Լևոն Ադյան | Եսթեր

Թռիչքը՝ Լոս-Անջելեսից մինչև Մոսկվա, այնուհետև՝ Մոսկվայից Երևան, ու այնտեղից՝ շարունակ վերընթաց ոլորապտույտ ճանապարհով Արցախ, Եսթերի վրա ամենևին չէր ազդել, թեպետ այնտեղ, օվկիանոսից այն կողմ, տանեցիները վախ ունեին, թե սրտի վիրահատությունից հետո ինքը դժվար կտանի այդ երկարատև ուղևորությունը: Նրանք, առանձնապես՝ ամուսինն ու դուստրը, նույնիսկ վերջին պահին անգամ, փորձում էին համոզել նրան՝ հետաձգել այդ ճանապարհորդությունը, սակայն Եսթերը, իր կամակոր բնավորությամբ, մնաց անդրդվելի:

Ամենայն հավանականությամբ, այդ կամակորությունն էր պատճառը, որ չուզեց լսել մորաքրոջ թոռանը (մեքենան նրանն էր՝ գույնը գցած դեղնավուն «ժիգուլի»). խնդրեց, տղան հոժարակամ համաձայնեց, բայց զգուշացրեց, որ բենզաբաքում վառելիքը քիչ է, եթե հեռու տեղ է գնում՝ բենզինը կարող է չհերիքել, ավելացրեց նաև, որ բենզալցման կայանն իրենց տնից մի երկու փողոց այն կողմ է, և որ ինքը մի քանի րոպեում կգնա, վառելիք կլցնի, կգա, բայց Եսթերն ընդդիմացավ՝ բացատրելով, որ հեռու տեղ չի գնում, այլ մոտիկ գյուղ է՝ կպած քաղաքին, ճանապարհը նույնպես լավ է հիշում ու համոզված է, որ այղ կարճ ճանապարհին բենզին համարյա չի ծախսվի:

Սակայն, մտքերով տարված, Եսթերը, այնուամենայնիվ, շփոթեց ճանապարհը: Նա դա այն ժամանակ հասկացավ միայն, երբ առջևում, առավոտյան կաթնամշուշի մեջ, միանգամից հառնեցին Մայրաբերդի կիսավեր պատերը: Նա արգելակեց մեքենան, մի պահ շվար սպասեց այդպես՝ մի տեսակ տագնապահար այն մտքից, որ իրոք վառելիքը կարող է չհերիքել մինչև գյուղ: Հետո միանգամից որոշեց՝ ինչ ուզում է, թող լինի՝ անպայման լինել այնտեղ, և նա, խճուղու վրա կտրուկ շրջադարձ կատարելով, շրջեց մեքենան ու արագընթաց սլացավ հետ, այս անգամ արդեն զգուշորեն նայելով ասֆալտապատ մայրուղուց դեպի լեռներ ձգվող գյուղական նեղլիկ ճամփաներին:
Եսթերն ի վերջո հասկացավ, թե հատկապես որտեղ է շեղվել ուղուց: Դա անջուր հեղեղատից այն կողմ էր, մինչև կամրջին հասնելը: Այդպես էլ կար: Նա անցավ կամուրջը և քիչ անց, դանդաղեցնելով ընթացքը, մեքենան թեքեց աջ, դեպի սարալանջի ծանոթ գյուղը:

Մտքերի մեջ խորասույզ՝ Եսթերը մտածում էր այն մասին, որ կարճատև է մարդու կյանքը, ժամանակը մշտնջենական, հավիտենական է, մարդն է անցողական, նա մի ակնթարթում հիշեց, թե ինչպես իրենց ընտանիքը Բաքվից տեղափոխվեց այստեղ, ուր ինքը միջնակարգ կրթություն ստացավ, հետո արդեն ուսանողուհի էր Բաքվի օտար լեզուների ինստիտուտում, ավարտելուց հետո ուսուցչուհի էր դպրոցում, սիրահարվեց, հիշեց իրենց հարսանիքը, առաջնեկին՝ մեղրագույն աչքերով դստրիկին, հետո տղա ունեցան, մինչ այդ ծնողները կրկին վերադարձան Բաքու… Էլ ի՞նչ էր պետք լիակատար երջանկության համար… Սակայն երկար չտևեց այդ երջանկությունը. Բաքվում ծայր առան ազգայնամոլական հայատյաց ցույցեր, որոնք վերածվեցին պետականորեն կազմակերպված հայոց սպանդի, մի կերպ հրաշքով փրկվեցին ահավոր գեհենից, լաստանավով հասան Կրասնավոդսկ, այնտեղից օդանավով՝ Երևան: Իսկ հետո Ադրբեջանը պատերազմ սանձարզերծեց հայերի դեմ. ջուրն ընկած չոր տերևի պես կյանքը նրանց քշեց տառապանքի ուղիներով, մինչև ի վերջո հանգրվան գտան օվկիանոսից այն կողմ՝ Լոս-Անջելոսում:

Հիշեց վաղուց անցած այն երանավետ օրը, երբ հոր հետ եկել էին Սարալանջ գյուղ: Դա ընտանիքով Բաքվից Ղարաբաղ տեղափոխվելու առաջին օրերին էր, հայրն իրեն առաջարկեց միասին հյուր գնալ գյուղ: Այն ժամանակ ինքը վեցերորդ դասարանում էր սովորում: Հարցրեց՝ որտե՞ղ է այն, հայրը ձեռքը պարզեց բարձր լեռների կողմը, ասաց՝ այդ լեռների ստորոտում է, ոչ այնքան հեռու այստեղից: Ըստ հոր, Եփրեմ անունով բարեկամ ունեին այդ գյուղում, նրան պիտի այցելեին:

Եսթերն այդ օրը հիշում է ամենայն մանրամասնությամբ: Ինքը բերկրանքով համաձայնեց, քանզի տեղափոխվելու հաջորդ օրը, առավոտյան, դուրս գալով պատշգամբ ու հեռվում տեսնելով այդ բարձրաբերձ լեռները, հիացմունքից մնացել էր կարկամած: Բաքվում ծնված՝ նա առաջին անգամ էր այդքան մոտիկից տեսնում լեռներ, որոնց գագաթները լողում էին երկնքի թափանցիկ մշուշում:

Որոշ տեղ անցավ թավախիտ անտառով, ուր արևի լույսը ծառերի արանքից շեղակի վետվետում էր տամուկ ճամփի վրա, այնուհետև, շրջանցելով մի երկու բուսազուրկ բլրակ ևս, Եսթերը միանգամից տեսավ սարալանջի ծանոթ գյուղը, և սիրտը ակամա լցվեց անհուն տխրությամբ, քանզի բարեշեն հին գյուղի տեղում այժմ այս ու այնտեղ ավերված տների մերկ պատերն էին միայն կանգուն:

Սրտի անսահման խոր ցավով նա հիշեց իրենց հեռու բարեկամին, որին ինքը առաջին անգամ էր տեսել այն ժամանակ, չնայած հայրը մինչ այդ պատմել էր նրա մասին: Ոչ բարձրահասակ, ճերմակ մազերով, ծեր, բայց դեռևս առույգ մարդ էր՝ անսահման բարի դեմքով: Երկնքի պես կապտաթույր նրա աչքերը երազկոտ ժպտում էին Եսթերին նայելիս, ու ինքը, թեպետ ցածր դասարանի աշակերտուհի, բայց հիշում է. նրա աչքերում այնպիսի խոր թախիծ կար, որ անկարելի էր չնկատել: Հետո հետադարձ ճանապարհին հայրը պատմեց, որ նրա ողջ ընտանիքը՝ փոքրահասակ աղջկա հետ միասին, քսանմեկ թվականին թուրքերն առևանգել, բռնի տարել էին, բայց թե ուր էին տարել ու ինչ էին արել նրանց հետ՝ ոչ ոք չգիտեր:

Բակի ճյուղատարած թթենու տակ նստած՝ հայրն ու իրենց բարեկամը վշտաբեկ զրուցում էին: Եսթերն անշտապ շրջում էր տնամերձ փոքրիկ այգում, սակայն ուշքն ու միտքը նրանց զրույցին էր. խոսակցության պատառիկներ էին հասնում ականջին՝ թուրքերի կողմից ավերված հայկական գյուղերի, թալանի, սպանությունների ու խաբեությամբ Շուշի քաղաքի հրդեհման մասին, որ տեղի էր ունեցել քսան թվի գարնանը, գիշեր ժամանակ, ու տեսանելի է եղել ամեն տեղից:

Հետագայում հայրը երբեմն հիշում էր գյուղում անցկացրած այդ օրը, կակաչներից կարմիր ներկված գյուղամերձ դաշտն էր մտաբերում: Այնտեղ, Բաքվում, մահանալուց մեկ թե երկու օր առաջ, վհատ ափսոսանքով հայրն ասաց, որ շատ կուզենար մի անգամ էլ լինել այնտեղ, տեսնել հովի հետ հուրհրատին տվող դաշտն ու լսել, թե ինչպես է կարոտալից կանչում լորը: Հոգու խորքում բանաստեղծ էր հայրը, ասաց՝ կգնաս, իմ փոխարեն կտեսնես այդ ամենը, կլսես հավքերի կարոտալից դայլայլը՝ կյանքի ունայնության մասին: Եվ այդ օրն էր, որ Եսթերը որոշեց. ինչ էլ որ լինի, երբևէ անպայման գալ, կատարել հոր փափագը:

Հորը թաղեցին Մոնտինի հայկական հին գերեզմանատանը՝ զինյալ ռուս զինվորականների հսկողությամբ, որպեսզի ադրբեջանական գազազած ոհմակը չհարձակվեր: Եսթերը սրտի կսկծանքով մտածեց այն մասին, որ հետագայում Ադրբեջանի իշխանական բարբարոսները, քարուքանդ անելով, հողին հավասարեցրեցին հայոց գերեզմանները, մահարձանների թանկարժեք մարմարն օգտագործելով ինչպես իրենց մեռելների, այնպես էլ Բաքվի մետրոյի կայարաննները երեսապատելու համար:

Այլևս մոռացած, որ վառելիքը կարող է չբավականացնել, Եսթերը մեքենան քշեց գյուղի կողմը, սակայն գյուղ չմտավ, հարմար տեղ փնտրելով՝ մեքենան կանգնեցրեց անտառի եզրին, մի բարձր տեղ, դուրս եկավ մեքենայից:

Առջևում, դեմ հանդիման, գյուղն էր ու գյուղամերձ ընդարձակ դաշտը, ուր արնաներկ կակաչները սարալանջն ի վեր կիսաթեք ալիքվելով գնում, հասնում էին մինչև գյուղի փլատակները: Մարգալորի անձկալի կանչը մե՛կ գալիս էր շատ մոտիկ տեղից, մե՛կ գնում, հեռանում, մարում էր:

Մեքենայի մոտ կանգնած, մարգալորի թախծագորով ձայնն ականջում՝ Եսթերը մտածում էր այն մասին, որ ճիշտ վարվեց՝ անսալով լոկ իր սրտի ձայնին, և այն, ինչ տարիներ ի վեր երազել էր, տեսնում էր սեփական աչքերով, ու հին հուշերից սիրտն անդիմադրելի մղումով հուժկու բաբախում էր կրծքի տակ: Նա ինքնամոռաց նայում էր առաջ, ասես ուզում էր, ինչպես այն ժամանակ, երբ հոր հետ եկել էին այստեղ, մտապատկերում պահել, պահպանել այն ամենը, ինչ տեսնում էր, որպեսզի օվկիանոսից այն կողմ, այդ հեռավոր ու օտար երկրում, ապրեր եդեմական այս դրախտավայրերի հարազատ ջերմությամբ, ու Եսթերը մտովի բավարարված էր զգում, որ, այնուամենայնիվ, անդրդվելի մնաց ու եկավ՝ միաժամանակ կատարելով հոր նվիրական իղձը:

Եսթերը երկար ժամանակ անթարթափ նայում էր ավերված գյուղի կողմը, հայացքով որոնեց, գտավ իրենց բարեկամի տունը, որ նույնպես ավերված էր, դռներն ու տանիքը պոկված, այգին՝ առանց ցանկապատի, ճյուղատարած թթենին էր միայն կանգնած՝ որպես հուշ ու վկա անտերունչ, ավերակ տան բակում…

Նա մի անգամ ևս, մի վերջին անգամ, նայեց հետ՝ այս կարճ դարում երկրորդ անգամ ավերված գյուղին, հայացք ձգեց մինչև սարահարթ հասնող կակաչազարդ ընդարձակ դաշտին, բարձրացավ մեքենա: Բանալին մտցնելով անցքի մեջ՝ նա փորձեց գործի գցել մեքենան, սակայն, ի զարմանս իրեն, ինչքան էլ ջանում էր, ոտքը գազին՝ ինքնաբերաբար փոխելով արագությունն ու անընդհատ սեղմելով կցորդիչի ոտնակը, ապարդյուն էր. մեքենան գործի չէր ընկնում: Վառելիքը վերջացել է՝ սրտաբեկ ընկճվածությամբ մտածեց նա, և միակ բանը, որ Եսթերը կարող էր անել այդ պահին, նախատելն էր ինքն իրեն, որ չլսեց մորաքրոջ թոռանն ու համարյա կիսադատարկ բենզաբաքով ճանապարհ ընկավ գյուղ:

Նա իջավ մեքենայից և երկար ժամանակ անտրամադիր ու մտամոլոր քայլում էր առաջ ու հետ և չգիտեր, թե ինչ կարելի է անել: Հետզհետե աճող հուսահատական մտքից ու շփոթվածությունից առ այն, որ ստեղծված անելանելի վիճակից ելնելու ոչ մի հնար չէր կարողանում գտնել, Եսթերի շունչն ասես կտրվում էր:

Հեռվում, կակաչների երփներանգ դաշտից անդին բանուկ խճուղի էր երևում, որն այն ժամանակ չկար: Եսթերը ենթադրեց, որ դա, երևի, Խաչենագետից այն կողմ գտնվող գյուղերի կողմ գնացող նոր ճանապարհն է, որի մասին կարդացել էր համացանցում: Խճուղին, որտեղով երբեմն առ երբեմն մեքենաներ էին անցնում, բավականին հեռու էր այստեղից:

Եսթերը հանկարծ հիշեց, որ ճնշման դեղ վերցրել է, սակայն ջուր մոռացել էր վերցնել: Գոնե հնարավորություն լիներ հասնեի այդ խճուղուն, հուսաբեկ մտածեց նա, ու այդ պահին հանկարծակի թվաց՝ ինչ-որ տեղից մեքենայի ձայն հասավ նրան: Հուզմունքից անհանգիստ բաբախուն սրտով Եսթերը լարեց լսողությունը: Այո, կարծես թե, իրոք, մեքենայի հռնդյուն էր և լսվում էր մոտակա անտառի կողմից: Հույսի թույլ շող մարմրեց Եսթերի հոգում… Բայց մեքենայի հռնդյուն չէր դա. վիթխարի անվադողերով կարմիր տրակտոր էր, որը, անսպասելիորեն դուրս գալով անտառից, դաշտամիջյան անհարթ սայլուղու վրա ոստոստալով, ասես պարելով, գալիս էր՝ հռնդյունի հետ քուլա-քուլա ծուխ արձակելով:

Ղեկին վանդականախշ անթև վերնաշապիկով ջահել տղա էր, հազիվ երեսուն տարեկան, մազերը խռիվ, կայտառ տեսքով: Հասնելով Եսթերին՝ նա կտրուկ արգելակեց տրակտորը, և գլուխը հանելով խցիկից ու նայելով Եսթերին՝ հավանորեն, առանց հարցի, ենթադրեց, որ վառելիքը վերջացել է մեքենայում:

– Բենզինը վերջացել է, – համոզված ասաց տղան:

– Այո, – փութկոտ արձագանքեց Եսթերը: – Հասա այստեղ, վերջացավ:

– Պարզ է, – ասաց նա:

– Ինչ ասացի՞ք, – չհասկացավ Եսթերը:

Տրտակտորի հռնդյունը շուրջը խլացնում էր ամեն ինչ:

– Ասում եմ, կանիստր ունե՞ք բենզին լցնելու համար:

– Մեքենան իմը չէ, – ասես արդարանալով՝ պատասխանեց Եսթերը, ներքուստ անընդգրկելի բերկանքով՝ անսպասելի բարեհաջող հանդիպման համար: – Մորաքրոջս թոռան մեքենան է: Նա զգուշացրեց, որ վառելիքը կարող է չհերիքել, բայց ես չլսեցի, թվում էր՝ կհերիքի, մեղավորը ես եմ, ինքը մեղք չունի:

– Պարզ է, – ասաց տղան, տրակտորից ցատկեց ցած և մոտենալով մեքենային՝ բարձրացրեց ուղեբեռային կափարիչը, գլուխը տարակուսանքով տարուբերեց:

Ըստ երևույթին, ոչ պետքական ամեն ինչ կար այնտեղ, կանիստրից բացի:

– Պարզ է, – կրկնեց նա:

– Ինչ ասացի՞ք:

– Սպասեք այստեղ, հիմա կգամ:

Տղան ճկուն, ասես անքաշ, մի ոստյունով թեթև թռավ վեր, տրակտորը հոլի պես պտտվեց տեղում, հռնդյունով, ծխի թանձր քուլաներով սլացավ հետ՝ դարձյալ ոստոստալով խորդուբորդ սայլուղու վրա:

Տղային հանդիպելուց հետո Եսթերի սրտի տագնապն անցել էր արդեն, խաղաղված նայում էր շուրջը: Նրա հայացքը սահելով հասավ բարձրաբերձ լեռներին, ուր արև էր, և լեռներն ասես ոսկեզօծվել էին վաղորդյան արևից: «Աստծուն հաճո էր իմ բռնած գործը, – սրտի խնդուն բավականությամբ մտմտում էր Եսթերը՝ ինքն իրենից գոհ: – Ես խոստացել էի ու եկա իմ արդար հոր արդար իղձը կատարելու: Աստված տեսավ դա և այս տղային ուղարկեց օգնության»: Եվ այն ամենը, ինչ երևում էր շատ հեռվում ու իր շուրջը, Եսթերին թվում էր առավել գեղեցիկ, և նա մտորում էր այն մասին, որ գեղեցկությունն ամեն ինչի մեջ է, միայն թե այն տեսնել է պետք, և ամեն ոք չէ, որ կարող է տեսնել, քանզի ամենքին չէ, որ տրված է տեսնել գեղեցիկը:

Չանցած կես ժամ վերստին լսվեց ծանոթ հռնդյունը, այնուհետև, թանձր ծուխ արձակելով, անտառից դուրս եկավ տղայի տրակտորն ու, անվահետքերից առաջացած կարծր ցեխակտորների վրա ոստոստալով, եկավ դեպի դաշտի եզրին կանգնած մեքենան: Հետո տղան, դեղին հեղուկով լի կանիստրը ձեռքին, տրակտորի խցիկից թռավ ցած, գործնական, վարժ շարժումներով բաց արեց բենզաբաքի շղթայակապ կլոր կափարիչը, կանիստրը քիչ բարձր պահած՝ սկսեց բենզին լցնել մեքենայի բաքը:

– Տեսնում եմ, տեղացի չեք, – հաստատուն արտաբերեց տղան՝ մի կարճ ակնթարթ վիզը թեքած նայելով Եսթերին:

– Այո, տեղացի չեմ, – բարեհամբույր արձագանքեց Եսթերն անսահման գոհ անծանոթ տղայի արարքից: – Ավելի ճիշտ, տեղացի եմ, բայց վաղուց այստեղ չեմ ապրում:

– Պարզ է:

– Շատ տարիներ առաջ հորս հետ եկել էինք այստեղ: – Եսթերը գլխի թեթևակի շարժումով ցույց տվեց ավերված տնատեղերը: – Սարի լանջի այդ գյուղում բարեկամ ունեինք:

– Պարզ է: Գյուղը հենց Սարալանջ էլ կոչվում էր: Իննսունմեկի սկզբներին, ոճրագործ Գորբաչովի հրահանգով, իբր թե անձնագրային ստուգում էր, բայց իրականում Ղարաբաղի հայերին՝ մեծ թե փոքր, հենց էնպես, առանց հիմքի, լցնում էին Շուշվա բանտն ու զտման կետերը կամ հենց ուղիղ տանում էին Բաքու՝ ենթարկելով անմարդկային կտտանքների: Ռուս զինվորականները Հայաստանի սահմանամերձ գյուղերի դաշտերում աշխատող անմեղ հայերին բռնում, Լաչինում փոխանակում էին մի արկղ օղու հետ: Էդպես էր: Սարալանջն էլ էս կռվին ավերվեց, ծաղկուն գյուղ էր, շատ մարդկանց գերի տարան իրենց հետ:

– Մեր այդ բարեկամը ոչ ոք չուներ, – տխրաթախիծ ասաց Եսթերը: – Նա միայնակ էր ապրում:

– Պարզ է: Եփրեմ դայու մասին եք ասում: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից մարդու ականջները կտրել, արյունը ծորալով՝ բակի թթի ծառից կախել, նշան բռնած կրակել են… Մարդ չեն դրանք, գազան են: Գազանից բեթար: Գազանը նման բան չի անի… Ասեմ, մեր մեջքը մեր մեծ եղբայր ռուսները կոտրեցին, – շարունակեց տղան նկատելի հուզվելով: – Թուրքերն առանց նրանց միլիոն տարի չէին կարողանա ճեղքել մեր պաշտպանությունը Մարտակերտում: Գեներալ Շամանովի օդադեսանտային գունդն արեց դա: Այո, ռուսներն արեցին, Կիրովաբաղում տեղակայված Խորհրդային քսաներեքերրորդ բանակի կաշառակեր հրամանատար Բուդեյկինի գլխավորությամբ: Նրա, ստոր Պոլյանիչկոյի, արյունարբու վամպիր Սաֆոնովի աչքի առաջ ու նրանց հովանավորությամբ թուրքերը հայերին գլխատում էին, գերի տանում, մանկահասակ աղջիկներին ու կանանց բռնաբարում, Գետաշենից ու Շահումյանից սկսած միչև Հադրութի, Շուշվա ու էստեղի մեր գյուղերը՝ Վաղուհաս, Մարաղա, Թալիշ…

Տղան քիչ դադար տվեց, շարունակեց ավելի ու ավելի հուզվելով.

– Հրեշավոր «Կոլցո» օպերացիայի հեղինակն էլ ռուս էր՝ գեներալ Գրոմովը, հազար տարվա մեր շեն գյուղերը նվիրեցին թուրքերին, որոնք այդ գրավյալ գյուղերում հիմնահատակ ոչնչացրին մեր պատմական հուշարձանները, գերեզմանները քանդեցին, հողին հավասարեցրին, որպեսզի հայի հետք չլինի էդ տեղերում… Իրավապաշտպան Ելենա Լունինան գրում է, որ իր աչքով է տեսել, թե ինչպես են Շահումյանի Վերինշենում գնդակահարել երեխային պաշտպանության վազող մորը…

Տղան դարձյալ դադար տվեց, այնուհետև ավելացրեց դառնությամբ.

– Միչև հիմա էլ կան, իրենց գեներալական դաչաներում առոք-փառոք ապրում են ու ոչ ոք չի մտածում հանուն արդարության դատի տալ էդ բարձրաստիճան դահիճներին՝ մեր հայերի նկատմամբ գործած եղերնագործությունների համար:

Տղայի պատմությունն ու մանավանդ իրենց ծեր բարեկամի մասին լսածը ցնցել էր Եսթերին: Կարկամած՝ խոսք չէր գտնում ասելու: Հիշեց երկնքի պես կապույտ նրա աչքերը, որոնք թախծոտ ժպտում էին Եսթերին նայելիս: Մտաբերեց նաև խորունկ տրտումն այդ աչքերում, որն անկարելի էր չնկատել: Երևի դստերն էր հիշում՝ կսկիծով անցավ Եսթերի մտքով:

– Սումգայիթում ու Բաքվում ադրբեջանցիների բարբարոսությունների մասին ողջ աշխարհը գիտի: – Տղան կանիստրն ավելի բարցրացրեց՝ ուշադիր հետևելով, որ բենզինի շիթն ուրիշ կողմ չթեքվի. կանիստրը կիսով չափ դատարկվել էր արդեն:

– Թուրքերի սանձազերծած պատերազմին ես այստեղ մասնակցել եմ, – ոչ առանց հպարտության ասաց տղան: – Երկու անգամ վիրավորվել եմ, բայց մարտի դաշտը չեմ թողել… Բոլոր կողմերից խփում էին՝ Աղդամից, Խոջալուից, Շուշի քաղաքից ու կողքի ադրբեջանական գյուղերից, ժողովուրդը Ստեփանակերտի անապահով նկուղներում ու այս մոտակա մեր հայկական գյուղերում օր ու գիշեր ռմբակոծությունների զոհ էր դառնում… Ու դրանց մեջ նաև՝ Բաքվի ու Սումգայիթի սպանդից հրաշքով փրկված տասնյակ հազարավոր փախստականներ ու հայրենի օջախներից բռնի տեղահանված նույնքան հայեր… Ի վերջո, ամբողջ հայությունը՝ էստեղից, Հայաստանից ու այլ վայրերից, մի բուռ դարձած, ելավ արնախում թշնամու դեմ: Ճիշտ է, զոհեր շատ տվեցինք, բայց հաջողվեց մարել նրանց բոլոր կրակակետերը ու հիմա, թեպետ մեծ դժվարություններով, շենացնում ենք մեր գեղեցիկ երկիրը… Վերջ, – ասաց տղան, –հիմա կարող եք գնալ:

– Հոգաչափ շնորհակալ եմ… Խնդրում եմ, ասեք, ի՞նչ եմ վճարելու, – մի տեսակ անհարմար զգալով՝ անհաստատակամ հարցրեց Եսթերը: – Առանց ձեզ ես ի՞նչ պիտի անեի այստեղ:

– Ի՜նչ եք ասում, ա՛յ քույրիկ, – զարմացավ տղան: – Ճանապարհին մնացած վարորդից մեզ մոտ փող չեն վերցնում, այլ ընհակառակը՝ օգնում են ինչով կարող են:

Եսթերը կրկին խորին շնորհակալություն հայտնեց տրակտորիստ տղային՝ նրա նկատմամբ լցված անհուն երախտագիտությամբ, հետո հարցրեց.

– Ասացեք, խնդրեմ, խճուղու վրա ինչ-որ շինութուն է երևում, մեքենաներ կան կանգնած, կարո՞ղ է սրճարան է:

Նա անհանգստանում էր, քանզի ճնշման դեղը ժամանակին չընդունելու դեպքում ճնշումը կարող էր կտրուկ բարձրանալ:

Տղան հետ շրջվեց, նայեց այն կողմը, ուր ցույց էր տալիս Եսթերը, ասաց.

– Ճաշարան է: Գնացեք, ընտիր խորոված են տալիս: Նրանց սուրճն էլ շատ համով է:

Եսթերը սպասեց մինչև վանդականախշ անթև վենաշապիկով տղայի տրակտորը կմեկներ՝ ծանոթ հռնդյունով ու ծխի գալարուն գորշ քուլաներով, հետո անշտապ գործի գցեց մեքենան և դանդաղընթաց շարժվեց առաջ:

Մինչև խճուղի նույնիսկ տասը րոպե չտևեց: Նա մեքենան կանգնեցրեց խճուղու եզրին, ուղղակի ճաշարանին դեմառդեմ, մտավ ներս: Ալյումինե մի քանի սեղաններով ու պլաստմասսայից պատրաստած գույնզգույն բազկաթոռներով փոքրիկ ճաշարան էր՝ մի քանի հաճախորդով:

Եսթերը նստեց լուսամուտի մոտ՝ կարճ մի հայացք ձգելով փողոցում կանգնած մեքենային: Առհասարակ այնտեղ, Լոս-Անջելեսում ևս, նման վայրերում սիրում էր միշտ նստել լուսամուտի դիմաց:

Մատուցողուղուհին մանկահասակ աղջնակ էր, համարյա երեխա: Դյուրաշարժ, սևորակ առկայծուն աչքերով՝ նա արագ մոտեցավ Եսթերին՝ ճաշացուցակը դնելով նրա առջև՝ սեղանին, ու մնաց այդպես կանգնած՝ սպասելով, թե ինչ կպատվիրի տիկինը: Եսթերը սուրճ ու կարկանդակ պատվիրեց՝ միաժամանակ խնդրելով մի բաժակ ջուր՝ դեղի համար:

– Հիմա կբերեմ, – սիրալիր պատասխանեց աղջիկն ու արագաշարժ, համարյա վազքով գնաց ջուր բերելու:

– Անունդ ի՞նչ է, – հարցրեց Եսթերը, երբ աղջիկը հետ էր դարձել՝ ջրով լի բաժակը ձեռքին:

– Լուսինե, – կամացուկ արտաբերեց աղջիկը:

Նա այնպիսի մի քնքշալից մտերմիկ ջերմությամբ արտաբերեց դա ու այնպիսի մի անմեղունակ դյուրահավատ հայացքով նայեց Եսթերին, որ Եսթերին մի պահ թվաց, թե ինքը շատ վաղուց գիտի գեղասրունք ու սիրունիկ այդ մատուցողուհուն:

– Կարո՞ղ ես մի րոպեով նստել ինձ մոտ, – առաջարկեց Եսթերը՝ դեղի վրայից խմելով ջուրը:

– Մեզ չի կարելի, – ակնթարթային հայացք ձգելով հետ՝ ասաց Լուսինեն:

– Ինչո՞ւ:

– Չգիտեմ, բայց մեզ չի կարելի նստել հաճախորդների հետ: – Նա մի պահ ակնդետ, հետաքրքրությամբ նայում էր Եսթերին: – Դրա համար կարող են հեռացնել աշխատանքից:

– Ինչո՞ւ, – կրկին հարցրեց Եսթերը:

– Չի թույլատրվում և վերջ, – ասաց Լուսինեն և ավելի ցածրացնելով ձայնը, ասես որպես հույժ կարևոր գաղտնիք, կամացուկ ավելացրեց, – ես մորս փոխարեն եմ աշխատում:

– Իսկ որտե՞ղ է մայրդ:

– Տանն է:

– Իսկ ինչո՞ւ ես դու նրա փոխարեն աշխատում:

Լուսինեն անսքող տխրությամբ նայեց Եսթերին, ասաց.

– Նա հիվանդ պառկած է: Դրա համար էլ ամառային արձակուրդներին փոխարինում եմ իրեն… Որ կարողանանք վճարել բուժման համար, – ավելացրեց նա անթաքույց հպարտությամբ: – Առանց դրան չի լինի: Բժիշկն է այդպես ասել:

– Դու սովորո՞ւմ ես, Լուսինե, – հարցրեց Եսթերը՝ ոչ այն է կարեկցանքով, ոչ այն է ակնածանքով լցված դեպի փոքրիկ աղջկա հոգածությունը՝ հիվանդ մոր հանդեպ:

– Իհարկե, – մեղրածոր ժպիտը ողողեց աղջկա մատղաշ դեմքը: – Չէ՞ որ ասացի՝ մորս փոխարեն եմ աշխատում: Արձակուրդները վերջացան՝ գնալու եմ դասի: Յոթերորդ դասարանում եմ սովորում: Այսինքն, նոր եմ փոխադրվել յոթերորդ: Ոչ մի առարկայից «երեք» չունեմ, լրիվ՝ «չորս» ու «հինգ»:

– Լուսինե, – կանչեցին խոհանոցից:

– Կներեք, ինձ կանչում են: – Լուսինեն նայեց հետ, հետո կենսախինդ ջերմությամբ ու զվարթուն տոնով ասաց, – դպրոցն ավարտեմ՝ բժշկական եմ ընդունվելու:

Նա սկուտեղը կրծքին սեղմած թեթևաքայլ գնաց դեպի խոհանոց, որոշ ժամանակ անց վերադարձավ՝ ձեռքին նույն սկուտեղը՝ սուրճն ու կարկանդակը վրան:

– Ես ձեր պատվերը բերեցի, – սիրալիր աաց նա: – Բարի ախորժակ:

Երևում էր, Եսթերի ընդգծված ուշադրությունն իր հանդեպ հաճելի էր նրան:

– Գոնե մի րոպե նստիր կողքս:

Լուսինեն վերստին հետ նայեց տնօրենի առանձնասենյակի դռան կողմը, տարուբերեց գլուխը՝ «Չի կարելի»: Հետո ներողամիտ ժպտաց.

– Տնօրենը շատ լավ մարդ է, – ասաց նա կամացուկ, որպեսզի լսելի լինի միայն Եսթերին: – Այս տարիքում ինձ ոչ ոք աշխատանքի չէր ընդունի, հարկայինը կարող է տուգանել, բայց նա ընդառաջեց մորս բուժման համար: Ես նրան ամոթով չեմ թողնում, հանուն մայրիկիս ամեն ինչ անում եմ. և՛ մատուցողուհի եմ, և՛ հավաքարուրուհի, և՛ ամանեղեն եմ լվանում, հատկապես այդ ամանեղեն լվանալը շատ ծանր գործ է, մեջքդ ուղղակի կոտրում է, և, գիտեք, ամենևին չեմ հոգնում, միայն թե օգնեմ մայրիկիս, և նա շուտ լավանա… Բժիշկն ասում է, որ մորս հիվանդությունը սաստիկ վախից է առաջացել:

– Ինչպե՞ս:

– Չգիտեմ, բժիշկն է ասում: Ե՛վ բարձր ճնշումը, ասում է, և՛ շաքարային հիվանդությունը, ուժեղ ստրեսից է: Շատ հնարավոր է, որովհետև Բաքվում ադրբեջանցիները քրոջս ու նրա ամուսնուն, որն ուժեղ դիմադրություն է ցույց տվել նրանց, մորս աչքի առաջ են սպանել: Փոքր եղբորս նախօրոք թաքցրած են եղել մահճակալի տակ, նրան չեն գտել:

– Դու այստե՞ղ ես ծնվել:

– Այո, ես այստեղ եմ ծնվել, բայց հորս չեմ տեսել, ռմբակոծությունից զոհվել է, մեր վարձով տան վրա արկ էր ընկել, իսկ եղբայրս, որի մասին ասացի, Բաքվում է ծնվել: Նա շատ բաներ է հիշում Բաքվի դեպքերի մասին, ու ես, ճիշտն աած, սարսափում եմ այդ պատմություններից:

– Լուսինե, դու սքանչելի աղջիկ ես, – ասաց Եսթերը սրտի անդիմադիր մղումով:

Շիկնանքը միանգամից պարուրեց աղջկա դեմքը: Նա պատկառանքով նայեց Եսթերին, ասաց նույն կամացուկ ձայնով.

– Դե, ես գնամ:

Եսթերը, հայացքը դրսում, ումպ-ումպ խմում էր սուրճը: Վերևի գյուղեր գնացող մեքենաները կանգ էին առնում այստեղ, որովհետև ճաշարանի բակում սեխ ու ձմերուկ էին վաճառում, ինչպես նաև զանազան մթերքներ, բանջարեղեն… Հետո նա ձեռքի թեթև շարժումով մոտ կանչեց Լուսինեին՝ խնդրելով բերել հաշիվը: Լուսինեն արագ գնաց ու քիչ անց հետ եկավ՝ հաշվի կաշեկազմ երկարավուն գրքույկը դնելով Եսթերի սեղանին, ինքը մոտեցավ մեկ այլ սեղանի՝ սպասարկելու:

Եսթերը դանդաղորեն խմեց կարկանդակով սուրճը, որը նրան թվաց շատ հաճելի: Այնուհետև հաշիվը դրեց գրքույկի մեջ, ճաշարանից դուրս գալիս կամացուկ ասաց Լուսինեի ականջին. «Լուսինե, աղջիկս, ես քեզանից բաժանվում եմ հաճելի տպավորությամբ, – և ավելացրեց ավելի ցածր, – չնեղանաս, թեյավճար եմ թողել այնտեղ, վերցրու, թող ոչ ոք չտեեսնի…»:

Լուսինեն վարանքով նայեց նրան, սկզբում չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այդ պահին զբաղված էր կից սեղանի շուրջը նստած հաճախորդների պատվերներն ընդունելով, իսկ երբ մոտեցավ այն սեղանին, ուր նստած էր Եսթերը, և վերցրեց կաշեկազմ գրքույկը, նոր միայն հասկացավ, թե ինչի մասին էր նա ակնարկում, ու անհապաղ դուրս վազեց փողոց, սակայն Եսթերի ղեղնավուն «Ժիգուլին» հեռու էր արդեն:

Երեկոյան Լուսինեն տուն վերադարձավ արտակարգ բարձր տրամադրութամբ: Ձեռափում պինդ սեղմած փողը դնելով սեղանին՝ նա զվարթ տրամադրությամբ բացականչեց.

– Մա՜մ, մամ ջան, քո բուժման փողը բերել եմ:

– Ի՜նչ ես ասում, բալաս, – զարմանքով ասաց մայրը՝ արմունկի վրա հենված, կիսաբարձրանալով անկողնուց: – Տնօրե՞նն է տվել:

– Չէ՜, մամ ջան, ուրիշ… Մի կին էր եկել ճաշարան, – հրճվագին ու ոգեշունչ խանդավառությամբ շարունակեց նա: – Պատկերացնո՞ւմ ես, մամ, ասաց՝ ես քեզանից բաժանվում եմ հաճելի տպավորությամբ, օծանելիքի դուրեկան բուրմունքով տիկին էր, ասաց՝ թեյավճար է թողել, ճիշտն ասած, մամ ջան, սկզբում չհասկացա, գնամ տեսնեմ՝ հինգ հարյուր դոլար է թողել սուրճի ու կարկանդակի փողից բացի… Այնպես որ, մամ, բուժման փողը կա արդեն ու դեռ մի բան էլ ավելի:

– Պարզ է, – համակարգիչի մոտից դանդաղ ելնելով ասաց եղբայրը: – Դեղին «ժիգուլի՞» էր:

– Այո, բայց ես հեռվից տեսա միայն: Դեղնավուն «ժիգուլի»» էր: Դու ճանաչո՞ւմ ես նրան:

– Պարզ է, – անորոշ արձագանքեց եղբայրը՝ երանությամբ նայելով երկնասույզ

հեռավոր բարձր լեռներին:

Share Button

Նշանաբառ՝

4 Կարծիք

  • Nelli AVAKOVA says:

    Չի մեկնաբանվել

    Nelli AVAKOVA
    Дорогой Левон Восканович! Впервые, ознакомившись с Вашим пером, а это был роман “Отдаляющийся берег”, а, следом, и Ваши, несравнимые ни с чем, миниатюры, я поняла, что открыла для себя классика нашей современности, Певца Любви и Карабаха… Вот, только так… и я думаю, со мной многие согласятся. Умение видеть ТО, что может пройти мимо многих сегодня, даже, творческих людей, поразило меня своей тонкостью, открытостью и обаянием…Видеть душу в падающем листе, в капле росы, слышать песню предков в звоне колосьев на полях нашей родины, мне кажется, свойственно людям особенным… талантливым, и не только… Людям тонкой души, полной любви к родному краю, с душой , живущей чаянием и заботой о судьбе своего народа и полной боли за вековые страдания его… Однако, Левон Восканович, я вижу в Вас не только лирика, романтика… Вы прекрасный историк, знаток истории не только армянства… Как много интересного о нашем Арцахе я узнала от Вас, очень признательна.. . Вы щедро делитесь своими знаниями с обществом, представляя миру НАШУ правду, открыто бичуя вековую агрессию, варварство по отношению к нам, армянам. И Вы знакомите читателей Ваших с горькой судьбой нашего народа, только, за то, что имели счастье – родиться армянами… В каждом Вашем произведении, будь то, романом, повестью, или рассказом, красной нитью проходит Судьба нашего с Вами народа… И это меня восхищает! Особенно, потому, что тема мне очень близка… знакома… пережита, как и Вами, на рубеже веков в Советском городе Баку… Вот, и рассказ “Эстер” пронизан болью, пережитой очевидцами второго за век Геноцида армян, уже, в советской лжереспублике, названной Азербайджаном, в лице героини рассказа – Эстер, и парня-тракториста, семья которого изгнана из Баку в то страшное время и проживает в Карабахе… Очень тонко, глубоко и с уважением представлен образ одной из сотен тысяч бакинцев, пережитой все “прелести ” Геноцида в Азербайджане, описывая главное в характере её и её земляков, которые страдают, но не озлобляются… И сострадание к людям, нуждающимся в поддержке, таким, как Эстер и тракторист, живёт в каждом из армян… Рассказ читала с щемящей болью воспоминаний, пройдя, снова, самые горькие годы мои…И с благодарностью узнала от Вас, что являюсь прототипом Вашей славной героини Эстер…Практически, оме друзья узнали в Эстер меня, и я очень тронута, правда … Спсаибо, Левон, Восканович, что Вы видите меня таковой… Сама себя “открыла” в Вашем повествовании…Не без гордости… ( шучу)… Рассказ я перевела на русский язык, как и остальные Ваши работы, переведённые мною, сделав их достоянием русского читателя… Ведь ТО, что выходит из-под Вашего пера, не может быть НЕ ПРЕДСТАВЛЕНО широкому кругу читателей. Надо, чтоб правда о нашем древнейшем народе, с уходом прошлого поколения, не забывалась… была понятна сегодня… дабы такое не повторилось, нигде в мире… С глубоким уважением к Большому Другу=
    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

  • Մեր ժամանակի հրաշալի արձակագիր, տաղանդաշատ գրող Լեւոն Ադյանի ստեղծագործություններին ծանոթ եմ դեռեւս վաղ երիտասարդական տարիներից: Նա այն գրական սերնդի ներկայացուցիչներից է, ով ստեղծագործել է ե’ խորհրդային խաղաղ տարիներին, ե’ արդեն ադրբեջանական մարդասպան պատերազմից հետո : Ի դեպ, նա եղել է այդ ազգամիջյան սպանությունների վկան ու ականատեսը, անցել ադրբեջանցիների կողմից իրականացվող այդ թուրքաոճ, արյունարբու, սարսափելի սպանդների եւ հրեշագործությունների միջով:
    Նրա պատմվածքների, վիպակների հերոսները մարդակեր հրեշներրի կողմից մահվան սպառնալիքը ապրած, թուրքական յաթաղանի միջով անցած ու հրաշքով փրկված մարդիկ են, որոնց հոգեբանության վրա անջնջելի հետք են թողել այդ վայրագությունները: Նրա հերոսները իրենց հայրենի եզերքը պարտադրաբար լքելով, որտեղ էլ որ հայտնվել ու ապրել են, իրենց վրա միշտ կրել են այդ ծանր հետքերը …
    Գրողի բեղմնավոր գրչի հրաշալի գործերից է նաեւ “Եսթեր” պատմվածքը, որը, ինչպես եւ մնացած ստեղծագործությունները , ընթերցվում է մի շնչով: Եսթերի հետ մենք հայտնվում ենք բնության հրաշակերտ ձեռքով կերտված մի գեղատեսիլ ու գողտրիկ գյուղում, որը թուրքի կեղտոտ ու բիրտ ձեռքով քանդված է, վերածված ավերակների, բայց այնուամենայնիվ այնտեղ ապրում են մարդիկ ու նորից շենացնում հարազատ գյուղը: Օվկիանոսից այն կողմ ապրող Եսթերը, հորը տված խոստումը կատարում է եւ գալիս հասնում նրա հայրենի գյուղը, սկզբում մեծ ցավ է ապրում տեսնելով գյուղի իրավիճակը, քարուքանդ եղած տները, բայց հետզհետե ցավին փոխարինում է հիացմունքը` տեսնելով Արցախում ապրող հրաշք մարդկանց պարզությունն ու մարդկայնությունը, անգամ անծանոթին օգնելու պատրաստակամությունը, դժվարությունները հաղթահարելու համառ կամքը, անսահման սերը, խորին նվիրվածությունը միմյանց եւ հայրենի եզերքի հանդեպ… Դրա առհավատչյան տրակտորիստի եւ Լուսինեի կերպարներն են, որոնց միջոցով հեղինակը բացահայտում է արցախցու հոգու լուսավորությունը, լավատեսությունը, պարզամտությունն ու հավատարմությունը` հարազատ գյուղին …
    Հրաշալի երկիր , հրաշալի մարդիկ , բայց ավաղ, դառը ճակատագրեր…
    Իր ստեղծագործություններով մեր սրտերը նվաճած հեղինակին մաղթենք արցախցու տոկունություն եւ քաջ առողջություն …

  • Եվս մի ապացույց Բաքվի և Սումգայիթյան ջարդերի մասին։
    Ադյանը իր հատուկ ոճով այստեղ նույնպես հմտորեն թել է անցկացնում Եսթերի մանկական հիշողությունների և ներկայիս միջև՝ ընթերցողին հիշեցնելով Բաքվի և Սումգայիթյան դաժան ու անմարդկային սպանդը։
    Եվ, չնայած ճակատագրի բերումով՝ հրաշքով փրկված գեհենից, Եսթերը հայտնվում է օվկիանոսից այն կողմ, նրա մանկական քաղցր հուշերը և հոր հետ խոսակցությունը մահից առաջ, նրան ձգում տանում են հայրենիք, որի հրաշալի բնությունն ու մարդիկ տպավորվել էին նրա հիշողության մեջ։ Քանի՜ քանի եսթերներ են գազանների զոհ դարձել, քանի՜ եսթերների ճակատագրեր են խորտակվել, միայն աստված գիտի։
    Արցախցու ջերմ ու հոգատար վերաբերմունքն, անգամ անծանոթ մարդկանց հանդեպ, ադյանական իր հատուկ ոճով, մեր վարպետին այստեղ էլ է հաջողվել պատկերավոր և գեղեցիկ մատուցել ընթերցողին, այն մարմնավորելով տրակտորիստի և Եսթերի կերպարներում։
    Իր հատուկ ոճի նրբությամբ Լևոն Ադյանը, ինչպես միշտ, մի ավելորդ անգամ ևս կարողացել
    է հուզել ընթերցողին՝ ցույց տալով
    Եսթերի հոգատար վերաբերմունքը Լուսինեի հանդեպ, որով մեր հրաշագործ վարպետը ուշագրավ մարմնավորել է Արցախի ժողովրդի բարության վեհ գաղափարը։
    Ինչպես միշտ, կրկնում եմ՝ Ադյանի գրիչը կախարդական է, ոճը՝ անփոխարինելի։
    Շնորհակալություն, պարոն
    Ադյան, այս հրաշալի ստեղծագուրծության համար։

  • Nelli Avakova says:

    Дорогой Левон Восканович!
    Впервые, ознакомившись с Вашим Пером, а это был роман “Отдаляющийся берег”, а, следом, и Ваши, несравнимые ни с чем, миниатюры, я поняла, что открыла для себя классика нашей современности, Певца Любви и Карабаха…
    Вот, только так… и я думаю, со мной многие согласятся. Умение видеть ТО, что может пройти мимо многих, сегодня, даже, творческих людей, поразило меня своей тонкостью, открытостью и обаянием…Видеть душу в падающем листе, в капле росы, слышать песню предков в звоне колосьев на полях нашей родины, мне кажется, свойственно людям особенным… талантливым, и не только… Людям тонкой души, полной любви к родному краю, с душой , живущей чаянием и заботой о судьбе своего народа и полной боли за вековые страдания его…
    Однако, Левон Восканович, я вижу в Вас не только лирика, романтика… Вы прекрасный историк, знаток истории не только армянства… Как много интересного о нашем Арцахе я узнала от Вас, очень признательна.. . Вы щедро делитесь своими знаниями с обществом, представляя миру НАШУ правду, открыто бичуя вековую агрессию, варварство по отношению к нам, армянам. И Вы знакомите читателей Ваших с горькой судьбой нашего народа, только, за то, что имели счастье – родиться армянами…
    В каждом Вашем произведении, будь то, романом, повестью, или рассказом, красной нитью проходит Судьба нашего с Вами народа… И это меня восхищает! Особенно, потому, что тема мне очень близка… знакома… пережита, как и Вами, на рубеже веков в Советском городе Баку…
    Вот, и рассказ “Эстер” пронизан болью, пережитой очевидцами второго за век Геноцида армян, уже, в советской лжереспублике, названной Азербайджаном, в лице героини рассказа – Эстер, и парня-тракториста, семья которого изгнана из Баку в то страшное время и проживает в Карабахе…
    Очень тонко, глубоко и с уважением представлен образ одной из сотен тысяч бакинцев, пережитой все “прелести” Геноцида в Азербайджане, описывая главное в характере её и её земляков, которые страдают, но не озлобляются…
    И сострадание к людям, нуждающимся в поддержке, таким, как Эстер и тракторист, живёт в каждом из армян…
    Рассказ читала с щемящей болью воспоминаний, пройдя, снова, самые горькие годы мои…
    И, с благодарностью, узнала от Вас, что являюсь прототипом Вашей славной героини Эстер…Практически, мои друзья узнали в Эстер меня, и я очень тронута, правда … Спасибо, Левон, Восканович, что Вы видите меня таковой… Сама себя “открыла” в Вашем повествовании…Не без гордости… ( шучу)… Рассказ я перевела на русский язык, как и остальные Ваши работы, переведённые мною, сделав их достоянием русского читателя… Ведь ТО, что выходит из-под Вашего пера, не может быть НЕ ПРЕДСТАВЛЕНО широкому кругу читателей. Надо, чтоб правда о нашем древнейшем народе, с уходом прошлого поколения, не забывалась… была понятна сегодня… дабы такое не повторилось, нигде в мире…
    С глубоким уважением к Большому Другу=

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *