Յոհհանես Բոբրովսկի | Օտարացում

Յոհաննես Բոբրովսկին 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի նշանավոր բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ է: Նա ժամանակակից բանաստեղծությունը հարստացրել է լեզվական եզակի չափաբերումներով, ձևական և բովանդակային ուրույն համադրություններով:
Բանաստեղծության սահմանները ընդլայնվում են, երբ ընդլայնվում են մարդու ապրումների սահմանները. այս սկզբունքը գերմանացի բանաստեղծի ժառանգությունը դարձնում է եզակի։

 

Օտարացում

Ժամանակը
թափառում է
երջանկության
և դժբախտության
հանդերձանքով:

Եվ դժբախտը խոսում է արագիլի
թլվատ ձայնով, բայց արագիլները
խուսափում են նրանից, մռայլ են նրա փետուրները,
նրա ստվերը ճյուղավորվում է, շուրջը գիշեր է
և դեպի օդ են տանում նրա ուղիները:

 

Փորձ

Սիմվոլներ,
խաչ և ձուկ,
ուրվագծված քարաայրի
պատին:

Մարդկանց երթը
իջնում է խորքը երկրի,
հողը աղեղնաձև բարձրանում է
և թուփը՝ կանաչելով
աճում է:

Դեպի իմ կուրծքն է
սլանում հոսանքը,
ավազից հնչող ձայնը:

Բացվի՛ր,
ես չեմ կարող մտնել,
այդ քո մեռելներն են
ինձ առլցել:

 

Խոսքը

Ծառը
ավելին է, քան գիշերը
հովտալճերի շնչառությամբ,
խոսողի շշուկով՝
լռության մասին:

Քարերը
ոտքի տակ
փայլուն զարկերակներ են
հնամենի ժամանակների
հավերժ փոշեծածկ:

Հալածված լեզու
և շուրթեր հոգնած ՝
անսահման ճանապարհին
դեպի տունը հարևանի:

 

Թռչնի բույնը

Իմ երկնքին
փոխարինեց քո երկինքը
և իմ աղավնին
այժև
թևածում է դեպի քոնը,
ես տեսնում եմ,
երկու ստվեր
ընկան
վարսակի դաշտում:

Մենք ծիծաղում ենք
աչքերով
և գտնում ենք
անկողին.
անձրև,
խոսում ենք
և մի ողջ պատմություն է
կես բառում:
Կանաչը:
Ես լսում եմ.

իմ հոնքերին
քո շուրթերը
խոսքերով թռչունների
բերում են
շեղբեր ու փետուրներ:

 

Մերձբալթյան քաղաքները
Լույսն առանց արևածագ-մայրամուտի:
Հայելին ջրի՝ կենդանացած մահով ցայգաթիթեռի:
Անձրևը՝ անձրևն է:
Երկնքի լաթերի միջով
ճեղքում-անցնում է քամին,
ցանում է գետերի ավազը, ավազաթմբերը
տանում ծովերից անդին:
Լույսը
վերադառնում է
ջրերի հետ:
Անձրևը փնտրում է
ճանապարհը
հետքերով թռչունների:
Խայտաբղետ տախտակներ են
մեխված
բարձր փլատակներին:
Եվ նրանց վրա գրություններ.
«Եղել է ժամանակը խոտի»:

 

Ջուրը

Դու դեռ խոսում ես
ջուր, խոսում ես,
դու թավուտ ես եկել քայլ առ քայլ,
քամու հետքերով.
նա փնտրում էր գետը
խավարում և նավակը,
վերևում լուսինն էր լողում, խոտերի մեջ
դու նրա խոսքն ես լսում.
այստեղ ուռենու ճյուղերն են,
այստեղ բվի կացարանն է:

Բայց լուսինը նայում է հեռուն՝ Սինայի լույսերին:
Բայց ջուրը դեռ Սկյութիայի ձնահողմն է լսում:
Բայց անտառից վեր ճախրում են թռչունների երամները:
Բայց ձյունը երկնքի տակ իր տանիքն է հիմնում:

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *