Սադեղ Հեդայաթ | Փշրված հայելի

Գարնան առաջին ծաղիկների նման մատղաշ էր Օդեթը՝ մի զույգ բիլ, մախմուր աչքերով, խարտյաշ խոպոպներով, որոնցից մեկը միշտ հպվում էր այտին: Ժամեր շարունակ նուրբ, գունատ կիսադեմով նստում էր իր սենյակի պատուհանի առաջ: Ոտնամանները հանած՝ վեպ կարդում, գուլպաները կարկատում կամ ասեղնագործություն անում, իսկ երբ ջութակով նվագում էր «Տխուր վալսը», սիրտս կուչ էր գալիս:
Իմ սենյակի պատուհանը Օդեթի պատուհանի դեմ դիմացն էր. ինչքան րոպեներ, ժամեր, գուցե կիրակիներ էի պատուհանիցս նրան նայում: Հատկապես գիշերները, երբ հանում էր գուլպաներն ու անկողին մտնում:
Այսպես մեր միջև ծնվեց մի թաքուն կապվածություն: Եթե մի օր նրան չէի տեսնում, այնպիսի զգացողություն էր, որ մի բան էի կորցրել: Երբեմն այնքան էի նրան նայում, որ վեր էր կենում, փակում պատուհանի փեղկը: Երկու շաբաթ էր, ինչ ամեն օր իրար էինք նայում, սակայն Օդեթի հայացքը սառն էր ու անփույթ: Շատ էր անժպիտ, որ իմ հանդեպ արտահայտեր որևէ վերաբերմունք: Առհասարակ նրա դեմքը լուրջ էր ու ծածկամիտ:
Առաջին անգամ, երբ նրան դեմ դիմաց պատահեցի, մի առավոտ էր. գնացել էի մեր փողոցի սրճարանում նախաճաշելու: Այնտեղից դուրս գալուց հետո Օդեթին տեսա: Ջութակի պատյանը ձեռքին՝ մետրոյի կողմն էր գնում: Ես բարևեցի, նա ժպտաց: Հետո թույլտվություն խնդրեցի վերցնել ջութակն ու նրան ուղեկցել: Գլուխը թեքեց, ասաց «մերսի». հենց այդ բառով սկսվեց մեր ծանոթությունը:
Այդ օրվանից մեր սենյակի պատուհանները բացելիս հեռվից ձեռքերի շարժումներով խոսում էինք իրար հետ: Սակայն այդ խոսակցությունը մշտապես ավարտվում էր՝ առանց ներքև իջնելու, «Լյուքսեմբուրգյան պարտեզում» իրար հետ հանդիպելու, կամ թատրոն, կինո, սրճարան գնալու, թեկուզ որևէ այլ կերպ մի քանի ժամ անցկացնելու: Օդեթը տանը մենակ էր ապրում, քանի որ մայրն ու խորթ հայրը մեկնել էին ճանապարհորդության, ինքն էլ իր գործերով Փարիզում էր մնացել:
Նա բավականին սակավախոս էր: Բայց երեխայական բնավորություն ուներ՝ համառ էր ու կամակոր, երբեմն ինձ հունից հանում էր: Երկու ամիս էր՝ ընկերացել էինք: Մի երեկո որոշեցինք մասնակցել Նոինի շուկայի ուրբաթօրյա տոնավաճառին: Այդ երեկո Օդեթն իր նոր, երկնագույն զգեստն էր հագել և սովորականից ավելի ուրախ էր: Ռեստորանից դուրս գալուց հետո, մինչև մետրո, ողջ ճանապարհին, իր կյանքից պատմեց… մինչև մետրոյից իջանք «Լունա Փարքի» դիմաց:
Մարդիկ եռուզեռի մեջ էին: Փողոցի երկու կողմում շարված էին խաղալիքներ, զվարճանքի պարագաներ: Բացված խանութներ, քաղցրավենիքի կրպակներ, նետաձգություն, կրկես, էլեկտրական ուժով իրենց առանցքի շուրջը պտտվող փոքրիկ ավտոմեքենաներ, ճախրող օդապարուկներ, ապշած ուղևորներ և գույզգույն ցուցահանդեսներ: Կանացի բղավոց, խոսացություն, ծիծաղ, շարժիչների աղմուկ՝ միախառնված տարբեր երաժշտություններին:
Որոշեցինք նստել զրահապատ վագոն. այն մի շարժվող նստարան էր, որ պտտվում էր իր իսկ շուրջը, պտույտի պահին վրան մի կտոր էր հայտնվում, և անձրևորդի կերպարանք էր ստանում: Երբ ուզում էինք բարձրանալ վագոն, Օդեթն իր ձեռնոցներն ու պայուսակն ինձ տվեց, որ ճոճվելու, շարժվելու պահին ձեռքից չգցի: Նստեցինք իրար շատ մոտ, վագոնը շարժվեց, և մի կանաչ կտոր, դանդաղ բարձրանալով, մեզ մոտ հինգ րոպե թաքցրեց դիտողների աչքից: Այդ կտորը երբ հետ քաշվեց, դեռ մեր շուրթերն իրար կպած էին. ես համբուրում էի Օդեթին, և նա դեմ չէր: Հետո իջանք, և նա ճանապարհին ինձ պատմում էր, որ սա երրորդ անգամն է, ինչ գալիս է ուրբաթօրյա տոնավաճառին: Մի քանի տեսարժան վայր էլ գնացինք: Արդեն կեսգիշեր էր, երբ հոգնած-ջարդված վերադառնում էինք: Սակայն Օդեթն այդտեղից չէր կտրվում: Կանգնում էր ամեն մի կրպակի դիմաց, ես էլ՝ ստիպված: Երկու-երեք անգամ նրա ձեռքից ուժով քաշեցի, նա էլ ուզած-չուզած հետս գալիս էր, մինչև կանգնեց մի մանրավաճառի մոտ, որ «Ժիլետ» ածելի էր վաճառում, գովաբանում այն, և դրա որակը գործնականորեն ցույց տալով՝ մարդկանց կանչում էր գնելու: Այս անգամ ափերիցս դուրս եկա, նրա թևից կոպիտ քաշեցի ու ասացի.
– Սա էլ հո կանացի իր չէ:
Բայց նա, թևը մի կողմ տանելով, ասաց.
– Գիտեմ, ուզում եմ նայել:
Ես էլ առանց պատասխանի գնացի մետրոյի կողմը: Երբ տուն վերադարձա, փողոցը դատարկ էր, Օդեթի սենյակի պատուհանը՝ լուռ: Մտա իմ սենյակ, լույսը վառեցի, բացեցի պատուհանը, և քանի որ քունս չէր տանում, մի որոշ ժամանակ գիրք կարդացի: Գիշերվա մեկն էր: Գնացի, որ պատուհանը փակեմ, քնեմ: Տեսա՝ Օդեթը եկել է, իջել, կանգնել է իր սենյակի պատուհանի տակ՝ փողոցում՝ վառվող լապտերի կողքին: Զարմացա, պատուհանը զայրացած փակեցի: Երբ արդեն ուզում էի շորերս հանել, նկատեցի, որ Օդեթի հուլունքագործ պայուսակն ու ձեռնոցները գրպանումս են, և գիտեի, որ տան բանալին, մոտի գումարն էլ պայուսակում են: Դրանք իրար կապեցի ու պատուհանից դուրս նետեցի:
Անցավ երեք շաբաթ, և այս ողջ ընթացքում ես նրան արհամարհում էի: Երբ բացվում էր նրա պատուհանը, ես փակում էի իմը: Այդ օրերին որոշեցի ճանապարհորդել Լոնդոն: Անգլիա մեկնելուցս մեկ օր առաջ փողոցի ոլորանին հանդիպեցի Օդեթին, որ, ջութակի պատյանը ձեռքին, մետրոյի կողմն էր գնում: Իմ ողջույնից հետո նրան ասացի մեկնմանս մասին և ներողություն խնդրեցի այն օրվա արարքիս համար: Օդեթը սառնասրտորեն բացեց իր հուլունքագործ պայուսակը, ինձ տվեց մի փոքրիկ, փշրված հայելի ու ասաց.
– Այն գիշեր, երբ պայուսակս դուրս նետեցիր պատուհանից, այսպես եղավ: Գիտե՞ս՝ սա դժբախտության նշան է:
Ես ծիծաղեցի, նրան սնահավատ կարծեցի ու խոստացա, որ մեկնելուցս առաջ նրան նորից կտեսնեմ, բայց ցավոք չկարողացա:
Մոտ մեկ ամիս կլիներ՝ Լոնդոնում էի, երբ այս նամակն ինձ հասավ Օդեթից.

«Փարիզ, սեպտեմբերի 21, 1930:
Ջամշի՛դ հոգիս,
Չգիտես, թե ինչքան մենակ եմ: Այս մենակությունը տանջում է ինձ: Ուզում եմ այս գիշեր հետդ մի քանի բառ խոսել, քանի որ, երբ քեզ նամակ եմ գրում, թվում է՝ քեզ հետ եմ խոսում: Եթե այս նամակում «Դու»-ով եմ դիմում, ների՛ր: Եթե միայն իմանայիր, թե հոգուս ցավն ինչ աստիճան խորն է…
Օրերն ինչ երկար են. ժամացույցի սլաքներն այնքան դանդաղ են առաջ շարժվում, ի՞նչ անեմ: Քո կարծիքով, արդյոք ժամանակն այս աստիճան երկար է՞: Գուցե այդտեղ ծանոթացել ես մի աղջկա հետ, եթե ոչ, ուրեմն վստահ եմ՝ միշտ խորացած ես գրքերիդ մեջ: Այնպիսին ես, ինչպես Փարիզում էիր՝ այն դատարկ սենյակում, որ ամեն րոպե աչքիս առաջ է: Հիմա մի չինացի ուսանող է այն վարձակալել, բայց ես իմ ապակիների հետևում հաստ կտոր եմ անցկացրել, որ դուրսը չտեսնեմ, քանզի ում սիրում եմ, այնտեղ չէ… ինչպես որ ասում են. «Թռչունը թե ուրիշ սար թռավ, էլ չի գա»:
Երեկ Հելենի հետ քայլում էինք «Լյուքսեմբուրգյան պարտեզում»: Երբ հասանք քարե նստարանին, հիշեցի այն օրը, երբ նստած էինք այնտեղ, ու դու քո հայրենիքից էիր պատմում, խոստումներ տալիս, ես էլ հավատում էի դրանց… իսկ այսօր դարձել եմ ընկերներիս ծաղր ու ծանակի առարկան: Ես միշտ քեզ համար կնվագեմ «Տխուր վալսը»: «Գարնանային անտառում» արված մեր լուսանկարը սեղանիս վրա է: Երբ նկարդ եմ նայում, նա էլ է ինձ ջերմացնում: Մտածում եմ. «Չէ՜, այս նկարն ինձ չի խաբի», բայց ավաղ: Չգիտեմ՝ կհավատաս, թե՝ չէ, այն գիշերվանից հետո, երբ փշրվեց հայելին, այն հայելին, որ ինքդ էիր ինձ տվել, սիրտս մի չարագուշակ բան էր վկայում: Վերջին օրը, երբ իրար տեսանք, ու ասացիր՝ Անգլիա ես գնում, սիրտս կանխազգաց, որ դու շատ ես հեռու գնալու, ու էլ երբեք իրար չենք տեսնի: Եվ պատահեց այն, ինչից սարսափում էի: Մադամ Բուրելն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես այդքան տխուր»: Եվ ուզում էր ինձ հետը Բրիտանիա տանել, բայց ես չգնացի, քանի որ գիտեի՝ ճանապարհից շատ եմ հյուծվելու:
Եթե նամակս ծանր եմ գրել, ծանր վիճակիցս է. ների՛ր ինձ, և եթե քեզ ձանձրացնում եմ, հուսամ՝ կմոռանաս ինձ, նամակներս կպատռես, կոչնչացնես. այդպես չէ՞:
Եթե իմանայիր՝ այս ժամին ցավերս ինչքան խորն են. ամեն ինչից զզվել եմ, կուշտ եմ ամենօրյա գործերից, մանավանդ, որ մինչև այս ամենը այդպես չէր: Գիտես, այլևս անկարող եմ սրանից ավելի անորոշ վիճակում ապրել, այլապես կդառնամ շատերին տխրություն, ցավ պատճառող: Բայց նրանց բոլորի ցավը չի հասնի ինձ… Հենց այդպես, որոշել եմ՝ կիրակի օրը մեկնելու եմ Փարիզից: 6:35 գնացք կնստեմ ու կգնամ Կալե՝ քո անցած վերջին քաղաքը: Այդ ժամանակ ջրի կապույտը կտեսնեմ. այդ ջուրը վերցնում է բոլոր դժբախտությունները, և ամեն վայրկյան փոխվում է նրա ձայնը, ցավով ու զղջումով միախառնված լռությամբ իրեն ափին է զարկում, փրփրում, ալիքները կուլ են տալիս այդ փրփուրը ու փսխում… և հետո այդ նույն ալիքները իրենց հետ կտանեն իմ վերջին մտքերը: Քանի որ ում ժպտա մահը, այդ ժպիտով իր գիրկը կկանչի:
Իհարկե կասես, թե նա այդպիսի քայլի չի գնա, բայց կտեսնես, որ ես չեմ ստի:
Հեռվից ընդունիր իմ համբույրները…»

ՕԴԵԹ ԼԱՍՈՒՐ

Երկու պատասխան նամակ գրեցի Օդեթին, սակայն դրանցից մեկը մնաց անպատասխան, իսկ երկրորդը վերադարձավ իմ հասցեով՝ վրան դրոշմված. «Վերադարձ ուղարկողին»:
Հաջորդ տարի, երբ Փարիզ վերադարձա, հնարավորինս արագ գնացի Սեն Ժակ փողոց՝ այնտեղ, ուր հին բնակարանս էր: Իմ սենյակից մի չինացի ուսանող «Տխուր վալսն» էր սուլում: Իսկ Օդեթի սենյակի պատուհանը փակ էր, և դռան վրա մի թուղթ էին փակցրել՝ վրան գրված. «ՏՐՎՈՒՄ Է ՎԱՐՁՈՎ»:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *