Սերգեյ Դովլաթով | Ներկայացում

Հսկիչ անցակետում երեքով էին: Օպեր Բորտաշևիչը խառնում էր մաշված, յուղոտ խաղաթղթերը: Ժամապահ Գուսևը փորձում էր քնել առանց վառվող ծխախոտը բերանից հանելու: Ես սպասում էի, թե երբ է եռալու չորահացերով պատած թեյամանը:
Բորտաշևիչը ծույլ-ծույլ ասաց.
– Լավ, վերցնենք կնիկներին: Ենթադրենք՝ հետները լավ ես՝ կինո, բիսկվիթ, խոսքուզրույց… Գոգոլ ու Բելինսկի ես ցիտում…Որևէ լրբոտ օպերա ես տանում: Հետո, բնական է, անկողին: Իսկ տիկինը թե՝ պսակվի՛, անառա՛կ: Սկզբում, ուրեմն, զագս, հետո նոր ստորակարգ բնազդները: Բնազդները, իմացա՞ր, իրան ձեռ չեն տալիս: Իսկ եթե էդ իմ համար սուրբ գործ է, ո՞նց անենք:
– Էլի ջհուդների արածն է,- միջամտեց ժամապահը:
– Ջհուդնե՞րն ինչ կապ ունեն,- զարմացավ Բորտաշևիչը:
-Ուր նայում ես՝ ջհուդներ են: Ռայկինից մինչև Կարլ Մարքս… Բազմանում են ճագարների պես:Վերցրու Չեբյուի վենդիսպանսերը: Բժիշկները ջհուդներ են, հիվանդները՝ ռուս: Բա դա եղավ կոմունիստաբա՞ր:
Այդ պահին զանգեցին գրասենյակից: Բորտաշևիչը վերցրեց խոսափողը և ասում է.
– Քեզ են ուզում:
Լսեցի կապիտան Տոկարի ձայնը.
– Անցեք ինձ մոտ, և՝ արագ:
– Ընկե՛ր կապիտան,- ասում եմ,- իմիջիայլոց, արդեն ժամը ինն է:
– Իսկ դուք,- ընդհատեց կապիտանը,- հայրենիքին մինչև վե՞ցն եք ծառայում:
– Այդ դեպքում ինչի՞ համար են գրաֆիկները: Առավոտվա ութին պիտի ծառայության դուրս գամ:
– Վաղն առավոտյան դուք կլինեք Ռոպչայում: Շտաբի պետի առաջադրանքն է՝ մի կլիենտի պիտի բերենք Ռոպչայի բաշխիչ կետից: Մի խոսքով, սպասում եմ…
– Էդ ո՞ւր են ուղարկում,- հարցրեց Բորտաշևիչը:
– Ռոպչայից կալանավոր պիտի բերեմ:
– Վերաքննիչ դատի՞:
– Չգիտեմ:
– Կանոնակարգի համաձայն՝ պիտի պիտի երկուսով գնաք:
– Պահնորդությունում ի՞նչն է կանոնակարգված: Կանոնակարգով մենակ հաուպտվախտ են նստացնում:
Գուսևը վեր քաշեց հոնքերը.
– Ո՞վ Է տեսել, որ հրեան հաուպտվախտ նստի:
– Գլուխ տարար քո հրեաներով,- ասաց Բորտաշևիչը,- ձանձրացա՜նք: Դու ռուսներին նայի: Նայեցիր՝ կպապանձվես…
– Չեմ առարկում,- արձագանքեց Գուսևը…
Թեյամանն անսպասելի եռաց: Տեղափոխեցի սեյֆի կողքին դրած թիթեղի կտորի վրա:
– Լավ, ես գնամ…
Բորտաշևիչը մի խաղաթուղթ հանեց, նայեց ու ասում է.
– Օհո՜, քեզ ագռավի աղջիկն է սպասում:
Հետո ավելացրեց.
– Ձեռնաշղթաներ վերցրու:
Վերցրի…

Ես գնում էի զոնայով, չնայած կարող էի շրջանցել վերակարգերի ուղյակով: Ահա արդեն մի տարի գիշերով դիտմամբ կտրում-անցնում եմ զոնան: Շարունակ փորձում եմ վարժվել վախի զգացումին: Անձնական խիզախության խնդիրը մեզ մոտ բավական սուր է դրված: Այդ գործում ռեկորդակիրներ են համարվում լիտվացիներն ու թաթարները:
Գործիքային արհեստանոցի մոտ մի քիչ ոտս կախ գցեցի: Գիշերով այստեղ չիֆիրիստներն են հավաքվում:
Զինվորական թիթեղյա գավաթի մեջ ջուր էին լցնում: Ավելացնում մի տուփ թեյ: Հետո գավաթի մեջ կախում էին ածելու սայրը՝ պոչին պողպատե երկար հաղորդալար: Ծայրը նետում էին բարձր լարման հոսանքագծի վրա: Երկու վայրկյանից հեղուկը պատրաստ է:
Կարմրագորշ ըմպելիքը ալկոհոլի պես էր ազդում: Մարդիկ սկսում էին ակտիվ շարժումներ անել, առանց որևէ պատճառի գոռգոռալ ու ծիծաղել:
Չիֆիրիստները լուրջ անհանգստության տեղիք չէին տալիս: Լրջորեն անհանգստացնում էին նրանք, ովքեր կարող էին նաև առանց չիֆիրի մորթել…
Խավարի մեջ ստվերներ էին շարժվում: Ես ավելի մոտեցա: Կալանավորները կարտոֆիլի արկղերի վրա նստել էին չիֆիրբաքի շուրջը: Ինձ տեսնելով՝ սսկվեցին:
– Նստի, քաղաքացի՛ պետ,- լսվեց մթության միջից,- ինքնաեռն արդեն պատրաստ է:
– Նստելն,- ասում եմ,- ձեր գործն է:
– Գրագե՜տ ես,- պատասխանեց նույն ձայնը:
– Հեռուն կգնա,- ասաց երկրորդը:
– Օրապահությունից դենը չի գնա,- քմծիծաղեց երրորդը:
Ամեն ինչ կարգին է՝ մտածեցի ես: Բարեհոգության և ատելության ծանոթ խառնուրդը: Իսկ ես քանի՜ անգամ եմ նրանց համար թեյ, մարգարին, ձկան պահածո քարշ տվել-բերել…
Ծխախոտ վառելով՝ շրջանցեցի վեցերորդ բարաքն ու ելա ճամբարային նեղուղի երկաթգծի մոտ: Խավարից դուրս լողաց գրասենյակի վարդագույն պատուհանը:
Թակեցի դուռը: Օրապահը բացեց: Ձեռքին խնձոր կար:
Աշխատասենյակից դուրս նայեց Տոկարն ու ասում է.
– Բարկովե՛ց, նորի՞ց ծամում եք պահակակետում:
– Նման բան չկա, ընկե՛ր կապիտան,- պատի կողմը դառնալով՝ առարկեց օրապահը:
– Ինչ է, չե՞մ տեսնում: Ականջներդ շարժվում են: Իսկ երեկ չէ առաջին օրն ընդհանրապես քնել էիք:
– Քնած չէի, ընկե՛ր կապիտան: Մտածում էի: Այլևս չի կրկնվի:
– Ափսո՜ս,- հանկարծ ասաց Տոկարն ու ինձ դառնալով՝ ավելացրեց:- Ներս անցեք:
Ես ներս մտա, ըստ կարգի զեկուցեցի:
– Հրաշալի է,- գոտին ձգելով՝ ասաց կապիտանը.- Ահա փաստաթղթերը, կարող եք մեկնել: Այստեղ հասցրեք Գուրին ազգանունով կալանավորին: Պատժաչափը՝ տասնմեկ տարի: Հինգ դատվածություն: Մարդը ,օրենքովե է, զգույշ կլինեք:
– Ո՞ւմ է,- հարցնում եմ,- էդպես վռազ պետք եկել: Ի՞նչ է, մենք ռեցիդիվիստ չունե՞նք:
– Բավականաչափ,- համաձայնեց Տոկարը:
– Ուրեմն ի՞նչ է պատահել:
– Չգիտեմ, փաստաթղթերը զորամասի շտաբից են:
Բացեցի ուղեգիրը: «Նշանակում» սյունակում գրանցված էր.
«Վեցերորդ ենթագործուղման կետ հասցնել Ֆյոդոր Եմելյանովիչ Գուրինին՝ որպես Լենինի դերակատար…»:
– Սա ի՞նչ է նշանակում:
– Գաղափար չունեմ: Ավելի լավ է՝ քաղղեկին հարցնեք: Երևի ներկայացում են պատրաստում սովետական իշխանության վաթսունամյակի առթիվ: Ահա և հյուրախաղերի են կանչում: Գուցե տաղանդ ունի կամ էլ գլուխն է լավ աշխատում… Չգիտեմ: Դուք, մի խոսքով, տեղ հասցրեք, հետո կպարզենք: Եթե մի բան լինի, զենք օգտագործեք: Աստված ձեզ հետ…
Ես վերցրի փաստաթղթերը, պատվի առա ու դուրս եկա:

Ռոպչա հասանք տասներկուսի կողմերը: Ավանը մեռած էր թվում: Խավարից խուլ հաչում էին շները:
Գերանատարի վարորդը հարցրեց.
– Էս քեզ ուր են քշել գիշերվա կեսին: Առավոտը կգնայիր:
Ստիպված էի բացատրել.
– Էսպես ցերեկով հետ կդառնամ: Իսկ քո ասածով՝ գիշերն էր ընկնելու: Էն էլ՝ վտանգավոր ռեցիդիվիստի հետ:
– Ամենավատ տարբերակը չի,- ասաց վարորդը:
Հետո ավելացրեց.
– Մեր անտառտնտեսության դիսպետչերները կալանավորից վատն են:
– Պատահում է,- ասում եմ:
Հրաժեշտ տվինք իրար…
Պահակետում արթնացրի օրապահին, ցույց տվի թղթերը: Հարցրի, թե որտեղ կարող եմ գիշերել:
Օրապահը մոլորվեց.
– Զորանոցում աղմուկ է. ուղեկցորդային խմբերը գիշերն են հետ գալիս: Ուրիշի տեղը գրավեցիր՝ կարող է գոտու տակ ընկնես… Բուծարանում էլ շներն են հաչում:
– Ավելի լավ է,- ասում եմ,- շների մոտ:
– Իմ մոտ մնա: Կայֆոտ տեղ է: Քուրքը կգցես վրադ: Հերթափոխն առավոտը յոթին է գալու:
Ես պառկեցի թախտին, հատակին դրեցի պահածոյի դատարկ տուփը ու ծխախոտ վառեցի…
Գլխավորը՝ որ տունը չհիշես: Մտածիր ընթացիկ հարցերի մասին: Ահա, օրինակ, ծխելիքը վերջանում է: Իսկ օրապահը կարծես թե ծխող չի…
– Դու ի՞նչ է, չե՞ս ծխում:
– Հյուրասիրես՝ կծխեմ:
Լա՜վ հույս տվող է:
Օրապահը փորձում էր զրույցի բռնվել.
– Իսկ ճի՞շտ է, որ ձեր «վեցում» զինվորներն էծերին էն բանից են անում:
– Չգիտեմ: Դժվա՜ր… Գուցե կալանավորները…
– Որ ինձ մնա՝ ավելի լավ է ձեռով:
– Ճաշակի հարց է…
– Լավ,- որոշեց ինձ խնայել օրապահը,- քնի՛: Էստեղ խաղաղ է…
Խաղաղության հարցում սխալվում էր: Օրապահությունը պատկից էր տուգանային մեկուսարանին: Այնտեղ գիշերվա կեսին արթնացավ կալանված ճամբարականը: Կրճտզցնում էր ձեռնաշղթաներն ու երգում.
«Իսկ ես քայլում, անցնում եմ Մոսկվայով…»:
– Գնա՜ց կատուն սեր անելու,- քրթմնջաց օրապահը:
Նա ներս նայեց դիտանցքից ու բղավեց.
– Ագեև, ձենդ կտրի, պառկի: Թե չէ մռութդ կնախշեմ:
Ի պատասխան լսվեց.
– Քաղաքացի՛ պետ, կոտոշներդ պահեստ հանձնի:
Օրապահն արձագանքեց յոթհարկանի հայհոյանքով:
– Իններորդ ուժեղացված կարգով բո՜ւռդ առնեիր,- արձագանքեց կալանավորը…
Համերգը տևեց երկու ժամ: Դա քիչ էր՝ ծխախոտն էլ պրծավ:
Մոտեցա դիտանցքին ու հարցրի.
– Ձեզ մոտ ծխախոտ չի՞ Լինի:
– Դուք ո՞վ եք,- ապշեց Ագեևը:
– Գործուղված՝ վեցերորդ ճամբարակետից:
– Իսկ ես մտածեցի՝ ուսանող է… «Վեցում» բոլորն ե՞ն Էդպես կուլտուրական…
– Այո,- ասում,- երբ ծխախոտը վերջանում է:
– Մախորկա շատ ունեմ, կխցկեմ դռան տակ… Պատահմամբ Լենինգրադից չե՞ք:
– Լենինգրադից եմ:
– Հայրենակի՜ց… Էդպես էլ մտածում էի:
Գիշերվա մնացորդը գնաց զրուցելուն…

Առավոտյան փնտրեցի- գտա օպեր-լիազոր Դոլբենկոյին: Ներկայացրի թղթերս: Նա ասաց.
– Նախաճաշեք ու սպասեք օրապահությունում: Զենք ունե՞ք: Դա լավ է:…
Ճաշարանում ինձ թեյ ու բուլկի տվեցին: Շիլան չէր հերիքել: Բայց դրա փոխարեն ճանապարհի համար մի կտոր ճարպ ու գլուխ սոխ ստացա: Իսկ ծանոթ հրահանգիչը մի տասնյակի չափ ծխախոտ նվիրեց:
Օրապահությունում սպասեցի մինչև ուղեկցորդային խմբերի հերթափոխումը:
Օրապահին փոխեցին ժամը ութին մոտ: Մեկուսարանը լռում էր: Կալանավորը քունն էր առնում բուռն գիշերվանից հետո:
Վերջապես լսեցի.
– Կալանավոր Գո՛ւրին, իրերո՛վ:
Անցուղի-միջանցքում զրնգացին սողնակները: Օպերն իմ հովանավորյալի հետ մտավ օրապահություն:
– Ստորագրի՛,- ասաց նա:- Զենքը մո՞տդ է:
Ես արձակեցի ատրճանակի պատյանը:
Կալանավորը ձեռնաշղթաներով էր:
Ելանք սանդղամուտ: Ձմեռային արևը կուրացրեց ինձ: Լուսաբացը անսպասելի եկավ: Ինչպես միշտ…
Թեք բլրալանջին սևին էին տալիս խրճիթները: Տանիքների վրա ծուխն ուղղաձիգ էր բարձրանում:
Գուրինին ասացի.
– Դե՛, գնացի՛նք…
Նա միջահասակ էր, ամրակազմ: Գդակի տակ զգացվում էր ճաղատը: Ճարպոտ բամբակաբաճկոնը շողում էր արևի տակ:
Ես որոշեցի գերանատարի չսպասել, այլ միանգամից քայլել դեպի գծանցը: Եթե համընթաց տրակտոր պատահի, լավ է: Հակառակմ դեպքում՝ ոտքով կարելի է երեք ժամում տեղ հասնել…
Չգիտեի, որ Կոյնայի մոտ ճանապարհը փակ է: Ավելի ուշ պարզվեց, որ երկու կալանավոր գիշերը գողացել են քարշակներից մեկը: Բոլոր գծանցներում օպերատիվ աշխատակիցներ էին նստած: Այդպես էլ ոտքով հասանք զոնա: Միայն մի անգամ կանգնեցինք, որ հաց ուտենք: Հացն ու ճարպը տվեցի Գուրինին: Մանավանդ, որ ճարպը սառել էր, իսկ հացը փշրվում էր:
Մինչ այդ լուռ մնացած կալանավորը շարունակ կրկնում էր.
– Ի՜նչ հարմար տեղ է, ի՜նչ հարմար տեղ է… Քաղաքացի՛ պետ, մի սրտալի չթեթևանա՞նք…
Ձեռնաշղթաները խանգարում էին նրան: Խնդրեց.
– Մանժետներս հանի, էլի: Թե՞ վախենում ես՝ ծլկեմ:
Լավ, մտածում եմ, ցերեկով վտանգավոր չի: Էս ձյուների միջով ո՞ւր պիտի փախչի…
Հանեցի ձեռնաշղթաներն ու ամրացրի գոտուս:
– Գնացեք ա՜յ այն կողմը…
Հետո Գուրինը պպզել էր թփերի հետևը, իսկ ես նշանահատիկը պահում էի նրա սև գդակի վրա:
Անցավ տասը րոպե: Ձեռքս հոգնել էր:
Ու հանկարծ իմ թիկունքում ինչ-որ բան ճռթաց: Միաժամանակ լսվեց խռպոտ ձայնը.
– Գնացի՛նք, քաղաքացի՛ պետ:
Վեր թռա: Դիմացս կանգնել էր ժպտացող Գուրինը: Գդակն, ամենայն հավանականությամբ, կախ էր տվել թփից:
-Չկրակե՛ս, հայրենակի՛ց…
Հայհոյելն անիմաստ էր:
Գուրինը ճիշտ էր վարվել: Ապացուցեց, որ փախչել չի ուզում: Կարող էր, բայց չուզեց…
Մենք ելանք գերանուղի և առանց արկածների հասանք զոնա: Ճանապարհին հարցրի.
– Էդ ի՞նչ ներկայացում է:
Կալանավորը չհասկացավ: Բացատրեցի.
– Կից գրության մեջ ասված է՝ Լենինի դերակատար:
Գուրինը սկսեց հռհռալ.
– Հին պատմություն է, քաղաքացի պետ: Մինչև պատերազմը մականուն ունեի՝ արտիստ: Ոնց որ ասած՝ վարպետ մարդ, կարողանում է, ասենք, ականջները շարժել: Էդպես էլ գրեցին գործիս մեջ՝ արտիստ: Հիշում եմ՝ ՄՈՒՌ-ում հյուր էի, քննիչը հանաքի համար բռնեց ու գրեց: ,Մասնագիտությունը մինչև ձերբակալվելըե սյունակում… Ի՜նչ մասնագիտություն, ի՜նչ բան: Ես ծնված օրից հետևողական գող եմ: Կյանքում մի օր աշխատած չկամ: Բայց ոնց գրեցին, էդպես էլ գնաց՝ արտիստ: Քսիվից՝ քսիվ… Բոլոր քաղղեկներն ինձ ինքնագործունեության ցուցակներում են գրանցում. դու, ախր, արտի՜ստ ես: Ա՜խ, էդտեսակ քաղղեկը մի ձեռս ընկներ կոլխոզշուկայում: Ցույց կտայի իմ արվեստը…
Ես հարցրի.
– Իսկ ի՞նչ եք անելու: Չէ՞ որ անձամբ իր՝ Լենինի դերը պիտի խաղաք…
– Թղթո՞վ… Մեկին մեկ…Մռութս կվաքսեմ ու վերջ… Հիշում եմ՝ Կիևում բանկ կտրեցինք: Ես էնտեղ մենթի շորերով էի, մերոնք էլ չճանաչեցին… Լենին է, թող Լենին լինի… Մի ազատ օրը մի ամիս կյանք է…
Մոտեցանք օրապահությոնը: Գուրինին հանձնեցի ավագին: Կալանավորը ձեռքով արեց.
– Կհանդիպենք, քաղաքացի՛ պետ: Մերսի՛ թեթևանալու համար…
Վերջին բառերը ցածր ասաց, որ ավագը չլսի…
Գրաֆիկից ընկնելով՝ օրեր շարունակ պարապ-սարապ թրև էի գալիս: Խմում էի զինագործների հետ: Թղթախաղում նրանց չորս ռուբլի տարվեցի: Նամակ գրեցի ծնողներիս ու եղբորս: Նույնիսկ պատրաստվում էի այցելել ավանում ապրող մի ծանոթ օրիորդի: Բայց այստեղ մոտեցավ օրապահը և ասաց, որ քաղղեկ Խուռիևը ինձ է փնտրում:
Գնացի լենինյան սենյակ: Խուռիևը նստել էր Ուստ-վիմյան ճամբարակետի հսկայական քարտեզի տակ: Փախուստի վայրերը նշված էին փոքրիկ դրոշակներով:
– Նստեք,- ասաց քաղղեկը,- շատ կարևոր խոսակցություն կա: Հոկտեմբերյան տոներն են մոտենաում: Երեկ սկսեցինք փորձել ,Կրեմլի աստղերըե մեկ գործողությամբ պիեսը: Հեղինակը,- Խուռիևն այստեղ նայեց իր առջև սեղանին դրված թղթերին,- Չիչելնիցկին է: Յակով Չիչելնիցկի: Գաղափարապես հասուն պիես է՝ ՆԳՎ մշակույթի բաժնից երաշխավորված: Դեպքերը կատարվում են քսանականների սկզբին: Գործող անձինք չորսն են: Լենինը, Ձերժինսկին, չեկիստ Տիմոֆեյը և նրա հարսնացու Պոլինան: Երիտասարդ չեկիստ Տիմոֆեյը տրվում է բուրժուական տրամադրություններին: Վաճառականի աղջիկ Պոլինան նրան քաշում է քաղքենիության ճահիճը: Ձերժինսկին նրանց հետ դաստիարակչական աշխատանք է տանում: Ինքը անբուժելի հիվանդ է: Լենինը թախանձագին խնդրում է, որ նա հոգ տանի իր առողջության մասին: Երկաթե Ֆելիքսը հրաժարվում է, ինչը ցնցող տպավորություն է թողնում Տիմոֆեյի վրա: Վերջում նա պատռում է ռևիզիոնիզմի ոստայնը: Նրան երկչոտ հետևում է վաճառականի աղջիկ Պոլինան… Ավարտական տեսարանում Լենինը դիմում է հանդիսատեսին (այստեղ Խուռիևը նորից խշխշացրեց թղթերը)՝ «…Այս ովքե՞ր են: Այս ի՞նչ երջանիկ ջահել դեմքեր են: Այս ո՞ւմ շողշողուն ուրախ աչքերն են: Մի՞թե յոթանասունականների երիտասարդությունն է սա: Նախանձում եմ ձեզ, գալիքի պատվիրակներ: Հանուն ձեզ էինք արմատախիլ անում բուրժուական աղբը… Ուրեմն, թող փայլեն ձեզ համար, ապագայի զավակներ, մեր կրեմլյան աստղերը…»: Եվ այսպես շարունակ: Իսկ հետո բոլորը ,Ինտերնացիոնալե են երգում: Ինչպես ասում են՝ միահամուռ պոռթկումով… Ի՞նչ կասեք:
– Ոչինչ,- ասում եմ,- ի՞նչ կարող եմ ասել: Լուրջ պիես է:
– Դուք քաղաքավարի մարդ եք, կրթված: Որոշել եմ ձեզ ներգրավել այդ գործի մեջ:
– Բայց ես թատրոնի հետ կապ չեմ ունեցել:
– Կարծում եք՝ ես ունեցե՞լ եմ: Ու ոչինչ, գլուխ եմ հանում: Բայց առանց օգնականի դժվար է: Մեր դերասանները՝ ինքներդ գիտեք… Լենինի դերակատարը գող է՝ Ռոպչայի բաշխիչ կետից… Տոհմիկ գրպանահատ: Կարծիք կա, որ ակտիվորեն փախուստի է պատրաստվում…
Ես լռեցի: Հո քաղղեկին չէի՞ պատմելու անտառի դեպքը:
Խուռիևը շարունակեց.
– Ձերժինսկու դերում Ցուրիկովն է, Թիթեռ մականունով, չորրորդ բրիգադից: Նստած է անչափահասներին պղծելու համար: Ժամկետը՝ վեց տարի: Տվյալներ կան, որ պլանքաշ է… Տիմոֆեյի դերում Գեշան է, կիսախելառ՝ բուժմասից: Պասիվ արվամոլ է… Պոլինայի դերում Տոմկա Լեբեդևան է՝ վարչատնտեսական մասից: Տի՜պ՝ կալանավորից վատ… Կարճ ասած՝ ծանոթ հասարակություն է: Հնարավոր է թմրանյութերի օգտագործում: Նաև՝ անթույլատրելի կապեր Լեբեդևայի հետ: Էդ քածին թողես՝ կալանավորների շուրջը ֆռֆռա… Ինձ հասկանո՞ւմ եք:
– Չհասկանալու ի՞նչ կա: Մերո՜նք են…
– Ուրեմն գործի անցեք: Հերթական փորձը այսօր վեցին է: Դուք ռեժիսորի օգնականն եք: Անտառահատարանում չեք հերթապահի: Կապիտան Տոկարին կզգուշացնեմ:
– Չեմ առարկում,- ասացի ես:
– Եկեք վեցին տաս պակաս:

Մինչև վեցը թրև էի գալիս զորանոցում: Երկու անգամ փորձեցին օպերատիվ խմբերի հետ ինչ-որ տեղ ուղարկել: Բայց ասում էի, որ գտնվում եմ ավագ լեյտենանտ Խուռիևի տրամադրության տակ, և ինձ հանգիստ էին թողնում: Միայն ավագը հետաքրքրվեց.
– Էդ ինչո՞վ եք զբաղված: Շփո՞թ եք եփում տոների համար…
– Լենինի մասին,- ասում եմ,- հեղափոխական պիես ենք բեմադրում: Մեր դերասանների ուժերով:
– Գիտե՜մ ձեր դերասաններին: Դրանցը մենակ հետները խմող ճարելն է:
Վեցին մոտ լենինյան սենյակում էի: Շուտով հայտնվեց Խուռիևը՝ պորտֆելը ձեռքին:
-Իսկ անձնակազմն ո՞ւր է:
-Կգան,- ասում եմ,- երևի ճաշարանում ուշացան:
Այդ պահին ներս մտան Գեշան ու Ցուրիկովը:
Ցուրիկովին ճանաչում էի. մեկուսացված կետում էր աշխատում: Մռայլադեմ, չորչորուկ կալանավոր էր՝ քորվելու զզվելի սովորությամբ:
Գեշան բուժմասում հավաքարար էր: Հիվանդասենյակներն էր մաքրում, միզաման էր տալիս հիվանդներին: Պախանների համար դեղ էր գողանում, վիտամիններ, սպիրտով թրմած դեղորայք: Ման էր գալիս թեթևակի պարաքայլերով՝ ենթարկվելով ինչ-որ անորսալի ռիթմի: Բնակելի գոտում պախանները նրան վռնդում էին խարույկի մոտից…
– Ուղիղ վեցն է,- ասաց Ցուրիկովն ու առանց կռանալու քորեց ծունկը:
Գեշան այծոտիկ էր փաթաթում:
Հայտնվեց Գուրինը՝ առանց վերնազգեստի, մաքուր լվացած շապիկով:
– Շոգ է,-ասաց նա,- իսկը Տաշքենդ… Եվ ընդհանրապես, զոնա չի, այլ մշակույթի տուն: Զինվորները «դուք»-ով են դիմում, կերն էլ՝ գերազանց… Փախուստներ լինո՞ւմ են:
– Փախչում են,- պատասխանեց Խուռիևը:
– Էստե՞ղ, թե՞ էստեղից:
– Այստեղից,- անժպիտ արձագանքեց քաղղեկը:
– Իսկ ես կարծում էի՝ ազատությունից էստեղ կամ էլ հենց կապիտալիստական ջունգլիներից:
– Կատակեցինք ու հերիք է,-ասաց Խուռիևը:
Եվ այստեղ հայտնվեց Լեբեդևան՝ էժանագին օծանելիքի ամպով պարուրված, վեցամսյա վարսահարդարվածքով: Ազատվարձու էր, բայց՝ ճամբարային ժարգոնով ու պահվածքով: Ընդհանրապես վարչատնտեսական աշխատողները մի ամսվա ընթացքում նմանվում էին կալանավորներին: Նույնիսկ ազատվարձու ինժեներները գողական էին գնում: Չխոսենք արդեն զինվորականների մասին:
– Սկսենք,- ասաց Խուռիևը:
Դերասանները գրպաններից հանեցին ճմռթված թերթիկները:
– Մինչև չորեքշաբթի դերերը պիտի անգիր իմանաք:
Հետո Խուռիևը բարձրացրեց ձեռքը.
– Պարզաբանում եմ հիմնական միտքը: Պիեսում գլխավորը զգացմունքի և պարտքի պայքարն է: Ընկեր Ձերժինսկին, արհամարհելով հիվանդությունը, իրեն լիովին նվիրում է հեղափոխությանը: Ընկեր Լենինը թախանձագին պնդում է, որ նա արձակուրդ գնա: Ձերժինսկին կտրականապես հրաժարվում է: Զուգահեռ զարգանում է Տիմոֆեյի գիծը: Պոլինայի հանդեպ անասնական կիրքը ժամանակավորապես վարագուրում է համաշխարհային հեղափոխությունը նրա աչքին: Պոլինան մանրբուրժուական տրամադրությունների տիպիկ արտահայտիչ է…
– Ոնց որ ասած՝ սպեկուլյա՞նտ,- հարցրեց Լեբեդևան:
– Մի՛ ընդհատեք… Նրա երազանքը քաղքենիական բարեկեցությունն է: Տիմոֆեյի մեջ պայքարում են զգացմունքն ու պարտքը: Ձերժինսկու անձնական օրինակը երիտասարդի վրա ուժեղ բարոյական ազդեցություն է թողնում: Արդյունքում՝ պարտքի զգացումը հաղթում է… Հուսով եմ՝ ամեն ինչ պարզ է: Այսպես, Ձերժինսկին աշխատում է: Ցո՛ւրիկով, նստեք ձախից… Ներս է մտնում Վլադիմիր Իլյիչը: Նրա ձեռքին ճամպրուկ կա: Ճամպրուկ առայժմ չունենք, կօգտագործենք հարմոնի տուփը: Վերցրե՛ք: Եվ այսպես՝ մտնում է Իլյիչը:
Գուրինը խնդմնդաց և աշխույժ արտաբերեց.
– Բարև՛ ձեզ, Ֆելի՛քս Էդմունդովիչ:
(Նա լենինավարի էր խոսում. «Բաղև՛ ձեզ»):
Ցուրիկովը քորեց վիզն ու մռայլ պատասխանեց.
– Բարև:
– Ավելի հարգալից,- հուշեց քաղղեկը:
– Բարև ձեզ,- ձայնը մի քիչ բարձրացնելով՝ կրկնեց Ցուրիկովը:
– Գիտե՞ք, Ֆելի՛քս Էդմունդովիչ, ինչ է իմ ձեռքին:
– Ճամպրուկ է, Վլադիմի՛ր Իլյիչ:
– Իսկ ինչի՞ համար է, գիտե՞ք:
– Թողնե՜լ,- բղավեց քաղղեկը,- այստեղ գրված է՝ «Լենինը՝ խորամանկ ժպտալով»: Ո՞ւր է «խորամանկ ժպիտը», չեմ տեսնում:
– Կլինի,- հավաստիացրեց Գուրինը:
Նա առաջ պարզեց ձեռքը, որով պատյանն էր բռնել ու լկտի աչքով արեց Ձերժինսկուն:
– Հրաշալի է,- ասաց Խուռիևը,- շարունակեք՝ «Իսկ ինչի՞ համար է, գիտե՞ք…»:
– Գաղափար չունեմ,- ասաց Ցուրիկովը:
– Առանց գռեհկության,- նորից միջամտեց Խուռիևը,- ավելի մեղմ, ձեր առաջ ինքը Լենինն է: Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը:
– Գաղափար չունեմ,- անփոփոխ մռայլությամբ կրկնեց Ցուրիկովը:
– Արդեն լավ է, շարունակե՛ք:
Գուրինը նորից աչքով արեց՝ ավելի սանձարձակ:
– Ճամպրուկը ձեզ համար է, Ֆելի՛քս Էդմունդովիչ: Որպեսզի դուք, աղավնյա՛կս, շտապ մեկնեք հանգստանալու:
Ցուրիկովն առանց ջանք անելու քորեց թիակը:
– Չեմ կարող, Վլադիմի՛ր Իլյիչ, ամենուրեք հակահեղափոխություն է: Մենշևիկներ, էսեռներ, բուրժուական լրբեսներ…
– Լրտեսներ,- ուղղեց Խուռիևը,- շարունակեք:
– Ձեր առողջությունը, Ֆելի՛քս Էդմունդովիչ, պատկանում է հեղափոխությանը: Ընկերներիս հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ պիտի հանգստանաք: Սա ձեզ ասում եմ որպես ժողկոմխորհի նախագահ:
Այստեղ անսպասելիորեն կանացի ողբ լսվեց: Լեբեդևան գլուխը սփռոցին գցած՝ հեկեկում էր:
– Ի՞նչ է պատահել,- զայրացած հարցրեց քաղղեկը:
– Ֆելիքսը մե ՜ղք է,- բացատրեց Թամարան,- լղար, ոնց որ ճիճու:
– Հենց դիստրոֆիկներն են բոլորից երկար ապրում,- քամահրանքով ասաց Գեշան:
– Ընդմիջում,- հայտարարեց Խուռիևը:
Հետո դարձավ ինձ:
– Դե ինչպե՞ս է: Իմ կարծիքով՝ որսացի՞ն գլխավորը:
– Վա՜յ,- բացականչեց Լեբեդևան,- էնքան իրական է, ոնց որ հեքիաթում…
Ցուրիկովը մոլեգին քորեց փորը: Քորելիս հայացքը մշուշվում էր:
Գեշան ուսումնասիրում էր փախուստների քարտեզը: Դա կասկածելի էր թվում, թեև քարտեզը վարագուրված չէր:
Գուրինը զննում էր մարզական գավաթները:
– Շարունակե՛ք,- ասաց Խուռիևը:
Դերասանները հանգցրեցին ծխախոտները:
– Հերթը Տիմոֆեյինն ու Պոլինայինն է: Տեսարանը՝ Չեկայի ընդունարանում: Տիմոֆեյը հերթապահում է կոմուտատորի մոտ: Ներս է մտնում Պոլինան: Սկսեցի՛նք:
Գեշան նստեց աթոռակին ու մտքի մեջ ընկավ: Լեբեդևան, վարդագույն թաշկինակը թափահարելով, քայլեց նրա կողմը:
– Տիմո՛շա, ա՛յ Տիմոշա:
Տիմոֆեյ.
– Ինչի՞ ես եկել: Հո տանը բան չի՞ պատահել…
– Չեմ կարող ես առանց քեզ, կապտափետո ՜ւր աղավնիս…
Տիմոֆեյ.
– Տուն գնա, Պո՛լյա: Էստեղ, ախր, խրճիթ-ընթերցարան չի:
Լեբեդևան բռունցքները սեղմեց քունքերին և թանձր ու զիլ ծղրտաց.
– Օտա ՜ր եմ ես քեզ, չե ՜ս սիրում…Կործանեցիր դու իմ ջահել կյանքը…Լքեցի ՜ր, թողեցիր մենակ, ոնց որ արոսենին դաշտում…
Լեբեդևան դժվարությամբ էր զսպում հեկեկոցը: Աչքերը կարմրեցին: Տուշը ծորաց թաց այտերով…
Տիմոֆեյն, ընդհակառակը, համարյա ձեռ էր առնում.
– Էդպիսին է մեր աշխատանքը,- ատամների արանքից նետեց նա:
– Գնայի՜նք աշխարհի ծերը,- ոռնում էր Պոլինան:
– Վրանգելի մո՞տ, ինչ է,- զգաստանում էր Գեշան:
– Հրաշալի է,- կրկնում էր Խուռիևը:- Լե՛բեդևա, մի ցցեք ձեր քամակը: Չմիխալո՛վ, մի՛ փակեք հերոսուհուն: (Այսպես իմացա Գեշայի ազգանունը՝ Չմիխալով): Գնացի՛նք… Մտնում է Ձերժինսկին… ,Հա ՜, երիտասարդ սերո՞ւնդն է…ե:
Ցուրիկովը հազաց-վերջացրեց ու մռայլ ասաց.
– Հա՜, բո՛զը, երիտասարդ սերո՞ւնդն է:
– Այդ ինչ մակաբույծ բառեր են,- միջամտեց Խուռիևը:
– Հա՜, երիտասարդ սերո՞ւնդն է…
– Ողջություն եմ ցանկանում, Ֆելի՛քս Էդմունդովիչ,- տեղից մի փոքր բարձրանալով՝ ասաց Գեշան:
– Դու պիտի շփոթվես,- հուշեց Խուռիևը:
– Կարծում եմ՝ պիտի վեր թռչի,- խորհուրդ տվեց Գուրինը:
Գեշան, աթոռակը շուռ տալով, վեր թռավ տեղից: Ու պատվի առավ՝ ափը հպելով խուզած գլխին:
– Ողջությո՜ւն եմ ցանկանում,- գոռաց:
Ձերժինսկին զզվանքով սեղմեց նրա ձեռքը: Զոնայում արվամոլներին չէին սիրում: Հատկապես՝ պասիվներին:
– Ավելի՛ եռանդուն,- խնդրեց Խուռիևը:
Գեշան սկսեց արագախոսել: Գնալով՝ ավելի ու ավելի արագ: Նա շտապում էր, կուլ էր տալիս բառերը.
– Չգիտեմ՝ ինչ անեմ, Ֆելի՛քս Էդմունդովիչ… Իմ Պոլինկան լրիվ վայրենացել է: Խանդում է ծառայությանս, իմացա՛ր (Գեշայի արտասանությամբ ստացվում էր «իմցար»)… Կարոտում եմ՝ ասում է… Իսկ ես, ախր, սիրում եմ նրան՝ Պոլինային, այսինքս… Իմ հարսնացուն է նա, իմացա ՜ր: Սիրտս գրավել է, իմացա ՜ր…
– Դարձյալ մակաբույծ բառեր են,- ճչաց Խուռիևը,- ուշադիր եղեք:
Լեբեդևան շրջվելով՝ շուրթերն էր ներկում:
– Ընդմիջում է,- հայտարարեց քաղղեկը:- Այսօրվա համար բավական է:
– Ափսո ՜ս,- ասաց Գուրինը,- նոր էի սկսում ոգեշնչվել:
– Եկեք ամփոփենք արդյունքները:
Խուռիևը հանեց նոթատետրն ու շարունակեց.
– Լենինը քիչ թե շատ մարդու նման է: Տիմոֆեյին՝ չորսից հանած: Պոլինան, անկեղծ ասած, ավելի լավն է, քան կարծում էի: Իսկ այ, Ձերժինսկին համոզիչ չէ, ակնհայտորեն համոզիչ չէ: Հիշեք, Ձերժինսկին հեղափոխության խիղճն է: Ասպետ աներկյուղ և անբասիր: Իսկ ձեզ մոտ ինչ-որ ռեցիդիվիստ է ստացվում:
– Կաշխատեմ,- անտարբեր հավաստիացրեց Ցուրիկովը:
– Գիտե՞ք՝ ինչ էր ասում Ստանիսլավսկին,- շարունակեց Խուռիևը,- Ստանիսլավսկին ասում էր՝ չե՛մ հավատում: Եթե դերասանը կեղծում էր՝ Ստանիսլավսկին ընդհատում էր փորձը և ասում էր՝ չե՛մ հավատում:
– Մենթերն էլ են նույնը ասում,- նկատեց Ցուրիկովը:
– Ի՞նչ,- չհասկացավ քաղղեկը:
– Մենթերը, ասում եմ, մի գլուխ էդ են կրկնում: Չե՛մ հավատում… Չե՛մ հավատում… Մի անգամ ինձ Ռոստովում բռնեցին, քննիչն էլ բոզի տղա էր…
– Չափն անցնում եք,- բղավեց քաղղեկը:
– Այն էլ տիկնոջ ներկայությամբ,- ասաց Գուրինը:
– Ես ձեզ համար տիկին չեմ,- ձայնը բարձրացրեց Խուռիևը,- ես կանոնավոր բանակի սպա եմ:
– Ձեր մասին չասացի,- բացատրեց Գուրինը,- այլ Լեբեդևայի…
– Հա՜,- ասաց Խուռիևը:
Հետո դարձավ ինձ.
– Հաջորդ փորձին ավելի ակտիվ եղեք: Պատրաստեք ձեր դիտողությունները… Դուք քաղաքավարի մարդ եք, կրթված… Իսկ հիմա կարող եք գնալ: Կհանդիպենք չորեքշաբթի օրը… Ի՞նչ պատահեց, Լե՛բեդևա:
Թամարան թաշկինակը ճմռթելով ՝ մանրիկ դողում էր:
– Ի՞նչ է պատահել,- հարցրեց Խուռիևը:
– Տառապում եմ…
– Հրաշալի ՜ է: Դա կոչվում է վերամարմնավորում:
Մենք հրաժեշտ տվեցինք իրար ու ցրվեցինք: Գուրինին ուղեկցեցի մինչև վեցերորդ բարաքը: Ճանապարհիս էր:
Արդեն մթնել էր: Արահետը լուսավորում էին ցանկապատի գլխին շարված դեղին լամպերը: Պահակաշները շղթաները զնգզնգզցնելով վազվզում էին կրակաշերտում:
Գուրինն անսպասելի հարցրեց.
– Իսկ նրանք ինչքա՞ն են կոտորել:
– Ո՞վ,- չհասկացա ես:
– Էդ գելխեղդներն, էլի, Լենինն ու Ձերժինսկին: Հեղափոխության ասպետները:
Չպատասխանեցի: Ի՞նչ իմանայի, կարելի՞ է նրան վստահել: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է Գուրինն այսպես անկեղծացել…
Զեկը չէր հանդարտվում.
– Այ, ես, օրինակ, նստել եմ գողության համար: Թիթեռը, ենթադրենք, իր մահակն էնտեղ չի խրել, ուր պետք էր: Գեշայի հարցը վերավաճառքի մակարդակի է, իսկ դրանք Ռուսաստանը արյան մեջ խեղդեցին ու՝ ոչինչ…
– Դե,- ասում եմ,- դուք արդեն չափն անցնում եք…
– Ո՞ւր եմ անցնում: Դրանք հենց իսկական արնախումներն են որ կան:
– Լսե՛ք, վերջացնենք այս խոսակցությունը:
– Եղա ՜վ,- ասաց նա…

Դրան հաջորդեց ևս երեք թե չորս փորձ: Խուռիևը տաքանում էր, ճակատը սրբում զուգարանի թղթով ու բղավում.
– Չե՜մ հավատում: Լենինը չափազանցնում է: Տիմոֆեյը խփնված է: Պոլինան քամակն է խաղացնում: Իսկ Ձերժինսկին ընդհանրապես բանդիտի նման է:
– Ուրիշ ինչի՞ նման լինեմ,- մռայլ հարցնում է Ցուրիկովը,- ինչ կամ՝ էն եմ:
– Դուք լսե՞լ եք վերամարմնավորման մասին,- հետաքրքրվում էր Խուռիևը:
– Լսել եմ,- վարանոտ պատասխանում էր զեկը:
– Իսկ ի՞նչ եք լսել, պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ:
– Վերամարմնավորումն էն է,- Ձերժինսկու փոխարեն բացատրում է Գուրինը,- որ փչացված գողերը գնում են քավորի համար աշխատելու, կամ էլ, ասենք, տեղով մեկ հարիֆ է, բայց գողական է ման գալի…
– Լռե ՜լ, – զայրանում է Խուռիևը:- Լե՛բեդևա, մի ընդգծեք ձեր մարմնաձևերը: Ավելի շատ մտածեք բովանդակության մասին:
– Կրծքերս դողում են,- բողոքում էր Լեբեդևան,- ու ոտերս էլ թմրել են: Որ հուզվում եմ, միշտ էլ չաղանում եմ, իսկ կերածս կաթնաշոռ է, մեկ էլ ձու:
– Էդ բացիլի մասին ոչ մի խոսք,- նրան ընդհատում էր Գուրինը:
– Եկեք,- իրար էր անցնում Գուրինը,- մի հատ էլ փորձենք:- Զգում եմ, որ էս անգամ հաստատ կվերամարմնավորվեմ…
Ես աշխատում էի ակտիվություն դրսևորել: Հո անունս իզուր չէի՞ն ջնջել ուղեկցորդողների գրաֆիկից: Ավելի լավ է փորձերին մասնակցես, քան սառչես տայգայում:
Ինչ-որ բաներ էի ասում, օգտագործում ինչ-ինչ արտահայտություններ՝ միզանսցեն, գերխնդիր, հանրային միայնություն…
Ցուրիկովը համարյա չէր մասնակցում խոսակցություններին: Իսկ եթե արտահայտվում էր՝ միանգամայն անսպասելի: Հիշում եմ՝ խոսում էինք Լենինի մասին, ու Ցուրիկովը հանկարծ ասաց.
– Պատահում է՝ մարդը տեսքից պահելու բան չի, բայց էն բանը, դու ողջ լինես, ոնց որ հատուկ երշիկ:
– Կարծում ես՝ հիշու՞մ ենք ինչ տեսք ուներ: Այսինքն՝ երշիկը,- վրա բերեց Գուրինը:
– Լռե ՜լ,- զայրանում էր քաղղեկը…

Մեր դրամխմբակի մասին լուրերը տարածվեցին ճամբարում: Պիեսի և հեղափոխության առաջնորդների հանդեպ վերաբերմունքը երկակի էր: Լենինին ընդհանուր առմամբ հարգում էին: Ձերժինսկուն՝ ոչ այնքան: Ճաշարանում կարգագրիչներից մեկը հանդիմանեց Ցուրիկովին.
– Գո՜րծ ես գտել քո համար, Թիթե՛ռ, չեկի՜ստ ես դառել:
Ի պատասխան Ցուրիկովը շերեփով լուռումունջ հասցրեց նրա գլխին: Կարգագրիչն ընկավ: Լռություն տիրեց: Հետո անտառահատարանի մռայլադեմ գերանավարները Ցուրիկովից պահանջեցին.
– Շերեփը լվա՛: Հո էդ վիճակով ճաշի մեջ չե՞նք խոթելու:
Գեշային ժամանակ առ ժամանակ հարցնում էին.
– Դու ու՞մ ես ներկայացնում, Կրուպսկայայի՞ն…
Գեշան խուսափողաբար էր արձագանքում.
– Դե, մեկը կա, աշխատավոր տղա է… «օրենքով»…
Միայն Գուրինն էր մեծալուրջ տեսքով շրջում ճամբարով մեկ: Նա լենինավարի խոսել էր սովորել.
– Ճշմաղիտ ճանապաղով եք գնում, ընկե՛ղ ղեցիդիվիստնեղ…
– Նման է,- ասում էին կալանավորները,- մաքուր կինո…
Խուռիևն օրեցօր ավելի ու ավելի էր նյարդայնանում: Գեշան քայլում էր շորորալով, խոսում էր հրամայելու պես՝ ժամանակ առ ժամանակ շտկելով գոյություն չունեցող մաուզերը: Լեբեդևան համարյա անընդմեջ հեծկլտում էր՝ նույնիսկ հիմնական աշխատանքի ժամանակ: Այնպես էր լցվել, որ արդեն մինչև վերջ չէր կարողանում ձգել արտասահմանյան ճտքակոշիկների շղթայիկները: Մինչևիսկ Ցուրիկովը թեթևակի կերպարանափոխվել էր. նրան վարակել էր թոքախտավորի խռպոտ հազը: Բայց այլևս չէր քորվում:
Եկավ գլխավոր փորձի օրը: Լենինի դեմքին փոքրիկ մորուք ու բեղեր կպցրին: Այդ նպատակով պատժախցից ժամանակավոր արձակեցին դրամանենգ Ժուրավսկուն: Նա լավ ձեռք ուներ և պրոֆեսիոնալ գեղարվեստական ճաշակ: Գուրինը սկզբում ուզում էր իսկական մորուք պահել: Բայց օպերն ասաց, որ դա արգելված է կանոնադրությամբ:
Ներկայացումից մեկ ամիս առաջ դերասաններին թույլատրեցին գլուխները չխուզել: Գուրինը պահպանեց իր հավաստի պատմական ճաղատը: Գեշան, պարզվեց, շեկ է: Ցուրիկովի գլխին լիովին տանելի մազածածկույթ ձևավորվեց:
Լենինին նեղլիկ քաղաքացիական կոստյում հագցրին, ինչը համապատասխանում էր կենսական ճշմարտությանը: Գեշայի համար լեյտենանտ Ռոդիչևից փոխ առան կաշվե պիջակը: Լեբեդևան մի քիչ կարճացրեց իր կիրակնօրյա թավշե զգեստը: Ցուրիկովի համար դիագոնալե գիմնաստյորկա դուրս գրեցին:
Գլխավոր փորձի օրը Խուռիևը սարսափելի նյարդայնանում էր: Թեև բոլորն էլ տեսնում էին, որ արդյունքից գոհ է: Ասում էր.
– Լենինին՝ իսկական չորս: Տիմոֆեյին՝ չորսին գումարած: Ձերժինսկուն՝ երեքից հանած: Պոլինային մի կերպ երեք…
– Գիծը կա,- հավաստիացնում էին փորձերին մասնակցող դրամանենգ Ժուրավսկին,- գիծը կա…
– Իսկ դու՞ք ինչ կասեք,- ինձ էր դառնում քաղղեկը:
Ես ինչ-որ բան էի ասում գերխնդրի ու ենթատեքստի մասին: Խուռիևը գոհացած գլխով էր անում…

Այդպես մոտեցավ Նոյեմբերի յոթը: Առավոտից ցանկապատի վրա չորս կարմիր դրոշ կախեցին: Հինգերորդն ամրացրին տուգանային մեկուսարանւի ճակատին: Մետաղյա բարձրախոսներից սփռվում էին «Վարշավյանկայի» հնչյունները:
Այդ օրն աշխատում էին միայն տնտեսական մասի հավաքարարները: Անտառահատարանը փակ էր: Արտադրական բրիգադները մնացել էին զոնայում: Կալանավորներն աննպատակ թրև էին գալիս արգելաշերտի երկայնքով: Ցերեկվա մեկի կողմերը նրանց մեջ հարբածներ հայտնվեցին:
Նման վիճակ էր նաև զորանոցում: Դեռևս առավոտից ոմանք գնացին խմիչք ճարելու: Մյուսները, գիմնաստյորկաների կոճակներն արձակած, թափառում էին տարածքում:
Զինապահեստը հսկում էին վեց հոգի՝ գերակետիկ ծառայության վստահելիներից: Մթերային պահեստի մոտ հերթապահում էր ավագը:
Հայտարարությունների տախտակին հրաման փակցրին. ,Հոբելյանի կապակցությամբ զինվորական զգոնության ուժեղացման մասինե:
Ժամը երեքին մոտ կալանավորներին հավաքեցին վեցերորդ բարաքին կից փոքրիկ հրապարակում: Ճամբարի պետ մայոր Ամոսովը համառոտ ճառ կարդաց: Նա ասաց.
– Հեղափոխական տոները վերաբերում են բոլոր սովետական քաղաքացիներին… Նույնիսկ նրանց, ովքեր ժամանակավորապես շեղվել են… Որևէ մեկին սպանել են, կողոպտել, բռնաբարել, մի խոսքով, շուխուռ են արել… Կառավարությունն այդ մարդկանց ուղղելու հնարավորություն է տալիս… Տքնաջան ֆիզիկական աշխատանքի միջով նրանց առաջնորդում է դեպի կոմունիզմ…Կարճ ասած, կեցցե մեր սովետական պետության հոբելյանը… Իսկ հարբածներին և ուռածներին մենք, ինչպես ասում են, կպատժենք… Չխոսելով արդեն անասնապղծության մասին… Թե չէ հարևանների էծերի կեսի հետ եղել եք, ձեր մե ՜րը…
– Ա՜յ քեզ բան,- լսվեց շարքից,- ի՞նչ է դուրս գալիս: Ես Զապորոժիեի մարզկոմի երկրորդ քարտուղարի աղջկան էի պառկացնում, էծին, ի՞նչ է, իրավունք չունե՞մ…
– Լռեք, Գո՛ւրին,- ասաց ճամբարի պետը,- նորից դուք եք հանդես գալիս: Մենք նրան ընկեր Լենինի դերն ենք վստահել, իսկ ինքը մի գլուխ էծ է երազում: Ի՜նչ ժողովուրդ եք…
– Սովորական ժողովուրդ ենք,- պատասխանեցին շարքից,- շանորդիք ու արնախումներ:
– Տեսնում եմ, վերջացած մարդիկ եք,- ասաց մայորը:
Նրա թիկունքից դուրս լողաց Խուռիևը:
– Մի րոպե, մի՛ ցրվեք: Վեցն անց երեսուն րոպեին ընդհանուր ժողովն է: Հանդիսավոր մասից հետո՝ համերգ: Ներկայանալը պարտադիր է: Հրաժարվողները կգնան մեկուսարան: Հարցեր կա՞ն:
– Լիքը,- ձայն տվեցին շարքից:- Հարցնե՞նք: Ո՞ւր է չքացել լվացքի օճառը: Ո՞ւր են խոստացված տաք փաթաթանները: Ինչի՞ երրորդ ամիսն է՝ կինո չեն բերում: Ոստ հատողներին ձեռնոցներ կտա՞ն թե չէ… Էլի՞: Անտառահատարանում ե՞րբ են արտաքնոց սարքելու…
– Կամա՜ց, կամա՜ց,- բղավեց Խուռիևը:- Բողոքները՝ ընդունված կարգով, բրիգադիրների միջոցով: Իսկ հիմա ցրվեք…
Մի քիչ փնթփնթացին ու ցրվեցին…

Ժամը վեցի կողմերը կալանավորները սկսեցին խումբ-խումբ հավաքվել գրադարանի մոտ: Այստեղ՝ նախկին ատաղձագործական արհեստանոցում էին տեղի ունենում ընդհանուր ժողովները: Անպատուհան փայտաշեն մարագը հինգ հարյուր մարդ էր տեղավորում:
Կալանավորները սափրվել էին ու մաքրել կոշիկները: Զոնայի վարսավիրը մարդասպան Մամեդովն էր: Ամեն անգամ որևէ մեկի վիզը սրբիչով փաթաթելիս Մամեդովն ասում էր.
– Չըխկ, ու հոգիդ թռա՜վ…
Դա նրա սիրած պրոֆեսիոնալ կատակն էր:
Ճամբարի վարչությունը տոնական համազգեստերով էր: Քաղղեկ Խուռիևի սապոգներն արտացոլում էին կրակաշերտի վրա թարթող լամպերի դեղին լույսը: Տնտեսական մասի ազատվարձու կանայք էժանագին օդեկոլենի բույր էին տարածում: Քաղաքացիական ծառայողներն արտասահմանյան պիջակներ էին հագել:
Մարագը փակ էր: Դռան մոտ խմբվել էին գերակետիկ ծառայության մեջ գտնվողները: Ներսում նախապատրաստվում էին հանդիսավոր մասին:
Բրիգադավար Ագեշինը դռան վրա պլակատ էր փակցնում: Ալ պաստառին դեղին տառերով գրված էր.
«Կուսակցությունը մեր ղեկապետն է»:
Խուռիևը վերջին հրահանգներն էր տալիս: Նրան շրջապատել էին Ցուրիկովը, Գեշան, Թամարան: Հետո հայտնվեց Գուրինը: Ես էլ մոտեցա:
Խուռիևն ասաց.
– Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի՝ մեկ շաբաթ արձակուրդ եմ տալիս: Բացի այդ, արտագնա ներկայացում է ծրագրվում, Ռոպչայում:
– Էդ որտե՞ղ է,- հետաքրքրվեց Լեբեդևան:
– Շվեյցարիայում,- պատասխանեց Գուրինը:
Վեցն անց երեսունին մարագի դռները բացվեցին: Կալանավորներն աղմուկով տեղավորվեցին փայտե նստարաններին: Երեք վերակացու ներս բերեցին նախագահության անդամների աթոռները:
Շարքերի միջով դեպի բեմը ձգվեց պետերի շղթայիկը:
Լռություն տիրեց: Ինչ-որ մեկը վախվորած ծափահարեց: Ներկաները միացան նրան:
Խուռիևը ծլեց խոսափողի առաջ: Քաղղեկը ժպտում էր՝ ցուցադրելով վստահելի արծաթե ատամնաշապիկները: Հետո նայեց ձեռքի թերթիկին ու սկսեց.
– Ահա արդեն վաթսուն տարի է, ինչ…
Խոսափողն, ինչպես միշտ, չէր աշխատում:
Խուռիևը բարձրացրեց ձայնը.
– Ահա արդեն վաթսուն տարի է… Լսվու՞մ է:
Պատասխանի փոխարեն դահլիճից ձայն տվին.
– Վաթսուն տարի ազատություն չտեսնես…
Կապիտան Տոկարը վեր կացավ, որ տեսնի, թե ով էր կարգազանցը:
Խուռիևն ավելի բարձրացրեց ձայնը: Նա թվարկեց սովետական իշխանության գլխավոր նվաճումները: Հիշեցրեց Գերմանիայի դեմ տարած հաղթանակը: Լուսաբանեց ընթացիկ քաղաքական պահը: Հընթացս շոշափեց կոմունիզմի շինարարության ընդլայնման խնդիրը:
Հետո ելույթ ունեցավ մի մայոր՝ Սիկտիվկարից: Խոսքը փախուստների և ճամբարային կարգապահության մասին էր: Մայորը խոսում էր ցածրաձայն, նրան չէին լսում…
Հետո բեմ բարձրացավ լեյտենանտ Ռոդիչևը: Նա իր ելույթն այսպես սկսեց.
– Ժողովրդի մեջ մի փաստաթուղթ է ծնվել…
Դրան ինչ-որ բան հաջորդեց, կարծեմ՝ սոցիալիստական պարտավորությունների մասին: Էլի մի քանի դարձվածք մտապահեցի. ,Ճամբարում սպանությունների թիվը կրճատել քսանվեց տոկոսով…ե:
Անցավ մոտ մեկ ժամ: Կալանավորները ցածրաձայն զրուցում էին, ծխում: Վերջին շարքերն արդեն թուղթ էին խաղում: Պատերի տակով անաղմուկ շրջում էին վերակացուները:
Հետո Խուռիևը հայտարարեց.
– Համե՛րգ:
Սկզբում մի անծանոթ զեկ արտասանեց Կռիլովի երկու առակները: Ճպուռին ներկայացնելիս բացեց հովհարը: Մրջյունին անցնելով՝ երևակայական բահն էր թափահարում:
Հետո բաղնիքի վարիչ Տարասյուկը ձեռնածություն էր անում էլեկտրալամպերով: Վերջում Տարասյուկը դրանք միաժամանակ վեր նետեց: Ապա քաշեց փորի ռեզինն ու լամպերը հատ-հատ ընկան սատինե փոխանի մեջ:

Հետո լեյտենանտ Ռոդիչևը արտասանեց Մայակովսկու բանաստեղծությունը: Նա կանգնել էր լայն բացած ոտքերին ու փորձում էր թավաձայն խոսել:
Նրան փոխարինեց ռեցիդիվիստ Շուշանյան, որն առանց նվագակցության կատարեց ,Գնչուհինե: Երբ ծափահարում էին, գոռաց.
– Ափսոս, որ սապոգներս լաքած չեն, տպավորությունն էն չի…
Հետո հայտարարեցին, որ ելույթ կունենա կարգադրիչ Լոգինովը՝ «կիթառի նվագակցությամբ»:
Նա բեմ ելավ, գլուխ տվեց, զնգացրեց լարերն ու սկսեց.

Գնչուհին՝ մաշված խաղաթղթերով,
Հայացքը՝ համառ, ուլունքը՝ շղթա,
Բախտս ուզեցի փորձեմ խաղալով,
Բայց ինձ էլի գեշ թուղթ բաժին ընկավ:
Ինձանից ի՞նչ ես ուզում, իմ անբա՜խտ,
Իմ բա՛խտ, արցունքի ճամփով ես տանում,
Ժանգոտ փշալար ու խիտ ճաղապատ՝
Ստոլիպինյան նեղվածք վագոնում…

Լոգինովին երկար ծափահարեցին ու խնդրում էին կրկնել: Սակայն քաղղեկը դեմ էր: Նա դուրս եկավ և ասաց.
– Ինչպես ասում են՝ լավ է քիչ, բայց լավ:
Հետո շտկեց գոտին, սպասեց, որ լռեն ու գոչեց.
– Հեղափոխական պիես՝ «Կրեմլի աստղերը»: Դերերը կատարում են Ուստ-վիմյան ճամբարակետի կալանավորները: Վլադիմիր Իլյիչ Լենին՝ կալանավոր Գուրին: Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի՝ կալանավոր Ցուրիկով: Կարմիրբանակային Տիմոֆեյ՝ կալանավոր Չմիխալով: Վաճառականի դուստր Պոլինա՝ տնտեսական մասի աշխատակից Լեբեդևա Թամարա Եվգենևնա: Եվ այսպես. Մոսկվա, հազար ինն հարյուր տասնութ թիվ…
Խուռիևը հետ-հետ գնալով՝ անհետացավ: Առաջնաբեմ հանեցին մի աթոռ և կապույտ նրբատախտակից պատրաստված պահարանիկ: Ապա բեմ բարձրացավ Ցուրիկովը՝ դիագոնալե գիմնաստյորկան հագին: Նա քորեց ոտքը, նստեց և մտածմունքի մեջ ընկավ: Հետո հիշեց, որ հիվանդ է ու սկսեց հազալ: Այնպես էր հազում, որ գիմնաստյորկան դուրս պրծավ գոտու տակից:
Իսկ Լենինն այդպես էլ չէր հայտնվում: Հետնաբեմից ուշացումով մի հեռախոս բերեցին՝ առանց լարի: Ցուրիկովը կտրեց հազը, վերցրեց լսափողը և ավելի խորացավ մտածմունքների մեջ:
Դահլիճից սկսեցին ոգևորել.
– Սկսի՜, Թիթե՛ռ, էլ մի ձգի…
Այստեղ հայտնվեց Լենինը՝ ձեռքին մի հսկայական դեղին ճամպրուկ:
– Բարև ձեզ, Ֆելի՛քս Էդմունդովիչ:
– Բարև,- առանց տեղից շարժվելու՝ պատասխանեց Ձերժինսկին:
Գուրինը ցած դրեց ճամպրուկն ու խորամանկորեն աչքերը կկոցելով՝ հարցրեց.
– Իսկ գիտե՞ք, Ֆելի՛քս Էդմունդովիչ, թե սա ինչ է:
– Ճամպրուկ է, Վլադիմի՛ր Իլյիչ:
– Իսկ ինչի՞ համար է, գիտե՞ք:
– Գաղափար չունեմ:
Ցուրիկովը նույնիսկ մի քիչ թեքվեց դեպի հակառակ կողմը՝ կատարյալ անտարբերություն ցուցաբերելով:
Դահլիճից նորից բղավեցին.
– Վե՛ր կաց, Թիթեռնի՛կ, պախանի հետ ես խոսում:
– Սո՛ւս,- պատասխանեց Ցուրիկովը:- Գլուխ կհանենք… Մի տեսակ շա՜տ եք գրագետ:
Եվ չկամությամբ վեր կացավ:
Գուրինը սպասեց, որ լռեն, ու շարունակեց.
– Այս ճամպրուկը ձեզ համար է, Ֆելիքս Էդմունդովիչ: Որպեսզի դուք, աղավնյա՛կս, շտապ մեկնեք հանգստանալու:
– Չեմ կարող, Վլադիմի՛ր Իլյիչ, շուրջը հակահեղափոխություն է: Մենշևիկներ, էսեռներ,- Ցուրիկովը չար նայեց սսկված դահլիճին,- բուրժուական… ո՞նց էր:
– Լրտեսնե՞ր…
– Հա՛, հա՛…
– Ձեր առողջությունը, Ֆելի՛քս Էդմունդովիչ, պատկանում է հեղափոխությանը: Մենք ընկերների հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ դուք պիտի հանգստանաք: Սա ձեզ ասում եմ որպես ժողկոմխորհի՛ նախագահ:
Ցուրիկովը լուռ էր:
– Դուք ինձ հասկացա՞ք:
-Հասկացա,- հիմարավուն քմծիծաղով պատասխանեց Ցուրիկովը:
Ակնհայտորեն տեքստը մոռացել էր:
Խուռիևը մոտեցավ բեմին ու բարձր շշնջաց.
– Արեք ինչ ուզում եք…
– Իսկ ես ինչ կարող եմ ուզել,- նույնպես շշուկով ասաց Ցուրիկովը,- թե որ հիշողությունս փչացել է…
– Արեք ինչ ուզում եք,- ավելի բարձր կրկնեց քաղղեկը,- բայց ես ծառայությունս չեմ թողնի…
– Պարզ է,- ասաց Ցուրիկովը,- չեմ թողնի…
Բայց Լենինն ընդհատեց նրան.
– Հեղափոխության գլխավոր արժեքը մարդիկ են: Նրանց խնայելն ամենակարևորն է… Այնպես որ, պատրաստվեք, աղավնյա՛կս, ու՝ դեպի Ղրի ՜մ, դեպի Ղրի ՜մ…
– Դեռ վաղ է, Վլադիմի՛ր Իլյիչ, վա ՜ղ է… Այ, մենշևիկների վերջը կտանք, կգլխատենք բուրժուական կոբրային…
– Ոչ թե կոբրային, այլ հիդրային,- հուշեց Խուռիևը:
– Մեկ չի՞,- ձեռքը թափ տվեց Ձերժինսկին:
Հետո ամեն ինչ քիչ թե շատ հարթ գնաց: Լենինը համոզում էր, Ձերժինսկին չէր համաձայնում: Ցուրիկովը մի քանի անգամ գոռաց Լենինի վրա:
Հետո բեմ ելավ Տիմոֆեյը: Ռոդիչևի կաշվե պիջակը չեկիստական բաճկոն էր հիշեցնում: Պոլինան Տիմոֆեյին հրավիրում է փախչել աշխարհի ծայրը:
-Վրանգելի մո՞տ, ինչ է,- հարցնում էր փեսացուն ու ճանկում գոյություն չունեցող մաուզերը:
Դահլիճից գոռում էին.
– Բաց չթողնես դրան: Քաշ տու տեղաշոր: Ցույց տու, որ շալվարիդ մեջ դեռ ծուղրուղու անող կա…
Բարկացած Լեբեդևան ոտքը գետին էր խփում, շտկում թավշյա զգեստը: Ու կրկին մոտենում էր Տիմոֆեյին.
– Կործանեցիր դու իմ ջահելությունը: Լքեցիր, թողեցիր մենակ, ոնց որ արոսենին դաշտում…
Դահլիճից լսվում էր.
– Տես ոնց է փրփրել քածը: Գիտի, որ իրա մոմը պրծնելու վրա է…
Մյուսներն առարկում են.
– Մի՛ վախեցրեք դերասանուհուն, շնե՛ր: Թողեք սեանսը լրիվանա:
Հետո բացվեց մարագի դուռը, և օպեր Բորտաշևիչը կանչեց.
– Դատական պահակախումբը՝ մուտքի մոտ: Լյո՛ւբչենկո, Գո՛ւսև, Կորա՛լիս, զենք ստացեք: Սերժանտ Լախնո՛, վազքով՝ փաստաթղթերի հետևից…
Չորս ուղեկցորդողներ ձգվեցին դեպի ելքը:
– Ներեցե՛ք,- ասաց Բորտաշևիչը:
– Շարունակե՛ք,- ձեռքով արեց Խուռիևը:
Ներկայացումն ավարտվում էր: Ճամպրուկը պահեցին ավելի լավ ժամանակների համար: Ֆելիքս Ձերժինսկին մնաց մարտական պահակակետում: Վաճառականի դուստրը մոռացավ իր նկրտումները…
Խուռիևը հայացքով գտավ ինձ ու գոհունակությամբ գլխով արեց: Առաջին շարքում հաճույքից աչքերն էր կկոցել մայոր Ամոսովը:
Վերջապես Վլադիմիր Իլյիչը մոտեցավ խոսափողին: Մի քանի վայրկյան լուռ էր: Հետո դեմքը պայծառացավ պատմական կանխատեսության լույսով:
– Այս ո՜վ է, – բացականչեց նա,- այս ո՜վ է…
Դալուկ ու վտիտ դեմքերը դահլիճի կիսախավարից նայում էին առաջնորդին:
– Այս ովքե՞ր են, այս ի՞նչ երջանիկ, ջահել դեմքեր են: Այս ի՞նչ ուրախ ու պայծառ աչքեր են: Մի՞թե յոթանասունականների երիտասարդությունն է…
Դերասանի ձայնի մեջ ռոմանտիկ թրթիռներ հայտնվեցին: Նրա խոսքը երանգավորված էր անկեղծ հուզմունքով: Նրա ուժեղ, դաջվածքներով պատված ձեռքը պարզվել էր երկինք:
– Մի՞թե նրանք են, ում համար բարիկադներ էինք կառուցում: Մի՞թե հեղափոխության փառավոր թոռներն են…
Նախ երկչոտ ծիծաղեց առաջին շարքը: Մի վայրկյան անց բոլորը հռհռում էին: Ընդհանուր աղմուկի մեջ լսվում էր մայոր Ամոսովի բասը: Բարալիկ ծղրտում էր Լեբեդևան: Ձեռքերն ազդրերին էր խփում Գեշա Չմիխալովը: Ցուրիկովը հենց բեմի վրա պոկեց փոքրիկ մորուքն ու զգույշ դրեց հեռախոսի մոտ:
Վլադիմիր Իլյիչը փորձում էր շարունակել.
– Նախանձում եմ ձեզ, գալիքի՛ պատվիրակներ: Այդ ձեզ համար մենք վառեցինք նորակառույցների առաջին լույսերը: Հանուն ձեզ… Դե թողեք վերջացնեմ, սրիկանե՜ր: Շան պոչի չափ բան է մնացել…
Դահլիճը Գուրինին պատասխանեց սոսկալի, չդադարող ոռնոցով.
– Պապանձվի գողական աշխարհի առաջ, թլի՛կ…
– Հեյ, ո՞վ կա էդտեղ, խուտուտ տվեք էդ Մոպասանին…
– Թռի էստեղից, հոպա՛ր, թխվածքդ վառվեց…
Խուռիևը մոտեցավ բեմեզրին ու ձգեց առաջնորդի շալվարի փողքը.
– Երգեցե՛ք:
– Արդե՞ն,- հարցրեց Գուրինը,- երկու տող բան է մնացել: Բուրժուազիայի, մեկ էլ աստղերի մասին:
– Բուրժուազիան թողեք, անցե՛ք աստղերին: Ու միանգամից՝ «Ինտերնացիոնալը»:
– Պայմանավորվեցինք:
Գուրինը դահլիճին դառնալով՝ բղավեց.
– Վերջացրե՛ք բազառը:
Ու վրիժառու տոնով ավելացրեց.
– Ուրեմն թող շողան ձեզ համար, գալիքի՛ երեխաներ, մեր կրեմլյան աստղերը…
– Գնացի՛նք,- հրամայեց Խուռիևը:
Հրացանի շամփուրը թափահարելով՝ նա սկսեց չափ տալ: Դահլիճը լռեց: Գուրինն անսպասելի գեղեցիկ, մաքուր ու զնգուն տենորով երգեց.
…Ելիր, ում կյանքը անիծել է…
Ապա՝ կատարյալ լռության մեջ.
…Ով ճորտ է, մերկ է և ստրուկ…
Նա հանկարծ տարօրինակ կերպարանափոխվեց: Արդեն գյուղացի էր, գեղջուկ, խորհրդավոր ու խորամանկ, ինչպես իր երեկվա նախնիները: Դեմքը՝ երազկոտ ու կոպիտ: Աչքերը կիսախուփ էին:
Անսպասելիորեն նրան ձայնակցեցին: Նախ, մի անվստահ ձայն, հետո՝ երկրորդը, երրորդը: Եվ ահա լսում եմ անկանոն ու անմիաբան երգչախմբին.
…Արդեն վառվում են մեր սրտերը…
Բազմաթիվ դեմքեր ձուլվեցին մեկ դողդոջուն կետի մեջ: Դերասանները բեմում արձանացան: Լեբեդևան բռունցքները սեղմել էր քունքերին: Խուռիևը շամփուրն էր թափահարում: Հեղափոխության առաջնորդի շուրթերին սառել էր տարօրինակ երազկոտ ժպիտը…
…Այս հին աշխարհը կքանդենք մենք…
Մինչև հիմքերը և հետո…
Հանկարծ կոկորդս ցավագին սեղմվեց: Ես առաջին անգամ իմ առանձնահատուկ, չտեսնված երկրի մասնիկն էի: Ես ամբողջովին կազմված էի դաժանությունից, սովից, հիշողությունից, չարությունից… Արցունքները մի պահ կուրացրին ինձ: Չեմ կարծում, թե դա որևէ մեկը նկատած լիներ…
Իսկ հետո ամեն ինչ լռեց: Վերջին տունը մի կերպ ձգեցին մի քանի միայնակ, շփոթված ձայներ:
– Ներկայացումն ավարտված է,- ասաց Խուռիևը:
Նստարանները շուռ տալով՝ կալանավորները շարժվեցին դեպի ելքը:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *