Շուշան Մարուքի | Մացակ, այ տղա Մացակ, վեր կաց

Երբ Մացակը փոքր էր, նրան կանգնեցնում էին գյուղի մեյդանում ու ասում՝ դե արտասանիր:
Մացակն էլ, գլուխը բարձր, աջի վրա թեքած, թմբլ ձեռքերը բռունց արած, թմբլ ոտքերի վրայից ներքև սահել ձգտող ու իրեն մի կերպ իր նպատակին ծառայել ստիպող կեղտոտ տաբատին կպցրած՝ շուրթերում էր հավաքում բոլոր բառերն ու արագացրած վիդեոյի պես սկսում էր.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին…
Հպա՜րտ: Խրո՜խտ:

Ու էսպես մինչև վերջ մի շնչով, քիթը արանք-արանք կեղտոտ, մաշված թևքով մաքրելով՝ խզարում էր Մացակը: Գյուղացիք ուրախ-ուրախ լսում էին, վերջում գովում տղային, ով շռայլ էր՝ մի հատ կանֆետ էր տալիս ու ուղարկում տուն, որտեղ էնքան երեխա կար, որ Մացակի բացակայությունը չէին հասցնում նկատել:
Մացակն ի ծնե բեմի մարդ էր: Սովորելու հետ առհասարակ սեր չուներ: Սովորել չէր սիրում, բայց ամեն ինչ եսիմորտեղից իմանալու տաղանդ ուներ: Հերիք ա՝ մի բան մի տեղից ականջի ծերով լսեր, միանգամից անգիր էր անում տվյալ թեման ողջ մանրամասներով՝ դասավորելով ուղեղի բազային պահուստներում, որ հենց առիթ ընձեռնվի՝ բոլորին ասի, պատմի, սովորեցնի:
Ի ծնե պրոֆեսոր ու փիլիսոփա էլի:
Իսկ երբ մեկը փորձեր ասել՝ դպրոցում լավ սովորի, միանգամից գլուխը բարձրացնում էր, թեքում աջի վրա ու ասում.
— Որ տատը չի սովորել, չի՞ մեծացել:
Էդ կյանքի նշանաբանով էլ մի կերպ ավարտեց դպրոցը, գնաց բանակ, էկավ: Էնտեղ էլ բոլորի համար ծերից ծեր արտասանեց է՛լ Թումանյան, է՛լ Սևակ, է՛լ Դարվինի տեսությունը, էլ էդ տեսությունից ծնված իր սեփականը, էլ պատմության էն գիրքը, որտեղ խոսվում էր հայերի՝ արիացի լինելու մասին: Չէր մոռանում նաև հավեսով ու առանձնահատուկ կրքով հերքել Աստծո գոյությունը։
Առհասարակ խոսելն իր մոտ ամենաստացված բանն էր: Ինչքան ու ինչից ասես կարող էր խոսել, վիճել, ապացուցել: Ասենք, պատմաբան լիներ դիմացինը, պատմական թեմաներով կխոսեր, գրականագետ՝ գրականության, ֆիզիկոս, ուրեմն ֆիզիկայից կճառեր էնպիսի մի ինքնավստահությամբ, որ ֆիզիկոսը կգնար մի տաս մետր էն կողմ, ինքնասպան կլիներ՝ սեփական անգիտության գիտակցությունից:
Ահա էսպիսի տղա էր մեծացել Մացակը՝ ամենագետ, քննադատ, խոսող, փիլիսոփա՜: Կարճ ասած՝ գյուղի համն ու հոտն էր Մացակը։
Տաղանդավոր, չբացահայտնված, չգնահատված։ Եթե մի քիչ հավակնոտ ծնողներ ունենար, մի քիչ պարապ, թե նրանք երեխային ճանաչելու, մեջը փորփրելու, բնավորությունը նկատելու ժամանակ ունենային, հաստատ Մացակից մի մեծ ու կարևոր Մացակ կստացվեր։ Բայց ծնողները ժամանակ չունեին, անդադար աշխատում էին․ տուն տեղ, հագնելիք ուտելիք. ամեն բան Մացակի խաթր ու մի քիչ էլ՝ նրա քրերի՝ օժիտ ա, բան ա։
Ու էդպես ուժ չէր մնում մի հատ հասկանալու, խորանալու՝ Մացակը զավզա՞կ ա, թե՞ զավզակվում ա ներսի չհայտնաբերված ադամանդների շխկշկոցը, խզոցն ու բողոքն չհասկանալու պատճառով։ Եսիմ։ Մարդ ես։ Մացակ ես։ Ամեն ինչ էլ պատահում ա։ Ու անգամ ինքը՝ ամենագետ Մացակը, իրեն քննելու ժամանակ ու զահլա չէր ունենում։
Ու քանի որ գյուղում մարդիկ հիմնականում ժամանակ ու ուժ չեն ունենում դիմացինի ու նաև սեփական հոգու գոհարները նկատելու համար, նկատում են էն, ինչ մակերեսի վրա ա։ Իսկ Մացակի մակերեսի վրա զավզակությունն էր, փնթիությունը, ճոռոմախոսությունը, թեթևի մեջ՝ անգալությունը ու բարի անշառությունը։ Մեկ-մեկ էլ՝ թախիծը, որ հազվադեպ էր այցելում տղային, հիմնականում կորում էր նորանոր թեմաների նրբանցքներում, ծառերի տերևների, ծիծակի ու բադրջանի ցողունների արանքներում, մայիսյան բզեզների թևերի վրա, գերանդու ու խոտի սիրային հանդիպումների սվվոցում, կով ոչխարների կճղակներում ու մայթեզրի փոշում մեջ։
Ու էսպես էլ կորչում գնում էին Մացակի ներսի մոցարտներն ու շեքսպիրները, նյուտոններն ու բիթլզները։ Չծնված մեռնում էին։ Ու եթե ուզում եք ճիշտն իմանաք, հենց գյուղերում շատերի հետ ա նման բան պատահում։ Շատերի ներսում են նստած, կուչ էկած ու մի լավ դուխ տալուն երկար սպասող տաղանդներ մեռնում։ Քանի-քանի գիտնական, գրող, երաժիշտ ու ասենք տիեզերագնաց կա հենց էսօր էն մարդկանց ներսերում, որոնք անգամ իրենք էլ էդ մասին չգիտեն, ոչ մեկ էլ չգիտի։ Ժամանակ չկա։ Հավես չկա։ Աչք չկա։ Եսիմ, դե կյանք ա, ամեն բան պատահում ա։
Վերադառնանք մեր Մացակին ադուհանդերձ։
Մեր բազմաշերտ ու բազմապիսի Մացակը գործ անելու հետ էլ չուներ: Թեպետ հոր, մոր ու քույրերի ահից, երբ միասին էին դաշտում աշխատում, բոլորից արագ էր գործն անում: Սակայն իր սեփական նախաձեռնությամբ միակ բանը, որ կաներ՝ խոսելն ու խոսացնելն էր: Քյասիբի ռադիո։
Իրեն թողնեիր, կնստեր ժամերով հանդի գլխի ուռենու տակ։ Կնստեր, կնայեր ուռենու օրորին։ Կծխեր, կնայեր, կխծեր, կնայեր։ Կտխրեր տիեզերական թախիծով, չէր հասկանա՝ կմտածեր սուրճ ա ուզում երևի։ Քրոջը կասեր՝ աղջի, մի հատ կոֆե էփի, խմեմ։ Ինքը կնայեր արևի հուր ճառագայներին, կնայեր՝ ոնց ա հողի վրայից արևի տենդ բարձրանում օրորվելով, կնայեր, կշոգեր, կտխրեր, զեփյուռը կխփեր դեմքին, կաշխուժացներ մի քիչ, հետո էլի շոգը վրա կտար, ուռենու տերևները կանշարժանային, Մացակի մտքերը նորից կուղղվեին տիեզերական հեռուներ․ կյանքի հավերժության, տիեզերքի անսահման անիմաստության, քաղվող խոտի կարևորության, երեկոյան գյուղամեջ թռնելու հաճույքի, գյուղի սիրուն աղջիկների ու մոր գոռգոռոցին չարժանանալու մասին կմտածեր։ Բայց մեկ էլ տնեցիք ձեն կտային՝ Մացակ, այ տղա Մացակ, վեր կաց, իյա՜։
Ամուսնանա՞լ: Գուցե և ամուսնանար, եթե մեկը բիթի գցեր, ասեր, տաներ աղջիկ ցույց տար, կամ, որ ավելի հարմար ա, գնար աղջիկ ուզեր բերեր… Ինքն ամաչկոտ էր։ Էդ հարցում՝ամաչկոտ, անբաշար։
Կամ, որ ավելի ճիշտ կլիներ, մեկը լիներ իր էդքան բլբլացրածը հասկանար, խորանար, գնահատեր, զգար՝ էդ խոսքի անվերջ հոսքի մեջն ինչ կա, էդ հեղեղի մեջ՝ աննման գոհարնե՞ր — գուցե, սիրային պոեմնե՞ր — անկասկած, ուրիշներից ավելի լավ ապրելու մարմաջ անուրջնե՞ր — համենայն դեպս, ոսկե ձկնիկնե՞ր — թերևս, գանձեր աննմա՞ն — ինչո՞ւ ոչ։
Բայց դե հոսքն ու խոսքը էնքան էին շատ, ջրիմուռ, մամուռ — տիղմ բան էնքան լիքը, ու մարդիկ էնքան էին անմարդկային հոգնած, որ Մացակը մնում էր մենակ իր խոսքի հետ ու խոսքի մեջ։
Մացա՜կ, այ տղա Մացակ, վեր կաց։
Ու բացի դա, Մացակը հո՞ սովորական մարդ չէր, որ ճակատագիրը բոլորինի պես լիներ. ամուսնանար, երեխաներ ունենար, գնար դաշտ, աշխատեր, գար, կինը հաց տար, ուտեին, պառկեին, ցերեկվա շոգին մի քիչ դինջանային, ինքը կնոջ կոնքը խուտուտ տար, վիզը համբուրեր, կինը ամաչելով ասեր՝ ամոթ քեզ, ասեր՝ էրեխեքը կլսեն, ասեր՝ գոնե ցայվեիր, էս տարի անտանելի շոգ ա՝ ասեր, ինքն էլ ասեր՝ հա ի՞նչ ամոթ բան կա, ասեր՝ իմ կնիկը չե՞ս, հերդ շուն դառնա՝ ասեր․․․
Չէ: Նյետ:
40 տարի (չհաշված բանակի երկուսը) Մացակը քնում արթնանում էր նույն անկողնում, նույն տանը, նույն ծնողների ու քիչ-քիչ մարդի գնացող-տնից հեռացող քրերի և նրանց փոխարինող էրեխեքի հետ։
Արթնանում, նախաճաշում էր, մի վեց բաժակ սուրճ էր խմում, մի ութ տարբեր թեմայով ճառում մե՛կ հոր, մե՛կ մոր հետ ու տնեցիքի ահից, ի վերջո, ճարահատյալ գնում էր դաշտ: Ճամփին ում բռներ, խոսացնում էր՝ 10 րոպեանոց ճամփան մեկ ժամում անցնելով: Քյասիբի ռադիո։
40 տարի էդպես: Սովորական մի կյանք, սովորական մի գյուղում։ Ու ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլիներ Մացակի վերջը, եթե օրերից մի օր, որտեղից որտեղ, չգիտես ինչու, պատահականորեն, անսպասելի ու հանկարծակի բարեկամներից մեկը նրան Գերմանիա չկանչեր։
Գերմանիա։ Ֆաշիստներ։ Անաստված դաժաններ։ Ու մեր Մացակը։ Գյուղից ուղիղ Ֆրանկֆուրտ։
-Հա բա, գնամ, աշխատեմ, գամ տուն տեղ ռեմոնտ բան անեմ, ոսկեղեն առնեմ, ամուսնանամ:
Գլուխը աջի վրա, խրոխտ, հպարտ, ոգևորված, մի քիչ իրականում վախեցած ու անգյալ հուզված։
Գերմանական քարավան կտրելու դոնկիխոտանազարախառը ծրագիրը սեփական ուղեղում ինսթոլ անելով՝ Մացակը երկու օրում ամեն ամեն բան եսիմորտեղից իմացավ Գերմանիայի ու գերմանացիքի մասին․ ի՞նչ ջուռի ազգ են, ի՞նչ են ուտում, ի՞նչ չեն սիրում, ինչի՞ց են պատրաստվում դրանց հայտնի նրբերշիկները, ինչի՞ էր Հիտլերը էդքան ատում հրեաներին, ի՞նչ հոգեկան դրամաներ ուներ Հիտլերի կինը, քանի՞ միլիոն բնակչություն ունի Բեռլինի՝ ասենք Ադոլֆ անունով փողոցը, ի՞նչ չեն սիրում գերմանացի տղամարդիկ գերմանացի կանանց մեջ, և, ի վերջո, ձեռի հետ, ո՞վ ա սպանել Ջոն Քենեդուն (դե էն նախագահն ա, է՜, որի կնիկը փչացածի մեկն էր)։
Էս ամենը գլխում տեղավորել դասավորելով, հազրեց նաև յուր ոչ այնքան գերմանական ու գրեթե ամբողջությամբ թուրքական հագուկապը․ երկու հատ շալվար, (մեկը մի քիչ մաշված էր, բայց ոչինչ), մի քանի հատ վերնաշապիկ մայրը դրեց, երկուսը հորն էին, (դե ո՞ւր ա գնում խեղճ հերդ, որ հագնի, դու տար կհագնես, բալես)։ Կոշիկ — մի հատ ձմեռային, հարևան Վաչոն էր կարել, (ապուշը լավ չի կարում, հաստատ մի ամսից քիթը կբացվի, էլ մեռնեմ՝ դրա մոտ կոշիկ կարողը չեմ), մի հատ էլ սիրուն, սև կաշվից, իսկը Եվրոպա գնալու համար ծնված կոշիկ։
Հենց օդանավակայանից էլ Մացակն իրեն անծանոթ մի անհարմարություն զգաց, կարող ա՝ էն պատճառով, որ տարբերվում էր բոլորից։ Ճակատ ու քիթ արևից անհամաչափ մգացած էին, մազերը՝ մի տեսակ ճարպոտ, թևերի տակը՝ ահավոր քրտնած, (դե հուզմունքից ու շոգից մեկ էլ), շալվարը՝ մեծ ու առաջ ընկած փորի տակից մի կերպ կախված, (էն որ կռանա, տուտուզը կերևա), վերնաշապիկի կոճակների արանքից փորն ու սուտի ժավելած մայկան մի քիչ երևալով՝ Մացակը քայլում էր՝ ձեռքերը գրպանում պահած։
Կյանքում առաջին անգամ, չգիտես ինչու, նա զգաց, որ ձեռքերը կեղտոտ են, որ հողոտ են, որ ճաքճքած են, որ պետք ա գրպանը դրվեն։ Զգաց։ Դրեց։ Նեղվեց ու միանգամից ցրեց նեղությունը։ Քայլեց։ Մի քիչ անվստահ, բայց մեկ ա՝ առաջ։
Աչքերում մի քիչ ամաչել ու չհամարվել կար։ Վախ կար․ «բա թե ինձ պե՞տք էր» կար։ «Լավ, մի երկու ամիս յոլա տանեմ, հետ կգնամ» կար։ «Էս անաստված լեզուն էլ չգիտեմ» կար, «մի հատ ծխեմ, դզվեմ» կար, «Խոպան հնարողի հերը շուն դառնա » կար, «բա ինձ պե՞տք էր» մի քանի անգամ կար։
Բայց ի՞նչ երկու ամիս։ Մացակը Գերմանիա, Ֆրանկֆուրտ տեղ մնաց 12 տարի։
Ճիշտն ասած սկզբում հեչ չէր հավանում էդ երկիրը, էդ մարդկանց սառնությունը, էդ չշփվելը, էդ ուտելիքները, էդ ուռենիների, արևի եռոցի, սուրճի բլթբլթոցի բացակայությունը, լավաշի, սոխ ու կանաչեղենի անհամությունը, մոր գոռգոռոցի, հոր քֆուրների, քրերի ջերմության հեռու լինելը․․․
Բայց դե ահավոր հարմարվող տղա էր, ինչի պետք էր, կդիմանար, յոլա կգնար, կհամբերեր, կհարմարվեր, կասեր՝ դե հիմա էս ա, ոչինչ։ Ոչինչ, 12 տարի՝ ոչինչ։ Գյուղացուն բնորոշ հնազանդվել կար մեջը՝ «հիմա իմ բախտն էլ էս ա» ասել կար մեջը, «գնա՞մ ինչ պտի անեմ» մտածել կար մեջը, «սաղի հերն էլ անիծած, ես ոչ մեկից օգնություն չտեսա» թախիծ կար մեջը։ Անզգացմունք սեր կար մեջը։ Անարև օրվա լուսավորության նման մի բան կար մեջը։
Խոպանչիական ընդունված օրենքի համաձայն՝ Մացակը քույրերի ընտանիքներին հատ-հատ, հորն ու մորը միասին ամեն նոր տարի, ծնունդ կնունք, թաղում՝ փող էր ուղարկում։
— Ապրի Մացակս, աշխատող տղա ա, ինշքան կարըմ ա, օգնըմ ա, մեղկ ա տղես, գոնե գործերը լավ ըլնի, մի էրկու կոպեկ հետ քցի, գա Հայաստան, տուն տեղ դընի, ամուսնանա, մեզ տեր ըլնի, մեծ ենք արդեն․․․
Բայց թե բնածին մտածկոտ, փիլիսոփա անգյալությո՞ւնն էր պատճառը (էն որ մի շաբաթ աշխատում էր, մի ամիս ուտում մի շաբաթվա աշխատածը), թե՞ էն, որ գյուղն օտարացել էր, մարդիկ օտարացել էին, կամ էլ էն, որ առանձնապես նպատակ, ձգտումի պատճառ, ստիմուլ չուներ, դրա համար իրեն կոտորելով չէր աշխատում, ասելն անհնար ա։ Անգամ ինքը՝ Մացակը, չէր հասկանում։ Ասենք միայն, որ 12 տարում սկի մի օր Բեռլին չգնաց, ոչ մի ուրիշ քաղաք չգնաց տեսնի։
Ալարեց։
Չուզեց։
Իմաստ չգտավ։
Վախեցավ։ Ռիսկ չարեց։
Ընչիս ա՞ պետք։ Սաղ էլ նույնն են էլի, մի քիչ էս յան, մի քիչ էն յան, սաղ էլ նույն ձև քաղաքներ են։ Ընչիս ա պետք։
Էսպես անշտապ ու քչից շատից մարդավարի կապրեր ցանկացած մեկը, բայց ոչ Մացակը։ Մի անհամություն, մի անկապ պատմություն պիտի անպայման լիներ նրա հետ։ Բա հո հանգիստ իր համար չէ՞ր աշխատելու, հետ գար, տուն տեղ, ոսկեղեն բան, կին, երեխա․․․
Չէ, նյետ։ Նայն, նիխտ։
Մացակը պիտի պարտադիր տարբերվեր։
Գյուղի ջահելներից մեկը, որը ինտերնետներից, գուգլ մուգլներից խաբար էր, մի օր պատահաբար մի տեսանյութ ա տեսնում, թե՝ Ֆրանկֆուրտում հայերից ու թուրքերից բաղկացած մի հանցախումբ են բռնել սիստեմատիկ, մանրամասն ծրագրած խոշոր գողությունների պատճառով։ Մի մեծ հանցախումբ, մեջն էլ մի մեծ Մացակ։ Մացակին էլ, որպես ասոբը օպասնիյ, 43 տարով նստացրել էին։
43, քա-ռա-սուն-ե-րե՞ք։ Ո՞նց թե. համայն գյուղը կրկնում էր էդ թիվն ու զարմանում:
— Վայ Մացակ ջան, վայ բալա ջան, ո՞վ անիծեց տղիս, թաղեմ ես դրան, ո՞վ անիծեց, ո՞վ քանդեց տունս, ա՜խ, դրանց տունը քանդվի, — ասում ու ծնկներին էր տալիս Մացակի մայրը, որ սաղ կյանք սրան նրան աջուձախ տասնութ հարկանի անեծքներ տալով էր զբաղված:
Մացակ մի ասա, գյուղի ամենահայտնի մարդ ասա:
— Ադա, էտի արդեն յէքա էշ ա, ո՞նց կարա 43 տարի նստի: Կեսից կմեռնի:
— Այ բիձա, դու չես հասկանում, էդ եվրոպաներում ուրիշ օրենքներ են, ընդեղ կարան 1000 տարի էլ տան, կեսը կնստի, կեսը մեռած ատբիտ կանի:
— Տո այ ապո՜ւշ, բա մարդ էթա թուրքի հե՞տ գործ կբռնի։ Տո դու ամոթ չունե՞ս, ուղե՞ղ չունես, պատմություն էիր սաղիս պատմըմ, պատմություն չգիտե՞ս։
— Վայ քոռ մնա դրա մերը: Հիմա ինչ մեղկ ա խեղճ կնիկը:
— Էկեք դե գեղով փող հավքենք, էդ տղին հանենք բանտից:
— Այ գյադա, էդ Գերմանիա ա, ֆաշիստ են ադոնք, դու էդ ինշքամ փող պտի հավքես, որ Մացակին հանես ծյուրմիցը:
— Տո ասա,այ է՜շ, գացե գացեր էիր, խելոք գլուխդ կախ աշխատեիր էլի: Պտի խայտառակ ըլնեիր պարտադիր:
— Այ մարդ, ես չեմ հավատըմ, որ էդ ապուշը տենց բան արած ըլնի: Էն սկի ալարըմ էր՝ քիթը սրբեր, ուր մնաց գողություն: Չէ մի…
Մացակը դարձավ գյուղի ամենահայտնի մարդը: 43 թիվն էլ ամենահայտնի թիվը։
Խոսեցին, քննարկեցին մի երկու շաբաթ, հետո կամաց կամաց ամեն մեկն իր գործին անցավ, իր հողուջրին, իր հավուճվին, իր էրեխեքին, հարսին ու սկեսուրին, մարդու ծակ նասկիները կարկատելուն, ձմռան հաց թխելուն, Մոնիկային ու Բլանկոյի այրուն․․․ ու Մացակին մոռացան:
Մոռացան թե չէ, մեկ էլ մի նոր լուր էկավ չերեզ Երևան գյուղ հասավ, թե՝ Մացակին անմեղ են ճանաչել նեմեց ֆաշիստները (սատանի բաժին դառնան դրանք, հողերս դրանց գլուխը՝ ասում էր ճարտասան Մացակի ճարտասան մայրը), ու նրան հետ են ուղարկում Հայաստան:
Դեպորտ:
Պահո՜:
Էկավ։
Մացակը։
Բոլորը պատկերացնում էին՝ խեղճացած կլինի, ամաչած կլինի, խայտառակված կլինի: Տխուր կլինի: Մանթո կլինի վերջիվերջո: Գլուխը կախ կլինի, կախ ու ձախի վրա թեքած, բայց չէ:
Նյետ: Նայն, նիխտ։
Մացակը գլուխը կախողը չէր, սուս կացողը չէր:
Էկավ սկի տուն չմտած՝ միանգամից թռավ գյուղամեջ․ էնքա՜ն բան կար պատմելու, ասելու, արդարանալու, ներսի խշշոցից ու գվոցից ազատվելու, հայերեն մի կուշտ խոսելու: Խեղճ գյուղը 12 տարի առանց Մացակ անտեր ու անհամ էր մնացել։ Անուրախ ու անմացակ էր մնացել։
Ո՛չ ձայնն էր փոխվել, ո՛չ հայացքը, ո՛չ բառապաշարը, ո՛չ քայլվածքն ու հագուկապը: Ոչինչ: Ոնց որ երեկ գնացած, էսօր ետ էկած լիներ: Շալվարը նույն ձև փորի տակից կախ, ոնց որ մի կերպ իրեն պահեր, որ չընկներ գետնին, կոշիկները նույն ձև փոշոտ, խոսվածքը՝ գյուղի բառբառային համովը, հայացքը՝ ավելի անփայլ, ավելի անհաղորդ լիքը, միտքը՝ ավելի բթացած ու ավելի շատացած, սիրտը՝ կոշտացած մի աննշան ու մի աննշան էլ փափկած։
12 տարի Մացակը Գերմանիային չէր փոխել, Գերմանիան էլ Մացակին: Մացակը Գերմանիայի ինադու չէր փոխվել, Հայաստանի խաթր չէր փոխվել: Մացակը փոխվողը չէր, դուզն ասած, ոչ ինադու, ոչ էլ խաթրով։
— Գերմանացիք անդուր ժողովուրդ են, քիթները ցից: Դրանք շուֆինիստ են (շովինիստ էլի), սաղին վերևից են նայում: Անասուն ազգ ա:
— Մացակ ջան, ադա, բա էդ ի՞նշ գողություն բան էին ասըմ:
— Արա, դրանք դեբիլ են, ես վափշե նե պռիչոմ, ուղղակի ավտոյովս տարել բերել եմ մի երկու հոգու: Էդքամ բան:
— Ադա Մացակ, բա փող բերել ե՞ս: Այ տղա, յէքա էշ ես դառել, փսակվի:
— Է՜, ինշ փող, սաղ փողերս, ավտո բան ձեռիցս առան էդ անտեր ֆաշիստները (ու էստեղ մի տաս հարկանի քֆուր ֆաշիստներին, նրանց ազգուտակին։ Քֆուրից հետո հոգում մի տեսակ անտակ դատարկություն, ափսոսանքի փոխակերպված կարոտ, ատելություն չդարձող սեր առ սեփական անգո գոյությունը․ տեսնես ինքը՝ Մացակը, էդքան բան զգո՞ւմ էր, զգո՞ւմ էր՝ ինչ ա զգում):
Մացակի հայրը մահացել էր: Տնեցիք բոլորն ամուսնացել, հայրական տնից ցրվել էին աջ ու ձախ: Մնացել էր մինուճար մայրը: Ծեր ու աշխատող կին էր, էդ տարիքին անում դնում, Մացակին թևութիկունք էր՝ որտեղ պետք ա՝ գործով ու հոգատարությամբ, որտեղ պետք չի՝ անեծքով, որտեղ էլ՝ կռվելով: Մի խոսքով իսկական սիրող մայր…
— Տղուս գեմառոն տանջըմ ա, պտի ապեռացի անենք: Վայ թաղեմ էդ Գերմանիան ես, անաղուհաց քրդի շուն են դրանք, հողերս դրանց գլխին, տղիս աշխատացրին, տկլոր, գեմառոն վրեն հետ ղըրգին:
— Աղչի, տղեդ յէքա էշ ա, ինչ էղել ա, անցած ըլնի, գոնե փսակի:
— Քա վայ, ես չեմ հասկանը՞մ, ես չեմ ուզը՞մ: Փսակենք, բա ոնց չփսակենք: Ուղղակի աշխատի գոնե, մի ձեռ լավ շոր կոշիկ ունենա, նոր փսակվի, — ասում էր 50-ն անց Մացակի 80-ն անց մայրը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *