Կոնստանտինոս Կավաֆիս | Բարբարոսներին սպասելիս

Կոստանտինուս Կավաֆիս

Կոնստանտինոս Կավաֆիս (Κωνσταντίνος Π. Καβάφης) /1863-1933 թթ./-աշխարհահռչակ հույն բանաստեղծ, համընդհանուր գնահատմամբ` մեծագույնը նոր հունարենով գրողներից:
Բանաստեղծական երկու գրքի հեղինակ է: Համարվում է հունական նոր գրականության հիմնադիր ու մեծ բարեփոխիչ: Կավաֆիսի պոեզիայի հիմնական մոտիվներն են` հին հունական քաղաքակրթությունը, հեթանոսության ու քրիստոնեության հակադրությունը, արևելքի և արևմուտքի մշակութային բախումը:

Բանաստեղծի համաշխարհային ճանաչմանը նպաստել են էդվարդ Ֆորստերի անգլերեն թարգմանությունները, որոնք ի թիվս այլ ամսագրերի հրատարակվել են նաև Թոմաս Էլիոթի խմբագրությամբ լույս տեսնող «Կրիտերիոն» ամսագրում: Կավաֆիսի պոեզիան մեծ ազդեցություն են թողել Ու. Օդենի, Չ.Միլոշի, Ի. Բրոդսկու ստեղծագործության վրա:

 

ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

-Ո՞ւմ ենք սպասում մենք հրապարակում խմբված:
-Բարբարոսներին ենք սպասում, որ գալիս են այսօր:

-Ինչո՞ւ են պալատականները մատնված անգործության,
Նստել են պարապ ու չեն հնարում օրենք ու պատվիրան:

-Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր:
Էլ ի՛նչ օրենք, ի՛նչ պատվիրան.
Բարբարոսներն իրենցը կբերեն, երբ գան:

-Ինչո՞ւ է մեր կայսրն այսքան վաղ արթնացել
ու քաղաքի դարպասների մոտ իր գահին բազմել,
թագն էլ վեհորեն գլխին դրել:

-Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր:
Եվ կայսրը մեր սպասում է՝ առաջորդին նրանց մեծարի:
Ահա’, պատրաստել է նաև մի մագաղաթ նրա համար,
Այնտեղ գրել տիտղոսներ բազում ու մեծարանքներ`հավուր պատշաճի:

-Ինչո՞ւ են մեր պատվիրակն ու բանբերը դուրս եկել այսօր`
ալ կարմիր, ասեղնագործ զգեստներ հագած,
ինչո՞ւ են նրանց թևքերն այսօր ժանյակազարդ,
իսկ մատանիները՝ զմրուխտափայլ, տոնական:
Ինչո՞ւ են ձեռքերում պահել գավազաններ թանկարժեք՝
արծաթազօծ և ոսկեզօծ պատյաններով նրանք:

-Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր,
ու այդպիսի մանրուքներ հաճելի են նրանց:

-Ինչո՞ւ շքեղաբառ հռետորները չեն եկել այսօր,
որ բազմաբառությամբն իրենց խոսքն ասեն:

-Որովհետև բարբարոսերն են գալիս այսօր,
և նրանց ձանձրալի են ճարտասանություն ու ճառ:

-Ինչո՞ւ հանկարծ անհանգստություն ու շփոթմունք իջավ
դեմքերին մարդկանց, ինչո՞ւ բոլորը լրջացան,
Ինչո՞ւ փողոց ու հրապարակ դատարկվեցին արագ,
և բոլորը ներհուն ու գլխահակ իրենց տները դարձան:

-Որովհետև մթնեց արդեն, իսկ բարբարոսերն այդպես էլ չեկան:
Փոխարենը բանբերները սահմաններից ետ դարձան՝
բոթ բերելով, որ բարբարոսներ այս աշխարհում այլևս չկան:

…Եվ հիմա ի՞նչ կլինի մեզ հետ առանց բարբարոսների:
Ախր մարդիկ էին այդ լուծումը խնդիրները մեր:

 

ԻԹԱԿԻ

Թե դու հանկարծ մտքիդ դնես ու Իթակի ճամփա ընկնես,
Աղոթի’ր՝ ճամփադ լինի երկար՝ արկածաշատ ու օգտակար:

Լեստրիգոններից, կիկլոպներից կամ կատաղի Պոսեյդոնից մի’ վախենա,
ու հավատա՝ նրանք ճամփին քո չեն մոտենա,
թե միտքդ վեհ է ու անսասան,
և պաշտպանն է հոգուդ վահանն ազնվության:

Լեստրիգոններին, կիկլոպներին կամ կատաղի Պոսեյդոնին
Չես հանդիպի դու քո ճամփին,
Թե չեն ապրում հենց քո հոգում
և սին վախեր ճամփիդ ցանում:

Արդ, աղոթի’ր՝ ճամփադ լինի երկար,
և որ բազում արշալույսներ ամառային
ողջույն տաս հիացմունքովդ հոգեպարար
քո դեմ բացվող, քեզ գիրկն առնող ծովափերին արևավառ:

Եվ թե Փյունիկիա դու հասնես,
անգին գանձեր, անուշ բույրեր,
սաթ ու ագաթ ձեռք կբերես:

Ապա շրջի’ր Եգիպտոսի քաղաքներում` ամենուր,
բազմադարյա իմաստությանն ականջալուր…

Բայց և այդպես նպատակդ Իթակին թող լինի,
վերջնակետը երկար ու ձիգ ճանապարհի:

Ճամփադ վայելի’ր առանց այն կարճելու ձգտումի,
որ հենց հասնես դու Իթակի,
լինես ալևոր մի ծերունի՝
հարստացած ու լիացած պարգևներով ճանապարհի:

Եվ թող կղզուց հոգիդ ոչինչ չակնկալի,
քանզի, այն ամենը, ինչ նա ունի,
պարգևներն են նրա հանդեպ քո ունեցած
կարոտագին մեծ ձգտումի:

…Իսկ թե այդժամ Իթակին քեզ խղճուկ թվա,
քեզ մի’ խաբիր, մի’ համոզիր ու մի’ խղճա:
Քանզի իմաստուն ես դու հիմա,
Ու թե ի’նչ է Իթակին իրականում՝
արդեն գիտես աներկբա:

 

Աքիլլեսի ձիերը
Հենց Պատրոկլեսին տեսան սպանված,
Որն այնքան առնական էր, ուժեղ, երիտասարդ,
Լաց եղան ձիերն Աքիլլեսի:
Նրանց բնությունն անմահ վրդովվեց,
Այն մահկանացուի մահվան համար, ում կյա’նքն էին տեսել:
Թափահարեցին գլուխներն իրենց,
փառահեղ բաշերը թափահարեցին,
հողին խփեցին ոտքերն իրենց, և կատաղեցին՝
նայելով Պատրոկլեսին՝ անշունչ, անկենդան,
դարձած մի մարմին՝ փուչ,
իսկ հոգին կորա՛վ, գնաց,
մնաց մի մարմին՝ անպաշտպան ու խեղճ ու առանց շնչի,
մի մեծ Ոչինչ՝ Կյանքից վտարված:
Տեսավ Զևսը արցունքներն անմահ ձիերի.
և խղճաց: «Փաստորեն,- մտածեց,- Պելեոսի հարսանիքին
սխալ վարվեցի, ու անխոհեմ:
Չպիտի այդպես անեի՝
ձեզ երկիր ուղարկեի, իմ խե՜ղճ ձիեր,
Ի՞նչ ունեիք դուք անելու հողածին
մահկանացուների մեջ այդ խղճուկ,
որ խաղալիքներ են ճակատագրի ձեռքերում:
Ձեզ, որոնց մահը չի դիպչում, ոչ էլ ծերությունը,
Հիմա մարդկային անցողիկությունն է տանջում:
Մարդկանց հետ ապրելով՝
նրանց տանջանքները ձեզ էլ են փոխանցվել,
Եվ ահա մահվան անխուսափելիության համար
Արցունք են թափում այս անմահ, ազնիվ ձիերը»:

 

Պատեր

Առանց զգուշացնելու,
առանց խղճալու,
երկմտելու անգամ,
Մեծ և բարձր
շուրջբոլորն իմ պատեր բարձրացան:
Եվ հիմա նստած եմ
և հուսահատ եմ խորապես:
Այլ բանի մասին չեմ էլ մտածում.
Ճակատագիր-պատերն այս ուտում են, ուտում իմ միտքը:

Շատ բաներ ունեմ անելու դրսում,
Բայց այս բարձր պատերի մեջ,
դրանց մասին մտածելն ամիմաստ է:

Եվ ո՞նց չեմ լսել ախր կառուցվելու ընթացքը պատերի.
ոչ աղմուկ, ոչ էլ ձայն:
Աննկատ, անձայն ինձ պատերը փակեցին աշխարհից:

 

ՄՈՄԵՐ

Ապագայի օրերը շարվում են մեր առջև այնպես,
Ինչպես վառվող մոմերի մի շարք՝
Արևագույն, տաք և շնչող մոմեր:
Անցած օրերը ետևում են մնում՝
Թախծոտ մի գիծ մարած մոմերի:
ավելի մոտիկները դեռ ծխում են՝
սառը մոմեր, հալված, խոնարհված:
Ետ չեմ նայում, որ չտեսնեմ դրանց,
կարոտում եմ գեղեցկությունը անցած,
և կարոտում եմ երբեմնի լույսն արդ հանգած:
Դեպի առաջ եմ նայում` իմ վառ մոմերին:
Չեմ նայում ետ, որ չզգամ, չհասկանամ,
թե ինչքա՜ն արագ է մութ գիծը հեռանում,
և թե ինչքա՜ն արագ են մարած մոմերը շատանում:

Հունարենից թարգմանությունը՝ Շուշան Կարապետյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *