Հովհաննես Գրիգորյան | Աստծո պարգևած ևս մի օր

Հովհաննես Գրիգորյան

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Ցավ զգո՞ւմ եք,-հարցրեց բժիշկը, զարմանքով ուսումնասիրելով
ծաղիկը, որն աճել էր ուղիղ սրտիս մեջ – ճերմակ թերթիկներով
բարալիկ ծաղիկ էր, որը ես հանկարծ նկատեցի,
երբ հայելու առաջ,
մինչև գոտկատեղս մերկ, առավոտյան
սափրվում էի` ածելին զգուշորեն սահեցնելով
այտիս վրայով: Կրծքիս սև մազերի միջից պարզ երևում էին
ծաղկի դալուկ թերթիկները, այնքան նուրբ,
որ վախեցա ձեռք տալ –
թերթիկները չպոկվեն հանկարծ…
Այս տարիքո՞ւմ և ձմռան այս ցրտի՞ն,- գլուխը տարուբերեց
մեկ ուրիշ բժիշկ, որին հրավիրել էին մի հեռավոր երկրից,
որտեղ, ասում են,դա սովորական երևույթ է
և փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց`
ամբողջովին ծաղիկների մեջ կորած…
Բայց դե, այդ երկրում հավերժական գարուն է,
տաք ու անձրևոտ են եղանակները,- նկատեց
բուսաբանը և խոշորացույցով ծաղիկը մանրակրկիտ
զննելուց հետո շարունակեց,- Սա քո վերջին ծաղիկն է,
որը չպետք է թողնես թառամի,
այլապես ինքդ էլ կթառամես նրա հետ, ուրեմն,
պիտի հեռու պահես չար աչքից ու չար փշից
և պիտի ջրես օրը երեք անգամ…
…Իսկ երբ նրանք բոլորը հեռացան ու ես նորից կանգնեցի
հայելու առաջ,
սափրվելս հասցնելու ավարտին, պարզորոշ լսեցի
թե ինչպես ծաղիկն ասաց.
– Ես կթառամեմ, եթե սերը չորանա սրտիդ մեջ,
և կմեռնեմ, լսո՞ւմ ես,- ձայնը բարձրացրեց ծաղիկը,-
եթե հանկարծ ուրիշ ծաղիկ բացվի այնտեղ.
և զգուշացնում եմ ` դու էլ կմեռնես ինձ հետ,
և մեզ կթաղեն նույն շիրմաթմբի տակ –
ամբողջովին ծաղիկների մեջ կորած:

 

***

Ո՞ւմ ես թողնում ինձ ու գնում, չես էլ ասում թե ուր,-
հարցրեցիր, երբ շատ կարճ ժամանակ էր մնացել
գնացքի շարժվելուն:
Ոչ դժոխքի ճամփան գիտեմ,-ասացի,- և ոչ էլ Դրախտի,
եսիմ ուր է տանում այս գնացքը վերջին, բայց, դե,
հոգուս խորքում դեռ հույսը չի մարել, որ գուցե
Քավարան ընկնեմ, ի վերջո, մեդալ ունեմ Խորենացու:

Ո՞ւր ես թողնում ու գնում և ինչո՞ւ չես ջղայնանում,
թե այս ցրտին ինչո՞ւ եմ տանից դուրս եկել
այսքան թեթև հագնված,-
հարցնում էիր էլի ու էլի ու փոքրիկ բռունցքներով
խփում էիր կրծքիս,
մինչդեռ օդակայանում քիչ հետո կհայտարարեն,
որ ուղևորները պատրաստվեն թռիչքի,
և ես հանկարծ հիշեցի.
նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը
վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,
անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա
արցունքների, իսկ հետո
կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,
կչանգռի ու կարյունոտի սիրտս
քեզանից հեռացող բոլոր ճանապարհների վրա,
վերջին գնացքի մեջ, անհայտության մեջ,
որովհետև չգիտեմ
ոչ Դրախտի և ոչ էլ Քավարանի ճամփան
և միայն մի բան գիտեմ –
քեզանից հեռացող բոլոր ճանապարհները
Դժոխք են տանում:

 

ԿԻՍԱՏ ՕՐԵՐ

ՈՒշադիր նայեցի կնոջ դեմքին, և նա,
որ գնում էր մոտակա խանութ հաց առնելու,
միգուցե նաև ուրիշ բաներ, հանկարծ կանգ առավ
և շրջվեց ու վերադարձավ տուն:
Մառախլապատ օր էր, բայց պարզ
երևում էր հարևանս, որը բացել էր
ավտոտնակի դուռը, գործի էր գցել մեքենան
երևի ինչ-որ կարևոր տեղ գնալու համար:
Բայց հանկարծ փոշմանեց, հանգցրեց
մեքենայի շարժիչը, փակեց ավտոտնակի դուռը
և մոլորված քայլերով վերադարձավ տուն:
Նույնը կատարվեց անձրևի հետ, որի
առաջին կաթիլները կեսճամփին շրջվեցին
և նորից բարձրացան երկինք
և հարմար տեղավորվեցին ամպի մեջ,
կարծես թե ոչինչ էլ չէր պատահել:
Երևի թե իսկապես էլ ոչինչ չի պատահել,
երևի թե հենց այսպես էլ պիտի լիներ,
երևի թե ես էլ մի օր կվերադառնամ
և ավարտին կհասցնեմ այս բանաստեղծությունը,
և երկրագունդը կշարունակի պտտվել հենց այն կետից,
որտեղ կանգ էր առել և ետ էր պտտվել,
երկուշաբթի սովորական մի առավոտ,
երբ հույսը լքել էր ինձ
և ձեռքերս կախվել էին հուսահատ…

 

***

Դու ուզես թե չուզես նորից ես ծնվելու,- մտածեցի ես
նայելով ծերունուն, որը ժպտալով աշխուժորեն
պտտվում էր ծաղկած ծառերի արանքում:
Դու կծնվես նորից ու նորից, այնքան, մինչև որ
մենք բոլորս կհոգնենք երկրագնդի հետ միևնույն
ուղղությամբ պտտվելուց, կհոգնենք բանակցելուց
զանազան հանձնաժողովների հետ` Աստծուց
ի վերուստ ստացած և հետագայում մեծ հաջողությամբ
կորցրած հողերից մի պատառը ետ ստանալու,
հարևանների փակած սահմանները բացելու,
Եվրոպա մի դռնով մտնելու և մյուս դռնով դուրս գալու
և բազում այլ հարցերի շուրջ… Կհոգնենք և ազգուտակով,
դհոլ-զուռնայով, լացուկոծով կգնանք ու շարվեշարան
կպառկենք չինական պարսպի լայնք ու երկայնքով
և աղ ու հացը պատրաստ կսպասենք մահվան
հրեշտակին, իսկ նա ժպտալով աշխուժորեն
պտտվում է սովորականի պես ծաղկած ծառերի արանքում`
բացարձակապես անտեղյակ, որ երկրագունդը վաղուց
դադարել է պտտվելուց և բոլոր տեսակի կառուսելները
դադարել են պտտվելուց, որովհետև ժամկետն անցել է,
իսկ բնակչությունը ուշացրել է թե առաջինի և թե
երկրորդի պտտավարձը մուծել, և Տերը մեր արդարադատ
նախապես զգուշացնելուց հետո անջատել է հոսանքը,
ինչի հետևանքով, այն ամենն ինչ պտտվում էր
դադարել է պտտվելուց,
և միայն դու կշարունակես պտտվել ծաղկած
ծառերի արանքում, հեռու պարսպից, հեռու բոլորից
ժպտալով ու ծնվելով նորից ու նորից…

 

***

Ու չնայած արդեն գարուն էր
և ջահել ծառերը խաբվել ու ծաղկել էին դեսուդեն,
բայց սթափեցնող ցուրտ էր փչում հյուսիսային կողմից,
և ձյան տակ էին սարերը հեռու-մոտիկ,
և ծաղկած ծառերի և ձյունածածկ մազումուզի
մեջ կորած երգիչն աղեկտուր արձանագրում էր-
էլ չենք լինի քսան տարեկան, հստակորեն հասկացնելով,
որ մնացած բոլոր տարիքները կարելի է կրկնել
մեծ ցանկության դեպքում…
Եկեղեցու զանգերն ինչպես միշտ անակնկալի բերեցին
սև վերարկուների մեջ կուչ եկած ագռավներին, որոնք
ծոցատետրերի մեջ ջանասիրաբար գրի էին առնում
իրենց չափազանց դուր եկած երգի տողերը, միայն թե քսանը
փոխարինելով հարյուր քսանով…
Զանգերի առաջին իսկ ղողանջի հետ, նրանք խնամքով
ծալեցին ծոցատետրերն ու մատիտների հետ
դրեցին գրպանները և
կռա-կռա տարածվեցին սփրթնած երկնքով մեկ
և ապա սև-սգավոր նոտաների նման շարվեցին
լվացքի պարանի վրա հենց այն պատուհանի դիմաց,
որտեղից հնչում էր` էլ չենք լինի քսան տարեկան…
Եկեղեցու զանգերը երգին հյուսված համառորեն
շարունակում էին ղողանջել, համոզելով մարդկանց,
որ ամեն դեպքում հարկավոր է արթնանալ,
հարկավոր է շարժել ոտքերն ու ձեռքերը,
պոկվել երազների կպչուն թմբիրից, և վերջին
ուժերն հավաքելով թեկուզ սողալով, թեկուզ չոքեչոք
մոտենալ պատուհաններին և տեսնել, որ թեև
դեռևս ցուրտ է փչում հյուսիսային կողմից
և ձյան տակ են սարերը հեռու ու մոտիկ
և թեև, հազար ափսոս, էլ չենք լինի քսան տարեկան,
բայց մնացած բոլոր տարիքները կարելի է կրկնել,
խաբվել ու ծաղկել
մեծ ցանկության դեպքում…

 

ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎԱԾ ԵՎՍ ՄԻ ՕՐ

Գարնանային պայծառ առավոտ է (մռայլ ու ամպամած
եղանակ, ջղայն ու բարալիկ անձրևով) պայծառ,
որովհետև բացել ես աչքերդ և
ցնծությամբ հասկացել, որ Տերը ևս մի օր է քեզ պարգևել`
նայելու պատուհանից դուրս, հեռվում, ծառերի արանքից
երևացող շենքերին, լուսամուտագոգին խմբված ծտերին,
որոնք նկատել են, որ բացել ես աչքերդ և սպասում են,
թե երբ ես ոտի ելնելու, սկսելու առավոտյան արարողությունդ,
որի բաղադրիչներից մեկն էլ նրանց համար լուսամուտի
նեղլիկ գոգին հացի փշրանքներ լցնելն է,
որը նախապես բարեխղճությամբ մանրում ես սափրվելու,
նախաճաշելու և սուրճ խմելու ընթացքում:
Տերը ևս մի օր է քեզ պարգևել – գուցե հասցնես այդ
ընթացքում խելքը գլխին մի ասույթ հորինել` կյանքիդ
վերջին պահին սերունդներին հիշատակ թողնելու համար,
ասենք, ինչպես օրինակ` լույս, ավելի լույս…կամ` այրեք
ինձ և մոխիրը ցանեք օվկիանոսների վրա…Ավաղ,
ամեն ինչ արդեն ասված ու հորինված է
և անիմաստ է նոր խոսք որոնելը և ես ամենայն
հավանականությամբ կյանքին հրաժեշտ կտամ
իմաստուն լռություն պահպանելով:
Տերը ևս մի օր է քեզ պարգևել – երևի ճիշտն այն կլինի
որ դուրս գամ փողոց և ծերունական մանրիկ քայլերով
շրջեմ այն վայրերում, որոնց հետ քաղցր հուշեր
ունեմ կապված և հրաժեշտ տամ հարազատներիս ու
մտերիմներիս, որոնց միգուցե հանդիպեմ ծանոթ
փողոցներում կամ սրճարաններում…Բայց ես
հիշեցի հանկարծ,
որ ես դրսում ոչինչ չեմ գտնի և ոչ մեկին չեմ գտնի,
ընդամենը անշարժ կաղապարներ են, որոնց միայն
մակերեսն է փոխվում ամեն պահ, և դիմակներ են շրջում,
որ կարող են խոցել հոգիդ
իրենց սառը օտարությամբ: Իսկ հուշերը քեզ հետ են,
և պատկերներն են քեզ հետ և կապրեն քեզանից հետո,
եթե ինչ որ մեկը
խնամքով ջրի ծաղիկները գերեզմանիդ…
Տերը քեզ մի, ընդամենը մի օր է պարգևել – և դու
այդ մի հատիկ օրն ահա ապրում ես
քո ամբողջ կյանքի ընթացքում…

 

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտեմ, տարիներ անց, իմ կիսանդրին էլ կցցվի
սահմանամերձ ինչ-որ մի խուլ գյուղի դպրոցի բակում,
որն հապշտապ կասֆալտապատեն 100-ամյակիս առիթով,
և գյուղապետը ելույթ կունենա հանդիսության ժամանակ
անուն-ազգանունս խառնելով իրար,
և աշակերտների համընդհանուր քրքիջը ծածկելու նպատակով
փողային նվագախումբն արտահերթ նվագելու հրահանգ
կստանա, իսկ լեզվի և գրականության ուսուցչուհին` խիստ
նկատողություն` գյուղապետի համար գրած ելույթի մեջ
այդ աններելի սխալը թույլ տալու համար…
Մայրաքաղաքից հրավիրված պաշտոնյան կընդգծի, որ
այս պահին նշվում է երկու հոբելյան,
մեկը (ձեռքով ցույց կտա կիսանդրիս) ստիպել է մեզ
թողնել բան ու գործ և աշնան անձրևի միջով հասնել
սահմանամերձ գոտի, իսկ մյուսը (ձեռքը կպարզի
սահմանի ուղղությամբ) այն է, որ լրանում է
հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման 35-ամյակը,
և ուշ չէ այն օրը, երբ սահմանները կբացվեն և հայ գրողի
աչքի առաջ (նա նորից ձեռքը կմեկնի դեպի իմ կիսանդրին)
այս խուլ գյուղը կդառնա առևտրական աշխույժ,
ծաղկող կենտրոն: – Գյուղապետի նշանով հանդիսականների
բուռն ծափահարության տակ փողային նվագախումբը
կհնչեցնի փոխշահավետ առևտրական աշխույժ, ծաղկող
կենտրոնի լավատեսական հեռանկարը նշանավորող
աշխույժ, ծաղկող երաժշտություն:
Հետո հոբելյարի գրական գործունեության մասին
մանրամասն խոսք կասի ՀԳՄ վերջնական նախագահը
և մի քանի
զավեշտալի դեպք կպատմի իր և հոբելյարի համատեղ
աշխատանքային կյանքից և ապա հուզմունքով
և զարմանքով կհավաստի,
որ արդեն շունչը փչած հոբելյարի, այսինքն իմ
աչքերն ինքն է մի քանի անգամ փակել,
և դա իրոք այդպես էլ եղել է, որովհետև
ոչ մի կերպ չէի ուզում փակ աչքերով հեռանալ
այս չափազանց հետաքրքիր աշխարհից… Վերջում ՀԳՄ
նախագահը ծերունական մոռացկոտությամբ
ինձ չորրորդ անգամ
կպարգևատրի գրական վաստակի մեդալով,
ինչը ներելի է, եթե հիշենք նրա չափից դուրս
խորացած տարիքը…
…Չափից դուրս խորացած աշունը… չափից դուրս դեղնած
տերևները և չափից դուրս աշնանային
բանաստեղծություններս, որոնք գոռգոռալով կարտասանեն
աշակերտները զրնգուն ձայներով և չափից դուրս
միապաղաղ անձրևը, որը խուլ հեծկլտում է
սահմանի թե այս և թե այն կողմում…

 

ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ԱՊՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԳԱՂՏՆԻՔ

Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին,
հատկապես առավոտյան, արթնանալիս,-
և բավական չէ, որ ոչ մի խելքը գլխին
բացատրություն չես գտնի, այլև կփչանա
տրամադրությունդ, հնարավոր է երկար ժամանակով:

Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին
նաև գործի գնալիս, կամ որ նույնն է`վերադառնալիս,
և հեռու մնա այդ թեմայի շուրջ զրուցելուց ծանոթի
կամ մտերիմի հետ, եթե հանդիպես ճանապարհիդ,
և բավական չէ, որ խելքը գլխին ոչ մի բացատրություն
չեք գտնի ու արդարացում գոյությունն այսպես
քարշ տալու համար,
այլև կփչանա ոչ միայն քո, այլ նաև
ծանոթիդ ու մտերիմիդ տրամադրությունը,
ինչը կարող է փոխանցվել նաև նրանց
բանից անտեղյակ ընտանիքի անդամներին:

Երբեք չմտածես կյանքի իմաստի մասին, երբեք,
մանավանդ թատրոն կամ համերգ գնալիս,
և չփորձես այդ հարցի շուրջ զրույցի մեջ քաշել
արդեն բեմ մտնելու պատրաստվող դերասաններին
կամ
երաժիշտներին` վարագույրը բացվելուց առաջ, վստահ
եղիր, կտապալվեն թե ներկայացումը և թե համերգը,
և հանդիսատեսներն էլ քեզ հետ միասին
փչացած տրամադրությամբ կցրվեն դեսուդեն` այլևս
երբեք միմյանց չտեսնելու վճռականությամբ,
և ինչ իմանաս,
ինչ փորձանքի մեջ կընկնեն խռովված հոգիներով…

Մտածիր ամեն ինչի, բայց երբեք կյանքի իմաստի մասին,
բոլոր եղանակներին և հատկապես աշնանը,
երբ ինչ ուզում ես մտածիր, միևնույն է,
ձմեռ է գալիս բոլոր հարցերին ի պատասխան,
փակիր բոլոր դռներն ու պատուհանները,
բայց ցուրտն արդեն տանն է և կարոտով սպասում է քեզ,
բայց ձյունն արդեն տանն է և քիչ-քիչ ծածկում է քեզ,
ճերմակ վարագույր, որ իջնում դանդաղ
ու փակում է քեզ,
և դու կավարտվես առանց ծափահարությունների`
գորշ ու միապաղաղ ներկայացման պես…

 

***

Ի տարբերություն հեռավոր անցյալի,
երբ դեռ խակ էր ու ջահել,
նա հիմա հաճախ է մտածում.
գուցե եղել ու անցե՞լ է,
կամ` գուցե դեռ նո՞ր է գալու
իսկական ու մեծ երջանկությունը…
…Իսկ խոսքն ընդամենը անձրևի մի քանի
կաթիլի մասին է, որն ի տարբերություն
հեռավոր անցյալի,
երբ դեռ խակ էր ու ջահել,
հիմա ավելի հաճախ է տեսնում երազում
անապատի մի խուլ անկյունում
դառը մտքերի մեջ կծկված,
սմքած ու ծերացած
կակտուսը:

 

***

Երջանկությունը…ինչպես խայծը թակարդում,
ինչպես աստղը երկնքում` աչքիդ առաջ, բայց
անհասանելի…
Սակայն հուսահատվելու համար այդքանն էլ բավական է:
Չէ որ սա քո սիրելի զբաղմունքն է,
թեման, որը թաց օճառի նման պլստալով
դուրս է նետվում մատներիդ արանքից:
Դու խուսափում ես պարզ վիճակներից –
հեռացնում ես անձրևը,
անհուսության պատերը գիշերվա,
ծերությունը, որը հետապնդում է քեզ բոլոր հայելիներից,
և մենությունը, որն այդպես էլ չհասկացար
ի՞նքն է հետապնդում քեզ, թե`դու նրան…
Բայց դու արագորեն բարձրանում ես երկինք,
ձեռքդ պարզած աստղին… ու երբ հասնես նրան,
երջանկությունից կնվվա հոգիդ`
թակարդի մեջ անհուսորեն փակված…

 

ՀԻՄԱ

Տեր ամենազոր,
հիմա, երբ բազում տարիներ եմ անցկացրել
քո արարած այս մոլորակի վրա
և տեսել եմ անտառներ, լեռներ, գետեր ու օվկիանոսներ,
տեսել եմ թռչուններն երկնքում,
և ձկներն եմ տեսել խորքում ջրերի,
հիացել եմ մրջյունների աշխատասիրությամբ,
ծաղիկների բազմերանգությամբ
և կատարելությամբ տերևների,
վայելել եմ լուսաբացների արարողությունը սքանչելի
և թե ինչ հանդիսավորությամբ է իջնում վարագույրը մթան,
տեսել եմ փառահեղ բազմազանությունը անձրևների
և վարպետությունը, թե ինչպես է ձմեռը փոխվում գարնան…
Եվ հիմա, Տեր իմ, երբ ժամանակն է հաշտվելու
այս ամենից բաժանվելու մտքի հետ չարագուշակ,
չընկնեմ հոգսերով և չմոռանամ հարցնել,
թե այդ իˉնչ զորությամբ ու հմտությամբ ես կարողացել
արարել այս ամենը
ընդամենը մի շաբաթում,
որ այս էլ քանի հազար տարի է
մենք, քո իսկ հորինած մարդ-արարածներս,
քանդում ու ավերում ենք
ու ծայրը դեռ չի երևում…

 

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Անշուշտ, ամենաձեռնտուն և ամենաառողջարարը
քնելն է
հեռուստացույցի առաջ, հատկապես վերջին
լուրերի հաղորդման ժամանակ:
Այդպես դու հանգստանում ես առանց համաշխարհային
և տեղական կարևոր ու հրատապ իրադարձություններից
կտրվելու:
Հետաքրքիրն այն է, որ պաշտոնական լուրերի ընթացքում,
այսինքն լրատվության հենց սկզբում,
երբ դու հարմար տեղավորվում ես բազկաթոռի մեջ,
և գլուխդ հենում փափուկ թիկնակին, իսկ ոտքերդ
դիմացի աթոռակին փոքրիկ – դու դեռ չգիտես,
թե հատկապես
ո՞ր պահին ես խրվելու Մորփեոսի գիրկը երանելի…
…Ձմեռն արդեն ավարտին է մոտենում և պառլամենտը
պատրաստվում է գարնանային նստաշրջանին,
և արդեն հայտնի է, որ ամենակարևոր հարցը,
որ դրվելու է քննարկման, նարգիլեի և
ափիոնի դեմ համընդհանուր պայքարն է` հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորումից անմիջապես հետո…
…Երկրի ղեկավարները մեկնելու են Լոնդոն և արդեն

հայտնի է, որ թագուհին նրանց պատվին
հանդիսավոր և ճոխ ճաշկերույթ է
կազմակերպելու, որի ընթացքում պարտադիր է
գդալ ու պատառաքաղ մոռացած
հարգալիր ժպիտով ակնդետ հետևել,
թե ինչպես է թագուհին կլանում իր ամենօրյա շիլան
նրբագեղ շարժումներով, և համբերությամբ սպասել,
թե երբ է այս ճոխ ճաշկերույթն ավարտվելու,
որ գնան քաղաքից դուրս
և կուշտ փորով հաց ուտեն…
…Ցավալի և զարմանալի փաստ է,թե ինչու են
միշտ (գրեթե միշտ) բնական աղետները
քարուքանդ անում, առանց այդ էլ կիսավեր,
չքավոր երկրները, բայց ուրախալի փաստ է,
որ այդ աղետների շնորհիվ աղետված երկրների թշվառ
բնակիչները, ի վերջո, նորմալ
հագուկապ, բարձրորակ ուտելիք և մի քիչ էլ
ձեռքի փող են ստանում հարուստ երկրներից,
որոնց օգնությամբ տուն ու տեղ են դնում,
յոլա են գնում մինչև հաջորդ աղետը վրա հասնի`
Աստծո օրհնությամբ…
…Մինչև գոտկատեղը ձյան մեջ խրված հողի
աշխատավորները բողոքում են ձյան բացակայությունից
և իրենց ծանր վիճակից,
և կառավարությունից օգնություն են խնդրում
առաջիկա երաշտից կրելիք վնասների համար,
երաշտ, որն անկախությունից հետո անխուսափելի է,
թեկուզև կլոր տարին առավոտից իրիկուն
անձրև տեղա, ինչպես նախորդ տարիներին`
ջրհեղեղից սկսած…
…Փողոցային մարմնավաճառուհիները
դրվատանքով են խոսում
ներկա քաղաքային իշխանությունների մասին,
որոնք, ի տարբերություն նախորդների,
ժամանակին և խնամքով մաքրում են
փողոցներն ու մայթերը ձյունից ու ցեխից,
և դրա շնորհիվ բավականին հեշտացել է
ամենահին մասնագիտության տեր կանանց
աշխատանքը, հատկապես ձմռան ու գարնան
առաջին ամիսների դժվարին պայմաններում…
…Երկրագնդի գլոբալ տաքացման հետևանքով
խայտառակ ցրտեր են սկսվել Աֆրիկայում,
և պատմության մեջ առաջին անգամ
սառցակալել են վերջինիս հարակից ծովերն ու
օվկիանոսները, ինչի հետևանքով
ծանր կացության մեջ են հայտնվել
Սոմալիի ծովահենները,
և ի աջակցությունս իրենց գործընկերների` առաջինը
արձագանքեցին հայ ֆերմերներն ու խանութպանները`
շեշտակիորեն թանկացնելով մսամթերքներն ու
մյուս մթերքները Հայաստանի տարածքում…
…Սահմանային անցակետում մեր մաքսավորները
կալանավորել են հարևան երկրի
ազգությամբ հայ երկու բնակչի,
որոնք փորձել էին իրենց սրտերում թաքցրած
մեծ քանակությամբ սեր ու կարոտ
անցկացնել Հայաստան` առանց մաքսազերծելու…
…Մեծ առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի
դեմ պայքարի ասպարեզում, և հանցանքի վայրում
բռնվել, տույժի են ենթարկվել հազարավոր
կաշառակերներ, որոնք հավանաբար եղել են
փողոցային երթևեկության խախտողների
և տեղում տուգանվածների շարքերում…
…Վերջերս ինձ էլ են տուգանել փողոցը
ոչ ճիշտ տեղում հատելու համար,
երևի ես էլ եմ կաշառակեր…- բարեհոգաբար
մտածեցի ես արդեն փակվող աչքերով,
այդպես էլ չիմանալով, թե ինչ
նվաճումներ ենք արձանագրել սպորտի
և հատկապես մշակույթի ասպարեզում,
որոնցից մեկն էլ այն է, որ ծանր ու երկարատև
հաջողություններից հետո վախճանվել է
մշակույթի վաստակավոր գործիչ…
ափսոս, չլսեցի անունը`
արդեն խորը քնի մեջ էի թաղված…

 

 

***

Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ
այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք
անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից:
Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք,
որ ես ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից.
թող առատ ձյուն տեղա և անհուսորեն փակվեն
ավտոմայրուղիները և դադարեցվեն թռիչքները
ինքնաթիռների, և գնացքները կանգնեն
անորոշ ժամանակով…
Ի՞նչ մի դժվար բան է` արգելափակոցներ դրեք,
որ ես չհեռանամ այս փոքրիկ փողոցից,
հայտարարեք համաճարակ` խոզի կամ այծի գրիպի,
զգուշացրեք, որ կվտանգեմ ձեր և այլոց կյանքերը,
եթե մի ոտք անգամ դուրս դնեմ
այս փոքրիկ փողոցից, որի բոլոր ծառներին, թփերին
և մայթեզրի քարերին և նույնիսկ անտեր շներին
վարժվել եմ անդառնալիորեն:
Եվ ո՞վ ասաց, որ չի կարելի օրենք ընդունել
և կտրականապես թույլ չտալ գոնե մեկ մարդու`
այսինքն գոնե ինձ, այսինքն
այսինչ-այնինչյանին – դուրս չգալ իր փոքրիկ տանից,
ասենք` երթևեկությունը խցանումներից
ազատելու նպատակով:
Ոստիկան կկարգեք հենց դռանս առաջ,
և նա թող բամբակ խցկի ականջների մեջ,
որպեսզի չլսի իմ աղաչանք-պաղատանքը
և չբացի դուռը ինչքան էլ խնդրեմ ու համոզեմ…
Ահա արդեն քանի օր է
ես ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել
արթնանալու համար:

 

 

***

Ընդամենը մի կղզի է մնացել,
ուր ապրում են սիրելի մարդիկ:
Ընդամենը մի պայծառ արև,
որը երբեք մայր չի մտնում:
Ընդամենը մի քանի ծառ` քաղցր պտուղներով:
Ընդամենը մի երազ,
ուր դու ապրում ես այդ կղզում,
պայծառ արևի տակ,
որը երբեք մայր չի մտնում,
սիրելի մարդկանց հետ ու ծառերի մեջ,
որոնց ճյուղերից քաղցր պտուղներ են կախված…

Ընդամենը մի երազ, որի համար արժե քնել
և այլևս չարթնանալ –
թույնի և մաղձի այս օվկիանոսում:

 

 

***

Հեռուստացույցի էկրանը – բանտախցի պատուհան
աշխարհի վրա բացված: Հնարավորինս
հաշվի են առնված
ճաշակներն ու ցանկությունները բոլոր բանտարկյալների –
ձմռանը շատերը գերադասում են տեսնել տաք երկրներ,
խիտ ու փարթամ անտառներ, մաքուր ու կոկիկ քաղաքներ,
որոնց փողոցներով շրջում են թեթև հագնված,
ժպտադեմ մարդիկ,
և ամենևին չեն կրակում իրար վրա
թիկունքից:

Ամռանը ցուցադրում են հենց նույն այդ մարդկանց,
որոնք տոթ քաղաքները թողած զովանում են
ծովերում ու գետերում,
արևկող են լինում տաք ավազներին պառկած,
խաղաղ նիրհում են աչքերը փակ – ամենևին չկասկածելով,
որ ինչ-որ մեկը կրակելու է նրանց վրա
թիկունքից:

Բայց ամենացանկալին, բոլոր եղանակներին,
ճամփորդական պատկերներ տեսնելն է, թե ինչպես են
հենց նույն այդ մարդիկ ավտոներով, գնացքներով,
ինքնաթիռներով
ինչ-որ տեղ գնում կամ վերադառնում են ինչ-որ տեղից
ոմանք դիմավորում են, մյուսները ճանապարհ են գցում,
և պարզորոշ զգացվում է,
որ նրանց մտքովն անգամ չի անցնում,
թե ինչ-որ մեկը կրակելու է նրանց վրա
թիկունքից:

….Հետո հեռուստաէկրանը մարում է
և մանր անձրև է սկսում տեղալ բանտախցում,
որովհետև աշուն է և օրերը շուտ են մթնում,
և ես շտապում եմ ավարտի հասցնել վերջին տողերս,
քանի դեռ ինչ-որ մեկը չի կրակել
թիկունքիս:

 

ՔԱՄՈւՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Քամին փչում է հյուսիս –
և մենք բոլորս
վազում ենք հյուսիս:
Քամին փչում է հարավ –
և մենք բոլորս
վազում ենք հարավ…
Ե՞րբ ենք, ի վերջո,
կուշտ փորով հաց ուտելու,
որ մի քիչ ծանրանանք,
հողին կպած մնանք ու դիմանանք
քամիների այս անվերջ
տարուբերումներին:

 

ԵՐԵՎԻ
Սիրով` Արփի Ոսկանյանին

Սովորական պատմություն է,- ասաց բազմաթիվ
աշուններ տեսած քաղաքացին, մարդկանց կոչ անելով
վերադառնալ տուն և թողնել ծառերն իրենց վշտի հետ…
Եվ հենց այդ պահին
հնչեց ձայնը զբոսայգու ամենախորքից.- իրիկնային շքեղ արդուզարդով մի մանկամարդ տիկին,
ամենաբարձր ծառի ճյուղին նստած,
կանացի կրծքային ձայնով սկսեց
անպարկեշտ հայհոյանքներ տեղալ
անցող-դարձողների, ինչպես նաև նրանց գլխին, ովքեր
հարգելի պատճառներով բացակայում էին քաղաքից:
Երևի քաղցա՞ծ եք,- հարցրեցին անցուդարձողները,
որոնք հավաքվել էին ծառի տակ,
Երևի ընդդիմադի՞ր եք ,- հարցրեցին նրանք,
ովքեր հարգելի պատճառներով
բացակայում էին քաղաքից,
Երևի հղի՞ եք,- հարցրեցին սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք
սովորաբար մեծամասնություն են կազմում
օրվա այդ ժամին անցուդարձողների մեջ,
Երևի քաղցած է, ընդդիմադիր է և հղի,- հաստատեցին
արագորեն տեղ հասած երբեմն գրական,
երբեմն կուսակցական մի խումբ գործիչներ, որոնք
համոզված են որ հայաստանի հատուկենտ ծառերի
ճյուղերին արդեն հասունացել է մի նոր սերունդ
և ժամանակն է, որ նրանք իջնեն ծառերից,
ուղղեն մեջքերը և քայլել սովորեն
և իրենց արժանի տեղը գրավեն
անհասկանալի է թե որտեղ…
Հետո եկավ քաղաքապետը
փողային նվագախմբով և հրշեջ մեքենայով
և օրհներգի փառահեղ հնչյունների տակ հրշեջները
հանդիսավորությամբ ծառից
իջեցրեցին մանկամարդ տիկնոջը, որը շարունակում էր
անպարկեշտ հայհոյանքների տարափը…
Օրհներգի ինչպիսիˉ հրաշալի տեքստ է,-
հիացմունքով ունկնդրելով հայհոյանքները, շշնջաց
բազմաթիվ աշուններ
տեսած քաղաքացին
և հետո վախեցած նայեց չորսբոլորը,
խուճապահար նետվեց աշնանային տերևների շեղջի մեջ,
և ոտերն ու ձեռները կատաղի աշխատեցնելով
սուզվեց ու անհետացավ,
այլևս երբեք չվերադառնալու հաստատ մտադրությամբ….

 

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ

Արջը հեծանիվ էր քշում,
թութակը ոտանավորներ էր արտասանում,
կապիկները սիրահետում էին իրենց վարժեցնողին,
լարախաղացը ճարպկորեն թռչկոտում էր լարի վրա…
Հետո հանկարծ ամեն ինչ փոխվեց միանգամից,
և հիմա
արջը ոտանավոր է արտասանում,
թութակը հեծանիվ է քշում,
կապիկները թռչկոտում են լարի վրա,
լարախաղացը ճարպկորեն սիրահետում է իրեն վարժեցնողին:
…Ինչ-որ բան է փոխվել ժողովրդի մեջ – ծիծաղելով նկատեց ծաղրածուն
Ծիծաղելով ինչ- որ բան է փոխել ծաղրածուն – նկատեց ժողովուրդը…

 

ՆԱՄԱԿԸ

Երևի տարիներ շարունակ այս պահին էր սպասել,
որովհետև պարզապես դուրս նետվեց գրքի հետ միասին,
որը հանեցի պահարանից ինչ-որ տող ստուգելու համար:
Տարիներ շարունակ սպասել էր գրքերի արանքում
և հիմա դեղնած տերևի
նման ճոճվելով հանդիսավոր իջավ հատակին:
Ամենևին պատահական չէ այս համեմատությունը,
որովհետև տասնամյակների հնությունից դեղնած ծրար էր,
որի վրա անմիջապես ճանաչեցի հորս գեղեցիկ ձեռագիրը,
իսկ ձախ կողմում Չոկանու Վալիխանովի հուշարձանի նկարն է,
որը, թեև չգիտեմ ով է, բայց նույնպես դեղնել է հնությունից:
Հայրս վաղուց չկա;
Բայց երբ վերցրեցի նամակը, պարզորոշ զգացի,
թե ինչպես է տրոփում նրա սիրտը
այս դեղնած ծրարի ներսում…

 

ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ

Երբեք չմեռնես – մահվան մահճում թախանձագին
հորդորում էր ինձ հայրս: Եվ նայելով ցավերից
մշուշված նրա աչքերին` ես դառնությամբ հասկացա,
թե ինչ ծանր է մեռնել ցերեկվա պայծառ լույսերի մեջ
ողողված, երբ պատուհանից պարզ երևում է դիմացի
պատշգամբը և մի կին պատշգամբում պարանից
կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը, հետո
զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է` որ այն, ինչը
վերցրել է վաղուց, հենց հիմա չի կարող վերադարձնել,
որովհետև… Հետո վերևի հարկում շրխկոցով
բացվում է դուռը և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում աջ ու ահյակ,
այնուհետև` աշխարհով մեկ, և դրանից երկնքի
կապույտն ավելի է պայծառանում և ավելի է
թանձրանում դառնությունը մեռնողի աչքերում…
Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ,- խնդրեց հայրս
վերջին անգամ և փակեց աչքերը
վերջնականապես:

***

Դու գիտես, որ նորից ու նորից ես ծնվելու
այս ցուրտ քաղաքում,
անքուն գիշերներ ես անցկացնելու
այս թրթռիկ վրանի տակ, և մայրդ
գիշեր-ցերեկ նստելու է օրորոցիդ կողքին`
անտաշ փայտի ձողով քշելու առնետներին վխտացող…
Եվ փոշու մեջ կորած հայրդ վերադառնալու է տուն
կաթի շիշը ձեռին, որի համար հերթ է կանգնել
եսիմ քանի ժամ… Դու գիտես, որ նորից
ու նորից ես ծնվելու այս գորշ քաղաքում,
որովհետև նրա ծվատված մարմինն է խաչվելու
քո մարող աչքերի առաջ, և նրա
ցավն է կայծկլտալու քո բորբոքված ուղեղում`
հրաժեշտի ու բաժանման պահին…

«Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուից, Երևան, 2010թվական

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *