Արմինե Գաբրիելյան | Ընթերցելով Զոյա Փիրզադին

Երբ ապրում ես գրականությունը կամ գրականությունը վերապատմում է քեզ…
Մեր հեղինակներից մեկը՝ Արմինե Գաբրիելյանը, ընթերցելով Զոյա Փիրզադի պատմվածքներն ու սեփական կյանքի հետ մեծ հարազատություն զգալով, որոշել է նման մի պատմվածք էլ ինքը գրել, նկարագրել սեփական առօրյան: Մենք որոշեցինք Զոյա Փիրզադի պատմվածքին զուգահեռ հրապարակել նաև Արմինեի պատմվածք-գրառումը:
Զոյա Փիրզադի պատմվածքներն ընթերցելու համար կարող եք անցնել այս հղումով:

Ընթերցելով պարսկուհի Զոյա Փիրզադի պատմվածքները՝ Արեգ Բագրատյանի հրաշալի թարգմանությամբ՝ գլխումս մի միտք ծագեց. նստել եւ նկարագրել առօրյայիս մեկ օրը՝ ստանալով նմանատիպ պատմվածք: Մոտեցա համակարգչիս, որպեսզի միացնեմ եւ շարադրեմ: Հարմար պահ էր. երկվորյակ տղաներս հանգիստ քնած էին, վեցամյա աղջնակս էլ հագել էր նոր շորիկն ու նոր կոշիկները, մազերիս լաքը որպես միկրոֆոն բռնել, կանգնել էր հայելու առաջ ու երգում էր: Էլեկտրականություն չկար: Մինչ հոսանքը կտային, որոշեցի կարել աղջկաս մի կույտ զուգագուլպաները: Սրա ոտքի բութ մատիկն էլ իմի պես մյուսներից երկար է, եւ միշտ այդ տեղում զուգագուլպաների վրա անցքեր են առաջանում: Ես դժկամությամբ փակում եմ դրանք եւ նորից հագցնում…
Տեսնելով ձեռքիս թել–ասեղը՝ աղջիկս թողեց իր համերգը եւ ձեռքն առավ ասեղնագործության իր պարագաները: Անդադար շեղում է ինձ՝ գանգատվելով, որ թելը կտրվում է: Ես էլ հանդիմանում եմ: Առհասարակ մայրս միշտ նախատում է ինձ, որ ես այդ երեխայից շատ բան եմ պահանջում, հետը խստությամբ եմ վարվում, ես էլ արդարանում եմ, որ ինքը չափազանց խելացի երեխա է, դրա համար էլ պահանջներս մեծ են նրա նկատմամբ: Բայց այս անգամ հանդիմանում եմ ոչ թե թելը կտրվելու եւ անվարժ կարելու համար, այլ, որ ինձ շեղում է իմ սիրելի զբաղմունքից՝ կար անելիս պատմվածք մտմտալուց:
Կարն ավարտելուց հետո էլ դեռ հոսանք չկա: Որոշեցի կերակուր պատրաստել: Ինչ եփել: Միակ բանը, որ ձեռքիցս գալիս է, լոլիկով ձվածեղն է: Պոչիցս կպած աղջկաս բլբլոցից միտքս չշեղվելու նպատակով թույլ տվեցի, որ կանաչիներն ինքը կտրատի:
Հիշեցի, որ Զոյան մի պատմվածքում ղորմեսազբի էր պատրաստում: Այնքան մանրամասն էր նկարագրում պատրաստման ընթացքը, ասես Սարոյանի հերոսը խոհարարական գիրք է գրում՝ «Հայրիկ, դու խենթ ես» վիպակում: Ամուսնուս ընկերոջ տանը շնորհաշատ տանտիրուհին արաբական մի ճաշատեսակ հրամցրեց՝ կարմիր լոբով, գառան մսով ու կանաչիներով, հիշեցի ղորմեսազբին: Երբ մանարամասն նկարագրեցի այն, ամուսինս զարմացած ինձ նայեց՝ դու որտեղից գիտես. դու՝ ուր, ճաշ եփելն՝ ուր…Էլ չասի, որ գրականությունից եմ սերտել:
Աղջիկս մատը կտրեց: Սառը ջրով լվանալուց եւ վիրակապելուց հետո լոլիկներս ուրախ քլթքլթում էին…
Զոյան ասում էր, որ կուզենար մի օր առավոտից գզգզված մազերով Դիսնեյի մուլտֆիլմեր դիտել՝ անհոգ, առանց պարտականությունների: Ես մուլտֆիլմեր չեմ սիրել, անգամ երեխա ժամանակ, բայց կուզեի ես էլ անհոգության ու առանց պարտականությունների մեկ օր ապրել: Օրինակ առավոտյան անշտապ մեկ գավաթ սուրճ խմել՝ տորթով ու շոկոլադով՝ չմտածելով դիետայի ու դեղերի մասին: Արդեն հինգ տարի է, ինչ շաքարային դիաբետը թույլ չի տալիս անհոգ լինել. խիստ սննդակարգ՝ ռեժիմով եւ չափավոր սնունդ, դեղեր, չափումներ, ինսուլին: Սրանից անցանք:
Կուզեի մեկ օր նվիրել ինձ. Առավոտից գնալ գեղեցկության սրահներ, խանութներ, գրադարան ու թատրոն: Բա աղջիկս, բա մեկ տարեկան զույգ որդիներս: Սրանից էլ անցանք:
Կուզեի…աղջիկս բաժակը գցեց ձեռքից ու հազար կտոր արեց: Ավլում եմ ու մտածում: Կուզեի մի օր ամուսնուս հետ նստել մեր եռահարկ առանձնատան պատի տակ՝ փողոցի կողմից, նայել անցուդարձ անողներին, զրուցել, ունկնդրել զմիմյանս…Սա էլ է անհնար՝ գերաշխատասեր ու գերզբաղված տղամարդու հետ ամուսնացած լինելու պատճառով: Թերեւս, եթե ժամանակ ունենար հետս պատի տակ նստելու, մեր բոլոր հարեւանների նման, եռահարկ առանձնատուն չէինք ունենա…Կուզեի ամեն օր համով-համով բաներ եփել, որ խեղճ ամուսինս անբավ հիացմունքով չխոսեր ընկերների կանանց անհատնում շնորհներից: Ես էլ, փոխանակ արդարանալու կամ չարանալու, միշտ համաձայնվում եմ իր հետ եւ հիանում նրանցով: Ինչպես տարիներ առաջ, երբ մայրս գովեստով ու անթաքույց նախանձով պատմում էր հարեւանների աղջիկների անել-դնելը՝ եփում են, կարում, լվանում, արդուկում, մաքրում, անգամ բուրդ ծեծում: Ես էլ մորս լսում էի ափիբերան հիացմունքով…
Տղաներս արթնացան: Սովորաբար արթնանում է մեկը եւ լացով արթնացնում մյուսին:
Է՛հ, իմ ձեռքից էլ միայն երեխա ունենալ ու խնամել է գալիս: Չնայած բժիշկների հորդորներին ու զգուշացումներին՝ ես կատարում եմ որդեծնության վեհ գործը. շուտով լույս աշխարհ կգա չորրորդ զավակս: Փառք Աստծո:
Չգիտեմ՝ գրածս բանի (պատմվածքի) նման եղավ, թե չէ, բայց մեկ էլ տեսար՝ Արեգը բռնեց-թարգմանեց պարսկերեն, գնաց-ընկավ Զոյա Փիրզադի ձեռքը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *