ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Նրա աչքերը

Սևադա Գրիգորյան

Հրապարակվում է ՀՀ Զինված Ուժերի ստեղծման 18 ամյակի առթիվ

Աղջիկը ոտքը գցեց ոտքին, զգեստը վարագույրի նման ճեղքվեց, ծունկը մերկացավ: Ագահորեն կլանեցի մերկությունը` հայացքս ծնկից սահեցնելով դեմքին: Աչքերը թաքնվել էին գլխարկի լայն հովhարի տակ, բայց զգացի ինձ ուղղված նրա կրքոտ հայացքն ու սրտապնդված կրճատեցի իմ և նրա միջև ընկած տարածությունը: Նա դրան էր սպասում, – կրքոտ հայացքից զգացի: Առանց ինձ նայելու` ճերմակ մատներով գրկեց դողացող ձեռքս ու մատուցեց ծնկին: Աչքերը դեռ չէի տեսել, բայց արդեն զգում էի ազդրերի թունավոր հաճույքը, ձեռքս ավելի բարձրացավ` հպվեց կրծքերին, զգեստի կոճակներին, բայց նա ուժով հրեց ինձ, մարմինս դող ընկավ, աչքերը չտեսա… Ամեն ինչ խառնվեց իրար. դրսից եկող բարձր խոսակցություն` համեմված հայհոյանքներով, էշի զռռոց, ռաբիս երաժշտություն, մթության մեջ երևացող զույգ պսպղուն աչքեր, որոնք գլխավերևումս կանգնած բութ հայացքով զինվորին էին պատկանում: Նա ուժեղ ցնցում էր ուսս:
Տնքալով ետ քաշեցի համազգեստիս կոճակներն արձակող ձեռքս, արյունոտելու աստիճան քորեցի ոջիլներից քրքրված մարմինս ու ավտոմատը կողքիս կախ գցելով` քնաթաթախ դուրս եկա բլինդաժից: Դրսում` կրակի շուրջը հավաքված զինվոր–տղերքը կատակով ինչ–որ բան ասացին, ես էլ նրանց հայհոյանքով պատասխանեցի, դեմս դուրս եկած էշին էշավայել աքացի տվի, երեսս տասն օրվա ջրով լվացի ու քայլեցի դեպի խրամատը` փոխարինելու հերթապահ զինվորին:

Արևը մայր էր մտնում աչքիս առաջ, հեռու-մոտիկից լսում էի տղերքի ձայները, հետս հերթապահող զինվորի ծանր քայլերն էի հաշվում ու ճռռիկի ձայնից նյարդայնանում, ներքևում` մի քանի կիլոմետր այն կողմ, թշնամի զինվորն էր երևում, և նրա գյուղում մեկը մյուսի հետևից վառվում էին լույսերը: Պարապությունից արդեն հազարերորդ անգամ ավտոմատն ուսիս էի դնում, ճիշտ նշան բռնում թշնամու ճակատին ու սեղմում ձգանը. թըխկ, ու նա հազարերորդ անգամ փռվում էր գետնին, բայց փամփուշտները չէին պակասում փամփշտակալից. հրաման չկար:

Հազարմեկերորդ անգամ էի ավտոմատը դնում ուսիս, երբ ինձ փոխարինելու եկած զինվորը ձայն տվեց, ու իրար «բարի ծառայություն» ասելով` տեղերով փոխվեցինք: Ճանապարհի մեր էշը նորից դեմս դուրս եկավ, բայց չհասցրի աքացի տալ` մի քանի քայլ հեռու փախավ ու ջղային նայեց ինձ, ատամները ցույց տվեց… Էշին մեր զինվորները մի զույգ երկարաճիտ կոշիկների հետ էին փոխել ու բերել պոստ, ասում էին` հղի է, բայց ամիսներ էին անցել, իսկ հղիությունը չէր երևում: Մեր փրկիչն էր. փայտը, ջուրը, հացը բարձում էինք վրան, բերում էր, բայց մենք էլի նրան ծեծում էինք, հենց այնպես, հավեսի համար…

Մտա բլինդաժ, բոլորը, բացի ավագից, քնած էին: Լամպի լույսի տակ աջ կողմի մահճակալի` ճերմակ սավաններով անկողինը լույս էր տալիս մրի մեջ կորած բլինդաժին, որի տերը Գրիշն էր, մեր վաշտի «լավ տղեն», որին էլ ենթարկվում էին բոլորը, ու որի ասածն ասած էր: Նա սավանը մի կողմ էր գցել ու բաց քնել: Նրան նույնիսկ ոջիլներն էին ենթարկվում ու մոտիկ չէին գալիս: Իմ արած հայտնագործությունից չարացած` ավտոմատս դրեցի չհրկիզվող պահարանում, ավագին «բարի գիշեր» ասացի ու բարձրանալով երկրորդ հարկ` մի կերպ խցկվեցի զինվորների արանքն ու ոջիլների մի մասին դեպի ինձ հրապուրելով` փորձեցի քնել: Առավոտյան զինվորների հետ բոլոր կերակուրներից համով թվացող մակարոն ճաշակեցի, իսկ Գրիշը հատուկ իր համար պատրաստված տապակած կարտոֆիլ ու իր հետ պոստ բերած սուրճ վայելեց, քաղցրավենիք կերավ, հետո էլ նստեց բլոտի, սկսեց գոռգոռալ ու հայհոյել:

Ես թուղթ ու գրիչս վերցնելով, քայլեցի բլինդաժից քիչ այն կողմ, նստեցի քարին ու գրեցի. «Աղջիկը ոտքը գցեց ոտքին, զգեստը վարագույրի նման ճեղքվեց, ծունկը մերկացավ: Ագահորեն կլանեցի մերկությունը` հայացքս ծնկից սահեցնելով դեմքին: Աչքերը թաքնվել էին գլխարկի լայն հովհարի տակ, բայց զգացի ինձ ուղղված նրա կրքոտ հայացքն ու սրտապնդված կրճատեցի իմ և նրա միջև ընկած տարածությունը: Նա դրան էր սպասում, – կրքոտ հայացքից զգացի: Առանց ինձ նայելու` ճերմակ մատներով գրկեց դողացող ձեռքս ու մատուցեց ծնկին, աչքերը դեռ չէի տեսել, բայց արդեն զգում էի ազդրերի թունավոր հաճույքը, ձեռքս ավելի բարձրացավ` հպվեց կրծքերին, զգեստի կոճակներին, դանդաղ արձակեցի դրանք. կրծքերը, ինչպես երկու հասած դեղձեր, անուշահոտ արձակեցին, հարբեցի, հետո նրբորեն շոյեցի նրա դունչն ու չկարողանալով զսպել շուրթերումս ծանրացած ցանկությունը` համբուրեցի նրան, համբուրեցի ու տեսա աչքերը: Աչքերը մեծ էին, ջինջ: Լողացի դրանց խորության մեջ, լողացի, լողացի, բայց չհագեցա: Գլխարկը ետ գցեց, սև մազերը ալիք-ալիք թափվեցին ուսերին: Այլևս չէի զգում ազդրերը, չէի տեսնում դեղձ-կրծքերը, միայն տեսնում էի աչքերն ու լողում դրանց խորության մեջ…»: Գրիչն ընկել էր ձեռքիցս, խոտերի մեջ պառկած երազում էի ու մտածում նրա աչքերի մասին, երբ թիկունքիս այծի մկկոց լսեցի ու մեր սառած Սիսիանցու ձայնը, որն ինձ էր կանչում. «Արի՜, առաջին վաշտի տղերքը գյուղից էծ են բերել, էսօր էծի խորոված ենք ուտելու»: Ասի` «Հա, կգամ», ու էլի մտածեցի նրա աչքերի մասին:

Մի քանի րոպե անց ավտոմատի կրակահերթն ու այծի աղեկտուր մկկոցը խառնվեցին իրար: Ժամ չէր անցել, խորովածի հոտը խփեց քթիս: Թուղթն ու գրիչը դրեցի գրպանս ու քայլեցի բլինդաժի կողմը: Տղերքից մի քանիսը պպզել էին կրակի մոտ ու խորհուրդներ էին տալիս խոհարարին, իսկ Գրիշը, առաջին վաշտի երկու ընկերներն ու մեր տղերքից մի քանիսը բլինդաժում էին: Երբ խոհարարը խորովածը քաշեց շշերից ու տարավ ներս, հետևից գնացինք: Բայց ներս չէինք էլ մտել` խոհարարը մեր տղերքի հետ դուրս եկավ ու ասաց. «Չմտնեք, Գրիշը ասեց` էս հազիվ մեզ հերիքի»: Մեր աչքերը չռվեցին: Մեկը համարձակվեց ասել` «Էդ մի էծը իրա՞նք պիտի ուտեն», – ու ցրվեցինք: Երկար ժամանակ բլինդաժից լսվում էր փոքր մարտկոցով սնուցվող մագնիտոֆոնի ձայնը, նրանց բարձր ծիծաղը, իսկ ես չէի կարողանում տեսնել նրա աչքերը, ընդհանրապես աչքիս ոչինչ չէր գալիս, միայն, երբ տեսա մեր էշին, էշավայել աքացի տվի ու գնացի Սիսիանցուն գտնելու: Գտա: Սառած Սիսիանցին տաքացել, լացում էր, բարձր հայհոյում իրեն բանակ բերողին, բանակ ստեղծողին, թուրքին, իրեն… Նստեցի կողքին: Հետո գիշերը էլի լացում էր: Գրիշը սրա ձենի վրա զարթնեց, ինչ ասես չասեց, ասի` «Տղերքին ա հիշել, բան մի ասա»:

Օրերն անցնում էին, ես էլի գրում էի նրա աչքերի մասին, տեսնում, լողում դրանց խորության մեջ, բայց մի օր նա ինձնից գնաց, մեջքով շրջվեց ու գնաց… Այդ օրը պատրաստվում էինք, որ հաջորդ օրն իջնենք պոստերից: Համազգեստս լվացել էի, նրա աչքերի մասին պատմող թղթերը թողել բլինդաժում: Երբ մի քանի ժամ վարտիքով մնալուց հետո համազգեստս հագա ու մտա բլինդաժ, որ թղթերս դնեմ գրպանս, չկային: Տղերքին հարցրի` չգիտեին, Գրիշը եկավ, իրեն հարցրի, ասաց. «Հա, ըստեղի թղթերի հետ ե՞ս, ես եմ վերցրել, զուգարան եմ գնացել»: Արյունը խփեց գլխիս, բռունցքով հասցրի ծնոտին, ընկավ, բայց շատ արագ բարձրացավ ու ինքն էլ հարվածեց, հարձակվեցին նաև «շակալ» զինվորներն ու ինձ լավ ծեծեցին: Մյուսները նայում էին: Բայց Գրիշը չհանգստացավ: Վերցրեց ավտոմատն ու գնաց… Դեմը մեր էշը դուրս եկավ, կրակեց, գլուխը ցրիվ տվեց: Մի քանի ժամ հետո ես ու Սիսիանցին գնացինք սատկած էշի մոտ: Գրիշը սվին–դանակով փորը թափել էր` քուռակին էր ման եկել, չէր գտել… Ես կատաղեցի ու էշին էշավայել աքացի տվի, ասի. «Էշ, էշ, ըտենց էլ չսովորեցիր, էլի՜…»:

Հաջորդ օրը մենք լցվեցինք զինվորական մեքենան ու իջանք պոստերից:

Գյուղի միջով անցնելիս տեսա նրա աչքերը, լողացի դրանց խորության մեջ…

Share Button

5 Կարծիք

  • Chilly says:

    Վաղուց արդեն էսքան լավ պատմվածք չէի կարդացել: Ամեն ինչ շատ իրական էր, ճիշտ մատուցված… Շնորհակալ եմ

  • Վահե says:

    Կարդում եմ, մարմնովս անսովոր դողա անցնում: Չափից դուրս իրական ու կոլորիտային պատմվածք էր, նորից հիշեցրեց ինձ բոլոր սարսափներն ու ծառայողական խնդիրները առանց որոնց բանակը բանակ չի: Հրաշք-պաըմվածք էր, շնորհակալություն:

  • Կարեն Անտաշյան says:

    Վահեն նույնպես բանակային թեմաներով մի պատմվածք ունի, որն ի դեպ Ինքնագրի մրցանակի հնգյակում էր: Կարող եք կարդալ այստեղ` http://ankakh.com/inknagir/?p=205

  • Դավիվիթ says:

    Աննա ջան շատ հրաշալի էր ապրես

  • Մուշեղ says:

    Հոյակապ էր, ազդեցիկ և, ամենակարևորը, իրական

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *