Զոյա Փիրզադ | Ինչպես գարունը

Աղջնակը մոր ձեռքը բռնած գնում էր: Մայրը երբեմն կանգ էր առնում` խանութների ցուցափեղկերին նայելու. կոշիկի խանութներում բազմատեսակ կոշիկներ էին վաճառվում` բարձրակրունկ ու ցածրակրունկ, սպիտակ, սև, կարմիր կամ ոսկեգույն: Գլխարկների խանութներում կանացի մեծ ու փոքր գլխարկներ կային` լայնեզր, արհեստական ծաղիկներով կամ գունավոր ժապավեններով: Կտորեղենի խանութներում շղարշի, սատինի, թավշի բացված թոփերն իրար վրա էին դարսված:
– Այս մանյակը սիրո՞ւն է,- հարցրեց կինը:
Աղջիկը գլուխը տարուբերեց` ո՛չ: Երկու հյուսքերից մեկն ընկավ կրծքին, մյուսը` թիկունքին: Չհասկացավ` ինչու հակառակվեց. գուցե այն պատճառով, որ ցույց տա` մեծացել է: Բոլոր մանյակները, կտորներն ու գլխարկները գեղեցիկ էին. աղմկոտ փողոցում իրար դիմաց քայլող մարդիկ էլ էին գեղեցիկ: Աղջնակն ամենից առաջ մարդկանց կոշիկներն էր տեսնում: Կոշիկներին ավելի մոտ էր: Կանայք ցանցավոր գուլպաներով բարձրակրունկ կոշիկներ էին հագել: Տղամարդկանց կոշիկները սև, սրճագույն, կամ սև ու սպիտակ էին, նրբագեղ մեքենայակարով, մաքուր, փայլեցված, մեքենայով կարված: Գլուխը բարձրացրեց, տեսավ, որ երկինքը կապույտ է, և արևն էլ շողում է:
Կինը կանգ առավ, քաշեց աղջկա ձեռքը. «Այստեղ է…»:
Փայտե դռան վրա մի մեծ ցուցանակ կար: Աղջնակն այն տեսնելու համար գլուխը շատ բարձրացրեց: Ցուցանակին կարմիր վերարկուով մի կնոջ նկար էր: Երկար սանդուղքով վեր բարձրացան: Դերձակուհին գեր էր: Պարանոցին մետրաչափ էր գցել, իսկ բերանին մի քանի գնդասեղներ էր դրել : Աղջիկը նստեց բազկաթոռին` մեծ եռափեղկ հայելու առջև (մեջտեղը` լայն, երկու կողերը` նեղ), և գետնին չհասնող ոտքերն օդում ճոճեց: Մայրը թավշե վարագույրի հետևից դուրս եկավ: Մի կանաչ զգեստ էր հագին` սպիտակ ծաղիկներով: Գնաց կանգնեց հայելու դիմաց: Աղջկա շունչն արագացավ: Դերձակուհին ձեռքերն իրար զարկեց: Մայրը հայելու առջև պտտվեց: Աղջնակը երեք կին էր տեսնում, որ պտտվում էին երեք հայելու մեջ: Երեք կիսաշրջազգեստ` դարսերով ու ծաղկավոր: Աղջնակը ցատկեց տեղից ու ծիծաղեց. «Մա՜մ, ոնց որ գարուն լինես»:
Կինը կիսաշրջազգեստի փեշերը բռնեց, նորից պտտվեց և ծիծաղեց: Աղջնակն ասաց. «Այս ծաղկի անունն ի՞նչ է»:
Կինը խոնարհվեց, նայեց շրջազգեստին: Առատ մազերը դեմքին թափվեցին. «Հիրիկ»…

***
Նկուղի օդը ծանր էր ու խոնավ: Մայրը կռացել էր երկաթե մեծ սնդուկի վրա: «Այստեղի եղած – չեղածը պետք է դուրս նետեմ: Հնոտիքս ձեր բնակարանում տեղ չունի: Ինքս էլ չգիտեմ` ինչու եմ այսքան տարի պահել»:
Երիտասարդ կինը պատին էր հենվել: Ձեռքերը կլորացած փորին դրած` նայում էր սնդուկի միջի շորերին, մոր այտուցված ձեռքերին, կապույտ երակներով, տեղ-տեղ կարմիր բծերով ոտքերին, նոսր ու ամբողջովին ճերմակ մազերին: Հանկարծ նկուղի աղոտ լույսի ներքո սնդուկի մեջ հիրիկի մի փունջ հայտնվեց, որը նույն վայրկյանին էլ հագուստի ծալքերի մեջ անհետացավ: Երիտասարդ աղջիկը մոր ձեռքը բռնեց. «Սպասի՛ր»: Կանաչավուն զգեստը հնամաշ էր և վրայից նավթալինի հոտ էր գալիս:
– Հիշո՞ւմ ես,- հարցրեց երիտասարդ կինը:
Մայրը ծանր մարմնով սնդուկին հենվեց և ծիծաղեց:
– Հիշում եմ: Դո՞ւ ինչպես ես հիշում:
Երիտասարդ կինը զգեստը շոյեց ու ասաց.
– Ոնց որ գարուն լինեիր…

***
Կինն աղջկա ձեռքը բռնած գնում էր: Արագ էր գնում, և աղջնակը ստիպված էր վազել: Մայրը մի խանութի առջև կանգ առավ: Դստերն ասաց. «Այստեղ սպասի՛ր, մինչև վերադառնամ»: Աղջնակը կանգնեց խանութի դիմաց: Ցուցափեղկի ապակին թե՛ դրսից, թե՛ ներսից փոշոտ էր: Մի քանի բաժակ և բյուրեղապակյա մի ջրաման էին ցուցափեղկին դրված: Բաժակներից մեկը թեք ընկած էր, կողքին` սատկած բզեզ: Աղջնակը մատը դրեց ապակու վրա ու ներքև սահեցրեց: Մի ուղիղ գիծ էր նկարել: Ապա գծի վերևում շրջան նկարեց, դրա շուրջն էլ` մի քանի ավելի փոքրիկ շրջանակներ: Մայրը դուրս եկավ, դստեր ձեռքը բռնեց ու ասաց` գնացի՛նք:
– Տե՜ս, ծաղիկ եմ նկարել:
– Գնացի՛նք:
Կինն արագ էր քայլում, և աղջնակը ստիպված էր վազել: Մարդկանց կոշիկներին էր նայում, որ սև էին կամ սրճագույն, կեղտոտ ու փոշոտ: Մի քանի անգամ գլուխը բարձրացրեց, երկնքին նայեց: Տեսավ, որ երկինքն ամպաած է: Աղջնակը վազում էր ու մտածում. «Երանի՜ գունավոր մատիտներ ունենայի ու բոլոր ծաղիկները ներկեի»:
Տուն հասնելուն պես աղջնակը վազեց գունավոր մատիտների հետևից: Կինը գնաց խոհանոց:
Աղջնակը գունավոր մատիտներից ձանձրացավ և խոհանոց մտավ:
– Ինչո՞վ խաղամ:
– Տիկնիկովդ: – Կինը սոխ էր մաքրում:
Աղջիկը հյուսքերը թիկունքին գցեց.
– Տիկնիկս շոր չունի. խոսք էիր տվել, որ նրա համար շոր կկարես:
Կինը մեծ ճամպրուկը պահարանի գլխից իջեցրեց: Ճամպրուկի կափարիչը բացեց թե չէ, դստեր աչքերը շողացին:
– Ա՛յս կտորից տիկնիկիս համար շոր կարիր:
– Սպասի՛ր:
– Այս մեկից…
– Սպասի՛ր:
Աղջիկը ճամպրուկն ամբողջությամբ դատարկեց. «Այս մեկից, այս ծաղկավոր կանաչից»… – Կինը զգեստը աղջնակի ձեռքից վերցրեց: Հիրիկները խունացած կանաչ կտորի վրա հազիվ էին երևում …
Աղջնակը ծիծաղեց. «Ի՜նչ սիրուն ծաղիկներ են: Դրանց անունն ի՞նչ է:
Կինը պատուհանից դուրս նայեց:
– Հիրիկ:
– Հիրի՞՜կ…
Մի ճնճղուկ նստեց պատուհանագոգին: Գարուն էր:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *