Մեծագույն բավականությամբ խորին երախտագիտությունս եմ հայտնում Ձերդ մեծություններին՝ այս հրավերքը ձեր ներկայությամբ պատվելու համար։ Թույլ տվեք արտահայտել նաև մեծագույն երախտագիտությունս ինձ արժանացրած ջերմ հյուրընկալության և այս երեկոյի ընդունելության համար, որն արժանի շարունակությունն է այսօրվա հանդիսավոր արարողության, և որի ընթացքում անկրկնելի պատիվ եմ ունեցել Նորին Մեծություն թագավորի սրբազան ձեռքից ստանալու 1934 թվականի գրականության Նոբելյան մրցանակը։
Ցանկանում եմ նաև խորին հարգանքս և անկեղծ երախտագիտությունս արտահայտել Շվեդիայի թագավորական հռչակավոր ակադեմիային իր պատկառելի գնահատականի համար, որով պսակվում է իմ գրական կարիերան։
Իմ գրական ջանքերում հաջողելու համար ստիպված եմ եղել հաճախել կյանքի դպրոցը։ Այդ դպրոցը, որն անօգուտ է փայլուն մտքի տեր մարդկանց համար, միակ բանն է, որ կարող է օգնել այնպիսի մտքին, ինչպիսին իմն է՝ ուշադիր, կենտրոնացած, համբերատար, և որ սկզբում ամբողջովին նման է երեխայի մտքի։ Հեզ աշակերտ եթե ոչ ուսուցիչների, ապա անշուշտ կյանքի։ Աշակերտ, որը երբեք չի դավաճանի իր լիակատար հավատին ու վստահությանն այն ամենի նկատմամբ, ինչ սովորել է։ Այս հավատը ծնունդ է առնում իմ էության խորքում եղած պարզությունից։ Ես զգում էի կյանքին առանց որևէ կասկածի ու վերապահումի հավատալու կարիքը։
Այն մշտական ուշադրությունն ու բացարձակ անկեղծությունը, որով սովորել ու քննել եմ այս դասը, վեր են հանել կյանքի նկատմամբ այնպիսի խոնարհություն, սեր ու ակնածանք, առանց որոնց հնարավոր չէր լինի կուլ տալ դառը հիասթափություններ, վշտալի փորձառություններ, սոսկալի վերքեր և անմեղության բոլոր սխալները, որոնք խորություն ու արժեք են հաղորդում մեր գոյությանը։ Մտքի նման կրթությունը՝ ձեռք բերված թանկ գնով, թույլ է տվել ինձ աճել՝ միաժամանակ մնալով այն, ինչ կամ։
Զարգացում ապրելով՝ իմ ամենաիրական տաղանդն ինձ ապրելու անընդունակ է դարձրել, ինչպես վայել է իրական արտիստին, և ունակ միայն մտքերի ու զգացմունքների։ Մտքերի, քանի որ զգում էի, և զգացմունքների, քանի որ մտածում էի։ Արդյունքում ինքս ինձ կերտելու պատրանքի մեջ ստեղծել եմ միայն այն, ինչ զգում էի, և ինչին հաջողվում էր հավատալ։
Այն միտքը, որ այդ ստեղծագործությունն արժանի է համարվել հեղինակավոր մրցանակին, որը պատիվ ունեմ ստանձնելու, ինձ անսահման երախտագիտություն, ուրախություն և հպարտություն է պատճառում։
Ուզում եմ հավատալ, որ այս մրցանակն ինձ շնորհվել է ոչ այնքան հանուն գրողական վարպետության, որը բոլոր դեպքերում անկարևոր է, որքան իմ աշխատանքում եղած մարդկային անկեղծության համար։
1934թ․ դեկտեմբերի 10, Ստոկհոլմ
Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի