Թերեզա Թումանյան | Լույսը կիսում է սենյակս

Լույսն ու ստվերը երկխոսում են
քո դիմագծերի բարձր ու ցածրի շուրջ.
ստվերը ծալքեր է փորում, խորություններ է տալիս,
շոյում է մակերեսը հարթ մաշկիդ,
ու կիսատ մնացած դիմագիծը, որ պիտի ասի՝
-Չմոռանաս իմ փոսիկը ժպիտի:

***
Մի ձեռք ստվերոտ թաշկինակը տարավ
դեպի արցունքը փայլող,
և լույսը հալվեց կտորի թավիշում,
ծավալվեց ստվերի մեջ,
ու մնաց գաղտնիքը
ժպտացող Ջոկոնդայի, նկարչի:

***
Լույսը կիսում է սենյակս
երկու մասի.
նստել եմ տձև, երկար,
աթոռս՝ շեղ պառկած,
սեղանից առաստաղ մտքեր են ձգվում…
վարանո՜տ…
Թեյի բաժակում մթոտ
գդալը լույսի կտորներ է պտտում,
գլխավերևիս օվկիանն է խաղացնում,
_Ասա՛ ինձ, Կարավաջիո՛,
ինչու՞վարագույրը լռեցրեց օվկիանի ձայնը:

***
Ես զգում եմ գիշերը իմ մեջքի ետևում`
կապույտ շափյուղա
և լռության ամրոց եմ շինում այսօր,
գիսաստղը թելում ու կարում եմ,
իրար եմ ամրացնում
բառերը քո և իմ:
Ինչպես լույսի ու ստվերի արանքում
գիծնէ, որ կա ու չկա,
այնպես իմ ու քո բառերի արանքում
լռությունն է մի ամրոց,
որ կա ու չկա:

***
Շնչառությունը՝ ամպի վերևում.
ներքևում՝ լռությունը լեռան,
հոծ գծերով է երիզվում բնավորությունը քարե.
կապույտ քնքշանք է հոսելու
երակներով նրա:

***

Անձրևը՝ արծաթե թելեր.
վեր բարձրանամ դեպի ամպեր:
Ամպե՜ր, ամպե՜ր,
ձեր ծալքերում բաներ փնտրեմ,
վերևում գտածը
ներքևում բաշխեմ…

Վերևի լռությունը
ներքևում մի սոնետ է մոռացված,
կաթիլներով կհոսի
ու հուներ կբացի
սրտերի միջով:

***
Սառն եմ ինչպես քարը,
որ մնացել է անլույս տարածքում,
բույսի պես փաթաթվում ես ինձ,
պտտվում պարանոցիս շուրջը,
սեղմում,
խեղդում ես անսահման քնքույշ,
ցողոտ տերևներ ես տարածում,
կանաչում եմ ես,
ծաղկում,
ծիծաղում…

Դեղին հուլունքներ են կախվել
դալարած շիվերիցս արդեն,
բայց գարունը չի գալիս դեռ:

***
Երկար մազերս փաթաթվում են ոտքերիս․
տարածվում եմ,
արմատներ եմ ձգում հողի մեջ,
մրջյուններ են վեր ու վար անում
մազերիս ոստայնի մեջ,
վերևից ներքև զրույցներ տանում ու բերում
խանձող կեսօրի մասին,
տամուկ գիշերվա:

Գիշերային ծառ-արմատ…

Հալվում-թափվում եմ,
ներծծվում հողի մեջ,
մինչև գա իրիկունը կապտամոխրագույն,
ու նորից ծլարձակեմ,
ու շյուղերս հմուտ սվսվացնելով՝
գործեմ բարակ հեքիաթը գիշերվա:

***

Հսկա ծառն ուսիս վազում եմ, վազում,
դեղին թռչուններ են երգում,
դեղին տագնապներ:
Երազն իմ կանչ է, կանչ,
ծառը փարթամ ուժ չունի․
ես պիտի սիրեմ:

Դեղին թռչուններ են պարում,
պարուրում,
ու վազում եմ, վազում
ու չունեմ վերադարձ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *