Սվետլանա Ալեքսիևիչ | Նոբելյան բանախոսություն

svetlana aleksevich11

2015 թ. գրականության նոբելյան դափնու արժանացավ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը «իր բազմաձայն ստեղծագործության համար, հուշարձան՝ մեր օրերի զրկանքներին և խիզախումներին»:

Տանուլ տված ճակատամարտի մասին

Ես կանգնած եմ այս ամբիոնի առջև ոչ միայնակ… Շուրջբոլորս ձայներ են, հարյուրավոր ձայներ, որ շարունակ ինձ հետ են: Մանուկ հասակից սկսած: Ես ապրում էի գյուղում: Մենք՝ երեխաներս, սիրում էինք խաղ անել փողոցում, բայց իրիկնաժամին մագնիսի պես ձգվում էինք դեպի աթոռակները, որոնց վրա իրենց տների կամ խուղակերի մոտ հավաքվում էին, ինչպես մեզ մոտ են ասում, հոգնաբեկ պառավները: Նրանցից և ոչ մեկը չունեին ամուսիններ, հայրեր, եղբայրներ. պատերազմից հետո մեր գյուղում ես տղամարդկանց չեմ հիշում: Բելառուսում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատում և պարտիզանական մարտերում զոհվեց յուրաքանչյուր չորրորդ բելառուսը: Պատերազմից հետո մեր մանկական աշխարհը կանանց աշխարհ էր: Ամենից շատ ինձ մոտ տպավորված է այն, որ կանայք սիրո մասին էին խոսում, և ոչ մահվան: Պատմում էին, թե ինչպես են վերջին օրը հրաժեշտ տվել սիրելիներին, ինչպես են սպասել նրանց, ինչպես են մինչև այժմ սպասում: Արդեն տարիներ էին անցել, իսկ նրանք սպասում էին. «թող որ առանց ձեռքերի, առանց ոտքերի վերադառնա, ես նրան ձեռքերիս վրա կտանեմ»: Առանց ձեռքերի… առանց ոտքերի… Կարծես թե ես մանկուց գիտեի՝ ինչ ասել է սեր…

Ահա լոկ մի քանի թախծալուր մեղեդիներ այն ձայնախմբից, որ ես լսում եմ…

Առաջին ձայն.

«Ինչի՞դ է պետք իմանալը: Դա շատ ցավոտ է: Ես ամուսնուս պատերազմի ժամանակ հանդիպեցի: Տանկավարուհի էի: Մինչև Բեռլին հասա: Հիշում եմ՝ ինչպես ենք կանգնել (նա դեռ ինձ ամուսին չէր) ռայխստագի առջև, ու նա ինձ ասում է. «Եկ ամուսնանանք: Ես սիրում եմ քեզ»: Իսկ ես այնպե՜ս վշտացա այդ խոսքերից: Ամբողջ պատերազմին մենք կեղտի, փոշու, արյան մեջ ենք, չորսկողմը՝ հայհոյանք: Ես նրան պատասխանում եմ. «Նախ՝ դու ինձ կին դարձրու. ծաղիկներ նվիրիր, քնքուշ խոսքեր շշնջա, իսկ երբ զորացրվեմ՝ զգեստ կկարեմ ինձ համար»: Վիրավորանքից նույնիսկ հարվածել ուզեցի նրան: Նա հասկացավ այդ ամենը: Նրա մի այտը այրված էր, վերքերի մեջ, որոնց վրայով հոսող արցունքներ նկատեցի: «Լավ, ես կամուսնանամ քեզ հետ»: Ասացի հենց այնպես… ինքս էլ չհավատալով, որ ասացի դա… Չորսդին մոխիր է, փշրված աղյուս, մի խոսքով՝ պատերազմ…»:

Երկրորդ ձայն.

«Ապրում էինք մենք Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում: Ես հրուշակագործ էի, կարկանդակներ էի թխում: Իսկ ամուսինս հրշեջ էր: Մենք նոր էինք ամուսնացել, խանութ գնալիս անգամ իրար ձեռք էինք բռնում: Ռեակտորի պայթյունի օրը ամուսինս հենց հրդեհային բաժնում էլ հերթապահ էր: Նրանք այնտեղ գնացին իրենց շապիկներով, տնային հագուստով: Պայթյուն ատոմակայանում. այնինչ նրանց ոչ մի հատուկ հանդերձանք չտվեցին: Այսպես էլ ապրում էինք… Ինչպես գիտեք… Ամբողջ գիշեր նրանք մարեցին հրդեհը և ճառագայթման այնպիսի չափաբաժին ստացան, որ անհամատեղելի էր կյանքի հետ: Առավոտյան նրանց ինքնաթիռով հապճեպ տեղափոխեցին Մոսկվա: Սուր ճառագայթային հիվանդություն… մարդ ընդամենը մի քանի շաբաթ է ապրում… Ամուսինս տոկուն էր, մարզիկ էր եղել. նա վերջինը մահացավ: Երբ ժամանեցի, ինձ ասացին, որ նա հատուկ մեկուսարանում է պառկած, որտեղ ոչ ոքի մտնել չեն թողնում: «Ես նրան սիրում եմ, – թախանձում էի ես: «Այնտեղ նրանց զինվորներն են սպասարկում, ու՞ր եք գնում»: – «Սիրում եմ»: – Ինձ տարհամոզում էին. «Դա այլևս սիրելի մարդ չէ, այլ ախտահանման ենթակա օբյեկտ, հասկանու՞մ եք»: Իսկ ես շարունակ ինքս ինձ կրկնում էի՝ սիրում եմ, սիրում… Գիշերաժամերին հրդեհաշիջման սանդուղքով նրա մոտ էի բարձրանում… Կամ էլ գիշերապահներին էի խնդրում, վճարում նրանց, որպեսզի ինձ ներս թողնեին… Ես չլքեցի նրան, մինչև վերջ կողքին եղա… Նրա մահից հետո… մի քանի ամսից աղջիկ ունեցա. նա հազիվ մի քանի օր ապրեց: Նա… Մենք այնպես էինք սպասում… Իսկ ես սպանեցի նրան… Նա փրկեց ինձ. ամբողջ ռադիոհարվածն իր վրա էր վերցրել: Նա այնքա՜ն փոքրիկ էր… փոքրի՜կ-փոքրի՜կ… Բայց ես սիրում էի նրանց երկուսին էլ: Մի՞թե հնարավոր է սիրելով սպանել: Ինչու՞ են սերն ու մահը այդքան մտերիմ: Նրանք հավետ միասին են: Ո՞վ ինձ կբացատրի: Ծնկաչոք սողում եմ գերեզմանի շուրջ…»:

Երրորդ ձայն.

«Ինչպես առաջին անգամ գերմանացի սպանեցի…. Տասը տարեկան էի, պարտիզաններն արդեն իրենց հետ առաջադրանքների էին տանում: Այդ գերմանացին վիրավոր ընկած էր… Ինձ ասացին, որ ատրճանակը վերցնեմ նրա ձեռքից: Ես վազեցի նրա կողմը, իսկ գերմանացին երկու ձեռքով կառչեց զենքից և նշան էր բռնել դեմքիս: Բայց նա չի հասցնում առաջինը կրակել. դա ես եմ անում…

Ես չվախեցա, որ սպանեցի… Եվ պատերազմում այլևս չհիշեցի նրան: Շուրջբոլորը բազում սպանվածներ էին, մենք սպանվածների մեջ էինք ապրում: Ես զարմացա, երբ շատ տարիներ անց մի երազ տեսա այդ գերմանացու մասին: Դա անսպասելի էր… Երազը այցելում ու այցելում էր ինձ… Մեկ թռչում եմ, իսկ նա ինձ բաց չի թողնում: Ահա բարձրանում եմ… Թռչում… թռչում… Նա հասնում-անցնում է, և ես ընկնում եմ նրա հետ միասին: Տապալվում եմ ինչ-որ հորի մեջ: Մեկ էլ ուզում եմ վեր կենալ… ոտքի կանգնել… Իսկ նա չի թողնում… Նրա պատճառով ես չեմ կարողանում թռչել…

Շարունակ միևնույն երազը… Նա հետևել էր ինձ տասնյակ տարիներ…

Չեմ կարող որդուս պատմել այդ երազի մասին: Նա դեռ փոքր էր, երբ չէի կարողանում ասել. հեքիաթներ էի կարդում նրա համար: Այնինչ այժմ արդեն հասուն մեկն է, բայց միևնույն է՝ դարձյալ չեմ կարողանում…»:

Ֆլոբերն իր մասին ասում էր, թե ինքը մարդ-գրիչ է: Իմ մասին ես կարող եմ ասել, որ մարդ-ականջ եմ: Երբ ես քայլում եմ փողոցով և որսում ինչ-որ բառեր, դարձվածքներ, բացականչություններ, միշտ մտածում եմ՝ որքա՜ն վեպեր են անհետ կորչում ժամանակի մեջ: Խավարում: Գոյություն ունի մարդկային կյանքի այն հատվածը՝ խոսակցականը, որը մեզ չի հաջողվում վերանվաճել գրականության համար: Մենք տակավին չենք արժևորել, հիացած և հափշտակված չենք դրանով: Մինչդեռ այն թովել է ինձ և իր գերուհին դարձրել: Ես սիրում եմ, թե մարդ ինչպես է խոսում… Սիրում եմ մենավոր մարդկային ձայնը: Դա ամենամեծ սերն է և մեծագույն կիրքը:

Այս ճառաբեմին հասնելու իմ ճանապարհը շուրջ քառասուն տարի է տևել՝ մարդուց դեպի մարդ, ձայնից դեպի ձայն: Չեմ կարող ասել, որ միշտ ի զորու եմ եղել հաղթահարելու այն. բազմիցս ցնցվել և վախեցել եմ մարդկանցից, հիացմունք և խորշանք վերապրել, ցանկացել մոռացության տալ այն, ինչ լսել եմ, և վերադառնալ այն ժամանակները, երբ դեռ անգիտության մեջ էի: Արտասվել ուրախությունից, երբ սքանչելի մեկին եմ հանդիպել, նույնպես մեկն անգամ չէ, որ ուզել եմ:

Ես ապրել եմ մի երկրում, որտեղ մանկուց մեռնել են սովորեցրել: Մահ են ուսուցանել: Մեր գլուխները մտցնում էին, որ մարդը ծնվել է իրեն նվիրաբերելու և զոհողության գնալու համար: Սովորեցնում էին մարդուն սիրել ատրճանակը ձեռքին: Եթե ես հասակ առած լինեի ուրիշ մի երկրում, ապա չէի կարող անցնել այս ճանապարհը: Չարիքը անողոք է. դրա դեմ հարկավոր է պատվաստվել: Սակայն մենք դահիճների և զոհերի մեջ մեծացանք: Թեպետև մեր ծնողները վախի մեջ էին ապրում և ամենը չէ, որ մեզ պատմում էին (իսկ ամենից հաճախ ոչինչ էլ չէին ասում), բայց ինքնին մեր կյանքի օդը թունավորված էր այդ ամենով: Չարիքն ամբողջ ժամանակ աչք էր ածում մեր շուրջը:

Ես թվով հինգ գիրք եմ հեղինակել, սակայն կարծում եմ, որ այդ բոլորը միասին մեկ գիրք են: Գիրք՝ մի ուտոպիայի պատմության մասին…

Վարլամ Շալամովը գրում էր. «Ես տանուլ տված մի վիթխարի ճակատամարտի մասնակից էի՝ ի սեր մարդկության ճշմարիտ վերածնության»: Ես վերականգնում եմ այդ ճակատամարտի, նրա հաղթանակների և պարտությունների պատմությունը: Թե ինչպես էին ցանկանում երկրի վրա Երկնային Արքայություն հաստատել: Դրա՜խտ: Արևի քաղա՜ք: Արդյունքը, սակայն, արյան ծովերն ու խորտակված միլիոնավոր մարդկային կյանքերը եղան: Կար ժամանակ, երբ 20-րդ հարյուրամյակի քաղաքական և ոչ մի գաղափարախոսություն չէր կարող համեմատվել կոմունիզմի (և Հոկտեմբերյան հեղափոխության՝ իբրև նրա խորհրդանիշի) հետ, ժամանակ, երբ ուրիշ ոչ մի գաղափար այնպես ուժգին և փայլուն կերպով դեպի իրեն չէր ձգում արևմտյան մտածողներին և աշխարհի բոլոր մարդկանց, ինչպես որ կոմունիստականը: Ռայմոն Արոնը ռուսական հեղափոխությունն անվանել է «ափիոն ինտելեկտուալների համար»: Կոմունիզմի մասին գաղափարը առնվազն երկու հազար տարեկան է: Մենք այն կգտնենք Պլատոնի մոտ՝ իդեալական և ճշմարիտ պետության վերաբերյալ ուսմունքներում, Արիստոփանեսի մոտ, որը երազում էր այն ժամանակների մասին, երբ «ամեն ինչ ընդհանուր կդառնա»… Կտեսնենք այդ թվում Թոմաս Մորի և Թոմազո Կամպանելլայի երկերում… Ավելի ուշ՝ Սեն-Սիմոնի, Ֆուրյեի և Օուենի: Թերևս, ռուսական ոգին մի այնպիսի արտառոց բան է կրում իր մեջ, ինչը և ստիպեց փորձ անել կյանքի կոչելու այդ ցնորքները:

Քսան տարի առաջ մենք անեծքներով և արցունքներով հրաժեշտ տվեցինք «կարմիր» կայսրությանը: Այսօր արդեն կարող ենք անխռով հայացք նետել ոչ վաղ անցյալի այդ պատմությանը՝ իբրև պատմական փորձառության: Դա կարևոր է, քանզի վեճերը սոցիալիզմի վերաբերյալ առայսօր էլ չեն լռում: Ասպարեզ է եկել մի նոր սերունդ, որն ուրիշ աշխարհայացք ունի, բայց դարձյալ Մարքս և Լենին կարդացող երիտասարդներն էլ փոքր թիվ չեն կազմում: Ռուսական քաղաքներում Ստալինին նվիրված թանգարաններ են բացում, հուշարձաններ կանգնեցնում նրա պատվին:

«Կարմիր» կայսրությունը չկա, այնինչ «կարմիր» մարդը դեռ կենդանի է: Շարունակվում է:

Հայրս, որ վերջերս մահացավ, մինչև կյանքի վերջը նվիրյալ կոմունիստ մնաց: Պահել էր իր կուսակցական տոմսը: Ես երբեք չեմ կարող արտաբերել «совок»* բառը, քանզի այդ դեպքում ինձ կվիճակվի այդպես անվանել հորս, «հարազատներիս», ծանոթ մարդկանց: Ընկերներիս: Նրանք բոլորն այնտեղից են՝ սոցիալիզմից: Նրանց մեջ շատ իդեալիստներ կան: Ռոմանտիկներ: Այսօր նրանց այլ կերպ են անվանում՝ ստրկության ռոմանտիկներ: Ուտոպիայի ստրուկներ: Ես մտածում եմ, որ նրանք բոլորն էլ կարող էին ուրիշ կյանք ապրել, բայց ապրեցին խորհրդայինը: Ինչու՞: Այդ հարցի պատասխանը ես երկար եմ փնտրել. շրջել եմ դեռևս վերջերս ԽՍՀՄ հորջորջվող երբեմնի հսկայական երկիրը, հազարավոր տեսաժապավեններ արել: Դա սոցիալիզմ էր և պարզապես մեր կյանքը: Փշուր-փշուր, հատ առ հատ ես քաղում էի «ընտանեկան», «ներքին» սոցիալիզմի պատմությունը: Այն, թե ինչպես էր նա ապրում մարդկային հոգում: Ինձ գերում էր ահա այդ փոքրիկ տարածությունը՝ մարդը… մեկ մարդը: Ամեն բան իրականում հենց այնտեղ էլ կատարվում է:

Պատերազմից անմիջապես հետո Թեոդոր Ադորնոն ցնցված էր. «Օսվենցիմից հետո բանաստեղծություններ գրելը բարբարոսություն է»: Ուսուցիչս՝ Ալես Ադամովիչը, որի անունն այսօր երախտագիտությամբ եմ ուզում հնչեցնել, նույնպես կարծում էր, որ 20-րդ դարի սարսափների մասին արձակ գրելը սրբապղծություն է: Այստեղ չի կարելի մոգոնել: Ճշմարտությունը պետք է մատուցել, ինչպես որ է: Հարկավոր է «գեր-գրականություն»: Պետք է ականատեսը խոսի: Կարելի է հիշատակել և Նիցշեին իր այն խոսքերով, թե ոչ մի արվեստագետ չի դիմանա իրականությանը: Չի կարող կրել այն:

Ինձ միշտ տանջել է այն հանգամանքը, որ ճշմարտությունը չի տեղավորվում մեկ սրտում, մեկ խելքում: Որ այն ինչ-որ կերպ փեռեկված է, չափազանց շատ, բազմազան և շաղ տրված աշխարհով մեկ: Դոստոևսկին մի միտք ունի՝ ասելով, որ մարդկությունն ինքն իր մասին շատ ավելին գիտի, չափազանց շատ, քան հասցրել է ամրագրել գրականության մեջ: Իսկ ինչ եմ անում ե՞ս: Ես հավաքում եմ ապրումների, մտքերի և բառերի առօրեականությունը: Հավաքում եմ իմ ժամանակի կյանքը: Ինձ հետքրքրում է հոգու պատմությունը: Հոգու կենցաղը: Այն, ինչը մեծ պատմությունը որպես կանոն բաց է թողնում և անտեսում: Զբաղվում եմ բաղ թողնված, բացակա պատմությամբ: Մեկ անգամ չէ, որ լսել եմ (այսօրն էլ բացառություն չէ), թե դա գրականություն չէ, այլ փաստաթուղթ: Իսկ ի՞նչ ասել է այսօր գրականություն: Ո՞վ կպատասխանի այս հարցին: Մեր կյանքն ավելի է արագացել: Բովանդակությունը կորզում է ձևը: Կոտրում և փոփոխում է այն: Ամեն բան դուրս է յուր սահմաններից. և՛ երաժշտությունը, և՛ գեղանկարչությունը, անգամ բառերն են դուրս թռչում փաստաթղթի սահմաններից: Սահմաններ չկան փաստի և հորինվածքի միջև, մեկը փոխներթափանցվում է մյուսի մեջ: Նույնիսկ ականատեսն անաչառ չէ: Պատմություն պատմելով՝ մարդն արարում է, պայքարում ժամանակի հետ, ինչպես քանդակագործը՝ մարմարի: Նա դերասան է արարիչ:

Ինձ հետաքրքրում է փոքր մարդը: Փոքր մեծ մարդը, ահա այսպես ես կասեի, քանզի տառապանքները նրան ընդլայնում են, ընդարձակում: Նա ինքն է իմ գրքերում պատմում իր փոքրիկ պատմությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև մեծը: Այն, ինչ կատարվել և տեղի է ունենում մեզ հետ, տակավին իմաստավորված չէ. հարկ է ամբողջն ասել: Սկզբի համար՝ գոնե դեռևս ասե՛լ: Մենք երկյուղում ենք դրանից, առայժմ ի վիճակի չենք հաշվի նստելու մեր անցյալի հետ: Դոստոևսկու «Դևեր»-ում Շատովը, նախքան զրույցի սկիզբը, Ստավրոգինին ասում է. «Մենք՝ երկու էակ, հանդիպել ենք անսահմանության մեջ… վերջին անգամ աշխարհում: Թողեք ձեր տոնը և անցե՜ք մարդկայինի: Գեթ մեկ անգամ կյանքում խոսեք մարդկային ձայնով»:

Գրեթե այսպես են ինձ մոտ սկսվում խոսակցությունները հերոսներիս հետ: Հարկավ, մարդը խոսում է իր ժամանակից, նա չի կարող խոսել ոչմիտեղից: Սակայն դժվարին բան է ուղի հարթել դեպի մարդկային հոգին: Այն խցանված, գոցված է դարի նախապաշարումներով, նրա մոլություններով և կեղծիքներով: Հեռուստացույցով և թերթերով:

Կցանկանայի մի քանի էջ ընթերցել իմ օրագրերից՝ ցույց տալու, թե ինչպես է առաջ շարժվել ժամանակը… ինչպես է մահացել գաղափարը… Ինչպես եմ ես գնացել նրա հետքերով…

1980-1985 թթ.

Գիրք եմ գրում պատերազմի մասին… Ինչու պատերազմի՞: Որովհետև մենք պատերազմական մարդիկ ենք: Մենք կա՛մ պատերազմ ենք մղել, կա՛մ պատրաստվել դրան: Եթե ուշադիր զննենք, ապա կտեսնենք, որ մենք պատերազմի կանոններով ենք մտածում: Տանը, փողոցում: Ահա թե ինչու մեզանում այդքան էժան է մարդկային կյանքը: Ամեն բան պատերազմական է:

Սկսեցի կասկածանքից: Դե ինչ, ևս մեկ գիրք պատերազմի մասին… Բայց ինչու՞:

Լրագրողական շրջագայություններից մեկի ընթացքում մի կնոջ հանդիպեցի, որ պատերազմի ժամանակ սանիտարական հրահանգիչ էր եղել: Նա ինձ հետևյալը պատմեց: Ձմռանը անցնում էին Լադոգա լճով, երբ հակառակորդը հանկարծ նկատեց տեղաշարժը և սկսեց գնդակոծել: Ձիերը, մարդիկ սառույցի տակն էին անցնում: Ամենը տեղի էր ունենում գիշերով, և նա, ինչպես իրեն էր թվացել, բռնել և սկսել էր դեպի ափը քարշ տալ մի վիրավորի: «Քարշ եմ տալիս նրան՝ թրջված, մերկ, կարծում էի՝ հագուստը պատռվել է, – պատմում էր: – Այնինչ ափ հասնելով՝ հայտնաբերեցի, որ մի վիթխարի վիրավոր թառափ եմ քարշ տվել: Եվ այնպիսի՜ թունդ հիշոցներ սկսեցի տեղալ… Մարդիկ տառապում են, այո: Իսկ գազանները, թռչունները, ձկները հանուն ինչի՞ են տառապում»: Մեկ այլ ուղևորության ժամանակ հեծելազորային էսկադրոնի սանիտարական հրահանգիչի այն պատմությունը լսեցի, թե ինչպես էր նա ճակատամարտի ընթացքում զինահար մի գերմանացու քարշ տվել-բերել ռմբաձագար (որտեղ էլ նոր միայն հասկացել, թե նա գերմանացի է): Վերջինիս ոտքը խոցված էր, վերքից արյուն էր ծորում: Ի՞նչ անել: Չէ՞ որ նա թշնամի էր: Վերևում նրա զինակիցներն էին զոհվում: Սակայն նա վիրակապում է այդ գերմանացուն և առաջ փորսողում: Այս անգամ էլ մի ռուս զինվորի է բերում՝ անգիտակից վիճակում, որ սթափվելուց հետո սպանել է ուզում գերմանացուն: Սա էլ, իր հերթին խելքի գալով, ճանկում է ինքնաձիգը և ուզում է կրակել ռուսին: «Մերթ մեկին եմ ապտակում, մերթ մյուսին: Ոտքներս, – վերհիշում էր նա, – ամբողջովին արյան մեջ էին: Արյունը միախառնվել էր»:

Դա մի պատերազմ էր, որի մասին ես երբեք չէի լսել: Կանանց պատերազմ: Ո՛չ հերոսների և ո՛չ էլ այն մասին, թե ինչպես էր մարդկանց մի խումբը հերոսաբար սպանում ուրիշ մարդկանց: Հիշում եմ կանացի մի սգերգ. «Կռվից հետո քայլում ես մարտավայրով: Իսկ նրանք պառկած են… Բոլորը երիտասարդ և այնպես գեղեցիկ: Պառկած են և երկնքին են հայում: Եվ նրանց բոլորի համար էլ ցավ էս ապրում»: Ահա այդ «բոլորի համար»-ն էլ հուշեց ինձ, թե ինչի մասին է լինելու իմ գիրքը: Այն բանի, որ պատերազմը սպանություն է: Հենց այսպես է այն դրոշմվել կանանց հիշողության մեջ: Քիչ առաջ մարդը ժպտում էր, ծխում, իսկ այժմ արդեն չկա: Կանայք ամենից շատ խոսում են անհետացման մասին, այն մասին, թե որքան փութանակի է պատերազմում ամեն ինչ վերածվում ոչնչի: Թե՛ մարդը, թե՛ մարդկային ժամանակը: Այո, նրանք իրենք են կամավոր գրվել՝ ռազմաճակատ մեկնելու, 17-18 տարեկան հասակում, բայց սպանել չէին ցանկանում: Իսկ մեռնելու պատրաստ էին: Մեռնելու հանուն Հայրենիքի: Պատմությունից բառեր չես ջնջի. Ստալինի համար նույնպես:

Գիրքը երկու տարի չէին տպագրում: Այն չտպագրեցին մինչև Վերակառուցումը: Մինչև Գորբաչովը: «Ձեր գրքից հետո ոչ ոք պատերազմ չի գնա, – հանդիմանում էր ինձ գրաքննիչը: – Ձեր պատերազմը զարհուրելի է: Ինչու՞ դուք հերոսներ չունեք»: Իսկ հերոսներ ես չէի փնտրում: Ես պատմություն էի գրում պատերազմի՝ բոլորի կողմից անտեսված ականատեսի և մասնակցի պատումի միջոցով: Ականատեսի, որին և ոչ մեկը երբեք հարց չէր ուղղել: Ի՞նչ են մտածում մարդիկ: Մենք իրականում չգիտենք՝ ինչ են մտածում մարդիկ մեծ գաղափարների մասին: Պատերազմից անմիջապես հետո մարդը կպատմեր մի պատերազմ, տասնյակ տարիներ անց՝ մեկ ուրիշը: Անշուշտ, նրա մեջ ինչ-որ բաներ փոխվում են, քանզի նա հիշողություններով է ծրարում իր ամբողջ կյանքը: Իր ամբողջ ինքնությունը: Թե ինչպես էր ապրել այդ տարիները, ինչ էր կարդացել, տեսել, ում էր հանդիպել: Ինչի է հավատում: Ի վերջո, երջանի՞կ է, թե՞ ոչ: Փաստաթղթերը կենդանի էակներ են, նրանք փոփոխվում են մեզ հետ միասին…

Բայց ես միանգամայն համոզված եմ, որ այնպիսի աղջնակներ, որպիսիք 1941 թ.-ի պատերազմի աղջիկներն էին, երբեք այլևս չեն լինի: Դա «կարմիր» գաղափարի ամենածաղկուն շրջանն էր, անգամ ավելին, քան հեղափոխությունն ու Լենինը: Նրանց Հաղթանակն առայսօր էլ ստվերում և իր հետևում է թողնում ГУЛАГ-ը: Ես անսահման սիրում եմ այդ աղջնակներին: Սակայն նրանց հետ անկարելի էր խոսել Ստալինից, այն մասին, թե ինչպես պատերազմից հետո հաղթողների կազմերը ուղիղ Սիբիր էին գնում, նրանք, ովքեր առավել համարձակ էին և շիտակախոս: Մնացածները վերադարձան և լռեցին: Մի անգամ ես լսեցի. «Մենք ազատ ենք եղել լոկ պատերազմում: Առաջին գծում»: Տառապանքը մեր գլխավոր կապիտալն է, մեր բնական ռեսուրսը: Ո՛չ նավթը, ո՛չ էլ գազը. տառապանքը: Դա միակ բանն է, որ շարունակ հայթայթում ենք: Անընդմեջ պատասխան եմ փնտրում. ինչու՞ մեր տառապանքներն ազատության չեն փոխարկվում: Մի՞թե դրանք նանիր են: Ճշմարիտ էր ասում Չաադաևը. Ռուսաստանը հիշողություն չունեցող երկիր է, համատարած ամնեզիայի մի տարածություն, կուսական գիտակցություն քննադատության և մտորումների համար:

Մեծ գրքերը թափված են ոտքերի տակ…

1989 թ.

Ես Քաբուլում եմ: Այլևս չէի ուզում գրել պատերազմի մասին: Բայց ահա մի իսկական պատերազմում եմ հայտնվել: «Правда» թերթից. «Մենք սատարում ենք եղբայրական աֆղանական ժողովրդին՝ սոցիալիզմ կառուցելու»: Ամենուրեք պատերազմի մարդիկ են, պատերազմի առարկաներ: Պատերազմ է:

Երեկ ինձ մարտի չտարան: «Մնացեք հյուրանոցում, օրիորդ: Մենք պատասխանատու ենք ձեզ համար»: Ես նստած եմ հյուրանոցում և մտածում եմ. անբարո մի բան կա ուրիշ մեկի խիզախությունն ու համարձակությունը տնտղելու մեջ: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այստեղ եմ, և չեմ կարողանում ազատվել այն զգացումից, որ պատերազմը տղամարդկային բնության երկունք է, ինձ համար անըմբռնելի: Սակայն պատերազմի առօրյա պիտույքները պատկառազդու են: Ինձ համար բացահայտեցի, որ զենքը գեղեցիկ է. ինքնաձիգները, ականները, հրասայլերը: Մարդը երկար է մտածել՝ ինչպես ավելի լավ սպանի դիմացինին: Ճշմարտության և գեղեցկության մշտնջենական բանավեճը: Ինձ ցույց տվեցին իտալական նոր ականը: «Կանացի» արձագանքս. «Գեղեցիկ է: Բայց ինչու՞ է այն գեղեցիկ»: Ռազմական տեսանկյունից ինձ հստակ բացատրեցին, որ եթե այդ ականի վրա կանգնեն այսպես… որոշակի անկյան տակ… մարդուց կես դույլ միս կմնա: Անբնականի շուրջ այստեղ խոսում են իբրև միանգամայան բնականի, ինքնին ենթադրվող իրողության մասին: Չէ՞ որ պատերազմ է… Ոչ ոք չի խելագարվում այդ պատկերներից… որ, ահա, գետնին մարդ է ընկած՝ սպանված ո՛չ տարերքի, ո՛չ էլ նախախնամության կողմից, այլ՝ ուրիշ մի մարդու:

Տեսա նաև «սև վարդակակաչի» (ինքնաթիռ, որը ցինկե դագաղներով Հայրենիք է տեղափոխում զոհվածներին) բարձումը: Մեռածներին հաճախ դեռևս քառասունականների հին ռազմական համազգեստ են հագցնում, գալիֆեով: Պատահում է, որ այդ հանդերձանքն էլ չի բավականացնում: Զինվորները զրուցում էին միմյանց հետ. «Նոր սպանվածների են սառնարան բերել: Ասես նեխած վարազի գարշահոտ է տարածվել»: Սրա մասին եմ գրելու: Վախենամ՝ տանը ինձ չհավատան: Մեր թերթերում եղբայրության ծառուղիների մասին են գրում, որ խորհրդային զինվորներն են տնկում:

Տղաների հետ եմ խոսում, շատերը հորաժակամ են եկել: Խնդրել են այստեղ գալ: Նկատեցի, որ մեծասնությունը մտավորականների ընտանիքներից են. ուսուցիչների, բժիշկների, գրադարանավարների, միով բանիվ՝ գրքի մարդկանց: Ազնվորեն երազում էին օգնել աֆղանական ժողովրդին սոցիալիզմ կառուցել: Իսկ այժմ ծիծաղում են իրենց վրա: Օդակայանում ինձ ցույց տվին այն տեղը, որտեղ ցինկե հարյուրավոր դագաղներ էին շարված և խորհրդավոր կերպով փայլում էին արևի տակ: Ինձ ուղեկցող սպան չդիմացավ. «Ով գիտե, միգուցե իմ դագաղն էլ այստեղ է… Կխոթեն ինձ դրանցից մեկում… Իսկ հանուն ինչի՞ եմ ես այստեղ կռվում»: Եվ հենց տեղում էլ վախեցավ իր խոսքերից. «Բայց դուք սա չգրառեք»:

Գիշերը սպանվածեր եկան երազիս: Նրանք բոլորը ապշահար հայացքներ ունեին. ինչպե՞ս թե ես սպանված եմ: Մի՞թե սպանված եմ:

Բուժքույրերի հետ քաղաքացիական հիվանդանոց գնացի, երեխաներին նվերներ էինք տանում: Մանկական խաղալիքներ, քաղցրավենիք, թխվածք: Ձեռքիս թվով հինգ փափուկ արջուկներ կային: Ժամանեցինք հիվանդանոց. երկար մի զորանոց, անկողնային պարագաներից և սպիտակեղենից բոլորի մոտ միայն վերմակներ էին: Երիտասարդ մի աֆղանուհի, երեխան գրկին, մոտեցավ ինձ: Ուզում էր ինչ-որ բան ասել (տասը տարվա ընթացքում այստեղ բոլորը սովորել էին որոշ չափով ռուսերեն խոսել): Ես երեխային խաղալիք տվեցի, իսկ նա ատամներով վերցրեց: «Ինչու՞ ատամներով», – զարմացա ես: Աֆղանուհին քաշեց ծածկոցը մանկան պստլիկ մարմնից. մանչուկն առանց երկու ձեռքերի էր: «Ձեր ռուսներն են ռմբակոծել», – ասաց մայրը: Ինչ որ մեկը բռնեց ինձ, ես ընկնում էի…

Ես տեսա՝ ինչպես է մեր «Град»-ը հերկած դաշտերի վերածում ղշլաղները: Եղա աֆղանական գերեզմանատանը, որ նրանց մի գյուղի չափ էր: Գերեզմանոցի մեջտեղում մի պառավ աֆղանուհի էր ճչում: Ես հիշեցի, թե ինչպես էին մերձմինսկյան գյուղում տուն մտցնում ցինկե դագաղը և թե ինչպես էր ողբում մայրը: Դա մարդկային ճիչ չէր… և ոչ էլ գազանային… Այլ նման էր այն հեծեծանքին, որ քաբուլյան գերեզմանոցում լսեցի…

Խոստովանում եմ, որ ես միանգամից չէ, որ ազատ դարձա: Ես անկեղծ էի իմ հերոսների հետ, և նրանք վստահում էին ինձ: Մեզանից ամեն մեկն իր սեփական ուղին ուներ դեպի ազատությունը: Նախքան Աֆղանստանը ես հավատում էի մարդկային դեմքով սոցիալիզմին: Իսկ այնտեղից վերադարձա բոլոր պատրանքները թոթափած: «Ներիր ինձ, հայրիկ, – ասացի հորս հետ հանդիպման ժամանակ, – դու ինձ դաստիարակել ես հավատով առ կոմունիստական արժեքները, բայց բավ է մեկ անգամ տեսնել՝ ինչպես են տակավին նորերս խորհրդային դպրոցականները, որոնց դուք մայրիկի հետ սովորեցնում եք (ծնողներս գյուղական ուսուցիչներ էին), օտար հողում սպանում իրենց անծանոթ մարդկանց, որպեսզի քո բոլոր խոսքերը հօդս ցնդեն: Մենք մարդասպաններ ենք, հայրիկ, հասկանու՞մ ես»: Հայրս լաց եղավ:

Աֆղանստանից բազմաթիվ ազատ մարդիկ էին վերադառնում: Սակայն ինձ ուրիշ օրինակներ էլ են հայտնի: Այնտեղ, Աֆղանստանում, մի երիտասարդ բղավելով ասում էր ինձ. «Ով կին, ի՞նչ կարող ես դու հասկանալ պատերազմից: Մի՞թե մարդիկ պատերազմում այնպես են մեռնում, ինչպես գրքերում և ֆիլմերում: Այնտեղ նրանք գեղեցիկ են մեռնում, իսկ երեկ իմ ընկերոջը սպանեցին. գնդակը գլուխն էր մխրճվել: Նա դեռ տասը մետր էլ վազեց՝ ճանկելով սեփական ուղեղը…»: Իսկ յոթ տարի անց նույն այդ երիտասարդը, այժմ արդեն հաջողակ գործարար, սիրում է պատմել Աֆղանստանի մասին: – Զանգահարեց ինձ. «Ինչի՞ համար են քո գրքերը: Դրանք չափից դուրս սարսափելի են»: Դա արդեն ուրիշ մարդ էր, ո՛չ այն մեկը, որին ես մահվան բավիղներում հանդիպեցի, և որը չէր ուզում մեռնել քսան տարեկանում…

Ես հարցնում էի ինձ, թե ինչ գիրք կուզեի գրել պատերազմի վերաբերյալ: Կուզեի գրել մի մարդու մասին, որը չի կրակում, չի կարող կրակել ուրիշ մարդու վրա և որին նույնիսկ միտքը պատերազմի մասին տառապանք է պատճառում: Որտե՞ղ է նա: Ես նրան այդպես էլ չհանդիպեցի:

1990-1997 թթ.

Ռուս գրականությունն ուշագրավ է նրանով, որ միայն ինքը կարող է պատմել այն արտառոց փորձի մասին, որի միջով երբեմնի անցել է հսկայական մի երկիր: Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եք դուք շարունակ ողբերգականի մասին գրում: Որովհետև մենք այդպես ապրում ենք: Եվ թեպետ հիմա տարբեր երկրներում ենք ապրում, բայց ամենուրեք «կարմիր» մարդն է ապրում: Նրանք գալիս են իրենց նախկին կյանքից, նույն հիշողություններով:

Երկար ժամանակ չէի ուզում գրել Չեռնոբիլի մասին: Ես չգիտեի՝ ինչպես գրեմ այդ մասին, ինչ գործիքներով և որտեղից սկսեմ: Եվրոպայում լքված և մոռացության տրված իմ փոքրիկ երկրի անունը, որի մասին աշխարհը նախկինում գրեթե ոչինչ չէր լսել, հնչում էր բոլոր լեզուներով, իսկ մենք՝ բելառուսներս, չեռնոբիլյան ժողովուրդ դարձանք: Առաջինը ընդհարվեցինք անիմանալիին: Եվ արդեն պարզ էր. կոմունիստական, ազգային և կրոնական նոր մարտահրավերներից զատ առջևում մեզ առավել դաժաններն ու համընդհանուրներն են սպասվում, որ դեռևս անտեսանելի են: Չեռնոբիլից հետո, սակայն, ինչ-որ բան արդեն նշմարվեց…

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ տաքսու տարեց վարորդը հուսահատորեն հայհոյեց, երբ աղավնին բախվեց մեքենայի դիմացի ապակուն և ընկավ: «Մեկ օրում երկու-երեք թռչուն է ջախջախվում, իսկ թերթերում գրում են, թե իրադրությունը հսկողության տակ է»:

Քաղաքային պուրակներում տերևները փոցխում-հավաքում էին և քաղաքից դուրս տանելով՝ թաղում: Վարակված հողը փորում-հանում էին և դարձյալ թաղում. հողը թաղում էին հողի մեջ: Թաղում էին նաև ցախը, խոտը: Բոլորը դույզն-ինչ խելագար հայացքներ ունեին: Ծեր մեղվապահը պատմում էր. «Առավոտյան պարտեզ եմ ելնում և զգում, որ մի բան պակաս է, ինչ-որ ծանոթ ձայն: Ոչ մի մեղու… Ոչ մի մեղվաձայն: Ոչ մի: Ի՞նչ: Ի՞նչ է պատահել: Երկրորդ և երրորդ օրն էլ նրանք չերևացին… Եվ հետո միայն իմացանք, որ ատոմակայանում վթար է եղել. իսկ այն հեռու չէր: Բայց երկար ժամանակ մենք ոչինչ չգիտեինք: Մեղուները գիտեին, իսկ մենք՝ ոչ»: Չեռնոբիլյան լուրերը թերթերում բացառապես ռազմական բառապաշարով էին հաղորդվում. պայթյուն, հերոսներ, զինվորներ, տարհանում… Կայանքում անմիջապես КГБ-ն էր աշխատում: Լրտեսների և վնասարարների էին փնտրում: Լուրեր էին տարածվում, թե վթարը արևմտյան ծառայությունների կազմակերպածն է՝ նպատակավ սոցիալիզմի ճամբարը քայքայելու: Չեռնոբիլի ուղղությամբ ռազմական տեխնիկա էր շարժվում, զինվորականներ էին գնում: Համակարգը գործում էր ըստ սովորության՝ պատերազմական կանոններով, բայց այս նոր աշխարհում իր շողուն ինքնաձիգով զինվորն արդեն ողբերգական կերպար էր: Նրա կարեցած միակ բանը մեծ ճառագայթում կլանելն ու տուն դառնալուց հետո մեռնելն էր:

Աչքերիս առջև նախաչեռնոբիլյան մարդը վերածվում էր չեռնոբիլյան մարդու:

Ճառագայթումն անկարելի էր տեսնել, շոշափել, հոտոտել… Այնպիսի մի ծանոթ և անծանոթ աշխարհ էր մեզ արդեն շրջապատում: Երբ աղետի գոտի մեկնեցի, ինձ շտապ իրազեկեցին. ծաղիկներ չքաղել, խոտին չնստել, ջրհորից չօգտվել… Մահն ամենուրեք դարան էր մտել, բայց դա արդեն ուրիշ մի մահ էր: Նոր դիմակների ներքո: Օտար կերպարանքով: Պատերազմը վերապրած տարեց մարդիկ դարձյալ տարհանվում էին: Նրանք նայում էին երկնքին. «Արևը շողում է… Ոչ ծուխ կա, ոչ էլ գազ: Չեն կրակում: Մի՞թե նման պատերազմ է լինում: Այնինչ մեզ փախստական դառնալ է վիճակված»:

Առավոտյան բոլորն ագահաբար չանթում էին թերթերը և հենց նույն պահին էլ հուսաբեկ մի կողմ դնում. լրտեսներ չեն հայտնաբերել: Ժողովրդի թշնամիների մասին չեն գրում: Այդպիսի աշխարհը, առանց ժողովրդի թշնամիների և լրտեսների, նույնպես անծանոթ էր: Ինչ-որ նոր բան էր սկսվում: Աֆղանստանի հետքերով Չեռնոբիլը մեզ ազատ մարդ դարձրեց:

Աշխարհը բացվում էր ինձ համար: Աղետի գոտում ես ինձ ո՛չ բելառուս էի զգում, ո՛չ ռուս և ո՛չ էլ ուկրաինացի, այլ՝ մի կենսատիպի ներկայացուցիչ, որ ոչնչացվել կարող էր: Երկու արհավիրքները համընկան: Սոցիալականը՝ երբ ջրի տակն անցավ սոցիալիստական Ատլանտիդան և տիեզերականը՝ Չեռնոբիլը: Կայսրության անկումը տագնապ էր պատճառում բոլորին: Մարդիկ մտահոգ էին առօրյա խնդիրներով և կենցաղով. ինչո՞վ էին հաց գնելու և ինչպե՞ս էին գոյատևելու: Ինչի՞ն պետք է այժմ հավատային: Ի՞նչ նշանների ներքո նորից կանգնեին: Մի՞թե պետք է սովորել առանց մեծ գաղափարի ապրել: Վերջինը ոչ ոքի ծանոթ չէր, քանզի դեռևս երբեք այդպես չէին ապրել: «Կարմիր» մարդու առջև հարյուրավոր հարցեր էին ծառացել, որոնց դեմ նա միայնակ էր տոկալու: Երբեք նա այդքան մենակ չէր եղել, ինչպես ազատության առաջին օրերին: Շուրջբոլորս շվարած մարդիկ էին: Ես լսում էի նրանց…

Փակում եմ օրագիրս…

Ի՞նչ պատահեց մեզ, երբ կայսրությունն ընկավ: Նախկինում աշխարհը բաժանվում էր դահիճների և զոհերի (դա ГУЛАГ-ն էր), եղբայրների և քույրերի (դա պատերազմն էր) և, վերջապես, էլեկտորատի (տեխնոլոգիաները, ժամանակակից աշխարհը): Մեր աշխարհը նախկինում կազմում էին նաև նրանք, ովքեր նստում էին, և նրանք, որ նստեցնում էին: Այսօր մարդիկ բաժանվում են սլավոնասերների և արևմտամետների, ազգի դավաճանների և հայրենասերների: Ինչպես նաև նրանց, ովքեր կարող են գնումներ անել, և նրանց, ովքեր ի վիճակի չեն: Այս վերջինը, ես կասեի, ամենադաժան փորձությունն է սոցիալիզմից հետո, քանի որ ոչ վաղ անցյալում բոլորը հավասար էին: «Կարմիր» մարդն այդպես էլ չկարողացավ մտնել ազատության այն արքայությունը, որի մասին երազում էր խոհանոցում: Ռուսաստանը մասնատեցին առանց նրա, և նա առանց ոչնչի մնաց: Ստորացված և թալանված: Ագրեսիվ և վտանգավոր:

Ահա մի քանի բան, որ լսել եմ Ռուսաստանով շրջագայելիս…

— Արդիականացումը մեզ մոտ հնարավոր է шарашка**-ների և գնդակահարությունների ճանապարհով:

— Ռուս մարդը կարծես թե չի էլ ուզում հարուստ լինել, նույնիսկ վախենում էլ է դրանից: Իսկ ի՞նչ է նա ուզում: Նա միշտ էլ մեկ բան է ուզում. որ մեկ ուրիշը չհարստանա: Ավելի հարուստ չլինի, քան ինքը:

— Արդար մարդկանց մեզ մոտ չես հանդիպի, բայց սրբերի կգտնես:

— Դասեր քաղած սերունդներ մեզ հազիվ թե տեսնել վիճակվի: Ռուս մարդուն խորթ է ազատությունը, նրան կազակ և մտրակ է հարկավոր:

— Ռուսերեն երկու գլխավոր բառերը՝ պատերազմ և բանտ: Կողոպտեցիր, զվարճացար, նստեցիր… դուրս եկար և նորից նստեցիր…

— Ռուսական կյանքը պետք է թունոտ լինի, ողորմելի: Միայն այդժամ հոգին կվեհանա և կգիտակցի, որ չի պատկանում այս աշխարհին… Որքան գարշելի և արյունռուշտ՝ այնքան ավելի անկաշկանդ նրա համար…

— Նոր հեղափոխության համար ո՛չ ուժ կա, ո՛չ էլ կորով: Խելահեղություն չկա: Ռուս մարդուն այնպիսի մի գաղափար է անհրաժեշտ, որ մարմնով սարսուռ անցնի…

— Այսպես էլ մեր կյանքը տարուբերվում է խառնակության և բարաքի միջև: Կոմունիզմը չի մեռել, դիակը կենդանի է:

Համարձակություն կունենամ ասելու, որ մենք բաց ենք թողել 90-ական թթ. ունեցած մեր հնարավորությունը: Հարցին՝ ինչպիսին պետք է լինի երկիրը՝ ուժեղ, թե արժանապատիվ, որտեղ մարդիկ բարեկեցիկ կապրեն, մենք ընտրեցինք առաջինը՝ ուժեղը: Հիմա կրկին ուժի ժամանակ է: Ռուսները կռվում են ուկրաինացիների դեմ: Իրենց եղբայրների դեմ: Իմ հայրը բելառուս է, մայրս՝ ուկրաինացի: Եվ շատերի մոտ է այդպես: Ռուսական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիան…

Հույսի ժամանակներին փոխարինելու են եկել վախի ժամանակները: Ժամանակը ետ է շրջվել… Second-hand ժամանակը…

Այժմ ես վստահ չեմ, որ գրել-վերջացրել եմ «կարմիր» մարդու պատմությունը…

Ես երեք տուն ունեմ. իմ բելառուսական հողը՝ հորս հայրենիքը, որտեղ ես ողջ կյանքս եմ ապրել, Ուկրաինան՝ մորս բնօրրանը, որտեղ ծնվել եմ, և ռուսական մեծ մշակույթը, առանց որի ես ինձ չեմ պատկերացնում: Նրանք բոլորն էլ ինձ թանկ են: Բայց դժվար է մեր օրերում սիրո մասին խոսել:

Թարգմանությունը ռուսերենից՝ Գևորգ Ճաղարյանի

* «совок» — Խորհրդային Միության, ինչպես նաև խորհրդային մարդու պեյորատիվ (նվաստական, հեգնական) ժարգոնային անվանումը՝ հանգույն Homo Soveticus-ի:

** «шарашка» — ԽՍՀՄ Ներքգործժողկոմին ենթակա բանտային տիպի գիտահետազոտական ինստիտուտների (ԳՀԻ) և կառուցվածքային բյուրոների (որտեղ կալանավոր գիտնականներն ու ինժեներներն էին աշխատում) ժարգոնային անվանումը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *