Մերի Հովհաննիսյան | Փոքր քաղաք

Մենք տարբեր դեմքեր ունենք ու սիրելու տարբեր եղանակներ: Մեր  սրտերը անկառավարելի  զարկվում են եսերին, ու «բարև» ասելու համար մեզնից մի քանի տասնյակ բջիջի կյանք է պահանջվում:

Փոքր քաղաքում, որտեղ ասֆալտը հարթ չէ, ծառերը` քիչ, սիրահարվելն ավելի դժվար է:            

 -Էս լացո՞ւմ ես, ա՛յ տղա:

Աչքերը սրբեց , սկզբում ինձ չէր նայում, ես դարձա  իրեն, ինքը շրջվեց: Էդպես մի երկու րոպե կանգնած մնաց: Հետո դարձավ  դեպի ինձ:

– Աչքս էր բան ընկել, մի հատ էլ արևը ծակեց,- արդեն հանգստացած ու հստակ ձայնով պատասխանեց Նարեկը:

Նարեկը մեր բակից է, մենք նույն տարիքի ենք: Մեր ընկերությունը երկու տասը տարեկան է: Մեր ընտանքիները մոտիկ են, ասում են` մեր ընկերությունը դեռ օրորոցից է սկսվել: Նարեկը շատ էր սիրում աղջիկների հետևից ընկնել: Ինձ էլ ամեն անգամ պատմում էր` ինչպես է հերթական աղջկան իր թակարդը գցել: Հետը չէի խոսում: Հետո Նարեկը սիրահարվեց, ամենաթունդ սերը, երևի: Դեմքի արտահայտությունն  էր  փոխվել, քայլերը, շարժումները: Հենց ընկերուհուց էր խոսում, ժպտում էր, էն սիրուն-հիմար, անպատճառ-լայն ժպիտներից, լիքը-լիքը երջանիկ էր, ես էլ:

«Էսօր Նարեկը չի ծիծաղում, ախր, դուք հասկանում եք` չի ծիծաղում». ինքնաեսերս կռվում, ապտակում, ճչում, բղավում էին իրար վրա, հետո հանդարտվում ու հանգստացնում էին իրար, ինձ: «Բայց … ախր, Նարեկը… լացում… է»:

Փոքր քաղաքում, որտեղ տղաների կողմից  «սեփականաշնորհված» են բոլոր սրճարանները, պոնչիկանոցներն ու այգին (հա, հա փոքր քաղաքում այգին մեկն է լինում), դժվար է համոզել ինքնաեսերիդ (գոնե մի քանիսին), որ թաքնվես զգացմունքներիցդ:

-Լացը մենակի բան չի, դառը սուրճն էլ, արի  գնանք մի տեղ` սուրճ խմենք: Արևն էնպես է այրում` հասավ սրտիս, արդեն վառում է: Արի՛, արի գնանք, կնստես, երկու բուռ կլացես: Մի բուռս քոնն է, մյուսով բաժակն եմ բռնելու:

-Էս ինչքան էս խոսում, կոճակդ ո՞ւր է`անջատեմ,-արցունքներին վկա լինելուս փաստին համակերպված` ծամածռած ժպտալով հարցրեց Նարեկը:

Ժպիտը պաշտպանական այն ժեստն էր, որով իբրև ապացուցեց `ամեն բան կարգին է:  Ծամծմված, թթված դեմքս էլ հաստատեց` իբր ամեն բան կարգին է:

Փոքր քաղաքում, որտեղ փողոցների մեծամասնությունն ասֆալտապատ չէ, քարերը`շատ, լուսավորությունը` քիչ,   դժվար է մաշել քայլերդ :

Նարեկը երկու բաժակ դառը սուրճ պատվիրեց, իսկ արևի այրող ճառագայթները համառորեն ուզում են լուսամուտից ներս խցկվել` չորացնելու  արցունքները, որ դեռ դողում էին Նարեկի բիբերում:

-Բա չե՞ս վախենում մարդկանց կարծիքից, տես`ոնց են նայում քեզ:

-Դե սուրճը քեզնից , դառը հայացքներն էլ` ինձնից,- պատասխանիցս գոհ` նայեցի Նարեկին:

-Գլուխը կջարդեմ, եթե բան ասող էղավ:

«Կեղծ, կեղծ, կեղծ լավ տրամադրություն»

Փոքր քաղաքում չգրված օրենքների ու մեկը մեկին ծանոթ լինելու միֆականացման հենց մեջտեղում տղան ու աղջիկը ցանկացած իրավիճակում սիրահարներ են: Չի փրկում անգամ այն, որ կողքովդ քայլող տղան եղբայրդ է:                                                               

Իմ մասին էլ վաղը խոսելու են, ինչպես ամենավերջին պոռնիկի, կծիկը պտտելու են մինչև հաջորդ տղա-աղջիկը: Հետո մոռանալու են իմ մասին, ասես ոչինչ էլ չի եղել:

Նարեկը անընդհատ հեռախոսին էր նայում: Վերցրեց հեռախոսը, ինչ-որ բան գրեց, կտրուկ դրեց սեղանին ու փախցրեց աչքերը: Իրար հաջորդող մի քանի տխուր հայացքները փորձեց թաքցնել` արագ-արագ խմելով տաք, դառը սուրճը: Բերանը այրեց, դա փրկեց նրան անընդհատ թաքցնելուց ձեռքերը, հայացքները, իրեն իրենից, ինձնից, աշխարհից:

– Նար, իսկ էն գիրքը, որ տվել էի, կարդացի՞ր,- ծիծաղելով ասացի ես:

-Հա:

-Հա՞,- զարմացա. ես նրան ոչինչ էլ չէի տվել,-իսկ արև՞ն է մեծ, թե՞ տիեզերքը,- հարցրի ` արդեն կատակի տալով:

-Հա…….

Լուռ, լուռ, լուռ…

-Ի՞նչ: Կներես, չէի լսում:

-Հա,-ծիծաղ:Լռություն:

Փոքր քաղաքում, որտեղ գիշերները աստղերը շատ են, անպատասխան սիրելն էնքան էլ դժվար ու ծանր չէ:                                                                                                                     

Հետո  կամաց ձայնով ինքն իրեն է խոսում. «Ինձ մենակ է թողնում ու գնում, վերջ: Է, թող գնա, ինքն ո՞վ ինձ համար, ավելի լավին եմ գտնելու, այ կտեսնես…գնում է»:

-Իսկ դու ինչ-որ մեկին սիրո՞ւմ ես,- մենախոսությունն ավարտելով`հարցրեց Նարեկը:

-Էդքան նմա՞ն եմ սիրահարվածի,  Նարե՛կ,-ասացի, ու ցինիկ ժպիտը դեմքիս կոտրվեց` դառը: Ես արագ երկու կում արեցի սուրճից, տաք էր. այրեց: Դա փրկեց ինձ թաքցնելուց ձեռքերս, հայացքներս, ինձ իրենից, ինձնից, աշխարհից:

– Ախ, էս ո՜նց է արևը այրում,-շփոթմունքից ասացի ես:

Ձեռքերս սառն էին, իսկ արևն այդպես էլ ներս չէր մտել:

Փոքր քաղաքում,որտեղ օրն ավարտվում է ճիշտ ժամը տասնութին, դժվար է երկար ճանապարհ գտնել:

– Չես ուզում իմանաս`ինչի համար էի նեղվել:

-Չէ, անձեռոցիկը տվեցի հերիք է: Անձնականդ քեզ պահիր, ինձ չի հետաքրքրում:

Հեռախոսը զանգեց, գնաց, խոսեց, եկավ: Սիրուն ու լայն ժպիտ ունի Նարեկը: Արևը վերջապես խուժեց ներս, շողերից մեկը սահեց Նարեկի դեմքի վրայով, ու մի ծիծաղաչափ էլ լայնացավ տիեզերքը…

-Նա է, գալիս է: Կներես, ճանապարհել չեմ կարող. հիմա կգա, տեսքս ինչպե՛ս է: Դու հասկանում ես չի գնում, չի գնում: Մնում է, համոզել է:

Փոքր քաղաքում, որտեղ ամեն տուն իր այգին ունի,  ամենահեշտը հանգստություն գտնելն է ծառի վրա կամ տակ:

Սեղանի կողքին շրթներկ էր ընկած, Նարեկը նայեց դեմքիս, նայեց շրթներկին,կասկածեց, բայց հարցրեց.

-Սա քո՞նն է:

-Ձեռք ես առնում, հո ես ղզիկ չեմ`շրթներկ օգտագործեմ:

-ՉԷ, չէ, չի գնում, հասկանում ես, չէ, դու… ախր…հասկանում ես

Նարեկն էլ ինձ չէր լսում, չէր նկատում , ես էլ … Արագ վերցրի շրթներկս ու դուրս թռա սրճարանից:

Փոքր քաղաքում ճիշտ այն ժամին, երբ դրսում զբոսնող աղջիկների շուրջ ամենաերևակայական զրույցներն են անում դրսում զբողնող տղաները, ես որոշեցի մոլորվել տուն տանող երկար, փոշոտ ու քիչ ծառերով մեր փողոցում, որովհետև երկինքն արդեն աստղաշատ էր,իսկ ես մաշել էի ինքաեսերիս ու համոզել քայլերիս:

 Ու ես սիրում  եմ Նարեկին  արդեն  տաս  տարի: Նա ինձ համար ոչ տիեզերք է, ոչ դառը շոկոլադ, ոչ էլ արցունք:  Նա կա, ու դա չափազանց սիրուն է: Նա ժպտում է, իսկ ես` երջանիկ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *