Վանո Եղիազարյան | Աղավնիների վերադարձը

Աղավնի

Երկնքի բաց կապույտի մեջ ճախրում էին աղավնիները, իսկ Սերոբը նստել էր սպիտակ ծաղիկներով ծաղկած բալենու ստվերում և հիացած նայում էր ձյունաճերմակ աղավնիներին:
Իր որբ մանկությունն անցավ կտուցին մի փշուր հաց առած նիհար ճնճղուկի պես: Բայց անհոգ է մանկան կյանքը, սովն ու ցավն անտարբեր անցան որբ մանուկների կողքով:
Հիմա արդեն հասուն տղամարդ է, երեք տղաների հայր: Շեն ու հյուրընկալ օջախի դուռը բաց է բոլորի առաջ: Գյուղի ողջ ասուխոսը նրանց սեղանների շուրջն է քննարկվում. առատ սեղանին սփռված բարիքների պես ինչից ասես չէին խոսում: Անխոնջ աշխատանքով վաստակածից անխնա կուտ էր տալիս նաև հարյուրավոր աղավնիներին, և ամեն կուտ գցելիս նրան թվում էր, թե ցորենի հատիկը կտցող աղավնին իր ցավող հուշի մեջ ծվարած մի սոված մանուկ է:
Հիմա իր պես ժրաջան ու աշխատասեր տղաները ևս գյուղի նախանձն են շարժում: Նորակառույց խոզանոցները լեփ-լեցուն են տեսակ-տեսակ գոճիներով ու գոճեմայրերով: Հեկտարներով ցանած գարին և ցորենը չեն բավականացնում մեծ տնտեսությանը: Սերոբը, իր կապերն օգտագործելով, անասնակեր է ներկրում նաև ռուսական հեռաստաններից` ոչ միայն իր, այլև հարևան-բարեկամների համար:
Հարևան չարախոս կանայք իրենց հարբած ու պարապ տղաներից վրեժը լուծում էին Սերոբից բամբասելով. «Սով է տեսել, չի կշտանում…»:
Բայց Սերոբի համար ոչ մի արժեք չուներ նրանց չարախոսությունը, առատ հյուրասիրում էր նաև նրանց: Ինքը բոլորից լավ գիտեր իր մանկությունը, և փորձում էր ամեն ինչ անել, որ իր զավակները չզգան այն դառնությունը, ինչն ապրել էր ինքը:
Եվ, փառք Աստծո, նա իր աշխատանքով վաստակում էր ոչ միայն իր հանապազօրյա հացը, այլև օրեցօր հարստանում էր:
Երկնքի ճոխ կապույտի մեջ ճախրում էին աղավնիները, իսկ Սերոբը գինովցած նստել էր իր` պալատի նմանվող ղշանոցի դիմաց և հիացած դիտում էր այն աղավնիներին, որոնցից ամեն մեկին գնել էր քառսուն փութ ճերմակ ցորենի գնով:
Մի օր էլ Սերոբը կռունկի թևի հետ պանդխտեց այլ երկիր: Տուն ու տեղ դրեց, ընտանիքն ու աղավնիներին առավ, տեղափոխվեց այնտեղ: Կյանքն առատ ու երջանիկ էր: Նոր բնակարաններ… նոր մեքենաներ… նոր հարսներ… նոր թոռներ… նոր աղավնիներ… Մե՜ծ, անսահմա՜ն մեծ փողեր…
Օտար երկնքի լազուր կապույտի մեջ ճախրում էին աղավնիները, իսկ Սերոբը նստել էր ոսկեզօծ բազմոցին և հմայված նայում էր շեկլիկ-շեկլիկ թռչնակներին:
Բայց Սերոբի դժվարությամբ, տարիների տքնությամբ բացած ակոսը խաթարվեց. չար ու նախանձ մարդիկ նրա աշխատասեր տղաներին տարան կյանքի այլ հունով: Ո՜վ իմանա` քանի ակոս ունի մարդկային այս կյանքը… Նրանք սկսեցին ապրել ցոփ կյանքով. կարճ ժամանակ անց մեկին սպանեցին, մեկը հիվանդացավ, մյուսը լքեց ընտանիքին:
Կյանքի անակնկալ հարվածներն օտարության մեջ մանկության դառն վերհուշին ավելացրին նոր ցավեր: Ծանր վշտերին չդիմացավ կինը… Հայրենի գյուղի գերեզմանոցում մի նոր թարմ հողաթումբ էլ ավելացավ…
Սերոբը սառն ու անտարբեր նստել էր արդեն ավերակ տան բակում, ու այլևս ոչինչ չէր ուզում այս աշխարհից:
Երկնքի լուրթ կապույտի մեջ ճախրում էին աղավնիները` որպես ոգիներ, իսկ Սերոբը նստել էր հաշմանդամի սայլակին` չորացած բալենու տակ, և թախիծն աչքերին նայում էր ճերմակ-ճերմակ աղավնիներին, իսկ մտքում թևին էր տալիս բազեի ճանկերում ծվացող սիրելի աղավնին:

10.08.2015թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *