Վիոլետ Գրիգորյան | Սեր

(պոեմ)

Ա.

Այս է մարմինը, որ հանձնված է… սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու…
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու…
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու…
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։

Համբուրիր ինձ ու…
Չեմ մեռնի ես էլ։

Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝
սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս,
եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր,
բայց քո համբույրը չի ժանգի երբեք,
բայց քո համբույրը կծակի պատը չինական
թախծի…

Ես իմ բերանով քեզ կմոտենամ
եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ,
խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ
եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։
Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ,
ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝
վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի…

Ի՞նչ անեմ, մամա՛,
ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին,
հպվե՞մ մատների տաք թմբիկներով,
լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ,
շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ
եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում…
Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր,
որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ
այն վերաշխարհիկ վիճակախաղում,
(հափչի՛, էսքան ճի՞շտ)։
Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս,
հանիր բառերի սեղմ հանդերձանքը,
մորեմերկ սրտով մտիր իմ կայքը
եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ…
Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով
եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և
կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։

Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ,
երկնքի բոլոր թռչունները՝ բույն,
քո որջն ու բույնը ես եմ, մարմինս,
եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս,
քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։
Ելիր մահիճս, ասես ամբիոն,
եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով,
մարմնի հոլովով,
մարմնի բառերով,
խոսքով մարմընի,
ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների,
խնդրիր՝ կտրվի,
բախիր՝ կբացվի,
թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ,
բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝
պատրաստել եմ ես քո ճանապարհը
եւ հարթել բոլոր շավիղները քո…
Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա
վարիր ինձ,
բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով
ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի,
կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ
եւ դրոշակդ ծածանիր վրաս։

Ես վայրի ջուր եմ,
ես խիտ ողկույզ եմ,
ես փուխր օդ եմ,
մտիր իմ հունը,
թաքնվիր իմ մեջ,
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր,
խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր,
ա՜խ, արտաշնչիր…
Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր,
չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից…
Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից,
եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից,
երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ…

Մա՛մ, մի բարկանա,
տես, ինչ առողջ եմ,
տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում,
տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է,
եւ իմ մարմինը հույսով է ապրում,
քանզի իմ անձը սիրո վայրում է…
Ով տեսնելու աչք ունի, թող նայի,
ինչ թովիչ նկար-
զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝
հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան,
ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան…
Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,
ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,
ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ,
մինչեւ վերջանամ ինքս ինձանից,
մինչեւ ինձանից ինքս դադարեմ,
ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ-
ափ երանության…

Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում
ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում,
ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն
ու պաչիկ-պաչիկ
ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից,
ինձ տար հասցրու ուրախության տուն…
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և
Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ,
երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝

«Եվ կատարված է»։
Բ.

Այս է մարմինը, որ հանձնված է… մահվան։
Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։
Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։
Մենք լաց ենք լինում,
որ հարսանիք է,
բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ,
որ հարսանիք է,
հրավիրյալներն, ախ, արժանի չեն։
Եվ ծիծաղում ենք,
որ թեպետ մեռավ ցորենի հատիկն,
բայց բազում արդյունք պիտի ունենա։
Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ
այս Մարդու Որդին,
մեզ բուժեց մահից, եթե… Բայց ինքը
մարդու համբույրով մահվամբ վարակվեց։

Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա,
դու մարդու որսորդ էիր քեզ կարծում,
բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով,
ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։
Եվ ահա ինքդ քեզնից վերջացար
ու դադարեցիր ինքդ քեզանից։
Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։

Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ,
նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։
Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում
եւ եղբոր նման գլխահակ կանգնում։
Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ,
քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ,
եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ…
Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա,
մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում,
հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին,
վա՜յ հղիներին, ստնտուներին,
ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա,
կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ,
թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք,
թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք,
կաղին կանգնեցրինք,
թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ
մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին,
բայց մեր սրտերը չեն ուրախանում,
մեր լեզուները չեն ցնծում, ավաղ,
եւ մեր մարմինը հույսով չի ապրում,
քանզի մեր անձը մահվան վայրում է,
եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից…

Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ,
բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել,
ո՜նց մխիթարվենք։
Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում,
բայց քո իսկական սփոփանքը չէ,
վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում,
բայց քո իսկական կարեկցանքը չէ,
ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես
եւ ընկերական
եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին
եւ շոշափեիր մեր վերքերը բաց
եւ համբուրեիր,որ ցավը անցներ…
Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան,
ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք,
չորացած արյամբ կպել են իրար,
ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին
ու մեր ոտքերը լվացին խոնարհ,
մեխերով ծակված, խոցված են ահա,
եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը
եւ ուրախությամբ լցնում մեր հոգին,
պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝
ՈՉ ՄԻ ՏԵՂ…

Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում,
որ դիակ է սառ-
եռօրյա կանգառ…
Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ,
շուտով կազատվես,
մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին,
մեր մարմինների մեջ ենք ավարտվում։
Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝
տասդրամանոց սայր, մետրուկես պարան,
թեպետեւ մահը մենք սառեցրել ենք,
կյանքի պահածոն դրել սառնարան,
թեպետ ազատ ենք մահը ընտրելու,
բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում,
որի ներքնակը ճիճուներն են գարշ,
որի վերմակը որդերն են փքուն։

Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան,
մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ,
եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ,
եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ,
եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ,
եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում,
թաքնվում մեր մեջ…
Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ,
քամակներս բաց ու վիզներս ծուռ։
Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու
եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ…

Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
գնացիր դեպի մահդ անծպտուն,
այդ նախաշեմը անցար ու մտար
սիրելի հոր տուն։

Ամենալա՛վ Բան,
մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր
եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր
ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում
ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն
ու տոտիկ-տոտիկ
մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից,
մեզ տար անցկացրու այդ նախաշեմից,
մեզ տար հասցրու մեր պապայի տուն…
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում –
վերջին կում օդն է վերջին հրումով
շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում
հավերժի ափսեն՝

«Եվ կատարված է»։

© Վիոլետ Գրիգորյան, 2006։

Share Button

36 Կարծիք

  • vahram says:

    Lavn er, bayc shat erkar.

  • Ռուզաննա says:

    Նախանձելի է Վիոլետի ազատությունը:Հասկանալի նաեւ մարմնական սիրուց Հավերժական Սիրո անցումն ու փնտրտուքը:Ու նաեւ վախը(Ոչ մի տեղ):Հրաշալի գործ է:

  • Nshan says:

    Կործանվող մարդու լուռ, ցավոտ հարցադրում կա էս գործում, վախերն ու կասկածները մարմնի կրքերի մեջ թաղել փորձող, ջայլամի նման գլուխն ավազի մեջ մտցրած մարդու հարցադրում…

  • tatev says:

    Chem haskanum, skzbum pordzel eiq kirq nkaragrel????? Kirq nkaragrelu hamar petq che erotik tesaranner stextsel, da @ntercoxi mot miayn mek ban karox e arajacnel ev da hastat gexagitakan hachuyq@ chi………….. Bakunc@ erbeq espisi tesaranner chi nkaragrel, bayc im tesats amenakrqot ser@ Dilan Dayu sern er…………….. Ay sa e taxand@, sireli Violet……………. Isk kesic heto?????? …………….

  • Լիլիթ says:

    Գրողական մեծ վարպետություն է զգացվում, սակայն կարծում եմ, որ սրբապղծություն է Աստվածաշնչին ու Նարեկին հղումներ տալը: Նման ստեղծագործության հեղինակը, եթե այս ամենի փոխարեն նկարագրեր մարդկային հոգու գեղեցկությունը` այն չշփոթելով սեռասեքսային զեղումների հետ, անկրկնելի գործ կստեղծեր:

  • ism says:

    Այս գիշեր տոն է ՛ մարմնիս կիրակի Այս գիշեր տոն է ՛ հոգվույս կիարակի մեծարենց
    Վատ չէ, սակայն նման ծաղկաքաեր ինչքան ասես։
    Պարբերություններ ուղակի Նարեկից՛ շրջած բառերով, ուղակի վերցված ու բառափոխված։
    Չեմ առարկի թե մի օր Չարենցի հեզաճկուննն էլ գործախեղդ անես սեփական գյուտիդ թեթևությամբ։
    Քեզ ներում եմ քանի –որ տեսնում եմ շնորհալի ես, գուցե մի գեղեցիկ օր կգտնես սեփական ոճ, իսկապես սեփական բնաստեգհղծական ներաշխարհիդ համար։ Հայ պոեզիայի ընթրցող։

  • Arqmenik Nikoghosyan says:

    Այ մարդ, գնա գրել սովորիր, նոր քննադատություն հիշեցնող աճպարարություններ արա: Դու ով ես, որ ներես կամ չներես?: Այդ հարցը քեզ տվել ես?: Ու Մեծարենցի անունն էլ մյուս անգամ փոքրատառով չգրես ու նրանից էլ էդ կարգի անամոթ սխալներով մեջբերումներ չանես: Թե չէ կմտածեսմ, որ իսկապես ընթրցող ես:

  • Զառա says:

    Լուսանկարում շատ լավն է Վիոլետը…

  • Մարիամ says:

    Ամանչում եմ քո փոխարեն……..Սևակ, Թումանյան,Չարենց, Շիրազ……….. ծնած ժողովուրդը քո նման անտաղանդը չպիտի աղտոտի նրանց սւորբ անունը, թեպետ անծանոթ են մեծանունները դեզ, և դու իրավունք չույնես հայրենի գրով նման շեղված բանաստեղծություներ գրես……………………

  • Մարիամ դու քո փոխարեն ամաչի, որ նման բաներ ես գրում, գրողը ինքն ա սահմանում իր ազատության շրջանակը, ով ա սուրբ Շիրազը?, թե Սևակը, ու ընդհանրապես գրողը սուրբ լինում ա…

  • Կարեն Անտաշյան says:

    Գյուղապետի նախընտրական ճառի նման էր 🙂

  • Զառա says:

    Չէ, բայց շատ սիրուն ա է Վիոլետը լուսանկարում…

  • Վիոլետ says:

    Իա, խաբար չէի, որ էստեղ էլ ինձ անդրադարձող կա… Հովհաննեսի առիթով մտա, տեսա: Բա խի՞ ավելի «վիճահարույց» գործերիցս չեք դրել:

  • Օլիվեր says:

    Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասավ՝ խակ է:

  • Lilit 2 says:

    Շատ բարձր գեղարվեստականություն… ճաշակ, ռելաքսային խորասուզվածություն է հարուցում… չգիտեմ արժե, որ տղամարդիկ կարդան, կարծում եմ միևնույնն է` ոչինչ չեն հասկանա. խիստ կանացի զգացմունքներ են…շատ եմ տպավորվել 🙂

  • david balasan says:

    Mariam ))) hapa mi verj tveq ays verambarc dasghekutyany))) Charencn u Tumanyany dzer astvacacman kariqy chunen… togheq nranc hangist… Kisum em Arami Pachyani kartsiqy… ov e tsanot Pushkini ”Ne dlya dam” cenzuarayic durs banasteghtsutyunneri joghovacuin? Arajarkum eq gahic gcel nran? te Charencin piti anbaro hamarenq`kardalov ir vorosh chhratarakvac banasteghtsutyunnery? Nranq mardik ein…. es kasei – tghamardik!! Sa srbapghtsutyun che. XX dari jamanakakic geghankarchutyan mej duq karogh eq bazmativ orinakner gtnel… tarber tesaki instalacianer… Mona Lizai het… ev ayln ev ayln… ays amboghjy ev angam dzer xosqery tpagrvac tesqov karogh en mi or haytnvel inch vor meki nkari vra… kam inch vor meki henc duz chakatin pakcvac… vorpes arvesti gorts… mek ayl harc e te inchpes e sa arvum… lav kam vat…))

  • Քննադատ says:

    Վիոլետը ընդամենը փորձ է անում նմանակել պարսից գրական նոր շրջանի հայտնի բանաստեղծուհի Ֆորուղ-ե Ֆարրոխզադին, ով տարբերություն Վիոլետի` մեծություն էր: Կարդացեք նշածս հեղինակի գործերից «گناه»-ը (Մեղք) և կհասկանաք, թե ինչպիսի պարզ պատճենող է Վիոլետը:

  • Ani says:

    uxaki datarkutyun a: indz hetaqrqrec Violeti banastezcutyunnery@ vorovhetev aysor dasi jamanak liq@ bacasakan baner em lsel nra banastexcutyunneri masin:indz el @ndhanrapes dur chekav:haskanum em mtqi azatutyun, bayc voch te espisi datarkutyun:hazar nerexutyun, bayc vovc vor tget banvor@ stexcagorcac lini

  • Տաթև says:

    ))))))))))))))))))))))))))

  • Ani jan. Du aveli lav e dasert sovori balik jan ev portsi grel hargalits dzevov, ete nuynisk inch vor mi ban srtovt chi.

  • Mane says:

    Սոկրատեսն էլ էր հին ժամանակներում ասում. “մարդը միջնորդ է Աստվածային խոսքը մուսայի միջոցով բանաստեղծություն դարձնելու”: ՆԵՐՇՆՉԱՆՔ:Ես ոչ քննադատ եմ, ոչ էլ գրականագետ, բայց հենց առաջին իսկ տողերից հանդիպեցի Մեծարենցի ներշնչանքին, Առաքյալների ներշնչանքին /Աստվածաշունչ/, Նարեկացու և էլի չգիտեմ թե ում: Մի տեսակ հիասթափվեցի:

  • areg hovan says:

    Շատ ազատ,անկեղծ է գրված,զարմանում եմ,բայց նաև ինձ համար անսովոր է ու տարորինակ,խորն է միաժամանակ կոպիտ, կներես ես սիրում եմ ավելի զգացմունքային,պլատոնական:Ինչևէ խորը մտածողություն և չափազանց ազատություն…

  • Ara Aloyan says:

    Ձեր գրածի ուղղագրական սխալներին ու վրիապակներին(հուսամ, որ այդպես է)չեմ անդրադառնում, Մարիամ, թեպետ այն ակնհայտ է նույնիսկ դպրոցական միջին տարիքի երեխայի համար…Ես էլ, ինչպես դու ես ասում <> եմ, որ դա հայրենի գրի շուրջ միայն դասագրքային պատկերացումներ ունես,ինչը ցուցիչն է մեր մեծերի անվան քո իսկ թվարկումը…Հայրս լավ խոսք ունի, սագը սագի հետ, բադը բադի հետ, քյաչալ հավն էլ իր ձևով…Հարստացրու հայ պոեզիայի մասին գիտելիքներդ`առաջին քայլն սկսելով ընթերցանությունից, բարեկամ…

  • Ara Aloyan says:

    Այնքան հուզվեցի, որ մի քանի վրիպակ էլ ես թույլ տվեցի…

    պետք է լինի` …ինչպես դու ես ասում <> եմ…
    պետք է լինի`ինչի ցուցիչն է…

  • Մ.Մ says:

    Վիոլետին առաջին անգամ չեմ կարդում, ծանոթ եմ նրա նաև ավելի վաղ տարիների գործերին,որոնք, ըստ իս, ավելի հաջողված են: Ակնհայտ է, որ բանաստեղծուհու գրական ոճում բեկում է տեղի ունեցել: Վերը տեղադրված բանաստեղծությունը փաստում է դրա մասին: Ընթերցողներից մի քանիսին ուղղակի խորհուրդ կտայի,եթե բավականաչափ չեք տրիապետում ոչ հայ դասական գրականությանը, ոչ նորագույն հայ գրականությանը հեռու` մնացեք սուբեկտիվ, զգացմունքային դատողություններից: Ոչ ոք չի բռնանում ձեր խոսքի ազատության վրա, բայց այն տեղին է, երբ քաջատեղյակ եք քննարկվող թեմայից: Ինչ մնում է բանաստեղծության վերաբերյալ, այն բավականաչափ ստացված է, նորագույն գրականության տեսանկյունից, ունի ներքին մի ընդհանուր միտք`զուտ մարմնական կրքից անցումը հավերժական,վերերկրային սիրո, որը մեծ մասով հաջողվել է ստանալ:Համաձան եմ, որ կան փոխակերպած կրկնություններ այլ հեղինակներից, բայց ինչպես ասել Է Սպինոզան .,, Ваши мысли – лишь бледная копия размышлений великих, которых вы цитируете.,, :

  • Մ.Մ says:

    Ներողություն եմ խնդրում, ոչ թե բանաստեղծությունը այլ պոեմը:

  • karcum em vat gorc chka,parzapes haskanal e petk.Violet@ kecce es nuenisk zgaci inchpes kardal aen bemic.

  • Անուշ Թրվանզ says:

    հզոր, հզոր, հզոր… Այսօր Գրիգոր Պլտյանի հետ Բեյրութում նորից խոսեցինք այս գործի մասին, եկա նորից կարդաց՝ նորից ցնցվեցի…

  • Սարգիս Հովսեփյան says:

    ցավալի ա, որ ամեն երկրորդն իրեն դատավոր ա երևակայում…

    պոեմն ինձ շատ դուր եկավ…

  • Sa im kardacats hay jamanakakic grakanutyan lavaguyn gorceric a…

  • Նելլի says:

    մի տեսակ հեթանոսական ազատություն կար,նման Վարուժանի <> բանաստեղծությունների շարքին,որը նույնպես նման բուռն քննադատությունների առարկա էր դարձել:Եվ առհասարակ կարծում եմ սրան նկատմամբ ծարյահեղ բացասական վերաբերմունք ունեցողները պարզապես լավ ծանոթ չեն մեր գրականությանը:Կարդացեք Քուչակի բանաստեղծությունները(ոչ հայրենները)ու կտեսնեք որ սա ամենևին էլ նոր,խայտառ
    ակ ,չսեսնված,չլսված խոսք չէ:

  • Albert says:

    Վիոլետ ջան լավ ես գրում։ Չգիտեմ ինչու , բայց քեզ Չարենցին եմ նմանացնում։ Համենայն դեպս ինձ հաճելի է քեզ կարդալ ։Տողերի արանքում , ես հիշում եմ երանելի 80 – ական թվականները , երբ հայրենիքում էի և մենք միասին սովորում էինք մանկավարժականում։

  • ԱՐՄԻՆԵ says:

    Խաչիկի աղջիկ, քեզ չեն ընդունի. խելոք կաց, խելոք…

  • Ինչպես ասում է մեծ նկարիչ Գուստավ Կլիմտը ամեն էրոտիկայում կա արվեստ և նույնը այստեղ, անկողնային սիրո տեսարանները դաջած են թղթի վրա…. Հիասքանչ էր

  • Գայանե Հարութ says:

    Բակունցն իրոք հուզիչ թրթիռով է ներկայացրել Դիլան Դայու սիրային հուշերը. Վիոլեթին նուրբ թրթիռներ պետք չէին, նրա կտավն ավելի համարձակ ու թանձրացական է։ Սկզբում նույնիսկ ցնցող՝ պուրիտանական ականջներիս համար,… բայց կարդացի բարձրաձայն ձիրք ու արվեստ զգացի, հատկապես Բ մասում։

  • Կարպիս says:

    Ես օրինակ, եթե իմ սիրած աղջկա համար ինչ-որ բան կարդալու լինեմ, ապա հաստատ առաջիններից մեկը սա կկարդամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *