Լուսին Աթաբեկյան | Ելակե սառնաշաքարներ բերող ծերուկը

Լուսինե Աթաբեկյան

Տարիներ առաջ Վարդգես Պետրոսյանը իր հերոսի բերանով հարցրեց՝ ինչո՞ւ ենք մենք ձգտում դեպի գերեզմաններ, ինչո՞ւ մեզ հուզող հարցերի պատասխանները չենք որոնում ծննդատներում, ասենք:
Եթե ես պատասխանողը լինեի՝ հայի համար մահն ավելի խորին խորհուրդ ունի. անընդհատ կորցրել ենք, հա՜ կորցրել, ավելի շատ կորցրել:
Միշտ ատել եմ գերեզման գնալու ծիսակատարությունը, երևի կյանքում մատների վրա հաշված անգամներ եմ եղել գերեզմանատներում: Շոշափելի պատճառ գտնելու համար երբեք ինձ չեմ հարցրել՝ ինչու՞:Չեմ գնում ու վերջ:

***
Մենակ էր ապրում՝ մեռնել մոռացած ծերուկի պես: Ոտ ու ձեռից չէր ընկել, աչքի լույսն էլ տեղն էր: Երկու որդիները վաղուց թողել էին հայրական տունն ու ով գիտե՝ աշխարհի ո՞ր անկյունում փորձում էին իրենց ասած՝ «մարդավարի ապրել»: Գյուղում ասում էին՝ իբր շատ են ջանացել ծերուկին տանել.
-Բիձեն խելքը թռցրածի պես հայրենիք հա հայրենիք է անում: Տո՛ շան մարդ, անտեր ես մնում՝ ինչ ա թե հայրենի՞ք:
Գյուղում ինչե՜ր միայն չէին ասում: Չէ՛, ձեռքերը կոնքերին դրած ու այդկերպ «Փ» տառի իրողությունն ու արարումը արդարացնող կանանց վրդովմունքի ու սրտացավության վրա չէ, որ կասկածում էի, այլ նրան տեր կանգնելու, հետները տանելու փորձի: Թեպետ իմ տեսած ամենակողահաստ, ինքնասածի սասունցին էր (պատմում էին, որ մի անգամ գյուղից յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող մատուռից տուն էր դարձել ոտքով իր հարևան Արշոյին ապացուցելու համար, որ ինքը «դեռ մի 3 անգամ կարող է ամուսնանալ»՝ թող ոչ ոք չկասկածի իր ուժի ու առույգության վրա), բայց պապիս ասած՝ չհամաձայնող չկա, լավ համոզող է պետք, առավել ևս եթե քո միս ու արյունն է քեզ ձգում:
Փոքր ժամանակ իրենց տան մոտով անցնելիս տարօրինակ բան էի զգում, հիմա դրան ասում եմ վախ: Սովորական վախերից չէր. վախենում էի տան սառը տեսքից, մենությունից դժգունած տան ճակատից: Բակը թեև միշտ մաս-մաքուր էր (երբեք չէր թողնում ոչ մի ավել մոլախոտ), բայց երբեք կենդանություն ու կրակ չկար: Չգիտեմ, երևի կենդանությունն ու կրակը հենց պստիկների ճիչն ու գզվռտուքը, լացն ու քրքիջն են, ծունկը վնասած գանգրահեր, կապույտաչվի մանուկի ինքնամոռաց անկումն է մոր գիրկը, բարկացած մոր ձեռքի իջնելն է շեկլիկի առանց այն էլ շառագույն այտիկին, սկեսուրի գոռոցն է հարսի վրա՝ ախչի ձեռներդ չորանան, էլ մինուճարիս տենց չզարկես: Երևի կենդանության կրակը բակում՝ թթենու շվաքին պատսպարված ինքն ու իր պառավը կլինեին՝ արդեն հաշտ, տարիների բովում «քույր ու եղբայր դարձած» , ծերուկի՝ հայհոյանքներից հոգնած բերանից դուրս եկած ախուվիշերով, կնոջ՝ վարժ շարժումներով լաչակը գլխին անփութորեն փաթաթելու արվեստով, ջահել, խայտացող զույգ տեսնելիս երանությամբ իրար նայող ու դեռ հին օրերի կրակը չկորցրած զույգ աչքերով՝ հիշու՞մ ես՝բա սրա՞նց պես սիրահար էինք: Երևի…
Իրենից էլ էի վախենում, որովհետև ինքը երկա՜ր, հատուկենտ արծաթաթելերով շողշողացող մորուք ուներ, իսկ ես փոքր տարիքում հետաքրքիր կերպով վախենում էի երկար մազ-մորուքից: Հենց տեսնում էի նրա մորուքի ծայրը, վազում էի տուն, մտնում ամենաապահով անցքն ու սպասում, մինչև մաման կգար հետևիցս: Հետո երբ մի քիչ մեծացա ու իմ մազերն էլ էին երկարել, սկսել էի բարեկամաբար նայել նրան, ինքն էլ մոտենում էր երբեմն, բաճկոնի (տարին տասներկու ամիս չէր հանում) գրպանից երկու կոնֆետ էր հանում՝ սովորաբար ելակի սառնաշաքարներ, ու ձեռքը մեկնում ինձ: Վերցնում էի, ժպտում, բայց երբեք շնորհակալություն չէի հայտնում. մինչև հիմա էլ ինձ կոնֆետ տվողներին երախտագիտության խոսքեր չեմ ասում: Հետո սկսում էր խոսել, ես էլ գլուխս վերուվար էի անում՝ իբր հասկանում եմ: Վերջում միշտ ասում էր.
-Քեզ Տիգրանիկիս՝ փոքր թոռանս կուզենք, ինքն էլ քեզ պես սևակ, թխամազ է: Սիրուն ծոռներ կբերեք ինձ համար:
Աչքերս արագ ճպճպացնում էի նախ հասկանալու՝ ծոռը ո՞րն է, և հետո՝ ես Տիգրանիկ տեսած չկամ, ինձ մեր բակի Արմենն է դուր գալիս, համ էլ Արմենի մաման տատիկի հետ սուրճ խմելիս ասաց, որ իր Արմենի կնոջը թագուհու պես է նայելու. կին՝ անունդ Սատանա ( հետո, իհարկե, պարզվեց, որ իզուր էի ծերուկին չար-չար նայում, մեկ է՝ ո՛չ Տիգրանիկին էի ուզելու, ո՛չ Արմենին):
Գյուղից գնալու օրը նրան տեսա մեր դարպասի մոտ: Երբեք այդտեղ եղած չկար. մերոնց հետ առանձնապես շփում չուներ: Էլի մեկնեց կոնֆետները:
-Հետ կգաս, չէ՞: Ես գիտե՜մ՝ հետ ես գալու: Տիգրանիկս էլ կգա, ու քեզ կուզենք Տիգրանիկիս:
Առաջին անգամ ծերուկին խղճացի ու ներսս անդուր խուտուտ եկավ. գրկելը ո՞րն է, կառչեցի նրա վզից՝ ո՛չ մորուքի ծակծկոցն էր խանգարում, ո՛չ միտքը, որ ես Տիգրանիկին չեմ ուզելու:

***
Արձակուրդները սկսել էին:Մերոնք խոստացել էին, որ անպայման կուղարկեն Հայաստան: Մայիսի սկզբից օրերն էի հաշվում. տատին,պապին անասելի կարոտել էի:
Գյուղ մտնելուն պես ուզում էի նրան տեսնել, որ տար ինձ իմ երկու ելակի կոնֆետը, իսկ երբ կասեր՝ Տիգրանիկս, կընդհատեի նրան ու կպատմեի երիտասարդի մասին, ով հեռվից հեռու գիտի իր մասին ու ջերմ բարևներ է ուղարկել. հետո աչքերը կլցվեին, ու առաջին անգամ ես կհամարձակվեի նրան կոչել Պապի:
Իհարկե այդպես չեղավ: Պատմեցին, որ տնից դուրս չի գալիս, ամիսներով երեսը չեն տեսնում, հրաժարվում է օգնությունից: Հաջորդ օրը գնացի տեսնելու: Բակում էր: Զննեց ուշադիր, սկզբում չճանաչեց: Կարճլիկ տարիները արել էին իրենցը. ես հիմա արբունքահաս ապրող օրիորդ էի՝ երկար մազերով, նիհարիկ: Հագիս ծաղկավոր շոր էր, որն ամուր գրկել էր ոչմի կանոնի չենթարկվող չարաճճի մարմինս, ես ինձ գեղեցիկ ու ինքնավստահ էի զգում:Բարձրաձայն ողջունեցի ու պարզեցի ձեռքս, որում ժպտում էին ելակի սառնաշաքարները: Միայն դրանք մատնեցին ով լինելս: Գրկախառնվեցինք հազար տարվա ընկերների պես. էդպես էլ կար: Հետո առաջարկեց իրեն ուղեկցել գերեզմանատուն:
Ամբողջ ճանապարհին ուրախ բլբլալով՝ պատմում էի գլխովս անցածը ու նաև ներողություն խնդրում, որ չեմ կարող ամուսնանալ Տիգրանիկի հետ, որովհետև արևի պես տաք մի երիտասարդի եմ սիրում, ում կողքին ժամանակը կանգնում է, ով ինձ միշտ նվիրում է քրիզանթեմներ, և ոչինչ, որ Ֆրանսիայում դրանք միայն գերեզմաններին են տանում, նա Ֆրանսիան չի սիրում, իսկ ես պաշտում եմ նրա բույրին խառնված քրիզանթեմների շունչը, որ ահա՜ հիմա էլ ճամփեզրի ծաղիկներից ես նույն հոտն եմ կարծես առնում: Ու բլբլում եմ… ու բլբլում՝ չթողնելով նրան կես բառ իսկ արտաբերել. չնայած դժվար ինքը նման ցանկություն ունենար: Միայն վերջին պահին, երբ հասնում էինք, խոսեց.
-Էսօր իմ ու պառավիս ամուսնության օրն է:
-Պապի, վազեմ գյուղ, քրիզանթեմներ առնեմ, հա՞:
-Չէ՛, բալես, ինքը ծաղիկներ չէր սիրում: Ասում էր՝ ես կոպիտ գեղի կնիկ, ծաղիկները մադամի բան են: Աշխարհում հազար մադամի իրա եղունգի հետ չէի փոխի, բայց շան կնիկը հո՜ չէր խանդում:
Դողացող, կնճռոտված ու գուրգուրանքի համը վաղուց չտեսած ձեռքերով վառեց խունկը՝ աչքերում հաղորդության գինի տվող քահանայի նվիրվածություն: Մաշված ու պոկոտված կոշիկները մի կերպ աչքիցս թաքցնելու համար ոտքերը թփեթուփ քսելով՝ մոտեցավ շիրմաքարին:Հազիվ լսելի ախ քաշեց, երկար ծառայելուց գունաթափված ու իմ կոնֆետների համար հաճախ ապաստարան ծառայած բաճկոնի գրպանից հանեց լաթի կտոր ու սկսեց մանրամասն մաքրել… բագինի պես… դիցուհու համար:
Շիրմաքարը տարիներով հոսած անձրևաջրերից դարձել էր հասարակ ուղղանկյուն քար, որի վրա թեթևորեն նշմարելի էին մի զույգ աչք, քթանցքեր ու վարդաթերթ շուրթեր: Դասական ու երազելի նազուն գեղեցկություն. հաստատ մեկին չէ, որ խելքահան է արել:
Ավելի մոտեցավ, ինձ թվաց՝ արցունքներով թրջելու. դեմքին չէի նայում(ամենադաժան բանը տղամարդու արցունքներ տեսնելն է) , բայց վստահ էի՝ լացում է: Սխալվեցի. չորացած շուրթերը, որ գրեթե կորել էին սպիտակ չսանրված մորուքի մեջ, մոտեցրեց ու նրբորեն հպեց շիրմաքարե այտին, այնքա՜ն մեղմ, որ երևի չցավեցնի:
– Խալ ուներ էստեղ: Հիսուն տարի առաջ էդ խալը տեսա, որ արունս եռաց երակներիս մեջ ու ասացի՝ էս թառլանը իմն ա լինելու: Էդ խալի պատճառով էնքա՜ն եմ ծեծ կերել. բամբակով էին ջուր տալիս: Մի օր էլ համբերությունս հատավ, փախցրի: Համա թե աներ-զոքանչս պոզերը չէին տնկել, բայց բարիշեցին: Էդ խալը սիրեցի, որ խանումս երկու առյուծաձագ բերեց ինձ համար: Մեկ-մեկ քեֆս լավ էր լինում, նեղացնում էի, բայց խալը պաչում էի չէ, ներում էր: Վերջին պահին էլ հասցրի , նոր թողեցի, որ գնա…
Ու փլվեց…
Արդեն տան ճամփին.
– Չէ՛, բալես, կինը պիտի մնա: Առանց կնոջ մարդը նման ա անտեր շան՝ իմ պես, նայի՜: Դու քո էդ քրիզանթեմներ նվիրող բիձուկին չթողնես. ժառանգները հույս չեն, կչվեն -կգնան աշխարհով մեկ բախտ որոնելու: Խորանի առաջ դուք պիտի իրար խոստանաք իրար կողքի լինել հիվանդության, վշտի, երջանիկ պահերին, մինչև մահը ձեզ չբաժանի ու դրանից հետո էլ: Չէ՜, չթողնես քո բիձուկին :

***
Աշունը մի օր իմացա, որ էլ չկա: Գործերս չէի կարող թողնել մինչև գարուն ու դրա համար ատում էի ինձ:
Ապրիլին նորից գնացինք գյուղ… արդեն երկուսով: Ինքը քրիզանթեմներ նվիրեց, բայց ոչ ինձ, պապիկի թառլանին, իսկ ես ձեռքս մեկնեցի ու ցույց տվի ելակի կոնֆետները պապիկի շիրմաքարե աչքերին և դրեցի քարին: Հետո բռնեցի քրիզանթեմներ բերող երիտասարդի ձեռքն ու.
– Չեմ թողնի, պապի, ես իմ բիձուկին չեմ թողնի… 2 վայրկյան կսպասեմ ու կգնամ հետևից… շիրիմիդ եմ խոստանում….

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *