Լիլիթ Բաղդասարյան | 21-րդ գարունը

ամեն մեկն իր մենության մեջ՝
տխուր ու հանճարեղ

հանճարեղ, բայց տխուր

ուզում ես հասնել վարագույրին
ձեռքերով մի կողմ տալ,
մտնել մենության մեջ,
սուզվել,
հասնել,
ու չխոսել…
ու չասել ոչինչ…

բայց մի վարագույրը
երկու մենության համար քիչ է,
իսկ մենությունը՝ հանճարեղ,
թանկ է երկուսից

ու դու զգում ես ավարտը
շոշափում ես
մատներիդ վրա
ափերիդ մեջ
երակներումդ
ուղեղումդ

ու վերջ

դու ու քո մենությունը
քո մենությունն ու դու

ու չկա մեկը
այն միակը, որին այդպես չես կոչի

որ կկիսի ամբողջությունդ
առանց ուզելու
առանց վախերի
առանց հասկանալու
առանց հարցերի
իր վարագույրով

դու չես ուզում

բայց քեզ պետք է
գիշերներով
ցերեկներով
ամբոխների մեջ
փողոցներում
սրճարաններում
տանը
երկինք նայելիս
մտքերիդ մեջ

մեկը

գար ու չգնար
գար ու հանգիստ թողներ

մարդը՝
տխուր ու հանճարեղ…

 

***
հիմա ինձ հանգստացնում են բոլոր փողոցները
որոնցով չենք քայլել

դու ինձ չես խաբել

եթե սկիզբ չկար
վերջ էլ չի լինի
ուրեմն ափսոսանքի համար ընթացք հորինելն անիմաստ է

եթե իմաստը խաբկանք է

ուրեմն սուտ է նաև
մատներիդ պնդությունն իրանիս վրա
շնչառությանդ քամին մազերիս մեջ
շուրթերս պարանոցիցդ կախված

սուտ է պատուհանիդ տակ ապրող քաղաքը
գինու դառնությունը
բբերիդ մեջ սևացած գիշերը
60-ականների ջազը

իսկ իմաստը խաբկանք է

եթե պահն ապրել է
ուրեմն կմեռնի
իսկ դու սգալ չես սիրում
ես չեմ սիրում զղջումները
իմաստ հորինելու պատճառ չկա
ուրեմն փողոցներով իրար հետ չենք քայլի

քեզ արև չեմ դարձնի
առավոտյան կլինեմ հանգիստ
կժպտամ քարերից թեքվող տաքությանը
և ինձ կսփոփի իրականությունն
ուր դու չես եղել

 

***

մի՛ կպիր մարմնիս,
եթե ձեռքդ հոգուս չի հասնում

դու երբևէ տեսե՞լ ես
ինչպես է լուսինը մայր մտնում…

հայելին,
անիրական սերը,
բացական…
ոչինչ չի երևում,
երբ արդեն լուսաբաց է

քայլերումդ սթափություն ու մարմին,
իսկ հայելին արտացոլում է միայն այն,
ինչ չի գնում

-նայի՛ր, լուսինը մայր է մտնում
-տեսա՞ր լուսաբացը

մի՛ կպիր մարմնիս,
եթե ձեռքդ հոգուս չի հասնում…

 

***

շարունակի՜ր խոսել,
ես ուզում եմ լսել քեզ

մտքերդ բառեր են ուզում
աչքերդ պատմում են ինձ այլ տիեզերական տարածությունների մասին

գոյությունը…
ասա՛ ինձ,

ինչպե՞ս ստեղծվեց աշխարհը
ժամանակի ու մարդկանց հարաբերություններից խոսիր
ապագայից պատմիր
այլմոլորակայինների հետ հանդիպումներից
պետություններից ու կրոններից
սահմաններից ու քաղաքականությունից

ուզում եմ բանավիճել հետդ
ուզում եմ սովորել քեզնից

ինձ հետաքրքիր է քո երևակայությունը
չեմ ուզում ճանապարհն ավարտվի
ուզում եմ փոքր-ինչ երկար քայլել քեզ հետ

ներկայի քո գույները տուր
թող երևակայեմ մեր խոսակցության սաունդթրեքը
որ երկու քայլ հետո լսեմ ու կարոտեմ երկուսի տիեզերքը

որքան խորը կարող է տանել խոսակցությունը

այդպես միանգամից չեմ ուզում վերադառնալ Երկիր

մի քիչ էլ մնա

 

***
Մի իրականության մեջ,
ուր հնարավորն ու անհնարը հանդիպում են նույն հաճախությամբ,
մի երևակայության մեջ,
ուր փակագծերը մնում են տողերի միջև,
մի օրվա մեջ,
ուր դատարկվում են սթափությունն ու կամքը

դու դեռ
քայլում ես

քայլում ես նույն համառությամբ
ու տկարությամբ,
նույն հիմարությամբ…

քեզ հասկանում են միայն կիսամեռ շենքերի անլույս պատուհաններն
ու կատուները

փողոցները դավաճաններ են
անվերջ փոփոխվող ոտնահետքերով
ու ստում են,
երբ ներշնչում են,
որ հիշելու են քեզ

դու դավաճան չես

դու հանճարեղ ես և անիմաստ
դու անիմաստ ես ու հանճարեղ

շարունակիր քայլել փողոցներով
ու հավաքել մտքերդ ճոճվող պատուհաններից

քայլի՜ր ժամանակի վրայով
որպես սկիզբ, շարունակություն ու վերջ
իսկ երջանկությունը թող ավելին լինի ակնթարթից,
որն ավարտվել է

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *