Ալբեր Կամյու | Օրագրություններ

Սկիզբն՝ Այստեղ, Այստեղ, Այստեղ

Albert CAMUS, CAHIER I
(Շարունակություն)

Հունվար [37]

Կալիգուլա կամ մահվան իմաստը: 4 արար [1] I – a) [Իշխանության] Նրա հասնելը: Ուրախությունը: Առաքինի ճառը (Տե՛ս Սվետոնիուս)
b) Հայելի
II – a) Նրա քույրերն ու Դրուզիլլան
b) Մեծությունների [նկատմամբ] արհամարհանքը
c) Դրուզիլլայի մահը: Կալիգուլայի փախուստը
III
Ավարտ. Կալիգուլան հայտնվում է՝ բացելով վարագույրները.
«Ոչ, Կալիգուլան չի մեռել: Նա այստեղ է և այնտեղ: Նա յուրաքանչյուրիդ մեջ է: Եթե ձեզ իշխանություն տրված լիներ, եթե սիրտ ունենայիք, եթե սիրեիք կյանքը, կտեսնեիք, թե ինչպես է սանձազերծվում այդ հրեշը կամ այդ հրեշտակը, որը կրում եք ձեր մեջ: Մեր դարաշրջանը մեռնում է՝ հավատալով արժեքներին, և որ իրերը կարող են գեղեցիկ լինել և կարող են դադարել լինել անհեթեթ: Մնաք բարով, ես վերադառնում եմ Պատմություն, որտեղ այդքան տևական [ժամանակ] ինձ կողպված են պահել նրանք, որոնք վախենում են սաստիկ սիրելուց»:

*
Հունվար:
Էսսե. Տունն Աշխարհին հանդիման [2]:
— Թաղամասում այն կոչում էին 3 Ուսանողների տուն:
— Դուրս են գալիս՝ փակվելու համար:
— Տունն աշխարհին հանդիման՝ տուն չէ, որտեղ զվարճանում են, այլ տուն է, որտեղ երջանիկ են:

*
— «Այստեղ միայն աղջիկներ են», ասում է Մ-ն ի պատասխան X-ի կոպտության: Մ-ն և սերը:
— «Դուք հասել եք այն տարիքին, երբ ուրախանում են՝ ուրիշների երեխայի մեջ իրենք իրենց ճանաչելով»:
— «Նա պետք է սովորի Այնշտայնի հարաբերականության տեսությունը՝ սիրով զբաղվել կարողանալու համար»:
— «Աստված մի արասցե, – ասում է Մ-ն»:

*
Ամեն անգամ այնտեղ բարձրանալն ամեն անգամ այն նվաճելն է՝ այնքան զառիվեր է այնտեղ տանող ճանապարհը:

*
Փետրվար

Քաղաքակրթությունը ավելի կամ պակաս բարձրաճաշակության մեջ չէ, այլ գիտակցության մեջ, որն ընդհանուր է ամբողջ ժողովրդի համար: Եվ այդ գիտակցությունը երբեք զտված չէ: Այն անգամ շիփ-շիտակ է: Սահմանել քաղաքակրթությունն իբրև ընտրախավի ստեղծագործություն՝ նշանակում է նույնացնել այն մշակույթի հետ, որը բոլորովին այլ բան է: Գոյություն ունի միջերկրածովյան մշակույթ: Բայց և գոյություն ունի միջերկրածովյան քաղաքակրթություն: Ընդհակառակը՝ չխառնել քաղաքակրթությանն ու ժողովրդին:

*

Հյուրախաղեր (թատրոն):
Առավոտյան Օրանի քնքշությունն ու դյուրաբեկությունը, որն այդքան խիստ ու այդքան ուժգին գիտենք օրվա արևի ներքո. շողշողացող ցամաքած հուներ` դափնեվարդերի երիզակներով, ծագող երկինք՝ գրեթե պայմանական երանգներով, կարմրակապույտ լեռներ՝ վարդագույն ծոպերով։ Ամենը լուսաճաճանչ օր է ծանուցում։ Բայց, չնայած ամոթխածությանն ու նրբանկատությանը, արդեն զգացվում է դրանց մոտալուտ վերջը։

*

Ապրիլ 37

Հետաքրքրական է: Միայնակ լինելու անկարողություն, միայնակ չլինելու անկարողություն: Ընդունում ենք երկուսն էլ: Երկուսն էլ օգտակար են:

*

Ամենավտանգավոր գայթակղությունը՝ չնմանվել ոչ ոքի։

*
Կասբահ․ միշտ գալիս է մի պահ, երբ առանձնանում ես ինքդ քեզանից։ Քարածուխի փոքրիկ կրակ, որ բոցկլտում է մածուցիկ նրբանցքի և խավարի միջև։

*
Խելագարություն – Սքանչելի առավոտյան գեղեցիկ տեսարան – Արև։ Երկինք և աճյուններ։ Երաժշտություն։ Մատը տեսապակու վրա։

*

Ճիշտ լինելու պահանջը գռեհիկ ոգու նշան է։

*

Պատում – մարդ, որը չի ցանկանում արդարանալ։ Գաղափարը, որ ունենք նրա մասին, նրա համար գերադասելի է։ Նա մեռնում է` միայն իր ճշմարտության գիտակցությունը պահպանելով – Ունայնությունն այդ մխիթարանքի [3] ։

*

Ապրիլ։

Կանայք, որոնք գերադասում են իրենց գաղափարներն իրենց զգացմունքներից։
Ավերակների մասին էսսեի համար [4] ։
Խանձող քամի – Լերկ ծերունի՝ Սահելի ձիթենու պես։
1) Էսսե ավերակների մասին․ քամին ավերակներում կամ մահն արևի տակ։
2) Վերսկսել «մահն հոգու մեջ [5]» – Կանխազգացում։
3) Տունն Աշխարհին հանդիման։
4) Վեպ – աշխատել դրա վրա։
5) Էսսե Մալրոյի մասին։
6) Ատենախոսություն։

*

Օտար երկրում, արևը, որ ոսկեզօծում է բլրակի վրայի տները։ Ավելի ուժեղ տպավորություն, քան իր սեփական երկրում նույն այդ իրողության դեպքում։ Դա միևնույն արևը չէ։ Ես շատ լավ գիտեմ, որ նույն արևը չէ։

*

Երեկոյան, աշխարհի քաղցրությունը ծովախորշին – Կան օրեր, երբ աշխարհը ստում է, օրեր, երբ ճիշտ է ասում։ Այս երեկո ճիշտն է ասում – և որքան հաստատակամ և թախծոտ գեղեցկությամբ։

*
Մայիս

Մանրուքների հոգեբանության մոլորություն։ Մարդիկ, որոնք որոնում են իրենց, որոնք վերլուծում են իրենց։ Իրենց ճանաչելու, ինքնահաստատվելու համար։ Հոգեբանությունը գործողություն է, այլ ոչ ինքնանդրադարձ։ Կազմավորվում են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ինքն իրեն կատարելապես ճանաչել՝ նշանակում է մեռնել։

*

1) Հմայիչ պոեզիա՝ սիրուն նախորդող։
2) Մարդ, որը ձախողեց ամեն ինչ, անգամ իր մահը։
3) Երիտասարդ տարիքում ավելի լավ են հարում բնապատկերին, քան մարդուն։ Բանն այն է, որ առաջինները թույլ են տալիս իրենց մեկնաբանել։

*

Մայիս։
Նախագիծ «Երես ու աստառ»-ի առաջաբանի համար։
Այնպես, ինչպես ներկայացված են, այս էսսեները մեծավմասամբ անկերպարան են։ Սա չի բխում է ձևի նկատմամբ հարմարավետ արհամարհանքից, այլ միայն անբավարար հասունությունից։ Նրանցից, ովքեր այս էջերը կընդունեն այնպիսին, ինչպիսին կան իրականում՝ իբրև էսսեներ, միակ բանը, որ կարող ենք նրանց խնդրել, այն է, որ հետևեն դրանց զարգացմանը։ Սկզբից մինչև վերջ հնարավոր է զգաս մի անաղմուկ ընթացք, որը միավորում է դրանք, կուզենայի ասել՝ որը դրանք օրինականացնում է, եթե արդարացումը սնապարծ չթվար, և եթե ես չիմանայի, որ մենք միշտ մարդու փոխարեն գերադասում ենք գաղափարը, որը ստեղծել ենք նրա մասին։

*

Գրել՝ նշանակում է լինել անշահախնդիր: Որոշակի հրաժարում արվեստում: Վերա-գրել: Ջանքը միշտ օգուտ է բերում, ինչպիսին էլ որ այն լինի։ Ծուլության հարցը նրանց համար, որոնք չեն հաջողում։

*

Լութեր. «Հազար անգամ ավելի կարևոր է հավատալ մեղքերի թողությանը, քան արժանի լինել դրան։ Այդ հավատքը ձեզ արժանի է դարձնում և ճշմարիտ բավարարվածություն է բերում»։
(Արդարացման մասին բարոյախրատական քարոզ` կարդացված 1519 թվականին Լայփցիգում)

*
Հունիս

Մահվան դատապարտված, որին ամեն օր այցելում է քահանան։ Այն մտքից, որ վիզը կտրելու են, ծնկները ծալվում են, շուրթերը ցանկանում են մի անուն արտաբերել, խելագար մղում են դեպի երկիրը՝ «Աստված իմ, Աստված իմ»-ի մեջ թաքնվելու համար։
Եվ ամեն անգամ դիմադրությունը մարդու մեջ, որ չի ցանկանում այդ դյուրինությունը և որը ցանկանում է ծամել իր ամբողջ վախը։ Նա մեռնում է անխոս՝ արցունքն աչքերին [6] ։

*

Փիլիսոփայություններն արժեն այնքան, որքան արժեն փիլիսոփաները: Որքան մեծ է մարդը, այնքան ճիշտ է փիլիսոփայությունը:

*

Քաղաքակրթությունն ընդդեմ մշակույթի։
Իմպերիալիզմը զուտ քաղաքակրթություն է։ Հմմտ․ Սեսիլ Ռոդե։ «Զավթողականությունն ամեն ինչ է» – քաղաքակրթությունները կղզյակներ են – Քաղաքակրթությունն իբրև մշակույթի ճակատագրական ավարտ (հմմտ․ Շպենգլեր)։
Մշակույթ․ մարդկանց աղաղակը ճակատագրի առջև։ Կուրացում։
Միջերկրածովքի քաղաքական տեսությունից։
«Ես խոսում եմ այն մասին, ինչ գիտեմ»։
Քաղաքակրթությունը, դրա անկումը․ մարդու կիրքը հարստության հանդեպ։

*

1) Տնտեսական ակնհայտություններ (մարքսականություն):
2) Հոգևոր ակնհայտություններ (Գերմանական Սրբազան Հռոմեական կայսրություն):

*

Տառապող աշխարհի ողբերգական պայքար։ Անմահության խնդրի ունայնություն։ Այն, ինչը մեզ հետաքրքրում է, մեր ճակատագիրն է, այո։ Բայց ոչ «հետո», [այլ՝] «մինչ»։

*

Դժոխքի սփոփիչ ուժը։
1) Մի կողմից՝ անվերջ տառապանքներն իմաստ չունեն մեզ համար – Մենք երևակայում ենք կարճատև դադարները։
2) Անզգա ենք «հավիտենություն» բառի նկատմամբ։ Աննշան է մեզ համար։ Այլապես՝ այն չափով, որ մենք խոսում ենք «հավերժական վայրկյանի» մասին։
3) Դժոխքը կյանքն է այս մարմնի հետ, որն ավելի լավ է, քան տարտամությունը։

*

Տրամաբանական կանոն․ եզակին ունի համընդհանրականի արժեք։
— անտրամաբանական․ ողբերգականը հակասական է։
— գործնական․ մարդը կարող է խելացի լինել մի որոշակի մակարդակում և հիմար՝ մյուսներում։

*

Լինել խորը՝ կեղծավորությամբ։

*

Պստլիկը՝ Մարսելի աչքերով։ «Նրա ամուսինը չէր կարող դա անել։ Մի անգամ նա ինձ ասաց, որ ամուսնու հետ երբեք այդպես չի լինում»։

*

Շառլեռուայի ճակատամարտը Մարսելի աչքերով։
«Մեզ՝ զուավցիներիս, ստիպեցին հագնել այն իբրև հրձիգներ։ Հրամանատարն ասում է․ «Ի գրոհ»։ Իսկ հետո իջանք մի ձորակ՝ ծառերով գետակի նման։ Ասում են ի գրոհ։ Իսկ մեր առջևում ոչ ոք չկա։ Այդպիսով առաջ ենք շարժվում, առաջ ենք շարժվում հենց այնպես։ Բայց հանկարծ գնդացիրները սկսեցին մեզ գնդակոծել։ Բոլորն իրար վրա էին ընկնում։ Այնքան վիրավորներ ու մահացածներ կային, որ գետի ափի խորքում այնքան արյուն կար, որ կարելի էր լաստով անցնել: Այդժամ ոմանք «Մայի՛կ» էին գոռում, այդքան որ սարսափելի էր»։

*

— Օ՜, Մարսել, որքան մեդալներ ունես, որտե՞ղ ես այդ ամենը վաստակել։
— Որտեղ եմ այդ ամենը վաստակե՞լ։ Դե, պատերազմում։
— Ինչպե՞ս պատերազմում։
— Դե, ուզում ես, որ վկայականնե՞րը բերեմ քեզ, որտեղ գրված է։ Դու ուզում ես, որ քեզ ստիպեմ կարդա՞լ։ Ի՞նչ ես մտածում։
Բերում է «վկայականները»։
«Վկայականները» վերաբերում են ողջ գնդին, որի անդամներից էր Մարսելը։

*
Մարսել։ Մենք հարուստ չենք, բայց լավ ենք ուտում։ Տեսնում ես՝ ինչպես է թոռնիկս հորից ավելի շատ ուտում։ Նրա հորը մի գրվանքա [7] հաց է անհրաժեշտ, իսկ նրան՝ մեկ կիլոգրամ։ Դե, ապա՜, հո՛ւպ տուր սոբրասադանը [8] ։ Հո՛ւպ տուր էսկաբեչեն [9] ։ Ավարտելուն պես ասեք «հան, հան» և կրկին կերեք։

*

Հուլիս

Մադլեն [թաղամասի] տեսարանը [10] ։ Գեղեցկություն, որն աղքատությանը համ է տալիս։ Ես այնքան հեռու եմ իմ տենդից` այքան քիչ ընդունակ մեկ այլ հպարտության, ինչպիսին սերն է։ Հեռու մնա։ Հարկավոր է ասել, և ասել արագ, թե ինչն է իմ սիրտը լցնում։

*

«Ոչ մի առնչություն»։ Իսկական վեպ։ Նա, ով իր ամբողջ կյանքում պաշտպանում է հավատը։ Նրա մայրը մահանում է։ Նա հրաժարվում է ամեն ինչից։ Նրա հավատքի ճշմարտությունը, սակայն, չի փոխվել։ Ոչ մի առնչություն, հենց այնպես։

*

Ջրաինքնաթիռ․ շողշողուն մետաղի փառքը ծովախորշի վրա և երկնքում։

*

Սոսիներ, ծաղկափոշու դեղինը և տերևների կանաչը։

*
Քրիստոնեությունը, ինչպես և Ժիդը, պահանջում է մարդուն զսպել ցանկությունը։ Բայց Ժիդը դրանում ևս մի հաճույք է տեսնում։ Քրիստոնեությունը դա ստորացուցիչ է համարում։ Այդ իմաստով այն ավելի բնական է, քան Ժիդը, որը մտավորական է։ Բայց պակաս բնական, քան այն ժողովուրդը, որը հագեցնում է իր ծարավն աղբյուրներից՝ գիտենալով և գիտի, որ ցանկության վերջը հագեցվածությունն է («Հագեցածության ջատագովություն») [11] ։

*
Պրահա։ Փախուստ ինքն իրենից [12] ։
— Ես սենյակ կցանկանայի [վարձել]։
— Իհարկե։ Մի գիշերվա համա՞ր։
— Ոչ։ Չգիտեմ։
— Մենք ունենք 18, 25 և 30 կրոնանոց սենյակներ։
(Ոչ մի պատասխան)։
— Ի՞նչ սենյակ եք ցանկանում, պարո՛ն։
— Ցանկացած (նայում է դուրս)։
— Սպասավո՛ր, ուղեբեռը տարեք թիվ 12։
(սթափվելով)։
— Ի՞նչ արժե այդ համարը։
— 30 կրոն։
— Չափազանց թանկ է։ Կուզենայի 18 կրոնանոց սենյակ։
— Սպասավո՛ր, 34-րդ սենյակ։

*

1) Գնացքի մեջ, որը նրան տանում էր դեպի «․․․», «X.»-ն իր ձեռքերն էր զննում:
2) Տիպը, որ միշտ այնտեղ է։ Բայց զուգադիպություն։

*

Լիոն։
Վորալբերգ – Հոլլ։
Քուփշթայն – Մատուռը և դաշտերն անձրևի տակ՝ Իննի երկայնքով։ Մենություն, որը խարսխվել է։
Զալցբուրգ – Իլլդերման։ Սեն-Պիեռ գերեզմանատունը։ Միրաբելլի այգին և նրա թանկարժեք ձեռքբերումը։ Անձրևներ, բոցենիներ – Լիճ և լեռներ – զբոսանք սարահարթում։
Լինց – Դանուբը և բանվորական արվարձաններ։ Բժիշկը։
Բութվայս – Արվարձան։ Գոթական փոքրիկ մենաստան։ Ամայություն։
Պրահա – Առաջին չոր օրերը։ Բարոկկո ոճի մենաստան։ Հրեական գերեզմանատուն։ Բարոկկո ոճի եկեղեցիներ։ Ժամանում ռեստորան։ Սով։ Անփող։ Մեռյալը։ Քացախով վարունգ։ Միձեռնանին և իր ակորդեոնը՝ քամակին դրված։
Դրեզդեն – Գեղանկարչություն։
Բաութցեն – Գոթական գերեզմանատուն։ Խորդենիներ և արևներ աղյուսե կամարների մեջ։
Բրեսլաու – Մանրամաղ անձրև։ Եկեղեցիներ և գործարանային ծխնելուզներ։ Ողբերգական՝ իրեն հատուկ։
Սիլեզիայի հարթավայրեր՝ անողոք և ապերախտ – ավազաթմբեր – Թռչունների երամ՝ մառախլապատ առավոտյան մածուցիկ գետնին։
Օլթմյուց – Մորավիայի նուրբ և դանդաղկոտ հարթավայրեր։ թթվաշ սալորենիներ և սրտահույզ հեռուներ։
Բռնո – Աղքատ թաղամասեր։
Վիեննա – Քաղաքակրթություն – Կուտակված շքեղություններ և պաշտպանական այգիներ։ Մտերմիկ կսկիծ, որը թաքնվում է այդ մետաքսի ծալքերում։

*
Իտալիա։
Եկեղցիներ — Առանձնահատուկ զգացողություն դրանց վերաբերյալ․ հմմտ․ Անդրեա դել Սարտո։
Գեղանկարչություն․ աշխարհը՝ լուրջ և քարացած։ Վստահություն և այլն։
Նկատել․ իտալական գեղանկարչությունն ու դրա անկումը։

*

Ինտելեկտուալն անդամակցության առջև (հատված)։

*
Հուլիս

Կանանց համար ինչ-որ անտանելի բան կա առանց սիրո քնքշանքի մեջ, որ կարող է նրանց տալ տղամարդը։
Տղամարդու համար դառը քաղցրություն է։

*
Զույգեր. [տղա]մարդը ջանում է փայլել մի երրորդի մոտ: Կինն անմիջապես. «Բայց դու նույնպես…» — և ջանում է նվազեցնել, դարձնել համերաշխ իր միջակությանը:

*

Գնացքի մեջ։ Մայրն իր երեխային․
— Մի ծծի՛ր մատներդ, փնթի՛:
Կամ — Եթե շարունակես, մի հատ կստանաս:
Անդ: Մի զույգ․ կինը ոտքի է կանգնում լեփլեցուն գնացքում:
— Տո՛ւր, ասում է նա:
— Ամուսինն իր գրպանում փնտրում և տալիս է նրան անհրաժեշտ թուղթը:

*
Հուլիս 37։

Խաղամոլը վեպի համար [13] ։
Հմմտ․ «Համաստեղություններ» [14] ․ մոլեգին ռիթմ։ Խաղալ դերը։
Շքեղ հոգի։ Արկածախնդիրը։

*
Հուլիս 37 – Խաղամոլը։
Հեղափոխություն, փառք, սեր և մահ։ Ի՞նչ են դրանք համեմատ իմ մեջ եղած ինչ-որ բանի՝ այնքան լուրջ և այնքան ճշմարիտ։
— Եվ ի՞նչ։
— Արցունքների այդ ծանր ճանապարհը, – ասաց նա, – իմ ամբողջ ճաշակը հակելով մահվան։

*
Հուլիս 37

Արկածախնդիրը։ Ըստ իս արվեստում այլևս անելիք չկա։ Ոչ մի մեծ կամ նոր բան հնարավոր չէ – առնվազն Արևմուտքի այս մշակույթում։ Մնում է միայն գործողությունը։ Բայց նա, ով մեծ հոգի է կրում, կմտնի այդ գործողության մեջ ոչ առանց հուսահատության։

*

Հուլիս։
Երբ ճգնանքը կամավոր է, ծոմ կարելի է պահել 6 շաբաթ (ջուրը բավական է): Երբ այն հարկադրանք է (սովը)՝ 10 օրից ոչ ավել։
Իրական կենսեռանդի պահոց։

*

Տիբեթի յոգերի շնչառական սովորույթները։ Այն, ինչն անհրաժեշտ է, որ մեր դրական մեթոդաբանությունը հասցնենք այդպիսի մասշտաբի փորձառության։ Ունենալ «հայտնություններ», որոնց չենք հավատում։ Այն, ինչն ինձ դուր է գալիս՝ կրել սեփական պայծառամտությունն հափշտակության (extase) մեջ։

*

Կանայք փողոցում։ Ցանկության կրքոտ գազան, որ գալարվում է մեր երիկամների խոռոչում և շարժվում է վայրի քաղցրությամբ։

(Շարունակելի)

Ծանոթագրություններ

[1] Կալիգուլայի մասին առաջին ակնարկը. հանգուցալուծման առաջին ուրվագիծը:
[2] Տունն Աշխարհին հանդիման-ը հետագայում կդառնա Երջանիկ մահ-ի գլուխներից մեկը։
[3] Օտարի (L’Étranger) թեման։
[4] Նոթագրումներ Քամին Ջեմիլիայում-ի (Le vent à Djemila) համար, Ամուսնություններ-ի (Noces) մեջ։ Տե՛ս Ա․ Կամյու, Երջանիկ մահ, Ա․ Կամյու, Երկեր, Հ․ 1 /թրգմ․ ֆր․՝ Աննա Հակոբյանի, Ե․, ԱևՄ, 2002, էջ 163-169։
[5] «Մահն հոգու մեջ»-ը (La Mort dans l’âme) «Երես և աստառ»-ի (L’Envers et l’Endroit) երրորդ էսսեն է։ Կամյուն փորձել է այն կրկին օգտագործել «Երջանիկ մահ»-ի մեջ։
[6] «Օտաը»-ի (L’Étranger) վերջին տեսարաններից մեկի՝ V գլխի ուրվագիծը: Տե՛ս Ա․ Կամյու, Երջանիկ մահ, Ա․ Կամյու, Երկեր, Հ․ 1 /թրգմ․ ֆր․՝ Աննա Հակոբյանի, Ե․, ԱևՄ, 2002, էջ 136-148։
[7] Գրվանքա (livre) – կես կիլոգրամ, ֆունտ։
[8] Soubressade – Բալարյան կղզիների ավանդական ապխտած երշիկի տեսակ (բուտիֆարրայի հետ միասին), որը պատրաստում են աշնան և ձմռան տոներին։ Պարունակում է խոզի ծեծված միս՝ համեմված կարմիր պղպեղով, աղով և այլ համեմունքներով։
[9] Escabèche – Իսպանական խոհանոցի ուտեստ՝ կծու սոուսով մարինացված ձուկ (կամ միս՝ հավի, նապաստակի, խոզի և այլն)։ Եփվում է թթվային խառնուրդով (քացախ) և համեմվում է պիմետոնով (իսպանական պղպեղ) և զաֆրանով։
[10] Մադլենը (La Madeleine) Ալժիրի ծայրամասային թաղամասերից մեկն է, Էլ-Բիարի (El-Biar) շրջակայքում։
[11] Այս անդրադարձերը համարժեք են «Ամուսնություններ»-ի մեջ Ժիդի և ցանկության մասին գրառումներին։ Հայերեն թարգմանությունը տե՛ս Ա․ Կամյու, Ամառը Ալժիրում /թրգմ․ ֆր․՝ Արուսյակ Բոյաջյանի, Ա․ Կամյու, Օտարը, Ե․, Ապոլոն, 1994, էջ 110 (տեղատակ)։
[12] Հատվածը զարգացվում է «Երջանիկ մահի» մեջ՝ «Գիտակցական մահը» բաժնի առաջին գլխում։ Հայերեն թարգմանությունը տե՛ս Ա․ Կամյու, Երջանիկ մահ, Ա․ Կամյու, Երկեր, Հ․ 1 /թրգմ․ ֆր․՝ Աննա Հակոբյանի, Ե․, ԱևՄ, 2002, էջ 219։
[13] «Կալիգուլա»-ի ձեռագրի վրա գտնում ենք իբրև ենթավերնագիր «Խաղամոլը»։
[14] Խոսքը Ժոզեֆ Արտուր դը Գոբինոյի (Joseph Arthur comte de Gobineau, 1816-1882) վեպի մասին է։

© Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ ԹՈՆԴՐԱԿԻ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *