Արքմենիկ Նիկողոսյան | Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության վերահրատարակությունը

Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը, ըստ ընտանեկան արխիվում պահվող մեքենագիր օրինակի՝ գրվել է 1961-1965 թվականների ընթացքում, և մոտ  30 տարի մնացել անտիպ: Առաջին անգամ, շարունակաբար, տպագրվել է «Գարուն» ամսագրում՝ սկսած 1989 թվականի առաջին համարից: Այնուհետև, գրեթե նույն տեքստը 1990 թվականին հրատարակվեց առանձին գրքով՝ «Խորհրդային գրող» հրատարակչության կողմից՝ 30 000 տպաքանակով: Բնականաբար, հուշագրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց, մանավանդ որ՝ մեր իրականության մեջ 1930-ականներից սկսած գնդակահարությունների ու աքսորների դաժան իրողությունները շատ քիչ վկայագրություններ ունեին թե՛ գեղարվեստական, թե՛ էպիստոլյար գրականության մեջ, և բացում էին բազմաթիվ փակ վարագույրներ:

Երեք տասնամյակ անց ձեռնարկելով հուշագրության վերահրատարակությունը՝ զարմանքով հայտնաբերեցինք, որ նույնիսկ 1980֊ականների վերջին Հայաստանում նմանատիպ գրականության համար, այնուամենայնիվ, գործել է գրաքննչական մկրատը, և հուշագրության բազմաթիվ պարբերություններ, հատվածներ, նախադասություններ, նույնիսկ ամբողջական գլուխներ կա՛մ ընդհանրապես հանվել են, կա՛մ որոշակի խմբագրումների ենթարկվել:

Անթիվ-անհամար են նաև բուն խմբագրական աշխատանքի ընթացքում հուշագրությանն անհարկի միջամտությունները: Թեպետ՝ երբեմն դժվար է ասել, թե ո՞րն է գրաքննչական, ո՞րն է բուն խմբագրական միջամտություն:

Սկսած վերնագրից՝ «Տառապանքի ուղիներում»-ը դարձել է «Տառապանքի ուղիներով»: Կրճատվել կամ այսպես ասած՝ գրականացվել են բազմաթիվ բառեր, արտահայտություններ, ձևակերպումներ, որոնք առնչվում են բանտային կյանքի լեզվական, բառապաշարային յուրահատկություններին, և դրանց զեղչումը կամ փոխարինումը այլ բառերով ու արտահայտություններով բոլորովին այլ միջավայրի պատկեր է ստեղծում: Եվ, ընդհանրապես, ածականների, բնորոշումների, մակդիրների մեծ մասը խմբագրվել-կրճատվել է՝ ինչ-որ առումով խաթարելով հուշագրության զգացական շերտը:

Վահրամ Ալազան՝ «Տառապանքի ուղիներում», Անտարես 2023

Հուշագրական գրականությունը, ընդհանրապես, ունենում է ոչ ստույգ փաստեր, խառնաշփոթներ, կարող են լինել՝ նույն իրադարձության տարբեր վկայագրություններ՝ տարբեր համատեքստերում: Նման դեպքերում միջամտությունը հուշագրողի տեքստին, միշտ չէ, որ կարող է արդարացված լինել․ երբեք չես կարող իմանալ, թե նույն դրվագի՝ տարբեր համատեքստերում փոքրիկ կամ էական տարբերություններով ո՞ր վկայագրությունն է ճշգրիտը: Ուստի՝ նախապատվություն տալը դրանցից մեկին՝ մյուսի կրճատմամբ, կարելի է ասել՝ կոպիտ միջամտություն է բնագրին: Ալազանի հուշագրության մեջ խմբագրական այդպիսի միջամտությունները նույնպես շատ են:

Բանտարկության և աքսորի տարիներին Ալազանը հանդիպել է բազմաթիվ մարդկանց: Նրանց հետ շփումներն ու հարաբերությունները, բնականաբար, չեն սահմանափակվել սոսկ բանտային առօրյայով: Նրանցից շատերը իրենց բանտարկվելու կամ աքսորվելու պատմություններն են պատմել, որոնք նույնպես Ալազանը վկայագրել է իր հուշագրության մեջ՝ սեփականին գումարելով այլոց պատմություններ՝ այդ կերպ ժամանակի պատկերը դարձնելով առավել բազմաձայն, կամ այսպես ասած՝ բազմավկա: Այդ պատմությունների զգալի մասը կրճատվել է: Երբեմն՝ կրճատվել է զավեշտալի ձևով: Օրինակ՝ «Կույր աղջիկը կամ սիրո դժբախտ զոհը» վերնագրով գլխում բառ անգամ չկա այդ աղջկա մասին, ամբողջովին կրճատվել է այն հատվածը, որտեղ  նա իր պատմությունն է անում: Եվ այդպես, տասնյակ էջեր:

Այնուամենայնիվ, ամենաշատը կրճատվել են այն հատվածները, բառերը, արտահայտությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Վահրամ Ալազանի տիկնոջը՝ Մարո Ալազանին: Ինչպես գրում է Ալազանը այս հուշագրության սկզբում՝ ««Տառապանքի ուղիներում» հուշերս և ընդհանրապես բոլոր գրագրություններն ու ստեղծագործություններս, հիվանդությանս և աջ ձեռքիս դողի պատճառով, գրի է առնված կյանքիս ընկերուհի Մարո Ալազանի կողմից»: Անշուշտ, այս հանգամանքը որոշակի դեր խաղացել է այն հարցում, որ Ալազանը հաճախ ու ամենատարբեր առիթներով է տալիս Մարոյի անունը, գովում նրան, գնահատում նրա սերն ու նվիրվածությունը, երբեմն՝ կարծես հաշվետու է լինում: Բայց սա հիմք կամ պատճառ չէ այդ իսկապես նվիրված ու, ըստ էության, Վահրամ Ալազանի բանտի և աքսորի տառապանքը հավասարապես կիսած կնոջը վերաբերող գրեթե բոլոր հատվածները կրճատել հուշագրությունից, մանավանդ որ՝ նրա կյանքն էլ բանտի և աքսորի պատմություն է, ու պատահական չէ, որ նա էլ հետագայում հուշեր գրեց, որոնք լույս տեսան վերջերս (տե՛ս Մարո Ալազան, «Իմ կյանքի ողբերգությունը», Երևան, 2020):

Գրեթե ամբողջովին կրճատվել են Ալազանի բանաստեղծությունները, որոնք կան հուշագրության մեջ: Ընդ որում՝ փոխկապակված են պատմող նյութին, դրվագին, հոգեվիճակին և յուրովի լրացնում են հուշագրությունը: Առավել ևս, որ դրանցից շատերը հետագայում չեն ընդգրկվել Ալազանի որևէ գրքում:

Ընդհանրապես, Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության խմբագրման բնույթը հետաքրքիր ուսումնասիրության նյութ կարող է լինել: Համենայն դեպս, խմբագրումների հետ կապված բոլոր համեմատություններն ու նշումները պահվում են իմ արխիվում, և պատրաստ եմ դրանք տրամադրել նրանց, ովքեր կցանկանան այդպիսի ուսումնասիրություն կատարել:

Ներկա հրատարակությամբ Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը ներկայացվում է ամբողջությամբ՝ նրա ընտանեկան արխիվում պահվող մեքենագիր բնօրինակի հիման վրա:  Այն մեզ տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Հասմիկ Ալազանին:

Կատարվել են միայն ուղղագրական և կետադրական բնույթի ուղղումներ, միօրինակության են բերվել որոշ անունների և բառերի գրության ձևեր:

Գրքում որպես հավելված՝ առաջին անգամ հրատարակել ենք նաև Ալազանի «Կյանքիս ճանապարհին» փոքրիկ հուշագրությունը, որը վերաբերում է նրա մանկության ու պատանեկության տարիներին՝ Վանի հերոսամարտ, Եղեռն, գաղթ․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *