Սեւակ Արամազդ | Բէլիսը


(հատուած «Աստծոյ օրը» վէպից)

Եղանակն աննկատ փոխուել էր: Հեռու հորիզոններում գալար-գալար մոխրասեւ ամպեր էին կուտակւում, որոնք ասես ելնում էին երկնքում ծխացող մի աներեւոյթ, հսկայ խարոյկից: Անձայն պայթիւններով նրանք ծաւալւում էին աւելի ու աւելի եւ ծանր հանդարտութեամբ մանրամասնօրէն փակում տեսադաշտը՝ բծախնդիր խնամքով մահուան մահիճ պատրաստելով մեռնող օրուայ համար: Մռայլ-հանդիսաւոր շարժումներով մօտենում էին իրար ու կարճ խորհրդակցելուց յետոյ զարմանալի համերաշխութեամբ փոխում ճանապարհը, ապա բաժանուելով՝ շտապում զբաղեցնել այս ու այնտեղ դեռեւս թափուր մնացած երկնային բացատները: Շուտով արդէն նրանք հսկում էին երկնքի չորս կողմերը՝ անթարթ սպասումով նայելով հեռուն…
Վերջապէս հորիզոնից ելաւ մթին ու գոռոզ ամպերի մի խստադէմ թափօր ու դանդաղ երթով մօտենալով՝ կանգ առաւ ուղիղ ջրհորի գլխավերեւում: Տիրեց դաւադիր լռութիւն: Ահա-ահա տեղի էր ունենալու այն, ինչի համար յարուցուել էր այդ ամբողջ իրարանցումը: Անսպասելիօրէն յայտնուեց մի հանդիպակաց հզօր քամի եւ հարուածելով ամպերի մէջտեղը՝ ցրիւ տուեց թափօրը: Ամպերը չորս կողմի վրայ գլխապատառ դիմեցին փախուստի: Քիչ անց երկինքը նորից պարզ էր ու անշարժ, սակայն օդում այլեւս տիրում էր մօտալուտ գիշերուայ սպասումը:
Դրսում, կացարանի դռան մօտ, մի քանի գործիք ձեռքին՝ Արան սպասում էր Բէլիսին: Նա հայեացքով ակամայ հետեւում էր երկնքում ծաւալուող այդ յախուռն փոփոխութիւններին, որոնք տեղի էին ունենում այնքան արագ, որ չէր հասցնում ընկալել: Արան զգաց, որ իր հայեացքը չի դիմանում տեսածի ծանրութեանը եւ խոնարհեց աչքերը: Այդ ամենը տեղի է ունենում նաեւ իր ներսում. այդ հզօր հոսանքներն ու մրրկապտոյտ շարժումներն անցնում են իր միջով: Եւ ինքը մի ամբողջ հաւերժութիւն այդպէս կանգնած է երկնքի ու երկրի միջեւ՝ որպէս անզգայ սիւն, որպէս ծառի անհաղորդ բուն, եւ այն, ինչ այդպէս ուժգին գալարումներով անցնում է իր միջով, ինչ-որ զարմանալի օրէնքով չի հպւում իրեն, կապ չունի իր հետ…
Բէլիսը յապաղում էր: Արան յիշեց նրա խօսքը, թէ պէտք է նախապատրաստուել, «ինչպէս հարկն է»: Սրտնեղելով՝ ոտքից ոտքի փոխուեց: Վերջապէս լսուեց խուլ թրխկոց: Յետ նայեց, բայց դա դարձեալ Բէլիսը չէր, այլ ինչ-որ մէկը, որ ներսից բացեց ու անմիջապէս էլ փակեց կացարանի դուռը: Արան սկսեց նեարդայնանալ ու սուր ընկալեց իր անհանգստութիւնը, որը կարծես կապուած չէր Բէլիսի ուշանալու հետ եւ պատճառ չունէր: Գուցէ նա, ում ինքը սպասում է, գոյութիւն չունի: Եւ այդ Բէլիսն ընդամենը դատարկ անուն է, վերացական մտքերի բռնի կապակցութիւն: Ճգնեց յիշել Բէլիսին, ինչպիսին նա կար, սակայն չկարողացաւ. ասես անյայտ մի ձեռք նրան ջնջել է իր միջից՝ տեղը լցնելով անառիթ տագնապով: «Տօ Բէլիսի՛ էլ, Բէնի՛ էլ, ջրհորի՛ էլ հէ՛րն անիծած,– անցաւ մտքով:– Ով ուզում է՝ թո՛ղ էդ գործն անի: Եթէ ցեխ է՝ թո՛ղ ցեխ խմեն…»: Ուզում էր արդէն յետ դառնալ, երբ կացարանի անկիւնից յանկարծ դուրս պրծաւ Բէլիսի կենդանի կերպարանքը: Այն, որ Բէլիսը ոչ թէ ներսում էր, այլ դրսում, զարմանալիօրէն ամեն ինչ կրկին յետ բերեց իր տեղը, ու Արան թեթեւացած շունչ քաշեց:
Կոտակ, ճաղատ, հսկայական գլուխը ճօճելով՝ Բէլիսն աթիկ-փաթիկ մօտենում էր, եւ Արան առաջին անգամ մինչեւ վերջ ընկալեց մեծագլուխ նենգադէմին:
Բէլիսի կերպարանքի մէջ անմիջապէս աչքի էր զարնում այն, որ կարծես նրա մարմնի ոչ մի անդամ իր տեղում չէր. նուազ հասակի համեմատ թեւերն անսովոր երկար էին, ուսերը՝ լայն, վիզը՝ հաստ ու կարճ, ոտքերը՝ բարակ, մեծ-մեծ թաթերով, քիթը՝ կլոր ու կանացի, աչքերը՝ նեղբիբ ու կկոցուն, ճակատը՝ թեք ու հսկայական, մօրուքի մէջ թաղուած ծնօտը պարկի նման կախ էր ընկած այնպէս, որ ասես ահա-ահա պոկուելու էր: Թւում էր, թէ նրա մարմնի անդամներն անվերջ ձգտում են ցրիւ գալու ու հեռու փախչելու իրարից: Արան յանկարծ ինչ-որ գուրգուրագին կարեկցանք զգաց Բէլիսի հանդէպ ու անսպասելի խղճահարուեց:
– Էս ինչո՞ւ էսքան ուշացար,– բարեկամաբար յղեց նա Բէլիսին, բայց վերջինս չլսելու տուեց եւ հարկ չհամարեց պատասխանել:
Հասնելով Արային՝ Բէլիսը, առանց նայելու, տիրականօրէն առաջ ընկաւ: Արան իրեն անտեսուած զգաց. Բէլիսի լռութիւնն ասես «առաջնորդի իմաստուն լռութիւն» է: Բէլիսը, առանց այլեւայլութեան, այստեղ եւս իրեն համարում է գլխաւոր դէմք, իսկ ինքը՝ Արան, ծառայի պէս բեռնուած՝ գնում է նրա յետեւից… Արան սրտնեղած փնչաց եւ ուզում էր առաջ անցնել Բէլիսից, բայց այն, որ զառիվայրի վրայ, բնական թեքութեան բերումով, ինքն ակամայ մի քանի գլուխ բարձր էր Բէլիսից, հանգստացրեց նրան, եւ նա ինքն իրեն քթի տակ ժպտաց. ընդհակառակը, Բէլիսը կարծես իր գերին է, որին առաջ գցած՝ քշում է: Ո՞ւր…
Որքան ցած էին իջնում, այնքան Բէլիսն Արայի աչքին աւելի ու աւելի էր իմաստազրկւում: Երբ մտան դէպի ջրհորը տանող արահետը, Բէլիսն արդէն ընդամենը մի խրտուիլակ էր: Բէլիսը յանկարծ կանգ առաւ եւ գլուխը շրջելով՝ սուր-շեշտակի նայեց Արային: Նրա գունատ-մոխրագոյն դէմքին դաջուած էր մի անմարդկային լրջութիւն, եւ խլւլուն-կկոցուն աչքերից նայում էր անյայտ-անթափանց մէկը, որն ասես յայտնուել էր մէկ այլ աշխարհից՝ հոտոտելու երկրի վրայ կատարուող ամեն ինչ: Եւ Արան Բէլիսի հայեացքի մէջ ճանաչեց ծպտուած լրտեսին:
– Գիտեմ, Արա, թէ դու ի՛նչ ես մտածում. դու մտածում ես, թէ ես լրտես եմ…– Բէլիսը սրտմտած լռեց՝ վեհանձն մի շարժումով ձեռքի ափով շոյելով հսկայական ճաղատը:– Յուրախութիւն քեզ, նաեւ ինձ, կարող եմ հաստատել, որ դու ճի՛շտ ես մտածում,– վերամբարձ շեշտով գովեց նա՝ հայեացքը չարաճճի-բարեկամաբար կրկին յառելով Արային:
Արան շփոթուեց:
– Չէ… ես… ուղղակի…
– Ի՞նչու ես արդարանում,– մեծահոգաբար կտրեց Բէլիսն իր սովորական սուր ձայնով:– Դրա կարիքը չկայ: Եթէ մի բան ճշմարիտ է, ուրեմն, նաեւ արդար է: Ես դա հասկանում եմ ու գնահատում…
– Բայց ինչո՞ւ էսքան ուշացար,– փորձեց խորամանկել Արան, սակայն դրանից աւելի շփոթուեց:
– Հրաժեշտ էի տալիս,– ներողամտաբար ժպտաց Բէլիսը:– Ես սիրում եմ մարդկանց հրաժեշտ տալ, եթէ նոյնիսկ դրա կարիքը չկայ: Բայց, կարծում եմ, միշտ էլ դրա կարիքը կայ, քանի որ իմ դէպքում հրաժեշտ տալը մարդկանց վրայ ազդելու միակ ճիշտ ձեւն է: Մարդը թոյլ արարած է, Արա. երբ ձեռքդ պարզում ես հրաժեշտի, նա խառնւում է իրար, իրեն վատ է զգում իր վատ մտքերի համար եւ, ուղղակի, հալւում է: Մի վայրկեանում սկսում է ինքն իրեն մեղադրել, թէ ինքն ահա ուրիշ՝ վատ-վատ բաներ էր մտածում քո մասին, այնինչ դու, պարզւում է, էնքան էլ վատը չես: Իսկ մէկ վայրկեան անց, երբ ամուր, բարեկամաբար սեղմում ես նրա ձեռքը՝ պարզ ու շիտակ նայելով ուղիղ նրա աչքերի մէջ, դու արդէն հաստա՛տ լաւն ես: Իսկ երրորդ վայրկեանին, երբ բարեհաբոյր ժպտալով՝ ձեռքդ զգուշօրէն հանում ես նրա ափի միջից, համոզուած եղիր, որ դու արդէն մէկընդմիշտ լա՛ւ, պայծա՛ռ, հրաշշշալի՛ մարդ ես,– հեգնանքով ասաց Բէլիսը:– Էդպէս դու ստիպում ես, որ մարդիկ ուզած-չուզած սիրով լցուեն քո նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետեւ մարդը, Արա, խեղճ մի բան է, մահուան վախը տպուած է մարդու բոլոր շարժումներում, իսկ հրաժեշտը մի փոքր, շատ փոքր՝ դռան անցքից նայելու չափ բացում է մահուան վարագոյրը, ու մարդը չտեսնելով տեսնում է սոսկումով, որ էդ վարագոյրից էն կողմ ոչինչ չկայ: Ու էդ ոչինչը ստիպում է նրան խեղճանալ, ու էդ խեղճութիւնը մարդիկ «սէր» են անուանում, որը նրանց ներշնչում է, թէ իրենք, ահա, մի բան արժեն: Դա էլ իր հերթին օգնում է, որ նրանք կամայ-ակամայ կախման մէջ ընկնեն քեզնից: Իսկ սէրը, ինչ ասեմ, փափուկ թամբ է, որի վրայ կարող ես յարմար տեղաւորուել ու քշել մարդկանց՝ ո՛ւր կամենաս: Ինձնից քեզ խորհուրդ․ եթէ ուզում ես իշխել մարդկանց, պիտի նրանց սէր ներշնչես, իսկ ինքդ միշտ զգօն լինես եւ՝ քմծիծաղը դէմքիդ…– Բէլիսն անկեղծ ու լիաթոք ծիծաղեց:
Արան չարձագանգեց։ «Իսկական լրտեսի տրամաբանութիւն․․․»,– անցաւ նրա մտքով: Զգաց, որ այդ տրամաբանութիւնը ճնշում է իրեն, եւ ինքն անզօր է դրա դէմ…
– Տես, Արա, հիմա, էս վայրկեանին, դու էլ ես շփոթուած, նոյնիսկ՝ դու ինքդ: Բայց մի՛ վախեցիր. ես յարգում եմ քո էդ, էսպէս ասած, կուսական շփոթմունքը: Ես վաղուց եմ նկատել, հէնց քո եկած օրուանից, որ դու միակն ես էս կացարանում, որին մոլորեցնել չարժէ, քանի որ դրանից օգուտ չկայ,– ձայնի խորհրդաւոր երանգով հաւաստեց Բէլիսը լրջացած:
– Ինչո՞ւ,– ակամայ դուրս թռաւ Արայի շուրթերից:
– Որովհետեւ, ոնց ասեմ, դու մարդ չե՛ս,– Բէլիսը ձեռքը զարկեց ծնկին եւ փռթկալով՝ նորից ծիծաղեց:– Եւ էդ կէտում, ահա, ես ու դու նման ենք իրար: Եթէ թոյլ կտաս ասելու՝ ես էլ մարդ չե՛մ… Մարդ լինելը, էսպէս ասած, ինձ չի բաւարարում,– իբր թէ այդ պահին գտաւ նա, բայց երեւում էր, որ դա վաղուց խնամքով մտածուած մի պատրաստի բանաձեւ է:
– Այսինքն…– կտրեց Արան հետաքրքրուած՝ զգալով, որ պահ առ պահ կորցնում է իրեն եւ խճճւում աւելի ու աւելի: Ասես մի անսպասելի յորձանք քշում է իրեն անյայտ ուղղութեամբ, եւ ինքը ձեռքն անկանոն գցում է կառչելու առափնեայ թփերի ցօղուններից, բայց միայն արիւնոտում է մատները… Ու Արան որսաց մի ստոյգ վտանգ, որ ելնում էր այդ մարդու սոսկական ներկայութիւնից, նրա սնդիկի պէս անբռնելի մտքերից, եւ ամենասարսափելին՝ այդ վտանգը թաքնուած էր նրա անթափանց անկեղծութեան մէջ…
– Գործը մեզ է սպասում, առանց էդ էլ արդէն ահագին ուշ է,– սրտնեղեց Արան:
– Արա, դու ինչո՞ւ ես ուզում ինձ զրկել, էսպէս ասած, վերջին խօսքի իրաւունքից: Խօսում ենք, էլի, քանի որ ես ու դու միասին ենք ու նոյն գործն ենք անում: Կարող է՝ մի վայրկեան, մի ժամ, մի օր անց ես ու դու այլեւս չլինենք: Յետոյ էն աշխարհում պիտի անվերջ ափսոսանք, որ զրոյցի էս լաւ հնարաւորութիւնը ձեռքից բաց թողեցինք,– Բէլիսը նորից ծիծաղեց:– Թէեւ, ինչքան հասկանում եմ, դու էն աշխարհը գնացող պտուղ չես: Իսկ իմ բանը լրիւ ուրիշ է. ես միշտ էլ ինձ էն աշխարհում եմ զգում…– տխրեց նա:
Արան ձայն չհանեց:
– Գիտեմ, Արա, դու ինձ արհամարհում ես: Իզո՛ւր… Է՛հ, քո գործն է,– Բէլիսը ձեռքը թափ տուեց եւ հայեացքը մի պահ յառելով դէպի հեռւում տարածուող Սովեալ Անապատը՝ շան նման հոտոտեց օդը:– Կարծես վառուածի հոտ է գալիս… Հա, ի՛նչ էի ուզում ասել. եթէ Իւանին մի վատ բան պատահի, իմացի՛ր, Արա, որ դրա համար դո՛ւ ես մեղաւոր…
Բէլիսի այդ կտրուկ անցումից Արայի մէջքով սարսուռ անցաւ:
– Ինչո՞ւ,– հազիւ արտաբերեց նա:
– Որովհետեւ Իւանն ինձ բանի տեղ չդրեց, հետս մի բառ անգամ չփոխանակեց: Հասկացայ, որ ինձնից առաջ դո՛ւ ես եղել նրա մօտ,– Բէլիսը մի պահ լռեց եւ քննող հայեացքով նայեց Արային:– Իմ սրտակից ընկերը չուզե՜ց հրաժեշտի ձեռք պարզել ինձ: Իսկ ով չի ուզում ինձ հրաժեշտ տալ, նա սեփական ձեռքով խաչ է քաշում ինքն իր վրայ…
Արան ապշեց:
– Փաստօրէն, դու զրկեցի՛ր Իւանին փրկուելու վերջին յոյսից: Այնինչ բոլոր մարդիկ, նոյնիսկ հայրասպանը, իրաւունք ունեն եթէ ոչ փրկուելու, ապա գոնէ փրկութեան մի վերացական յոյս ունենալու,– Բէլիսը մատն ուսուցողաբար-դժգոհ վեր տնկեց:
Արան կանգ առաւ եւ ուշադիր նայեց Բէլիսին, բայց հանդիպելով նրա սպառնագին պսպղացող աչքերին՝ փախցրեց հայեացքը՝ զգալով, որ կորցնում է մտածելու ընդունակութիւնը:
– Լա՜ւ, լա՜ւ,– չքմեղացաւ Բէլիսը,– ես մի փոքր չափազանցրի: Բայց դա միայն, էսպէս ասած, քո ուշադրութիւնը սրելու համար: Ուղղակի, ես վատ, թէ լաւ մի սովորութիւն ունեմ. նրան, ում սիրում եմ, ուզում եմ յուսահատեցնել մինչեւ վերջ, որպէսզի յետոյ կարողանանք իրար հետ իսկական ընկերութիւն անել: Իսկ ամեն մէկի հետ ես ընկերութիւն չե՛մ անում. միայն հազուագիւտ դէպքերում եւ միայն ընտրեալների հետ: Այնինչ ես միշտ էլ կարօտ եմ իսկական ընկերութեան…
Արան զգաց, որ Բէլիսի խօսքերն, իրենից անկախ, սկսում են իրեն դուր գալ, եւ ներսն էլ ջերմանում է:
– Հա, Արա,– նկատելի աշխոյժով շարունակեց Բէլիսը,– առանց էդ էլ էստեղ չափազանց ձանձրալի է: Մի կարգին մարդ չկայ, որի հետ սրտագին խօսես, եւ նա հասկանայ, թէ խօսքն ինչի՛ մասին է: Որ կողմը շրջւում ես՝ տգէտ խառնամբոխ է, որի ծոյլ-նախրային ուղեղը միայն մէկ ցանկութիւն է որոճում՝ իշխանութի՛ւն եւ դարձեալ իշխանութի՛ւն: Ու դրա գլխաւոր պատճառն էն է, որ կին չկայ, մէ՜կ հատիկ կին… Կնոջ ներկայութեամբ էս ամբողջ միջատային բզզոցը, որ ուղղակի ականջ է քերում, կդառնար կեանք, կեանքի երգ: Ամեն ինչ ա՛յլ իմաստ կստանար, կգտնէր իր, թէկուզ երեւակայական, արդարացումը: Իսկ էստեղ կնոջ փոխարէն դրել են էդ տխմա՛ր Դրախտը, որն, իբրեւ նպատակ, ճիշտ է, հաճելի է, բայց, իբրեւ միջոց՝ անտանելի՜ է, առօրեայ ցե՛խ ու չարչարա՛նք: Մինչդեռ կինը՝ ե՜ւ իբրեւ միջոց է հաճելի, ե՜ւ իբրեւ նպատակ,– հաճոյքով ծոր տուեց Բէլիսը ժպտալով:– Ճիշտ չե՞մ ասում…
Արան դարձեալ ձայն չհանեց:
– Երեւի նկատած կլինես, Արա, որ տիեզերքում գոյութիւն ունեցող բոլոր շարժումների հիմքում, պարզապէս, ընկած է կնոջը սիրելու շարժումը,– Բէլիսն ուշադիր նայեց Արային եւ տեսնելով, որ այդ խօսքերի վրայ Արան նկատելի կարմրեց, միանգամից զուարթացաւ:– Հասկանո՜ւմ եմ, Արա, հասկանո՜ւմ եմ. ես ամեն ինչ, ինչպէս ասում են, կէս խօսքից հասկանում եմ: Երեւում է՝ դու անձնապէս եւ, էսպէս ասած, գործնականում դեռեւս ծանօթ չես էդ հռչակաւոր շարժմանը,– ծիծաղեց նա:– Դու երեւի դեռ շա՜տ ջահէլ ես, բայց դա ոչ մի նշանակութիւն չունի, Արա, դու դրանից քեզ վատ մի՛ զգայ, քանի որ քո էդպէս կարմրելու հիմքում նոյնպէս ընկած է նոյն էդ շարժումը. եւ էդ կարմիր շարժումն է ղեկավարում ամբո՛ղջ տիեզերքը… Իսկ էստեղ՝ կացարանում, գոյութեան էդ կարեւորագոյն սկզբունքն աններելիօրէն խախտուած է, եւ դա՝ միայն ու միայն կնոջ բացակայութեան պատճառով. ահա թէ ինչո՛ւ է անմիջականօրէն կինն էդքա՛ն կարեւոր,– ոգեւորուած՝ Բէլիսը թեթեւակի բօթեց իր կողքից լուռ քայլող Արայի ուսին:– Առանց կնոջ, Արա, ձանձրալի է նոյնիսկ աշխարհիս ամենալա՛ւ, ամենահետաքրքի՛ր, ամենախելօ՛ք, ամենայաւիտենակա՜ն գիրքն անգամ, էլ ո՜ւր մնաց թէ…
Դադար տալով՝ Բէլիսը դարձեալ ցուցամատը խորհրդաւոր վեր տնկեց:
– Ի դէպ, Բէնի ձախողման գլխաւոր պատճառը նոյնպէս դա է: Ժամանակին ես Բէնին քանիցս զգուշացրի էդ մասին, բայց ինքը բանի տեղ չդրեց: Իր էդ գիրքը լոյսաշխարհ հանելուց առաջ անձամբ բերեց մօտս, որ խմբագրեմ: Ուշադիր կարդացի, մի քանի ոճական շտկումներ արեցի: Յատկապէս, կրճատեցի էն բոլոր մասերը, որտեղ «Ե՜ս եմ ասել» արտայայտութիւնը տեղի-անտեղի անհամեստաբար կրկնւում էր: Էդ հնարանքն, առհասարակ, զուրկ չէ տրամաբանութիւնից, բայց գրգռիչ է, կարող է մատնել հեղինակի կամ, չգիտեմ, պատուիրատուի իսկական մտադրութիւնը: Վերջում էլ Բէնի ուշադրութիւնը հրաւիրեցի էն հանգամանքի վրայ, որ իր գրքում կինն ուղղակիօրէն բացակայում է: Ճիշտ է, լղոզուած ձեւով ամեն ինչ էլ կայ: Օրինակ՝ Բէնը շատ նրբօրէն իր եւ իր էն սիրուհու… անունը մոռացայ… հա, Դաւէնայի պատմութիւնը, էսպէս ասած, տողերի տակից շատ լաւ էլ զգացնել է տալիս, բայց, մէկ է, Արա, մարդիկ բա՛ց բաներ են սիրում: Ինչպէս ասեմ: Ինչպէս որ կնոջ բաց ոտքերն են ցանկալի, էնպէս էլ սիրոյ բաց նկարագրութիւնները, քանի որ ամենագիտունն անգամ ուզածդ գրքի մէջ սրտի դողով թաքուն կին է ման գալիս… Ես Բէնին ասացի. «Մարդ էդքան եսասէր չի լինի, Բէ՛ն. ամբողջ գիրքդ լցուած է ես-ով՝ ե՛ս, ե՛ս, ե՛ս… Եթէ կնոջը տեղ չես տալիս՝ այ, էս գլխից ասում եմ, կձախողուես»: Բէնն էլ, թէ՝ «էս գրքում ամեն ինչ գրուած է ճիշտ էն ձեւով ու չափով, որ ինձ պէտք է: Մնացածն ինձ չի հետաքրքրում»: Ասացի. «Դո՛ւ գիտես, բայց ես արմատական սխալ եմ համարում, որ քո գրքում կնոջ փոխարէն հանդէս է գալիս Դրախտը: Հօ չե՞ս կարող, ասենք, գրկել էդ Դրախտն ու սիրել: Կամ՝ էդ Դրախտի ի՞նչը սիրես…»,– Բէլիսը խոժոռուեց:– Բայց ի՞նչ ասես, Բէնն ինձ չլսեց, շան տեղ էլ չդրեց: Ու հիմա ստիպուած՝ ես, իմ գործը թողած, զբաղուած եմ իրենց Դրախտը փրկելով: Ես հօ՛ լաւ գիտեմ, որ Բէնի ամբողջ իշխանութիւնը հիմնուած է մտքի մի պարզունակ բլէֆի վրայ. Բէնը, «իշխանութիւն» ասելու փոխարէն, ասում է «փրկութիւն»: Տխմա՛ր մի հնարանք, պարզապէս անմտութի՛ւն,– նախանձոտ շեշտով ասաց Բէլիսը:– Բէնն անազնուաբար կարծում է, թէ էն, ինչ իր համար իշխանութիւն է, ուրիշների համար փրկութիւն է, ու դրանով մոլորեցնում բոլորին՝ հաճոյքով մոռանալով, որ դրա համար էլի ի՛նձ է պարտական,– Բէլիսի դէմքին յայտնուեց հազիւ նշմարելի մի ժպիտ ու չքացաւ:– Եթէ ես չանէի էդ, ճիշտ է, յիմա՛ր, բայց արմատակա՛ն փոփոխութիւնը, Բէնը չէր կարող ոչ մէկին ստիպել, որ, թէկուզ զօռով ու ահով, ենթարկուի իրեն: Նոյնիսկ Սաւուրը չէր ենթարկուի: Եւ իմ արած էդ փոփոխութիւնը ոչ թէ ընդամենը խմբագրական էր, այլ ճակատագրական, քանի որ Բէնի ծրագիրը շուռ էր տալիս գլխիվայր ու դարձնում միանգամայն իրագործելի՝ մարդկանց համար հրապուրիչ լինելու իմաստով: Էդպէս վերցրի ու Բէնի գրքի բոլոր էն տեղերում, որտեղ գրուած էր «իշխանութիւն», դարձրի «փրկութիւն»: Որոշ տեղերում էլ «իշխանութեան» փոխարէն «սէր», «համբերութիւն», «հաւատ», «հեզութիւն», «յոյս» եւ նման բաներ դրեցի, որ քաղցրացնեմ ընթերցողի քիմքը: Թէ չէ երբ մի բան անվերջ կրկնւում է, անխուսափելիօրէն իմաստազրկւում է, եւ մարդիկ դրա տակ կարող են հասկանալ՝ ինչ խելքներին փչի. կարող են ազատօրէն մեկնաբանելով՝ ինքնուրոյն դատողութիւններ անել, մի բան, որ շատ վտանգաւոր է եւ ոչ մի դէպքում չի կարելի թոյլ տալ: Դրա համար էլ անչափ կարեւոր է, որ տարբեր ձեւերով – ասենք՝ մի որեւէ կարճ-խրատական պատմութիւն, առակ, խոհ, սրամտութիւն եւ այլն – ասուեն տարբեր բաներ, բայց իրականում հասկացուի միայն մէկ բան. էն, ինչ դու ուզում ես ներշնչել ընթերցողին…
Բէլիսն ազդու լռեց՝ աչքի պոչով նայելով Արային՝ ասես նրանից որոշակի արձագանգ սպասելով, բայց Արան սկսեց անշտապ շտկել օղակծիկ պարանը, որ ուսից կախուած՝ սպառնում էր բացուել:
– Բէնի՛ն էլ, Աշրայի՛ն էլ, Արա, ես էդպէս փրկել եմ,– սրտմտագին շարունակեց Բէլիսը, եւ ձայնի մէջ մարդկային-անկեղծ մի հնչերանգ մտաւ:– Դէ, ինչ էլ լինի, եղբայրներ ենք, երեւի, գիտես: Թէեւ, եթէ լրիւ անկեղծ լինեմ, ինձ համար հայր-մայր-քոյր-եղբայր որեւէ նշանակութիւն չունեն: Դրանք կեղծ հասկացութիւններ են, որ ընդամենը որոշ յարմարութիւններ են ստեղծում կեանքը տանելի դարձնելու համար: Ես հէնց սկզբից էս համոզմունքին էի եւ ոչ մէկին չէի ուզում ենթարկուել: Ասում էին, թէ ես «այլանդակ» եմ, «դուրսպրծուկ»: Հայրս՝ Աբէսը, ջարդ էր որ ինձ տալիս էր: Դէ, ես էլ փախայ տնից: Ու ինձ շատ էլ լաւ էի զգում: Արքայաբար ապրում էի՝ կանանցով-բանով, ամբողջ օրը քէֆ էի անում: Բայց, էսպէս ասած, օժտուած էի բնական խելքով ու կարդալ էլ շատ էի սիրում: Ինձ իմ շրջապատում անուանում էին «քայլող գիտութիւն», բայց դէ գիտութիւնս ո՜րն է՝ ընտանիքի-հարազատութեան պէս մի կեղծիք էլ դա է. ոնց որ մատներիդ արանքներից փախչող անապատի աւազ լինի էդ գիտութիւն կոչուածը՝ սորուն ու աննպատակ… Իսկ Աշրան ու Բէնը, ճիշտ է, գիտութիւնից-գիտելիքից հեռու էին, բայց իբր համարւում էին «տան ժառանգներ»՝ լսող, հասնող, հասկացող: Այնինչ իրականում իրար կոկորդ էին կրծում՝ հօրս ժառանգութեանը տիրանալու համար: Ես կողքից լսում էի էդ ամենի մասին ու քմծիծաղում: Ի դէպ, ես քմծիծաղել շատ եմ սիրում. դրանով դու քեզ միանգամից դուրս ես դնում ընդունելու-մերժելու բարոյական պարտադրանքից…
Բէլիսը կարճ հազաց եւ սկսեց ձեռքով արագ-արագ մաքրել բերանը՝ երեւի մազ էր կպել շրթունքին: Ծնկի վրայ մաքրեց ձեռքը, եւ Արան նկատեց, որ նա, ճիշտ Բէնի նման, աննշան կաղում է:
– Մի օր էլ Աշրան սփրթնած ներս ընկաւ, թէ՝ հասի՜ր, տանը արիւն-փոթորում է,– շարունակեց Բէլիսը:– Ու պատմեց, թէ էսպէս-էսպէս՝ Աբէսը ոչ մի կերպ չի ուզում ժառանգութիւնը ձեռքից տալ: «Արի օգնիր, ասում է, որ մեր հօրը խելքի բերենք»: Պարզուեց, որ Աշրան ու Բէնը ուժեղ կռուել են, իրար մռութ լա՜ւ տրորել, ու Բէնը թողել փախել է տնից, որ գլուխն Աշրայից ազատի: Էն ժամանակ Մուսան դեռ չէր ծնուել, դեռ չկար, թէ չէ բանը հեշտ կլինէր: Ես էդ պահին մի սիրունի հետ էի, իրար գրկած՝ մի բաժակից հերթով գինի էինք խմում: Շատ հանգիստ լսեցի Աշրային, ասացի. «Հարցնենք էս իմ սիրունին: Եթէ ասի՝ գնա, կգամ, բայց մի պայմանով. ես ինչ ասեմ՝ դու էնպէս էլ պիտի անես»: Աշրայի պատմութիւնն ինձ շատ զուարճացրեց, ուղղակի, հետաքրքրութիւնից դրդուած՝ վեր կացայ Աշրայի հետ գնացի: Հասկանում ես, ինձ համար շատ զուարճալի է տեսնել, թէ ո՜նց են մարդիկ ինչ-որ դատարկ բաների համար իրար գլուխ ջարդում…– Բէլիսը հռհռաց:– Աբէսը որ ինձ տեսաւ՝ գժուեց, իրեն պատէպատ զարկեց: Աբէսն ինձ տանել չի կարողանում, ուղղակի, ատում է, որովհետեւ մեր եղբայրների մէջ ամենից շատ ե՛ս եմ իրեն նման: Իսկ ես ինձ չկորցրի. էսպէս յուզուած մօտեցայ Աբէսին ու իբր կարօտով նետուեցի գիրկը. չէ՞ որ, ի վերջոյ, ինքն իմ հայրն է, իսկ ես էլ, ոչ բարով, իր որդին: Էդպէս պի՛նդ, աքցանի պէս գրկեցի Աբէսին ու էլ բաց չթողեցի: Աբէսն իմ գրկում թռչնակի պէս անզօր թպրտում էր: Ասացի. «Հանգի՛ստ, ծերուկ»: Դէ, ես գրկելու վարպետ եմ, ամբողջ ժամանակ էդ գործով եմ զբաղուած…– Բէլիսը փռթկաց ու երկար ծիծաղում էր:– Շուռ եկայ, գոռացի Աշրային. «Դէ հիմա հասի՛ր ու զա՛րկ»,– Բէլիսն աչքերը հաճոյքից պսպղացրեց:– Աշրան սկզբում վախենում էր՝ իբր ինչպէ՞ս կարելի է ձեռք բարձրացնել սեփական հօր վրայ, բայց յետոյ հասկացաւ, որ իր միակ փրկութիւնը դա է, ու ամբողջ գիշերը, մինչեւ լոյս, Աբէսին լա՜ւ մշակեց, էնքան, մինչեւ թուաց, թէ ծերուկը հիմա շունչը կփչի: Ի վերջոյ, լուսադէմին Աբէսը յանձն առաւ, որ իր ունեցած-չունեցածը պատկանում է Աշրային, ու ես նրան բաց թողեցի…
Բէլիսը որոշ ժամանակ աչքերը գետնին չռած լռեց, ապա ասես ինչ-որ բան յիշելով՝ նորից ինքն իրեն կարճ ծիծաղեց:
– Աբէսը, Արա, մի ուրի՜շ բան է,– չնայելով Արային՝ ծոր տուեց նա,– էդ ծերուկն ուղղակի անկանխատեսելի է. բազմութեան, ամբոխի համար միգուցէ անհասանելի՛ ու ահազդո՛ւ մի կերպար է, բայց իրականում՝ մի աներեւակայելի թշուա՛ռ ծերուկ, որի միակ, ինչպէս ասում են, անկապտելի արժանիքը ատելութիւնն է՝ իր բոլոր նրբերանգներով՝ խորամանկութեամբ-խանդով-նախանձով-նենգութեամբ: Դրանից էլ ամեն քայլափոխին ինքն իրեն հակասում է, ու նրա խօսքը, ոնց ասեմ, ոնց որ շորդ թափ տաս՝ փոշի ելնի, այ էդ փոշու նման է…
Բէլիսը ձեռքն ակամայ զարկեց ազդրին, բայց փոշի չելաւ: Շորերը զարմանալի մաքուր էին, եւ Արան տարակուսեց, որ նա այդպէս հագած-կապած իր հետ գնում է ջրհորը մաքրելու՝ ասես ոչ թէ մի չարքաշ-կեղտոտ աշխատանք էր կատարելու, այլ կանչուած էր մասնակցելու ինչ-որ հանդիսաւոր արարողութեան:
– Էդ դէպքից էդպէս մի վեց օր անց,– հապճեպօրէն շարունակեց Բէլիսը,– ինձ նորից լուր տուեցին, որ շուտ հասնեմ տուն, քանի որ Աշրան, ասացին, ծանր հիւանդ է, համարեա մահամերձ: Է՛հ, ասացի, ի՞նչ անենք՝ որ մահամերձ է. մի օր ծնուել է, մի օր էլ, էսպէս թէ էնպէս, պիտի մեռնի: Բայց սիրտս չտարաւ, վեր կացայ գնացի, ասացի՝ ձեռքի հետ էլ մի քիչ կթարմանամ: Պարզուեց, Արա, որ երբ Բէնը Աշրայից ծեծուելուց յետոյ տնից փախել էր՝ յուսահատութիւնից գնացել էր, որ հրապարակում, ամբոխի աչքի առջեւ, կախուելով ինքնասպան լինի, պատկերացնո՞ւմ ես: Մի՞թէ մահացու յուսահատը, որ ուղղակի վառւում է ինքնակամ մեռնելու, կամ, ինչպէս ընդունուած է ասել, «ինքնազոհաբերման» ցանկութիւնից, էդպիսի բան կանի,– հեգնանքով ասաց Բէլիսը:– Մա՛հն էլ պիտի անկեղծ լինի եւ ոչ թէ՝ «յանուն արդարութեան»: Եթէ մէկը մեռնում է, ոնց ասեմ, պիտի անկեղծօրէ՛ն մահանայ: Եւ եթէ կարծում է, որ մեռնելով կփրկուի, իր գործն է, թո՛ղ մեռնի, բայց ո՞նց հաւատաս մէկին, որ դրանով ուզում է մարդկանց ներշնչել հակառակը. էն, թէ իր մա՛հն է փրկութիւնը: Բեմական հնարա՛նք, ուրիշ ոչի՛նչ,– անհաշտ վրայ բերեց Բէլիսը:– Եւ էդ խաղի վերջն էլ պարզ է. հօ չի՞ կարելի թողնել, որ հերոսը բեմի վրայ իսկապէ՛ս մահանայ: Ո՛չ ամբոխի, ո՛չ էլ, առաւել եւս, հերոսի համար դա հետաքրքիր չէ եւ ո՛չ էլ ձեռնտու է, քանի որ էդպիսով անիմաստ է դառնում բուն խաղը, եւ մնում է միայն սարսափը՝ պա՛րզ, անկե՛ղծ, առո՛ղջ՝ կենդանակա՛ն սարսափը, որն ինձ համար, որպէս անկեղծ մարդու, առաւել քան գերադասելի է: Թէ չէ հերոսն, ահա, մեռաւ, բայց յաջորդ պահին, էսպէս ասած, յարութիւն առած՝ նորից ամբողջ հասակով մէկ տնկուեց մարդկանց աչքի առջեւ ու խաղի վարձը հաւաքելու պէս՝ ամբոխի մէջ պտտուելով-պտտուելով, սկսեց փառք ու պատիւ, սէր ու հաւատք ժողովել: Այնինչ հարցը շատ շիտակ է դրուած. եթէ մեռած ես՝ ո՞նց ես կենդանի, եթէ կենդանի ես՝ ո՞նց ես մեռած: Դրանք իրար խառնելը ծաղրանք է մահուան հասցէին, դա նաեւ նշանակում է՝ ձեռ առնել կեանքին: Մարդը, Արա, ո՛վ ուզում է լինի, պիտի անհրաժեշտ յարգանք ունենայ կեանքի հանդէպ՝ առանձին ու մահուան հանդէպ՝ առանձին. ահա՛ իմ սկզբունքը,– յօնքը կեռելով՝ խորիմաստ ասաց Բէլիսը:– Մի խօսքով, ինչպէս երեւի արդէն կռահում ես, «վերջին պահին» ծերուկ Օդիսը հասցրել էր Բէնին փրկել. դանակով կտրել էր պարանը ու համարեա էն աշխարհից Բէնին նորից յետ բերել: Դէ, Աբէսն էս մասին լսելով՝ ուժեղ ազդուել էր, ծերուկի սիրտը չէր դիմացել, ու մտափոխուելով՝ միանգամից որոշել էր ժառանգութեան իրաւունքը Աշրայից վերցնել ու տալ Բէնին՝ որպէս թէ իր «միակ, սիրելի որդուն»: Նորից, պարզ է, Բէնն ու Աշրան սկսել էին կռուել: Աբէսն Աշրայից իր ոխը հանելու համար միացել էր Բէնին, ու իմ հնարքը բանեցնելով՝ իբր թէ հանգստացնելու նպատակով պինդ գրկել էր Աշրային, ու Բէնը կարողացել էր Աշրայի կողերը լա՜ւ աղալ: Գնացի տեսայ՝ Աշրան, հիւանդ, էսպէս խեղճ-խեղճ պառկած է, բայց դէ, Աշրայի «հիւանդը» ո՛րն է՝ ինքը հէնց տեղով հիւանդութի՜ւն է…– Բէլիսն ուրախ քրքջաց:– Տեսնեմ, Աշրայի աչքերը վառւում են ատելութիւնից ու անզօր կատաղութիւնից: Բայց դէ, դու գիտես, որ ես բոլոր զրկուածների կողմից եմ, եւ դա ոչ թէ խղճահարութիւնից, այլ հաճոյքից: Ուղղակի, զրկուած-ստորացուած մարդն, անկախ իրենից, ազնիւ տպաւորութիւն է թողնում, ու դա ինձ անչափ դուր է գալիս, որովհետեւ ինձ անկեղծօրէն ներշնչում է, թէ ես էլ եմ, այնուամենայնիւ, էսպէս ասած, դրական կատարելութեան կողմնակից․․․– Բէլիսը մի պահ ուզում էր նորից ծիծաղել, բայց այս անգամ ընդամենը ժպտաց:– Ստիպեցի, Արա, որ Բէնն Աշրայից ներողութիւն խնդրի: Խնդրելը՝ խնդրեց, բայց էդպէս էլ չհաշտուեցին, քանի որ Բէնը՝ իր էդ նուաստացումից դրդուած՝ սկսեց աւելի ուժեղ ատել Աշրային: Ես էլ դիմեցի Աբէսին, ասացի. «Ինչ եղաւ՝ եղաւ: Իբր թէ հայր ես, մի բան արա՝ սրանք հաշտուեն, հարցը փակուի»: Տեսնեմ, նստած տեղում ծերուկի քունը տարել, քնել է: Ցնցեցի, սթափուեց ու թէ՝ «ես իմ ուզածին հասայ. մեղաւորը դարձաւ անմեղ, անմեղը՝ մեղաւոր: Վերջ»: Ասացի. «Ո՞նց թէ»: Ասաց. «Ես տեսնում եմ, որ սրանք իրար արժեն. երկուսն էլ բանի պէտք չեն»: Ասացի. «Էդ պատասխան չի, դու լուծո՛ւմդ ասա»: Ասաց. «Լուծումն էն գլխից պատրաստ է: Դրախտը: Ով Դրախտս սարքի՝ ժառանգութեան իրաւունքը կտամ նրան»: Էստեղ Աշրան բողոքեց, թէ՝ տան առաջնեկն ինքն է, օրէնքով ամեն ինչ իրեն է հասնում, ո՛չ մի Դրախտ-մրախտ: Բէնն էլ՝ էն կողմից վրայ տուեց, թէ՝ «մեր հայրը ճիշտ է ասում…», եւ այլն: Ու նորից խառնուեցին իրար: Ես էլ ուղղակի զզուեցի: Կատաղութիւնս բռնեց: Գոռացի. «Տօ, ձեր Դրա՜խտն էլ ձեր գլխին կպչի, Դժո՜խքն էլ․․․»: Դուռը շրխկացրի, դուրս եկայ…
Բէլիսը խորհրդաւոր լռեց, եւ դէմքին գծագրուեց մի օտարոտի ժպիտ՝ համեմուած խորունկ զարմանքով: Յուզուեց՝ ասես զգալով սեփական հոգու անսահման մեծութիւնը…
– Եւ զարմանալի բան, Արա,– տարուած շարունակեց նա:– Երբ մնացի մենակ, զգացի, որ իմ ազատութիւնը կորցնում եմ: Դեռ նման բան ինձ հետ չէր պատահել: Ամբողջ գիշերը չքնեցի: Սկսեցի յիմնայատակ քննել ամբողջն ու հասկացայ, որ Դրախտի գաղափարն ինձ էլ է գայթակղել, եւ իմ կատաղութիւնը հէնց դրանից է: Տեսայ, որ իրականում ես շատ լաւ էլ մասնակցում եմ մեր էդ, էսպէս ասած, ներընտանեկան գզվռտուքին, եւ իմ էդ անկախ-ժխտական պահուածքն ուղղակի բխում է իմ սխալ ինքնագնահատականից: Ծանրութեթեւ արեցի, տեսայ, որ, ընդհակառակը, իմ վաստակը, ըստ ամենայնի, ամենամեծն է մեր տան մէջ, եւ ե՛ս եմ Աբէսի ամենաարժանաւոր որդին: Էստեղից էլ անհրաժեշտաբար յանգեցի էն եզրակացութեանը, որ ես էլ պիտի մտնեմ պայքարի մէջ: Եթէ Աշրայի ու Բէնի նման տգէտները կարող են յաւակնել էդ դերին, ես, որ ամբողջովին «քայլող գիտութիւն» եմ, ինչո՞ւ չեմ կարող տէր դառնալ իմ հօր ժառանգութեանը: Եւ ինքս ինձ ասացի. «Կարո՛ղ եմ»,– հանդիսաւոր երդում տալու պէս առոգանեց Բէլիսը:– Ու ամեն ինչ թողած՝ կանայք, կերուխում, շրջապատ, փափուկ կենցաղ, եկայ կացարան: Բայց էստեղ ինձ, որպէս թէ անկոչ մի հիւրի, բոլորն էլ թշնամանքով ընդունեցին՝ Աբէսը, Բէնը, Աշրան, Օդիսը, Սաւուրը, Կարլը, մինչեւ անգամ Նաբին: Ու միակ պատճառն էն էր, որ բոլորն էլ անսխալ զգում էին իմ գերազանցութիւնը եւ վախենում ինձնից… Արա, դու ձանձրանո՞ւմ ես…
Արան գլուխն անորոշ շարժեց:
– Հըմ,– մտահոգուեց Բէլիսը:– Հէնց որ ձանձրանաս, ինձ ասա, ես ձայնս միանգամից կկտրեմ. ես ինքս էլ չեմ սիրում, երբ ականջիս տակ մէկն անընդհատ բզզում է… Հա, Արա, Բէնը, չէ՞, օրինակ, ի՜նչ խաղ ասես որ չի խաղում իմ գլխին, այնինչ ես միշտ էլ կանգնած եմ եղել Բէնի թիկունքին…– Բէլիսը յանկարծ շփոթուեց, եւ թուաց, թէ նա այդ խօսքերն ասում է այն խօսքերի փոխարէն, որ ուզում էր ասել, բայց շրջանցելով՝ խոյս տուեց:– Որ Սաւուրն իր դագանակով Բէնի գլուխը հէնց սկզբից չջախջախեց՝ դա ի՛մ շնորհիւ էր, թէեւ էստեղ որոշ մարդիկ կարծում են, թէ դա ընդամենը նախօրօք կազմակերպուած խաղ է եղել, բայց էդպէս չի, Արա. ե՛ս էի, որ Սաւուրից աննկատ խլեցի դագանակն ու նրան հրեցի դէպի Բէնի ոտքերը՝ ստիպելով, որ ծնկի գայ Բէնի առջեւ. ուղղակի, ընդհանուր խառնաշփոթի մէջ դա ոչ ոք չնկատեց: Եւ միմիայն դրա շնորհիւ է, որ, դու գիտես, Բէնը դարձաւ Բէն… Կամ էլ մէկ ուրիշ օրինակ․․․– Բէլիսը մի պահ վարանեց, ապա հայեացքը վճռականօրէն յառեց Արային, բայց այս անգամ էլ Արան զբաղուած էր յենակեռերից մէկը, որ անընդհատ դուրս էր պրծնում դոյլից, նորից յետ՝ դոյլի մէջ խոթելով:– Արա՛, ուզում ես հէնց հիմա ինձ էստեղ սատկեցրո՛ւ, փրթիկ-փրթիկ արա՛, բայց ես ճշմարտութիւնը սիրող մարդ եմ, չեմ կարող չասել, պիտի՛ ասեմ․ էն որ եղբօրդ՝ Առաքելի գլուխը Դրախտում քարով ջնջխեցին՝ այ էդ գիշերը ե՜ս էի, ես ի՜նքս, որ Բէնին ու Սաւուրին Վահէի վրէժից փախցրի: Ե՛ս նրանց յայտնեցի, որ դէպքն արդէն, ըստ ծրագրի, բարեյաջող կատարուած է, ու իրենք պիտի…
Բէլիսը յանկարծ ձայնը կտրեց եւ խայթուածի պէս կանգ առնելով՝ ապշահար նայեց Արային:
Արան լուռ էր:

2001թ․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *