Ռազմիկ Գրիգորյան | Երևան

ԵՐԵՎԱՆ

Բեմից երգում էին քո մասին
փողոցներդ ծուխ էին շնչում,
չգիտեմ քեզ համար
թե քո մասին էին
ծխուկը մայթին նետում
քեզ սիրողները։

ՄԵԿՆՈՒՄ

Լուսնի նավակի մեջ
բարձր երգում է լռությունը,
պատուհանի գոգին պառկած քամին
լիզում է մատներս,
մարում` ծխախոտս,
մեկով պակաս եմ այս իրիկուն,
թեև գնացքի երկու տոմս ունեմ
մեկնելու համար։

ՔԱՂԱՔ

Հրամայված էր նրանց գալը,
քաղաքի ծակ գրպաններում
վարձով տրված այդ հոգիների…
Հրապարակում
ծխախոտի մնացորդների տակից
մեկ պարկ դիմակ եմ հավաքել,
չգիտեմ ինչ անեմ,
ափսոս է աղբամանը։

ՀԱՅԱՍՏԱՆ

Ցավի մեջ բողբոջած
օրհնված ոտնահետքի բուրմունք…
Կորամեջք հողի ճիչը՝
պարարտանյութն է
շարունակությանդ:

ՁՄՌԱՆ ԵՐԳ

Որպես պարականոն հմայիլ,
սպիտակ հեքիաթ է իջել կտուրիս,
չկարդացված բացիկի պես,
փաթիլե բարուրի մեջ
ծածանվում է գիշերը…

ԴՒՐՔԵՐՈԻՄ

Ինքնաձիգի փողի եզրին
պառկած կարոտս
արթնացնում է ինձ,
որ նամակ գրեմ քեզ…

***
Տիեզերքի ջարդված կողոսկրից
սարքված երկիր,
փողոցում նետված գրքերի
ցեղոտ էջերին
գրում ես մահախոսականդ:

***
Մառախլապատ օրը վրձնում է
ծնողազուրկ քամու թափառումը
այգու խոնավ թանաքամանի մեջ…
Ընկնող տերևը վերջին անգամ
վերապրում է քամու մայրությունը…

***
Քարի խռպոտ թարթիչներին
որպես սև հաղարջ
ընկնում է արցունքս…
Երեկոն արնահոսում է
կակաչի բարակ ստինքներից,
աղվամազե գրիչը մրսում է խրամատում…

***
Ամեն օրվա պես դու սուրճ ես եփում,
ամեն օրվա պես ես նստած եմ խոհանոցում,
և սովորականի պես աշուն է,
բայց չգիտեմ` մեզանից ով այստեղ չէ։

ԿՈՄՒՏԱՍ

Նա աղմուկն առանձնացնում էր լռությունից
եւ բառերին խառնում
հացի երաժշտություն։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *