Սուրեն Ստեփանյան | Պահած ծրարներ

Սուրեն ՍտեփանյանԵրեսուն տարվա տաքսիստ Համոն ԴԱՀԿ-ի դռան առաջ կանգնած արդեն չորրորդ սիգարետն էր վառում ու սպասում իր հերթին: Երկրորդ գլանակից հետո կողքինները ականջները սրած լսում էին Համոյի կողմից եկող հայհոյանքները, քթի տակ թուն անիծում էր կնոջը, նորմալ բան չլսվեց, միայն երկու տող.«Անժի՛կ, ես քո…»: Մազերի կեսը թափած, կեսը՝ կիսասպիտակ Համոն անիծում էր կնոջը, ավելի կոնկրետ՝ այն օրը, երբ Անժիկն իրենից թաքցրեց փոստատարի բերած երկու ծրար, վրան մեկական դրոշմանիշ՝ «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ է»: Դեպքը դրանից մի ամիս առաջ էր:

Անժիկին Մովսես Գորգիսյանի` բռունցը վեր պարզած պատկերով դրոշմանիշերը դուր եկան, դանակի ծայրով պոկեց, փակցրեց ֆրեոնը վերջացած ՕՌՍԿ սառնարանին, որտեղ ամուսնու ու որդու դեղերն էր պահում ու մեկ էլ սովետական պուտավոր կաթսաները: Ութերորդը հազիվ ավարտած Անժիկը մի կերպ կարդաց հարկադիրից եկած ծրարների պարունակությունը՝ Համոն գիշերվա կեսին մի անգամ հոծ գիծ էր տրորել, մի անգամ էլ առանց SMS ուղարկելու կանգնել կարմիր գծերի մեջ:

-Ծրարները ցույց տամ թե չէ՝ տեղում ինֆարկտը կգա հետևից, դեռ նախորդ ակտերն էլ չի մուծել: Ավելի լավ է՝ պահեմ մի թաքուն տեղ, թող ոչ էլ իմանա, հաշվենք՝ չեն բերել,- կարճ խելքով մտածեց ու ծրարները պահեց հին դոշակի թաքստոցում, որի տեղը միայն ինքը գիտեր ու ամուսնու հանգուցյալ մայրը:

Եւս երկու ամիս Համիկը անհոգ վարում էր իր կարմիր Օպելը՝ մի կերպ հասցնելով հացի փող ու էպիլեպսիկ որդու համար դեղ առնել: Չար լեզուներն ասում են՝ գործերը զարմանալիորեն լավ էին գնում, իրեն նույնիսկ մի զույգ կոշիկ էր առել ու երկու բլոկ սիգարետ՝ բանտում նստած եղբոր համար:

Ամեն ինչ գուցե այդպես էլ ավարտվեր ու Անժիկի գլխին չթափվեր տաքսիստներին հատուկ հավերժական անեծքը, եթե գյուղում ապրող քույրը չգար եղբորը տեսության: Երեկոյան քրոջ համար վերմակ ու դոշակ բերեցին, լեժանկի վրա անկողին գցեցին:

-Համիկ, այ տղա Համո,- կողքի սենյակից գիշերվա դառը կեսին բղավեց քույրը,- կնոջդ ասա թող մի նորմալ դոշակ բերի, էս ի՞նչ է, մեջքիս տակ ոնց որ մի քար լինի՝ ուղղանկյուն քար,- ինչ է, այ ախպեր, չլինի՞ փողերդ էստեղ ես պահում:

Համիկը չարձագանքեց…գիտեր, որ վերջին անգամ դոշակի մեջ պահած փող ունեցել է 1980-ականներին, երբ տաքսու պարկից կուբամետրով ռուբլիներ էր բերում ու 25-անոցները առանձին, 10-անոցները առանձին կապեր արած տալիս մորը՝ պահելու հենց նույն դոշակի մեջ:

Քրոջ գանգատը մտքում՝ տաքսիստ Համոն արթնացավ ու որոշեց հյուրի գնալուն պես քանդել վերմակի երեսը՝ պարզելու եղածը, գուցե դեռ մնացե՞լ են մորը պահ տված մանեթներից:

Սովորականի պես սուրճ խմեց, ծխեց, զանգեց դիսպետչերին՝ թե մի ժամ ուշ կգամ, քնած եմ մնացել:

Վերմակի երեսը տնտղելիս նկատեց կնոջ ահասարսուռ հայացքը, չարձագանքեց՝ ժամանակ չկար, ուշանում էր: Փոքրիկ՝ մի ձեռքաչափ տեղ կարերը քանդելով Համիկը մեկնեց մատներն ու հանեց ծրարները: Հերթով մանրամասն կարդաց՝ ամեն մեկի վրա ծախսելով երկուական սիգարետ ու ավելացնելով սպիտակ մազերի քանակը: Հարեւաններն էդ օրը Համոյենց տանից երբեք չլսած նոր հայհոյանքներ լսեցին ու կոտրվող չեխական սպասքի ձայներ:

Շոգ կեսօրին տաքսիստի տան դուռը սկսեց ենթարկվել բազուկների անթիվ-անսահման հարվածների: Համոն ութերորդ հարկին ներքեւ հայացք գցեց ու կարդաց մուտքի մոտ կանգնած մեքենայի վրա եղած գրվածքից մի քանի տող

-Դա-տա-կան Ակ-տե-րի Հար-կա……

Մնացյալն արդեն պարզ էր: Տանը հարկադիրի հերոս տղերքը տանելու նորմալ բան չգտան, ՕՌՍԿ սառնարանը տանելով միայն լավություն արած կլինեին, մեքենան արդեն բանկում գրավի տակ էր: Երկար բանակցություններից հետո ընտրությունը կանգ առավ Անժիկի օժիտ Մադոննա սերվիսի վրա: Հանդիսավորությամբ ու «առանձնակի դաժանությամբ» փաթաթեցին թերթերի մեջ ու տեղավորեցին մեքենայի հետեւի նստատեղին:

Գիշերը Համոն քնեց անգանգիստ: Երազում հայտնվել էր մի մեծ սենյակում, դիմացը էկրաններ էին ու տասնյակ սիրունիկ աղջիկներ, որ լաքած եղունգներով անվերջ նայում էին էկրաններին ու կտկտացնում ստեղնաշարին: Աչքերի առաջով կայծակնային արագությամբ լղոզված պատկերներ էին անցնում` հոծ գծեր, կարմիր գծեր, կանգառն արգելող նշաններ, երկրորդ շարք կանգնած տաքսիներ, արագաչափեր, կամերաներ: Օդն աստիճանաբար չէր հերիքում, ստեղնի ամեն հպումից առաստաղին բացված փոքր ճեղքից սպիտակ ծրարներ էին թափվում, անվերջ-անդադար, ողողելով հատակը, հետո համակարգիչները, հետո նաև աղջիկներին, իրեն:

Ծրարները հետզհետե շատանում էին, լցնում դատարկ տարածությունը, սողոսկում վերնաշապիկից ու տաբատի փողքերից ներս: Ծրարները հասան Համիկի գոտկատեղին, հետո կրծքավանդակին ու դանդաղ սկսեցին խեղդել կոկորդը: Ձեքերով աջուձախ արեց, անհույս էր: Հերթական «Անժիիկ, ես քո»-ից հետո երազում միայն մի ծրար հաջողացրեց ձեռքն առնել, ակնոցը մնացել էր սպիտակ ծրարների տակ. ձախ աչքը փակեց, աջը լարելով կարդաց գույնզգույն դրաշմանիշի վրա գրվածը. «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ է»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *