Միլենա Բաղդասարյան | Խմե՛նք

– Էս խաղալիքը որտե՞ղ կախեմ։
– Պատի կողմից․ սիրուն չի։
– Իսկ եթե ընդհանրապես չկախե՞մ։
– Չէ՛, պապի, չեմ ուզում տոնածառը հետևից դատարկ լինի։
– Հա բայց մեկ ա՝ չի երևալու։
– Կարևորը՝ մենք իմանանք, որ դատարկ չի։
– Կյանքդ է՞լ ես ամեն կողմից ծածկում՝ ինչով պատահի։
– Հա՛, ծեփում եմ գաջով, որ դատարկ տեղեր չմնան։
– Գազարը․․․
– Գազարը ի՞նչ։
– Տատիդ նման ես կտրտում՝ էնքան համաչափ, ասես՝ քանոնով չափած լինի։
– Տատին է՞լ էր պերֆեկցիոնիստ։
– Էդ ի՞նչ ա։
– Դե որ իր արած ամեն ինչ պիտի կատարյալ լիներ։
– Հա՜․․․ հա՛, հա՛։ Պերֆի․․․
– Պերֆեկցիոնիստ։
– Հա, բայց երևի ինքն էլ էդ բառը չգիտեր։ Տատդ ինձ միշտ պարզաճակատ էր անում․ մեր տանը մի անգամ հաց ուտողը մեր մշտական հյուրն էր դառնում։ Չէ՛, ես լավ զրուցընկեր չէի, ուղղակի տատդ շա՜տ լավ էր սարքում։ Ես էլ միշտ բողոքում էի, ասում էի՝ աղի ա, աղը պակաս ա, վառած ա, հում ա։ Շատ էի տատիդ նեռվերն ուտում։ Բայց սիրում էի։
– Ինքն է՞լ էր սիրում։
– Չգիտեմ, էդպես էլ չիմացա։ Մեր սերունդը ֆիքստուլ բառեր չգիտեր՝ պեռֆիկցիոնիստ, սեր, ինտեռնետ։ Տատդ ժուժկալ էր խոսքերի ու սիրո մեջ։ Բայց պարանից առաջինն իմ շորերն էր հավաքում, շալվարս միշտ ճիշտ գծով էր արդուկում, կենացների ժամանակ էլ առաջինն իմ բաժակին էր խփում։
– Ուրեմն սիրում էր։
– Հա՛, ես էլ եմ էդպես մտածում։ Գիտե՞ս՝ ճեղքեր կան, որ ինչքան էլ գաջ ես լցնում, չեն փակվում։ Տատդ որ գնաց, էս տան պատերն ինչքան գաջում եմ՝ աչքիս քանդած են թվում։
– Երնեկ քեզ, պապի։ Սիրել ես։
– Դու էլ կսիրես, բալե՛ս։ Ամեն ինչ ճիշտ ժամանակին ա գալիս։ Գալիս ա ու հո՛պ՝ սկսում ես խելառի պես ինքդ քեզ ժպտալ։ Ու տանդ պատերի ճեղքերը փակվում են՝ առանց գաջելու։
– Չգիտեմ, պապի, չգիտեմ՝ ինչ ա սիրելը։ Չեմ տարբերում հավանելը, հիանալը, խղճալը, կիրքը, համակրելը, կապված լինելը, կախված լինելը, սիրելը։
– Տատդ էլ չգիտեր, էդպես էլ չիմացավ։ Բայց որ ինձ համար կոֆե էր սարքում, քթի տակ երգում էր։
– Է՜, պապի։ Չես հասկանում։
– Էհ գիտես էն սիրուն բառերով սերը գաջողները հասկանու՞մ են։ Սերը թթու չի, որ բանկի մեջ խցկես, մի հատ էլ կափարիչով փակես, վրան գրես «Սեր», որ չմոռանաս՝ ինչ ա բանկի մեջ։
– Պապի՛, կաղամբի թթու կուտե՞ս։
– Հա՛, լավ բան ասիր։ Ես էլ մի լավ բան ասեմ․ ես չգիտեմ՝ սերն ինչ ա, բայց մի բան գիտեմ՝ սերը գաջ չի։ Չփորձե՛ս սեր ման գալ կյանքիդ դատարկ տեղերը ծածկելու համար։ Ոչ մեկ մեղավոր չի, որ տանդ պատերին ճեղքեր կան․ չփորձե՛ս ինչ-որ մեկին քանդել քեզ գաջելու համար։ Քո փրկությունը քո մեջ փնտրի, որ ուրիշին էլ քո հետ չկործանես։ Քեզ գաջի, քեզ լցրու, քեզ ամուր պատ, ամուր մարդ սարքի, տատիդ պես։ Որ հետո պապիդ պես մեկը գա քո կյանք, ու երկուսով փորձեք ոչ թե պատ, այլ տուն շինել՝ պարբերաբար իրար գաջելով, իրար ներկելով, իրար ավելի ամրացնելով։ Խարխուլ մի՛ մնա էս կյանքում՝ սպիտակ ձիով պատշարի սպասելով։
– Պապի՛, կհանե՞ս էն խաղալիքը։
– Որ՞ մեկը։
– Պատի կողմինը։
– Ա՛յ բալա՞, քեզ ի՞նչ էղավ։
– Ավելի լավ ա պատի կողմը դատարկ լինի, քան ծածկված՝ ինչով պատահի։
– Ա՛յ էս առիթով արժի խմել։
– Խմե՛նք։
– Տատիդ կենացը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *