Հովհաննես Գրիգորյան | Վերջին խոսք

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

***
Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար,
ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,
և ոչ էլ դուդուկը; – Չէ, –
հանկարծ ասաց կինը,- մի փոսը
հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,
թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,
չվախենան հանկարծ…
…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած
սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ…

***

…Դեկտեմբերյան այն գիշեր դու արտասվեցիր
քաղաքի պարիսպների տակ` չթաքցնելով
արցունքներդ, ինչպես տարիներ առաջ, երբ
հայրդ հրաժարվեց ապրել այս աշխարհում:
Դեկտեմբերյան այն գիշեր` ծալվող ծնկներով,
պարիսպների տակ կանգնած – ես չգիտեի,
մեծ ցավը միայնակ չի գալիս:
Ես էլ էի արտասվում բոլորի հետ: Իսկ հետո,
օրեր և ամիսներ հետո, երբ չարչարվում էի
ու ոչինչ չէի կարողանում գրել, հասկացա,
որ իմ ամենակարևոր բառերն արտասվել եմ
ավերված քաղաքի պարիսպների տակ…

 

***

Կարծում եք, հե՞շտ է ապրել,
երբ քաղաքն ուր ծնվել ես – չկա,
իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք, հե՞շտ է հիշել,
երբ մոռացումն է փրկություն – չկա,
իսկ դու շարունակում ես հիշել:
Կարծում եք, հե՞շտ է քնել,
երբ աչքերդ արցունքով են լցված,
երբ ուրախ պատկերները հիմա
տեսնում ես միայն երազում –
կարծում եք, հե՞շտ է արթնանալ…


ԿՑԿՏՈՒՐ ԽՈՍՔԵՐ

Ինձ ոչ ոք այնպես չի տանջել, ինչպես դու
դու, որին սիրել եմ,
ինչպես ոչ մեկին…
Եվ հիմա ինչպես պիտի ապրեմ ես,
իմ սևավոր քաղաք,
այս վիթխարի գերեզմանոցը
սրտիս մեջ:
Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ
ես,
որ մոլորված քայլում եմ քո փողոցներով,
գլխահակ, որովհետև
ինչպե՞ս նայեմ մարդասպան շենքերին,
դպրոցներին-մանկասպան,
ծննդատներին,
որ ավերմունքի փոշով
խեղդեցին նորածիններին
թշնամու ատելությամբ…
Անհաղորդ ու սառն է հոգիս
ինչպես շիրմաքար ձմռան գիշերվա կեսին:
Ահա մի օր էլ անցավ:
Կանցնեն էլի, բազմաթիվ օրեր:
Բայց ես չեմ ների քեզ այս օրը,
երբ նայեցի դեմքիդ
և չճանաչեցի…

 

Գարուն-1992

Ձմեռն այնպես վերջացավ, ինչպես վիշապն է սատկում
հեքիաթների ամենավերջում,
ինչպես պատերազմն է վերջանում՝ երկար տարիներ տևած…
Եւ ոչինչ, որ գարնան առաջին ամպրոպի փոխարեն
արկեր ու ռումբեր պայթեցին
և փամփուշտների հորդառատ անձրև տեղաց:
Հետո իսկական անձրևն եկավ. մարդիկ թափվեցին փողոց՝
կոտրված ժպիտ կար դեմքերին ուշացած երջանկության…
Եւ ոչինչ, որ ավելի շատ էին կասկածողները, որոնք
նստեցին տանը միացնելով ռադիոն
եւ սպասելով, թե ինչ որոշում կընդունի
պառլամենտն այս կապակցությամբ:
Եւ ոչինչ, որ թեև արևը շողում է պայծառ,
բայց չեն շտապում մարդիկ՝
դեռ վերարկուներով են քայլում,
ձեռքերը խոր գրպանները խրած…
Պիտի հասկանալ նրանց, ախր, ինչպես հավատան,
որ հնարավոր է հենց այնպես տաքանալ՝
առանց գազ ու մազութի, առանց ջեռուցման…
Ոչինչ: Կյանքն է եղել այդպես՝ քաղցրը քիչ, լեղին
եղել է առավել, դառնությունն եղել է անծայր,
կհասկանաք, եթե լսեք ահա այս երեխային,
որ վախով արթնացել է գիշերվա կեսին
և հարցնում է մորը.
-Դո՞ւ ես ինձ օրորում,
թե՞ երկրաշարժ է դարձյալ…

Նոր ժամանակներ
Նորից ավերակների քաղաքում… Վհատ ուրվականներ,
որոնք թափառում են խարխուլ ու փոշոտ երկնքի տակ:
Անխուսափելի հանդիպումներ հին ընկերների հետ,
շատերն առևտուր են անում, բայց ինձ հետ
խոսում են Վելասքեսի մասին: Մեկն իր
անձնական գրադարանն էր վաճառքի հանել,
և մայթի բազրիքին շարած գրքերի արանքում
չհասցրեց թաքցնել` տեսա նաև իմ գրքերը, որոնք
ժամանակին նվիրել էի նրան…Բացեցի առաջին
էջերը. խունացած մակագրություններ, ծանոթ
ձեռագրով. «Հարազատ ընկերոջս… սիրով` Հովհ.
Գրիգորյան»…
Գոնե սրանք ջնջեիր,- ասացի
Չէ,- մեղավոր ժպտաց,- այդպես ավելի լավ են վաճառվում…
…Յոթվերքից տարածվեցին ղողանջներն իրիկնամուտի
և ես գնացի թափառելու փողոցներով, ցատկոտելով
գերեզմանաքարերի արանքում, իսկ բոլոր շիրմա-
քարերի վրա մակագրված էին. «Հարազատ ընկերներիս…
սիրով` Հովհ. Գրիգորյան…»
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *