Արտաշես Արամ | Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե Պատեր[1]»-ի կարծրությունն ու ծանրությունը

Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե Պատեր» վեպի խմբագիրը՝ Արփի Ոսկանյանը վեպի իր ««Խոստովանական ցուցմունք» որը չի հաջողվել կորզել» խորագիրը կրող վեպի հակիրճ առաջաբանում գրում է. «Ո՞րն է այս վեպի հրատապությունը: Արդյո՞ք Խորհրդային միության զավեշտների և սարսափների մասին գրելն այսօր, երբ այդ պետությունն արդեն վաղուց չկա, չի նմանվում կռվից հետո բռունցքները ճոճելուն: Գուցե և նմանվեր, եթե հաղթահարված լինեին տասնամյակների պրոպագանդայի, «ուղեղների լվացման» հետևանքները, անհրաժեշտ չլիներ պահպանել մտքի սթափությունը հետգաղութատիրական դարաշրջանում, երբ գաղութացման միջոցները առավել նուրբ ու աննկատ են թափանցում ազգային ինքնագիտակցման ոլորտ, որի խնդիրների շուրջ է հյուսվում վեպի հիմնական կոնֆլիկտը»:

Ախտորոշելու չափ ստույգ, ամբողջական և ընդգրկուն դիտարկում… Տպավորի՛չ է…

Առերևույթ ապահովագրված էինք արտաքին վտանգներից, և կարծես թե առանձնապես մտահոգվելու կարիք չկար: Խաղաղություն, անդորր էր տիրում հանրապետության սահմանների վրա: Այսօրվա «հայատյաց» «սաֆարովատիպ» ադրբեջանցին վախվորած, սսկվել, լռում էր, լռությունը տեղ-տեղ համեմելով իրեն բնորոշ չքմեղ, ծորուն ժպիտներով և ըստ պատշաճի «քիրվայություն» էր խաղում: Առիթից-առիթ, հոբելյանից-հոբելյան, նշանակալից տարեդարձներին, գրողի, մշակութային գործչի քղամիդ հագած ինչ-որչ կասկածելի կերպարներ էին հայտնվում երևանյան սրահների ամբիոնների մոտ և Կորուսյալ Արարատի դարդից «տապակվելով», հարկ էին համարում ճամարտակել, որ Արարատը պատկանում է հայերին և այն շտապ պետք է վերադարձնել իր օրինական Տիրոջը, վերականգնելով պատմական ճշմարտությունը…

Այն, ինչի մասին վկայում եմ, նորերի համար կարող է աբսուրդի ժանրից հորինվածք, հեքիաթ թվալ: Բայց հո իմ սերնդի մարդկանց հիշողության մեջ նման դրվագները թարմ են ու անջնջելի…

Առերևույթ թվում էր, թե հացի խնդիր էլ չկար, բայց դա զուտ պատրանք էր, խորհրդային քարոզչության մոգոնածը: Եվ եթե չկար, ապա կուսակցական վերնախավի, պետական կարևոր պաշտոններ ստանձնած մի քանի առանձնաշնորհյալ «թարխանների», մի խումբ «ընդհատակյա» գործարարների և գաղտնի գործակալների համար: Իսկ սովորական քաղաքացին (հայը) ճկռում էր ամենօրյա հոգսերի տակ և գոյատևելու իր հին-վաղնջական կռիվն էր մղում:

Եվ արդարացումը դարձյալ նույնն էր, վիթխարածավալ երկրի մաս ենք կազմում, Թուրքիան «խոհեմաբար» լռում և չէր հանդգնում բարձրաձայնել, հոխորտալ իր պանթուրքական նկրտումների մասին: Իհարկե, խորհրդային «քաղբյուրո»յականները նման «խոհեմությունը» գնահատում էին ըստ արժանվույն: Անկարա կամ Ստամբուլ մեկնելիս, չէին մոռանում և իրենց հոգու պարտքն էին համարում, անպայման այցելել և պսակներ դնել Աթաթուրքի և երիտթուրքական մյուս դահիճների գյոռերին:

Մենք ապրում էինք լենինյան հեղաշրջմամբ, ահաբեկումներով, զտումներով, եղբայրասպան պատերազմներով հաստատված, հիմնարկված և ստալինյան «տրոյկա»ներով, խորհրդային «երկրի թշնամիներին մերկացնող» կոլեկտիվ ժողովներով, թամաշաներով, արյունալի հաշվեհարդարներով՝ պսակված, դրան հաջորդած ձնհալը, հալոցը (оттепель), ջրհեղեղի, ցունամի-տորնադոյի հետ շփոթած (երբ գեղարվեստի ցուցահանդեսներ էին «փակվում» բուլդոզերների միջամտությամբ) երկրում: Իհարկե ինձ, իմ սերնդի «բախտը բերեց» և մենք հայտնվեցինք, հանգրվանեցինք, մեր «ոսկե» պատանեկությունը վատնելով, գոյատևեցինք բրեժնևյան գոլ ու մգլահոտ ծանծաղուտներում, որտեղ դրության տերը դարձյալ կոմկուսի՝ «հնաբնակները», կոմերիտական ակտիվիստներն ու KГБ-ի գաղտնի գործակալներն էին…

Հենց այդ ժամանակաշրջանին է անդրադարձել Վահրամ Մարտիրոսյանը իր «Բամբակե Պատեր» վեպով: Վեպ, որ ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ և դրան նպաստում են հեղինակի (Պատմողի) ազնվությունը, շիտակությունը, ժամանակաշրջանի (նյութի) խորը իմացությունն ու վերջապես՝ գրական վարպետությունը, շնորհը…

Ապրում էինք և զգում, որ մեր կերած հացին որոմ, կեղծիք, պաշտոնամոլություն, երեսպաշտություն ու շահամոլություն է խառնված, որ մեր կերած հացը դառն է, որ այդ «հացը» դյուրությամբ չի մարսվում: Եվ մենք մեր բոհեմական կյանքի միջանցքներում նեղսրտած, մի քիչ ընդվզելով ու խրոխտանալով, բայց, ի վերջո, համակերպվում ու ձևացնում էին, թե հա՛ց է, ուտո՛ւմ ենք, ինչ է պատահել, և դժկամությամբ կուլ էինք տալիս մեր պատառ հացը. «Ախ ի՞նչ եք, է, ուզում մեզանից, թողեք ապրենք, էլի, – հանկարծ խղճալի… կարկուտից բողոքող գյուղացու պես խոսեց Զորիկը… – Դրանք ապրելու ուրիշ ձև չգիտեն, Զոր: Անունը ՍՍՀՄ դնեն, թե Ռուսական կայսրություն… Բ.Պ. էջ 70:

Բայց ինչպես ասում են, շտապելու, առաջ ընկնելու կարիք չկա: Ամեն ինչ իր ժամանակին:

Լիբանանից, Բեյրութից – բոթը կրնկի վրա հասնում է Խորհրդային Հայաստան, Երևան և բնականաբար առաջին արձագանքողը պիտի ուսանողությունը լիներ. Երևանի Պետական համալսարանը, և բոլոր ընդվզումների կազմակերպիչը, ոգեշնչողն ու համակարգողը՝ բանասիրական ֆակուլտետը. ամեն ինչում էքստրաօրդինար (գերյուրօրինակ) Իր Վիգեն Նահատակյանով:

Նույն այդ ժամանակում Մուշեղ Գալշոյանը պահանջագիր-նամակ է հասցեագրում Հայաստանի կոմկուսի Առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին. «Լիբանանում իմ եղբայրն է մորթվում, հորս առաջնեկը,- գուցե եղեռնից փրկված հորեղբայրս, հորաքույրս… և ես ուզում եմ նրանց կողքին լինել: Եվ լինել ոչ թե նրա՛նց փրկելու համար… այլ ի՛մ պատիվը պաշտպանելու, ոչ թե՝ նրա՛նց, այլ ի՛մ արժանապատվությունը, այդ անճարների շուրթերին թրթռացող Մայր հայրենիքի հեղինակությունը… Նրանք բեյրութահայերը… սփյուռքահայերը արմատախիլ եղած, քամու բերանն ընկած ծառ, նրանց հույսի, փրկության և հարատևության երաշխիքներ են պետք: Իհարկե, ես իրավունք չունեմ պահանջելու, որ խորհրդային կառավարությունը զորք մտցնի Բեյրութ, պաշտպանելու… չար բախտի կամոք օտար ափերում հայտնված հատվածի (հայության) ոտնահարվող իրավունքներն ու ֆիզիկական անվտանգությունը, բայց անարգվող ու կոտորվող իմ եղբայրների կողքին կանգնելու իրավունքը իմն է: Բեյրութը սահմանից այն կողմ է, թե աշխարհի ծայրին, միևնույն է, այնտեղ իմ եղբորն են մորթում, և ինձ իմ արյունն ու արժանապատվությունը պաշտպանելու իրավունքից զրկելը անմարդկային կլինի: Չեմ կարծում, թե ես միակն եմ այս ցանկությամբ և արդար պահանջով»:

Եվ Մուշեղ Գալշոյանը ինչպես միշտ չէր սխալվում: Հենց այդ օրերին (գուցե նույն օրը և նույն ժամին) Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում (ուսանողության պահանջով) ժողով-քննարկում է հրավիրվում: «Կոմսո-մոլները» վստահ էին, որ ուսանողներին հոգեբանորեն ճնելով, հավաքը կտանեն իրենց նախընտրած «Մարքս-լենինյան» ուղիով: Ամեն ինչ կլինի «չափի» մեջ և «չափավոր» հերթապահ, ծամծմված ելույթներ, «բոցաշունչ» ճառեր, հոկտեմբերը փառաբանող կարգախոսներ… «Սկզբնախաղը» այդպես էլ ընթանում է, բայց… «27 հազարանոց դահլիճը ճնշող էր, – սարկաստիկ հնարներով, «տեղանք»ն է նկարագրում, «Բամբակե պատեր»-ի գլխավր կերպարը, Վիգեն Նահատակյանը – մուգ շագանակագույն նստարանների կարմիր թավիշի, նույն նյութից վարագույրների պատճառով», էջ 27:

Իսկ դահլիճում ընթանում էր «բթացման» «ընթացակարգը», Նույն՝ հոկտեմբերի «սրբադասման» հոգեմաշ արարողակարգը: Եվ անակնկալ, ինչպես ամպրոպը մաքուր երկնքում, հանկարծ սրահով մեկ հնչում ու արձագանքվում է Վիգեն Նահատակյանի ձայնը և ազդարարում անհնազանդության ակցիայի՝ արարի սկիզբը. «Էս ի՞նչ եք ասմունքի ժամ սարքել…»… Հոկտեմբերն ինչ կապ ունի… Բեյրութում հիմա, էս վայրկյանին մարդիկ են զոհվում, հայ մարդիկ, իսկ դուք էլի ձեր ժողովն եք անում»30-:

Ապա հաջորդում է երգը՝ «Ի բյուր ձայնից բնության շքեղ…», իբրև ընդվզումի՝ հիմն, որին արձագանքում է ողջ սրահը:

– «Դո՛ւրս գնացինք, – հայտարարեցի ես, – Մենք էստեղ գործ չունենք», էջ 31:

Համալսարանի ղեկավարությունը անակնկալի եկած, խուճապի է մատնվում, բայց արդեն ուշ է. «Բոլորը շարժվեցին դեպի դռները: Հրեղենը (գլխավոր կոմսո-մոլը) ռեկտորն ու կուսքարտուղարը՝ բացականչություններով, կոմսոմոլի ակտիվիստները՝ դռների դիմաց կանգնելով, փորձեցին արգելել, բայց իզուր» 31: Եվ Վիգենի վկայությամբ. «Կենտրոնական մասնաշենքի դիմաց, որը դատարկ էր սեպտեմբերի վերջից, հավաքվեց դահլիճի ամբողջ ժողովուրդը: Խմբերով և առանձին-առանձին կանգնած ինձ էին նայում սպասողական: Մի քանի տղա, կարծեմ ֆիզիկայի ֆակուլտետից, եկան-շարվեցին դիմացս. «Կողքի՛դ ե՛նք, եթե փորձեն կպնել: Դու ինչ պետք ա, արա»: 32

Մեր պատմության աղետավոր կեռմաններում որքան ենք այս. «Կողքի՛դ ենք…» արտահայտության պակասն ու կարիքը զգացել: Եթե սույն արտահայտությունը հնչեցնողները բազումք լինեին, մեր տարածքային հոգեբանական և այլ կորուստներն էլ անշուշտ, անհամեմատ սակավ էին լինելու…

«Բեյրութում հարձակվել են հայկական խաղաղ համայնքի վրա, – դասընկերներին և այլոց դիմելով. իր «չնախատեսված» ելույթն է սկսում Վիգեն Նահատակյանը: – Եթե Մենք պետություն ունենք, ժամանակն է դա ապացուցելու: – ու մեկ էլ կատաղեցի: – Երկու կիլո անալգին ենք ուզում ուղարկել Բեյրութ – պրծնե՞նք, գոռացի՝ ձեռքս մեկնելով դեպի ռեկտորատը, – զենք է պետք ուղարկել, որ մերոնք էնտեղ պաշտպանվեն»32:

Հավաքվածների մեջ իհարկե Պետանվտանգության զգոն-աչալուրջ, գաղտնի գործակալներ էլ կային, ովքեր ուշի-ուշով լսում և տեղը-տեղին, բառ-բառ գրանցում էին խենթ ու խիզախ պատանու ասածները. «Եթե մենք պետություն ունենք…» ի՞նչ է, էս կապը կտրած խևը իր գլխից ձե՞ռ է քաշել, որ կասկածի տակ է դնում Խորհրդային Միության գոյության փաստն անգամ»:

Բայց փաստ էր նաև կատարվածը. կոմսոմոլի նախանշած քննարկում-ժողովը տապալվել էր: Ուսանողությունն անկեղծորեն վրդովված ու մտահոգ էր հեռավոր Լիբանանում պատուհասված Մեր ազգակիցների համար…

Եվ Վահրամ Մարտիրոսյանը հյուսում է իր «Բամբակե պատեր»ի, տեղ-տեղ թեթև հումորով ու ժպիտով, տեղ-տեղ անողոք երգիծանքով և սարկազմով շաղախված պատումները: Եվ պատումների ենթաշերտերում հնարավոր չէ չնշմարել ցավի և ափսոսանքի, բարկության և դառնության այն առկայծումները, որոնք վեպին առանձնակի մի գրավչություն են հաղորդում:

Մտովի անցնում եմ Վահրամ Մարտիրոսյանի «քարտեզագրած» վայրերով և հանկարծ ինձ  «բռնացնում եմ», որ կարոտում եմ էն «կարծր ու ծանր» ժամանակներին, բայց անմիջապես սթափվում և հասկանում եմ, որ կարոտիս հասցեն այլ է: Որ ես կարոտում եմ իմ պատանեկությունը, պատանեկան առաջին հրապուրանքներին, Առաջին մաքրամաքուր և անկրկնելի սիրուն՝ Չքնաղ Գայանեին, էն նրբագեղ, սակավախոս, զուսպ, խոհուն, վեհերոտ ու շիկնոտ հրեշտակին, ով իր ողջ մաքրությամբ, հուռութներով, օրերից մի օր, մի պահ հրաշքի պես ցոլաց իմ էն հեռու պատանության հովիտներում և անսպասելի տեսիլքի պես չքացավ:

Նույն «նոստալգիկ» նուրբ առկայծումներն են նշմարվում նաև Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպում. «Օֆելյան մի քանի հոգու էր գտել իրենց ֆակուլտետից, որոնք պատրաստ էին մասնակցել «Գետնից բարձր» գործողությանը… Խոստովանեցի, որ ինձ ներկայացրել են հեռացման, դասընկերներս ելույթ են ունեցել իմ դեմ… Ես համբույրի արժանացա հենց փողոցի մեջտեղում, շրթունքներիս՝ տես, Սովետը քեզ լուրջ հակառակորդ է համարում: Ես համոզված չէի, բայց չառարկեցի Օֆելյային. ջանս կրակ ընկավ, ուզում էի էլի համբուրվենք…»120:

Եվ այդ լարումների, Պետանվտանգության լարած որոգայթների ցնորական որսացանցում, զարմանալիորեն ձգող, հարազատ ու ցանկալի էր մնում Երևանը իր «4-րդ խանութով», «Պապլավոկով», «Դերասանականով» ու »Սկվազնիակով» բոհեմական «շռնդալից» կյանքով, իր մեկը մյուսից խենթ «Տրուբադուրներով»:

Եվ պատկերացնո՞ւմ եք, լրջորեն, ամբողջ հոգով սիրահարվում էինք, սիրած էակին կորցնելով, տառապում, բաժանման ցավի ու կորստի երգեր էինք գրում, ամենակարևորը՝ թաքուն ու բացահայտ երազում էինք ժողվրդավար, ազատ-ինքնիշխան պետություն ունենալու մասին, և այդ ամենը. «ՍՄԿԿ XXV համագումարի «պատմական» որոշումների լույսի ներքո».100:

Անշուշտ, լուսավոր հենման կետեր էլ կային, և դրանցից մեկը «Գարուն» ամսագիրն էր, որի խմբագրատանը մենք բանաստեղծական շարքեր ներկայացնելու պատրվակով, հավաքվում, զրուցում, մի քանի վայրկյանով ինքներս մեզ «Ազատ ու Անկախ» էինք զգում և կարծես թե շնչում էինք լիաթոք: Բայց կենսազգացողության առումով զգում էինք, որ մեր «էգո»-ն, ես-ը երկատված է, որ Մենք տարուբերվում ենք իրարամերժ իրականությունների միջև, և դա ապրելը շատ դժվարացնում էր:

Ամենուր КГБ-ի թաքուն ու բացահայտ ստվերը կար, բայց մենք երիտասարդ էինք, տոկուն, եռանդով լի և մեր մաշկի վրա զգալով «Բամբակե Պատեր»-ի կարծրությունն ու ծանրությունը, թեթևորեն էինք կրում այդ բեռը:

Ի վերջո դա լենինյան և ստալինյան «փառապանծ» գաղափարներին ց.կյանս և հոտնկայս երդում տված կոմսօրգների և պարտկոմների ժամանակն էր…

եվ Հայոց լեզվի շուրջը օղակը գնալով ավելի ու ավելի էր սեղմվում: Շագրենի կաշվի պես օրեցօր նվազում էր նաև Հայերենի համար նախասահմանված կենսատարածքը: Բայց զարմանալիորեն չէր խամրում Ինքնիշխա՛ն Հայրենիք ունենալու Տեսիլքը:

Բայց քանզի «Союз нерушимый»-ն մեր ապրած և ապրելիի ժամանակի մեջ անխախտ, անխոցելի էր թվում, մենք մեր այդ Տեսիլքը փորձում էինք համադրել մեր զավակների, թոռների և ծոռների ապրած և ապրելիք ժամանակների հետ:

Վահրամ Մարտիրոսյանը չի փորձում իր «Բամբակե Պատեր» վեպին անսովոր, առասպելական փայլ ու շուք հաղորդել, քանզի իր ապրած, հետահայաց պատկերվող ժամանակը իր տարածական շերտերի, հոգեբանական ծալքերի մեջ ինքնին անսովոր էր ու հետաքրքրական: Եվ գրողական իր պարտքն է համարում պահպանել Վերհուշի հավաստիությունն ու վավերականությունը: Եվ հավելումը կատարվում է զգուշավոր նրբագեղությամբ, իրողության և հորինվածքի համամասնական ճշգրիտ համադրմամբ, որպեսզի «վերակերտվող» նյութը չկորցնի իր նախնականության հմայքն ու խորհրդավորությունը: Եվ «վերակերտված» Ամբողջի ինտեգրալային արտացոլանքը ապշեցնում է: Ներկայացվող նյութը (իրականությունը) «պեղված» է մինչև ամենավերջին բջիջն ու հյուլեն: Վեպը արժեքավոր է ոչ միայն իբրև գրական նշանակալի փաստ, այլև՝ մեր երկրի, մեր ժողովրդի համար մի շատ կարևոր ժամանակահատվածի խորը և ընդգրկուն ժամանակագրություն:

Խորհրդային Կացութաձևի, էթիկայի պահապանները սոսկում-ահաբեկվում էին այն ամենից, ինչը էքստրաօրդինար էր, լինի անսովոր գեղարվեստական գործի մտահղացում, շենքի, շինության նախագիծ, թե ազգային հագուստ, տարազ: Առավել ևս՝ մի տարազ, որը ժամանակին կրել են մեր նախնիները:

Եվ «Բամբակե պատեր»-ի գլխավոր կերպարը Վիգեն Նահատակյանը հայտնվում է ոչ՝ ավել, ոչ՝ պակաս Երևանի Պետհամալսարանի ամֆիթատրոն հիշեցնող լսարանում, Տիգրանակերտում պեղումների ժամանակ գտնված ժիլետը հագին և բարձրանում, նստում է ամենաերևացող նստարաններից մեկին: Սույն փաստը հիմա, այս նո՛ր ժամանակներում, այս օրերին կարող է զվարճալի թվալ…

Բայց այն օրերին նշանակում էր քայլել անդունդի եզրով, մտքում մշտապես ունենալով անդունդում հայտնվելու հավանականությունը, շրջանցել ընդունված կանոնակարգը, էթիկայի նորմերը, հոսանքին հակառակ շարժվել և թքած ունենալ կոմսո-մոլի «բստրած» պայմանականությունների և անհեթեթ տաբունների վրա… Ընդօրինակելով սույն վեպի կերպարներից մեկին, ուզում ես Վիգենին հարցնել՝ «Քեզ ուրդո՞ւց էդ դուխը»:

Վեպի գլխավոր կերպարը՝ բանաստեղծ է, ավելի՝ ստույգ, իր գլխից ձեռ քաշած երդվյալ մի խենթ, որին հնազանեցնելու, «խելքի բերելու» գործը ստանձնել է ինքը՝ «Նորին գերազանցություն» Պետանվտանգությունը: Բայց ամենահսկիչ պետական ապարատի ներդրած բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում, խորամանկությամբ շրջահյուսված բոլոր հոգեբանական ճնշումները արդյունք չեն տալիս: Ազատության ձգտող խենթը չի հանձնվում, սաստվում ու վերջ:

Եվ Պետանվտանգության գաղտնի գործակալների ճանկերից խուսանավելով, Վիգեն Նահատակյանը «Կոնդում» մի նոր սենյակ է վարձում: Եվ սույն «գաղտնի» սենյակում պատսպարված, պարզվում է, որ բնավ էլ ահաբեկված ու կոտրված չէ և… Վեոլեն է թարգմանում և թարգմանածը հասցնում է ռադիո…

Ես չեմ փորձի «բացահայտել» «Բամբակե պատեր» վեպի գրական կերպարների նախատիպերին, հայտնիները հայտնի են էն գլխից, իսկ պակաս նշանավորներին ընթերցողը ցանկության դեպքում կարող է ինքն իր համար բացահայտել»:

Ինձ համար կարևորը այն «հօյժ գաղտնագրված, ծածկագրված» իրականությունն է, որը «գաղտնազերծվել», «վերծանվել» է Վահրամ Մարտիրոսյանի ձեռամբ:

«Կագեբեի մասին նոր անեկդոտը լսե՞լ եք… Հայկական ռադիոյին հարցնում են՝ «Կոմունիզմի ժամանակ կագեբե ըլնելո՞ւ ա», ասում ա՝ «Չէ՛, էդ ժամանակ մարդիկ իրանք իրանց են բռնելու»»41:

Չգիտես ինչու, Խորհրդային կայսրության. «Մամլիչ» մեքենայի ամենատես աչքը մտասևեռված էր հատկապես մեր «էթնոգենեզի» (ազգային ծագումնաբանության) վրա: Զորօրինակ Սոսո Ջուղաշվիլին (Ստալինը) համառորեն փորձում էր ժխտել, (չնայած գիտական ճշտված, անհերքելի փաստերի), որ Ուրարտուն մեր՝ հայերիս նախահայրենիքն է… Հատկապես մեր ազգային դեմքը, դիմագիծը, մեր մտածողության յուրօրինակությունը, գոյաբանական մեր տեսակի առանձնահատկությունները քնից ու հանգստից զրկել էին և ազդում էին Կրեմլում «բազմած» սուսլովների պրկված ջղերի վրա…

Եվ տեղ է հասնում հերթական բոթը: Այն ժամանակվա լուս. մինիստր Վ.Պ.Ելյուտինի գաղտնի հրամանի լուսապատճենը, որը բանֆակի ուսանողների շրջանում ձեռքից-ձեռք է անցնում և խուճապ սփռում. «Министерство высшего и среднего специального образования СССР: ՍՍՀՄ լուսավորության մինիստրը «Հույժ գաղտնի» մակագրությամբ հրահանգում էր բուհերում մասնագիտական առարկաները հաջորդ կիսամյակից անցնել ռուսերեն: Ստորագրությունը Ելյուտին Վ.Պ.:

– Չէ՛, – ասի ես…

– Հա, – քմծիծաղեց Մանվելը:

– Վա՛յ, ես ձեր…, – ես մի կերպ զսպեցի ինձ, որ չշարունակեմ:

– Չհայհոյես՝ տանտիրուհիս կլսի: Բայց՝ արժեր…»66

«Բամբակե պատեր»-ի կարծրությունն ու ծանրությունը անժխտելի փաստ էր, և հարցն այն էր, թե ահագնացող ծանրության ուժին ով ինչ չափով կարող էր հակազդել և դրանով նպաստել Ընդհանուր գործին

Օդում կախված էին Խրհրդային գաղափարախոսության սև, գորշ, «կարկտաբեր ամպերը», և «կարկուտը» կարող էր տեղալ ցանկացած պահի, անակնկալի բերելով հանրությանը: «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի հենց առաջին էջերում, պարբերական հաճախականությամբ, խելքից դուրս խոշոր շրիֆտներով, գլխատառերով՝ նույն տխմար, սարսռազդու հաղորդագրություններն էին. «Центральный комитет комунистической партии СССР, Верховный совет СССР и Совет министров СССР постанавляют…» և անմիջապես սուտը, կեղծիքը «Правда»-ի ծխածածկույթի ներքո, գույժի պես սփովում, կլանում էին Խորհրդային կայսրության ողջ տարածքը. «широко страна моя родная…»:

Եվ դարձյալ Վիգեն Նահատակյանի շուրջը խմբածները ալեկոծված են. Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պաշտպանել Հայերենը օտարի վայրի ոտնձգություններից: Եվ սկսվում է հստակ և ոչ իրատեսական, իրագործելի և ցնորական ծրագրերի քննարկումը. «Վարուժին ցույց տվեցի Մոսկվայի որոշումը: Բորբոքվեց: Երկրագնդի ամենահին ազգերից մեկին ուրիշը իր լեզուն է պարտադրում: Ուրեմն երկուսուկես հազար տարի պահպանել ենք, որ քսաներորդ դարում մոռանալ տա՞ք… Բայց արդյունքում բուհերի շրջանավարտները, այսինքն մտավորականությունը կդառնար ռուսախոս…»68

Խորհուրդ ստանալու ակնկալիքով հարկ է լինում դիմել գրականության և մշակույթի երևելիներին. Երվանդ Լոռեցյան, Լևոն Ադամյան… Եվ «խղճուկ, սոցիալիստական դրախտում» (Վիգեն Ադամյանի բնորոշումն է) Վիգենը ընկերների հետ այցելում են Լևոն Ադամյանին: Ադամյանը ընթերցում է Ելյուտինի հրամանը:

Եվ Ադամյանի արձագանքը սթափեցնող է ուոգևորիչ. «Իրենց անտարբեր տարեկիցներին, – իրեն բնորոշ արտիստական խանդավառությամբ պատմում, իր սաներին տեղեկացնում է Լևոն Ադամյանը, – ֆրանսիացի ուսանողները կոչ էին անում՝ «Մի՛ եղեք ոչխար…»»: 77:

Լևոն Ադամյանի տանից դուրս գալուց հետո Վիգենի և իր դասընկերների դեմքերն ու սրտերը շառագունել են, Վիգենը հուզված է ու ալեկոծված. «Ես հպարտությունից ճաքում էի, որ Ադամյանենց տանն ենք եղել»78:

Ծանր փորձություն է սպասվում: Ուսանողներին հենման կետեր են պետք: Եվ այդ որոնումը նրանց հասցնում է Ամենայն հայոց արձակագիր Երվանդ Լոռեցյանի տան շքամուտքին. «Մենք չորրորդ հարկ բարձրացանք՝ մեջընդմեջ անգիր ասելով Լոռեցյանի մի էսսեի առաջին պարբերությունները, որտեղ ասվում էր, թե Քեմալ փաշայի հակաիմպերիալիստական բանակը տասնյակ հազարավոր հայերի է կոտորել Շիրակում. – ո՞նց ա ռիսկ արել – գրել, – հիացավ Զորիկը, – Լենինն էր, չէ՞, Աթաթուրքին օգնում, զենք ու ոսկի տալիս… որպես հակաիմպերիալիստի»83:

Ուսանողներին հյուրընկալելով և հյուրասիրելով, Լոռեցյանը ուսանողներին է ուղղում իր կտրուկ ու սթափեցնող հարցը. «Իրագործելի՞ք է, – կասկածեց Լոռեցյանը: – Մանրամասն պատմեք»85:

Եվ ուսանողները արձակագրին են ներկայացնում Պետհամալսարանում ամրանալու և «Գետնից բարձր» իրենց այլ ծրագրերի մասին:

Զրույցին ներկա են նաև գրողի զավակները Արփին և Մովսեսը.

– Որ գրավեք, ես կգամ ձեզ համար կիթառ կնվագեմ: – Ինձ պաշտպանեց Արփին…

– Ես էլ կգամ, – ասաց Մովսեսը, – կամավոր կլինեմ, կվազեմ մի մուտքից մյուսը»86:

«Եկեք, ես Սիլվա Կապուտիկյանին ասեմ… ազգային հարցերում ամուր է, և վերևներում էլ իրեն լսում են – խոստանում է Լոռեցյանը…»88

Բայց, ավա՛ղ, Ի պաշտպանություն հայոց լեզվի ուսանողների ու հանդուգն մտահղացումը ի սկզբանե դատապարտված էր:

Դատապարտված էր, քանզի Պետանվտանգության գաղտնի գործակալները, իրազեկիչները (որոնց ժառանգները՝ զավակներն ու թոռները այսօր էլ նույն ջանադրությամբ փորձում են խարխլել Հայոց Պետականության, առանց այն էլ արտաքին մարտահրավերներով վտանգված հիմքերը: Ասված խոսք է. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում») հասցրել էին վերևներին «հաշվետվություն» ներկայացնել: Պետանվտանգության գեներալներին մնում էր գործի անցնել: «Ի պաշտպանություն Հայոց լեզվի»: Մեսրոպյան Այբուբենի մեծադիր պատկերներով երթը դեպի Ծիծեռնակաբերդ կանխվում է: Կազմակերպիչները հալածանքի են ենթարկվում, տարվում են КГБ և հայտնվում հանրահայտ «զրուցարաններում»: «Այբուբենի տառերի միջոցով էինք՛ արտահայտելու մեր բողոքը… Ժողովրդին վերացնում են ոչ միայն կոտորածների միջոցով, այլև՝ այբուբենից զրկելու»214:

«Իսկ հարգանքի արժանի՞ է երեք հարյուր միլիոնանոց երկրի պետանվտանգությունը, որը փոխանակ թշնամիներ որսա, ընկել է մի քանի ուսանողի ետևից, որոնք պաշտպանում են իրենց մայրենի լեզուն»: 236 Ուսանողները հարցքննվում են Այնտեղ, «КГБ-ի բազալտե շենք, որի նկուղներում հայ վրիժառուներին էին կացնահարել: Գիտնականների, գրողների: Խոշտանգել սովորական անմեղ մարդկանց: Գնդակահարության, աքսորի հազարավոր գործեր սարքել…»330: Պետանվտանգություն, որտեղ նոր ժամանակներում. «Չէին խոշտանգում, բայց պարապ էլ չէին նստում…»302: Դա այն երկրի պետանվտանգությունն էր, որտեղ կոռուպցիան, թալանն ու կաշառակերությունը «օրինականացված» էին: Այն երկրի, որտեղ դիմացինին «քցելը», կողոպտելը դարձել էր կենսակերպ, ուր ամեն քայլափոխի «հրաշագործ» «թաքանոցների» սուղ կարիք էր զգացվում…

Ի վերջո, իրենց առողջությունը, կյանքը, վաղվա օրը վտանգելով, ինչի՞ էին ձգտում Վիգեն Նահատակյանն ու իր խոհակից-գաղափարակից ընկերները՝ Զորիկը, Վարուժանը, Մանվելը, Թորգոմը, Օֆելյան, մյուսները. որպեսզի ժողովրդի (ազգի) ինքնապահպանման գերզգայուն նյարդը չբթանա, որպեսզի ժողովրդի հոգու խորքերում ծվարած ըմբոստության առկայծող հուրը չմարի, և յուրաքանչյուրն իր կարողության, իր ուժերի ներածին չափով, հսկում էին կանգնել այդ Նվիրական անթեղի առջև: Եվ նրանց բոլորին խենթացնում և կախարդելով ձգում էր Ազատ, ինքնիշխան, ժողովրդավար հայրենիք ունենալու Տեսլականը:

«Դուք դեռ անելիք ունեք» – Լևոն Ադամյանի այն ժամանակ հնչեցրած միտքը, մարգարեական հնչողություն է ձեռք բերում հետագա տասնամյակներում: Մենք այդ «անելիք ունեցողներին» տեսանք «Էլեկտրիկ Երևան» և դրան հաջորդող ցույցերի, ընդվզումների ժամանակ, առավել ընդգրկուն, պոռթկուն ու ամբողջական՝ 17-ի Թավշյա հեղափոխության օրերին:

Փառք ու պատիվ հենց այդ սերնդին, որ չվարանեց, հանձնառու եղավ և իր պարթև ուսերին առավ մեր նահանջի նվաստ, ձախավեր ու խոտոր ուղին բեկելու և մեզ Լեռն ի վեր ուղղորդելու պարտքն ու պատասխանատվությունը: Էն սերնդի, որը արի ու հաստատակամ գտնվեց և չգործեց «դանթեական մեծագույն մեղքը»՝ (Լևոն Ադամյանր արտահայտությունն է) չդավաճանեց ինքն իրեն, և հաղթեց ժողովրդի ԿԱՄՔԸ:

Փառք ու պատիվ իրենց, որ չուրացան իրենց (ժամանակագրորեն) մոտիկ ու հեռավոր Նախորդների Արածը, որոնք «Մազե կամուրջներ»-ի վրա քայլելով, «Ազատ, ինքնիշխան Հայաստան» տեսնելու, անկատար ըղձանքը սրտերում, հայտնվում էին խորհրդային կայսրության մեկուսարաններում (կարցերներում) և բանտերում:

Իբրև անտիկ մշակույթի «Քուրմ», Լևոն Ադամյանը չէր կարող չիմանալ պրոմեթևսյան տոկունությամբ հաստված խիզախության գինը: Այն Պրոմեթևսի, ով մարդկանց կողմն էր անցել (Պրոմեթևս – հունարեն նշանակում է «պայծառատես»), ով եղեգնի մեջ թաքցրած կրակն էր փոխանցում մարդկանց: Եվ ժամանակավոր նահանջի ժամին Լևոն Ադամյանը հուսադրում ու քաջալերում է խենթ, երազող ու անկոտրում իր սաներին. «Չընկճվե՛ք, Մկրտություն եք ստացել՝ գոտեպնդեց մեզ Ադամյանը: – Լիբանանի ձեր ցույցը հայտ էր, որ բռնապետությունից պահանջներ ունեք… Իսկ երբ քեզ տանում են КГБ, նշանակում է դու խոսել ես բռնապետության հետ որպես հավասարը հավասարի… (233) Կեցցե՛ք: Դուք հեղափոխություն չարեցիք Հայաստանում… Բայց ձեր ընդվզումը չեզոքացրեց ազգերի ուծացման նոր փուլին անցնելու Կրեմլի դավադրությունը…» 254-255

«Իսկ իմ մայթին ես ազատ էի…, – КГБ-ի «Բազալտե շենքի» դիմաց, «իր մայթին» կանգնած, ասում է Վիգեն Նահատակյանը, – Ինչքան ուժս պատեր: Եվ ապրածս օրերն իմ ազատությամբ էի չափելու: Որ համարեի կյանք: Իմ կյանքը»331:

Եվ Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպը դեռ երկար է երկխոսելու իր ընթերցողի հետ, հիշեցնելու է՝ Կատարվածի, և սթափեցնելով, նախազգուշացնելու է գալիքում սպասվող փորձությունների մասին, որպեսզի Կատարվածը, Եղածը այլևս չկրկնվի…

Հ.Գ. Աշխարհն այսօր հաշվի է նստում մեր կարծիքի հետ, և դա մենք նվաճել ենք գոյամարտերում հերոսաբար, անձնուրաց կռվելու մեր համառությամբ և վճռականությամբ, արտաքին դիվանագիտական ատյաններում (այլևս) չկոտրատվելու, չերկտակվելու մեր հանձնառությամբ, մեր սահմանները հսկող մեր զավակների անվեհերությամբ: Կպատկերացնեինք անգամ, որ մեր դիվանագետներին ու դեսպաններին արտերկրում կարող են նման հարգալից զգուշավորությամբ վերաբերվել… Չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին, քաղաքակիրթ աշխարհը մեզ ընդունում է իբրև ժողովրդավար, վերելքի ուղին բռնած երկրի: Ազգային-գոյաբանական մեր ընդվզումի կամքն ու ոգին չեն բեկվելու, և մենք ազգովին հաղթահարելու ենք մեր գալիք ճանապարհին սպասվող խութերն ու խոչընդոտները, աննահանջ անցնելու ենք մեր դժվարանցանելի ուղին, և աշխարհին ներկայանալու ենք պարզերես ու բացճակատ: Ոչ մի նահանջ, ոչ մի ետքայլ չի գրանցվելու, մեր գլխավերևում մշտապես զգալով մեր նահատակ արծվաձագերի հոգիները, անկանգ, անկոտրում, անվհատ առաջ ենք շարժվելու, և ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Խոսքս ավարտելով, ուզում եմ վկայակոչել Պատմահոր հետևյալ ասույթը. «…բայց և այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, – գրելու և հիշատակելու արժանի…», և կուզեի, որ Մովսես Խորենացու սույն միտքը ի խրախույս հնչի ու ղողանջի մեր սահմանները հսկող մեր զավակների ունկերում և իբրև թալիսման պաշտպանի նրանց գալիք վերահաս վտանգներից…

21.10.2022թ.

[1] «Բամբակե պատեր». վեպ, ակտուալ արվեստ, Երևան, 2019

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *