Սյունե Սևադա | Իմպրովիզ

Սյուեն Սևադա

-Էս անձրևը տեսնես մի օր կավարտվի՞: Թեյդ սառեց, ո՞ւր ես:
– Ջուր դարձա՝ մինչև հասա սրճարան: Անձրևի գլխավոր հովանավորն է Ռեյ Բրեդբերին: Էսքան անհույս անձրև մեկ էլ իր էն պատմվածքում կա: Մազերս էլ փչացան, էսպես ոնց եմ հետդ գալու:
– Շատ էլ հաճելի բրեդբերյան եղանակ է, մի բողոքիր, որ ինքն էլ քո փչացած սանրվածքից չբողոքի:
-Հա, քեզ ինչ կա, անձրևը մազերիդ ալիքները հաղթահարելու ու գլխամաշկիդ հասնելու համար իր անձրև հալով պիտի անմարդկային ուժ կիրառի: Բա չէ, իմոնց պես:
-Դե, խուճուճացնելը քեզ՝ ինձ նմանեցնելու փորձ է, լավ չի՞: Երեկ, ի դեպ, «Մարսյան քրոնիկոնն» էի թերթում: Բառացի չեմ հիշում, բայց շատ սիրուն էր գրել, թե ինչպես է մեկը խոսում ու մատը տնկում երկինք՝ ուղիղ Աստծո վրա, հիշո՞ւմ ես հատվածը:
-Հա, իհարկե: Տեսնես էդ պահին Աստված ինչ դեմք է ընդունել:
-Երևի զարմացած: Կամ էլ լեզու է ցույց տվել:
-Է՜, Աստծո մասին էդպես չեն խոսում:
-Ո՞վ է ասել:
-Դե, հավատքի մասին պատկառանքով են սովորաբար արտահայտվում:
-Իսկ ո՞վ ասաց, որ «Աստված լեզու է ցույց տվել Բրեդբերիին» նախադասության մեջ որևէ անհարգալից տարր կա: Ո՞վ է որոշում՝ որտեղ ու ինչպես հավատանք:
-Ես սովորաբար ավելի զուսպ եմ հավատում:
-Կանվանեի դա ոչ թե զուսպ, այլ՝ չգիտակցված: Իկա, այ դու, որ գնում ես եկեղեցի, աղոթում ու տեսնում աղեկտուր մրմնջացող ու հագուստով եկեղեցու հատակը մաքրող կանանց, գոնե երբևէ մտածե՞լ ես՝ ինչ է իրենից ներկայացնում աղոթքը, թե՞ քեզ էլ են սովորեցրել հավատալ առանց մտածելու, հանկարծ հավատքը շոշափելի չդարձնել, Աստծուն չմարդկայնացնել: Հավերժ վախենալ Նրանից՝ հասկանալու տեղակ:
-Էդ, ինձ չեն սովորեցրել, որ Աստծուն կարող եմ հասկանալ: Ինձ միայն ասել են, որ պիտի հավատամ:
-Ինչպե՞ս կարելի է հավատալ՝ առանց ընկալելու: Ո՞ր հիմարներն են պարտադրել, որ պիտի երկյուղես, պիտի ահը սրտումդ ապրես…Մինչդեռ չէ, պիտի կիսվես, պիտի ազատ շփման մեջ լինես հետը՝ ցանկացած առողջ հարաբերության պես:
-Հա, բայց ինձ չի լսում բացարձակ, ո՞նց հետը շփվեմ:
-Գիտե՞ս ինչու քեզ չի լսում:
-Հը-ը:
-Որովհետև ինքդ երբեք ականջալուր չես եղել: Իսկ քեզ ո՞վ է խաբել, որ Նա մեզ հետ շփվելու կարիք չունի, ինչքա՞ն կարելի է հրեշտակների հետ բլբլալ:
-Բլբլալ…Կարո՞ղ է Աստված պոլիգլոտ է:
-Աստված՝ Բրյուսովի բուֆետում…Չէ, էլի, չէ:
-Ինչո՞ւ, աստվածները թիթիզ չեն լինո՞ւմ, Էդ:
-Ինձ բաժին հասնող մի բուռ Աստվածը հիմա կարմիր կեդեր է հագնում, սպիտակ՝ կրծքավանդակի կոճակներն արձակած վերնաշապիկ կրում՝ թևքը վերև հավաքած, ու մուգ ջինսե շալվարի հետ համադրում: Նրբաոճ Աստված ունեմ ես: Ու մենք միասին սիրում ենք երաժշտություն լսել: Որովհետև մտերիմ ենք: Քո բռաչափ հավատքը քեզ հետ երաժշտություն չի լսի, որովհետև կաղապարված ես զգացմունքներումդ: Իմը լսում է, երբեմն էլ՝ ձայնակցում: Այ, եթե տարբերակ լիներ, ի՞նչ կլսեիր հետը:
-Ըհ…Լիլիթ Պիպոյանի «Մի լարը»:
-Բա լսի:
-Ականջակալներս էդքան երկար չեն, որ հասցնեմ երկինք, Էդո:
-Երկարացման լար բերե՞մ:
-Երկնքում էլեկտրականություն չկա:
-Ինչի՞:
-Մոռացել են ամսավճարը մուծել:
-Երկնային «Հայփոստում» էլ են երևի աշխատում դոշերն ու չոլկաները առաջ տված կանայք…
-Հա, այ էսպիսի սանրվածքով…
-… Դեղին, բայց սև արմատներով մազերով՝ երկար եղունգներն ու սուրբ մուննաթը միշտ պատրաստ:
-Հերթ կանգնած հրեշտակներ: Հետաքրքիր տեսարան կլիներ:
-Ո՜ւֆ, երնեկ ջրի վարձը մոռանային, էս անձրևն իրոք չի կտրվում: Թեյն արագ խմիր, սառած ես: Բայց արի մի բաժակ էլ խնդրենք:
-Արի: Այ, որ ինձ լսեր, կհորդորեի դադարեցներ: Կամ էլ մեր վարպետ Ռուբենի համարը կտայի, կգնար դրախտի խողովակները կվերանորոգեր, որ էլ ջուր չթողնեն:
-Հանգիստ եղիր, նման տեմպերով եթե խմի, մեկ-երկու տարուց ինքնակամ ու հավերժ գործուղման կգնա դրախտ:
-Պատկերացնում ե՞ս՝ գնա-հասնի, բայց գործիքները մոռանա:
-Հետ կկանչենք:
-Ախր մեզ հիմա է պետք, որ կտրվի: Երբ պետք է՝ չի լսում:
-Տես, Իկ, Էդգար Պոն էր ասում. եթե ուզում ես մի բան շատ լավ թաքցնել, դիր ամենաերևացող տեղում: «Աղոթք» բառը մասերի բաժանիր: Աղի ու ոթել: Աղ անել ասելիքիդ, այսինքն` համեմել: Ոթել՝ թափել, հոսեցնել: Բառերիդ մեջ պիտի համեմունք հոսի: Իրական, այլ ոչ՝ թելադրած:
-Աղի ու ոթել…Պա՜հ: Խեղճին տարար-հասցրիր ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետ: Հեչ խիղճ չունես Աստծո նկատմամբ, գիտե՞ս միջանկյալներն ինչ բարդ են:
-Չէ, եթե ԵՊՀ, ուրեմն գոնե հոգեբանականում կտեղավորենք: Որովհետև հետը շփվելիս պիտի զգացողություններիդ լսես: Հետը լեզվաբանի ճարտարությամբ լեզվակռիվ տուր, մաթեմատիկոսի պես հաշվարկներ արա, ֆիզիկոսի համառությամբ ապացույցներ պահանջիր, մարզիկի եռանդով մարմնիդ հնարավորությունները փորձարկիր՝ եթե կարիք կա: Հակաճառիր, ասա՝ ինչո՞ւ ոչինչ չի ստացվում, դրա մերը, ինչո՞ւ եմ ես անընդհատ սխալվում: Մեկ-մեկ էլ տոնայնությունդ բարձրացրու ու մեղքերի քավության համար մի բաժակ թեյի հրավիրիր, որ սիրտը շահես: Իսկ, այ երբ ինքն է քեզ նեղացնում, միայն տեսնես՝ որքան սիրուն է բարիշում:
-Ծաղիկներո՞վ: Չէ, ես ծաղիկ չեմ սիրում: Չեմ ուզում Աստված ֆլորիստ լինի:
-Չէ, անբացատրելի հրաշքներով: Մեր երկնային ընկերոջ CV-ի «հոբբիներ» բաժնում աճպարարությունն առաջին տեղում է:
-Հեշտ հոբբի չի ընտրել:
-Ոչինչ հեշտ չի: Բայց «դժվար» հո չի՞ նշանակում «անհնար», Իկ: Անգամ երբ մի բաժին դժվարություն է ուղարկում, հաշվի հետ նաև պարտադիր պիտի այդ պահին իրապես պետքական մի նվեր շնորհի: Դու էդ ամենը թողել, աչքերդ հառել ես միայն կյանքի սեղանին դրված մոխրամանին՝ գոնե պատվիրածդ ստանաս, հաշիվ փակես՝ թեկուզ եթե գինը բարձր է, ու «տնօրինության» կողմից նվերդ վայելես:
-«Ֆեյսբուքի» քոմենթներում աղոթող ու «պլյուսի» նշանը խաչի տեղ օգտագործող մարդկանց աչքը խուլ…
-Ականջն էլ՝ քոռ: Մի վախեցիր հետը կռիվ տալուց: Առհասարակ, մի վախեցիր: Թե չէ էստեղ չէինք լինի: Առհասարակ իրար հետ չէինք լինի: Իսկ եթե միասին չլինեինք, կռիվ չտայինք, չէինք ազատվի կաղապարներից այնքան, որ մեզ թույլ տայինք Աստծուն մարդկայնացնել՝ մոռանալով, որ իր պատկերով ենք ստեղծվել: Ոչինչ, երկու ափսե կոտրեք հատակին, մի քանի աթոռ շպրտեք իրար վրա, դուռը շխկացրու, ասա՝ էլ քեզ մոտ չեմ գալու, վերջ: Հագուստդ հավաքիր, հասիր կողքի թաղ, հենց սով զգաս՝ ներսի ու դրսի ծանրությունը հետդ քարշ տալով վերադարձիր մոտը՝ հպարտ, բայց քաղցած: Դա էլ է փնտրտուքի ձև: Որքան ավելի շատ սխալվես, հակառակվես, հարցեր ներկայացնես ու պատասխաններ փնտրես, այնքան ավելի ճիշտ ուղիներ ես գտնելու:
-Ուղիներ: Ո՜ւխ, Աստված այգեպան է, հաստատ: Խոտածածկ արահետներ է գծում, ծաղիկներ ցանում: Հենց դրա համար էլ Ադամին ու Եվային խնձորի ծառով ու պտուղով վտարեց դրախտից, ոչինչ պատահական չէ…
-Հա, որովհետև Աստված հաստատ նաև գուրման ու էսթետ է: Եթե այգեպան է, երևի պանթեիստ է: Ինչ հավես է բայց: Աստված իր Աստծուն բնության մեջ է փնտրում: Իսկ բնության մեջ ներդաշնակություն գտածը չի կարող գեղեցիկն ու համեղը չսիրել ու, հետևաբար, չստեղծել: Դու էլ՝ վառ օրինակ: Էսթետիկ առումով շատ սիրուն ես, ու սիրունության անբաժանելի ու առաջնային մասը խելացիությունդ է: Ու եթե մենք սիրեինք հասարակության առաջ ձևական սեր խաղալ, հիմա սրճարանի մարդկանց մոտ հաղթահարեի սեղանի տեսքով էս պատնեշն ու համբուրեի քեզ, քո խմորեղենոտ շրթունքները հաստատ շատ համեղ կլինեն:
-Եթե այ էս թրջված վիճակում քաղցրը երկար մնա վրաս, կդառնամ շաքարաքլոր, Էդ:
-Գոնե շաքարահավ, Իկա, արական սեռի նկատմամբ խիստ անտարբեր եմ:
-Թեկուզ, կարևորը քաղցր եմ:
-Հա, բայց դառնահամ ես հավատում, մաղձոտ, ցեխոտած: Արդեն հնությունից սևացած ձևերով: Ու ոչ մի ստեղծագործ մոտեցում, գրողը քեզ տանի: Դրա համար էլ զարմանում ես՝ ինչու չի լսում: Չի ստեղծել քեզ, որ մտքերդ տրաֆարետի մեջ խցկես ու գլուխը ցավեցնես, ստեղծել է, որ նոր ճանապարհներ գտնես, որ ժպտացնես իրեն, կամ էլ ստիպես հոնքերն իրար հավաքի:
-Աստծու մոտ ե՞ս պիտի զգացողություններ ծնեմ:
-Իհարկե, ամեն բան երկկողմանի է: Պիտի զգաս, շնչես, շոշափես, սիրես, ցավես, կորցնես, ձգտես, հաղթես, տանջվես: Անտարբերությունից ավելի վատ բան չկա, մարդիկ դա լավ են հասկացել: Սա բոլոր դեպքերում է գործում, անգամ՝ էլեկտրատեխնիկայի: Հենց որևէ իր սկսում ես քիչ օգտագործել ու չես հիշում իր մասին, փչանում է: Եթե ավելի լուրջ, երևի թե ավելի լավ է զայրացնել Աստծուն, նեղացնել, սխալ հասկանալ, անտեղի մեղադրել, միայն թե անտարբեր չլինել: Նույն այդ պատճառով երդվյալ աթեիստները Նրա կողմից շատ ավելի ընդունելի են, դա ընդամենը վերաբերմունքի տեսակ է, բայց այ շատ ավելի բարդ է չհետաքրքրվողների հետ լեզու գտնելը: Այն էլ դեղնակալած մեկնություններով:
-Քրքրված էջերով…Հետաքրքիր կլիներ, եթե Աստված հնէաբան լիներ: Կամ, ասենք, Մատենադարանում աշխատեր՝ հին ձեռագրերի հետ: Մաշտոցի արձանի մոտ էլ հաստատ սելֆի կունենար:
-Էլ ինչի՞ հասնի Մատենադարան, եթե ամեն օր գրաբարյան տեքստեր ենք անգիր անում, որոնք չենք էլ հասկանում: Դրա համար էլ շատերիս հավատքը ինքնանպատակ է, ոչ թե՝ ինքնաբավ:
-Ինքնանպատա՞կ:
-Կրոնը կարող է ինքնանպատակ լինել, բայց հավատքը՝ երբեք:
-Մատաղ անելու պես, Էդգար: Պիտի ինքնաբավություն բերի, որ գոհ մնաս:
– Հավատքն էլ ընդունելի չի լինի, եթե երբևէ «աղոթքը» ինքդ քեզ համար բառակազմության չենթարկես:
-Չեմ արել, որովհետև չգիտեի, որ Աստված բանասեր է:
-Չէ, որովհետև վախեցել ես: Վա՜յ, մարդիկ ինձ հում-հում կուտեն, եթե իմանան, որ Աստծուն կեդերով ու երաժշտություն լսելիս եմ պատկերացնում:
-Իսկ եթե պատկերացնեմ, ինչ ես կարծում, ի՞նչ արձագանք կտա:
– Աստված աչքով կտա, թեթևակի կժպտա ու կշարունակի ոտքը հերթական ռոքի ռիթմին զուգահեռ երկնքի հատակներին թփթփացնել: Այ թփթփոցը հաստատ կարձագանքի: Մեկ-մեկ երբ էքստազի մեջ է ընկնում, ամպրոպներ են լինում: Մի վախեցիր, բաս կիթառի արձագանքն է, բարձրախոսները մոռացել են անջատել:
-Երկու րոպե առաջ բասի սոլո էր:
-Աստված մենակատար է:
-Աստված սեր է, հետևաբար՝ ռոքնռոլլ է, մի բաժին համեղ թխվածք ու սիրելի սուրճ, փաստորեն:
– Դու ընկերացիր հետը, դու քո լեզվով խոսիր, կտեսնես՝ ինչ ընտիր Հայր ունենք: Ու հա, մի վախեցիր նաև չափդ կորցնելուց: Ազատ եղիր, քո լեզվանիությունն ու համարձակությունը հենց Նրա կամքն են: Քո ու Նրա երաժշտությունը գտիր ու կլսես՝ ինչ գեղեցիկ է երգում:
-Ուրեմն երաժի՞շտ է:
-Հնարավոր է: Փնտրիր, գտիր, կհարցնես:
-Եթե պիտի փնտրեմ, ուրեմն էստեղ չի: Աստված ճանապարհորդ է:
-Իսկ ես կարծում եմ, Իկ, որ Աստված բեմադրիչ է:
-Հա՜, Թատերականն է ավարտել:
-Հենց էդպես: Ուղղակի լավ մասնագետ է դարձել, որովհետև ինքնակրթությամբ է զբաղվել: Գուցե սցենարիստ էլ լինի…Դե որովհետև կյանքը սցենար դարձրած վիպակ է, որտեղ ամեն արարը մեր երեխաներն են, անտրակտը՝ Բաթումիի արձակուրդը, ուղղակի եթե բեմականացումը մեկ-երկու գործողություն է տևում, էստեղ այն ձգվում է յոթանասունհինգից-ութսուն տարի՝ չնայած շատերի մոտ այդ երկարուձիգ տարիները հաճախ չեն ունենում այն որակը, որը կարող է ունենալ մեկ բեմական գործողությունը:
-Պատկերացնո՞ւմ ես, պարզվի՝ ֆիլմերի ռեժիսոր է: Երևի դրա համար է բոլորին թվում, որ արտհաուս են, բայց պարզվում է’՝ Պոլիտեխնիկում լիկվիդների արանքում մեկի գրած վատ սերիալից են:
-Հիմա Աստված ռոք ա՞ստղ է, թե՞ Թատերականի ուսանող:
-Չգիտեմ, աչքիս ֆակուլտետը չենք գտնի: Գուցե համալսարան չի ընդունվել, միանգամից սեփական գործն է ստեղծել:
-Քարնեգիի պես գիրք գրեր. «Ինչպես ունենալ մոլորակներ և ազդել տիեզերքի վրա»:
-Աստված հեռու տանի, հուսամ ավելի որակյալ գիրք կստացվեր:
-Եթե քարնեգիոտ գիրք գրեր, դու հաստատ աթեիստ կդառնայիր:
-Չէ, ավելի վատ, կլինեի ուղղակի անտարբեր:
-Չէր թողնի:
– Երկնային հոր ականջները վառվում են, արի հաշիվը ուզենք, դուրս գանք, կարծես մեր քննարկումը հավանեց, անձրևը մեղմեց: Գուցե ճանապարհին հետը հանդիպենք, հաստատ ուշ է ավարտում աշխատանքը:
-Ու մեղմելու քայլը գիտե՞ս ինչ էր:
-Ի՞նչ, Էդ:
-Պրոֆեսիոնալիզմի ու սիրո մեծագույն դրսևորում: Այսինքն, ես լավ եմ կատարում իմ գործը՝ աստվածությունը, լսում ու ձեր քայլերին ընդառաջ եմ գալիս: Նաև սիրում եմ թե՛ աշխատանքս, թե՛ ձեզ: Գիտե՞ս ինչի է հանգեցնում սիրո ու կատարելության ձգտման համադրությունը:
-Ինչի՞:
-Իմպրովիզի:
-Աստված իմպրովիզ է…Հա, գտանք: Թե չէ ընկել ենք՝ ԵՊՀ, Բրյուսով…Լավ էր չասեցինք՝ Հայբուսակ: Այ էս վերջին ֆրազի համար պետք է մեղքերի թողության գնալ: Վեր կաց, գնացինք: Մազերս վատ չեն, չէ՞:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *