Ռազմիկ Գրիգորյան | Քաղաքն արթնացել է, մարդիկ՝ չկան

Նոր էր արթնացել, պատուհանից տեսավ ծիրանենու ուսին ժպտացող ծաղիկները: Հագավ շորերը, ձեռքով անվասայլակը մոտեցրեց անկողնուն, նստեց անվասայլակի վրա և մոտեցավ պատուհանին: Վարագույրը հետ քաշեց, բացեց պատուհանը: Արևն ու քաղաքը արթնացել էին՝ մարդիկ չկային: Փողոցները դատարկ էին, մայթերը հանգիստ շունչ էին քաշում, այգիները կարծես ազատագրվել էին ծխախոտի ծխից ու մնացորդներից:
Կանգառի նստարանին նստած էր մուրացիկ տղամարդը, քիչ անց նրան մոտեցավ մի կին` ցեխոտ անձրևանոցով, պատռված ցիլինդրով, որից կարելի էր ենթադրել, որ կինը նույնպես մուրացիկ է: Կինը նստեց տղամարդու կողքին, տոպրակը դրեց նստարանին, բացեց, հանեց հաց, պահածո, օղի, գազավորված ըմպելիք և մեկանգամյա օգտագործման բաժակներ: Տղամարդը բացեց օղին, լցրեց բաժակները, կինը ձեռքով կտրատեց հացը, բացեց պահածոն: Մի-մի պատառ կերան, հետո խմեցին, խմելուց հետո տղամարդը վերև էր նայում, կինը հոտ էր քաշում ձեռքից:
Թամարը նայում էր նրանց պատուհանից ու չէր ուզում հեռանալ, ասես հետաքրքիր ֆիլմ դիտելիս լիներ, կամ գուցե դատարկ քաղաքում, մի քանի երթևեկող մեքենաներից բացի, նրանք էին միայն, որ հիշեցնում էին կյանքի մասին, և դա էր շարժում Թամարի հետաքրքրությունը: Նոր շնչառական վիրուսի պատճառով բոլորին հրահանգված էր մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության պարագա¬յում, հետևել ցուցումներին, իսկ երբ նոր վիրուսին ավելանում է նաև վախը, այն մահաբեր է դառնում…
Նրանք՝ կինն ու տամարդը, իրենց տանն էին՝ փողոցում, այգում, քաղաքում, և հիմա գուցե վայելում էին այդ տան լռությունը, որի ցանկացած անկյունում կարելի էր պառկել ու քնել պարզապես, և ժամանակից շուտ հյուրեր չէին հայտնվի, չէին արթնացնի, չէին հոխորտա, չէին սպառնա… Խմեցին վերջին բաժակը, շիշն արդեն դատարկ էր, երբ կինն ու տղամարդը հիշեցին կարծես, որ պետք էր նաև հաց ուտել: Մոտակա շենքի բաց պատուհաններից մեկից երաժշտության ձայն էր լսվում, տղամարդը դեռ ուտում էր, կինը ոտքի կանգնեց, բռնեց նրա ձեռքից, ինչ-որ բան ասաց։ Թամարը չկարողացավ դա լսել, քանի որ հեռու էին նրանք: Տղամարդը ցած դրեց ձեռքի հացը և վեր կացավ․ փողոցում նրանք սկսեցին տանգո պարել, կարծես ոստիկանությունը հատուկ փակել էր փողոցները, որ նրանք պարեին, ու թվում էր, թե փողոցում ֆիլմ են նկարահանում:
Թամարը մոտեցավ, բացեց դաշնամուրը, և նրա մատները ստեղների հետ սկսեցին Կոմիտասի լեզվով խոսել: Նվագում էր ու ասես հին ալբոմի պես թերթում իր անցյալը․ հասավ մինչև դպրոցական տարիներ, կանգ առավ այն օրվա կեսին, երբ սովորականի պես դասի էին նստած, հետո ձայներ լսեցին, ու ոչինչ չէր հիշում այլևս:
Գիտակցության էր եկել փլատակների տակ, ամբողջովին արյան մեջ, կարծել էր՝ երազ է տեսնում, հիշել էր տատի խոսքերը. «Եթե վատ երազ ես տեսնում, երեք անգամ աչքերդ բացիր-փակիր՝ կանցնի»: Երեք անգամ աչքերը փակել-բացել էր, ոչինչ չէր անցել, նրան դուրս էին բերել փլատակների տակից.
– Անիիս չե՞ս տեսել, քո կողքին էր նստում, – Անիի մորը չէր կարողացել պատասխանել, ուղղաթիռով իրեն տեղափոխել էին Երևան:
Հիվանդանոցում հասկացել էր, որ այլևս չի քայլելու: Իրենց քսան հոգանոց դասարանից ընդամենը վեցն են կենդանի մնացել, ու բժիշկը, որ նրանց ասել էր, թե ինքն այլևս չի կարող քայլել, նաև ավելացրել էր. «Կյանքը մեզ տրված է որպես փորձություն և մահվան հետ ձեռքսեղմման հնարավորություն: Կարելի է այդ փորձությունը հաղթահարել առանց ոտքերի, առանց տեսողության, առանց ձեռքերի: Կյանքը հոգևոր տիրույթ է, փորձիր լինել այդ տիրույթում մինչև վերջ», – այս խոսքերից հետո բժիշկը Թամարին նվիրել էր Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» գիրքը և հեռացել: Այլևս նրանք չէին հանդիպել:
Արդեն կեսօր էր: Թամարը ո´չ լվացվել էր, ո´չ սրճել: Մուրացիկ զույգի պարն ու դաշնամուրը ամբողջովին կլանել էին նրան, և նա չնկատեց, թե ինչպես օրը կես դարձավ: Նա մոտեցավ պատուհանին, նայեց կանգառին, զույգն արդեն չկար, հեռացել էր, դատարկ քաղաքը լուռ ժպտում էր արևի տակ: Լվացվեց և դուրս եկավ, պետք էր հաց գնել:
Փորձեց բարձրանալ մայթին, մի տղամարդ մոտեցավ, օգնեց:
– Շնորհակալ եմ:
– Խնդրեմ, – մի պահ երկուսն էլ քարացան:
– Դու էստեղ ի՞նչ ես անում:
– Առաքիչ եմ, ապրանք ենք բերել այս խանութը:
– Բա ոստիկանության զորքերում չէի՞ր:
– Ո´չ, դուրս եմ եկել: Դու լա՞վ ես:
– Այո:
– Բա երեխան:
– Կորցրել եմ երեխային, մորս մահից հետո:
– Ինչո՞վ օգնեմ քեզ:
– Ոչնչով, ցտեսություն:
– Ցտեսություն, – տղամարդը նստեց մեքենան և հեռացավ:
Թամարը երկու տարի ապրել էր նրա հետ, հետո վիճել էին, բաժանվել, ու հիմա, բացի նրանից, Թամարը ոչ ոք չունի աշխարհում: Աշխատում է, որ չխելագարվի, կարդում է, որ չխելագարվի, նվագում է, որ չխելագարվի, ապրում է, որ չխելագարվի:
Նա չմտավ խանութ, հաց չէր ուզում գնել: Անվասայլակով անցավ երկար փողոցը, ապրեց դատարկ քաղաքը, ուզում էր փողոցում երգել, պարել մուրացիկ զույգի պես: Ուզեց հանդիպել մեկին, ում տունը կլինի քաղաքը, այգին, փողոցը, և ով կպարի իր հետ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *