Կարինե Հարությունյան | Տաք հացի հոտով

Կարինե Հարությունյան

Սովորական ամառային օր էր` ո՛չ արևն էր ավելի մեծ թվում, ո՛չ ինչ-որ բան տեղի ունենալու կանխազգացումով էինք զարթնել: Սովորական օր էր. մեծերը, շոգից բողոքելով, անցել էին պահածոներ սարքելու գործին` յուրաքանչյուր բակից մի հոտ էր գալիս, ապակե տարաների զնգզնգոց ու պարտեզներից եկող ծխի քուլաներ: Քնից զարթնել` երեխաներով դուրս էինք վազել` եղած մեկ գնդակին առաջինը տեր կանգնելու. տղաների բախտը չբերեց` ֆուտբոլն անորոշ ժամանակով հետաձգվեց, աղջիկներս ավելի շատ էինք այդ օրը` մեր ձայնն անցավ:

Դրսում գործագործ էինք խաղում, հենց պետք է պաս բռնեի` զինվորականի հագուստով երկու տղամարդ եկան-կանգնեցին կողքս ու թե.
-Երեխեք, Լուսինեենց տունը որտե՞ղ ա` էն ձեր հացի խանութում ա աշխատում:
Փողոցում առաջին անգամ էինք տեսնում զինվորական հագուստով տղամարդու. ոստիկանի հագուստով տղամարդ տեսել էինք` մի տարի առաջ մեր փողոց տեղափոխված Մարտիկ ձյաձյան` բարձրահասակ, խռպոտ ձայնով ու հպարտ կեցվածքով, բայց զինվորականի համազգեստով ձյաձյաներ առաջին անգամ էինք տեսնում: Մինչ ես նրանց հագուստն էի տնտղում, Սիրանը ցույց տվեց Լուսինե տոտայենց տան տեղը: Նորից խաղի անցանք, մեջ մտնողը ես էի. լավ էի խաղում ու ցելա չէի էլ գցում` վերջում թույլերի խմբին էի միանում:
Գործագործ էինք խաղում ու հենց պետք է պաս բռնեի` տարօրինակ մի ձայն լսվեց` ոնց որ խոզ մորթեին: Գնդակը ձեռքիցս բաց թողեցի ու ինչքան հեռու էր այն գլորվում` այնքան տարօրինակ ձայնն ավելի էր ուժեղանում: «Երևի գնդակի ձայնն է, երկու անգամ պաս պետք է բռնեի` չստացվեց»,-մտածում էի ու ձեռքերս շուռումուռ տալով` նայում դրանց` փշաքաղվել էի: Գնդակը վերջապես կանգ առավ` ձայնն ականջ էր սղոցում: Սիրանն ասաց.
-Լուսինե տոտայենց տնից ա գալիս, աչքիս` զինվորի շորերով ձյաձյաներն եկել են Լուսինե տոտային տանեն,-ասաց Սիրանն ու սկսեց լացել,-ինչի՞ տան տեղը ցույց տվեցի:
Երկու րոպե հետո Լուսինե տոտայենց դռան դիմացն էինք: Ե՞րբ էին բոլոր հարևանները հավաքվել` չէինք էլ տեսել: Եկել-սառել կանգնել էին` ոչ շարժվում էին, ոչ խոսում իրար հետ, միայն տան ներսից շարունակվում էր մորթվող խոզի ձայն լսվել: Զինվորի զգեստով ձյաձյաներից մեկը նստած էր Լուսինե տոտայենց դռան դիմացը` գետնին: Նստած ծխում էր:
-Եկել եք Լուսինե տոտային տանե՞ք,-լացելով հարցրեց Սիրանը տղամարդուն:
-Հա: Չէ: Ի՞նչ: Ո՞ւր տանենք… Սամվելիկը ինքնասպան ա եղել,-ասաց զինվորականը:
Սամվելիկը Լուսինե տոտայի տղան էր, ով մի քանի ամիս առաջ էր բանակ գնացել: Սամվելիկը մեծ տղա էր, բայց իրեն Սամվելիկ էին ասում: Սամվելիկը մեզ միշտ ցոգոլ էր տալիս, բայց դրա դիմաց պիտի երգեինք կամ արտասանեինք. երբեմն-երբեմն ինձ հենց այնպես էր ցոգոլ տալիս: Սամվելիկը Լուսինե տոտայի միակ երեխան էր, ում հայրը մի օր գնացել էր Ռուսաստան ու կորել, այսինքն` նրանից լուր չկար` արդեն տասնքանի տարի:
Այդ օրն առաջին անգամ լսեցինք ինքնասպան բառը: Հասկացանք` Սամվելիկը մահացել է, բայց պատճառը նորմալ չըմբռնեցինք:Այդ օրը փողոցում իրարանցում էր: Տղաները սյուներից սյուներ սև ժապավեններ էին կապում` վրայից մեխակ կախում, կանայք փողոցն էին ավլում, լվում մայթերը: Այդ օրն առաջին անգամ շտապօգնության մեքենա տեսանք` եկել` Լուսինե տոտայենց տան դիմացը կանգնել` չէր գնում: Փողոցի գլխին մի մեծ սև ժապավեն կախվեց` վրան գրված էր.«Սամվել-18»: Մաման ինձ էլ գործի դրեց` տան բոլոր սպասքը նկուղից հանել էր ու դրանց հակառակ կողմում կարմիր մանիկյուրով կետեր էի անում` պիտի Լուսինե տոտայենց տուն տանեինք, ես էլ նշան էի անում, որ մյուսների սպասքի հետ չխառնվի:
Հաջորդ օրը փողոցում իրարանցումն ավելացավ. «Դագաղը փակ են բերել` մի բան էն չի»,-ասում էին մեծերը: Հաջորդ օրը դուրս չեկանք խաղալու: Չգիտեինք` ինչ անել, մի տեսակ ավելորդ էինք մեզ զգում, աշխատում էինք մեծերի աչքին չերևալ: Երեխեքով հավաքվեցինք ու գնացինք կողքի փողոց. անտեր տներից մեկի տանիք բարձրացանք, որտեղից Սամվելիկը մեզ համար ցոգոլ էր գնում բերելու: Ոչ ցոգոլ կար, ոչ ծիրան` տանիքին նստած ծառի տերևներն էինք պոկում` մինչ տնեցիք Սամվելիկի հոգեհանգստին էին գնացել, որի ժամանակ չգիտեինք էլ` ինչ են անում: Ժամանակը կարծես լռվել-մնացել էր այդ օրվա մեջ, օրը չէր մթնում:
Հաջորդ օրը փողոցում տղամարդիկ առավոտ շուտ տեղ-տեղ հավաքվել ու գոռգոռում էին. «Ինքնասպանություն չի` ինքնասպանը չէր կարող կրակել համ սրտին, համ կոկորդին»: Ասում էին` գիշերը տղամարդիկ բացել էին փակ դագաղն ու զննել Սամվելիկին: Թաղումն ուզում էին հետաձգել, բայց զինվորական զգեստով ձյաձյաները չթողեցին: Թաղի երեխաներից շատերի պես` մի խուրձ մեխակ էլ իմ ձեռքն էին դրել, թե հենց թաղման թափորը շարժվի, դանդաղ կքայլես ու ամեն քայլափոխին մի հատը կկոտրես ու գետնին կգցես:
Մեխակները վերցրած` վազում էի: Հասա դպրոցի բակ: Բանակ գնալուց առաջ Սամվելիկը խնդրեց միասին մի քիչ քայլենք. մտանք դպրոցի բակ: Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց այդպես էլ չասաց: Ավելի ճիշտ ասաց, ասաց, որ փոքր եմ` երևի չեմ հասկանա` դրա համար էլ չի ասի: Ասում էր, որ եթե ինչ-որ տղա ինձ բան ասի` իր ընկերներին ասեմ: Ասում էր, որ ինձ շատ է սիրում` ոչ այնպես, ինչպես մյուսներին: Ասում էր, որ հենց բանակից գա` մեծացած կլինեմ ու էդ ժամանակ լուրջ կխոսի հետս: Ասում էր, որ ժամանակ առ ժամանակ ինձ նամակներ կգրի, բայց ոչ մեկին էդ մասին չպետք է ասեմ: Ասում էր, որ ես էլ իրեն նամակներ գրեմ ու տամ իր ընկերներին` իրեն կհասցնեն: Ես ոչինչ չէի հասկանում, զարմացած էի` ինչո՞ւ էր հետս այդքան պաշտոնական խոսում, ո՞վ պետք է ինձ բան ասի: Մտածում էի` երևի հուզված է` բանակ է գնում:
-Սամ, ես էլ քեզ եմ շատ սիրում, ավելի ճիշտ, քեզ բոլորն էլ սիրում են,-մի կերպ արտասանեցի` մի բան ասած լինելու համար: Գրկեցինք իրար` այդ օրն ինքը բանակ գնաց, ես շարունակեցի դրսում խաղալ…

***
Մաման ասում է` տուն գնալիս երկու հատ հաց առնեմ: Լուսինե տոտայի ձեռքերը ցրտից կարմրել ու ուռել են, եղունգները` կապտել: Աշխատում եմ ձեռքերին չնայել, առհասարակ, երբ ինքն է լինում խանութում, աշխատում եմ իրեն էլ չնայել:
-Բարև ձեզ: Երկու հատ հաց կտա՞ք,-ասում եմ ու իբր թե խանութի այլ ապրանքները զննում:
-Կարինե ջան, Կարինե, դու լավ աղջիկ ես: Քրոջդ աղջիկը ո՜նց ա քեզ սիրում: Ե՞րբ ես, է, ամուսնանալու, դու էլ բալիկ ունենաս: Ժամանակն ա, մի ուշացրու, Կարինե ջան, Կարինե…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *