Գրեյս Փեյլի | Զրույց հորս հետ

       Հայրս ութսունվեց տարեկան է և անկողնային հիվանդ։ Նրա սիրտը՝ այդ արյունոտ շարժիչը, նույնպես ծեր է և որոշակի գործառույթներ այլևս չի կատարելու։ Այն դեռ շարունակում է մտավոր լույսով հեղեղել նրա ուղեղը։ Բայց հնարավորություն չի տալիս ոտքերին տնով մեկ շրջելիս քարշ տալու իր քաշը։ Չնայած փոխաբերություններիս՝ այդ մկանային անբավարարության պատճառը ծեր սիրտը չէ, ինչպես ինքն է ասում, այլ կալիումի պակասը։ Մի բարձի վրա նստած և մյուս երեքին – Կուզեի, որ ևս մի անգամ հասարակ պատմվածք գրեիր,- ասում է նա,- ինչպես գրում էին Մոպասանը կամ Չեխովը, ինչպիսին դու էիր ժամանակին գրում։ Պարզապես ճանաչի՛ր մարդկանց, այնուհետև գրի առ, թե հետո ինչ պատահեց նրանց:

       -Այո՛, ինչո՞ւ ոչ, – ասում եմ ես։ – Կարելի է։

       Ուզում եմ գոհացնել նրան, թեև չեմ հիշում, որ երբևիցե այդպիսի բան եմ գրել։ Ուզում եմ մի այդպիսի պատմություն պատմել, նրա ուզածի պես. այն  սկսվում է «Կար մի կին․․․» խոսքերով, որոնցից հետո ծավալվում է սյուժեն, բացարձակ սահմանագիծը երկու պահերի միջև, որոնք ես միշտ արհամարհել եմ։ Ոչ թե գրական նկատառումներով, այլ որովհետև այն զրկում է ցանկացած տեսակի հույսից։ Յուրաքանչյուր մարդ՝ իրական թե հորինված, բաց ճակատագրի է արժանի։

       Վերջապես մի պատմություն հիշեցի, որը մի քանի տարի շարունակ տեղի էր ունենում դիմացի փողոցում։ Գրեցի այն և բարձրաձայն կարդացի։

       -Պա՛պ, – ասացի ես, – ի՞նչ կասես սրա մասին։ Սրա նման մի բան նկատի ունե՞ս։

       Ժամանակին մի կին կար, որը որդի ուներ։ Նրանք հիանալի ապրում էին Մանհեթենում՝ մի փոքրիկ բնակարանում։ Երբ այդ տղան մոտավորապես տասնհինգ տարեկան էր, թմրամոլ դարձավ, ինչը մեր թաղամասի համար սովորական բան է։ Որդու հետ մտերիմ հարաբերությունները պահպանելու համար մայրը նույնպես թմրամոլ դարձավ։ Նա ասում էր, որ դա երիտասարդների մշակույթի մի մասն էր, որի շնորհիվ նա շատ ազատ էր զգում իրեն։ Որոշ ժամանակ անց մի շարք պատճառներով որդին թողեց այդ ամենը և զզվանքով լքեց քաղաքը և իր մորը։ Հուսահատ և միայնակ՝ նա վիշտ էր ապրում։ Մենք բոլորս այցելում էինք նրան։

       -Լա՛վ, Պա՛պ, այսքանը, – ասացի ես, – չչափազանցված և խղճուկ պատմվածք։

       -Բայց ես դա նկատի չունեի, – ասաց հայրս։ – Դու դիտավորյալ սխալ ես հասկացել ինձ։ Դու գիտես, որ դրա հետևում շատ ավելին կա։ Գիտես դա։ Ամեն ինչ բաց ես թողել։ Տուրգենևն այդպես չէր վարվի։ Չեխովն այդպես չէր վարվի։ Իրականում կան ռուս գրողներ, որոնց մասին երբեք չես լսել, որոնց մասին որևէ պատկերացում անգամ չունես, որոնք նույնքան լավն են, որքան մյուսները, որոնք կարող են սովորական, շարքային պատմվածք գրել՝ առանց բաց թողնելու այն, ինչ դու ես բաց թողել։ Ես ոչ թե փաստերին եմ դեմ, այլ մարդկանց, որոնք նստած են ծառերին և անիմաստ խոսում են, ձայներին, որոնք ինչ-որ անհայտ տեղից են գալիս․․․

       -Մոռացի՛ր դրա մասին, Պա՛պ, էլ ի՞նչ եմ բաց թողել։ Սրա մեջ։

       -Օրինակ՝ այդ կնոջ տեսքը։

       -Օ՜։ Բավականին համակրելի էր, կարծում եմ։ Այո՛։

       -Իսկ նրա վարսե՞րը։

       -Թխահեր, ծանր ծամերով, ասես աղջնակ կամ օտարերկրացի լիներ։

       -Ինչպիսի՞ն էին նրա ծնողները, ի՞նչ ծագում ունեին, որ նա այդպիսի մարդ էր դարձել։ Այդ ամենը հետաքրքիր է, գիտե՞ս։

       -Ուրիշ քաղաքից էին։ Մասնագիտություն ունեցող մարդիկ։ Առաջին զույգն էին, որը ամուսնալուծվել էր իրենց մարզում։ Սրան ի՞նչ կասես։ Բավակա՞ն է, – հարցրի ես։

       -Քեզ համար այդ ամենը կատակ է, – ասաց նա։ – Իսկ ի՞նչ կասես տղայի հոր մասին։ Ինչո՞ւ նրա մասին ոչինչ չես ասում։ Ո՞վ էր նա։ Թե՞ տղան արտամուսնական զավակ էր։

       -Այո՛, – ասացի ես։ – Նա արտամուսնական զավակ էր։

       -Ի սեր Աստծո, մի՞թե ոչ ոք ձեր պատմվածքներում չի ամուսնանում։ Մի՞թե ոչ ոք քաղաքապետարան գնալու ժամանակ չունի մինչև անկողին ցատկելը։

       -Ո՛չ, – ասացի ես։ – Իրական կյանքում՝ այո՛։ Բայց իմ պատմվածքներում՝ ո՛չ։

       -Ինչո՞ւ ես ինձ այդպես պատասխանում։

       -Ո՜հ, Պա՛պ, սա հասարակ պատմություն է խելացի, ժամանակակից կնոջ մասին, որը Նյու Յորք է եկել՝ հետաքրքրությամբ, սիրով, վստահությամբ ու հուզմունքով լցված, և նրա որդու մասին, և այն մասին, թե ինչ դժվարություններ է ունեցել նա այս աշխարհում։ Ամուսնացած է, թե ոչ, փոքր նշանակություն ունի։

       -Մե՛ծ նշանակություն ունի, – ասաց հայրս։

       -Լա՛վ, – ասացի ես։

       -Լա՛վ, լա՛վ, բավական է քեզ, – ասաց նա, – բայց լսի՛ր։ Ես հավատում եմ քեզ, որ նա գրավիչ կին էր, բայց չեմ կարծում, որ շատ խելացի էր։

       -Ճի՛շտ է,- ասացի ես։- Իրականում բոլոր պատմվածքների խնդիրը դա է: Մարդիկ ֆանտաստիկ կերպով են սկսում։ Կարծում ես, թե նրանք արտասովոր մարդիկ են, բայց աշխատանքի ընթացքում պարզվում է, որ նրանք ուղղակի լավ կրթված սովորական մարդիկ են։ Երբեմն հակառակն է լինում, մարդը որոշակի առումով հիմար և անմեղ է, բայց խորամանկությամբ գերազանցում է քեզ, և դու նույնիսկ չես կարողանում լավ վերջաբան հորինել։

       -Այդ ժամանակ ի՞նչ ես անում, – հարցրեց նա։ Մի քանի տասնամյակ բժիշկ էր եղել, հետո մի քանի տասնամյակ՝ նկարիչ, և նա դեռ հետաքրքրված է մանրամասնություններով, արհեստով, տեխնիկայով։

       -Դե՜, ուղղակի պետք է հանգիստ թողնես պատմվածքն այնքան ժամանակ, մինչև որ դու և կամակոր հերոսն ինչ-որ համաձայնության չգաք։

       -Այժմ հիմար բանե՞ր չես ասում, – հարցրեց նա։ – Նորի՛ց սկսիր, – ասաց նա։ – Այնպես է պատահել, որ այսօր երեկոյան ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Նորի՛ց պատմիր այդ պատմությունը։ Տեսնենք, թե այս անգամ ինչ կկարողանաս անել։

       -Լա՛վ, – ասացի ես։ – Բայց դա հինգ րոպեի գործ չէ։

       Փորձ երկրորդ։

       Ժամանակին մեր դիմացի փողոցում մի հիանալի, գեղեցիկ կին էր ապրում, մեր հարևանն էր։ Որդի ուներ, որին սիրում էր, որովհետև ծնված օրվանից էր ճանաչում նրան (անօգնական ու թմբլիկ մանկությունից, պայքարի, գրկախառնությունների տարիքից, յոթից տաս տարեկանից, ինչպես նաև ավելի վաղ և ավելի ուշ)։ Այդ տղան, երբ հատեց պատանեկության շեմը, թմրամոլ դարձավ։ Նա անհույս մարդ չէր։ Իրականում հույսերով լի էր, գաղափարախոս էր և հաջողակ բարենորոգիչ։ Իրեն բնորոշ տաղանդի շնորհիվ համոզիչ հոդվածներ էր գրում ավագ դպրոցի լրագրի համար։ Ավելի լայն լսարան գտնելու նպատակով և կարևոր կապեր օգտագործելով՝ նրան հաջողվեց Ստորին Մանհեթենի լրագրի կրպակին վաճառել «Օ՜, Ոսկե ձի» պարբերականը։ Այդ կինը որդուն մեղքի զգացումից հետ պահելու համար (որովհետև մեղքի զգացումը ժամանակակից Ամերիկայում քաղցկեղի կլինիկապես ախտորոշված բոլոր դեպքերի ինը տասներորդ մասի քարե սիրտն է), քանի որ հավատում էր, որ վատ սովորությունների համար պետք էր տան մեջ տեղ հատկացնել, որտեղ ինչ-որ մեկը կարող էր աչքը դրանց վրա պահել, նա նույնպես թմրամոլ դարձավ։ Նրա խոհանոցը որոշ ժամանակ հայտնի էր որպես խելացի թմրամոլների կենտրոն, որոնք գիտեին, թե ինչ էին անում։ Ոմանք իրենց արվեստագետներ էին համարում, ինչպիսին Քոլրիջն[1] էր, իսկ մյուսները գիտնականներ և հեղափոխականներ էին, ինչպես Լիրին[2]։ Չնայած կինն ինքն էր շատ հաճախ թմրադեղերի ազդեցության տակ լինում, մայրական բնազդները պահպանվել էին, և նա հետևում էր, որպեսզի միշտ շատ նարնջի հյութ լիներ, մեղր, կաթ և վիտամիններ։ Սակայն նա երբեք ոչինչ չէր պատրաստում՝ բացի չիլիից, այն էլ հազիվ շաբաթական մեկ անգամ։ Նա լուրջ և բարեկամական կերպով բացատրեց, երբ խոսեցի նրա հետ, որ դա երիտասարդական մշակույթին մասնակցության իր բաժինն էր, և նա կնախընտրեր ավելի շատ լինել երիտասարդության հետ, քան իր սեփական սերնդի, և դա մեծ պատիվ էր նրա համար։

       Մի անգամ՝ Անտոնիոնիի[3] ֆիլմերից մեկի դիտման ժամանակ, տղան ննջում էր, և  նրա կողքին նստած մի խոժոռադեմ և նորահավատ աղջիկ դաժանորեն արմնկեց նրան։ Անմիջապես դեղձ և ընկույզներ առաջարկեց տղային՝ արյան մեջ եղած շաքարի մակարդակը իջեցնելու համար, կտրուկ խոսեց նրա հետ և տուն տարավ։

       Այդ աղջիկը լսել էր նրա մասին և ինքն էլ էր հրապարակում, խմբագրում և «Մարդը պետք է միայն հացով ապրի» անվանումով պարբերագիր գրում։ Աղջկա տևական ներկայության օրգանական ջերմության մեջ տղան չէր կարող չհետաքրքրվել սեփական մկաններով, զարկերակներով և նյարդային հյուսվածքներով։ Իրականում նա սկսեց սիրել, թանկ գնահատել ու զվարճալի երգերով ներբողել դրանք «Մարդը պետք է․․․»-ում․

       Նյութական մատներս գերազանցում են

       Վերազանցական[4] հոգուս,

       Ուսերիս լարվածությունն ու ատամներս

       Կատարյալ են դարձրել ինձ։

       Իր գլխի (վճռականության և կամքի այդ փառապսակի) բերանին մոտեցրեց պինդ խնձորներ, ընկույզներ, ցորենի ծիլեր և սոյայի ձեթ։ Իր հին ընկերներին ասաց․ «Կարծում եմ, որ այս պահից սկսած միտքս պարզ եմ պահելու։ Սթափ եմ լինելու»։ Նա ասաց, որ խորը շունչ քաշելով՝ պատրաստվում է հոգևոր ճանապարհորդություն սկսել։ «Դու ի՞նչ կասես, Մա՛մ, – քնքշորեն հարցրեց նա»:

       Տղայի կերպարանափոխությունն այնքան լուսաշող և սքանչելի էր, որ նրա տարիքի հարևան երեխաները սկսեցին ասել, որ նա երբեք էլ իսկական թմրամոլ չէր եղել, այլ լրագրող էր, որը եկել էր լրագրային նյութ հավաքելու։ Մի քանի անգամ մայրը փորձեց թողնել միայնության սովորությունը, որը ձեռք էր բերել առանց որդու և նրա ընկերների։ Այդ ջանքերը միայն աջակցման արժանի մակարդակի հասցրին նրան։ Տղան և նրա ընկերուհին վերցրին իրենց էլեկտրական միմիոգրաֆը[5] և մեկ ուրիշ փոքր քաղաքի կանաչ թփերով ծածկված ծայրամաս տեղափոխվեցին։ Նրանք խիստ կտրուկ էին։ Ասացին, որ այլևս չէին տեսնվելու նրա հետ, մինչև որ վաթսուն օր շարունակ ոչ մի թմրադեղ չընդուներ։

       Երեկոյան տանը մենակ մնալով և լաց լինելով՝ մայրը ընթերցում և վերընթերցում էր «Օ՜, Ոսկե ձի» պարբերականի յոթ հրատարակությունները։ Ինչպես միշտ, դրանք նրան այնքա՜ն ճշմարտացի էին թվում։ Հաճախ էինք անցնում փողոցը՝ նրան այցելելու և մխիթարելու։ Բայց երբ հանկարծ հիշատակում էինք մեր երեխաներից ինչ-որ մեկին, որը քոլեջում էր կամ հիվանդանոցում, կամ հեռացել էր տանից, նա բացականչում էր․ «Փոքրի՜կս, փոքրի՜կս»։ Այնուհետև սկսում էր բուռն կերպով լաց լինել՝ դեմքին սպիներ թողնող, սարսափելի և ժամանակատար արցունքներ թափելով։ Վերջ։

       Սկզբում հայրս լռում էր, հետո ասաց․

       -Առաջին՝ լավ հումորի զգացում ունես։ Երկրորդ՝ տեսնում եմ, որ չես կարողանում հասարակ պատմություն պատմել։ Այնպես որ ժամանակ մի՛ կորցրու։ – Այնուհետև տխրագին ավելացրեց․ – Երրորդ՝ ենթադրում եմ, որ դա նշանակում է, որ նա միայնակ էր, նրան՝ մորը, հենց այդպես լքել էր։ Միայնակ։ Գուցե հիվանդացե՞լ էր։

       -Այո՛, – ասացի ես։

       -Խե՜ղճ կին։ Խեղճ աղջիկը հիմարների ժամանակաշրջանում էր ծնվել և հիմարների միջավայրում էր ապրում։ Վե՛րջ։ Վե՛րջ։ Ճիշտ ես արել, որ գրի ես առել դա։ Վե՛րջ։

       Չէի ուզում վիճել, բայց ստիպված ասացի․

       -Դե՜, պարտադիր չէ, որ դա վերջը լինի, Պա՛պ։

       -Այո՜, – ասաց նա, – ինչպիսի՜ ողբերգություն։ Մարդու վախճանը։

       -Ո՛չ, Պա՛պ, – աղաչեցի ես նրան։ – Այդպիսի բան չպետք է լիներ։ Նա ընդամենը քառասունին մոտ էր։ Ժամանակի ընթացքում նա կարող էր աշխարհի հարյուրավոր արարածներից մեկը դառնալ։ Ուսուցիչ կամ սոցիալական աշխատակից։ Նախկին թմրամո՜լ։ Երբեմն դա ավելի լավ բան է, քան կրթության բնագավառում մագիստրոսի աստիճան ունենալը։

       -Կատակնե՜ր, – ասաց նա։ – Քո՝ իբրև գրողի գլխավոր խնդիրը դա է։ Չես ուզում ընդունել դա։ Ողբերգությո՜ւն։ Սովորական ողբերգությո՜ւն։ Պատմական ողբերգությո՜ւն։ Ոչ մի հույս։ Վե՛րջ։

       -Օ՜, Պա՛պ, – ասացի ես։ – Նա կարող էր փոխվել։

       -Սեփական կյանքումդ նույնպես պետք է անկեղծորեն և համարձակորեն գնահատես այս ամենը, – նիտրոգլիցերինի մի քանի հաբ ընդունեց։ – Հինգի՛ վրա փոխիր, – ասաց նա՝ ցույց տալով թթվածնի բալոնի թվատախտակը։ Փողակները քթանցքների մեջ մտցրեց և սկսեց խորը շնչել։ Փակեց աչքերը և ասաց․ – Ո՛չ։

       Ընտանիքիս խոստացել էի, որ բանավեճում վերջին խոսքը միշտ նրանն է լինելու, բայց այս դեպքում ուրիշ պատասխանատվություն է դրված իմ ուսերին։ Այդ կինը դիմացի փողոցում է ապրում։ Նա իմ գիտելիքը և իմ հայտնագործությունն է։ Ես խղճում եմ նրան։ Չեմ պատրաստվում թողնել, որպեսզի նա շարունակ այդ տանը փակված լաց լինի (Իրականում Կյանքը նույնպես այդպես չէր վարվի նրա հետ, որն ի տարբերություն ինձ՝ խղճահարության զգացում չունի)։

       Հետևաբար՝ նա իսկապես փոխվեց։ Իհարկե, որդին այլևս երբեք տուն չվերադարձավ։ Բայց հենց հիմա այդ կինն Իսթ Վիլլիջի շարժական կլինիկայի ընդունարանի աշխատակից է։ Այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են, որոշները՝ հին ընկերներ։ Գլխավոր բժիշկն ասել էր նրան․ «Եթե մեր կլինիկայում Ձեր փորձով միայն երեք հոգի լիներ ․․․»։

       -Դա բժի՞շկն էր ասել, – հարցրեց հայրս՝ քթանցքների միջից հանելով թթվածնի փողակները։ – Կատակնե՜ր։ Նորից կատակնե՜ր։

       -Ո՛չ, Պա՛պ, իսկապես հենց այդպես էլ կարող էր լինել։ Այժմյան աշխարհն այնքան զվարճալի է։

       -Ո՛չ, – ասաց նա։ – Ճիշտը խոսենք։ Նա կսայթաքի։ Մարդ պետք է բնավորություն ունենա։ Իսկ նա չունի։

       -Ո՛չ, Պա՛պ, – ասացի ես։ – Այդքանը։ Նա աշխատանք ունի։ Մոռացի՛ր։ Նա այդ շարժական կլինիկայի ընդունարանի աշխատակիցն է։

       -Ինչքա՞ն ժամանակ է այդ ամենը տևելու, – հարցրեց նա։ – Ողբերգությո՜ւն։ Դու նույնպես։ Ե՞րբ ես անկեղծորեն և համարձակորեն գնահատելու այս ամենը։

 Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Անգլիացի բանաստեղծ, գրաքննադատ, փիլիսոփա։

[2] Ամերիկացի գրող, հոգեբան։

[3] Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ, սցենարիստ։

[4] Իդեալիստական փիլիսոփայության մեջ բարձրագույն հասկացություններին հատուկ, վերացական-տրամաբանական, մտահայեցողական, տրանսցենդենտալ:

[5] Գլանատիպ, տրաֆարետային տպագրության մեքենա, որը նախատեսված է փաստաթղթերը փոքր և միջին տպաքանակներով բազմացնելու համար, ռոտատոր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *