Լիլիթ Բաղդասարյան | Զուգահեռ իրականություն


շտապում եմ, չեմ հասցնում
շտապում եմ, չեմ հասնում
որտեղ եմ բաց թողնում կարևորը
կյանքի որ անկյունում

անձրևեց
բոլոր մտքերիս ու երազանքներիս վրա
որ չունեին ձևակերպում
հոսեցին ցեխաջրերի հոսքով
անկերպ և անանուն
չորացան հայացքներում
որ այդպես էլ չսովորեցին ջրերի մեջ երկինք տեսնել
և երկնքի մեջ որսալ աչքեր՝ իրենց հետևող

չեմ հասցնում, շտապում եմ
ոտնահետքերս քայլերիցս առաջ են ընկնում
մոլորեցնում են ինձ իմ ընթացքի մեջ

եթե հուսալ
հանուն ինչի և ինչ հուսալ
«խաղաղությու՜ն» ամենաբարձրը ռումբերն են գոռում
պայթյուն
ցերեկով մթության ցան է
վախեցած հայացքների մեջ անձնական պատմություններ են
նկուղներում քաղցած մանուկներ
նույն դարի զուգահեռ իրականություններում
պարում են, խմում, հարբում, աղմկում
որպեսզի խլանա կարևոր այն ձայնը
որ չի հարմարվում
չի համակերպվում

մի մանկան աչքերում լերդացած արյուն է
իր ծնողների և ժամանակի
ինչ հուսալ
երբ ցեխաջրերի մեջ երկնքից արյուն է անձրևում

ես քայլում եմ փողոցներով
շտապում եմ, չեմ հասցնում
շտապում եմ, չեմ հասնում

ոչինչ չի հասնում ինձ
ոչ երկնքից
ոչ երկրից
ոչ ժամանակից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *