Բորիս Չիչիբաբին | Սաղմոսներ Հայաստանին

Բորիս Ալեքսեևիչ Չիչիբաբինը խորհրդային շրջանի ամենաինքնատիպ և ազդեցիկ այլախոհ բանաստեղծներից է: Նրա պոեզիան առանձնանում է բարոյական անզիջում կեցվածքով և մարդկային ազատության վեհացմամբ:

Ծնվել է 1923 թվականին Կրեմենչուգում: Գրական կեղծանունն ընտրել է ի պատիվ իր մորական պապի՝ հայտնի քիմիկոս Ալեքսեյ Չիչիբաբինի: 1946 թվականին, լինելով Խարկովի համալսարանի ուսանող, ձերբակալվել է «հակախորհրդային քարոզչության» համար (հիմնականում իր համարձակ բանաստեղծությունների պատճառով) և դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Երկար տարիներ նրա գործերը տարածվել են միայն «Սամիզդատի» (ինքնահրատ) միջոցով: Պաշտոնական ճանաչում է ստացել միայն «Վերակառուցման» տարիներին:

 1990 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Նրա գործերում կենտրոնական տեղ են զբաղեցնում խղճի, ճշմարտության և քաղաքացիական արիության թեմաները:

ԱՌԱՋԻՆ ՍԱՂՄՈՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վրաստանն ի՞նչ քեզ համար։ Գինարբուք է անկաշկանդ,
շնորհազուրկ բարդերի համար խայծ է գրավիչ,
կեղևի մեջ իր ամբողջ՝ նարնջային մի լողափ,
կապիկների ծառերում՝ մի մեծ լուսին հարավի։
Կարող էի ես այստեղ հավատալ ու վստահել
աբխազական սայլերին դանդաղընթաց և հյուսկեն,
բայց բնությունը ճարպոտ, մարդիկ՝ գոռոզ առավել…
Թող աֆոնյան հայրերի գիրկը նրանք սողոսկեն…
Իսկ երբ նայում ես կողքից, Հայաստանն է՝ սե՛րն Աստծո,
որ խաչվել է Աստծո հետ՝ քար լեռների մշուշում,
ուր Տիրոջ ցավն է ծփում ամեն խոտի մեջ բացվող,
և ուր քիչը մշտապես շատի մասին է հիշում։
Բախտիս վրա իշխողը թամադայի խոսքը չէ՞,
անխոնջ ջանք ու գործերի մենաստանն է հիրավի,
ուր անապատ վայրերի փշոտ մի թուփ էր աճել,
ճիշտ հակադիր մի պատկեր՝ այն ծառերին արմավի։
Եվ այնտեղ քարն էր ընկած, և այնտեղ բոցն էր կիզում,
և, ինչպես Նոյը հոնի շոգ ու տապի մեջ սաստիկ,
ոչ մի անգամ չտեսած՝ ճանաչեցի ես իսկույն
խոստացվածը ի վերուստ՝ և՛ հարազատ, և՛ մոտիկ։
Մարմինն ու նյութն են իշխում այնտեղ շրայլ և առատ,
էությունը կանացի անզգա չէ,- ես գիտեմ,
այնտեղ լողում է թեթև ճերմակաթագն Արարատ՝
Երևանի կարոտած ու տենչացող աչքի դեմ։
Լուսավոր է կապույտը այնտեղ եղբայր Սևանի,
ուր որ հավատն է պարզում առագաստն իր ջրերում,
և ի՜նչ խոսքեր են հնչում։ Արդյոք Սայաթ-Նովայի
խոսքերը չե՞ն՝ նվիրված արդարությանն ու սիրուն։
Դեպի լեռը շարունակ, ծանր ու դժվար չէ ուղիս,
հաղորդվելով հավերժին և ձուլվելով նրա հետ,
չխորշելով կենցաղից, խնջույքի մեջ գյուղերի՝
պատմությունն է գրառվում բիբլիական առհավետ։
Աշխարհի և աշխարհիկ կյանքերն այնտեղ մերձ են, հաշտ,
և մոտիկի կարոտից հեռավորն է միշտ լալիս,
և խնդության տոնն այնտեղ տխրությամբ է համակված
ու ցողված է արյունով զոհանվեր մատաղի։
Էլ գինովցած չեմ լինի ժամանակից լիովին,
և հայրենիքն էլ հիմա չի պաշտպանի ինձ արդեն –
հավատարիմ եմ մինչ մահ ես քարակուրծք այդ հողին,
ուր ընկույզն է աճում և ողջ մի ցեղ են սրատել։
Օրինավորը մերժել՝ քաղցր է սրտիս ու հաճո,
և ոգիս, որ այրվելով դեսուդեն է սլացել,
դեպի երկինք է լողում զղջանքի մեջ ու սիրո՝
Կոմիտասի երգաձայն աղոթքի հետ լուսածին…
Ի՞նչ է կյանքը մեր, եղբա՛յր։ Ունայնությանց պահատուփ,
Եվ մեզ բաժին չէր ընկնի տրտում մի բախտ ավելի,
սակայն նրան մանկան պես մաքրեցին ջրով սուրբ
Ճշմարտությունն ու լույսը՝ ողբերգության այն վերին։

 

ԵՐԿՐՈՐԴ ՍԱՂՄՈՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստա՛ն,- փշրում ես կայծքարը լեռների
վշտալի դրոշմով՝ նշանով նախաստեղծ,
դեռ քո մասին ոչինչ չեմ գրել, ինձ ների՛ր,
քո մասին մինչ հիմա դեռ ոչինչ չեմ ասել։
Հայաստա՛ն, խելքից է պատուհասդ, անշուշտ,
դու, որ երկվորյակն ես հրեից ցավերի,
ես փչում եմ քեզնից և՛ ամպեր, և՛ մշուշ,
ես խմել եմ ջուրը քո շատրվանների։
Տաճարներ ես հատել լեռներում անառիկ
և վերին պարգև ու շնորհից ես բերկրել,
դրկիցներիդ չարկամ՝ ոչ որպես նախատինք,-
Մատենադարանդ՝ որպես դա՛ս ես կերտել։
Եղել եմ Սևանում, տեսել եմ ես Գառնին,
ես իմ մոմն եմ վառել Գեղարդի սրտի մեջ,
Հայաստա՛ն, թող Աստված քո հոգին պահպանի,
Հայաստա՛ն, ուզում եմ քո որդին ես լինել։
Ես կյանքում, տանջանքում կրկնում եմ քո ուղին,
և մի՞թե ծանր է շատ իմ գործած մեղքն, ավաղ,
որ դեռ չեմ մոտեցել քո զոհասեղանին
ու զոհ չեմ մատուցել ո՛չ գառ, ո՛չ աքաղաղ։
Արիացի՛ր, իմ միտք, ոգի՛ իմ, սլացի՛ր
այնտեղ, ուր փայլի մեջ պայծառ ու հոյակերտ,
ասես լույսից ձուլված՝ լեռն է հառնում Մասիս
և հայացքիս դիմաց իշխում է առհավետ։
Բայց սիրած դժոխքից ինչպե՞ս խոսեմ հիմա,
ինչպե՞ս իրար կապեմ սկիզբն ու վերջն անծիր։
Նարեկացու երկնած աղոթագիրքն անմահ՝
ճպուռների քարե զնգոցում կբացվի՞։
Խոսքի ժա՞մն է արդյոք, դարերի ե՞րթ երկար։
Մի՛ գրգռիր արյամբ երկինքները վերին,
թող արտասվեմ, սակայն, որ աշխարհն հեկեկա՝
հիշելով խավարը թուրքական ջարդերի։
Սև ագռավների մեջ ճերմակ եմ, երջանիկ,
որ տանջվում եմ երկրի տառապալից հովտում,
որ քո մասին, հաստատ, դեռ ապրում եմ քանի,
պիտի ասեմ, գիտեմ, իմ խոսքը լավագույն։

 

ԵՐՐՈՐԴ ՍԱՂՄՈՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երկնամերձ, հեռավոր մի վայրում, որի լույսն իր թագով սրբազօծ
պսակում է իմ սերն առ աշխարհ և այդ սերն է դարձնում առավել,
հուշարձան է վշտին կանգնեցված,- և նրա ուրվագիծն արտառոց
մտորման է մղում ու երբեք չի կարող ոչ մի տեղ կրկնվել։
Վերելքը երկար է, տևական. ճիշտ այդպես հոգին է պատրաստվում,
ստվերներն են նրանց ընթանում, որ անմեղ՝ զրկվել են այս կյանքից,
սսկվել են նրանց լուռ աղոթքում խռովյալ մտքերը այն բազում,
և մեղքի զգացմամբ ջնջվել է զգացումը վիրավորանքի։
Եվ ոչ թե տոնական փայլի մեջ, վազքի մեջ աշխարհիկ և ունայն,
բոլորի՛ աչքի դեմ, որ արդեն մոռացել են ջարդ ու պատերազմ,
հառնում է հուշարձանն այն մարդկանց, ում կյանքից զրկել են հենց միայն
մեկ բանի համար, որ աշխարհում իրենք հայ են եղել,- բա՛վ էր այս։
Եվ եղբայր սրտերի լուռ ցավից, և հակված քարերի խոր վշտից,
հավատի խարույկից, սգերգից, որ երկնեց Կոմիտասն արարուն,
հուշարձանն այն ազգն է կառուցել, ում սիրտը իմաստուն է մտքից,
ում բարակ մոմերը ծխում են հնավուրց, սևացած տաճարում։
Հուշարձան է վշտին կանգնեցված այն երկրում, որ սիրել է Աստված,
որտեղ նուռն է աճում և որտեղ արածում են գառները խոնարհ,
թանկ է այն բոլորին, բայց թանկ է երիցս նրանով, անկասկած,
որ շատ կան սրբազան մասունքներ, բայց մենք չենք տեսնի դրանք։
Ես երբեք չեմ գրել տողերն իմ ի փառս մեծամիտ հովերի,
մարգարե խոսքերի համար քիչ են իմ տանջանքները բոլոր,
բայց սիրտս հո գիտե, թե որքան երկնքի համար դառն է էլի
Հայաստան – Արարատ ամբողջի երկրային բաժանումն ահավոր։
Օ՜ դար իմ, դու դատի ենթակա, արյունով ողողիր դեմքը իմ։
Ծանրությունը սերմ ու ցորենի կքել է չարի տակ հնավուրց,
և սգում է մահը զոհերի, որ ընկան այն ջարդից ոխերիմ,
երգեցիկ, թրթռուն բոցն անմար՝ կարեկից ցավերից ալեկոծ։
Ինչպիսի՜ բախտ էր ինձ վիճակված, որ այստեղ չեմ ծնվել։ Այլապես
հենց ինձ էլ այս ժամին, որ մեկեն վշտալի, սև լուրից դարձա կույր,
հնամյա Նոյի պես կթվար, թե մի նոր ջրհեղեղ է արդեն,
և ճերմակ ճայեր են ճախրում տապանահանգրվան բարձունքում։

 

ՉՈՐՐՈՐԴ ՍԱՂՄՈՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եղբայր եմ բոլոր հալածվածներին,
և հոգու խորքում իմ՝ նիրվանա է,
երբ Արարատի բարձր կատարին
Երևանից եմ սկսում նայել,
երբ քարավանի նման ուղտերի,
երկնքի խորքից, աննյութ ու թեթև,
ամպերն են անցնում սուրբ և անթերի
և լողում այնտեղ՝ Երևանից վեր,
ճնշելով այն, ինչ անցողիկ է, սուտ,
իր ողբերգությամբ վախճան ու վերքի՝
տասնհինգ թվի կոտորածն անգութ
քիչ է մնում իմ ուղեղը ճեղքի,
իսկ իմ իշուկը քնքուշ ու բարի,
փափկամազ այնպես, այնպես երազուն,
փարվելով մարմնիս՝ այտիս վրայից
ինքնաբուխ հոսող արցունքն է լիզում…
Օ, սիրո ձգտում, մղում աննահանջ
քո հավերժական մանուկն եմ արբած,
լողա՛, Հայաստա՛ն, լողա միշտ առաջ
իմ աչքերի մեջ՝ քեզ սիրահարված։
Հոգնած քո անվերջ տանջանք ու հոգսից՝
թաղվիր մի փոքրիկ ու մութ անկյունում,
դու լքյալ որբուկ Անդրկովկասի,
որ տառապանք են անվերջ ընդունում։
Բայց թեև բախտը թափառիկների
դեռ չի դադարել մեզ գերել անվերջ,
ոչ մի տեղ այսպես չենք զգում էլի
մենք Հավերժությունն այս աշխարհի մեջ։
Անդորր ծնելով մեր այս աշխարհում,
որ չէր զգացել մեր սիրտը երբեք,
օդի պես թեթև՝ թռչում ես, ճախրում՝
քո հավատակից եղբայրների հետ։
Ասես լուսնից են՝ մոգական այնպես,
և հմայում են միշտ մեր աչքերը,
աշխարհում որտե՞ղ հայտնի չեն, ասեք,
նրանք՝ հայկական լույս խաչքարերը։
Ես դարպասներս չեմ բացի երբեք
ո՛չ ետին մտքի, ո՛չ ուժի առջև.
քո խոր կիրճերը, Հայաստա՛ն երկիր,
ինձ բարություն են ընդմիշտ ներշնչել։
Քո բառարանն եմ հուզմունքով թերթել,
սրտով ալեկոծ ու եռանդով լի,
կյանքում այնպիսի պտուղ չեմ քաղել,
ինչպիսիք Սարյանն իր այգում ունի։
Երանելիին ծառայելով հար,
կաթ-կաթ սուզվելով գիրկը քարերի՝
միշտ թարմ է այնպես ու միշտ կենարար
անապակ ջուրը շատրվաններիդ։
Օ, չէի փորձի բացատրել անգամ
շատախոսությամբ, բառերով ծեծված,
թե ո՜նց եմ ուզում աշխարհը համայն
գրկիս մեջ սեղմել՝ քո սիրով լցված…
Երբ բարեկամս է որոշում կրկին
մեզ՝ եկվորներիս հանկարծ հյուր կանչել,
դուք այս աշխարհում չեք տեսնի մեկին,
որ լինի ինձնից բարի ու անչար։
Ընկեր Ստեփանյան, իմ լավ բարեկամ,
ես չխմելու երդում չեմ տվել,
ուրեմն ձեր տուն խմելու° կգամ
և դարդ չեմ անի կյանքում երբևէ։
Կարող եմ թեթև ու անհոգ լինել,
արջի պես մռայլ և լուրջ չեմ այնքան,
և քո կենացն եմ խմում, Կարինե՛,
սակայն չեմ անցնի ես չափը հանկարծ։
Իսկ ճաշի համար արդեն օջախին
տոնական ուտեստն սպասում է մեզ,
տողերն են հնչում կրկին Քուչակի
և մեր սրտերն են բորբոքում այնպես։

Թարգմանությունը ռուսերենից՝ Խորեն Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *