Բուքֆեստի ետնաբեմային հոտնկայս նոնֆորմալներից մեկի ժամանակ ընկերների համար հիշեցի գրքերի ու ընթերցանության մասին ամենատարօրինակ պատմությունը, որ պատահել է ինձ հետ ու կարծես թե այն գրելու ժամանակն է։
Նոր էի ընդունվել Վանաձորի պոլիտեխնիկ, ուրեմն պետք է որ մի տասնվեց տարեկան լինեի։ Շուրջ մի տարի էր, ինչ մեր երկրորդ և վերջին հետերկրաշարժյա դյուրակիր տնակից տեղափոխվել էինք իսկական բնակարան իսկական շենքում։ Այն մեր մանկության թաղից մի քանի խաչմերուկ էր ընդամենը հեռու, ինչն էնքան էլ շատ չէր, որ կտրվեինք մեր հին թաղի ընկերներից, խաղատեղերից, լռվելավայրերից, վարսավիրանոցից, բայց նաև ոչ էնքան մոտ, որ ճանաչեինք այստեղ ով՝ ով է ու մեզ ճանաչեին։ Ու դե բնականաբար ամեն թաղ իր լոկալ հեղինակություններն ուներ, պրոակտիվ ախպերությունը, որ ներկայիս պարադիգմում գողական ենթամշակույթով, իսկ էն ժամանակվա համար՝ մաքուրով ու ճշտով կառավարում էր թաղի միկրոռիսկերը ընթացիկ և ստրատեգիական մակարդակներում։ Մենք՝ ես ու եղբայրս, իբրև նորեկ, այդ ռիսկերի թվում էինք հայտնվել։ Ու մինչ եղբայրս իբրև ճշտի նրբերանգներին տիրապետող, լավ ախպոր հարմար ախպերների իմացող ու առճակատումից չխուսափող պատվախնդիր ու քաջ տղա հասցրել էր տեղայնանալ ու անգամ ճանաչվել էդ տարի, ես՝ ընդունելության քննությունների նախապատրաստման հոգսերում կտրուկ խորացած՝ նոր թաղում նկատվել էի միայն գրքերի ու տետրերի պատկառելի խուրձը օրը մի քանի անգամ տնից A, B և C Կետերի միջակայքում ման տալու հետագծով՝ հիմնականում խուսափելով ախպերության հետ ուղղակիորեն տալ-առնելու անհրաժեշտությունից։
Բարեհաջող պարապեցի ու ընդունվեցի համալսարան։ Արդեն օգոստոսի վերջն էր ու առանձնակի հուզումով՝ շոր, կոշիկ և կեղծ օպտիկական ակնոցների ու կեղծ ոսկեմատանու պես անհեթեթ ակսեսուրաներ գնելով պատրաստվում էի իմ նոր ուսանողական կյանքին։ Մազ կտրելը, ինչպես միշտ, թողել էի նախավերջին օրվան, որ ավելի թարմ տեսքով մտնեմ իմ չքնաղ նոր կյանք։ Մեր թաղում էդ ժամանակ բազմաբնակարան շենքերը հիմնականում վթարային էին՝ լքված, կամ նոսր բնակեցված և գրեթե ամեն ինչ տնակներում էր տեղավորված՝ տները, խանութները, դպրոցը, պիոներ-պալատը։ Վարսավիրանոցները բացառություն չէին ու կոշիկի վերանարոգման բուդկաների հետ իրենց փոքրությամբ զբաղեցնում էին պատվավոր առաջին հորիզոնականը։ Չնայած հանուն արդարության պետք է ասեմ, որ քաղաքի կենտրոնական մասում գործում էր նաև շենքի մի ամբողջ գետնահարկ զբաղեցնող մեծ վարսավիրանոցը, ուր մի անգամ նոր տարուց առաջ առիթ եմ ունեցել հայտնվելու իբրև հաճախորդ։ Այնետղ միաժամանակ տասից ավել սպիտակ խալաթներով վարսավիրներ էին աշխատում։ Ատամների արանքում սեղմած մլլացող սիգարետներով, յոթանասունականների ջեհելությունից մնացած բարակ ռետրո բեղով վերին շուրթը կիսամուննաթ ծռած ու ներվային շարժումներով կատաղորեն խուզում ու թրաշում էին ամանորյա հրաշքին պատրաստվող քաչալ ու անատամ տղամարդկանց խոնարհ վաշտերը։ Հեչ լավով չեմ հիշում էդ մի անգամը – ինձ ծանոթ ճշտի ոգին չկար էդ սպանդանոց հիշեցնող հիմնարկում։
Մի խոսքով նախաուսանողական վարսահարդարումս բացառապես մեր հին թաղի վարսավիրանոցում էր նախատեսված, որը թարսի պես փակ գտա դասերի նախորդ օրը։ Էն ժամանակ գրանցման ու հերթագրման պրակտիկա չկար բնականաբար՝ ուղղակի գնում էիր, եթե անգամ հերթ էր լինում՝ մի քանի հոգու սպասում էիր գլուխը 15 րոպե տևողությամբ ու գործդ գլուխ բերում։ Սովորաբար այդ ինքնագործ վարսավիրանոցի հիմնադիր, սեփականատեր, վարսաիր, հավաքարար և դիզայներ հանդիսացող միևնույն ուստեն էլ իր եկամուտը գլխահաշիվ էր անում ու արագ տրում՝ ընթացքում անպայման հաճախորդակենտրոն մոտեցման շրջանակներում հարցնելով բակերիդ երկարությունը, կանտովկիդ ձևը, բախտդ բացելու գծի աջուձախը ու առանց լվանալու ճամփում տուն։ Սա միակն էր, ամեն թաղ իր միակ վարսավիրանոցն ուներ, երկրորդը բացելը ուրիշի հացին վայիս լինել կհամարվեր, ապերախտություն, երկրորդը չկար, ուստի այլընտրանք չունեի։ Մի կես ժամ սպասելուց և վերջնական հուսահատվելուց հետո որոշեցի մահացու հնարք կիրառել՝ գնալ իմ նոր թաղի վարսավիրանոցը, որը մեր նոր շենքից մի քանի շենք ներքև էր ու ըստ ամենայնի հանդիսանում էր մեր պերիֆերիկ շենքի համեմատ ավելի ծանրակշիռ ախպերներով ճշտի տեղական կենտրոնակայանը։
Շնչակտուր հասա։ Առաջին ուսանողական կիսամյակիցս առաջ քաքի մեջ ընկնելու մտավախությունից ճզմված սրտով, բայց իբր ինքնավստահ դեմքի արտահայտությամբ մտա ներս, բարևեցի սպասող ախպերությանը, հարցրի ով է վերջում ու նստեցի սպասման իշաոտնուկի ազատ եզրին։ Անծանոթի հայտնվելուց ախպերությունը մի թավուր լարվեց ու մուննաթ հետախուզական դիրքավորվեց։ Պտտվող թզբեխների տեմպը անմիջապես սկսեց պասիվ ագրեսիա հեռարձակել, ծռվող ծնոտներն ու վառվող ծխախոտները սկսեցին չարագուշակ պղտորել չորս քառակուսի մետրանոց բուդկի առանց այդ էլ խեղդոց օդը։ Մեկ էլ սրանցից ամենակոլոտը, որ երևի դպրոցական էր դեռ, ոտքերիս սադրիչ բշտելով դուրս եկավ։ Հետ եկավ մի հինգ րոպեից ու կիսաբաց դռնից ինձ դուրս կանչեց։ Ինձ ծանրացնելով դուրս եկա։ Սա բա՝ որ պրծնես ստիան գորձերդ, Երեմիկին տես լա։
Երեմիկին (անունը փոխված է) չէի ճանաչում, բայց դե անունը լսել էի, գիտեի, որ էս մեծ թաղի կարևոր գործիչներից մեկն է, գողական աստիճանավորման հիերարխիայում՝ ցելավիկ։ Գողական կարիերայի «կուսակրոնության» ուխտ ընդունած մեկը, ով պետք է մաքսիմալ մաքուր ապրեր, բայց և կնճռոտ հարցեր գտնելու, ստեղծելու ու լուծելու հավակնոտություն ունենար, ապրեր հանուն վերացական ճշտի ու արդայության ամեն գնով հաստատմնը, ապրեր ուշիմ՝ գծերից ժամանակից շուտ չգլորվելու և քիչ-քիչ երևալ-առաջխաղանալու նպատակադրությամբ։ Արդեն խորապես ափսոսած օտար թաղում, օտար վարսավիրանոց գալուս արկածախնդրությանս համար, համալսարանն ու այնտեղ իմ արտաքինով զմայլեվելու սպասող հիպոթետիկ աղջիկների հանդեպ ատելությամբ լցված ու անգամ վարսավիրի կարեկցական ձայնով ճշգրտող հարցերին կեսբերան պատասխանելու ընթցքում շարունակում էի երևակայել մոտալուտ ամենավատ սցենարները։ Դե կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնավածքներ ու անժամանակ խեղված ճակատագիր պատկերացրի թերթի մեծախոսվերնագի ոճով, գերեզմանաքարերին հաճախ տեսածս կոտրված մեխակը պատկերացրի․ հենց այդպես էլ լինում է, մտածեցի, անգամ երկու տող աղոթք հիշեցի տե՜ր կոչականով։
Սանրվածքս պատրաստ էր, հատուկ այս նպատակով գրպանում պահվող 500-անոց թղթադրամը վարսավիրին տալով կոլոտի ուղեկցությամբ դուրս եկա ու քայլեցի դեպի տնակը, ուր Երեմիկն ու մնացած թոփ մենեջմենթն էր լռվցնում՝ ընթացքում իզուր փողոցն ի վեր հայացքով ծանոթներ ու ընկերներ փնտրելով։ Այդ տնակը ինչ-որ ռազմական նշանակության մեքենայի կցորդիչ էր հիշեցնում՝ բարձր անիվների վրա ու խակի գույն, որի դռան առաջ մետաղական ինքնաշեն կցասանդուղք էր սարքված։ Կոլոտը դուռը թակեց ու ներսից հրավեր ստանալով՝ ներս մտանք։ Երեմիկը նստած էր երկուական դիմահար բազկաթոռներից մեկին, մենակ էր։ Բազկաթոռները շատ մեծ թվացին այս կցասայլի դռան համար։ Հայացքը մոխրամանից չկտրելով՝ ինձ ուղեկցողին ասեց՝ ապրես բռատս, ինչը նշանակում էր, որ նա պետք է գնա իր մանր գործերին կպնելու։ Ես քաջաբար վառեցի մազ կտրելուց հետոյի համար նպատակով առած հատիկով դանսկոյ տաբակ ծխախոտս, որ լխճվել էր գրպանումս, բարևեցի ու առաջացա հարցական-անհեթեթ՝ իբր այստեղ շուտ պետք ա վերջացվի, որ ուրիշ ավելի կարևոր գործերի հասցնեմ։
Երբ կոլոտը գնաց, Երեմիկը ելավ տեղից, բարևեց ինձ գրեթե անջանք ձեռքսեղմումով ու գլխով առաջարկեց նստել։ Ինքն էլ ծխախոտ վառեց։ Սպասում էի հարստահարման տարրերով մանիպուլյատիվ ու սպառնալից գռուզիտի, որի վերջում ինձ հակաճառելու համար դանակահարում ու տանում թողնում են մեր շքամուտքում, երբ Երեմիկը ստերիլ գրականով ասեց՝ ի՞նչ ես կարդում հիմա․․․ ես մտածեցի, էդ ա, որպես ինտելեգենտ լոխի էսա կդանգեն։ Ասում եմ՝ խառը էլի, ախպերս։ Երեմիկը հասկացավ, որ պետք է մի բան արվի իմ ձևական քյարթուքաջության հետ, մեկ էլ պաուզա վերցրեց, ղուլաբ տվեց ու ծուխը դուրս փչելու հետ ասեց՝ Բալզակ կարդացել ես՞․․․ բժժեցի, կարկամած ասի՝ հա, մի քանի բան կարդացել եմ։ Երեմիկը հոգոց քաշեց ու՝ Շագրենի կաշին վերջացրի, բայց Հայր Գորիոն ավելի զիլ գործ ա, չգիտեմ, քեզ որն ա դուր գալիս ավելի շատ․․․ մոտավորապես էս ոգով մի բան․․․ ես իհարկե երկուսն էլ աղոտ էի հիշում, բայց էմոցիոնալ ընդհանրացումներով, որպես տեղյակ մարդ փորձեցի ակտիվ դիրքորոշումով մտնել խոսակցության մեջ, որը մոտավորապես հենց Բալզակի «կենսափիլիսոփայության ու սիմվոլիկայի» քննարկում էր ու որի մանրամասները բնականաբար չեմ հիշում։
Մի կես ժամից, երբ արդեն ծխել էի Երեմիկի թանկանոց ծխախոտից երեք հատ, իր ահագնացող ինտելեկտուալ խանդավառությունն ու իմ գնալով մեծամտացող ինքնավստահությունը միանգամից ճնշելով ասեց՝ լավ, քեզ զադեռժկա չանեմ, որ էս թաղեր ես գալիս՝ երևա, մեկ էլ, եթե քաղաք թեմա-մեմա լնի, ասա, որ Երեմիկի ախպերն ես ու մի ձև ակնարկեց, որ էս խոսակցությունը չհանրայնացվի, ինչի խոստումս ես փաստորեն պահեցի գրեթե երեք տասնամյակ։ Էդ դեպքից հետո մազ կտրելուց մազ կտրել կամ ավելի ուշ-ուշ մեր գրական դիսկուրս-սեսիաները պատահեցին ևս մի քանի անգամ։
Տարիներ անց պատահական ներկա գտնվելով գողական բազառի՝ այն վարողների կողմից լսեցի իրոք ծայրահեղ ստերիլ ու գերգրական հայերեն, որը կյանքի ու մահվան հարց լինելու կարևորությամբ տարընթերցումների տեղիք չտալու նրբանկատություն և զգուշավորություն ուներ։ Էդ օրը միայն հասկացա իմ «ընթերցասեր» ընկերոջ ձեռնարկած ծածուկ նախավարժանքների բուն իմաստը։ Հետո իմացա, նա մոտալուտ զինվորական ծառայությունից վրիպելու համար, ըստ կանխորոշված սցենարի մեկին դանակահարել էր ու գնացել սռոկի, որից հետո էլ ըստ շշուկների՝ ռուսական միջին քաղաքներից մեկը՝ հիմնական գործունեություն ծավալելու։

