Շոթա Իաթաշվիլի | Պոետը Պիկետին

Լուսանկարը՝ Գուրամ Ծիբախաշվիլիի

Շոթա Իաթաշվիլի -բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ։

Ծնվել է 1966թ։  Հեղինակ է 10 բանաստեղծական և 4 արձակ ժողովածուների, մեկ վեպի, մեկ քննադատական նամակների ժողովածուի, զբաղվել է նաև թարգմանական գրականությամբ, ունի հրատարակված գրքեր:
«Սաբա» գրական մրցանակի կրկնակի դափնեկիր է (2007թ.՝ պոեզիա, 2011թ.՝ քննադատություն), «Լիտերա» (2020թ.՝ պոեզիա) և «Ազատ լիտերա» (2022թ.՝ վեպ) գրական մրցանակներ: Նաև միջազգային մրցանակների դափնեկիր՝ «Կիևսկիե լավրի» (2009, Ուկրաինա), Կլեմենս Յանիցկիի մրցանակ «Ոսկե հատում» գրքի համար (2018, Լեհաստան) և «Բյուրեղ» Վիլենիցայի մրցանակ (2018, Սլովենիա):
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով։
Նա «Ախալի Սաունջե» գրական ամսագրի գլխավոր խմբագիրն է, Թբիլիսիի միջազգային գրական փառատոնի խորհրդատուն։

 

Պոետը Պիկետին

Հանկարծ ուզեցի բանաստեղծություն գրել։
Հաստատ չգիտեի թե ինչի մասին,
Բայց էն որ զգում ես՝
մոտեցել է բանաստեղծությունը,
Պտտվում է շուրջդ
Ու ինչ-որ բան է պատրաստվում անել հետդ․
Էդպես էի։
Մեկ էլ թուղթ ու գրիչ վերցրի,
Պառկած եմ դեռ,
Հետո նստած եմ,
Հետո դես ու դեն եմ գնում,
Ու ոչ մի կերպ չեն երևում առաջին բառերը։
Պատուհանից նայեցի`
Ձյունոտ եղանակ է,
Բայց արև է շողում,
Շողերը ուրախ-ուրախ խաղում են
Ճեփ-ճերմակ ծառերի ու բակերի վրա։
Մտածեցի՝ արի՛ դուրս գամ,
Լավ է էս ժամանակ դրսում լինելը,
Մաքուր օդ կշնչես,
Դես ու դեն կնայես,
Աչքովդ մի բան կընկնի,
Մանրուքների մեջ է պոեզիան,
Սատանայի նման պոեզիան էլ է մանրուքների մեջ,
և կբացվի ասելիքդ երկնքի պես,
Կհայտնվեն առաջին բառերը,
Ու գնա՛ հետո, գրի՛ր,
Առավել ևս եթե գրելու տրամադրություն ունես․․․
Արագ հագնվեցի,
Գրիչը ծոցագրպանս դրեցի,
Թուղթը ձեռքս վերցրի
Ու տասը րոպեից արդեն դրսում եմ,
Քայլում եմ փողոցում։
Քաղաքի կենտրոնում մի տեղ կա,
Շատ եմ սիրում,
Ու որ էնտեղ հայտնվեցի, կանգ առա,
Մտածեցի՝ ահա, էստեղ կգրեմ բանաստեղծությունը։
Ու կանգնած եմ էսպես՝ ձեռքիս թուղթ բռնած,
Ու սպասում եմ առաջին բառերի հայտնությանը,
Համ էլ շուրջս եմ նայում,
Մանրուքներին եմ սպասում,
Որոնցում թե սատանան է ու թե պոեզիան։
Անցորդներից ոմանք վրաս նայեցին մի քիչ տարօրինակ,
Ինձ տեսնելով քայլերն արագացրին,
Ոմանք հակառակը՝ կանգ առան,
Քիչ անց մի քանի մարդ հավաքվեց,
Սպասում են,
Թե երբ կսկսեմ բանաստեղծություն գրել։
Հա, միշտ էդպես է եղել,
Մարդկանց հետաքրքրում է՝
Ինչպես են ստեղծում պոետներն իրենց գլուխգործոցները։
Ես հասկանում եմ նրանց,
Ոչինչ չեմ ասում,
Թող մնան, ինձ չեն խանգարում,
Համ էլ նայում եմ՝
Գուցե մի էնպիսի բան գտնեմ նրանց արտաքինում,
Հայացքի, շարժման մեջ,
Որ բանաստեղծության համար ինձ պետք գա․․․
Էս ընթացքում մի քանի ոստիկան եկան,
Դեմս ցցվեցին, դրանք էլ են վրաս նայում,
Հետո մեկը հարցրեց,
Մի քիչ ագրեսիվ,—Ի՞նչ եք անում էստեղ։
Զարմացա, մտածեցի՝ սա ի՞նչ հարց է,
Ինձ համար հանգիստ,
Դատարկ թուղթը ձեռքիս,
Մուսային եմ սպասում,
Բայց դե որ խորացավ,
Ես էլ պատասխանեցի ազնվորեն,— Բանաստեղծություն եմ գրում։
Ձե՞ռ ես առնում, —հարցնում է երկրորդ ոստիկանը,
Էլ ավելի լարված։
Ինչո՞ւ եմ ձեռ առնում, ահա թուղթը,-—ցույց եմ տալիս,
Ու ձեռքս ծոցագրպանս տարա,
Գրիչը հանեցի,
լրիվ պատրաստ եմ,
Միայն առաջին տողերին եմ սպասում,
Նրանց հայտնությանը։
Շուրջս հավաքվածներից մեկը ծիծաղեց,
Խոժոռ-մոժոռ ոստիկանները նրան նայեցին,
Իսկ ինձ հրամայեցին․—
Դադարե՛ք պիկետ անել։
Դադարեմ պոետ լինե՞լը,— հանկարծակիի եկա ես,—իսկ ինչո՞ւ։
Ձեռ մի՛ առեք,—գոռաց ամենաբարձրահասակն ու լայնը,
Երկրորդը՝ ամենավախենալուն, կրկնեց հրամանը,
Հետն էլ քրեական իրավունքի ինչ-որ հոդված էր հիշատակում,
Որ դա էի խախտում։
Երբվանի՞ց է բանաստեղծություն գրելը հանցանք դարձել,—
Հարցնում եմ զարմացած,
Պատասխանի փոխարեն
Հարձակվում են վրաս դես ու դենից,
Թևերիցս բռնում ու
Ինչ-որ տեղ են ինձ քարշ տալիս։
Մարդիկ սկսեցին գոռգոռալ, ինձ պաշտպանել,
Բայց դե ո՞նց էին օգնելու,
Մոզի հիշեցնող ոստիկաններ են,
Սարեր շուռ կտան։
Ու գցեցին ինձ սև, զրահապատ մեքենայի մեջ,
Թուղթը ձեռքիս
ինձ տարան բաժին։
Իսկ էնտեղ միանգամից հարցաքննություն սկսեցին։

Ի՞նչ բառեր նկատի ունեիք դատարկ թղթի վրա,—հարցնում են ինձ։
Նկատի չեմ ունեցել, սպասում եմ
Առաջին բառերի հայտնությանը,—ասում եմ ես։
—Ստում եք, առաջին երկու բառը գիտեիք։
—Ո՞ր երկու բառը,-—զարմանում եմ։
—«Ո՛չ պատերազմին»։
—«Ոչ պատերազմի՞ն»,-—մտածմունքի մեջ ընկա։
Շատ ճիշտ բառեր են,
Բայց իմ բանաստեղծությանը չեն սազի։
Ընդհանրապես պոեզիային ավելի շատ փոխաբերությունն է սազում։
Հա, կա նաև էնպիսի պոեզիա,
որում կարգախոսներ են գոչում պոետները,
Բայց ես ուրիշ կարգի պոետ եմ,
Էդպես չեմ գրում,
Չէի սկսի բանաստեղծությունս «Ո՛չ պատերազմին» տողով։
—Ահա, ուրեմն ընդունում եք Ձեր մեղքը,— դարձան ինձ։
—Ո՞ր մեղքը,
Որ բանաստեղծություն գրե՞լ ուզեցի։
—Նորից ձեռ է առնում,— պայթեց հանկարծ ամենավախենալու ոստիկանը։
Բռունցքն ուղիղ դնչիս տվեց։
Ահավոր հարված էր,
Ուղեղս ցնցվեց,
Քթիցս արյուն եկավ
Ու էն իմ դատարկ թղթի վրա է կաթում,
Էն որ դեմս դրված է։
—Ահա, էս էլ քեզ բանաստեղծություն,—
Ասում է ինձ բաժնի պետը,
Արյունոտ թղթին նայելով։
Անձեռոցիկ տվեց դեմքս մաքրելու համար,
Երևի՝ որ իր սեղանը չկեղտոտեմ,
Թե չէ հաստատ իմ դարդը չէր քաշում։
Ի՞նչ անենք սրա հետ,-—հարցնում է կողքին նստած կարմրաքիթ տղամարդը,
Երևի նրա տեղակալը։
—Եսիմ, տուգանք գրենք ու բաց թողնենք,
Եթե էլի կրկնի, հետո կնստացնենք,
Ում պաստառներին կարգախոսներ կային,
Նրանք են խցերում նստած,
Դատարկ թղթովների համար հիմա տեղ արդեն չկա։
—Հա, էդպես ավելի լավ կլինի,—համաձայնում է նա,
Ու սկսում է ինչ-որ ստացական դուրս գրել,
Մի քանի րոպեից ինձ է տալիս, վրան գրված է․—11 ռուբլի։
—Սա ձեզ հոնորար բանաստեղծության համար,—
Ու քմծիծաղ է տալիս։
Բաժնի պետը սկսեց հռհռալ,
Ձեռքը փորին է դնում,
Բերնից լոզերն են թափվում։
—Հա՛-հա՛-հա՛, հոնորար բանաստեղծության համար, լավն էր։
Վերցրեք ձեր բանաստեղծությունը,—ասում է ինձ
Ու արյունոտ թուղթը ձեռքս է խցկում։
—Երկու շաբաթվա մեջ պիտի վճարեք,—
Ճշտում է կարմրաքիթ տեղակալը։
Ու հրեցին ինձ, դուրս արեցին,
Փողոցում ապշած կանգնած եմ,
Մի ձեռքումս արյունոտ թուղթն եմ բռնել,
Երկրորդում՝ ստացականը, ու մտածում եմ․
Առաջ գրածս բանաստեղծությունների համար հոնորար էին ինձ տալիս,
Իսկ հիմա չգրվածի համար տուգանք են վճարել տալիս,
Ի՞նչ եղավ, էսքան հանկարծակի ի՞նչը փոխեց աշխարհում։
Հանկարծ լույսի շող ընկավ արյան բծի վրա, խաղալ սկսեց,
Սատանան մանրուքներում է ու պոեզիան էլ է մանրուքներում՝
Իմ առավոտվա եզրահանգումը հիշեցի։
Ինչ անեի, շարժվեցի։
Ամբողջ դեմքս ցավում է,
Քթիս ընդհանրապես չեմ կարողանում ձեռք տալ։
Շուտով մի հրապարակում հայտնվեցի,
Մարդիկ են կանգնած՝ ձեռքներին պաստառներ։
«Ո՛չ պատերազմին»՝ գրված է, ու էլի ուրիշ կարգախոսներ։
Մարմնովս սարսուռ անցավ, կարծես ինչ-որ բան հասկացա,
Հասկացա՝ ինչու հարձակվեցին վրաս,
Ինչու քարշ տվեցին բաժին,
Ինչու ծեծեցին ինձ, ինչու տուգանք գրեցին․․․
Շառոտ պատմություն է,
Ավելի լավ է տուն գնամ, թաքնվեմ,
Ու եթե բանաստեղծություն գրել ուզեմ,
Այսուհետ տանը զբաղվեմ էդ գործով,
Քիթս դուրս չհանեմ,
Ու եթե ինչ-որ բան գրվի,
Դրանց հրապարակման մասին էլ չմտածեմ,
Թե չէ հոնորարի փոխարեն տուգանք կճպացնեն դեմքիս
Ու կարող է բանտ էլ տանեն․․․․
Կարճ ասած, հասկացա կարծես ամեն ինչ,
Բայց քայլերս արագացնելու փոխարեն,
Ընդհակառակը, կախարդվածի պես քարացա էս պաստառների մոտ,
Ինչ-որ ուժ նրանց կողմ էր ինձ ձգում,
Ու հանկարծ վախս անցավ,
Նրանց մոտ ուզեցի լինել,
Հասկացա, որ նրանց մոտ պիտի լինեմ,
Անպայման նրանց մոտ պիտի լինեմ,
Աներկբա նրանց մոտ պիտի լինեմ,
Ու գնացի, նրանց մեջ կանգնեցի,
Ու վեր բարձրացրի
Իմ սպիտակ,
Արյունոտ

Թուղթը․․․

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *