Վիսլավա Շիմբորսկա | Հեռանկար


Հեռանկար

Անցան որպես անծանոթներ,
առանց ժեստի ու խոսքի,
նե՝ խանութի ճանապարհին,
նա՝ դեպ մեքենան։

Միգուցե խուճապահար,
կամ ցրված գուցե,
կամ մոռացումի մեջ,
որ մի կարճ ժամանակ
սիրել են իրար ընդմիշտ։

Այնուամենայնիվ երաշխիք չկա,
որ հենց նրանք էին,
հեռվից այդպես է թվում,
իսկ իրականո՞ւմ։

Նայում էի նրանց պատուհանից,
իսկ ով վերևից է նայում,
նա հեշտությամբ է սխալվում։

Նե անհետացավ ապակե դռներում,
նա նստեց մեքենայի ղեկին
ու հեռացավ փութով։
Այսինքն ոչինչ էլ չեղավ,
անգամ եթե եղել էր։

Իսկ ես միայն մի պահ`
վստահ տեսածիս մեջ,
հիմա փորձում եմ պատահական հանգով
պատմել Ձեզ՝ Ընթերցողներիդ,
որ ամենն այդ տխուր էր։

 

Գինու շուրջ

Նայեց, ինձ հմայք ավելացրեց,
իսկ ես դա իմը համարեցի։
Երջանիկ եմ, աստղ եմ կուլ տվել։

Թույլ տվեցի հորինել ինձ
նրա աչքերում տեսած
արտացոլաքիս պես։ Պարում եմ, պարում
թևերի հանկարծակի լիության մեջ։

Սեղանը սեղան է, գինին՝ գինի
բաժակում, որ բաժակ է
և ուղղակի դրված է սեղանի վրա։
Իսկ ես պատրանք եմ,
անհավատալիորեն հորինված,
ամբողջովին հորինված։

Պատմում եմ նրան իր ուզածը – մրջյունների մասին,
որ մեռնում են սիրուց
խատուտիկի համաստեղության տակ։
Երդվում եմ, որ սպիտակ վարդը,
թե ցողվի գինով, երգելու է։

Ծիծաղում եմ, խոնարհում գլուխս
զգուշորեն, կարծես ստուգելով
իմ բացահայտումը։ Պարում եմ, պարում
փշաքաղ մաշկի տակ, այն գրկում
որ ստեղծում է ինձ։

Եվան՝ կողոսկրից, Վեներան՝ փրփուրներից,
Միներվան՝ Յուպիտերի գլխից
ավելի իրական էին։

Երբ նա ինձ չի նայում
փնտրում եմ արտացոլանքս
պատի վրա։ Եվ տեսնում միայն
մի մեխ, որից հանել են նկարը։

 

Ինչ-որ մարդիկ

Ինչ-որ մարդիկ փախչում են ինչ-որ մարդկանցից,
ինչ-որ երկրում արևի տակ
ու ամպերի տակ ինչ-որ։

Թողնելով ինչ-որ ամբողջն իրենց ունեցածի,
ցանված դաշտեր, ինչ-որ հավեր, շներ,
հայելիներ, որոնց մեջ կրակ է վառվում։
Մեջքին տանում են սափորներ, կապոցներ,
որոնք ինչքան դատարկվում այնքան օրեցօր ծանրանում են։

Անդորրի մեջ է մեկը հոգնությունից հանգչում,
և աղմուկի մեջ է մեկը խլում հացը մյուսի
և ցնցվում է ինչ-որ մեկի մեռած երեխան։
Հար նրանց առջև է ոչ հենց այն ճամփան,
ոչ այն կամուրջը որ պետք է
գետի վրա տարօրինակ կարմրագույն։
Շուրջբոլորն ինչ-որ կրակոցներ, մեկ մոտ, մեկ հեռու
վերևում էլ ինքնաթիռ է պտտվում։
Օգտակար կլիներ անտեսանելիությունը,
ինչ-որ մոխրագույն քարեղենությունը,
կամ որ ավելի լավ է չգոյությունը
մի որոշ կարճ կամ երկար ժամանակով։

Էլի ինչ-որ բան տեղի կունենա, միայն թե`որտեղ ու ինչ,
մեկը դուրս կգա նրանց դեմ-հանդիման, միայն թե`երբ ու ով,
ինչ կերպ ու ինչ մտադրությամբ։
Եթե ընտության հնարավորություն ունենա,
միգուցե չուզենա լինել թշնամի
և թողնի նրանց ապրել ինչ-որ կյանք։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *