Կարեն Ավետիսյան | Տողադարձ

Հետդարձի ճանապարհին Մարատի աչքերը բացվում էին մե՛կ անցագրային կետերում մեքենայի կանգառից, մե՛կ էլ հոր մարդասպան–հեռախոսից, որի մի քանի զանգ–շչակ–կրակոցներին հաջորդում էր մոր աղիողորմ լացը։ Տողից Վայք, իսկ հետո Երևան ընկած ճանապարհին այդ բոթազանգերը սպանեցին հորեղբայր Ռաձիկին` Լիսագորի մատույցներում, հետո հարևան Մարտունին` Հադրութի կողմերում, գյուղի դպրոցի ուսմասվար Յուրիկին` Քարինտակում։
Մարատը, լսելով ընկեր Յուրիկի անունը, առաջին անգամ ճանապարհին խոսեց.
– Ես գիդաս ում ընգեր Յուրիկը շտեղ ա, մըզ ասալըն, վեր քեցալա Ձեդ մառոզին կոշտը, վեր քյոմագյ անէ պադարկեքը տըղ հըսցնե մինչև Նօվի գոդը։ Էս տարե պադարկեքը շատ բիդի ինին։
Կիլոմետրեր շարունակ բոլորը լուռ էին` անգամ հոր մահագույժ հեռախոսը։
Մայրը մեքենայի սրահի հետևում պինդ գրկել էր Մարատին, հայրը մի ականջով լսում էր մատնաչափ իջեցրած կողապակուց սուլող սվվոցը, մյուս աչքով էլ`նայում հայելու մեջ կնոջ գրկում կուչ եկած որդուն։
– Մարատ, Ձեդ մառոզ չկա՛, – հայելու մեջ նայելով խոսեց հայրը:
– Ալի՛կ, –երեխային գրկած մայրը կարմրած աչքերը չռեց դեպի հայելին:
– Հա՛, հա՛, լյավ ում անում, Ձեդ մառոզ չկա՛, թող գիդա։ Գիդաց, վեր Ռաձիկը չկա, Յուրիկը չկա, Մարտունը չկա, խէ՞ բիդի գիդա վեր Ձեդ մառոզ կա։ Ձեդ մառոզը օրիշ երգրների հետի ա, էս երգրումը կարալ չի Ձեդ մառոզ ինի, ստըղ զինվոր կա ու թորք, օրիշ հերոսներ էս հեքիաթը օնե վեչ։

Ամիս ու կես անց Երևանում լրագրողների հերթական խումբն այցելեց Արցախից տեղահանված ընտանիքների ժամանակավոր կացարան։ Լրագրողներին հետաքրքրում էին երեխաները, նրանց ուղեկցեցին մեծ միջանցք, որտեղ մի քանի մանուկներ տարված էին խաղով, իսկ մեկը հեռվում աթոռին նստած ճարմանդից բռնած վերուվար էր անում ժակետի շղթան։
– Բալիկ ջան անունդ ի՞նչ ա։
– Արման։
– Ձմեռ պապիկին արդեն նամակ գրե՞լ ես։
– Այո՛։
– Ի՞նչ նվեր ես ուզել։
– Վելիսապետ։
– Սիրուն աղջիկ, անունդ կասե՞ս։
– Իրինա։
– Իրինա ջան, իսկ դու ի՞նչ ես ուզել Ձմեռ պապիկից։
– Տեղին մազերյավ զըռ կուկլա։

Անկյունում անմեջք աթոռի ոտքերին իր ոտքերը փաթաթած լուռ նստած էր հաջորդ հարցվող երեխան, անհաղորդ հայացքով անթարթ զննելով առջևում կանգնած օպերատորի տեսախցիկը, որը կարծես Տողից հետադարձի մեքենայի հայելին լիներ` հոր սառնասիրտ ու խոցոտող աչքերով։
– Անունդ ի՞նչ ա, իմ տղա։
– Մարատ։
– Ջմեռ պապիկին նամակ գրե՞լ ես։
– Չէ՛։
– Նոր տարուն ի՞նչ կուզես քեզ նվեր բերի։

Տեսախցիկի օբյեկտիվից կարկամած` Մարատը գլուխը կախեց շղթայի վար իջած ճարմանդի ուղղությամ, ոտքերի ամբողջ ուժով կարծես ջանալով խեղդամահ անել անհարմար աթոռի փայտե ոտքերը։

Չստանալով պատասխան` լրագրողը շրջվեց օպերատորին, խնդրելով նորից տեսագրել.
– Բարև տղա ջան։
– Բարև։
– Անունդ կասե՞ս։
– Մարատ։
– Մարատ, իսկ դու Ջմեռ պապիկին նամակ գրե՞լ ես։
– Ո՛չ։
– Իսկ ինչու՞, ի՞նչ նվեր կուզես քեզ բերի Ամանորի գիշերը։
– Ձեդ մառոզը զոհվալ ա . . հընգեր Յուրիկին նհետ . . . Քարինտակում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *