Նելլի Շահնազարյան | Նոր թարգամանչական գիրք

ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԳԻՐՔ, ՆՈՐ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ

2021 թվականին «Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել ուկրաինացի գրող Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ժողովածուն Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ։ Գիրքը ձևավորել է ուկրաինացի գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը, ինչն արել է բարձր ճաշակով և հոգածությամբ։ Բորիս Եղիազարյանը ծնունդով հայաստանցի է, 2020 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից ճանաչվել է իբրև մեր ժամանակների ամենահայտնի հայ նկարիչներց մեկը։ Նա բազմաթիվ միջազգային և պետական պարգևների և մրցանակների դափնեկիր է։ Դե, իսկ գրքի թարգմանիչը՝ Անուշավան Մեսրոպյանը, նոր անուն չէ ո՛չ հայ, ո՛չ էլ ուկրաինական գրական, գիտական, մշակութային միջավայրի համար։ Նրա ցանքսը առատ է, հունձքը՝ բարեբեր. բազմաթիվ առիթներ ենք ունեցել ուրախանալու, ոգևորվելու և հպարտանալու ուկրաիանական լեզվի և գրականության մագիստրոսի կոչումը վաստակած հեղինակի թարգմանչական գործունեությամբ, ինչը նպաստել է Հայաստանի և Ուկրաինայի միջև գրական, գիտական և մշակութային կապերի զարգացմանը։ Անուշավան Մեսրոպյանը թարգմանում է ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն՝ պոեզիա, արձակ և դրամատիկական գործեր։ Նրա թարգմանությունները տպագրվել են հայկական և ուկրաինական գրական պարբերական մամուլում և գրահրատարակչություններում՝ «Գարուն», «Գրական թերթ», «Նորք», «Նոր դար», «Առավոտ», «Անտարես», «Ապոլլոն», «Էդիթ պրինտ», «Арка», «Литературный Львов», «Коментар», «Литературная Украина», «Зерна», «Журналi», «Сучаснiеть», «Ֆենիքս», «Курер Кривбасу», «Սրիբնե սլովո», «Всесвiть», «Ստարի լև»։ Նա բազմիցս անդրադարձել է հայ անվանի գրող Լևոն Խեչոյանի գրականությանը, ինչը լայն արձագանք է գտել ուկրաինացի ընթերցողների շրջանում և արժանացել ուկրաինացի գրականագետների բացառիկ ուշադրությանը։ Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ ուկրաինայի ընթերցողներին հասանելի են դարձել նաև այլ ճանաչված հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններ՝ Աղասի Այվազյան, Վանո Սիրադեղյան, Զահրատ, Սոնա Վան, Վրեժ Իսրայելյան, Արամ Պաչյան։ Մեծ արձագանք են գտել Արամ Պաչյանի հեղինակած «Ռոբինզոն» վիպակը և պատմվածքները։ Հայ հեղինակները տպագրվել են Լվովում (որտեղ Անուշավան Մեսրոպյանն է բնակվում), Կիևում, Դնեպրոպետրովսկում։ Անուշավան Մեսրոպյանը հեղինակել է նաև մի շարք արժեքավոր գրական, գիտական և հայագիտական հոդվածներ։ Նա ուկրաիներենից հայերեն է թարգմանել ժամանակակից ուկրաինական պոեզիա, կազմել է ուկրաինական երիտասարդական պոեզիայի երկլեզու ալմանախ և թարգմանել հայերեն «Փոքրիկ գրադարան» №7 մատենաշարով ժամանակակից եվրոպական պոեզիա, Լյուբկո Դերեշի «Խաղարարը» վեպը, «Տառեր քարերին» հայ և ռուսական արդի պոեզիային նվիրված ժողովածուում տեղ են գտել նրա թարգմանություններից: Թարգմանիչն աշխատում է հայ-ուկրաիներեն, ուկրաիներեն-հայերեն բառարանների վրա, միաժամանակ կազմում է հայկական ձեռագրերի կատալոգ։
Անուշավան Մեսրոպյանը Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ է, թարգմանչական գործունեության, Հայաստանի և Ուկրաինայի միջև գրական և մշակութային կապերի զարգացման, բարձր պրոֆեսիոնալիզմի համար արժանացել է երկու երկրների դեսպանությունների պատվոգրերին, իսկ 2019 թ. արժանացել է «Լվովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրականության քաղաք» եզրափակիչ մրցույթի դիպլոմին։ Հայտնի բան է, որ հաջողված թարգմանությունը դառնում է այս կամ այն երկրների մշակույթի մաս և նպաստում նրա մշակույթի զարգացման ու տարածման գործին, ինչն էլ իր հերթին կարևորագույն դեր է խաղում պետությունների քաղաքական կյանքում։
Վերադառնանք բուն նյութին՝ Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» գրքին։ Պետք է խոստովանել, որ գրքի վրա աշխատած պրոֆեսիոնալ մասնագետների և «Էդիթ պրինտ» հրատարակչության նույնքան պրոֆեսիոնալ աշխատակիցների ջանքերի շնորհիվ ստացվել է բարձրաճաշակ, ներկայանալի գիրք, որը գայթակղում է վերցնել ձեռքդ և բացել այն, ինչը որ անում եմ ես ու նախ արագ-արագ էջից էջ եմ անցնում և ինձ համար պարզում, որ գիրքը պահանջում է շատ ուշադիր և ոչ մեկանգամյա ընթերցում։ Պետք է ասել, որ դժվար գործ է կատարել Անուշավան Մեսրոպյանը, քանզի Վասիլ Կույբիդայի պոեզիան փոքր-ինչ անսովոր, ավանդականից անդին, բարդ ու հակասական զգացմունքների պոեզիա է։ Ուրիշ են նրա ոճն ու մտածողությունը, ավելի շուտ փիլիսոփայական մտապատկերներ են, խոհեր, մտորումներ, որ առաջանում են իրերի, շրջապատող աշխարհի, երևույթների, նաև սեփական ներաշխարհի խորքերը թափանցելուց։ Փիլիսոփայություն պոեզիայի մեջ կամ պոեզիա փիլիսոփայության մեջ։ Նրա բանաստեղծություններում ավելի շատ պետք է տեսնել, գտնել բառի, ասելիքի ենթաիմաստը, թեև երբեմն այն ուղիղ է ու ճակատային։ Նրա պոեզիան ինքնատիպ է, նա ունի ուրույն՝ իր հոգեկերտվածքից բխող բանաստեղծական աշխարհ, որ առաջնորդում է քեզ՝ հաղորդակից դարձնելով իր ներքին ցավին, ցասումին, ըմբոստությանն ու ընդվզումին։
Վ.Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ժողովածուն կազմված է հինգ ենթաբաժիններից, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են հեղինակի ապրած կյանքի տարբեր ժամանակահատվածների հույզերը, տրամադրություններն ու ապրումները։ Դրանցից ամենածավալունն առաջին՝ «Հետքեր» ենթավերնագիրը կրող մասն է, որն աչքի է ընկնում փիլիսոփայական ներհայեցողությամբ։ Բանաստեղծը փորձում է թափանցել աշխարհի սովորական թվացող երևույթներից ներս. կյանքը կարճ է ու անցողիկ, ու մարդիկ էլ են ապրում մի-մի թիթեռի կյանք («Թիթռները»)՝ հաճախ չգիտակցելով այդ։ Երբեմն էլ իր ապրած կյանքը ընթերցողին է հասնում այլաբանությամբ («Աշնանային ծուխ դառնալուց առաջ»), («Ես գագաթն էի բոցի…»)։ Վասիլ Կույբիդան ներքին կռիվ է մղում ինքն իր ես-ի հետ և իր հոգու խռովքը՝ կասկածները, հույզերն ու տագնապները, հասանելի դարձնում ընթերցողին /«Մնում է՝ ընտրես»/ /«Կամ ինքդ քո թշնամին պետք է դառնաս, կամ ընկերդ լինես»/։ Աշխարհն աղբանոց է դարձել, ու նա կռիվ է տալիս դաժան իրականության հետ /«Եթե աշխարհն այս աղբանոց է, ուրեմն արժե գոնե մտածել՝ ինչո՞ւ ես դու հայտնվել այստեղ, և որն է մեղքը քո»/։ Ինքնատիպ մտածողության յուրօրինակ դրսևորում է «Անորոշ կանխազգացում» բանաստեղծությունը։ Բոլորս ապրոմ ենք՝ սպասելով փրկչի գալստյանը։ Դավաճա՞ն էր արդյոք Հուդան, թե՞ ամենախելոքը աշակերտների մեջ, որ գիտակցաբար մատնեց ուսուցչին՝ հասկանալով սուրբ նպատակը և քաջ գիտակցելով իրեն սպասվող մեղքի չափը։ Հիմա բոլորս փրկչի գալստյան համար պատրաստ ենք դառնալ Հուդա, միայն թե իրականանա սուրբ նպատակը, եզրահանգում է բանաստեղծը։ Ժամանակը հոսում է, ու մարդը վազում է ժամանակի հետ, որովհետև հենց կանգ առնի, կանգ կառնի նաև ժամանակը, և կվերջանա ամեն ինչ /…հենց կանգ եմ առնում/, /Մաշկս դառնում է կեղև/, /Իսկ ոտքերս մխրճվում են հողի մեջ/։ Այս ամենը կա մեր ենթագիտակցության մեջ, սակայն նրան հաջողվում է ընկալելի դարձնել ։
Իմ նպատակը չէ, ոչ էլ իմ խնդիրը վերլուծել այս ստվարածավալ ժողովածուն, ուղղակի կամեցա իմ գնահատանքի խոսքն ասել ինձ հոգեհարազատ գործերի մասին։ Իսկ ինձ, թերևս նաև թարգմանչին, առավել հոգեհարազատ են ծնողներին նվիրված բանաստեղծությունները, որոնք դարձյալ շոշափում են կյանքի անցողիկության գաղափարը, որը մարդու հոգու դրաման է։ Ծնողների կորստյան ցավ, չմեռնող կարոտ, դատարկություն, որ ոչնչով չի լցվում, վերհուշ վաղուց հեռացած, բայց չմոռացվող մարդկանց մասին, որոնց հիշելիս էությունդ պարուրվում է տաք թախիծով. թվացյալ առտնին նախադասություններից հորդում է սեր առ ծնողները, դեպի հայրենի տունն ու մանկության հարազատ վայրերը։ Մայրը կանչում է պոետին հայրենի տուն՝ պարտեզի, բակի, բանջարանոցի եզրով հոսող գետի, իրենց առեղծվածով գայթակղող սարերի ձայներով, բայց նրա ձայնը պոետին չի հասնում։ /Միայն երբ ընկավ բռինչը/, /Մորս ձեռքերից/, /Վերադարձա/։ Հետո՝ կա /Տունը։ Բակը։ Պարտեզը։ Գետը։ Սարերը։ Բռինչը/, /բայց նրանց ձայները նման չեն մորս ձայնին/։ Ի՜նչ ափսոսանք, ցավ ու կարոտ կան այս տողերի մեջ։
Սուրբ ծնունդն ու Զատիկը բանաստեղծին հիշեցնում են մայրիկին ու հայրիկին, քանզի Սուրբ Ծննդի և Զատիկի խորհուրդը նրան հասանելի են դարձրել մայրիկի սովորեցրած երգերը և այդ օրերին խոտի դեզի մեջ հայրիկի թաքցրած կոնֆետները /Ու զանգերի գունեղ ղողանջները/, /որ հայրիկը հմտորեն ուղարկում էր զանգակատնից/, («Վերադարձ», էջ 373)։ Գեղեցիկ, առինքնող, լուսավոր ու կենդանի բանաստեղծական պատկեր է, իրականության չափ տեսանելի, լի զգացմունքով «Ճերմակած մազեր, խատուտիկներ և ջրհոր…» բանաստեղծությունը։ /Երգը խոնարհվել է նրանց վրա/։/Մայրս իրականո՞ւմ է, թե երազներիս մեջ/,/ Այն ժամանակվա, որ կոչվում էր ոսկե/։ Իսկ ժամանակները՝ ոսկե էին, քանի դեռ ինքը մանուկ էր, իսկ ծնողները՝ ողջ։
Մեկ այլ բանաստեղծության մեջ Վասիլ Կույբիդան հորը նույնացնում է դարավոր ընկուզենու հետ, երկուսն էլ թիկնեղ են, ազատություն տենչացող, համարձակ ու պինդ. «Այս ընկուզենու մեջ հորս ճանաչեցի» (Վերադարձ, էջ 399)՝ «Հորս» բանաստեղծության մեջ էլ նա հոր ուժն ու զորությունը համեմատում է հզոր շարժիչի հետ, իսկ ձեռքերը ՝ կաղնու կեղևի. /«Ձեռքերը կոշտուկներով ու պիրկ երակներով»/, /Ասես կաղնու չորացած կեղև էր/, բայց միտքը միշտ մնացել է արթուն, և ողջ էությունը ձգտել է ազատության՝ համակ սեր դարձած առ իր երկիրը, իր Ուկրաինան։ Հող հայրենիի նկատմաբ սերը բանստեղծը ժառանգել է հորից ու պապից։
Նրա հոգին խռովահույզ է, քանզի խաղաղ չէ հայրենի եզերքը։ Անթաքույց հայրենապաշտ է, այդ իսկ պատճառով երբեմն ճակատային կոպիտ ու անզիջում՝ հատկապես Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների ծիրում, հաճախ էլ անզուսպ է, անողոք ու դաժան։ Նա առավելագույնս արագ է արձագանքում հայրենի եզերքի հետ կապված վայրիվերումներին, նրա հոգին կեղեքում են անցյալի հուշերը, նրա տեսողական հիշողության մեջ պատկերված են ավերակ դարձած հին բնակավայրերը, բանջարանոցներն ու այգիները, ցավոտ հիշողություն դարձած «անհանգիստ տանտիրուհիները», ականջների մեջ հնչում են անմեղ զոհերի սահմռկելի ճիչեր, և այս ամենը անասելիորեն ցավեցնում են բանաստեղծի սիրտը. /Ճանապարհներ չկան։ Ավերակ է։ Մշուշ/։/Սև երկնքում ագռավներ են կռկռում)։ /Երբեմնի տների տեղում մոլախոտ է աճում/, /Իսկ քամին մրցավազքի մեջ է/։ (Սեկտոր Դ): Սակայն կասկածից վեր են նրա հավատն ու վստահությունը վաղվա հաղթանակի հանդեպ.Ժողովուրդ, որին ոչ ոք երբեք չի հաղթի։ /Մենք ընդմիշտ անկախ կլինենք/։
Ամփոփելով ասելիքս՝ ուզում եմ շեշտել, որ, ըստ իս, Վասիլ Կույբիդայի անսովոր պոեզիան սերտորեն կապված է իր կրթության, մասնագիտության հետ։ Նա իրերին, երևույթներին նայում է որպես տեխնոկրատ. չէ՞ նա ֆիզիկամաթեմատիական և իրավաբանական գիտությունների թեկնածու է, պետական կառավարման գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան… այս շարքը երկար շարունակելի է…
Ուզում եմ շեշտել, որ նա հեղինակ է բանաստեղծությունների 12 ժողովածուների, թարգմանվել է լեհերեն, բուլղարերեն, անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն , ռուսերեն ահա նաև հայերեն, ինչի համար շատ ուրախ եմ և բարի երթ եմ մաղթում «Բանի առեղծվածին»՝ սրտանց շնորհավորելով թե՛ գրքի հեղինակ Վասիլ Կույբիդային, թե՛ թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանին, թե՛ գիրքը ձևավորող գեղանկարիչ Բորիս Եղիազարյանին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *