Տ. Շ. Արթուր | Միայն մի քանի Բառ

Տ. Շ. Արթուր

Թիմըթի Շեյ Արթուրը, ով հայտնի է որպես Տ. Շ. Արթուր, 19-րդ դարի Ամերիկացի գրող է: Ծնվել է 1809թ-ի հունվարի 6-ին Նյու Յորքում: Արթուրը սկզբում զբաղվում էր ինքնակրթությամբ, կարդում էր Աստվածաշունչ և կրոնական դասեր առնում տանը: Իսկ երբ 1817թ-ին նրա ընտանիքը տեղափոխվեց Բալթիմոր, Մերիլենդ, Արթուրն արդեն հաճախեց դպրոց: Սակայն անարդյունավետ ուսումնառության պատճառով, տասներեք տարեկանում նա թողեց ուսումն ու սկսեց աշխատել ֆաբրիկայում: Երբ տասնհինգ տարեկան էր, Արթուրը սկսեց աշակերտել դերձակի մոտ, սակայն վատ տեսողության պատճառով հինգ տարի անց ստիպված եղավ թողնել աշիատանքը:

1833թ-ին Թիմըթի Շեյ Արթուրը Բալթիմորուն սկսեց աշխատել որպես լրագրող: 1836թ-ին նա հիմնադրում է Բալթիմորի Գրական Հուշարձանը, որը համարվում էր հարգված գրական պարբերական: Այդ ժամանակ էլ տպագրվեց Տ. Շ. Արթուրի առաջին գիրքը՝ «Երիտասարդ կնոջ գիրքը»: 1839թ-ին պարբերականը ավարտում է իր գործունեությունը: 1836թ-ին Արթուրը ամուսնանում է Էլիզա Ալդենի հետ: Զույգը ունենում է յոթ երեխա:
Տ. Շ. Արթուրին մեծ հռչակ է բերում 1854թ-ին հրատարակված «Բարի սենյակի տաս գիշերներն ու այն ինչ տեսա ես այնտեղ» վեպը: Տ. Շ. Արթուրը մի շարք պարմվածքների հեղինակ է. դրանց թվում «Ովքեր են ամենաերջանիկները», «Միայն մի քանի բառ», «Մոր խոստումը»:
Թիմըթի Շեյ Արթուրը մահացել է 1885թ-ի մարտի 6-ին Ֆիլադելֆիայում:

Պարոն Ջեյմս Ուինքլեմանը տանից դուրս գալիս աղմուկով փակեց դուռը և արագ, հաստատուն քայլերով շարժվեց փողոցն ի վար՝ դեպի իր գրասենյակը. մտքերը խառն էին:
«Գործերն արագ են առաջ գնում,- աննշան հեգնանքով ասաց նա ու իրեն գրեթե նետեց կաշվե աթոռնին: Բավականին դժվար է, երբ մարդն իր իսկ տանը խոսելիս ստիպված է բառերն ընտրել այնպես զգուշորեն, ասես ադամանդներ հավաքելիս լինի ու դրանք իրար կապի այնպես նրբորեն, ասես ձվերի վրայով քայլելիս լինի: Դա ինձ դուր չի գալիս: Մարին օր օրի ավելի թույլ ու անխոհեմ է դառնում, և իմ ասած ամեն բառի մեջ այնքան լայն իմաստ է դնում, որ ես երբևէ նկատի չէի էլ ունենա: Ես սովոր չեմ մինչ խոսելս անգիր անել նախադասություններն ու ընտրել կասկածելի արտահայտությունները, իսկ հիմա դա անելու համար ես արդեն բավականին ծեր եմ: Մարին ինձ հետ ամուսնացել է, քանի որ ես այսպիսին եմ և նա պարտավոր է ընդունել ինձ այնպիսին ինչպիսին կամ: Տարիքս արդեն ացնել է նոր հնարքներ սովորելու համար:
Այս և այլ արդարացնող նախադասություններով պարոն Ուինքլեմանը, իսկապես, ինքնահաստատման զգացում էր փնտրում: Սակայն, չնայած այս ամենին, նա չէր կարողանում ո՛չ աչքի առջևից հեռացնել արցունքոտ դեմքի պատկերն, ո՛չ էլ ազատվել տաղտկալի դարձող այն համոզումից, որ իր կնոջ հետ խոսելիս, մեղմ ասած, անխոհեմ է վարվել:
Բայց ո՞րն էր այս ամբողջ անախորժության պատճառը: Երկնքում հավաքված ամպերը կուտակվել էին պարոն Ուինքլեմանի տան վրա, ու պարզ էր, որ այս ամենի մեջ նա իր մեղքի բաժինն ուներ: Միայն մի քանի անզգույշ բառեր են ասվել: Միայն բառեր: Եվ այս ամենը սրա՞ համար:
Բառերն աննշան բաներ են, բայց երբեմն ծանր հարված են հասցնում: Եվ մենք, որ այնքան հեշտությամբ ենք օգտագործում բառերը, հաճախ մոռանում ենք դրանց մեջ թաքնված մեծ ուժի մասին: Երբ ճիշտ ես խոսում, բառերը թափվում են ինչպես արևի լույսը, ցողն ու հորդառատ անձրևը: Իսկ հակառակ դեպքում՝ բառերը կարծես սառնամանիք, կարկուտ ու ամայացնող փոթորիկ լինեն: Որոշ մարդիկ ասում են այն ինչ զգում ու մտածում են, առանց հաշվի առնելու իրենց ասածի ուժը: Իսկ հետո զամրանում են, երբ ինչ-որ մեկը վիրավորվում կամ վշտանում է: Այսպիսի մարդկանցից մեկն էլ պարոն Ուինքլեմանն էր: Նրա կինը հմայիչ, անկեղծ ու զգայուն էր: Նրա համար բառերն, իսկապես, արժեք ունեին: Դրանք նրա համար զուտ ձայներ չէին: Որքան անգամ էր նրա խեղճ սիրտը ճմլվել դրանցից:
Այս նույն առավոտ էլ, տիկին Ուինքլեմանը, ով տկար առողջություն ուներ, թույլ ու նյարդային վիճակում էր: Միայն մեծ ջանքի շնորհիվ էր, որ նա կարողացավ հաղթահարելիրեն տանջող հիվանդագին դյուրագրգռությունը: Նա, իսկապես, համառորեն ձգտում էր ճնշել իրեն նեղություն պատճառող սրտխփոցը, բայց նրա փորձերն ապարդյուն էին: Եվ նրան թվում էր, թե սրտխփոց ունենում էր հենց այն դեպքերում, երբ ինչ-որ բան այն չէր լինում: Երեխաները կամակոր էին, խոհարարը՝ դանդաղաշարժ, պարոն Ուինքլեմանը էլ՝ անհանգիստ, քանի որ իր զգեստապահարանի հետ կապված որոշ փոքրիկ բաներ իր սրտով չէր:
– Արդեն ութն է, իսկ նախաճաշը դեռ պատրաստ չէ,- ժամացույցին նայելով ասաց պարոն Ուինքլեմանը, երբ արդեն վերջացնում էր հագնվելը:
Տիկին Ուինքլեմանը հագցնում էր հինգ երեխաներից վերջինին (մյուսներին արդեն հագցրել էր): Երեխաներից մեկը բծախնդիր էր, մյուսը՝ հակադրվող, իսկ երրորդը՝ կռվարար: Հինգն էլ դաժանորեն չափում էին մոր համբերությունը: Տիկին Ուինքլեմանն արդեն երկու անգամ խոհանոցում էր եղել՝ տեսնելու, թե ինչ վիճակում է նախաճաշն ու վայելելու սիրելի ուտեստի պատրաստման ընթացքը, որով ցանկանում էր անակնկալ մատուցել ամուսնուն:
– Մի քանի րոպեից պատրաստ կլինի,- ասաց տիկին Ուինքլեմանը,- այս առավոտ կրակը լավ չէր վառվում:
– Եթե մի բան լավ է, մյուսը պետք է վատ լինի, չէ՞, – փնթփնթաց պարոն Ուինքլեմանը: Արդեն հոգնել եմ այս անկանոնությունից: Եթե այսպես միշտ աշխատանքից ուշանամ, շուտով այդ նախաճաշն էլ չի լինի:
Իր դեմքի արտահայտությունն թաքցնելու համար տիկին Ուինքլեմանը կռացավ դեպի երեխան, որին հագցնում էր: Ինչպիսի սուր ցավ այժմ նա զգաց իր գլխում: Պարոն Ուինքլեմանը սկսցեց անհամբերությամբ ցած իջնել՝ պատկերացնելով, թե ինչպիսի հարվածներ են հասցնում իր ոտնաձայները կնոջ զգայուն ու ցավացող ուղեղում:
– Վատ է, շատ վատ է,- բացականչեց նա, երբ զանգը հնչեց: -Վերջապե՜ս, – փնթփնթաց նա ու քայլերն ուղղեց դեպի ճաշասենյակ: Երեխաները խառնաշփոթ առաջացնելով հետևեցին նրան: Տիկին Ուինքլեմանը, արագորեն շտկելով մազերն ու դնելով առավոտյան գլխարկը, ևս միացավ նրանաց սեղանի շուրջ: Մի քանի րոպե պահանջվեց երեխաներին կարգի բերելու համար:
Ուտեստը, որ տիկին Ուինքլեմանը անտանելի ցավերի մեջ պատրաստել էր ամուսնուն մատուցելու համար, դրված էր նրա ափսեի կողքին: Դա պարոն Ուինքլեմանի ամենասիրելի ուտեստն էր, ու նրա կինը սպասում էր գոհունակության որևէ արտահայտության, որ կթեթևացներ իր գլխացավը: Բայց պարոն Ուինքլեմանը ուտեստն անգամ չէր էլ նկատում: Երեխաների ափսեի մեջ դնելուց հետո, նա լուռ իրեն էլ լցրեց ոտեստը: Բայց մի լիքը բերան փորձելուց հետո, գցեց դանակ-պատառաքաղն ու մի կողմ հրեց ափսեն:
– Ի՞նչ պատահեց,- հարցրեց կինը:
– Հուսով եմ սրա պատրաստումը Բրիջեթին չես վստահել,- պատասխանեց նա:
– Ի՞նչ խնդիր կա,- տիկին Ուինքլեմանի աչքերը լցվեցին արցունքներով:
– Օհ, նշանակություն չունի, – անտարբերությամբ ասաց պարոն Ուինքլեմանը,- ինձ համար միևնույնն է:
– Ջե՛յմս: Կնոջ ձայնի մեջ հանդիմանության հետ միախառնված ինչ-որ տխրություն կար, իսկ երբ նա արտաբերեց ամուսնու անունը, արցունքները հեղեղի մնան թափվեցին այտերին:
Պարոն Ուինքլեմանին արցունքները դուր չէին գալիս: Դրանք նրան միշտ զայրացնում էին: Իսկ հիմա նա արցունքներին դիմանալու տրամադրություն չուներ: Եվ, պահի ազդեցության տակ, նա վեր կացավ, վերցրեց գլխարկն ու դուրս եկավ տանից:
Ինքնարդարացման ջանքերն ինչպես երևում է հաջողությամբ էին պսակվել: Բայց որքան պարոն Ուինքլեմանը հանդարտվում, իսկ մտքերն էլ պարզվում էին, այնքան պակաս բավարարություն էր նա զգում առավոտյան կատարված դրամայի մեջ իր խաղացած դերով: Ու երբ նրա մտքերը փոխվեցին, որն իր խառնվածքի տեր մարդկանց շրջանում անսովոր բան էր, նա սկսեց պարզորոշ հասկանալ հարցի վերաբերյալ իր կնոջ տեսակետը: Նա ամոթ զգաց, նախաճաշի ընթացքում իր պահվածքի համար և սրտնեղեց այն ցավի համար, որ իր անխոհեմ բառերն էին պատճառել կնոջը:
Հենց այսպիսի հավասարակշիռ վիճակում էր պարոն Ուինքլեմանը, երբ վերադարձավ տուն: Տունը նրան հանդարտ թվաց: Երբ վերև բարձրացավ, լսեց մանկական սենյակից եկող երեխաների ձայները: Բայց ականջին չէր հասնում կնոջ ձայնը: Եվ նա մտավ դիմացի սենյակը, որի լույսն անջատած էր: Թույլ լուսավորության տակ նա կարողացավ տեսնել անկողնում պառկած կնոջը: Նրա աչքերը փակ էին, իսկ նիհար դեմքն այնքան գունատ էր, դիակ հիշեցնող, որ պարոն Ուինքլեմանի մարմնով դող անցավ: Մոտենալով անկողնուն, նա կռացավ ու սկսեց ուշադիր նայել կնոջը: Սկզբում կասկածում էր՝ կինը իսկապես շնչում էր, թե ոչ: Բայց հետո թեթևություն զգաց, երբ կինը թույլ շնչառությամբ գլուխը բարձրացրեց ու կրկին դրեց բարձին:
– Մարի՛,- խոսեց նա ցածր ու հոգատար ձայնով:
Այդ պահին կոպերը բացվեցին ու տիկին Ուինքլեմանը, փոքր ինչ շփոթված, հայացքը հառեց ամուսնու դեմքին:
Պահի ցանկությանն ենթարկվելով՝ պարոն Ուինքլեմանը գլուխն իջեցրեց ու մի համբույր թողեց նրա գունատ շուրթերին: Ասես խորը հուզումունքից դրդված կնոջ ձեռքերը փաթաթվեցին ամուսնու պարանոցի շուրջ:
– Ցավում եմ, որ այսքան հիվանդ ես,- կարեկցանքով ասաց պարոն Ուինքլեմանը: Ի՞նչ է պատահել:
– Միայն թեթև գլխացավ,- պատասխանեց տիկին Ուինքլեմանը: Բայց քնել եմ ու հիմա ավելի լավ եմ:
– Չգիտեի, որ այսքան ուշ է, – ավելացրեց նա, փոքր ինչ փոխելով ձայնի երանգը և այնպիսի դեմք ընդունելով, որ անհանգստություն էր արտահայտում:
– Ցավում եմ. ճաշդ պատրաստ չէ: Տիկին Ուինքլեմանը փորձեց վեր կենալ:
Բայց ամուսինը ձեռքերով նրան նրբորեն հետ հրեց ասելով.
– Ճաշի մասին մի մտածիր: Հանգիստ պառկիր, երբ լավ զգաս, կպատրաստես:
– Շա՞տ է ցավում:
– Այո: Նա այս բառը ոչ թե տխրությամբ այլ ժպիտով արտաբերեց: Հիմա նրա դեմքն այնքան էլ գունատ չէր, իսկ մռայլ աչքերն արդեն պարզվում էին:
Ինչպիսիս բուժիչ ուժ էր թաքնված նրա հոգատար ձայնի և խոհեմ բառերի մեջ: Եվ այդ համբույրը… այն ցնցեց կնոջը, այն ասես նեկտար լիներ թորշնող հոգու համար:
– Բայց հիմա շատ ավելի լավ եմ, – գլուխը բարձրացնելով ասաց նա,- կարող եմ վեր կենալ:
Եվ տիկին Ուինքլեմանը, իսկապես, ոչ մի ցավ չէր զգում: Նա կանգնեց ու հաստատուն քայլերով առաջ գնաց:
Մի քանի րոպե անց զանգը ընտանիքին կանչեց ճաշի: Պարոն Ուինքլեմանը սեղանի շուրջ իր տեղը զբաղեցրեց այնպսիս հանգստությամբ, որ բոլորին զարմացրեց նրա զգացմունքների այսպիսի փոփոխությունը: Որքան տարբեր էր այս տեսարանն առավոտյան ճաշի տեսարանից: Եվ, իսկապես, այն մի քանի պարզ բառերի մեջ ուժ կար, որ հսկայական փոփոխության առիթ տվեց: Այո, այն մի քանի բառերը, որ բարության անուշահոտությամբ էին բուրում:
Երբ մտածմունքների մեջ խորասուզված, պարոն Ուինքլեմանը վերադառնում էր գրասենյակ, լույսի մի քանի ճառագայթ լուսավորեցին նրա միտքն ու նա հասկացավ, որ իր տան վրա կուտակված ամպերերի մեղավորն, հաճախ, հենց ինքն էր:
– Մարին հիմար էր,- մասամբ ինքն իրեն արդարացնելու համար ասաց նա, – որ իմ անխոհեմ բառերը սրտին մոտ է ընդունել: Հաճախ ասում եմ բաներ, որոնց կեսն անգամ նկատի չեմ էլ ունենում: Նա ինձ ավելի լավ պետք է ճանաչի: Մինչդեռ,- ավելացրեց նա, քայլերը դանդաղեցնելով, քանի որ ավելի խորն էր մտածում, քան սովորաբար,- գուցե ավելի հեշտ կլինի, եթե ես բառերս ավելի զգուշորեն ընտրեմ և զսպեմ ձայնիս այն չարությունը, որ նրանց կրկնակի ուժ է տալիս, քան Մարիի համար՝ ճնշել նրանցից ստացած ցավի զգացումը:
Ճիշտ է, պարոն Ուինքլեման: Հենց սա է այս ամբողջի էությունը: Հարվածելն ավելի հեշտ է, քան հարվածի ազդեցությունից զգացմունքները կամ ցավի նշան ցույց տալը ճնշելը: Հետևիր քո բառերին, ընտանիքիդ անդամների բառերին: Հատկապես ուշադիր եղիր այն մարդկանց բառերի հանդեպ, որոնց խոսքը քեզ համար արժեք ունի: Եվ ներում խնդրիր, եթե բարկության պահին ասված բառերդ ցավ են պատճառել:

Թարգմանությունը անգլերենից՝ Մանե Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *