Կարինա Շիկանյան | Վայրկյանի ադապտացիան

Մարդն ընտրել է՝ տերևներին ու ոգելից խմիչքին շնորհակալ լինելը. տերևներին՝ թթվածնի համար, իսկ ոգելից խմիչքին՝ թթվածինն իմաստավորելու համար:

ՇՆՉՈՒՂԻՆ

Հինգ ամիս է անցել այն օրվանից, որ ինձ խեղդված են համարում: Ես այլևս չեմ շնչում ոչ իմ, ոչ էլ նրա փոխարեն: Դա պատահել էր ձմռան առաջին օրը. մի շարֆ էր, որի բույրը ես պաշտում էի։ Ու եթե հանկարծ մտքովս անցներ կախվել, ես նրա շարֆով կկախվեի, որ երանության մեջ մեռնեի։ Բայց փոխարենը ես անվերջ գրում էի նրա մասին ու «երեխաներիս» չէի ուղարկում նրան: Ինձ համար ամեն ավարտուն ստեղծագործություն առաջին անգամ շունչ առնող ծնունդ էր, որի աշխարհ գալը մեծագույն ցնծություն էր: Ամեն օր գրելիս ես կարծում էի, որ ահա հենց այս օրը հիասքանչ երեկո է չափածոյից հրաժարվելու համար: Իրականում ես երբեք էլ պոետ չեմ եղել։ Ես չեմ կարողացել մտքերս հանգավորել ու բաշխել տների: Շունչն ասես հավերժ լեգատտո պահանջեր՝ անվերջակետ ու բարդ նախադասություններ։
Ես միշտ էլ գրականությունն եմ նախընտրել։ Գրականությունը նախընտրել եմ պատմությունից, ֆիզիկայից կամ քիմիայից։ Ինձ՝ արվեստի մեջ խրվածիս, ինչո՞ւ էին քիմիա սովորեցնում, ես այդպես էլ չհասկացա:
– Քիմիան զգացմունքների փոխհարաբերությունների մեջ է, ոչ թե մետաղների և ոչ մետաղների,– ասում էի ես ուսուցչին,– երբ հիմարների պատճառով լաց ես լինում, դա քիմիա է, որովհետև տեղի է ունենում որոշակի ռեակցիա։
Առհասարակ, ոչ մի ուսուցիչ ինձ ճիշտ չէր ընկալում։ Դպրոցից սկսած, մինչև նրան ճանաչելը, ինձ միշտ հուզել է, թե ինչպիսին է այս կամ այն գիտությունը արվեստի տեսանկունից։
– Եթե եկել ես, որ ինձ անատոմիա սովորեցնես, ապա ուշացել ես,– ասացի նրան,– ես գիտեմ՝ որտեղ է սիրտը: Ավելի լավ է սովորեցրու ինձ լսել ու հասկանալ այն: Սովորեցրու ինձ շնչել, երբ շնչուղիներդ քարկապ են ընկնում ունայնությունից։ Եվ եթե եկել ես, որ ինձ մաթեմատիկա սովորեցնես, ուրեմն՝ շատ իզուր։ Իրական կանքում մաթեմատիկա չկա: Արվեստով ապրողին հաշվարկել մի սովորեցրու։
«Պարո՜ն Բժիշկ, արվեստում հաշվարկելով ապրելուց մեծ տգիտություն չկա: Ավելի լավ է հաշվեք երաժշտությունը, մեր նամակները կամ գալիք գարնան օրերը։ Երբ ձմեռն անցնի, հաշվեք մինչև երեքը, ապա լսեցե՛ք»:
Իսկ դուք ջութակների հետ խոսե՞լ եք: Գոնե փորձե՞լ եք լսել նրանց: Չէ՜, դուք անգամ չեք փորձել հազարավոր ջութակների միջից հենց ձերը գտնել: Գտնել այն մեկին, որ կլարվի ձեզ տեսնելուն պես, որ կհնչի ձեր շնչի հետ, որ կհնչի ձեզ գոհացնելու համար:
Իրավացի եք, խոսքը երաժշտության մասին չէ: Սակայն եթե դուք վայրկանի ադապտացիան եք, ապա վերադարձե՛ք հին նամակներին: Գտե՛ք դրանք՝ դարակներից մեկում իրար հետ դրված: Ես համոզված եմ՝ դուք չեք մոռացել, թե որտեղ եք պահել: Սկսեք կարդալ ամենատակի նամակից. դա ամենից անհանգիստ ձեռագրով գրված նամակն է, բայցև ամենամտածվածը: Շարունակե՛ք կարդալ և զգացե՛ք, թե ինչպես են գարնան գալստյան հետ փոխվում սենյակի օդն ու լույսը: Ապա հրաժե՛շտ տվեք հերոսին ու գրկեք նրան… առանց համբուրելու: Այդպես է, գիտե՞ք, գրկել, բայց չզգալ ներկայություն ու անիծել ձմեռն ու վերարկուները, որ ամիս առ ամիս միայն ավելացնում են ձեզ միմյանցից հեռացնող հագուստի շերտերը: Ու սպասել գարնանը՝ գարունը զգալու համար: Ու արդարանալ, որ ձեզ հագուստն ու ցուրտն էին խանգարում, այլ ոչ ձեր ապրած ձմեռը: Որ ամռանն էլ էր ձմեռ ու ամենաշոգ հուլիսին էլ էր ձմեռ:
– Դու չափի զգացման հետ խնդիր ունես,– ասաց նա,– դու երբե՛ք էլ չես փոխվի։
– Ինչո՞ւ։
– Եթե չափի զգացում ունենայիր, ապա ինձ չէիր դավաճանի։
Արդարության համար ասեմ, որ ես դավաճանել եմ այն մարդուն, որն ինձ երբևէ մերկ չի տեսել՝ այդ բառի բոլոր իմաստներով. ոչ հոգիս, ոչ իմ մարմինն առհասարակ չի տեսել: Այսքան ժամանակ միմյանց մարմինների մասին մտածելիս՝ պատկերացնելուց բացի ուրիշ ոչինչ չենք համարձակվել անել: Նա՛ չի համարձակվել։ Նա ինձ անգամ քնած չի տեսել. եթե տեսներ, կիմանար, որ հոնքերս կիտում եմ, որպեսզի աչքերս չցավեն երկար աշխատելուց հետո: Իսկ ես նրան քնած տեսել եմ, պատահմամբ, իհարկե: Նա հոնքերը կիտած չի քնում, նրա հանգստությունը միայն լույս է արձակում, ու ոչ մի անլուծելի խնդիր չկա նրա համար: Եթե նա ինձ իսկապես ճանաչեր, ապա կիմանար, որ հավերժ արդարացրել եմ իրեն ու համակերպվել, որ մարդիկ չեն փոխվում: Այդ նա՛ չի փոխվում, իսկ ես փոխվում եմ։ Ես, ինչ է, մարդ չե՞մ:
– Կներես,– ասաց նա,– ես չէի պատրաստվում դա ասել։
Նա ուժեղ չէր, ես սխալվել եմ: Ես կարծում էի՝ ուժեղ մարդիկ են ներողություն խնդրում, բայց չէ: Ներողություն խնդրելն այնքան հեշտ է, աստվա՜ծ իմ, այնքան հեշտ է վիրավորել, ապա ասել «կներես» ու ոչինչ չանել, անգամ չզգալ ոչինչ: Ես այլևս չեմ հավատում նրան։ Նրան հավատալը համարժեք է հրաշքների հավատալուն։
Ահա ես որոնման անդադար գործընթացի մեջ եմ: Դա այն է, երբ տարբերակները գերակշռում են սպառման եղանակներին: Եվ այն է, երբ հրաշքին հավատալն անհնարին է թվում: Ու, առհասարակ, հավատ ասվածն իր վերացման եզրագիծն է հատում արդեն: Սակայն մարդու ընտրությունն է՝ հավատալ հոգևորին և ոչ հոգևորին, բնությանը կամ մարդկությանը, թեկուզ Ձմեռ պապին, թեկուզ կենցաղային առարկաներին. հավատալ սեղանին կամ մի զույգ կոշիկին, կամ էլ հեքիաթների գրքին, միայն թե հավատալ: Ու բարդել քայլի պատասխանատվությունն այդ հոգևորի ու այդ սեղանկոշիկի վրա… Բայց ես անսեղան ու անկոշիկ եմ, ու ոչ մի երկնային Ձմեռ պապ ինձ համար արարիչ չէ, կամ բարձի տակ դրված հեքիաթների գիրքը ուղեցույց չէ: Ես կուռքեր եմ կերտել ինձ համար՝ շարֆի, դաշնամուրի ու ոգելից խմիչքի տեսքով, երկրպագում եմ դրանց ու պաշտում: Եվ արդար չէ, որ նախանձոտ Ձմեռ պապն ինձ պատժի հորս մեղքերի համար, կամ իմ որդին պատժվի, որ շարֆն ու դաշնամուրն իմ կուռքերն են:
Ահա ես մեծագույն մեղսագործ եմ, որ գողացել եմ արվեստն ու սպանել իմ ներսում ապրող կենցաղը, որ բարձրացել եմ երկինք՝ ապրելու, այլ ոչ Ձմեռ պապերին սիրելու համար: Ես կարող եմ խրվել ամպերի մեջ, չերևալ, բռնել մի հոսանք ու հոսե՜լ: Եվ թող իմ բռնած հոսանքն էլ ցած նետի ինձ. դա կլինի երկնքի ամենաճիշտ որոշումը:
Պադատատա՜մ:
Լոլոլոլո՜:
Ես երգում եմ այն մասին, որ ճիշտ և սխալ գոյություն չունի։ Ու երգելուց լավ բան էլ այս կանքում գոյություն չունի, առավել ևս, երբ բացարձակ երգել չգիտես։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *