Նարինե Կռոյան| Ամերիկայի դրոշը

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

Փոքր չէր: Դե, առանձնապես մեծ էլ չէր (իր կարծիքով), բայց արդեն այն տարիքում էր, որ ջահելության հորմոնները վաղուց կամակորություն անելով՝ սպառնում էին ծերացնել մարմինը: Շուշանը կամ չէր ուզում ընդունել ծերանալու փաստը, կամ էլ չէր ուզում ընդհանրապես մտածել մի բանի մասին, ինչն անխուսափելի էր, եթե իհարկե այդ ընթացքում ոտքերդ չտնկեցիր: Ինչու՞ քեզ կոտորես, մտածես մի բանի մասին, որ փոխել չես կարող, քեզ համար սուսուփուս ապրիր, մինչև Գաբրիել հրեշտակապետը անձամբ կգա կամ էլ իր դեսպաններից մեկին կուղարկի ետևիցդ:

Շուշանին հեռանկարային հնարավոր և անհնարին իրադարձությունները առանձնապես չէին անհանգստացնում: Կոնկրետ, առկա գլխացավն էր նեղողը, որ ամեն լուսաբացի իր հետ արթնանում էր ու, եթե անմիջապես երկու-երեք ցավազրկող չխմեր, ամբողջ օրը հարամ էր անում:
Ստիպված դիմեց բժշկի, չէ՝ բժիշկների: Առանց ստիպելու՝ ո՞վ է դիմում, գլխից ո՞վ է ձեռք քաշել: Մի բան էլ գտնեն, դե արի ու տակից դուրս արի:
Գլուխը մի քանի անգամ, մի քանի տեղ նկարեցին, ճնշումը չափեցին, ասացին՝ նորմալ է, անհանգստանալու պատճառ, իբր, չկա: Դե իհարկե, իրենք անհանգստանալու պատճառ չունեին. իրենց գլուխը չէր ցավում: Իրենց բաժին փողն առան, ու կրկին համեցեք:
Վերջապես Շուշանի պրպտող ուղեղը որոշեց պարզել՝ ինչն-ինչոց է ու գտավ պատճառը: Գիշերվա մի ինչ-որ իքս ժամի գլուխը, ճակատն սկսում էր սառչել ու հենց դրանից էլ սկսում էր անտանելի ցավը: Եվ քանի որ խելոք էր, հասկացավ պարզագույնը. իր ջահելության էստրոգենները լքում էին կամ արդեն վաղուց էին լքել մարմինը՝ արյունատար անոթները (դե իհարկե նաև շատ ուրիշ կարևոր բաներ) մատնելով անտարբերության: Անոթներն էլ, որպես հետևանք և դառը ճշմարտություն, կորցրել էին առաձգականությունը՝ նեղենալ-լայնանալու անկարողության հետ էլ ով գիտի՝ ինչքան աղբ էին ամբարել պատերի մեջ, և խնդրեմ. անշարժ պառկած վիճակում երակները սեղմվում-մնում էին, արյունը մի կերպ էր սնուցում գլխուղեղի բջիջները, ժամանակին էլ այդ բջիջների կերած-խմած-արտաշնչածի արգասիքը չէր հասցնում հանել-տեղափոխել, ու…. ցավ:
Գլուխը այդ ցավով ուզում էր հասկացնել, թե՝ թունավորվում եմ, օգնիր:
Շուշանյան հանճարեղ լուծումը առավել քան պարզ էր՝ գիշերը գլուխը պետք է տաք պահեր: Դեռ ֆիզիկայի դպրոցական դասընթացից էր հիշում այն տարրական ճշմարտությունը, ըստ որի՝ սառելիս մարմինները սեղմվում են, իսկ տաքանալիս՝ ընդարձակվում:
Հենց այստեղ էր, որ իրոք մի բանի պետք եկավ Ամերիկայի դրոշը:
Այն լաթի մի կտոր էր՝ կապույտի վրա սպիտակ աստղերով և սպիտակի վրա՝ կարմիր զոլերով, կամ հակառակը: Չնայած՝ կաևորը դա չէր: Նաև հայտնի չէր՝ վզկա՞պ էր այն, թե՞ գլխակապ: Հայտնի էր, որ որդին էր գնել ու մի երկու օր ծովահենի նման գլխին կապած ֆիքս-ֆիքս ման գալուց հետո ձանձրացել, մի կեղմ էր շպրտել:
Շուշանի՝ գիշերները գլուխը ծածկելու որոնումները կանգ առան հենց Ամերիկայի դրոշի վրա. այն մաքուր բամբակից էր (Շուշանն ինքն՝ անձամբ ձեռքով շոշափելով՝ որոշեց գործվածքի բաղադրությունը), փափուկ էր ու թեթև: Եվ ամենակարևորը. փող էին տվել, առել, ու չէին օգտագործում: Ինքն այն ընդամենը մի դարակից մյուսն էր տեղափոխում՝ ամեն անգամ քրթմնջալով.
– Բա եքա տղեն ամեն ախմախ բանի փող կտա, կառնի՞….
Փորձարկումը հաջող անցավ: Ամերիկայի դրոշն իրեն արդարացրեց. Շուշանը գիշերը լուսացրեց անցավ: Գուցե՞ աստղերն ու զոլերն էլ իրենց դերակատարությունն ունեցան, սակայն ո՞վ գիտի, կամ ո՞վ կարող է իմանալ անիմանալին:
Ամեն դեպքում՝ կեցցե Ամերիկայի դրոշը:
Շուշանը մի անգամ էլ ապացուցեց, որ ամեն հանճարեղ բան իսկապես ամենապարզն է:
Անկողին մտնելիս՝ երբեմն մոռանում էր իր ամենափրկիչ բալասանը և, տեղից վեր չկենալու համար, ստիպված տնեցիներին էր ձայնում.
– Վաղո, Արշակ, Ամերիկայիս դրոշը բերեք….
Վաղարշակ պապի 50:50 եղած կատակասեր թոռներն էլ համապատասխան արձագանքը ետ էին ուղարկում.
– Մամ, որ Իսպանիայինը բերենք, չի լինի՞…
Էսպես ամեն անգամ, երբ Շուշանը, մահճակալին պառկած, իր ու ողջ ազատատենչ աշխարհի մխիթարությունը դարձած Ամերիկայի դրոշն էր ուզում, ընտանիքի անդամներից մեկը փորձում էր ինչ-որ երկրորդական, անկարևոր երկրի դրոշ առաջարկել՝ այն որպես կանոն հարմարեցնելով ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հետ: Սակայն Շուշանն անդրդվելի էր ու անմնացորդ նվիրված իր Ամերիկայի դրոշին:
Երկու տարի Ամերիկայի դրոշը մաշվեց, հալից ընկավ, բայց հլու-հնազանդ ծառայեց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Շուշան Ղամբարյանին:
Մի օր էլ Շուշանն, այնուամենայնիվ, հիվանդանոց ընկավ: Ասացին՝ գլխուղեղը սնուցող անոթների աթերոսկլերոզի պատճառով արյան զեղում է տեղի ունեցել, բայց հիվանդի բախտը բերել էր: Շուշանը լավ էր պրծել:
Երբ հիվանդասենյակում կուչ եկած որդիները հարցրեցին, թե՝
– Սիրտդ ի՞նչ է ուզում, մամ…..
Շուշանը ի՞նչ պիտի պատասխաներ.
– Ես իմ Ամերիկայի դրոշն եմ ուզում: Չլիներ, հիմա ձեր արևին ձեն տալիս կլինեիք: Օֆ…
Իսկ երբ խոպանից շտապ կանչված (ո՞վ գիտի…, մեկ էլ տեսար…, մահկանացու ենք ի վերջո…, չնայած՝ Աստված չանի… և այլն) ու անզորությունից մանկացած ամուսինը իբր փորձեց կատակել, թե՝
– Շուշան ջան, Ռուսաստանի դրոշը որ բերենք, չի լինի՞…
Շուշանը երեսն արհամարհական շրջեց հիվանդանոցային դժգույն պատի կողմն ու խոսակցությունն ավարտվեց:
Ամերիկայի դրոշի նկատմամբ հիվանդի աներեր հավատամքն ու այն մշտապես ձեռքի տակ ունենալու թախանձանքը շուտով պալատից պալատ անցավ, լցվեց հիվանդանոցի միջանցքներն ու աշխարհով մեկ եղավ:
Հաջորդ օրը լրագրողներ եկան, հարցուփորձ արեցին, սակայն Շուշան Ղամբարյանի արևմուտք-արևելք քաղաքացիական-քաղաքական դիրքորոշումը հստակ պարզել չհաջողվեց: Շուշանն իր մաշված, խամրած Ամերիկայի դրոշի հավատարիմ երկրպագուն էր ու վերջ: Այնուամենայնիվ, լրագրողական նյութն արտառոց էր, ուրեմն՝ հաջողված:
Երեկոյան Շուշան Ղամբարյանի քաղաքացիական դիրքորոշման ու քաղաքական կողմնորոշման մասին խոսեց անգամ ինքը՝ «Ամերիկայի ձայնը»:
Եվ սկսվեց: Եկան: Ով ասես՝ չեկավ: Հատկապես շատ էին անհայտ ու հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ինչ-որ տարօրինակ դրամական ակնկալիքներ ունեին օրվա հերոսից:
Անկապ բաներ դուրս չտալու համար Շուշանը որոշեց լռել ու ժպտալ. «Օֆ է: Էս ի՞նչ կրակ էր: Ո՞ր մեղքս էր: Այ մարդ, սրանք ի՞նչ են ուզում»:
Այդպես էլ չխոսեց մինչև դուրս գրվելը:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը ծաղկեփնջով ճանապարհեց Շուշանին՝ հասցնելով ֆեյսբուքյան իր էջի համար մի քանի անգամ սելֆի անել անդադար ժպտացող հիվանդի ու նրա ձեռքերում ամուր սեղմված Ամերիկայի դրոշի հետ: Սակայն այն, ինչ իրականում Շուշանին զրկեց խոսելու ունակությունից, հիվանդանոցի մուտքի մոտ սպասող բազմամարդ ամբոխն էր:
Ամերիկայի դեսպանն էր եկել:
Շուրջբոլորը խոսում էին, ծիծաղում. երևի երջանիկ էին:
Տնեցիները չէի երևում:
Հայացքով ընդգկելով իրեն աքցանած հոծ բազմության պատը՝ Շուշանի ծնկները ծալվեցին: Ոտքի վրա պահելու համար անծանոթ ինչ-որ մտերիմներ թևերն ընկան: Լեզուն կապ ընկավ՝ բերանում դառնալով անձև մի գունդ ու փակեց շնչառությունը: Շուտով, ականջներով հոսող ծափահարությունների համատարած հեղեղի տակ դեսպանը գլխից վեր պարզեց իր երկրի եռածալ, պանծալի դրոշը և ձեռքի վարժ շարժումով այն օդում պտտելով՝ գցեց Ամերիկայի դրոշի երդվյալ ջատագով Շուշան Ղամբարյանի ուսերին:
Հետո տեղի ունեցավ անսպասելին:
Երբ դեսպանը նույն սիրալիրությամբ փորձեց դրոշակակրի ձեռքից վերցնել հին ու հիվանդության հետ մարտերում քրքրված նրա՝ Ամերիկայի դրոշը, Շուշանը համառեց: Հիվանդի ամբողջ ուժը հիմա ափերի մեջ էր: Նրա վթարված ուղեղի ծալքերը ավերող միակ միտքը կապված էր Ամերիկայի դրոշը օրհասական ճակատամարտում հակառակորդին չհանձնելու հետ՝ ինչպե՞ս… ինչու՞…. ովքե՞ր են այս մարդիկ… ինչու՞ են ուզում խլել իր միակ փրկությունը՝ իր Ամերիկայի դրոշը…..
Դեսպանը շփոթված էր, սակայն ստիպված էր ժպտալ ու միաժամանակ հնարավորինս աննկատ պոկել իրադարձությունների հերոսի ձեռքից կախված լաթի կտորը:
Գնալով իրավիճակն ավելի ու ավելի անհեթեթ էր դառնում: Շուշանը, դուրս պրծած աչքերով, անհոդաբաշխ ձայնարկություններ արձակելով դեռ դիմադրում էր և չէր պատրաստվում բաց թողնել իր միակ սպեղանին:
Հանկարծ, իբր կատակելով, դեսպանին միացան նաև ինչ-որ կամավորներ, և Ամերիկայի դրոշը տեղի տվեց: Այն վերադարձավ իր լիիրավ տերերին՝ Շուշանին, Նյուտոնի երրորդ և իներցիայի օրենքների համաձայն, թողնելով գետնին փռված՝ առանց ապրելու իմաստի ու տրամաբանության: Նա մի անգամ էլ ձգվեց դեպի դեռ հնարավոր փրկության օղակն ու վերջնականապես փռվեց ուսերը զարդարող նոր ու փայլուն դրոշի սավանի վրա:
Շուշանի վերջին բառերը դեսպանից բացի ոչ ոք չլսեց, որոնք հավանաբար պիտի որ այսպիսին լինեին.
– Կեցցե Ամերիկայի դրոշը…..

16.07.15

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *