Ժակ Դերիդա | Փոստային բացիկի մասին. Սոկրատից Ֆրեյդ և ոչ միայն

Ժակ ԴերիդաՀունիսի 4, 1977 թ.

Ես շարունակում էի մի կողմից մյուսը գնալ։ Այնուհետև դուրս եկա նամականիշներ գնելու ու վերադառնալիս, այս քարե աստիճաններով բարձրանալիս, ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչպե՞ս մենք կկարողանայինք սիրել միմյանց 1930 թվականին, Բեռլինում, երբ մեկ փոստային բացիկ գնելու համար,ինչպես ասում են, անհրաժեշտ էր մի բուրգ մարկ
Ի՞նչն է ինձ հրահրում անընդհատ գրել քեզ։ Նույնիսկ նախքան կկարողանայի հետ նայել միակ հասցեատերին տեսնելու համար, միակ, դու ինձ լսու՞մ ես, անանուն ու անտեսանելի, ով կրում է քո անունը և ունի քո դեմքը, նախքան ես կկարողանայի շրջվել հարց տալու համար, հրահանգ է տրված գրել քեզ յուրաքանչյուր վայրկյան, կապ չունի թե ինչ, սակայն գրել քեզ, և ես սիրում եմ ու դրա շնորհիվ հասկանում եմ, որ սիրում եմ։
Ո՛չ, ոչ միայն դրա շնորհիվ, նաև
Ձայնդ դեռ հնչում է (փողոցում ապակեպատ փոքր կարմիր հեռախոսախցիկ, տեղադրված ծառի տակ, մի հարբեցող ամբողջ ժամանակ նայում էր ինձ և ուզում ինձ հետ խոսել, նա շրջում էր ապակյա վանդակի շուրջ, կանգ էր առնում մերթընդմերթ, մի փոքր սարսափած, բայց հանդիսավոր տոնով, կարծես դատավճիռ կարդալու համար) ձայնդ ավելի մոտ քան երբևէ։ Հեռախոսի ձեռքբերումը (երբեք չկորցնել դրա կողմից ընձեռնվող հնարավորությունը) մեզ ավելի լավ է հասցնում ձայնը երեկոյան, հատկապես գիշերվա ընթացքում, երբ նա մենակ է, ու հեռախոսի ապարատը մեզ կտրում է ամեն ինչից՝ կարծես փակելով մեր աչքերը (չգիտեմ արդյոք ասել եմ քեզ երբևէ , որ հաճախ քեզ հետ խոսելիս փակում եմ աչքերս), երբ հեռախոսակապը լավն է, և ձայնը վերգտնում է որոշակի «ֆիլտրված» մաքրություն (մի փոքր այդ միջավայրում եմ ես պատկերացնում ուրվականների վերադարձը, նրբազնին ու վսեմ ընտրության արդյունքում կամ շնորհիվ, իսկ դա կարևոր է մակաբույծների միջև, քանի որ նույն պարազիտները շատ են, ինքդ էլ լավ գիտես, և ուրվականները նույնիսկ չնչին հնարավորություն չունեն, այդուհանդերձ երբ արտաբերում ես «ե՛կ», միշտ ուրվականներն են հայտնվում։ Մի օր փոքր գործ անելիս նկատեցի, որ « մակաբույծ» բառը կանոնավոր կերպով հայտնվում էր իմ առջև, անհաշվելի անգամներ, երկար տարիներ ի վեր, մի «գլխից» մյուս «գլուխ»։ Արդ մակաբույծները նույնպես կարող են միմյանց սիրել։ Մենք
և այդ ժամանակ հասցեագրում ես ինձ այս ձայնը առանց որևէ հաղորդագրության, ինչն ինձ համար այդքան էլ էական չէ, ու ըմպում եմ ձայները ու խորտակվում դրանց հատակում։ Ես յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի եմ կենտրոնանում դրա շուրջը…Այնուամենայնիվ, մինչ խոսում էի քեզ հետ այս ցնորամիտ մերձավորության զգացողությամբ (բայց բաժանված, ու նույնիսկ բաժանումն էր լավը), աչքս հառել էի անգլիացի հարբեցողին, հայացքս նրանից չէի կտրում ( նա ինչ-որ համազգեստ էր կրում), մենք միմյանց էինք նայում, կներես, մի այնպիսի ուշադրությամբ, որ իմ անսահման մտացրությունը դրան չխանգարեց։ Ես համոզված էի, որ նա նման էր (ինչպես ինձ միշտ է թվում, այդպես չէ՞), բայց անհնար է իմանալ թե ում, հատկապես հիմա։ Ների՛ր ինձ ևս մեկ անգամ (ես կկարողանայի ամբողջ կյանքս անցկացնել քեզանից ներողություն հայցելով), չէի մտածել ժամային տարբերության մասին
Բայց ես քեզ կգրեմ վաղը, ես միշտ խոսում եմ այդ մասին ներկա ժամանակով։

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էմիլ Մարկի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *