Քեյթ Շոպեն | Պարկեշտ կինը

Քեյթ ՇոպենՏիկին Բարոդան փոքր ինչ զայրացավ՝ իմանալով, որ ամուսինն ընկերոջը՝ Գուվերնեյլին, իրենց մոտ պլանտացիա է հրավիրել՝ միասին մեկ-երկու շաբաթ անցկացնելու:
Ամուսինները ձմռանը մի լավ զվարճացել էին: Ժամանակի մեծ մասը Նյու Օռլեանի զվարճանքի տարբեր վայրերում էին անցկացրել: Տիկին Բարոդան երազում էր անխախտ հանգստի ու ամուսնու հետ տետ-ա-տետ ամենօրյա շփման մասին, երբ վերջինս հայտնեց, որ Գուվերնեյլը մեկ-երկու շաբաթով իրենց մոտ է մնալու:
Տիկին Բարոդան շատ էր լսել այս մարդու մասին, սակայն երբեք չէր տեսել նրան: Այժմ լրագրող Գուվերնեյլն ամուսնու դպրոցական ընկերն էր: Նա հասարակական ակտիվ կյանքից հեռու մարդ էր: Գուցե դա էր պատճառը, որ մինչ այժմ չէին հանդիպել: Սակայն տիկին Բարոդան ենթագիտակցաբար պատկերել էր նրան իր մտքում: Բարձրահասակ, նիհարակազմ ու մի անպատկառ տղամարդու էր պատկերացնում, ով ակնոցներ էր կրում ու ձեռքերը մշտապես գրպանը դնում: Նա տիկին Բարոդային դուր չէր գալիս: Իրականում, Գուվերնեյլը բավականին նիհարակազմ էր, բայց ոչ այնքան բարձրահասակ ու անպատկառ: Նա ոչ էլ ակնոցներ էր կրում ու ձեռքերը գրպանը դնում: Հենց առաջին հանդիպումից տիկին Բարոդան հավանեց նրան:
Թե ինչու էր այդքան հավանել Գուվերնեյլին, ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ: Այնուամենայնիվ, տիկին Բարոդան նրա մեջ չգտավ և ոչ մի հրաշալի ու խոստումնալից հատկանիշ, ինչպես իր ամուսինը՝ Գաստոնը, հաճախ հավաստիացնում էր նրան: Ընդհակառակը, չնայած Գաստոնի անկեղծ հյուրընկալության, Գուվերնեյլն իրեն բավականին լռակյաց էր պահում տիկին Բարոդայի ներկայությամբ, ով իր շատախոսությամբ փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի հյուրն իրեն հարմարավետ զգա: Նա այնքան քաղաքավարի էր իրեն պահում տիկին Բարոդայի նկատմամբ, որ միայն ամենախստապահանջ կինը նման վերաբերմուք կպահանջեր: Սակայն նա ոչ մի հատուկ բան չէր անում տիկնոջ հավանությանը և հարգանքին արժանանալու համար:
Պլանտացիայում մնալու օրերին սիրում էր կորթինոսյան սյուներից մեկի ստվերի տակ` լայն նախասրահում նստել, դանդաղ սիգար ծխել ու Գաստոնին լսել, ով շաքարեղեգի մշակման գործում իր փորձառության մասին էր պատմում:
«Ա՜խ, իսկական կյանք եմ ասել». խորը հիացմունքով ասում էր Գուվերնեյլը: Շաքարեղեգի դաշտով անցնող օդն իր տաք, բուրավետ ու թավշյա հպումով շոյում էր նրա դեմքը: Նաև սիրում էր իրեն մոտեցող ու բարեկամաբար ոտքերին քսվող հսկա շների հետ խաղալ: Գուվերնեյլը առանձնապես հետաքրքված չէր ձկնորսությամբ և հատբեկիչներ որսալու ցանկություն էլ չուներ, երբ Գաստոնը երբեմն առաջարկում էր:
Գուվերնեյլի բնավորությունը շփոթեցրել էր տիկին Բարոդային, բայց վերջինս հավանում էր նրան: Նա իսկապես համակրելի ու անվնաս երիտասարդ էր: Օրեր անց, տիկին Բարոդան ավելի շփոթվեց ու զայրացավ, քանի որ առաջին հանդիպումից հետո առանձնապես ոչինչ չբացահայտեց նրա մասին: Եվ հենց այս տրամադրությամբ էլ նա ժամանակի մեծ մասը ամուսնուն ու հյուրին միայնակ էր թողնում: Հետո հասկացավ, որ Գուվերնեյլը նրա պահվածքի վրա ուշադրություն չի դարձնում և սկսեց իր ընկերակցությունը պարտադրել՝ պարապ զբոսանքների ընթացքում ուղեկցելով նրան դեպի ջրաղաց ու ծանծաղուտ: Տիկին Բարոդան ամեն կերպ փորձում էր թափանցել այն արգելոցը, որտեղ Գուվերնեյլը ենթագիտակցաբար թաքցրել էր ինքն իրեն:
-Ե՞րբ է գնալու: Դե, նկատի ունեմ ընկերդ,-մի օր հարցրեց ամուսնուն,-ասեմ, որ նա ահավոր հոգնեցրել է ինձ:
-Այս շաբաթ հաստատ դեռ այստեղ է: Գիտես, քեզ չեմ հասկանում: Ախր ոչնչով չի անհանգստացնում քեզ:
-Չէ, չի անգանգստացնում: Ավելի շատ կհավանեի նրան, եթե անհանգստացներ, եթե ուրիշների նման լիներ: Այդ դեպքում ամեն ինչ կանեի, որ իրեն մեզ մոտ հարմարավետ զգար:
Գատոնը ձեռքերի մեջ առավ կնոջ գեղեցիկ դեմքն ու մեղմ ժպիտով նայեց նրա անհանգիստ աչքերին:
Ամուսինները շատախոսելով հագնվում էին տիկին Բարոդայի զգեստասենյակում:
-Դու ուղղակի անկանխատեսելի ես, սիրունիկս: Նույնիսկ ես դժվարանում պատկերացնել, թե ոնց կպահես քեզ այս կամ այն իրավիճակում,-ասաց ամուսինը՝ համբուրելով կնոջն ու շրջվեց դեպի հայելին՝ փողկապը կապելու:
-Խեղճի մտքի ծայրով էլ չի անցնի, թե որքան լուրջ ես ընդունում նրան ու շուրջն իրարանցում ստեղծում,-շարունակեց ամուսինը:
-Իրարանցո՞ւմ,-զայրացած ասաց կինը,-Հիամարությու՛ն: Ո՞նց կարող ես նման բան ասել: Ի՞նչ իրարանցում: Դու էլ ասում էիր, թե խելացի է:
-Այդպես էլ կա, ուղղակի խեղճ տղան հոգնել է շատ աշխատելուց: Դրա համար էլ առաջարկեցի, որ մեզ մոտ գա ու մի քիչ հանգստանա:
-Ասում էիր՝ իբր լավ գաղափարի տեր մարդ է,-հակաճառեց տիկին Բարոդան,-ես էլ հետաքրքիր մարդ էի պատկերացնում: Առավոտյան քաղաք եմ գնալու: Պետք է գարնանային զգեստներս փորձեմ: Թույլ տուր իմանամ, երբ է գնալու Գուվերնեյլը: Ես մորաքույր Օկտավիի տանը կլինեմ:
Այդ գիշեր տիկին Բարոդան միայնակ նստեց կաղնու ծառի տակ՝ նստարանին: Երբեք մտքերն ու մտադրություններն այդքան չէին շփոթեցրել իրեն: Առավտյան տանից հեռանալու անհրաժեշտությունից բացի, ոչնչի մասին չէր կարողանում մտածել: Հանկարծ ավազը ճռճռացնող ոտնաձայներ լսեց: Մթության մեջ այրվող ծխախոտի կարմիր կետը միայն նշմարեց: Հասկացավ, որ Գուվերնեյլն է, չէ որ ամուսինը չէր ծխում: Փորձեց աննկատ մնալ, բայց սպիտակ զգեստը մատնեց նրան: Գուվերնեյլը մի կողմ նետեց ծխախոտն ու նստեց նստարանին՝ տիկին Բարոդայի կողքին: Չէր էլ կասկածում, որ տիկնոջը կարող է դուր չգալ իր ներկայությունը:
-Ձեր ամուսինն ասաց, որ սա ձեզ փոխանցեմ, տիկին Բարոդա,-ասաց նա՝ մեկնելով նրբահյուս սպիտակ շարֆը, որով տիկին Բարոդան երբեմն ծածկում էր գլուխն ու ուսերը: Նա վերցրեց շարֆը, շշնջալով շնորհակալություն հայտնեց ու այն գոգին գցեց:
Գուվերնեյլը մի երկու բան ասաց տարվա այդ եղանակին գիշերային օդի աղետալի ազդեցության մասին: Հետո, երբ հայացքը մութ երկնքին ուղղեց, ինքն իրեն շշնջաց,-հարավային քամիների գիշեր, աստղազարդ գիշեր: Հանդարտ գիշեր:
Տիկին Բարոդան չպատասխանեց գիշերվա մասին նրա արտաբերած կոչերին, որոնք անշուշտ ուղղված չէին իրեն:
Գուվերնեյլն ամենևին ամաչկոտ ու քաշվող մարդ չէր: Նրա ինքնամփոփությունը պայմանավորված էր տրամադրությամբ, այլ ոչ թե բնավորությամբ: Տիկին Բարոդայի կողքին նրա լռությունն աստիճանաբար անհետացավ:
Ցածր ձայնով, ազատ ու մտերմիկ խոսում էր նրա հետ, ինչն այնքա՜ն դուր էր գալիս տիկին Բարոդային: Խոսում էր քոլեջում իր ու Գաստոնի անցկացրած մտերմիկ տարիների, եռանդուն ու կույր ձգտումների, մտադրությունների մասին: Այս ամենինց հիմա մնացել էր իրերի ընթացքի նկատմամբ փիլիսոփայական ըմբռնումը, գոյատևելու ցանկությունն ու պարզ կյանքը վայելելու շունչը, որն այս պահին զգում էր:
Տիկին Բարոդան շատ աղոտ լսեց, թե ինչ է ասում: Մի պահ միայն ֆիզիկապես էր այդտեղ ներկա: Չէր մտածում Գուվերնեյլի ասածների մասին, փոխարենը արբենում էր նրա ձայնով: Ուզում էր մթության մեջ ձեռքը պարզել ու զգայուն մատներով շոշափել նրա դեմքն ու շուրթերը: Ուզում էր մոտենալ ու մի բան շշնջալ ականջին, կարևոր էլ չէ, թե ինչ: Այդպես էլ կաներ, եթե պարկեշտ կին չլիներ:
Որքան մեծանում էր նրան մոտենալու ցանկությունը, այնքան ավելի էր հեռանում: Կոպիտ չերևալու համար, կանգնեց տեղից ու հեռացավ՝ նրան մենակ թողնելով այդտեղ:
Մինչ կհասներ տուն, Գուվերնեյլը նոր ծխախոտ վառեց ու շարունակեց գիշերային մտորումները:
Այդ գիշեր տիկին Բարոդան ամուսնուն, ով նաև իր լավ ընկերն էր, իրեն համակած խենթության մասին պատմելու անդիմադրելի ցանկություն ուներ: Բայց նա չտրվեց գայթակղությանը: Պարկեշտ կին լինելուց բացի նաև խելացի էր ու շատ լավ հասկանում էր, որ կյանքում պայքարի տեսակներ կան, որ յուրաքանչյուր մարդ պետք է միայնակ հաղթահարի:
Առավոտյան, երբ Գաստոնն արթնացավ, կինն արդեն քաղաք տանող առավոտյան առաջին գնացքով մեկնել էր: Նա վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Գուվերնեյլն արդեն հեռացել էր:
Հաջորդ ամառ Գուվերնեյլին նորից իրենց տուն հրավիրելու խոսակցություններ կային: Գաստոնն իհարկե շատ էր ուզում, որ վերադառնա, բայց այդ ցանկությունը կնոջ խիստ դիմադրությանն արժանացավ:
Սակայն, տարին դեռ չէր ավարտվել, երբ տիկին Բարոդան իր կողմից առաջարկեց, որպեսզի Գուվերնեյլը նորից այցելի իրենց: Ամուսինը զարմացավ ու հրճվեց նրա առաջարկությունից:
-Ուրախ եմ, սիրելիս, որ վերջապես հաղթահարեցիր նրա նկատմամբ հակակրանքդ: Նա իսկապես արժանի չէր դրան:
-Օ՜, ես ամեն ինչ հաղթահարել եմ: Կտեսնես, այս անգամ չափազանց սիրալիր կլինեմ նրա նկատմամբ,-հրճվագին ասաց տիկին Բարոդան՝ երկար ու քնքուշ համբույր նվիրելով ամուսնուն:

Թարգմանությունը անգլերենից Լիլիթ Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *