Անահիտ Ղիասյան | Մանդարին վերցրու

Դրսում պարզկա գիշեր էր, մեկն այն գիշերներից, երբ հավատում ես, որ Լուսնի վրա էլ կյանք կա:
Աստղերը երկնքում շուրջպար էին բռնել, դասական երաժշտություն էր միացված, իսկ երգահան տիեզերքը նոր արարած սիմֆոնիայի վերջին փորձերն էր ավարտին հասցնում:
Պատուհանների վրա ցուրտը սառցե մատներով աբստրակտ կտավներ էր ստեղծել՝ ցուցահանդես տանելուն արժանի:
-30°C-ը մուշտակներ և տաքուկ բաճկոններ հագած մարդիկ շատ չէին զգում, մանավանդ, որ արագ էին քայլում: Նրանց ոտքերի տակ հաճույքով կոխկրտվում էր տիեզերական երաժշտության տակ թափվող «սպիտակ մանանան»:
Այդ օրը բնության և մարդկանց կապը մի տեսակ ուրիշ ձև էր սերտացել: Սառը օդը քթանցքներից ուղեղ մտնելիս կարճ հաղորդագրություն էր թողնում՝ ՆՈՐ ՏԱՐԻ Է:
Բայց ոչ բոլոր տներում էր տիեզերական երաժշտություն միացված: Մեծամասամբ հեռուստացույցի միջից դուրս եկող երկրային ապրումներն էին:
Կեսգիշերին դեռ 2 ժամ կար: Նոր տարվա գիշերը դրսում գտնվող մարդկանց միշտ թվում է՝ իրենք տեղ չեն հասնի, հաստատ վերջին պահին կուշանան:
– Տա՛տ, ես մթությունից վախում եմ, ձեռքս բռնի:
– Սառա՛ ջան, ի՞նչ կա վախենալու, ինչից ես վախում:
– Տա՛տ, ինձ թվում է հետևից մեկը կգա և ինձ կբռնի՝ վզիցս, մեջքիցս, ձեռքիցս:
Սառան մթության հետ գիտակցությամբ էր կռիվ տալիս: Ամեն անգամ իրեն համոզում էր, որ ուղղակի արևը գնացել և լուսինն է եկել, բայց մեկ է՝ մթության մեջ ամեն մի շարժում նրան ավազակային հարձակում էր հիշեցնում:
Կախարդական այս գիշերը Սառան ու տատիկը մենակ չէին. մայրիկն ու քույրիկը կրնկակոխ հետևում էին նրանց: Ինչո՞ւ որոշեցին պարզկա այս գիշերը նոր տարվա սեղանի պատրաստությունը թողնել ու 4-ով տնից դուրս գալ:
Երբ հորաքույրը զանգեց, Սառան քույրիկի հետ ամանորյա սեղանն էին ձևավորում: Տատիկը բաղնիքում էր. նոր տարին անբիծ մաքրություն էր պահանջում:

****
– Սառա, Գոհար, չեք լսում՝ հեռախոսը քանի ժամ է ձայնը չի կտրում, վերցրե՛ք, տեսե՛ք՝ ով է:
Սառան վազելով գնաց միջանցք, հապշտապ վերցրեց լսափողը: Լսափողից այն կողմ հորաքույրն էր, կանչում էր իրենց տուն, որ գնան իրենց բաժին թթուն վերցնեն:
– Ո՞վ էր, – հարցրեց մայրիկը՝ մայրաքաղաքային աղցանի թթվասերախառն ոլոռը մատի վրայից լիզելով:
– Մա՛մ, հորքուրն էր, ասեց թթուն պատրաստա, եկեք, տարե՛ք:
Լվովյան փողոցի 14/1 շենքի, 30-րդ բնակարանում է ապրում հորաքրոջ թթուն շատ սիրող հինգ հոգանոց ընտանիքը. կլորավուն կառուցվածք ունեցող, աշխույժ մայրիկը, ձեռքերի երակներն ուռած, սրված դեմքով հայրիկը, երկու գեղեցկադեմ, չարաճճի աղջիկներն ու ճակատի խորշոմներից ավելի գեղեցկացած տատիկը:
Սառա մեծը բաղնիքից դուրս եկավ, մազերը չորացրեց, մի տասը րոպե նստեց հանգստացավ ու ասաց՝ ես պատրաստ եմ, եկե՛ք չորսով գնանք հորքուրենց տուն:
Սառայի հորաքույրն իրենցից երեք շենք այն կողմ էր ապրում, ընտանիքներով շատ մոտ էին, օրվա մեջ մի քանի ժամ հաստատ միասին էին անցկացնում: Կարինեի դրած թթուն ողջ ընտանիքն էր շատ սիրում, հենց այդ պատճառով շուտ հագնվեցին ու տնից դուրս եկան:
Ամանորյա գիշերով տնից դուրս գալը մի տեսակ հեշտ չէ: Երբ դուրս ես գալիս փողոց, զգում ես՝ օդում ծանրացած մտքեր, հույզեր ու չիրականացված երազանքներ կան: Երնեկ նոր տարին սպիտակ թուղթ լիներ, իսկ երազանքը սև մատիտի ծայրին լիներ: Այդ ժամանակ այնքան հեշտ կլիներ. ուղղակի սև մատիտով սպիտակ թղթի վրա կգրեիր սրտիդ ցանկությունը:
8-ամյա աշխույժ աղջիկները տատիկի ու մայրիկի հետ հորաքրոջ տանը մոտ կես ժամ նստեցին, մեխակով տաք թեյը խմեցին, թթուն վերցրին ու դուրս եկան:
Գիշերային ստվերներից վախեցող Սառան տան աստիճաններին հասնելուն պես մի քիչ հանգստացավ, մանավանդ՝ մի քանի քայլ դնելուց հետո լույսերը վառվեցին:
Երբ դուրս էին եկել տնից, հայրիկը տանը չէր: Կեսօրից հետո դուռն իր ետևից աղմուկով փակել էր ու չէր վերադարձել: Չգիտեին՝ ու՞ր Է գնացել, ե՞րբ կվերադառնա:
Հիմա էլ մտածում էին, որ նա տանը չի լինի: Հնամաշ վերարկուի գրպանից տատը հանեց բանալին, մտցրեց փականի մեջ: Բանալին փականի մեջ մեկ ամբողջական պտույտ էլ չարած դուռը բացվեց:
*****
Չորսով, սառած հայացքով իրար նայեցին: Ո՞վ կարող էր այս ժամին տուն եկած լինել և դուռը իր ետևից չփակել: Բանալին հանեցին, տարօրինակ զգացողությամբ ներս մտան ու սկսվեց Սեդրակյանների ընտանիքի ամանորյա պատուհասը:
– Էլի խմածա մա՛մ, գոռաց Սառան հյուրասենյակի կենտրոնից,- սիրտ ճաքելու աստիճան երերուն ձայնով:
– Կերավ մեզ, կերավ, քիչ ա մնում սաղ թողեմ, ձեզ վերցնեմ ու դուրս գանք: Մարդ ամեն ինչ անումա, որ գոնե Նոր տարին ուրախ անցնի, էն էլ էս ալկաշը չի հագենում: Պիտի մեկիս գլուխն ուտի նոր հանգստանա:
43-ամյա սև-սպիտակ մորուսով, վրայից սոխ-արաղ-թթու բուրող տղամարդն այնքան շատ էր ալոհոլ օգտագործել, որ չէր էլ հասկացել՝ բանալին ինչպես է մտցրել փականը, դուռը բացել, այդպես բաց թողել ու բերանքսիվայր փռվել ոչ թե հյուրասենյակի բազմոցին, այլ հատակին:
Այս տեսարանը Սեդրակյանների համար սովորականների շարքից էր: Կեղտոտ, ճմրթված շորերով, էթանոլի մեծ քանակություն ընդունած Պարգև Սեդրակյանը 1-2 բաժակ օղի ընդունելուց հետո վայրկենական կերպարանափոխության էր ենթարկվում. ամեն ինչ մոռանում էր՝ ընտանիք, երեխա, կին, մայր:
Երբ շաղված աչքերով, օրօր-շորոր տուն էր մտնում ու մի լավ բուրում, տան անդամներն արդեն գիտեին իրենց գործողությունների հերթագայությունը. պետք է մտնեին սենյակները, ցածրաձայն շփվեին, իսկ երբ նա սկսեր անտեղի վիրավորանքների շարանը, ոչինչ չպատասխանեին: Հակառակ պարագայում տակի հարևանն էր գործի անցնելու:
Բայց դե երբեմն տան անդամների նյարդերը չէին դիմանում, հատկապես Պարգևի կնոջ: Երեխաները գոռում էին, աղաչում, մա՛մ խնդրում ենք ձեն մի՛ հանի, ոչ մի ձեն: Թո՛ղ տենց գետնին մնա, ինչ ուզում ա անի:
Էլի «Խմած ա» եկել բառից տան ամենափոքրը՝ 8-ամյա Սառան, մտքի ու սրտի հոգեխանգարմունքի մեջ էր մտնում: Նա սիրում հորը, սիրում էր ու վերջ: Ալկաշ, կեղտոտ, չսափված հորը նա սիրում էր իր կամքից անկախ:
Սառան մանկական երազանքներ չուներ, 8 տարեկանում լրջացել էր, ընկղմվել ինքն իր մեջ ու սառել: Երազում էր ամեն օր բակում խայտառակ չլինել, երազում էր, որ իրենց ներքևի հարևանը ողորմագին հայացքով իրենց չնայի, երազում էր ոչ թե փափուկ արջուկների ու խաղերի մասին, այլ միայն մի բանի՝ հայրը շաղված աչքերով տուն չգա:
***
Լինում էին դեպքեր, որ կինոն սենյակներ մտնելուց հետո էլ էր շարունակվում: Պարգևի միջի էթանոլից ոտքեր առած դևը անպատճառ ուզում էր կռվեր, գոռար, մի բան ջարդեր:
Կռիվների միջից Սեդան միշտ որսում էր իր մաքուր հոգուն անծանոթ տարօրինակ բառերը: Հայհոյախառն բառերի շարանը Պարգևը մանկահասակ աղջիկների ներկայությամբ հանգիստ էր արտաբերում: Ամենտարբեր բնույթի հայհոյանքներն ուղղվում էին տան գրեթե բոլոր անդամներին՝ առանց պատճառ, առանց խղճի խայթի:
Սառան միայն մի բան լավ չէր հասկանում է. Ինչո՞ւ է հենց հայրը խմում սկում անընդհատ մի բան կրկնել. ք………..նելու եմ:
– Մամ, եթե պապան ուզում ա քնի, թո՛ղ քնի, ինչի ա ամեն անգամ խմած ժամանակ նույն բանը կրկնում:
Դե արի ու մի գժվի, դե արի ու պայծառ աչքերով փոքրիկ աղջնակին բացատրի՝ ալկոհոլից բթացած ուղեղի զառնացանքը:
– Չգիտես բալես, ուշադրություն մի դարձրու, մի էլ լսեք ինչա ասում, դուրսա տալիս էլի:
Նոր տարուն 1 ժամ էր մնացել: Թթուն խոհանոցում էր՝ իրենք էլ սենյականերում՝ քարացած: Երազանքներով լեցուն այս օրը հենց հայրը տնից դուրս եկավ, Սառան մտքի մեջ շշնջաց՝ երնեկ խմած չգա, տեր Աստված, խնդրում եմ:
Քիչ չի խմած էր եկել, մի հատ էլ տունը տակնուվրա էր արել: Կպել էր տոնածառին, մի քանի Ձմեռ պապի պատկերով ապակյա խաղալիք ընկել էին կոտրվել կամ գուցե ինքն էր միտումնավոր քաշել, ջարդել: Փշուրները սենյակի կենտրոնում էին, գնացել էր խոհանոց, փորձել էր ջուր խմել, գցել էր բաժակը կոտրել:
Հա մեկ էլ ամենատարօինակը. հյուրասենյակի, խոհանոցի ու միջանցքի տարբեր անկյուններում մանդարիններ էին թափված: Ճղված տոպրակն էլ ընկած էր հյուրասենյակի կենտրոնում:
– Ոչ մի սեղան էլ չեմ դնելու, մենք մարդ ենք, որ Նոր տարի նշենք, մենք եսիմ ինչ ենք, որ ապրում ենք սենց մարդու հետ:
– Արի՛, երեխեքի համար գոնե, արի սեղանը բացենք, ես մենակ չեմ կարա, ծանրա,- ասաց Սեդա տատը՝ ինքն էլ չհասկանալով ոնց է կարողանում այսքանից հետո ապրել ու ոտքի վրա կանգնած մնալ:

***
Երեխաներն էլ էին խնդրում մայրիկին, մա՛մ արի գնանք, մա՛մ մենք քեզ կօգնենք արագ-արագ սեղանը կգցենք: Հա էլի մամ, կամաց կշարժվենք չի՛ զարթնի:
– Գնացե՛ք պահարանի միջից ձմեռ պապիկներով սփռոցը հանե՛ք՝ գալիս եմ,- հոգեկան մեծ ապրումներ արտահայտող ձայնով ասաց անգամ մազերը սանրելու ցանկություն չունեցող կինը:
Ձմեռ պապիկներով սփռոցը պահարանի միջից հանեցին, բայց սեղանը դեռ բաց չէր, ապասեցին մայրիկին:
Մինչ նա կգար՝ կռացան, սկսեցին կոտրված խաղալիքները հավաքել: Ապակու կտորները փշրվել էին, ընկել այս ու այն կողմ, Սառան գնաց, ավելը բերեց ու սկսեց հյուրասենյակը կարգի բերել:
Սեդա մեծն էլ իր ձեռքով փաթաթած թփով տոլման էն համտես անում՝ տեսնելու բրինձը եփե՞լ է, թե ոչ:
«Բրինձը պինդա հա ոնց որ, թող մի երկու րոպե էլ եփի»,- մտածեց նա ու գազի տակը մի քիչ բարձրացրեց:
Հյուրսենյակում շնչելու օդ չկար, Պարգևը կամաց-կամաց ետ էր գալիս կերուխումից: Բառերը կցկտուր էին, ինքն՝ իր ողջ կերպարով այլալված:
– Էդ լրբին ասա, թող գա ստեղ, աղջի մորդ կանչի՛, չես լսում, այ դագանակ,- հենց այսպես դիմեց Պարգևը իր 8-ամյա աղջկան: Գագոնա հա սիրածը դրա, տե՛ս գլխներիս ինչ եմ բերելու, ք……նելու եմ դրան,- գետնից մի կերպ բարձրանալով, իրեն բազկաթոռի մեջ գցելով կեղտոտ բերանից դուրս թռան կեղտոտ խոսքերը:
Երբ մայրը եկավ հյուրասենյակ, Սառան խնդրեց, աղաչեց՝ ձայն չհանի: Գիտեր՝ եթե մի բառ ավել ասեր կռիվը պատրաստ էր:
Սեղանը բացեցին, ձմեռ պապիկներով սփռոցը փռեցին, երկու քույրերով արագ-արագ նոր տարվա սեղանը զարդարեցին: Ամեն ինչ իր տեղն էր, ճաշերը պատրաստ, տոլմայի բրինձը եփած, միայն սիրտ չկար:
11:55 հինգ հոգանոց ընտանիքի 4 անդամները հավաքվեցին սեղանի շուրջ, նախագահի, կաթողիկոսի ամանորյա բարեմաղթանքները լսեցին, ուղիղ կեսգիշերին 4-ով գինու բաժակները չխկացրին, իրար պաչեցին, երեխեքն իրենց նվերները ստացան ու ոչ ամանորյա մտքերով գամվեցին հեռուստացույցին:

***
Պարգևը դեռ կիսաթիկնած էր բազմոցին, ո՛չ Նոր տարին էր հասկանում, ո՛չ կենացները, ո՛չ էլ երեխեքի լացից ուռած աչքերին էր բանի տեղ դնում: Մեկ քթի տակ ծիծաղում էր, մեկ հայհոյախառն բառերի շարանը դուրս հանում:
Մտել էր շուկա մի քանի բաժակ էլ այնտեղ էր խմել, ոտքի վրա, բաժակի ընկերների հետ: Հենց այնտեղից էլ 1 կգ մանդարին էր գնել:
Օրոր-շորոր տուն մտնելիս տոպրակը պատռվել էր, մանդարիներն էլ ընկելէին տան ծակուծուկերը: Գետնից մի կերպ բարձրացավ, ձեռքի մեջ մի պինդ բան շոշափեց, մանդարին էր ընկած: Բարձրացրեց, պահեց ձեռքի մեջ:
– Աղջի՛, արի ստեղ մի հատ, տես ինչ եմ քեզ տալիս, այ գուռման արի,- դիմեց նա Սառային:
– Ասա՛, ինչա եղել, ինչ ես ուզում,- ասաց իր հասակակիցներից մի քանի անգամ շուտ մեծացած Սառան:
Պարգևը ձեռքը մեկնեց ու գոռաց.
– Այ գուռման, արի՛ էս մանդարինը վերցրու:
Տակից-գլխից, հայհոյախառն բառեր չլսելու համար Սառան մոտեցավ մանդարինը վերցրեց, գնաց պատուհանի մոտ:
Գոլորշի էր կապել պատուհանին, փոքրիկ մատներով մի քանի աստղ նկարեց, նայեց դուրս:
Դրսում պարզկա, նոր տարվա գիշեր էր, մեկն այն գիշերներից, երբ հավատում ես, որ գոնե այսօր խմած չի գա:
Դիմացի շենքի լույսերը բոլորը վառ էին, Սառան նայում էր իր ընկերուհի Տաթևի պատուհանին ու մանդարինը ձեռքի մեջ ճզմելով պահում ամանորյա երազանքը. «երնեկ Տաթևի պես թռի-վռի ու անհոգ դառնամ»:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *