Նարինե Կռոյան | Տապանագիր կամ մինչև շաբաթվա վերջը

Լուսնկարը` Նառա Վարդանյանի

Լուսնկարը` Նառա Վարդանյանի

Դեռ առավոտյան ցավն ընդամենը զգացնել էր տալիս, իսկ հիմա հարձակման էր անցել` ընդգրկելով ողջ կրցքավանդակը: Առանց խուճապի նիտրոգլիցերինի մի հաբ դրեց լեզվի տակ ու որոշեց անշարժ պառկել: Ոչ ոքի չէր ուզում զանգել: Եթե այս պահին է իր սիրտ կոչվող պոմպը որոշել «համը հանել», թող այդպես լինի:

«Գոնե սրտաճմլիկ տեսարաններ չեն լինի»:
Չգիտեր` քնե՞լ էր, թ՞ե գիտակցությունն էր կորցրել, բայց երբ աչքերը բացեց, ցավը կարծես մեղմացել էր: Կրծքին տաք ծանրություն էր զգում: Կատուն էր: Ծվարել էր հենց սրտի վրա և իր «ներքին շարժիչի» գռմռոցով երևի Ավետի «շարժիչն» էր կարգի բերում:
Ձեռքն ընդարմացել էր, բայց կարողացավ անվարժ շոյել նրան.
– Ախ իմ լավ փիսո,
Դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես,
Ոչ սրտիս վրա…
Ավետը հեգնեց` աղավաղելով բանաստեղծի տողերը, և ցավը փորձեց վերադառնալ: Մինչև կեսգիշեր կատուն համառորեն գռմռացրեց, հետո շրջվեց, պոչով խուտուտ տվեց Ավետի քիթն ու ոտքերը քարշ տվեց չգիտես ուր:
«Զարմանալի կենդանի է: Տեսնես ինչպե՞ս հասկացավ, որ սիրտս ցավում է: Ո՞վ գիտի»:
Հիմա իսկապես լավ էր զգում, բայց վեր չկացավ:
Հաջորդ օրը նախաճաշելիս` կատուն մոտեցավ ու բազմանշանակ «մյաու» ասաց: Ավետը նախաճաշը կիսեց ասես վաղեմի բարեկամի հետ ու սկսեց խոսել կատվի ու ինքն իր հետ.
– Ես ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում, Պատրա (լրիվ անունը Կլեոպատրա էր): Միշտ դեմ եմ եղել քո ներկայությանը տան մեջ: Դե, գիտես էլի, մազդ թափելու և էլի ինչ-որ բաների համար:
Նա նայում էր կերակուրն արագ կուլ տվող կենդանուն և չգիտես ինչու անընդհատ ուզում էր արդարանալ.
– Նաև իմացիր: Ես դեմ էի քո անվանը, հետո ինչ, որ թագուհու անուն է: Վերջապես դու տղամարդ ես , չէ՞…
Ավետը մի պահ կարծես կողքից լսեց կատվի հետ իր «մենախոսությունն» ու փռթկացրեց.
«Միայն թե տեսնող լիներ… Տղամարդ… Չէ, չէ մի` տղակատու …»:
Պատրայի համար երևի միևնույն էր, թե մարդիկ ինչ անուն կտային իրեն, որովհետև ամեն իրեն հարգող կատու իր կատվային աշխարհում հավանաբար իր անունն ուներ: Ի պատասխան Պատրան անհաղորդ լվաց երեսը, հետո շրջվեց, անամոթաբար ցցեց պոչն ու արհամարհական հեռացավ:
Քանի դեռ ընտանիքը գյուղում հանգստանում էր, կարելի էր բժշկի գնալ:
– Մի քանի օր պիտի պառկես,- մտազբաղ ասաց բժիշկը, որն Ավետի դպրոցական ընկերն էր:- Սիրտդ լավ հոգնած է:
– Հիվադանոցի հոտից կմեռնեմ: Մի երկու դեղ գրի, գնամ: Եթե մի շաբաթից պիտի մեռնեմ, գոնե ոչ էս հոտի մեջ:
Բժիշկն սկսեց ինչ-որ բան գրել:
– Անցած շաբաթ Վրաստանի մեր գյուղերից մեկում թաղման էի գնացել,- շարունակեց Ավետը:
– Հիմար բաներ ես գլուխդ լցրել,- ընդհատեց դասընկերը: – Մեռնել, թաղում… Վերջ տուր, հա՞…
– Չէ, չէ: Լսիր: Դրանց գերեզմանոցում տապանաքարերի վրա սովորություն ունեն գրելու` ով ինչից է մեռել:
Բժիշկը մի կողմ դրեց գրիչն ու ետ ընկավ բազկաթոռի թիկնակաին: Հետաքրքրեց:
– Մի տեղ գրված էր` «Մեռել է օձի խայթոցից», էն մյուսի վրա` «Թունավոր սունկ է կերել» և էյսպես…Գժվելու բան էր: Հանգուցյալին թողած դես ու դեն էի նայում: Ամոթ չլիներ` էնտեղ դեռ երկար կմնայի… Ասելս էն է, որ իմ պարագայում կգրեն` «Մեռավ ձանձրույթից», – եզրափակեց Ավետն ու ոտքի ելավ:
Բժիշկը մինչև հիվանդանոցի ելքը ճանապարհ դրեց.
– Ասածներս կանես ու մենակ չմնաս: Լսեցի՞ր, մենակ չմնաս:
– Մենակ չեմ: Մի գռմռացող բժիշկ էլ տանն ունեմ, – Ավետը կատակեց ու հեռանալով` ձեռքով արեց:
Դրսում, սոճիների մեջ` տեղ-տեղ ծիկրակող արևի տակ, անբացատրելի մի բերկրանք լցվեց թոքերն, ու շնչելը երանություն թվաց: Նա մի պահ կանգ առավ, նայեց հիվանդանոցի մոխրագույն պատերին ու զարմացավ.
«Մի ժամանակ ես էլ էի ուզում բժիշկ դառնալ: Ահավոր է: Ինչպե՞ս կարելի է երազել ամբողջ կյանքդ ցավի ու տառապանքի մեջ անցկացնելու մասին… …Սադիստի երազանք է»:
Հիվանդանոց բարձրացող ու իջնող մտազբաղ դեմքերը չէին նկատում ո՛չ սոճիները, և ո՛չ էլ նրանց միջից ծիկրակող արևը:
Ավետը նստեց խոտերի մեջ, ատամների արանքը չորացած խոտի մի ցողուն խցկեց ու որոշեց ոչ մի բանի մասին չմտածել:
Շուտով հիվանդանոց բարձրացող շտապօգնության մեքենայի ազդանշանները սառը ջուր լցրեցին երանության վրա, և սթափվելով` Ավետն իրեն արագ կարգի բերեց ու հեռացավ.
«Համա թե տեղ եմ գտել…»:
Տունն` իր անպաճույճ խաղաղությամբ, սպասում էր: Միայն կատուն չկար. պատշգամբից ազատ ելումուտ ուներ:
Ավետը պառկեց բազմոցին, ձեռքերը խաչեց կրծքին ու պատկերացրեց, որ երբ մեռնի` իրեն հենց այսպես էլ պառկեցնելու են: Հայացքն ընկավ կոշիկների մաշված քթերին ու մտածեց, որ այդպիսի կոշիկներով մեռնելն անհարմար է: Պետք է նորը գնել: Հետո բռնելով մտքերի հիմար ընթացքը` ժպտաց.
«Իսկ մահն արժե՞, որ նրա մասին մտածեմ…»:
Մինչ այդ կատուն վերադարձել էր ու պոչի վրա նստած փորձում էր կարդալ իր դիմաց պառկած անհասկանալի մարդու անտրամաբանական մտքերը: Ի վերջո Պատրաան ձանձրացավ ու բարձրացավ բազմոցին: Զգուշավոր քայլեց Ավետի վրայով ու հայացքը մխրճեց մարդու աչքերի մեջ.
«Պառկել ու սպասում ես մահվա՞ն»:
Ավետին թվաց, թե կարդում է կատվի մտքերը.
«Գժվել եմ: Էս կատվի հետ մենակությունից կգժվեմ…»:
Հիշեց, որ երկու օր է կատվի հետ է խոսում:
«Էն էլ ինչ կատվի…Որձ…որը կանացի անուն ունի…»:
Վեր կացավ ու սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում:
«Լավ: Կատուն ի՞նչ կապ ունի: Այդ ամենն իմ մեջ է»:
Ավետը կանգ առավ ու սկսեց հեգնախառն ծիծաղել.
– Հը՞, փիսո, – կատվին երկու ձեռքով բարձրացրեց: Հիմա Պատրայի աչքերի մեջ նայելու հերթն իր էր: – Դե ասա, որ իմ աչքի միջի գերանը չեմ տեսնում ու քո աչքի մեջ չոփ եմ ման գալիս…
Կատուն լռում էր: Նա չէր հասկանում, կամ ձևացնում էր, որ չի հասկանում, թե ի՞նչ է իրենից ուզում այս ձանձրալի մարդն իր ձանձրալի սենյակով ու առավել ձանձրալի կյանքով:
Ավետը մտածում էր շաբաթվա վերջի մասին: Այն մասին, թե որքան արագ անցավ կյանքը` գորշ թվացույցով և ոչնչով աչքի չընկնող մի ժամացույց, որի առավել գորշ սլաքների անկյանք պտույտը ամբողջ հիսուն տարվա մի տաղտկալի պատմություն էր:
– Սիրտս հոգնած է, – կրկնեց բժշկի խոսքերն ու զայրացավ, – տեսնես ինչի՞ց…
Ճիշտն ասած չգիտեր` հիմա ավելի շատ խղճու՞մ է իրեն , թ՞ե զայրանում: Միաժամանակ մի երրորդ ձայն ներսից անընդհատ հիշեցնում էր հիվանդ սրտի մասին: Հույզերի այդ խառնաշփոթի մեջ դժվար էր կողմնորոշվել: Պարզապես զգում էր, որ մի բան պիտի անի, մի այնպիսի բան, որ չի արել, այլապես կմեռնի…. ու դուրս եկավ:
Իրիկնային պաղը փոքր-ինչ զովացրեց եռացող գլուխն, ու նա քայլեց քաղաքի լուսավոր ու սակավամարդ փողոցներով:
Ծխելը դեռ երկու տարի առաջ էր թողել, բայց մինչև շաբաթվա վերջը խաղի կանոնները պիտի փոխեր: Այլևս նա հանդիսատես չէր: Նա ռեժիսոր էր` իր մեկ դերասանով թատրոնի համար, և ծխախոտ գնեց: Քայլեց դեպի պուրակի ամառային աղմուկն ու նստեց սաղարթների տակ, այգու հեռավոր անկյունի նստարանին:
Ծխին խորթացած թոքերն սկզբում դիմադրում էին, սակայն արագ վերհիշեցին ծանոթ խեժանիկոտինային խառնուրդն ու հանգստացան:
Քիչ անց երիտասարդ մի կին մոտեցավ.
– Կարելի՞ է ,- ասաց ու պատասխանի չսպասելով` նստեց:
Ավետը չէր նայում կնոջ կողմը: Սակայն էժանագին օծանելիքի հոտն ու դեռ հեռվից նկատած կանացի արհեստականորեն ընդգծված ուրվագիծը հուշում էին նրա զբաղմունքը:
– Չէի՞ր ուզենա մի քիչ զվարճանալ,- առաջարկեց կինն ու կիպ մոտեցավ տղամարդուն:
Ի զարմանս իրեն` Ավետը հանգիստ էր: Այլ պարագայում նա անպայման կհեռանար, բայց հիմա…
– Կարելի է,- իր համար անսպասելի ասաց ու զարմացավ ինքնավստահության վրա :
– Կարո՞ղ ենք գնալ քեզ մոտ:
Ավետը մտածեց իր ձանձրալի սենյակի և մանավանդ կատվի մասին ու կտրուկ պատասխանեց.
– Անհնար է, տանը մարդ կա:
Ասաց ու ժպտաց, որովհետև Պատրայի ներկայությունը մարդկային որևէ արարածի ներկայությունից պակաս կարևոր չէր:
– Կարող ենք գնալ իմ տուն, – լուծումը գտավ կինը:- Հարմա՞ր է:
Ավետը ոչինչ չպատասխանեց: Նա դեն նետեց ծխախոտի մնացորդն ու ոտքի ելավ:
– Կարող ես ետևիցս գալ: Կողքիցս քայլելը պարտադիր չէ: – Կինը հոգեբանի փորձառությամբ ոտքից գլուխ չափեց հաճախորդին ու առաջ անցավ:
Ավետը փորձեց հակաճառել, իբր դա ոչ մի նշանակություն չունի, սակայն լռեց ու փոքր-ինչ հապաղելով` քայլեց կնոջ ետևից:
Կինն ամբողջ ճանապարհին ջանադրաբար ճոճում էր երևակայական կոնքերը, որն Ավետին միայն զվարճացնում էր .
«Կարծում է իր համար եմ ետևից գնում…»:
Ներկայացումը դրված էր, ու առանց փորձի այն պիտի բեմադրվեր:
Կինը երբեմն-երբեմն ետ էր նայում` համոզվելու համար, թե չի կորցրել, արդյո՞ք, իր կարծիքով խայծը բռնած հերթական ձկնիկին: Զարմանալի էր, բայց Ավետն ինքն էլ էր իրեն զգում այդ ձկնիկի դերում, սակայն այս անգամ ձկնորսը հենց ինքն էր. դերակատար Ավետին «բռնել» էր բեմադրող Ավետը: Նա զգում էր, որ խաղը գնալով ավելի ու ավելի է կլանում իրեն և ընդհատել անսովոր ներկայացումը չէր ուզում:
Շենքը հեռու չէր: Մուտքի ծեփաթափ պատերն ու բոված արևածաղիկի սերմի «բույրին» խառնված խոնավահոտը Ավետին մի անգամ էլ ստիպեցին մտածել ետդարձի մասին.
«Մեռնել անառակի գրկում… Հետաքրքիր վերջաբան է»:
Սակայն նա որոշեց վերջնականապես մի կողմ դնել բոլոր պայմանականություններն ու հանձնվել ժամանակի հոսանքին:
Դռներից մեկի մոտ կինը երկու անգամ սեղմեց զանգի կոճակը, հետո բացեց դուռը:
– Տանը մարդ կա՞, – Ավետը լարվեց:
– Չէ, մայրս է, կույր է: Մի քաշվիր, նա քեզ չի տեսնի:
Սա արդեն չափազանց էր, և Ավետն անպայման կհեռանար, սակայն տղամարդկային անհասկանալի հպարտության տեսանկյունից դա անընդունելի էր:
– Մա, խոհանոց չե՞ս գնա:- Կույր կինը, որին դիմեց դուստրը, պատերից բռնելով քայլեց Ավետի կողքով և կարծես դիտավորյալ մատներով դիպավ տղամարդու դեմքին:
Ավետը շփոթված էր: Իրեն կեղտոտ, զզվելի էր զգում և երևի միջանցքում այդպես մեխված էլ կմնար, եթե երիտասարդ կինը չքաշեր թևքից ու չխցկեր սենյակ` բնակարանի միակ սենյակը: Ավետը նստեց բազմոցին ու նայեց մեջքով դեպի իրեն կանգնած արագ հանվող կնոջը: Մտածեց, որ մինչև հիմա այդ կնոջ դեմքն էլ կարգին չի տեսել:
Երբ կինը շրջվեց, Ավետը խոր հոգոց հանեց. տգեղ չէր, նորմալ, երեսուն-երեսունհինգ տարեկան: Կինը կիսամերկ էր: Նա հեռացրեց ոտքերն ու նստեց տղամարդու ծնկներին: Ավետը քրտնեց.
– Դուռը, գոնե դուռը ծածկիր: Մայրդ…
– Նա վատ է լսում, թուլացիր, – ընդհատեց կինը: Նա իր գործն էր անում:
Ավետը միայն մի բան էր ուզում: Արագ հեռենալ, գլուխն առնել ու կորչել: Մի քանի րոպեն կնոջ բերանի ծամոնի նման ձգվեց ու դարձավ չավարտվող մի ամբողջ հավերժություն` ինքնանվաստացման հավերժություն:
Վերջապես վճարեց ու …փախավ: Սիրտը խառնում էր: Զգաց, որ այլևս քայլել չի կարող: Խարխափելով մուտքի մութ սանդուղքների վրա` կառչեց բազրիքից ու կռանալով փսխեց:
Մի քիչ հանգիստ էր:
«Ժամը քանի՞սն է»,- կրակայրիչը վառեց, բայց ժամացույցը չկար: Հիշեց, որ վերևում է թողել`պառկելիս, ինչպես միշտ էր անում:
«Պիտի վերադառնամ»:
Հիմա էլ սկսեց խիղճը տանջել.
«Երևի կույր մորը պահելու համար է անառակությամբ զբաղվում… Պիտի ավելի շատ փող տայի… Ժամացույցս էլ կվերադարձնեմ»:
Հիսունամյակի նվերն էր: Ի՞նչ էր ասելու տանը: Որոշեց ու կրկին վերև բարձրացավ: Առանց թակելու, ոգևորված հրեց դուռն ու ներս մտավ և … մեխվեց այնտեղ, որտեղ ժամ առաջ էր մեխվել. «կույրը» իր տված թղթադրամներն էր բարձրաձայն հաշվում ու դռան ետևից ինչ-որ բան էր քննարկում զուգարանում նստած դստեր հետ:
Երբ պառավը նկատեց շվարած Ավետին` մի պահ շփոթվեց, սակայն արագ ուշքի եկավ ու անմեղ-մեղավոր ժպտաց:
Ավետը մոռոցավ ժամացույցի և ընդհանրապես ամեն ինչի մասին ու նորից փախավ: Չհասկացավ, թե ինչպես հասավ պուրակ: Նորից նույն նստարանը: Նստեց ու գլուխը բռնեց:
«Մինչև շաբաթվա վերջը… Արկա՞ծ էիր ուզում…Ստացա՞ր ուզածդ…»,- հանկարծ զայրույթն ու զզվանքը փոխվեցին ծիծաղի` անզուսպ ու անվերահսկելի:

«Մարդիկ կույր ու խուլ են ձևանում, անառակություն են անում` ապրելով յուրաքանչյուր օրը: Դա է նրանց իմացած կյանքի իմաստը, այդպես ձեռնտու է: Ուրիշ իմաստ փնտրելու մասին չեն էլ մտածում: Իսկ ես մտածում եմ, որովհետև… որովհետև ինտելեկտուալ անառակ եմ, մարմնիս փոխարեն իմ բաժին ժամանակն եմ ծախել ու ժամացույցիս նման ետ բերել չեմ կարող»:
Ծիծաղը քանդում էր ինչ-որ տեղ ներսում քարացած ու անհեթեթ բաներ: Գլուխը պարզ էր ու թեթև: Տունը` իր ձանձրալի սենյակը, կանչում էր:
Վաղուց այդքան լավ չէր քնել: Առույգ էր, քան երբևէ: Պատրան էլ էր կարծես ուրիշ աչքերով նայում վրան: Շաբաթն ավարտվում էր: Վաղը գյուղ կգնա: Ժամացույցի համար մի բան կհնարի: Այսօր հատուկ Պատրայի համար ձուկ էր գնել: Կատուն` երախտապարտ, ոտքերին էր քսմսվում: Կարելի էր մի քիչ հեռուստացույց նայել:
Էկրանին բժիշկ ընկերոջ դիմանկարն էր.
– Խոր վշտով հայտնում ենք, որ հիսուն տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ եղավ մեր համաքաղաքացի…
Սիրտը նորից սկսեց ցավել: Ավետը գրկեց Պատրային, մտածեց ընկերոջ նոր կոշիկների մասին ու անձայն ասաց.
– Տապանաքարին կգրեին`«Սադոմազոխիստի մանկական երազանքը սպանեց նրան»:
Պատրան` էգի անունով որձ կատուն, հասկացավ նրան:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *