Ականատես | Նրան մի՛ կոչեք իմ անունով

Դուք նորից ժպտում եք… դա հաճելի է… հաճելի է տեսնել, երբ սիրելի մարդիկ ժպտում են:
Երբ սիրելի մարդկանց վաղուց ժպտալիս չես տեսել, շատ մեծ է այդ ժպիտին երկար նայելու գայթակղությունը, բայց երբ սիրելի մարդկանց վաղուց ժպտալիս չես տեսել, շատ մեծ է նաև հետաքրքրությունը, թե որտեղից է ծնունդ առնում այդ ժպիտը: Դու ուզում ես իմանալ, թե ուր են նայում նրանք, ինչ են տեսնում նրանց աչքերը, ինչն է շոյում նրանց հոգին… Ես էլ, իհարկե, ուզում էի իմանալ, ու ես իմացա…
Դուք նայում եք նրան… իհարկե, ինչպես չժպտաս, երբ նայում ես նրան… առավել ևս, երբ գրկում ես նրան… ես էլ եմ ուզում ժպտալ… ես էլ եմ ուզում գրկել նրան… բայց ես չեմ կարող… ես շատ բան էլ չեմ կարող անել, որովհետև ես էլ չկամ…
Ես նայում եմ նրան ու ուզում եմ ժպտալ: Ես ուզում եմ գրկել նրան, որովհետև նա ժպիտ է բերել ձեզ… միայն դրա համար նրան կարելի է սիրել… և նրանով կարելի կլիներ անվերջ հիանալ, եթե դուք նրան չկոչեիք իմ անունով…
Դուք նրան տվել եք իմ անունը, և ձեզ թվում է, թե դուք նրան եք տվել նաև իմ հոգին… և այժմ նայելով նրան՝ դուք փորձում եք տեսնել ինձ…
իմ աչքերը…
իմ միմիկան…
իմ շարժուձևը…
և նույնիսկ ուզում եք լսել իմ մտքերը…
Եվ ձեզ նույնիսկ երբեմն թվում է, թե դուք ինձ տեսնում և լսում եք… դա ձեզ ուրախացնում է…
Գիտե՞ք, ես ձեզ դեռ սիրում եմ… ես չգիտեմ, թե ինչքան երկար կարող է ձգվել ժամանակը, բայց ինչքան էլ որ այն երկար լինի, ես ձեզ կսիրեմ… բայց թույլ տվեք մի փոքր վիճել ձեզ հետ… և նույնիսկ ասել, որ դուք սխալ եք գործում… Նրա մեջ ինձ փնտրելով՝ դուք ինձ չեք գտնի, իսկ նրան կկորցնեք… բայց նա արժանի է գտնված լինելու…
Այն, ինչ դուք անում եք, ստիպում է ինձ մտածել, որ նա, ում դուք իմ անունն եք տվել, աստիճանաբար զբաղեցնում է իմ տեղը… որովհետև
նա քայլում է իմ սենյակում…
նա քնում է իմ մահճակալին…
նա ժպտում է իմ ծնողներին…
նա գրկում է իմ ծնողներին…
Նա, ով իմ անունն ունի… նա, ով ես չեմ… բայց նա իմ անունն ունի…
Իմ ծնողներն այժմ նրա ծնողներն են… բայց դա ինձ չի ցավեցնում: Ես նույնիսկ կարող էի սիրել նրան… իրականում նա արժանի է սիրո, բայց նա իմ անունն ունի…
Առաջ այդ անունը ձեզ համար միայն իմ մասին էր… հիմա այդ անունը նաև նրա մասին է…
Ասում են՝ ուղեղին հնարավոր է խաբել։ Ասում են՝ երբ այն մի բան հաճախ է անում, սովորում է դա անել ավելի լավ։ Դուք ամեն օր ձեր ուղեղին սովորեցնում եք իմ անունով դիմել նրան…

Ես վախենում եմ, որ կգա մի օր, երբ այլևս իմ անունը տալիս դուք կմտածեք միայն նրա մասին…
Դուք ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես ամեն անգամ իմ անունով նրան դիմելիս դուք ինձ կարտամղեք… և հենց հիմա դուք ինձ արտամղում եք…
արտամղում եք
ձեր տնից…
ձեր մտքից…
ձեր կյանքից…
ձեր սրտից…
Նույնիսկ անցյալից դուք ինձ արտամղում եք…
Դուք ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես մի օր ինձ կփոխարինեք նրանով…
Փաստորեն դուք կարող էիք վերածնել ինձ…
Երբ դա տեղի ունենա… երբ իմ անունով նրան դիմելիս դուք իմ մասին էլ չհիշեք… հենց այդ օրը ես կդադարեմ գոյություն ունենալ…
Ձեզ համար դժվար է համակերպվել, որ ես հիմա գոյություն չունեմ, բայց չէ որ ես գոյություն եմ ունեցել: Մի՞թե դա չէ ամենակարևորը…
Ես չկամ հիմա, բայց ես կայի անցյալում… եթե ես երբևէ եղել եմ անցյալում, ես կամ նաև հիմա, և ես կարող եմ լինել նաև հետո… եթե դուք թույլ տաք, որ ես լինեմ…
Բայց ամեն անգամ նրան իմ անունով դիմելիս՝ դուք տանում եք ինձ չգոյության… անկախ ձեր կամքից՝ դուք նպաստում եք, որ ես դադարեմ գոյություն ունենալ նույնիսկ անցյալում… իսկ եթե ես չլինեմ անցյալում, ես կդադարեմ գոյություն ունենալ ժամանակի բոլոր տարածություններում…
Ես ձեզ լավ եմ ճանաչում: Ես գիտեմ, որ իմ չլինելը ձեզ ցավեցնում է: Երբ ձեր ներսը ցավում է, դրանից իմ ներսն էլ է ցավում, բայց ես չեմ հասկանում ձեզ… ինչո՞ւ եք դուք նրան իմ անունով կոչել… որպեսզի չմոռանա՞ք ինձ… թե՞ որպեսզի մոռանա՞ք ինձ…
Մի՞թե ինձ չմոռանալու համար ձեզ հարկավոր է, որ իմ անունը ամեն օր ձեզ հիշեցնի իմ մասին… մի՞թե ես միայն անուն էի…
Թվում է, թե ես՝ մահացածս, մրցակցության մեջ եմ մտել նրա հետ, ով ողջ է… բայց դա իմ կամքով չէ… դուք եք ինձ մտցրել այդ մրցակցության մեջ… դուք մեզ հանել եք իրար դեմ… մինչդեռ մենք կարող էինք լինել իրար կողք…
Ես ուզում եմ, որ դուք ժպտաք նրան նայելիս… ես ուզում եմ, որ դուք ժպտաք նրա անունը տալիս… և, առհասարակ, ես ուզում եմ, որ դուք ժպտաք… բայց ես նաև ուզում եմ, որ իմ անունը տալիս ձեր ներսում ինչ-որ բան դեռ ցավի… այդպես ես կիմանամ, որ ես դեռ կամ… այդպես ես կիմանամ, որ նրան սիրելու համար դուք ինձնից չեք վերցրել իմ բաժին սերը…
Ես ուզում եմ, որ իմ անունով դուք չդիմեք նրան…
Ես էլ չկամ… դա է միակ ճշմարտությունը… բայց ես եղել եմ…
Թույլ տվե՛ք, որ ես շարունակեմ լինել այնտեղ, որտեղ եղել եմ… իսկ նա թո՛ղ լինի այնտեղ, որտեղ նա կա…
Իմ գոյությունը մի՛ խառնեք նրա գոյությանը… ոչ էլ նրա գոյությունը խառնեք իմ գոյությանը… նա արժանի է գոյություն ունենալ ինձնից առանձին…
Նրան իմ անունով մի՛ կոչեք…
Ամեն անգամ նրան իմ անունով դիմելիս՝ դուք ավելի ու ավելի եք սպանում ինձ… և չեք էլ թողնում, որ նա գոյություն ունենա…
Թվում է, թե դուք ինքներդ ձեզ ընտրության առաջ եք կանգնեցրել… կա՛մ ես… կա՛մ նա…
Թողե՛ք, որ լինենք և՛ ես, և՛ նա…
Թողե՛ք, որ ես ունենամ եղբայր…
Թողե՛ք, որ ես լինեմ նրա եղբայրը…
Նրան իմ անունով մի՛ կոչեք…

Նվիրվում է 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողներին, որոնց եղբայրներին իրենց մահվանից հետո կոչել են իրենց անունով:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *