային սլենգի բացառիկ իմացություն:
Ասել, որ ես զարմանքից պապանձվել էի, նշանակում է՝ չասել ոչինչ:
«Կյանտի, հենց հիմա մի կում կյանտի է պետք խմել, որ ուշքի գամ: Երդվում եմ՝ այս ճապոնահայ Կարաբաս-Բարաբասը Twitter էլ կունենա»,- մտածեցի ես:
– Դուք չափազանց բարձր եք մտածում, – ժպիտով կրկնեց իմ ասածը տարօրինակ տղամարդը:
– Իսկ Դուք չափազանց անկեղծ եք,պարոն,- վերջապես ուշացումով հիշեցի ես Զենք N5- ի մասին:
Անտեղյակների համար բացատրեմ: Զենք N5: Chanel N5–ից հետո ամենահզոր և հաճախակի օգտագործվող զենքն է կանանց զինանոցում: Երբ կինը հայտնվում է անելանելի իրավիճակում, նա ընդունում է վիրավորված առաքինության տեսք, թախծոտ ժպտում է ու տխուր նայում տղամարդու աչքերին: Կնոջ ողջ կերպարն այդ պահին կոչված է տղամարդուն հասցնելու հետևյալ մեսիջը՝ ես վիրավորված եմ: Մինչև հոգուս խորքը: Ձեր պահվածքը վայել չէ իսկական ջենթլմենին:
Ի դեպ, այս զենքը կարող է կիրառվել անգամ այն ժամանակ, երբ տղամարդն իրեն հենց էլ իսկական ջենթլմենի պես է պահել: Ասենք՝ խոստացելէ կնոջը երեկոյան իր տանը ցույց տալ նկարների իր հավաքածուն ու ցույց է տվել նկարների իր հավաքածուն: Ու ոչ մի բան ավել… Կանայք տարօրինակ արարածներ են: Բայց Սյոգունն ակհայտ փորձված աղվես էր ու թակարդը չընկավ:
– Միշտ անկեղծ եղեք, անգամ, եթե մտքում բոլորովին այլ բան է, – ասաց Մհերը:
– Սովորաբար կանայք անկեղծ են լինում, երբ ստելու պատճառ չեն ունենում:
– Իսկ ե՞րբ են ունենում պատճառ:
– Երբ սիրում են, երբ վախենում են ու երբ գրում են: Առհասարակ՝ կանայք ոչ թե ստում են, այլ ունեն սեփական ճշմարտությունը,-չգիտես ինչու որոշեցի անկեղծանալ ես:
Սյոգունը չհասցրեց գնահատել իմ անկեղծությունը, որովհետև այդ պահին սրահ մտավ մի զույգ: Ամուսիններ էին, մոտավորապես 5-7 տարվա հնեցման, միջին տարիքի, միջին ֆինանսական հնարավորություններով: Սրահի մենեջերը, հոլիվուդյան ժպիտն արագորեն քաշելովդեմքին, առաջ վազեց: Ընդ որում, այդ ընթացքում նա այնպես էր շարժում կոնքերը, որ իր շքեղ հետույքի ամպլիտուդայով խախտում էր ֆիզիկայի բոլոր գրված ու չգրված օրենքները: Ընդամենը մեկ հայացք գցելով տղամարդու վրա՝ նա դադարեց ժպտալ ու արագ տեղավորեց զույգին պատուհանի սեղանիկներից մեկի մոտ: Ես հարգանքի լուռ տուրք մատուցեցի նրա բարձր պրոֆեսիոնալիզմին, որին կնախանձեին 6-րդ վարչության և հարկային տեսչության բոլոր աշխատակիցները: Աղջիկն ընդամենը մի հայացք նետեց նրանց վրա և անմիջապես գուշակեց, թե քանի դրամ և անգա լումա կա տղամարդու հաշվեհամարին, որքան գումար է նա պատրաստվում այս երեկո ծախսել և առհասարակ՝ ինչ է կերել երեկ երեկոյան:
Նրանք նստեցին՝ մի տեսակ վախվխորածու երկչոտ: Կինն անդադար ուղղում էր զգեստը. մեկ փորձում էր զգեստի փեշն իջեցնել ու ծածկել լուսնաձև ծնկները, մեկ՝ ջղաձիգ շարժումով լանջաբացվածքն էր շտկում: Ակնհայտ էր, որ զույգն այստեղ էր եկել ինչ-որ շատ կարևոր առիթ նշելու՝ ամուսնության տարեդարձ կամ նման մի բան: Ակնհայտ էր նաև, որ նրանք երկար էին պատրաստվել այդ օրվան: Հատուկ «ներմուծել էին» տատիկին, որը պետք է երեկոյան նստեր երեխաների հետ, ընտանեկան բյուջեից գումար էին առանձնացրել ու պահարանից հանել էին իրենց լավագույն հագուստները: Այժմ նրանք սարսափած ուսումնասիրում էին մենյուն: Կինն այնքան ցնցվեց այնտեղ ներկայացված թվաբանությունից, որ նույնիսկ հանգիստ թողեց զգեստի փեշը: Մենյուի գներից զարմացած էին անգամ նրա լուսնաձև ճերմակ ծնկները: Նա վախեցած նայեց ամուսնուն և դողացող ձայնով ասած.
– Ես թեյ կխմեմ: Սոված չեմ:
Ամուսինը քնքշանքով նայեց կնոջ վախեցած աչքերին, հետո՝ զարմացած ծնկներին, ափով ծածկեց նրա ձեռքը և կամացուկ ասաց.
– Պատվիրիր, ինչ ուզում ես: Այսօր մեր օրն է:
Ես հիացած նայում էի զույգին, որն ասես անցած դարաշրջանի ֆիլմերից լիներ: Չէ, իհարկե, հրաշալի է, որ հիմա 21-րդ դար է՝ բարձր տեխնոլոգիաներ, սմարթֆոններ, ազատ հարաբերություններ և այլն: Բայց երբ քո մեջ կուտակված ողջ ցինիզմը բախվում է նման քնքշության, ռոմանտիզմի ու հոգատարության, անպայման պարտվում է: Ու հասկանում ես, որ կինը չպետք է 20 ժամ աշխատի, չպետք է ողջ օրը լեզուն դուրս գցած վազի ու մարտական պարապած շան նման կռիվ տա արական այս աշխարհում:
– Անգամ չփորձեք, դա Ձեր ամպլուան չէ: Հլու-հնազանդ կնոջ իմիջը Ձեզ չի սազի, – իմ հակաֆեմինիստիկան մտքերն ընդհատեց Սյոգունը:
Ես այնքան էի տարվել զույգով, որ չէի նկատել, թե ինչ հայացքով եմ նայում նրանց: Փաստորեն, իմ հետաքրքիր հարևանը նույնպես ֆիքսել էր զույգին և անգամ իմ ռեակցիան: Ես բարձրաձայն ծիծաղեցի, քանի որ մի պահ պատկերացրի ինձ այդ զգեստով՝ հեզիկ-նազիկ նստած: Մհերն իրավացի էր. յուրաքանչյուր կին ունի իր ուղին ու իր ճակատագիրը: Կռվող մարտական շունը չի կարող ապրել բազմոցային պուդելի կյանքով: Կսատկի:
– Հավատացնում եմ՝ ես ավելի լավն եմ, քան իմ իմիջը: Հոգու խորքում ես փափլիկ, նուրբ արարած եմ, որը հողաթափերով նստում է բազմոցին ու չորս աչքով լաց է լինում մելոդրամներ նայելիս,-անմեղհայացքով հայտարարեցի ես:
– Ես ենթադրում էի,- իմ հեգնական տոնը բանի տեղ չդնելով՝ լրջորեն ասաց Մհերը: – Իսկ երբևէ փորձե՞լ եք թուլանալ, հանել բարձրակրունկ կոշիկները, հագնել հողաթափեր ու ազատ արձակել Ձեր ներսում նստած փափլիկ արարածին:
Չգիտես ինչու, այդ պահին ես իսկապես ուզեցի թուլանալ ու պատմել Մհերին ամեն-ամեն ինչ: Իմ արած բոլոր լավ ու վատ բաների մասին: Ես համոզված էի, որ նա կհասկանա:
– Ես չեմ կարող թուլանալ, ես չեմ կարող ինձ նման շքեղություն թույլ տալ: Առանց դիմահարդարման և բարձրակրունկ կոշիկների ես աշխարհի ամենաանպաշտպան արարածն եմ, որին անգամ 3 տարեկան երեխան կարող է նեղացնել: Իսկ կրունկներով ես կարող եմ տանկերի մի ողջ դիվիզիա կանգնեցնել… Կամ որսալ ու խարույկի վրա տապակել դինոզավրերի մի ամբողջ ընտանիք:
– Օ՜հ, ես աղոտ կասկածներ ունեմ, որ դիմահարդարումով և բարձրակրունկ կոշիկներով Դուք կխորովեք անգամ տանկերի մի ամբողջդիվիզիա, – իրականությանը շատ մոտ կատակեց Մհերը:
Այդ պահին սրահ մտավ, ավելի ճիշտ՝ ներխուժեց սև կոստումներով հաստավիզների մի խումբ: Թիկնապահներն արագ ուսումնասիրեցին դահլիճը, գնահատեցին իրավիճակը, որից հետո հաստավիզներից ամենահաստավիզը կապ տվեց ու ասաց.
– Շեֆին ասա, մաքուրա սաղ:
Ես փորձում էի գուշակել, թե ով է այդ շեֆը, որի համար այսպիսի աղմուկ բարձրացավ, երբ դեռատի աղջկա ուղեկցությամբ դահլիճ մտավ մի պորճիկ:
Մեր քաղաքում կա մի «ցեղախումբ», որի ներկայացուցիչներին հաճույքով կգնդակահարեի իմ չունեցած «Մակարովից»: Ու հատուկ նրանց համար հարուստ հայերենը ստեղծել է մի նոր բառ` պորճ: Մայրաքաղաքային սլենգին անծանոթներին բացատրեմ, որ պորճը հարուստ պապայի երես առած զավակն է, որին թվում է, թե ինքն է այս քաղաքի տերը: Տվյալ պարագայում պապաներն ավելի գերադասելի են. գոնե ինքնուրույն են փող աշխատում վիսկիի և ծախու կանանց համար: Ու որքան էլ Facebook-ում քաղաքացիական նախաձեռնություններ ստեղծեն «Մենք ենք այս քաղաքի տերերը» վերնագրով, միևնույն է, քանի դեռ 18 տարեկան միամիտ աղջիկները նստում են այդ պորճերի «Պորշ Կայենները», իրավիճակը շարունակում է տխուր մնալ:Այդ փոքրիկ լոլիտային թվում է, թե ինքը գտել է ճերմակ նժույգով (տվյալ պարագայում` սև Porsche Cayenne-ով) իր ասպետին, ով իրեն կտանի վարդագույն դղյակ և կհամբուրի ֆրանսիական համբույրով: Ցավոք, հիմարիկը չգիտի, որ նժույգով ասպետի միֆը ստեղծել են կինո և ամսագրային ինդուստրիայի վատ «ձյաձյաները». կարիերիստ Մոխրոտի մասին հեքիաթը լավ վաճառվող սոցիալական խայծ է: Բայց ռիչարդ գիրերը միայն ֆիլմերում են ամուսնանում սիրունիկ մարմնավաճառների հետ:Ուզում ես ասել այդ միամիտ ուսանողուհուն, որ իր պարագայում, լավագույն դեպքում, ամեն ինչ կավարտվի էժանագին մոթելում ֆրանսիական սեքսով, վատագույն դեպքում` վաղաժամ աբորտով: Որ այն, ինչ իրեն թվում է սիրահար սրտի թրթիռ, իրականում պորճիկի թանկարժեք Vertu-ի զանգի վիբրացիան է: Իսկ աչքերը փայլում են ոչ թե սիրուց, այլ առավոտյան ընդունած կոքսիկարգին չափաբաժնից: Ուզում ես բացատրել, որ ասպետի պապայի հաստիքավոր ծրագրային ադմինիստրատորը զզվել է ամեն երեկո նրա համակարգչից ջնջել ամենավատ պոռնոկայքերից եկած վիրուսները: Իսկ մայրը երես առած որդյակի դեմը չկարողանալով առնել` վախից աշխատանքի է ընդունում միայն տարիքով կանանց: (Ուշ է: Եթե ուզում ես մեծ տարիքում որդիդ ճիշտ կանանց հետ քնի, ժամանակին քնեցնելիս ճիշտ հեքիաթներ էր պետք պատմել): Իսկ հիմա պորճիկը շրջում է քաղաքով` վտանգավոր սոցիոպատ` շրջապատված պահակազորով: Զազրելի կոյոտի նման, որովհետև վախկոտ կոյոտները միայն ոհմակով են ման գալիս, ոհմակով էլ հոշոտում են զոհին: Գայլերն ու իսկական տղամարդիկ որսի և սիրո գնում են մենակ:Բայց միամիտ լոլիտան չգիտի այդ ամենը: Նա առանց վախի նստում է կոյոտի մեքենան: Նրա փոխարեն դու ես վախենում: Վախենում ես, որ կտրորեն ու կջնջեն: Վախենում ես, որ չի հանդիպի կամ կհանդիպի ու այլևս չի հավատա այն տղային, ով հիմա գուցե լճի ափին խարույկի մոտ կիթառ է նվագում: Ով նրան չի դիմավորի Porsche Cayenne-ով, բայց փոխարենը ձեռքերի վրա ման կտա: Ում շապիկի տակ տաք սիրտ է, ոչ թե Vertu: Չգիտի նաև այն, որ դու ցավով ես նայում իրեն` մեքենա նստելիս և ցավում, որ չունես «Մակարով»…
Պորճիկը թիկնապահների ու աղջկա ուղեկցությամբ մոտեցավ պատուհանի մոտ նստած զույգին ու լկտիաբար հայտարարեց.
– Նաֆթալինոտ կնկադ վեկալ ու ռադ էղի ստեղից: Ես ուզում եմ էս սեղանին նստել:
Տղամարդը կարկամեց: Նա հստակ պատկերացնում էր, թե ինչ տեղի կունենա, եթե հրաժարվի կատարել լակոտի հրամանը:Բորենիներն արդեն արյան հոտ էին առել. թիկնապահների բութ մռութներին դաջված էր հետևյալ միտքը՝ հլը շփոթվի ու բախտդ փորձի. իզով թոզով կվերացնենք:
Նրանք պատրաստ էին ատամներով հոշոտել զույգին՝ իրենց գաճաճ շեֆին հաճոյանալու համար: Թանկ կոստյումով լակոտիկն իրեն զգում էր աշխարհի տիրակալը: Տղամարդը ոչնչացած էր ու ստորացած. նա գիտեր, որ ոչինչ չի կարող անել: Այդ պահին նա պարզապես մտածում էր, թե ինչպես է գնալու կնոջ հետ տուն, ինչպես է նայելու կնոջ ու երեխաների աչքերին, ինչպես է արդարանալու ինքն իր առջև: Ու անիծում էր իր դաստիարակությունը, կարդացած գրքերը, դասական երաժշտության ձայնասկավառակների հավաքածուն… Այն ամենը, ինչն իրեն դարձրել է բարի, խոցելի, բարեկիրթ, լավ ընտանիքի հայր և ամուսին, որը, սակայն, չի կարող պաշտպանել իրեն ու իր կնոջը:
Ես դանդաղ վեր կացա՝ պորճիկին սատկացնելու ակնհայտ մտադրությամբ: Ես չէի վախենում: Ոչ մի գրամ: Ո՛չ նրանից, ո՛չ նրա թիկնապահներից, ո՛չ էլ հզոր պապայից: Չկարծեք, թե քաջ եմ ու խիզախ: Բոլորովին: Պարզապես դեռևս մանկուց ես օրգանապես տանել չեմ կարողանում անարդարության ու ստորության ցանկացած դրսևորում: Նման պահերի իմ ինքնապաշտպանական բնազդը հօդս է ցնդում, իսպառ վերանում է, ու ես դառնում եմ անկառավարելի: Առանց հետևանքների մասին մտածելու՝ առաջ եմ նետվում, ընկնում տարբեր պատմությունների մեջ ու երբեք դաս չեմ առնում:
– Երիտասա՛րդ, այս մարդիկ իմ հյուրերն են, – անսպասելի հնչեց իմ նոր ծանոթի ձայնը:
Պարզվում է՝ մինչ ես կանգնած էի դիլեմայի առջև. սատկացնել պորճիկին կյանտիի շշով, թե բարձրակրունկ կոշիկով, Մհերը մոտեցել էր զույգի սեղանին: Նա հանգիստ տեղավորվեց սեղանի շուրջ՝ զույգի և կոյոտների ցնցված հայացքների ներքո:
– Ձյա՛ձ, արի դու մի՛ խառնվի, տարիքով մարդ ես, – ողորմածաբար հայտարարեց գաճաճը: Թիկնապահները քծնողաբար սկսեցին գլխով տմտմբացնել՝ ի նշան այն բանի, թե տեսաք՝ մեր շեֆը տարիքը հարգող ինչ մարդ է:
Բայց «ձյաձը»կարծես թե բոլորովին հակված չէր գնահատելու դաստիարակված ու մեծերին հարգող տղայի մեծահոգի ժեստը: Հակառակը՝ նա դանդաղ վառեց իր ծխախոտը և մատուցողին նշան արեց, որ վիսկի բերի:
– Նրանք իմ հյուրերն են, և ես նստելու եմ այս սեղանին: Եթե ինչ-որ հարցեր ունես, ասա՛, ուշադիր լսում եմ, – անվրդով տոնով հայտարարեց Մհերը:
– Ասի՝ տարիքդ հարգեմ, բայց ոնց տենում եմ բազառ ես ման գալիս սպիտակ գլխիդ, դե տես՝ հետո փոշմանել չլինի, – խրխնջած պորճիկը:
Սյոգունի աչքերը զսպված ցասումից շագանակագույնից դարձան պողպատի գույնի: Այդ պահին նա իսկապես նմանվեց սամուրայի: Սամուրայի, որը կգերադասի մեռնել, քան կորցնել դեմքը, արժանապատվությունը:
– Կոստյումիս տակ ատրճանակ կա: Մակարով: Գլխիցդ կկրակեմ ու շան պես կսատկացնեմ: Շներիդ էլ հետը, չեն հասցնի խառնվել, – հանգիստ ձայնով ասած Մհերը:
Մհերը դա ասաց այնպիսի ձայնով ու առոգանությամբ, որ պորճիկը սարսափած հետ քաշվեց ու արագ թաքնվեց թիկնապահների մեջքի հետում: Քար լռություն տիրեց: Ոչ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չկար, որ հարկ եղածի դեպքում Մհերը կկրակի: Առանց վարանելու: Նա լուռ ծխում էր ու սառը հայացքով անքթիթ նայում հակառակորդին: Ողորմելի արարածը չդիմացավ ու առաջինը կոտրվեց. շուռ եկավ ու արագ լքեց սրահը: Նրա հետևից դուրս եկան նաև հաստավիզ թիկնապահները ու դեռատի հիմարիկը, որը ոչինչ չհասկացավ:
Ես նետվեցի Մհերի մոտ, ամուր գրկեցի ու առանց ամաչելու սկսեցի ձայնով լաց լինել: Կատաղությունից, հուզմունքից ինձ լրիվ կորցրել էի:
– Ես պաշտում եմ Ձեզ: Դուք իսկական տղամարդ եք: Սյոգուն, սամուրայ, հրեշտակ, – զառանցում էի ես՝ նրա զարմացած հայացքի ներքո: – Ես գիտեի, որ Դուք կկրակեք, մի վարկյան անգամ չէի կասկածում, որ ատրճանակը գլխին կպարպեք:
– Չէի կրակի, ատրճանակ չունեմ, – անսպասելի հայտարարեց հրեշտակը՝ շարունակելով պահել ինձ իր գրկում:
– Ինչպե՞ս թե չունեք, – ցնցվեցի ես ու զարմացած նստեցի աթոռին:
– Բլեֆ էր: Ես սովորություն չունեմ մինչև ատամներս զինված գնալ ընթրելու:
Հարգանքի ու հիացմունքի մի մեծ ալիք եկավ ու ոտքից գլուխ ողողեց ինձ: Բառեր չէի գտնում. անզեն, միայնակ դուրս գալ ոհմակի դեմ՝ հանուն անծանոթ մարդկանց: Այդպես կարող էր վարվել միայն իսկական տղամարդը: Կա տղամարդու տեսակ, որին ինքնահաստատվելու համար հարկավոր են թանկարժեք մեքենաներ, շքեղ քածեր, վերջին սերնդի զենքեր: Այդպիսով նա արհեստականորեն մեծացնում ու արժևորում է իր պստլիկ էգոն և էլի շատ պստլիկ բաներ: Նման տեսակը, որպես կանոն, տանել չի կարողանում իսկական տղամարդուն՝ ալֆա-որձին, ով ուժեղ է նախամարդու իր կերպարով ու բնազդներով: Ով առանց ավելորդ ջանքերի ու զենքերի հաղթում է իրեն, տանում իր կանանց, ձիով քշում, անցնում իր լավագույն մեքենաներին: Մհերը հենց այդպիսին էր: Նա պատասխանատվության բացառիկ զգացում ուներ այն ամենի հանդեպ, ինչը գտնվում է իր կողքին՝ իրենից 5 մետր շառավիղով՝ լիներ կին, տղամարդ, երեխա, թեպատահաբար վերևով թռչող ճանճ: Նրա կողքին ցանկացած մարդ իրեն պաշտպանված էր զգում: Նա նման էր Սասնա ծռերի Փոքր Մհերին, ով ի վերջո դուրս է եկել Ագռավաքար ժայռի քարանձավից, որ կռիվ տա անարդարության ու աշխարհի չարի դեմ: Կռիվ տա՝ թեկուզ առանց ատրճանակ:

Share Button

1 Կարծիք

  • Մարգարիտ Հարությունյան says:

    Շատ հաճելի,թեթև պատմվածք էր, մեր սեբաստացի Գոհարին որպես հաղորդավար ճանաչում էի,
    որպես արձակագիր հենց նոր ծանոթացա:Շատ հաճելի էր…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *