Հայկ Հովյան | Միջնաբերդյան պատմություններ

(Հատված անտիպ վեպից)

• ՄԱՍ 3

Փոքր Շենի սալիկապատ հրապարակում՝ շատրվանով ավազանի շուրջ բոլորը, որտեղ սովորական երեկոներին ավանի տարեցներն էին հավաքվում, տոնական տրամադրություն էր տիրում:
Օդում կախված մետաղական գունագեղ լապտերների մեջ կրակները կայծկլտում էին, ձեռագործ զամբյուղների մեջ առատորեն լցված ծաղիկներն ու բազում մրգերը շուրջը լցնում էին զգլխիչ անուշահոտություններով, իսկ ավազանի կողքին հավաքված երիտասարդներն ու երեխաներն իրար էին ջրում, պարում և զվարճանում:
Ոչ ոք անմասն չէր մնում ոտքից գլուխ մի լավ թրջվելուց: Տարատեսակ տարաները ձեռքներին առած՝ երիտասարդների խումբն այս ու այն կողմ էր վազվզում, կչկչում ձայնեղ ու հեղեղի տակ թողնում ամեն շնչավորի:
Ջրի տոնն էր․ այս կողմերում երևի թե ամենակարևոր տոնը ողջ տարվա ընթացքում:
Միջոցառմանը պատրաստվում էին նախօրոք՝ մեկ-երկու ամիս առաջ:
Գինին և գարու ջուրը ընտրում էին լավագույն տեսակներից ու տակառներով շարում հրապարակի շուրջ բոլորը: Ավանդույթն այնպիսինն էր, որ տոների համար գարու ջուրը միայն կանայք էին պատրաստում․ ոչ ոք չգիտեր, թե երբվանից ու որտեղից էր գալիս այդ ավանդույթը, բայց գալիս էր հնուց, և ոչ ոք ի զորու չէր այն խախտել:
Պանիրն ու մրգերը սովորաբար բերում էին հարևան ավաններից՝ փոխանակելով գինու հետ, իսկ այ թխուկները նույնպես պատրաստվում էին միայն ու միայն տեղացի կանանց հմուտ ձեռքերով: Փոքր Շենի հրուշակագործների համբավը գրեթե ոչնչով չէր զիջում գինեգործների համբավին:
Երիտասարդները փորձում էին միմյանց հետ մրցել լավագույն զգեստներով ու ավանդական պարեր կատարելու հմտություններով․ չէ՞ որ ջրի տոնը ամենալավ առիթն էր հակառակ սեռի ուշադրությանն արժանանալու համար:
Եվ ինչպես արդեն կարելի է գլխի ընկնել, տոնակատարությանը մասնակցում էին նաև Մեծ Շենի երիտասարդները, որոնք և՛ թվաքանակով էին ավելի շատ և թե՛ ավելի հմուտն էին տարատեսակ խաղերում:
Փոքրշենցիք իրենց պահում էին հյուրընկալ տանտերերի պես, բայց երբեմն էլ՝ ոչ այնքան: Տուրուդմփոցներն ու ծեծկռտուք սովորական երևույթ էին մեծ տոների ժամանակ, և հաճախ էր պատահում, որ մեծշենցիք նեղսրտած հեռանում էին տոնակատարություներից՝ մի լավ քոթակված, ու տևական ժամանակ քեն պահելուց հետո հաշտվում էին միայն նորապսակներ կարգելիս:
Տղաները սովորաբար կրում էին քաթանից կարված հագուստներ և փորձում էին միմյանցից տարբերվել զգեստներին բազմազան գոտիներ համադրելով:
Իսկ այ աղջիկների ընտրությունն ավելի մեծ էր՝ արտասովոր սանրվածքներից ու գլխարկներից սկսած մինչև ժանեկազարդ գոգնոցներ ու գունագեղ գուլպաներ:
Ջրի տոնը սիրո ու արբունքի ժամանակն էր այս կողմերում…
Մեծ Շենից հրավիրված երաժիշտները պարեղանակները մեկը մյուսի հետևից էին փոխում՝ այնպես, որ ամբոխը մեկ վայրկյան անգամ հանգստանալու ժամանակ չունենար: Մասնակիցները մոտենում էիր իրար, ափերով զարկում, ապա կրկին հեռանում ու դա անում՝ հերթափոխելով մեկ-մեկու: Պարերն իրականում շատ բազմազանն էին, բայց ոչ բոլորն էին հմուտ դրանք կատարելու դժվարին գործում, այնպես որ, ի վերջո, տակը մնում էին մեկ-երկու հանրահայտ պարեղանակ միայն:
Մեղրածոր ձայնով տաղերգուն կանգնել էր ավազանի պռունկին հարմարեցված փայտե հարթակին ու երկու ձեռքը վեր պարզած լցնում էր հրապարակը գերող հնչյուններով.

Գոհար Վարդըն վառ առեալ
ի վեհից վարսիցն Արփենից,
ի վեր՝ ի վերայ վարսից,
ծաւալէր Ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պըղպըջէր գոյնն այն Ծաղկին,
երփին, երփնունակ Ծաղկին
շողշողէր Պըտուղն ի Ճըղին:

Հրապարակի ծայրին ուտելիքներով լի սեղաններ էին գցված, ու տարիքով ավելի մեծերը նախընտրում էին հանգիստ նստած գինի ու գարու ջուր խմել, ուրախ զրույցներ անել անցած-գնացած օրերի մասին և քննարկել երիտասարդների դաստիարակությունը:
Օդն անգամ ներծծված էր վառ տրամադրություններով, հյութեղ բույրերով և աջ ու ձախ ցայտող ջրի զովացնող կաթիլներով:
Գիսանեն մոտեցավ այդպիսի սեղաններից մեկին և ձեռքով ուղղություն ցույց տվեց ետևից քայլող Օշինին՝ միանալու աղբյուրի մոտ մյուս երիտասարդների խաղին: Տղան, ծոցագրպանում թաքցնելով աղջնակից թռցրած ժանեկազարդ գլխարկը, աղմկելով վազեց դեպի ջրախաղ անող ամբոխը։
Սեղանի կողքին նստած տղամարդիկ ծանոթ էին Գիսանեին, չնայած չէր կարելի ասել, թե մտերիմ էին հետը:
Գիսանեն գերադասում էր շատ չմերձենալ և ոչ մեկի հետ: Նրան իր մենակյաց կյանքն էր սիրելի՝ բոլորի հետ հաշտ, բայց նաև բավականաչափ հեռու։
Տղամարդիկ հյուրասիրում էին մեկ-մեկու դեռ տաք խորովածի յուղոտ պատառները՝ փաթաթելով դրանք հացխմորի բարակ շերտերի մեջ՝ առատորեն ավելացնելով այնտեղ թարմ կանաչեղեն և զանազան բանջարներ: Գինին ու գարու ջուրն իրենց հերթին արդեն հասցրել էին ներկել բոլորի այտերը շառագույն երանգներով:
– Է՜հ, երջանկություն է տեսնելը, թե ինչպես են երիտասարդները կարողանում պահպանել պապերի ավանդույթները,- հուզված ծերուկը նայում էր իրար ջրող երիտասարդներին՝ երևի թե հիշելով իր պատանեկության տարիները:
– Ճիշտ ես, ծերուկ, չնայած․․․ տարեց-տարի ավելի ու ավելի մեծ դժվարությամբ ենք կարողանում նշել մեր տոները,- մտահոգ խոսեց մորուքավոր մեկն ու գարու ջրի փայտյա բաժակը աղմուկով զարկեց մյուսների գավաթներին:
Գիսանեն այդ խոսքերի վրա գինու իր բավականին խոշոր գավը շուրթերին մոտեցրեց ու գլուխը մի փոքր թեքեց դեպի առավել լավ լսող ականջի ուղղությամբ. զգացվեց, որ հետաքրքեց նրան այդ խոսակցությանը:
– Առաջներում էսքան շատ խնդիրներ չէին լինում,- ցածրաձայն ասաց մեկ ուրիշ տղամարդ՝ շարունակելով,- գալիս են, գնում… հաշիվ պահանջում, մատյաններ ստուգում… հրեն, հյուսնի որդուն էին օրեր առաջ բռնել, բանտարկել, իբրև թե արգելված գրերով է հրապուրված եղել: Բայց ինձ թվում է, հարցն էստեղ հեչ էլ գրերը չեն,- ձայնն էլ ավելի ցածրացրեց,- նրանք ինչ-որ բան են փնտրում էս կողմերում և անգամ իրար չեն վստահում… հացթուխի կինն էր պատահմամբ խոսակցության ականջ դրել, թե Հավերժական Քաղաքում թշնամի խմբեր են գործում և իրար դեմ պատերազմում… մի բան ինձ հուշում է, որ Կայսրության սրտում մութ բաներ են կատարվում:
– Ու այն էլ վաղուց,- ավելացրեց մորուքավորն ու ձեռքը գաղտագողի տարավ սեղանին դրված կլոր թխուկին` փորձելով շոշափելով գտնել այնտեղ հատուկ թաքցված` հաջողություն բերող մետաղադրամը: Մյուսները լռեցին ու շարունակեցին մտահոգ ծամել հյութեղ միսը՝ անհամբեր սպասելով խաղողի տերևների մեջ լցոնած խճողակով ուտեստի հայտնվելուն:
– Իսկ խավար ամպերը շարունակում են կուտակվել ու կուտակվել,- քթի տակ ասաց Գիսանեն՝ ամպոտ երկնքին նայելով ու գինու հերթական կումն անելով:
Նստածներից մեկը ոտքով հրեց կողքինին և հայացքն ուղղեց թիկունքով նստած վարպետին: Զգաստացան:
Զգուշավոր խոսելը ավանդույթ էր այս կողմերում՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում էր Հավերժական Կայսրությանը: Միայն վստահելի ու մտերիմ մարդկանց շրջապատում էր, որ տեղացիներն իրենց թույլ էին տալիս երբեմն արտահայտվել՝ այն էլ շատ մեծ կասկածանքով:
Գիսանեն եկվոր էր ավանում ու խիստ ինքնամփոփ: Նրա մասին բամբասանքներից կարելի կլիներ մի ամբողջ մագաղաթ կազմել:
Ինչ խոսք, լեգենդներ հնարելը փոքրշենցիների արյան մեջ էր դեռ անհիշելի ժամանակներից…
Հրապարակի հակառակ ծայրում աղմուկն ուժգնացավ:
Պատանիների ծափերն ու ողջույնների ճիչերը գրավեցին նաև տարիքավորների ուշադրությունը՝ ստիպելով նրանց երկարացնել վզներն ու սրել ականջները: Երիտասարդներին իր շուրջը հավաքածը բարձրահասակ մեկն էր՝ մազերն արդեն մեծամասամբ ճերմակած, մորուքը երկար, գույնզգույն հուլունքներով զարդարված: Հաղթանդամ ուսերին խոյան գեղմի մի հսկա կտոր առած՝ նա քայլում էր դեպի հրապարակի կենտրոնը: Ձեռքին գավազան կար՝ մաշված ծայրերով, ու ուսին՝ գունաթափ եղած լաթերից կարված մի փոքրիկ կապոց:
– Միմոս Գոռակն է, հե-հե՜յ,- ձայն տվեց ոտքի ելած տղամարդկանցից մեկը: Մյուսները նույնպես աշխուժացան, երևում էր, որ վաղուց էին ճանաչում:
Միմոս Գոռակը, լայն քայլեր դնելով, արդեն ուր որ է հասնում էր գինեծոր սեղաններին, երբ հանկարծ կանգ առավ, կտրուկ պտտվեց դեպի ետևից կրնկակոխ հետապնդող թափորն ու ցուցամատը դնելով շուրթերին՝ ձայն տվեց:
– Շշշ,- ու ամբոխը ահ քաշեց:
Գոռակն առանց մատը շուրթերից հեռացնելու պտույտ գործեց դանդաղ՝ մեկ ոտքին հենված ու ձեռնափայտով իր համար տարածություն բացելով:
– Ե՛տ, ե՛տ,- իրար հրմշտելով՝ թրջված պատանիները մի կողմ քաշվեցին:
– Տա՜ղ-ե՛ր, տա՜ղ-ե՛ր, տա՜ղ-ե՛ր,- կոչ անող ալիքը մեկեն սկսեց տարուբերվել ամբոխի մեջ, և նույնիսկ տարեցները ցածրաձայն սկսեցին ձայնակցել:
– Շշշ,- կրկնեց Միմոսը:
Աղմուկն աստիճանաբար փոխակերպվեց լռության և ապա դարձավ սպասման լարվածություն: Գավազանը ամբոխին պարզած՝ Գոռակ անունով հաղթանդամը սպասեց այնքան, մինչև վերջնական լռություն տիրեց, ապա ուսից գետին նետեց կարկատած պարկն ու մի քանի րոպե սպասել տալուց հետո թավ ձայնով արտասանեց:
– Ինչպես որ ինձ՝ տաղ ասողիս, սիրելի է երգել այս պատմության մեջ բուն՝ մեր քաջ նախնյաց ու նրանց գործերի մասին՝ հիշելով զրույցներն այն հին անցյալների, նույնպես սիրելի պետք է լինեն լսողներիդ այդ մարդիկ ու նրանց գործերը, այնպես էլ նրանց վերաբերյալ պատմությունները,- հավաքվածների միջով լարված ալիք անցավ, քանզի արգելված, բայց սիրելի էին անցյալի մասին այդ պատումները։ Գոռակը դադար առավ, մռայլ հայացքն անց կացրեց ամբոխի վրայով ու շարունակեց։
– Այս է ասքը անիծված արքայորդու ու վիշապազուն Արգավանի մասին՝ այն նենգ Աժդահակի սերունդերից,- մի լուռ սարսուռ կանգնեց հրապարակում, որտեղ լսելի էին միայն շատրվանի կչկչոցն ու Միմոսի թավ ձայնը:- Արտավազն ավագն էր արքա Արտաշի ու թագուհի Սաթենի բազում զավակներից։ Այն նույն Սաթենի, որին կնության առնելու մասին Գողթան երգիչներն են դարեդար պատմել՝

Հեծաւ արի արքայն Արտաշ ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝
Ընկէց ի մէջք օրիորդին,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Գոռակի ձայնի ելևեջները տարուբերվելով տարածվում էին հավաքվածների հոծ շարքերից էլ անդին: Ամբոխից միայն մեկը տեղից պոկ եկավ ու դանդաղ սահեց մարդկանց միջով։ Օշինն էր։ Վերջապես նկատել էր ժանեկազարդ գլխանոցի տիրուհուն ու փորձում էր աննկատորեն մոտենալ։
– Արտավազը մեծանալով դարձել էր քաջ, ինքահավան ու հպարտ պատանի։ Նա աչք ուներ դրած իր հայր արքայի երկորդական գահին, որն անհիշելի ժամանակներից տրված էր վիշապազուն Արգավանին։ Սա մեկն էր երևելի՝ Աժդահակի սերունդներից, որոնց բերել, բնակեցրել էին Մասյաց լեռան փեշերին, և իր մոր՝ Անույշի հետ թագավորում էր վիշապաց ցեղին,- այդ բառերի հետ տղամարդիկ ոգևորված ահ քաշեցին․ սիրելի էին նրանց պատմություններն այս առասպելական արարածների մասին։
Անգամ Հավերժական Կայսերության հարյուրամյակներ տևող իշխանությունը ի զորու չէր մարդկանց սրտերից դուրս հանել հավատն ու սերը անցյալի ու նրա հերոսների հանդեպ։ Գիսանեն մի կողմ դրեց ձեռքի գավն ու լարեց ուշադրությունը՝ ունքերն առաջ բերելով:
– Պատանի Արտավազը գաղտնաբար տեղեկություն է ստանում, որ իր մայր Սաթենը սիրային կապեր է ուզում հյուսել Արգավանի հետ՝ սաստիկ տենչալով նրա սերը, ու զանազան հմայականներ բանեցնելով՝ կամենում է գրավել վիշապի սիրտը․
«Տենչայր տիկին Սաթեն տենչանս զարտախուր խավարտ և զտից խաւարծի՝ի բարձիցն Արգաւանա»․․․
Հավաքված կանայք զմայլված տարուբերվեցին։ Միմոս Գոռակը հին գրերով բառերն արտասանում էր առավել ազդեցիկ ու ցածրաձայն․ այսպիսի ժամանակերում ամեն առասպելական բան էր վտանգավոր։
– Արտավազը, կռահելով մոր դավերը, հորը՝ Արտաշին գրգռում է Արգավանի դեմ, որ իբր թե նա չարակամորեն ուզում է խլել գահն ու իշխել բոլորի վրա։ Ծեր արքան, չհավատալով որդուն, ընդունում է Արգավանի հրավերը՝ իր պատվին խնջույքին, ու յուր որդիքով, շքախմբով մեկնում երկիրը Մասյաց:
Տաղերգուն դադար առավ մի պահ, կոկորդն էր չորացել: Նա ձեռքը հանդուգն ձգեց մոտակա սեղանին ցցված կավե կուժին, թռցրեց աղմուկով ու շուրթերով գրկելով անոթի նեղլիկ վիզը՝ կարմիր գինին ագահորեն քաշեց գլխին: Բերանի անկյուններից ծոր տվող արնագույն առվակները հոսում էին կարկատված հագուստն ի վար ու կաթկթալով սալարկված գետնին՝ կորչում քարերի ճեղքերում: Դատարկելով ամբողջը՝ Գոռակը մի կողմ նետեց ձեռքի կուժը, բխկաց ձայնեղ ու մի պահ երերալուց հետո վստահ շարունակեց՝ ավելի փափկած ձայնով:
– Բայց Վիշապաց տաճարում հրամցվող գինարբուքի ամենաերանելի պահին Արտավազը հանկարծ ոտքի է ելնում ու երևան հանում վիշապազունների դաված նյութերը։ Դավերն իրական էին, թե նրա մտքի արգասիքը՝ էլ ոչ ոք չգիտի․․․ ինչպես կերգեն Թվելյաց տաղերում․

Ճաշ ասեն գործեալ Արգաւանայ
Ի պատիւ Արտաշի,
Եւ խարդաւանակ լեալ նմին
Ի տաճարին վիշապաց․․․

Օշինը գրեթե հասնում էր բաղձալի նպատակին՝ մեկ-երկու թիկունք էր մնացել շրջանցելու, բայց Միմոս Գոռակի՝ իրեն ուղղված սաստող ձայնը զգաստացրեց նրան ու ստիպեց ցատկել ավազանի պռնկին՝ ցորենագույն վարսերով աղջնակին աչքի առաջից չկորցնելու համար։
– Արտավազն ու Արտաշի մյուս զավակները մեծ իրարանցում են բարձրացնում, քաշքշում Արգավանի երկար վարսերից ու մի լավ ջարդ տալիս։ Արքա Արտաշը ալեկոծ ու զայրացած վերադառնում է յուր մայրաքաղաքն ու մի մեծ զորագունդ ուղարկում վիշապազունների վրա՝ հրամայելով բոլորին կոտորել, Վիշապի տաճարն այրել ու չքնաղագեղ կանանց բերել իրենց հարճության:
Տաղասացը գետնից առավ նետած գավազանն ու պտտեց՝ համարյա քսելով հավաքվածների քթերին։ Մարդիկ ահ քաշելով ետ ձգվեցին, Գիսանեն սեղանի կողքին նստած ավելի ընկղմվեց աթոռակի մեջ, ու զգացվեց, թե ինչպես է ուժով սեղմում ձեռքի գավը։
– Արտավազը հասավ իր տենչալի նպատակին ու հորից ընծա ստացավ Արգավանին պատկանող երկրորդական գահը,- Գոռակը շարունակում էր դեռ իր պատմությունը, բայց համառ Օշինը, հայտնվելով նրա թիկունքում, զգուշորեն փորձեց բարձրանալ շատրվանն ի վեր՝ այնտեղից աղջնակին գլխանոցով հեգնելու նպատակով:- Նա իրեն ապարանք կառուցելու պատրվակով և իբրև թե հոր կալվածքներում հարմար վայր չգտնելու պատճառաբանությամբ անցնում է դեպի վիշապների հին հողերն ու հաստատվում այնտեղ․․․
Շատրվանի գագաթին վերջապես հայտնված Օշինը ծոցից դեռ չէր հասցրել հանել թաքցրած գլխանոցը, երբ հայացքը հանկարծ առավ հրապարակի հեռավոր ծայրին, որտեղ ինչ-որ իրարանցում էր տիրում: Գիսանեն նկատեց տղայի անհանգստությունն ու գավաթը ցած դրեց, սեղանի շուրջը հավաքված տղամարդիկ նույնպես ոտքի կանգնեցին:
– Բայց վիշապների վրեժը զորավոր բան է, ու անիծյալ արքայազնին․․․,- Գոռակի խոսքը կիսատ մնաց։ Խումբ էր մոտենում, և արդեն բոլորի համար ակնհայտ էր, որ տեղացիներ չեն: Իսկ այս կողմերում և այսպիսի օրով անսպասելի հյուրերից ոչ մի լավ բան ակնկալել չէր կարելի: Ժամանակներն էին այդպիսին:
Մորուքավորներից մեկն անհանգիստ կկոցեց աչքերը․
– Կարծես թե պրետոր է մոտեցողը, հը՞:
Եվ այդ բառն անգամ հերիք էր, որ բոլորն իրար խառնվեին: Միմոս Գոռակը աննկատ գետնից առավ քրջոտ պարկն ու գավազանը թաքցնելով հագուստի ծալքերում՝ աննկատ ետ քաշվեց դեպի հավաքվածների թիկունքը։
Հարյուրամյակներ շարունակ կայսերական այդ ընտրյալ լեգեոնի ներկայացուցիչներն էին, որ արդարադատություն էին իրականացնում Հավերժական Կայսրության անծայրածիր տիրույթներում: Հետաքննում, կալանում, դատում ու պատժում: Կայսերական արդարադատություն իրականացնելու սուրբ գործում պրետորների լիազորություններն անսահման էին: Նրանց հավաքագրում ու կրթում էին դեռ մանուկ հասակից և միայն ազնվական տիտղոս ունեցող ընտանիքների անդամներից: Ուսուցումը երկար էր, դժվարություննորով լի, և քչերն էին ի վերջո հասնում բաղձալի տիտղոսին:
Ընտրյալները ընտրյալներից՝ Հավերժական Կայսրության արդարադատության պահապանների անունն իսկ բավական էր վախից քար կտրելու համար: Պրետորի վճիռն անբեկանելի էր ու ենթակա անմիջապես կատարման: Ընդդիմացողների պատիժը է՛լ ավելի դաժան էր: Նրանք էին դատավորը, մեղադրողն ու պատժողը, և անսահման էր նրանց իշխանությունը Հավերժական Կայսրությունում:
– Պրետո՞ր… Էստե՞ղ … Անհնար է․․․,- իրար ականջի շշնջալով ու հետ քաշվելով՝ ամբոխը մի կերպ տեղ ազատեց զինվորական քայլքով մոտեցող փոքրիկ խմբի համար:
– Ինչ-որ բան է կատարվել, ու վատ բան: Պրետոր հենց այնպես չի այցելում,-տագնապալից էին դառնում շշուկները: Տոնական տրամադրության հետքն անգամ չկար, և միայն վառվող լապտերների գունագեղությունն էր հիշեցնում, որ քիչ առաջ այստեղ անհոգ պարում էին, գինի և գարու ջուր վայելում:
– Ըհը, մեր ավանի դիգիլն էլ է կարծես թե հետները,- արձագանքեց թրջված երիտասարդներից մեկը:
Խումբը բացված միջանցքի միջով մոտեցավ տղամարդկանց սեղանին, որտեղ արդեն մոռացված խորտիկները դեռ սպասում էին իրենց համտեսին:
– Բա՞ն է պատահել, դիգիլ,- հարցրեց տարեցներից մեկը, մյուսները երկարացրին վզերը:
– Դեռ ինքս էլ չգիտեմ, Գիսանեն է պետք, էստե՞ղ է,- շունչ քաշելով՝ փորը բռնեց ավանի արդեն ծերացող, բայց առաջվա պես գիրուկ ոստիկանապետ-դիգիլը՝ մի պահ աչքը գցելով սեղանի վրա: Բարի ու հարգված մարդ էր դիգիլը Փոքր Շենից սկսած մինչև Մեծ Շեն և նույնիսկ Պարող լեռներից էլ անդին: Ավանում շշնջում էին նույնիսկ, որ ժամանակին Կայսերական Դպրանոցում է ուսանելիս եղել, բայց դրա մասին գոնե ինքը երբեք բարձրաձայն չէր խոսում։
Հրապարակի լռությունը թանձրացավ: Հավաքվածները սկսեցին դանդաղորեն ետ պտտվել՝ դեպի այն սեղանը, որտեղ Գիսանեն, ի տարբերության բոլորի, դեռ նստած էր ու շարունակում էր հանգիստ գինի ըմբոշխնել:
– Էստեղ եմ, էստեղ․․․ Իհարկե էստեղ եմ, հո չէի՞ բաց թողնելու էսպիսի տոնը,- հանգիստ, նույնիսկ շատ հանգիստ ձայնով ասաց Գիսանեն, որի անհանգստությունը, սակայն, մատնում էր սեղանի տակ կտրուկ շարժումներ անող ձախ ոտքը:
Դիգիլի ետևից առաջացավ մեկը:
Նա բոլորից տարբերվում էր իր յուրահատուկ կարմիր, պաշտոնական հանդերձանքով, մետաղյա բազմաթիվ տարբերանշաններով ու կրծքի և ուսերի հատվածում պաշտպանիչ վահանակներով: Տարբերանշանների առատությունը վկայում էր նրա ակնառու հաջողությունների ու սխրանքների մասին: Նման կարգի բարձրաստիճան պաշտոնյա երբեք չէր եղել Փոքր Շենում: Գուցե Մեծ Շենում նույնպես:
Կայսրության շունչն էր փչում երիտասարդության ուշ շրջանում գտնվող այդ մարդու ամեն մի քայլից: Դժվար էր նրան բարձրահասակ ասել, բայց զգաստ կեցվածքն ու բարձր պահած գլուխը թույլ էին տալիս նրան հայացքի մակարդակով չզիջել և ոչ ոքի: Դիմագծերը տիպիկ էին Հավերժական Քաղաքի հիմնադիր ընտանիքներից մեկի ներկայացուցչի համար, և միայն աջ քունքից վերև ընկած փոքրիկ սպին էր ստվերում նրա դեմքի վայելուչ կոկիկությունը:
– Արգելված տոնը: Կարծում եմ՝ լավ էլ տեղյակ եք բոլորդ, որ արգելված են բոլոր այն մասնավոր տոներն ու հանդիսությունները, որոնք համապատասխանեցված չեն կայսերական պաշտոնական տոնացույցին,- մոտենալով Գիսանեի սեղանին՝ նա կտրուկ պտտվեց դեպի ամբոխը:- Էդպես չէ՞:
Հավաքվածները, ինչպես և սովորաբար լինում է նման դեպքերում, անհանգստացած ինչ-որ բաներ շշնջացին իրար ականջի ու սսկվեցին վախվորած:
– Հանգիստ եղեք, լավ… դրա համար ես էստեղ չէի հասնելու, այդ հարցով, հուսով եմ, ձեր դիգիլն անձամբ ինքը կզբաղվի,- նրա խիստ հայացքը զարմանալի ճշգրտությամբ գտնում էր խոսքերի հասցեատերերին,- և այն միմոսով՝ նույնպես․․․
– Այո, անպայման, անպայման կզբաղվենք, պրետոր Գայ,- գլուխը կախ՝ կրկնեց դիգիլը՝ քրտնած կզակը սրբելով,- անպայման կզբաղվենք:
– Եվ ուրեմն, էլ ուրիշ ինչո՞վ ենք արժանացել նման պատվի, եթե ոչ դրա համար,- Գիսանեի հանգիստ ձայնն ավելի սրեց մթնոլորտը, և օդում զգացվեց շիկացող լարվածության այրող հոտը: Ամբոխը պահեց շունչը՝ տեսնես ի՞նչ է լինելու:
Գայը շրջվեց դեպի Գիսանեն, մրթմրթաց քթի տակ ինչ-որ բան, մոտեցավ ու ձեռքերը հենելով՝ կռացավ սեղանին:
Մի քանի ակնթարթ նրանց հայացքներն իրար առան, բիբերը լայնացած՝ ուսումնասիրեցին միմյանց, ու պրետորի դեմքից զգացվեց, որ Գիսանեի հեգնանքն ու հանդգնությունը վրդովվեցրել են նրան և այն էլ՝ շատ:
Գիսանեն փորձում էր խաղաղ ցույց տալ իրեն, բայց գլխի ընկավ, որ ամբոխի ներկայությամբ պրետորին այլ պատասխաններ է պետք տալ:
– Հը՜մ, պատի՞վ, ասում ես: Պատիվ ունենալը, իհարկե, հրաշալի է: Ընդամենը պահանջվում է հավատարիմ մնալ տվածդ խոստումներին: Հեշտից էլ հեշտ է, չէ՞,- խոր շունչ քաշելով և քինոտ ժպիտով՝ սկսեց պրետոր Գայը, ապա փոքրիկ դադարից հետո ավելի կռանալով դեպի Գիսանեն՝ շշնջաց:- Հեշտ է, քանի դեռ չես հանդիպել դրանք խախտելու գայթակղությանը:
Գիսանեն դանդաղորեն հայացքն ուղղեց իր վրա թեքված դավադիր աչքերին: Դրանք փայլում էին առճակատման սպասումով:
– Դե, այո՛, ու հանուն այդ պատվի էլ մարդիկ երբեմն պատրաստ են լինում իրար կոկորդ կրծել ու միմյանց հոշոտել, սպանել,- Գիսանեի դեմքին հայտնված հազիվ նշմարվող ժպիտը մի բան էր հուշում․ մարտահրավերն ընդունված է:
– Լա՛վ,- պրետորը քմծիծաղ տալով ուղղվեց, նայեց ամբոխին: Դեմքից ակնհայտ էր՝ Գիսանեի պահվածքն իր համար աններելի է:
Մարդիկ շունչները պահեցին, ու օդում լսելի դարձավ միայն ծղրիդի հեռավոր ճռճռոցը՝ հրապարակից շատ-շատ այն կողմ:
Պրետոր Գայը սպասեց մի քանի վայրկյան ևս, մինչև դադարի առաջացրած լարումը կհասներ շիկացման գագաթնակետին, ապա որսալով պահը, որ այ հիմա իսկը ժամանակն է, վճռական շրջվեց դեպի Գիսանեն․
– Կզարմանաս, բայց գուցե հենց այդպիսի մի սպանության պատճառով էլ հիմա քեզ էի փնտրում: Հավաքվածները ահ քաշեցին: Գիսանեն բաժակը դրեց սեղանին և առանց հեգնանքի նայեց հակառակորդին:
– Ո՞ւմ սպանության, պրետոր:
Գայը կարծես սպասում էր հենց այս պահին և կրկին մի փոքր դադար տալուց հետո, սեփական ինքնավստահությունը վերջնականապես վերականգնած և իրեն հաղթանակած համարելով՝ շարունակեց․
– Ենթադրում եմ, որ եղբորդ:
Գիսանեի դեմքն այլայլվեց:
– Ի՜նչ․․․ Դեմետրը՞:
– Պարզաբանումները կշարունակենք ավելի հարմար վայրում,- Գայն ուղղեց մեջքը և ինքնավստահ պտտվեց դեպի սեփական թիկնազորը: Դիմակայությունը նա համարեց ավարտված․ վստահ էր՝ եթե կար այս աշխարհում մի բան, որը կարող էր հունից հանել հանրահայտ վոլան-վարպետին, ապա դա վերաբերում էր նրա եղբորը:
– Ինչպե՞ս թե սպանության,- բղավեց Գիսանեն ու զգալի գինոցված՝ մի կողմ հրեց սեղանը: Պրետորի թիկնազորից երկուսը հայտնվեցին Գիսանեի և Գայի մեջտեղում: Գիսանեն կատաղած փորձում էր հասնել պրետորին:
– Ինչպե՞ս թե ենթադրում ես: Դու ընդամենը ենթադրում ես, բայց եկել ու ինձ ասում ես՝ եղբորդ սպանությո՞ւն, այդ ինչ հիմարություններ ես դու խոսում, պրետո՜ր…
Թիկնազորը որքան ուժ ուներ, զսպում էր Գիսանեին: Հավաքվածները խառնվեցին իրար, սկսվեց հրմշտոցը:
– Արդարադատության պահապանին վիրավորանք հասցնելը պատժվում է բանտարկությամբ, առանց տեսակցության իրավունքի,- ձեռքը գլադիուսի բռնակոթին դնելով՝ հայտարարեց Գայը:- Զնդա՛նը նրան:
Թիկնազորը սկսեց քարշ տալ տիրապետումը կորցրած Գիսանեին: Գայը շարժվեց դեպի այն կողմը, որտեղից որ հայտնվել էր: Այո, նա ճիշտ նշանակետին էր կարծես թե դիպչել, և Գիսանեի հանդգնության պատասխանը լիովին տրված էր:
Պրետոր Գայ Լուցիուսը երբեք չէր պարտվում դիմակայություններում:
– Ո՜չ, դու ստում ես, դու սխալ ես ենթադրում, սպասիր, սպասիր, ես քեզ հետ դեռ խոսելիքս չեմ ավարտել, սպասի՜ր,- Գիսանեն բղավում էր ամբողջ ուժով: Նրա խոսքերի հետ ամպերն ավելի ու ավելի էին խտանում, իսկ կայծակն ու ամպրոպը կարծես լրացնում էին Գիսանեի զայրույթը:
– Հենց էնտեղ էլ կխոսենք,- մտմտաց պրետորը քթի տակ՝ հայացք նետելով փայլատակող կայծակներին:
***
Ուշ գիշերին հրապարակում դեռ վառվում էին հատուկենտ լապտերներ, աղբյուրից ջուրը շարունակում էր առատորեն հորդել, ու միայնակ ծերունին հավաքում էր սեղանին մնացած, անձրևից թրջված գինու բաժակները:
– Պրետորն ավանո՞ւմ․․․ Հեչ լավ բան չէ, լավ բան չէ…,- քթի տակ մրմնջում էր ծերուկն ու վախվորած նայում զնդանի կողմը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *