Հուշանգ Գոլիշիրի | Թութակի նման կանաչ, ագռավի նման սև

Ամեն անգամ, երբ Հասան աղային տեսնում ենք, հարցնում ենք.
– Հըն, ո՞նց եղավ, ստացվե՞ց:
Ասում է.
– Չէ՛, չեղավ. նորից կռկռաց:
– Ախր, ա՛յ մարդ, հո պարտավոր չի:
– Ես ընդամենը մի թութակ եմ ուզում, որ հետը խոսեմ, սիրտս բացեմ: Բայց Հոսեյն աղայի էս թութակները… դրանք միայն կռկռում են. կը՛ռ, հա կը՛ռ:
Մարդ ափսոսում էլ է՝ մի բառ ասի… ափսոս էդ խեղճ ու կրակ Հասան աղան:
Այդ ժամանակ նորից Հոսեյն աղայի մոտ է գնում, մի նոր թութակ առնում: Մի քանի շաբաթ, գուցե անգամ մեկ-երկու ամիս, տարի հետքը չի երևում: Ապա միանգամից գալիս է, աչքերը՝ կարմիր-կարմիր՝ արյան գետ, մորուքն էլ՝ անսափրել: Ծալապատիկ նստում է, գլխարկը հանում, դնում է ծնկներին ու բռունցքով գետնին խփելով՝ ասում է.
– Էլի չեղավ:
Ասում ենք՝ էս անգամ է՞լ:
– Ինչ ասես, նրա համար չառա. հենց իմ ձեռքերով նաբաթ շաքար տվեցի, օրը երկու-երեք ժամ խոսեցի հետը, հայելու մեջ իրեն ցույց տվեցի: Բայց չեղավ ու չեղավ:
– Չկռկռաց է՞լ:
– Ինչ է, կարծում եք՝ «բարև-բարլուս» ու Հասան աղա ասե՞ց, իմ ու ձեզ նման խոսե՞ց:
– Ախր էս անգամ ինչի՞ թույլ տվեցիր՝ խաբվես:
– Է՜, ինձ տեղը տեղին հավաքեցի, ստուգեցի թևերը, թաթերն ու կտուցը. ոչ մի թերություն: Հոսեյն աղան էլ երդվում է, թե թութակ է, ինքն է որ կա, պարսկերեն էլ խոսում է, բայց էս երկու-երեք օր կլինի՝ բերանը ջուր է առել: Եթե մեկը գա, երկար ժամանակ վատնի, լեզուն կբացվի:
Հետո աչքերում արտասուք է հայտնվում: Քանի դեռ չենք նայում, մուշտուկի մեջ թութուն է լցնում: Լուցկին ենք վառում, դեմը շաքարով թեյ դնում, դեսից-դենից խոսք գցում: Մեր չունևորությունից ենք խոսում կամ ասենք Մոհսեն աղայի տեսիլքից, որ հետզհետե մտածում է, թե հենց ինքը Մուհամմադ մարգարեն է երևացել, ձեռքը նրա ճակատին դրել ու հրամայել, որ հերիք է՝ նստի: Այնուհետև խոսքը Թուրքստան ու Արաբստան ենք տանում… բայց մի՞թե հնարավոր է: Հասան աղայի ուշքն ու միտքը տեղում չի: Եթե մեկն ասի ցորեն, մտքում ցորենի կանաչ գույնը կգա՝ թութակի կանաչ թևերը: Եթե անգամ ասենք անտառ ու լեռ, կհիշի վանդակը, թութակի վանդակը, որ վերջերս է եսիմ ումից ու եսիմ որտեղից գնել… ինքն էլ ախր չի ուզում խոստովանել, որ էլի ցրված է եղել, ամեն ինչ տեղը տեղին չի տնտղել: Թռչունի թութակ լինելը հո մենակ թևերով ու կտուցով չէ՞: Բայց ոչինչ չենք ասում: Շահում ենք Հասան աղայի սիրտը: Շիտակ ու մաքուր մարդ է, քինոտ է, բայց մոռացկոտ: Եթե էսօր ծեծեն, փողը ձեռից առնեն, վաղը կմոռանա: Ասում ենք՝ ախր, ա՛յ Հասան աղա, ո՞նց չես հիշում: Հենց երեկ չէ՞ր, որ բոլորի առաջ ամոթով մնացիր: Ասում է՝ ե՞րբ, որտե՞ղ:
– Մենք տեսանք: Բոլորս ենք տեսել, է՜:
– Ամեն մարդ ստանում է իր արածի պատասխանը:
Այն սև ու կանաչավուն, կռկռացող, կեռկտուց բանը տարել էր Հոսեյն աղայի մոտ, թե չի խոսում, ոչ մի բառ չի կարողանում ասել: Ասել էր՝ ա՛յ ժողովուրդ, ինքներդ էլ ականջ ու աչք ունեք. ախր սա թութակ է:
Ասում ենք.
– Ախր դու չէի՞ր կարողանում ասել, ա՛յ անաստված, գոնե նայի՛ր, թևերի տակը նայիր, ամենուր սև է: Ո՞վ է տեսել, որ թութակի թևը սև լինի:
– Երևի զայրացել էի, արյունը գլխիս էր խփել: Հոսեյն աղան հո ասաց, խեղճը բացատրեց էլ:
Հետո էլ հաստատ Հոսեյն աղայի մոտ կգնա, որ սիրտը հովացնի: Հաստատ թեյը դեռ չխմած՝ թութակի նման ինչ-որ բան կվերցնի ու տուն կբերի:
– Աստված սիրես, էս անգամ գոնե ուղեղդ տեղը պահիր,- ասում ենք մենք:
– Արդեն գլուխ եմ հանում. վարպետ եմ դարձել: Թևերն էլ, կտուցն էլ կնայեմ:
Կնայի, անշուշտ կնայի. նույնիսկ մի քանի անգամ: Անգամ ձեռքը թևերի տակ կտանի, յուրաքանչյուր փոքր փետուրի տակ կմտցնի, որ հանկարծ սև չլինի: Գինն էլ կարգին կգցի, որ երկրորդ անգամ սակարկելու կարիք չլինի: Ասում ենք.
– Չլինի՞ մի գող է գալիս, թութակիդ տանում, տեղը ագռավ դնում:
– Ո՞նց է հնարավոր. տան դուռը փակ է: Պատի վրայով էլ թե բարձրանաք, նրան չեք գտնի: Սենյակում է՝ իմ գլխավերևում: Հո չեն գա, կոտրեն սենյակի դուռը, ինձ էլ սպանեն… մեզ բոլորիս սպանեն:
Բռունցքն օդում թափահարելով, հայացքը՝ անհայտ գողին՝ բղավում է.
– Միայն իմ դիակի վրայով,- ապա դանդաղ շարունակում,- կինս համ էնքան լավ է քնում, բայց միշտ էլ ասում է, թե դա չի թողնում՝ քնեմ:
– Ախր հիմա ինչո՞ւ:
– Տո ես էլ չեմ հասկանում: Կինս ասում է՝ գուցե մի ագռավ է բռնել, թևերը կանաչ-կանաչ ներկել:
Ասում ենք.
– Բա կտո՞ւցը: Ագռավի կտուցն էլ հո ծուռ չի:
– Ես էլ եմ հենց էդ ասում: Բայց կինս ասում է, թե գուցե էդ փակբերանը կտուցը բռնել-դրել է մի վառարանի կամ կրակի բոցի վրա, հենց տաքացել է, ծռել է:
– Ի՞նչ, այսինքն՝ Հոսեյն աղան ագռավի կտուց է՞ ծռում. էն էլ վառարանի բոցով,- ասում ենք մենք:
– Լա՛վ, դուք ասեք, մի՞թե հնարավոր է: Հոսեյն աղան այդքան էլ վատը չէ. բարի սիրտ ունի: Հերն անիծած ագռավը հո էդպիսի մեղք չէ՞ր գործի:
– Լա՛վ, ասենք մի անգամ էդպես անի, երկու անգամ, բայց ախր ո՞նց է հնարավոր: Հոսեյն աղան այնքան թութակ ունի, որ էլ ասելու չի: Ինչպե՞ս է հնարավոր տաքացած կտուցն այնպես ծռել ու թեքել, որ ճիշտ թութակի կտուցի նման լինի:
– Ես էլ եմ միշտ էդպես ասում: Հոսեյն աղայից էլ եմ հարցրել: Ասում է՝ եթե էդպես է, ինչո՞ւ ինքներդ չեք անում, ինչո՞ւ եք մոտս գալիս: Լիքը ագռավ էլ հո կա. մեկին բռնեք, թևը ներկեք, կտուցն էլ ձեր վառարանի տակ առեք… ասում եմ՝ ախր ո՞նց է հնարավոր էդ տեսակ բան անել. այն էլ մի կենդանու խաթր: Ասում է՝ էդ քեզ ասա:
Հոգոց է հանում: Ծխախոտի մնացուկը գետնին է գցում, ոտքով տրորում: Գլխարկը վերցնում է ծնկների վրայից, մեկ-երկու անգամ մատներն իրար շփում, թե իբր պետք է գնամ: Ասում ենք.
– Հիմա՞ ուր: Նստած էինք…
– Պիտի գնամ, Հոսեյն աղայի հետ խոսեմ, խնդիրը լուծեմ: Մարդ մի կենդանու խաթր իր հարևանների հետ չի թշնամանա:
– Էս անգամ ուշադիր եղիր, աչքերդ լավ բաց արա:
Քմծիծաղ է տալիս, թե գյուտ արեցիք:
Հետո էլ ավելացնում ենք.
– Ի՛նքդ ընտրիր, մի՛ թող՝ ինքը տա:
– Հանգիստ եղեք. արդեն վարպետացել եմ: Եթե անգամ որևէ մեկը խորհուրդ տա, թևերը կնայեմ, հատ առ հատ, եթե մի փետուրն անգամ կանաչ-կանաչ չեղավ, գլխի կընկնեմ, որ ագռավ է: Կտուցն ի՞նչ: Դուք էլ գիտեք, որ թութակների կտուցը ծուռ է, մի տեսակ հաճելիորեն ծուռ է, որ մարդ հեռվից նայի, կհասկանա՝ թութակ է:
– Հասա՛ն աղա, Աստված քեզ հետ…
Գլխարկը գլխին է դնում, ձեռքը թափահարում է (ուրեմն, հանգիստ եղեք կամ վստահեք ինձ): Ասում ենք.
– Գոնե էս անգամ միսն էլ բացիր:
Կանգ է առնում, ուշադիր մեզ նայում այն հայացքով, որով Հոսեյն աղան է հաստատ նրան նայում: Հետո վերջապես խոսում է.
– Հիմա՞ ինչու: Եկա ու ասաց «Հոսեյն աղա», կամ հիմա՝ մայրամուտի մոտ, ասաց «բարի լույս», կամ էլ պատահաբա՞ր ինձ ասաց «մա՛մ, մա՛մ»:
-Լա՛վ, բայց ի՞նչ թերություն ունի:
– Իհարկե ունի: Ես մի թութակ կառնեմ, որ ամեն առավոտ ասի «բարի լույս, Հասա՛ն աղա»:
Լա՛վ, ի՞նչ կարելի է անել: Այստեղ Հասան աղան իրավացի է: Մարդ թութակ է առնում, որ իր սիրտը հովացնի, հետը խոսի, բարի լույս, բարի կեսօր ու բարի գիշեր ասի, ոչ թե մայրիկին Հոսեյն աղայից, Հասան աղայից կամ Սեյեդ Մոհսեն Ռազավիից չտարբերի: Հիմա թե աշխարհի ամենալավ թութակը չեղավ, չեղավ:

 

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *